ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել. Դավիթ Անանյանը՝ 50 հազար աշխատատեղերի մասին

ՊԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել. Դավիթ Անանյանը՝ 50 հազար աշխատատեղերի մասին

ԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով փաստին, որ թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 50 հազար նոր աշխատատեղի մասին, սակայն 1000 դրամների հիմնադրամում նման փոփոխություն չկա: «ՊԵԿ-ի տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել այդ հիմնադրամի տեղեկատվության հետ, որովհետեւ օրենքով այսպես է՝ եթե անձը ունի հարյուր աշխատող եւ 100 հոգու համար ներկայացնում է հաշվարկ, բայց այդ հազար դրամներից 99-ն է վճարել պետական բյուջե, ՊԵԿ-ը դա չի ներկայացնում ֆինանսների նախարարությանը, քանի դեռ 99-ը չի դարձել 100: Իրավական առումով ՊԵԿ-ի եւ Հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել: Եթե գործատուն պետք է իր աշխատողների համար այդ հիմնադրամին վճարի 1,5 մլն դրամ, բայց մուծել է մեկ մլն դրամ, այդ դեպքում, քանի դեռ մնացած 500 հազարը չի մուծել, ՊԵԿ-ը այդ մեկ մլն դրամի տվյալները չի տալիս ֆինանսների նախարարությանը, քանի դեռ չի համալրվել գումարը ու չի դարձել 1,5 մլն դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:
11:07 - 30 ապրիլի, 2019
Ինձ համար «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի. Դավիթ Անանյան

Ինձ համար «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի. Դավիթ Անանյան

Եթե դուք ուզում եք, որ իրավական պետություն ստեղծենք, պետք է գնանք հարկ վճարողների վարքագծի ուսումնասիրմանն ու նրանց ստուգմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ի տանիքի տակ միլիոններ ստացեղներ չկան, ինչպես գրել են լրատվամիջոցները: «Հարկ վճարողների իրական շահառուների կամ նրանց բաժնետերերի վարքագիծն ուսումնասիրելու ենք միայն այն ժամանակ, երբ նախաքննությամբ կպարզվի, որ նման վարքագիծը նրանց գործողությունների կամ անգործության արդյունք էր: Մենք ոչ թե գնում ենք Գագիկ Խաչատրյանենց տուն կամ ինչ-որ մեկի տուն, այլ իրականացնում ենք մեր գործառույցը, իրականացնում ենք հարկային հսկողություն: Դրա արդյունքում կարող է որեւէ բաժնետիրոջ նկատմամբ որոշակի բաներ պարզվեն, բայց դա քննությունն է պարզում»,-ասաց Անանյանը: Հարցին, թե այս ամիսներին աղմկահարույց գործերի («Սպայկա», Ճոպանուղի եւ այլն) բացահայտումներից կարելի է եզրակացնել, որ դրանք եղել են նախկին իշխանությունների հովանավորությամբ, ՊԵԿ նախագահը հստակ պատասխան չտվեց. «Ինչու եք ուզում, որ հարկային վարչարարը քաղաքական հայտարարություններ անի: Ես այդպիսի հայտարարություն անելու ոչ ցանկություն ունեմ, ոչ այդպիսի գործառույթ: Հիմա «Սպայկայի», Ճոպանուղու, նաեւ մյուս գործերը քննվում են, դա գրավական չի՞, որ գործ է կատարվում: Ինձ համար, օրինակ, «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի: Ինձ համար, օրինակ, կարող է աղմկահարույց լինի որեւէ ստուգման ժամանակ հազար դրամ հայտնաբերելը»:
10:51 - 30 ապրիլի, 2019
Արևելյան մաքսատուն-վարչության պետի ու կնոջ դրամական միջոցները եկամուտների հետ համադրելի չեն |hetq.am|

Արևելյան մաքսատուն-վարչության պետի ու կնոջ դրամական միջոցները եկամուտների հետ համադրելի չեն |hetq.am|

hetq.am։ Ուսումնասիրելով ՊԵԿ պաշտոնյանների գույքի ու եկամուտների հայտարարագրերը` պարզում ենք, որ նրանց գերակշիռ մեծամասնությունը զգալի կարողությունների տեր է: Պաշտոնյանների կանայք ևս հետ չեն մնում, որոշ դեպքերում էլ իրենց ունեցվածքով անցնում են ամուսիններից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության նորանշանակ պետ Գարիկ Դարբինյանն ու նրա կինը՝ Լուսինե Մինասյանն այդ անձանց թվում են: Գարիկ Դարբինյանը Արևելյան մաքսատուն-վարչության պետ նշանակվել է այս տարվա փետրվարի 6-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 2 բաժնի պետի պաշտոնը: Առհասարակ, Գ. Դարբինյանը 1993թ-ից մինչ օրս աշխատում է ՊԵԿ համակարգում: Այս տարիների ընթացքում կուտակել է խոշոր չափի դրամական միջոցներ: Օրինակ, 2018թ. հայտարարագրել է 7 մլն 885 հազար դրամ եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն իր հաշվին ունեցել է 8 մլն դրամ, 55 հազար դոլար, 10 հազար 500 եվրո: Գարիկ Դարբինյանը հայտարարագիր ներկայացնում է 2017թ-ից: Այդ տարվա պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ Դարբինյանն ուներ բնակարան, հողամաս, առանձնատուն: Հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող կահույք, նկարներ: Նա 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է հանձնած մոտ 45 մլն դրամի փոխառություն: Գարիկ Դարբինյանի կինը՝ Լուսինե Մինասյանը, ավելի շատ դրամական միջոցներ է հայտարարագրել, քան ամուսինը: 2017-ին Լ. Մինասյանի եկամուտը կազմել է 8 մլն 83 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է 683 դրամ, իսկ մնացած գումարը գոյացել է երկու ավտոտնակների վաճառքից: 702 դոլար եկամուտ էլ ստացել է տրված փոխառությունից ստացած տոկոսագումարից:
06:41 - 30 ապրիլի, 2019
ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ |aysor.am|

ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նույն խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը այսօր առավոտյան հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Մակունցը, հանդիպման ժամանակ քննարկել են ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար: Դավիթ Անանյանը նշել է, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են՝ արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին: «Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ», - հայտարարել է Լիլիթ Մակունցը։
08:23 - 26 ապրիլի, 2019
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին |news.am|

ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին |news.am|

news.am: Ապրիլի 18-ից 20-ը Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների, կրթական համալիրների և բազմազգ ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Վեհաժողովի ընթացքում պատվիրակություններն ստորագրել են հարկային վարչարարության համագործակցության մեխանիզմի հիմնադրման փոխըմբռնման հուշագիր, իսկ ԲՐԻՏԱՔՈՄ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Չինաստանի հարկային մարմնի ղեկավար Վանգ Ջունը:
08:57 - 25 ապրիլի, 2019
ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին  հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. իրականացվում են ստուգումներ

ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. իրականացվում են ստուգումներ

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: Առանձին տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում՝ ամեն օր գազալցակայաններում ֆիքսվում է իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնց արդյունքում մշտապես իրականացվում են համապատասխան համեմատական վերլուծություններ, որոնցով ի հայտ եկած շեղումների վերաբերյալ կազմվում են համապատասխան նյութեր և հետագա ընթացքը լուծելու համար տրամադրվում հետաքննչական մարմիններին: Իրականացվող միջոցառումների արդյունքում՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին պահպանել հարկային օրենսդրության պահանջները: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է նաև, որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:  
17:36 - 18 ապրիլի, 2019
ՊԵԿ-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի ելույթին

ՊԵԿ-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի ելույթին

Բազմաթիվ պետություններում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը: Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես օրինական ճանապարհով վարելու ուղենիշը, Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է  համարում անդրադառնալ քննչական վարչության՝ ՊԵԿ-ի կազմում գտնվելու նպատակահարմարությանը և հարկային հանցագործությունների քննության ժամանակ օրինականության սկզբունքի պահպանմանը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կողմից մշակվել և հրապարկվել է ուղեցույց «Հարկային հանցագործությունների դեմ պայքարի տասը համաշախարհային սկզբունքները» վերտառությամբ (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf): Ուղեցույցով նախատեսվել են տասը հիմնարար և միջազգային սկզբունքներ, որոնց ապահովումն անհրաժեշտ է հարկային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Այդ սկզբունքների շարքում տեղ են գտել հարկային հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը, պատշաճ քննչական մարմիններ ունենալու և այլ սկզբունքներ: Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այդ սկզբունքները և հարկային հանցագործությունների դեմ պայքարի չափանիշները հիմնականում համապատասխանեցրել է դրանց: Ուղեցույցում (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf, 73-77-րդ էջեր) ամրագրված են նաև տեղեկություններ տարբեր պետություններում հարկային հանցագործությունների քննություն իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ: Հարկ է նկատել, որ երկրների մեծ մասում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից: Մասնավորապես` Ավստրիայում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է Հարկային օրենքի կատարումն ապահովող մարմնի (Հարկային ծառայության կազմում գտնվող) և հարկային քննչական ստորաբաժանման կողմից, Ավստրալիայում` Հարկային գործակալության, ֆեդերալ ոստիկանության և քրեական հետախուզության հանձնաժողովի, Կանադայում` Եկամուտների գործակալության, Էլ Սալվադորում` Ներքին եկամուտների վարչության, Գերմանիայում` Լանդերի եկամուտների համար պատասխանատու մարմինների, Հունաստանում` Հանրային եկամուտների անկախ մարմնի, Իսլանդիայում` հարկային հանցագործությունների քննության վարչության, Ճապոնիայում` Ազգային հարկային գործակալության, Մալազիայում` Ներքին եկամուտների խորհրդի, Նիդեռլանդներում` Հարկային և մաքսային վարչակազմի, Սինգապուրում` Ներքին եկամուտների գերատեսչության, Սլովակիայում` հարկային և մաքսային մարմինների և ֆինանսական վարչության, Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Եկամուտների գործակալության, Մեծ Բրիտանիայում` հարկային և մաքսային մարմնի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ներքին եկամուտների ծառայության կողմից, իսկ հարևան Վրաստանում իրականացնում է ֆինանսների նախարարության կազմում գործող քննչական վարչությունը: Այս ցանկը վկայում է այն մասին, որ հարկային հանցագործությունների քննությունը հարկային մարմինների կազմում գործող ստորաբաժանման կողմից համահունչ է միջազգային պրակտիկային, ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է հատուկ մասնագիտացումով: Բացի այն, որ հարկային հանցագործությունները լրջագույն վտանգ են ներկայացնում տնտեսական կայունության համար, խաթարում են մրցակցությունը, նաև շատ հաճախ հանդիսանում են փողերի լվացմանը նախորդող հանցագործություն, հետևաբար դրանց արդյունավետ քննությունը կարևորագույն նշանակություն ունի: Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեում որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, ըստ որի, զուտ վարչաիրավական հարաբերությունները չպետք է քննարկվեն քրեաիրավական դաշտում և չի հարուցվում որևէ քրեական գործ, որտեղ հաղթահարված չեն քրեական գործ հարուցելու շեմերը (օրինակ, երբ զուտ ձևականորեն է առկա 205-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը): Այսպիսով, վերացվել է նախկինում գոյություն ունեցող արատավոր պրակտիկան: Միաժամանակ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բացառիկ դեպքերում ներկայացվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Հարկ ենք համարում նշել նաև, որ քրեադատավարական կառուցակարգը չի կարող գործել կամ չգործել՝ պայմանավորված քննչական գործառույթի այս կամ այն մարմնի կողմից իրականացվելու հանգամանքով: Պատրաստակամ ենք նաև այն սակավաթիվ գործերով, որոնցով կիրառվել է կալանավորում, գաղտնիության ռեժիմի վերացման պահից, հրապարակել կալանքի կիրառման հիմքերը` արդյունավետ հասարակական հսկողություն սահմանելու նպատակով: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
12:37 - 17 ապրիլի, 2019
ՊԵԿ տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում |lragir.am|

ՊԵԿ տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում |lragir.am|

lragir.am։ Վարջին շրջանում գործարարներից ահազանգեր են հնչում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում այն դեպքում, երբ նույնիսկ խախտում չեն հայտնաբերել: Այս մասին  ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը, հավելելով, որ ինքը ստացել է բողոքներ: Նրա խոսքով՝ ՊԵԿ տեսուչները գործարարներին ասում են, թե այդ ստուգումից հետո դարձյալ նրանց ստուգելու են, հանգիստ չեն թողնելու, և հնարավոր է ավելի լուրջ խախտումներ արձանագրվեն: «Ասում են՝ ավելի լավ է հիմա 150 հազար դրամ տուգանվեք, և վերջ, իսկ մենք երաշխավորում ենք, որ երկրորդ և երրորդ տուգանք չի լինի: Այնպես է ստացվում, որ եթե իրենք հիմա ակտ չգրեն, միևնույն է, գործարարին հանգիստ չեն թողնի, ստուգումները կշարունակվեն, ավելի վատ կլինի: Այս մեթոդով մարդկանց ահաբեկում են»,- ասաց Գրիգորյանը: Գործարարներն էլ, նրանք, ովքեր ամեն դեպքում հնարավոր է խախտումներ են թույլ տալիս ՀԴՄ կտրոն տրամադրելու գործընթացում և լավ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, համաձայնվում և իրենց կամքով տուգանվում են: “Ովքեր համաձայնվում են այդ գործարքին, նրանք վախ ունեն, համոզվող մարդիկ են, իրենց իրավունքների համար կռվող չեն: Մարդիկ այսպես են հասկանում՝ հնարավոր է, որ իրենք մի օր սխալվեն, ՀԴՄ կտրոն չտպեն, և տուգանվեն: Տեսուչներն ասում են՝ այնքան կգնանք-կգանք, այնպիսի իրավիճակ կստեղծենք, որ ոնց էլ լինի մի օր կսխալվեք, և ավելի վատ կլինի ձեզ համար”,- ասաց նա:    
13:38 - 12 ապրիլի, 2019
ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել» |hetq.am|

ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել» |hetq.am|

hetq.am։ ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար։ Նման պատճառաբանությամբ պետական եկամուտների կոմիտեն կրկին մերժել է «Հետք»-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։ Մենք այդ պայմանագրերը ՊԵԿ-ից խնդրել էինք այն բանից հետո, երբ պարզել էինք, որ տնտեսվարողներին վերջին շրջանում մատակարարված ՀԴՄ սարքերը վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով։ Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը:  Մասնավորապես կապվել էինք այդ սարքերը մատակարարած չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերության հետ և պարզել, որ մեկ սարքի ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է, այն դեպքում, երբ ՊԵԿ-ը ներկայացրել է 160 հազար դրամ։ Նշենք, որ այժմ սարքերի գինը տնտեսվարողների համար 160 հազար դրամից դարձել է 60 հազար դրամ և կառավարությունը հայտարարել է, որ մնացած 100 հազար դրամը կսուբսիդավորի պետությունը։ Սակայն մեր հոդվածում հրապարակված փաստերը թույլ էին տալիս եզրակացնել, որ հնարավոր է՝ տնտեսվարողները այժմ 60 հազար դրամ վճարելու կարիք չունեն՝ ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ի նախկինում կուտակած հնարավոր մեծ շահույթների հաշվին։ Հոդվածի հրապարակումից հետո «Հետք»-ը գրություն ուղարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով պարտավորեցնել ՊԵԿ-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։ Նշենք, որ միայն ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը թույլ կտան պաշտոնապես հաստատել, որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը սարքերի իրացումից մինչ այժմ որքան շահույթ է ստացել։ Կառավարությունը մեր հարցումը մակագրել է Պետական եկամուտների կոմիտե, որի իրավաբանական վարչությունը դարձյալ չի տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Փաստորեն, նույնիսկ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չկարողացավ ապահովել պետական գնման հրապարակայնությունը, և տնտեսվարողները հնարավորություն չունեն տեղեկանալու, թե տարիներ շարունակ իրենց պարտադիր կերպով վաճառած ՀԴՄ-ները իրականում ինչ արժեք ունեին։ Հրապարակում ենք ՊԵԿ-ի պատասխանն ամբողջությամբ։ ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հնագամանքը, որ Դիմումով խնդրարկվող տեղեկատվությունը հանդիսանում  է օրենքով պահպանվող գաղտնիք, քանի որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է ՀՀ կառավարության գաղտնի որոշման շրջանակներում, հետևաբար՝  հայտնում ենք, որ այն ենթակա չէ տրամադրման: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Դիմումով խնդրարկվում է տրամադրել  վերոնշյալ պայմանագրերը, դրանում փակելով գաղտնիք պարունակող տեղեկատվության տողերը, ապա հայտնում ենք, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության առանձնացման (տողերի փակում) կամ ամբողջական տեղեկատվության մասնատման վերաբերյալ կարգավորում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, հետևաբար Դիմումով խնդրարկվող պահանջը հնարավոր չէ կատարել»։
05:37 - 11 ապրիլի, 2019
Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն. Ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 650 մլն դրամ։ Լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր: Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել և անցկացրել է` առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի: ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար` 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլրդ 650 մլն դրամ:
11:19 - 10 ապրիլի, 2019
«Առինջ մոլ»-ում խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ՝ հարկերը չվճարելու համար. ՊԵԿ

«Առինջ մոլ»-ում խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ՝ հարկերը չվճարելու համար. ՊԵԿ

Այսօր ՀՀ ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերը ենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից:  
15:16 - 09 ապրիլի, 2019
Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել. Սուրեն Սահակյանը՝  ՀԴՄ կտրոնների մասին

Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել. Սուրեն Սահակյանը՝ ՀԴՄ կտրոնների մասին

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Կարող ա, չէ՞, մարդու մտքով անհեթեթ բաներ անցնել… Ոչ մեկը երաշխավորված չի, որ իր հետ տենց չի լինի։ Նման մի միտք էլ էս կտրոնները ստուգելն էր։ Ստուգել եմ բոլոր կտրոնները, որոնք ձեռքիս տակ եղել են։ Դրանցից բոլոր փոքր խանութների կտրոնները վավեր էին, բոլոր սուպերմարկետների կտրոնները՝ անվավեր։ Եթե սա ճիշտ ա, ապա որպես գյուղացիներին ձոնված վարչապետի բանաստեղծության պատասխան, կարելի ա Ֆրիկից մեջբերել․Մեկին հազար ձի և ջորի, Մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի։ Մեկին հազար դեկան ոսկի, Մեկին ոչ փող մի պղնձի։ Կամ Սևակից․Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... Ավելացում․ Պարզվում ա՝ ՊԵԿ-ը ժամանակին «պարզաբանել» ա երևույթը։ 10 ամսվա հղման մեջ մարդիկ իբր բացատրում են, որ չէ, նորմալ ա ամեն ինչ։ Բայց դրանից չի հետևում, թե, օրինակ, բա ո՞նց ա, որ փոքրերի կամ, լավ, «Քարֆուր» սուպերմարկետում էդ խնդիրը բացարձակ չկա։ Ո՞նց ա նենց ստացվում, որ մենակ նախկին համակարգի հետ կապված մարդկանց մոտ ա բացատրելի «խափանում» լինում, երբ հենց նրանց անազնվության մեջ ա միջին վիճակագրական քաղաքացին հիմնավոր կերպով կասկածում։ Ի՞նչ իմաստ ունի էդ ստուգող համակարգը, եթե ամենախոշորներին ու այդպիսին անազնիվ կերպով դարձածներին, ըստ էության, ստուգելու հնարավորություն չկա։ Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել։ Դասականին մեջբերելով հարցնեմ՝ «Բա էդ ձեզ թվում ա՝ համակարգային կոռումպցիան պոզով-պոչով մեծ կենդանի ա՞»։  
05:43 - 09 ապրիլի, 2019