ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

2021 թ. ՔԿ վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրգործ

2021 թ. ՔԿ վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրգործ

ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից՝ 4-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 6-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 44-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 18-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը` 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 9-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 7-ը՝ 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 4-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 10-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 35-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 25-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 1-ը՝ 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, 3-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 25-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 4-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 93-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 340 քրեական գործից 90-ն ավարտվել մեղադրական եզրակացությամբ և 101 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 102 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 73-ը՝ արդարացնող, իսկ 29-ը՝ ոչ արդարացնող հիմքով, 60 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 14-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 46-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 17 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 18-ը` միացվել է, 53 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական: Վերը նշված քրեական գործերով 182 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-16 տարեկան, 11-ը՝ 16-18 տարեկան, 96-ը՝ 18-35 տարեկան, 73-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 19-ն ունեցել է բարձրագույն, 142-ը՝ միջնակարգ, 11-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական կրթություն: 13 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված: Ըստ կարգավիճակի` 182 մեղադրյալից 73-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 8-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից: Նշված 340 քրեական գործով 357 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 200-ը՝ մինչև 12 տարեկան, 48-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 37-ը՝ 16-18 տարեկան:
15:48 - 11 փետրվարի, 2022
Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
 |azatutyun.am|

Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը։ Նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։ Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։
20:23 - 10 փետրվարի, 2022
Երեկ ՀՀ վերադարձած ռազմագերիների հարազատները ՔԿ-ի շենքի ապակիները չեն փորձել կոտրել. լուրերն ապատեղեկատվություն են |armtimes.com|

Երեկ ՀՀ վերադարձած ռազմագերիների հարազատները ՔԿ-ի շենքի ապակիները չեն փորձել կոտրել. լուրերն ապատեղեկատվություն են |armtimes.com|

armtimes.com: Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, թե Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը բավականին բարդ ու լարված է անցել: Հրապարակվել էր կոտրած ապակիներով լուսանկար եւ նշվել, թե իբր մինչեւ քննիչները հարցաքննել են հայրենիք վերադարձած ռազմագերիներին, նրանց հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկանության աշխատակիցները։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը հայտնեց, որ հրապարակված լուսանկարը կամայական ընտրված լուսանկար է եղել, քննչական կոմիտեի շենքի հետ որեւէ աղերս չունեցող: Իսկ հրապարակված լուրերը, թե փորձել են կոտրել ապակիները, իրականությանը չեն համապատասխանում: Թադեւոսյանի փոխանցմամբ՝ գերությունից վերադարձած տղաների հարցաքննման ժամանակ նրանց հարազատների մոտ իսկապես լարված իրավիճակ եղել է: «Սկզբնական պահին լարված էին, իրենք դրսում էին, տղաները՝ բավականին ժամանակ ներսում: Անհանգստություն կար, ինչը նման պարագայում բնական է»,- եզրափակեց ՔԿ-ի մամուլի քարտուղարը: Հիշեցնենք՝ Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
13:14 - 08 փետրվարի, 2022
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են` առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Aravot.am-ը տեղեկություն էր տարածել, որ Ա.  Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
11:49 - 07 փետրվարի, 2022
Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի (Մամիկոն Ասլանյան) կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու այլ դեպքեր ևս: Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի։ Իր ստորագրությամբ հաստատելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքն այն մասին, թե իբր, հիշյալ հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում, համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքների նկատմամբ, նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և հողատարածքներն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով իր որոշումներով դրանք օտարել է իր կողմից նախընտրելի անձանց: Արդյունքում՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ նշված հողամասերն օտարվել են որպես սեփականություն՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս են եկել օտարումն արգելված  հողատարածքներ, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ նշված հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի  դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:
16:52 - 04 փետրվարի, 2022
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար,  «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն, 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահի, փոխնախագահի և հասարակական կազմակերպության  նախագահության անդամ, ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարք կատարելու եղանակով թաքցրել և խեղաթյուրել է հասարակական կազմակերպությանը  սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը: Այնուհետև տիրապետել և տնօրինել է նշված առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով և գրանցելով մի շարք անձանց և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։  Կոմիտեից նշում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
15:22 - 04 փետրվարի, 2022
Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել |news.am|

Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ երեկ դատավորի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Մերժման որոշումը ստանալուց հետո փաստաբանները մեկ այլ հիմնավորմամբ նորից ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը մերժման որոշումը տրամադրել է, որում դատավորը վերլուծել է օրենսդրական նորմեր, ըստ որոնց՝ պարտադիր չէ՝ պատահական ընտրությամբ դատավորը քննի քրեական գործը. «Նշված է, որ դատարանի նախագահն է որոշում, թե հերթապահներից ում տա։ Սա բացարձակապես գործերի մակագրման ինստիտուտի, դատավորի անկախության, դրա պահպանման սկզբունքների հետ ոչ մի կապ չունի։ Միակ երաշխիքը, որ անձն իմանա՝ իր գործը ոչ թե տվեցին ինչ-որ դատավորի, որովհետեւ ուզում են այդ դատավորը քննի, այլ ուղղակի օրենքով սահմանված կարգով այս գործն ընկավ այս դատավորի մոտ»։ Փաստաբանները երկրորդ ինքնաբացարկը հիմնավորել են դատավոր Արղամանյանի մասին ԶԼՄ-երում արված հրապարակումներով, ինչպես նաեւ Արղամանյանի քաղաքական հայացքներով. «Բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներ ենք ներկայացրել, որոնցում շատ ուղիղ կասկածներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են իշխանությունները նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համայնքապետին, Գորիսի փոխհամայնքապետին, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս անձինք ներկայանում են որպես ընդդիմադիր հայացքներ։ Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Իմ քայլի» խորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ, մշտապես հայտարարություններ է արել «ֆեյսբուքում», ցույց տալով իր քաղաքական հայացքները»։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի ժամը 14։00-ին, իսկ խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի 16։00-ին։
12:44 - 04 փետրվարի, 2022
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն դրամի վնաս. գործը դատարանում է

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն դրամի վնաս. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ համայնքին պատճառված վնասի չափը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, 2007-2008 թվականների ընթացքում, իր ստորագրությամբ հաստատված, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր, այդ կերպ համայնքին պատճառելով 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Արդյունքում հիշյալ անձինք քաղվածքների հիման վրա, ՀՀ կադաստրի կոմիտեում նշված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:29 - 02 փետրվարի, 2022
Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|

Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|

factor.am: Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը փետրվարի 6-ին կլինի ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է Արամյանի պաշտպանի Արա Կարապետյանը։ «Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողն ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- նշել է փաստաբանը։ Դեկտեմբերի 6-ին Արեն Արամյանը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ապա վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
17:15 - 01 փետրվարի, 2022
Խարդախություն՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով. նախաքննությունն ավարտվել է

Խարդախություն՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ ձեռք բեր­­­­ված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համա­ձայ­նության գալով ապահովագրական ընկերութ­յու­նից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահման­ներում, իրենց կող­մից վարած  «Մերսեդես-Բենց Ե320» և «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ, Վա­նա­ձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճա­նա­պարհի 71-րդ կմ հատվածում կազմակերպել են ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար: Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապար­հային ոստիկա­նութ­­յուն» ծառա­յութ­յան հե­տա­քննության և վար­չական վարույ­թի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերա­պահող, պաշտո­նեա­կան փաս­­տա­թուղթ հան­դի­սացող, իրա­­վաբանական նշա­նա­կութ­յուն ունե­­­ցող փաստեր հավաստող արձանա­գրութ­յուն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մաս­նակիցների կողմից և ուղարկվել ապահովագրական ընկերութ­յու­ն: Այնուհետև, 2021թ. մայիսի 14-ին, կեղծ պատահարի կողմերից մեկը գույքային պատճառված վնասների գծով ապահո­վա­գրական հատու­ցում ստանալու վերաբերյալ կեղծ դիմում է ներկայացրել հիշյալ ապահովագրական ընկերություն, որն ստորագրությամբ հաստա­տվել և հանձ­նվել է օգտագործման, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործութ­յունն ավարտին չի հասցրել՝ ապահովագրական ընկերության կողմից պատահարների առա­ջաց­ման պատճառների առաջնային փորձաքննություն նշանակելու ու դրա արդ­յունք­­ների հիման վրա փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելու պատճառով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ախթալա և Շնող համայնքների բնակիչներին մե­ղադրանք է առաջա­դրվել: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:
15:47 - 01 փետրվարի, 2022
21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում: Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: 2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: 
11:44 - 01 փետրվարի, 2022
Մեղադրանք է առաջադրվել պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

Մեղադրանք է առաջադրվել պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ ՔԿ-ից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
10:35 - 27 հունվարի, 2022
Պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կատարած վատնման դեպքի հանգամանքները․ գործը դատարանում է

Պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կատարած վատնման դեպքի հանգամանքները․ գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կողմից կատարված վատնման դեպքի հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված տվյալների համաձայն 2002 թվականից Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրաքանչյուր տարի մեկ միասնական դիտավորությամբ, 2017-2021թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող  նույն անձին նշանակել է ՀՈԱԿ-ի տնօրեն՝ կնքելով աշխատանքային պայմանագիր, որի արդյունքում հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենը ստացել է աշխատանքի վարձատրության՝ տարբեր չափերի գումարներ, կանխիկացրել և տնօրինել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Միաժամանակ որոշում է կայացվել ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` գործուն զղջալու հիմքով: Պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:40 - 26 հունվարի, 2022
Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով
 |civilnet.am|

Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնատար անձինք հարցաքննվել են Մեղրի-Կապան երկաթգծի մի հատվածում հափշտակության գործով. ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվել են ՀՀ երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարները և նախարարների նախկին տեղակալը, տրանսպորտի և կապի նախկին նախարարն ու վերջինիս նախկին տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ԱԱԾ նախկին պաշտոնատար անձինք. նախաքննության այս փուլում որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,- նշում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայտնում են նաև, որ «քննության առարկա է հանդիսացել և հաշվի է առնվել նաև երկաթգծի ապամոնտաժման աշխատանքներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության հանգամանքը»։ «ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մեղրի-Կապան 46,7 կմ երկարությամբ երկաթգծի մի հատվածում հափշտակություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ»,- ամփոփում է ՀՀ ՔԿ-ն։ 2017-ի օգոստոսին ՍիվիլՆեթը երկաթգծի թալանի վերաբերյալ հրապարակում արեց, որից հետ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին, հարուցվեց քրեական գործ։ 2018-ի սեպտեմբերին ՍիվիլՆեթը հետաքննություն անցկացրեց՝ բացահայտելով, որ երկաթգծի ապամոնտաժմանը մասնակցել են զինվորականները։ Հետագայում ՊՆ-ից հաջողվեց ստանալ ուշագրավ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2003-ին, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր (նա պաշտոնավարել է մինչև 2007-ը), գերատեսչությունը ԱՇԻԲ Մեղրու մասնաճյուղի հետ պայմանագիր է կնքել 2000տ (30,77 կմ) երկաթուղային ուղեգծերի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 21,3 մլն դրամ։ Ապամոնտաժումից և երկաթգիծը ստանալուց հետո ՊՆ-ն երկաթուղային P-50, P-65 տեսակի ռելսերը (P-ն «Рельс» բառի սկզբնատառն է, իսկ դրան հաջորդող թիվը՝ խտությունը, երկաթուղային ռելսերը լինում են այս երկու և Р75 տեսակի)՝ մինչև 2000տ ընդհանուր քաշով, վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ընդհանուր 320 հազար ԱՄՆ դոլարով։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները որոշեցին սկիզբ դնել ապաշրջափակման գործընթացին։ Մեկ տարվա ընթացքում բանակցությունները հասան այն հանգրվանին, որ հարկավոր է նախ և առաջ շահագործել երկաթգիծը։ Մեղրիի երկաթգծի վերականգնումը, նախնական գնահատականով, կարժենա 200 մլն դոլար ու կտևի երեք տարի։ Ադրբեջանն իր հերթին այս տարվա սկզբից սկսել է Հորադիզ-Մեղրի երկաթուղու վերականգնումը։  
18:34 - 25 հունվարի, 2022
Ազատ Գևորգյանը նշանակվել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ |1lurer.am|

Ազատ Գևորգյանը նշանակվել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ |1lurer.am|

1lurer.am: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության բաժնի պետի պաշտոնից: ԿենսագրությունԾնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Աշտարակ քաղաքում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2009-2013 թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ 2014-2015 թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ 2015-2016 թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ 2016-2019 թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ  III-IX.2019 թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ 2019-2021 թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված  հանցագործությունների գործերով վարչության դատախազ 2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ 2022թ. հունվարի 21-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երկու երեխա:
13:57 - 21 հունվարի, 2022