#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Էդմոն Մարուքյանը կարևորեց ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը կարևորեց ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ էլէկտորալ իրավիճակի ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում: «Ինչպես ասում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝  յուրաքանչյուրը իր ներդրումը ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից»,- ասաց Մարուքյանը:   Մարուքյանի խոսքով`«Լուսավոր Հայաստան»-ը իրեն տեսնում է այդ համերաշխությունը բերողի առաքելություն իրականացնողի դերում:
11:57 - 17 հունիսի, 2021
Նախկիններն ու ներկաները սպառնալիքով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել․ ԱԺԲ

Նախկիններն ու ներկաները սպառնալիքով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված, իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով:Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով, վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի Վանաձոր և Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ:Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝ ի շահ իերնց կուսակցական պարագլուխների համար քվե կորզելու:Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:Սիրելի հայրենակիցներ,մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված որևէ ոտնձգության փորձ:Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա
11:50 - 17 հունիսի, 2021
ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները սկսում են կարճաժամկետ մոնիտորինգը: Հունիսի 19-ին դիտորդները կմասնակցեն Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախատեսված են մի քանի հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ: Հունիսի 19-ին նախատեսված է հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների փոխանակում ընտրական գործընթացների հետ կապված: Այնուհետև դիտորդական առաքելության ներկայացուցիչները կհանդիպեն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ», «Մեր տունը Հայաստանն է» ուժերի ներկայացուցիչների հետ: Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կշարունակեն հունիսի 20-ին՝ քվեարկության օրը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ԱՊՀ դիտորդներն ամփոփիչ ասուլիսով հանդես կգան հունիսի 21-ին: ԱՊՀ դիտորդները Հայաստանում առաքելություն կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով:
11:38 - 17 հունիսի, 2021
Հետընտրական զարգացումները քիչ հավանական են, հույսը դրել են մարդկանց կաշառելու վրա. Սաֆարյան |armtimes.com|

Հետընտրական զարգացումները քիչ հավանական են, հույսը դրել են մարդկանց կաշառելու վրա. Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: ՀԺ-ն քարոզարշավի շրջանակներում զրուցել է «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի ընտրացուցակի 5-րդ համար Ստյոպա Սաֆարյանի հետ՝ քարոզարշավի, հետընտրական զարգացումների եւ ընտրությունների ընթացքի մասին: - Պարո’ն Սաֆարյան, քարոզարշավը շուտով կավարտվի: Եթե ամփոփենք այն, ապա ի՞նչ բնութագրում կտաք: Գո՞հ եք ձեր եւ մնացյալ քաղաքական ուժերի անցկացրած քարոզարշավից: - Չի եղել մեկ օր, որ մենք չփորձենք լինել որեւէ բնակավայրում: Ժամանակս չի հերիքում բոլորի քարոզարշավին հետեւելու, բայց ասել, թե շատ լուրջ ծրագրային քննարկում է գնում կուսակցությունների կամ դաշինքների կողմից, այդպես չէ: Քարոզարշավին մասնակցում են ուժեր, որոնք ի սկզբանե նպատակ են դրել թույլ չտալ, որպեսզի քարոզարշավին ծրագրային բանավեճ լինի: Հենց նրանք էլ առաջ բերեցին սպառնալիքները եւ հայհոյանքը, եւ այս ցավալի իրավիճակում հայտնվեցինք բոլորս: Այս ամենը պատահականություն չէ: Նախկին իշխանությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, առաջին հերթին «Հայաստան» անունը կրող դաշինքը, բացարձակապես հետաքրքրված չէ ու չի էլ ուզում մնացածը խոսեն գիտությունից, մշակույթից, կրթությունից, առողջապահությունից: Բայց մենք դա փորձում ենք անել: - Հաճախ քննադատվում է «Քաղաքացիական պայմանագրի» անցկացրած քարոզարշավը: Սա ինչպե՞ս կգնահատեք: - Նրանցը բացառիկ քաղաքական քարոզարշավ է եւ այն խոշոր առումով հաջողված է: Դրա ապացույցը այն հրապարակներն են, որոնք լեցուն են քարոզարշավի ընթացքում: Բայց ես ուզում եմ իշխող կուսակցությունը զգա, թե ինչ պատասխանատվություն ունի, եւ եթե նույնիսկ խոսքը հասարակությանը ստրկացնել ցանկացողներին պատասխանելու մասին է, կուզենամ նրանք չիջնեն մյուսների մակարդակին: - ՔՊ-ն եւ «Հայաստան» դաշինքն իրենց քարոզարշավը հիմնականում կառուցում են այս թեզի վրա, որ եթե ես չլինեմ, լինելու է մյուսը: Ստացվում է, որ իրենք մնացյալ 24 քաղաքական ուժերին մղում են երկրորդ պլան: - Այո, կա այդպիսի բան: Երկու ուժերի մոտ էլ երրորդն ավելորդ է: Բայց մենք ամեն հնարավոր բան անում ենք, մեզանից ինչ կախված է: Ամեն քայլափոխի տեսնում ենք մարդկանց ռեակցիաները, իմ տպավորությունները միանշանակ են, մեծամասնության կողմից նախկիններն այլընտրանք չեն համարվում: - Պարոն Սաֆարյան, հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: - Պարզ է, որ կփորձեն ինչ-որ զարգացումներ անել որոշ քաղաքական ուժեր: Չնայած իրենք տեսան, որ նոյեմբերի 9-ից հետո իրենց հրահրած ակցիաները մարեցին: «Հայաստան» դաշինքը չի թաքցնում իր նկրտումները, անգամ քարոզարշավի ժամանակ նկատելի է, որ նրանց աջակցող մարդիկ փորձում են սադրանքներ իրականացնել մեր հավաքների ժամանակ, արդեն քանի օր է այդպիսի դեպքերի ականատեսն ենք լինում: - Կմանրամասնե՞ք: - Մեր հանրահավաքները փորձում են խանգարել, բղավում են, Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ են հնչեցնում: Երեկ Նոր Նորքում, երբ մի երիտասարդ սկսեց վանկարկումներ անել, մարդիկ կայծակնային արագությամբ արձագանքեցին, եւ քիչ էր մնում հաշվեհարդար տեսնեին: - Ինչպե՞ս հասկացաք, որ տվյալ անձը «Հայաստան» դաշինքի աջակիցներից է: - Խոսում էր բացառապես նույն բառապաշարով, ինչ դաշինքի անդամները, եւ երբ դաշինքի մասին որեւէ բացասական արտահայտություն էր լինում, նա միանգամից արձագանքում էր: - Պարոն Սաֆարյան, մեկ ամսից ավելի է՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային հատվածներում ադրբեջանական զորքեր են: Այս հարցի լուծումը ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս է տեսնում: - Ադրբեջանի կողմից ակնհայտորեն խախտվել է միջազգային իրավունքը: Խախտվել է ՀՀ-ի սահմանային ամբողջականությունը: Այս հարցի վերաբերյալ մի շարք պետություններ հայտնել են իրենց դիրքորոշումը, քանի որ սա նաեւ միջազգային կարգի սպառնացող վտանգ է: Այս խնդրի լուծումը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու ներսում միայն չպետք է տեսնել: ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր շատ արագ, հուսով ենք ընտրություններից հետո ավելի արագ կտրվի հարցի լուծումը: Խնդրի լուծման համար միջազգային շատ ֆորմատներ կան: Մենք վատ ենք օգտագործում միջազգային մի շարք գործիքներ, որոշները ընդհանրապես չենք օգտագործում: Մենք վատ ենք օգտագործում խորհրդարանական դիվանագիտությունը, որով կարող ենք զեկույցներով մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը հետ կկանգնի այն ժամանակ, երբ հասկանա, որ դրա դիմաց գին է վճարելու եւ դա պետք է անել բոլոր խողովակներով: Բարեբախտաբար ԱՄՆ-ն եւ մի շարք պետություններ հստակ ֆիքսել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է վերադառնա այն դիրքերը, որտեղ եղել է մինչեւ մայիսի 11-ը: - Ո՞ր ուժի կամ ուժերի հաղթանակի դեպքում ձեր քաղաքական ուժը կսկսի փողոցային պայքար, ինչպես 2018-ին արեց Նիկոլ Փաշինյանը: - Տեսանելիորեն Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը այս պահին արձանագրել են առաջատարի դիրքեր: Հետընտրական ցանկացած զարգացում հնարավոր է այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվում են: Երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ անվստահություն ձեւավորվի, ապա հիմք կլինի հետընտրական գործընթացներ սկսելու: Բայց իշխանությունները տեսնում են իրենց աջակցության մակարդակը եւ չունեն ընտրությունների վրա ազդելու շահագրգռվածություն: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար, որը պլանավորում է հետընտրական զարգացումներ, հեշտ է լինելու: Եթե ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց ոտքի հանել պատերազմի պարտության ֆոնին, ապա չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններն այնպիսի թեմա է, որ կկարողանան մարդկանց հանեն փողոց: Ընդդիմություն կոչվածը իր հույսը դրել է մարդկանց կաշառելու վրա, իսկ կաշառք վերցնող մարդկանցով հեղափոխություն չես անի, այդպիսի մարդիկ փողոց դուրս չեն գա: - Այսինքն՝ ընդհանրապես շանս չե՞ք տեսնում, որ «Հայաստան» դաշինքը կարող է հաղթանակ տանել: - Բացարձակապես: Նրանք մի դեպքում կարող են հույս ունենալ հաղթանակի, եթե խորհրդարանի ներսում հայտնվեն իրեն սատարող ուժերը, որոնց հետ էլ կարող են կոալիցիա կազմել: Դա է միակ տարբերակը: Իրենք չունեն այլ շանս ու պոտենցիալ: Քոչարյանը երբեք չի կարող սիրվել ժողովրդի կողմից:
10:40 - 17 հունիսի, 2021
«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական

«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական

Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորության թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ: Այս մասին հայտնում է կուսակցության հանրային կապերի բաժինը: «Կուսակցության խորհրդի նախագահ, ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Հակոբյանը հայտարարեց, որ ընտրարշավը վերածվել է անձերի միջև պայքարի և փաստորեն կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում: Նա ասաց, որ այս ընտրությունների արդյունքներով առկա խնդիրները չեն լուծվելու, բայց սա կարող է սկիզբ դառնալ անհրաժեշտ ուղղությամբ արդյունավետ գործողությունների: «Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան Հայոց պետականության և հայկական բռնազավթված կենսատարածքի վերականգնման հետ կապված հարցերում կունենան մեզ համար ընդունելի դիրքորոշում, այն ժամանակ էլ միայն կարելի կլինի քննարկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ օրակարգը: Ներկա պայմաններում այդպիսի ապաշրջափակումը կնշանակի բացի թուրք-ադրբեջանական ռազմական առավելությունից նաև Հայաստանի տնտեսական զավթում: Նշվածը թույլ չտալու համար հակահայ հայտարարությունների կասեցումը պետք է զուգորդվի ազգային իշխանության ձևավորվմամբ, արտաքին գործընկերների հետ ռազմավարական հարաբերությունների վերակազմակերպմամբ, մրցունակ տնտեսության կառուցմամբ, ազգային բանակի արդիականացմամբ, ինչպես նաև գիտակրթական համակարգի վերափոխմամբ։ Մեր հույսը Հայն է և ըստ այդմ՝ օրակարգում Հայն է»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
10:29 - 17 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 11. քաղաքական ուժերն անցկացնում են իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ |armenpress.am|

Քարոզարշավ օր 11. քաղաքական ուժերն անցկացնում են իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 11-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 11-րդ օրը սկսելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում՝ ժամը 11։00-ին՝ Երվանդ Քոչար փողոցի կողմից։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Գեղարքունիքի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան բնակիչների հետ ժամը 11։00-ին Շորժայում, 12։30-ին՝ Վարդենիսում, 14։50-ին՝ Մարտունիում, 17։00-ին Գավառում։ Դաշինքի անդամները երեկոյան ժամը 18։30-ին հանրահավաք կանցկացնեն Սևանի հրապարակում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 20։00-ին կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։ Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հանրահավաք կիրականացվի։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Շիրակի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումներ կլինեն Արթիկում՝ ժամը 11։00-ին, Մարալիկում՝ ժամը 12։30-ին, Գյումրիում՝ ժամը 14։00-ին։ Երեկոյան ժամը 19։00-ին դաշինքի անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Ազատության հրապարակում։ «Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում այցելություններ են իրականացնելու Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում։ Նրանք աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 19։00-ին կլինեն Արաբկիր, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջաններում։ Ժամը 16։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում, ապա 18։30-ին՝ Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքում։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կլինի Երևանում։ Քաղաքական ուժը ժամը 19։00-ին նախընտարական հանդիպում-հանրահավաք կիրականացնի Ազատության հրապարակում։
09:08 - 17 հունիսի, 2021
Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին Առաջին ալիքին տված հարցազրույցին․ «Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար: Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ: Հետևաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից: Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը: Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ: 1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը: 2.Մենք ունենք դաշնակիցներ: Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում: Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից: 3. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին: Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը: Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել: Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին»:
23:07 - 16 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10

22:22- Քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ հեռուստաբանավեճին ներկայացել են հինգ ուժերի առաջնորդներ՝ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, ԱԺԲ առաջին համար Վահե Գասպարյանը, «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը, «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։ Ավելի վաղ քաղաքական ուժերից տասը, այդ թվում՝ բանավեճին ներկայացուցիչներ ուղարկած «Արդար Հայաստան» և  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները հայտարարել էին բանավեճին չմասնակցելու որոշման մասին՝ համարելով դրա ձևաչափը անարդարացի։  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը Հանրայինի տաղավարից հայտարարեց, որ այս ձևաչափը կայանալ չի կարող, ապա լքեց տաղավարը։21:48- Մենք պետք է ամրացնենք մեր սահմանները բետոնային աշխատանքներով, որը թույլ կտա մեր զինվորներին նույնպես պաշտպանված զգալ: 800 մլն դոլար հատկացնելով՝ հնարավոր է ամրոց-պետություն դառնալ: Զենքով մարդը դեռ զինվոր չէ, պետք է զինվորներին կրթել, իսկ դիվանագիտությունն արդյունք կունենա միայն այն դեպքում, երբ դիվանագետի թիկունքը լինի ամուր: [«Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար Ալեքսան Մինասյան] |1lurer.am|21:40- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու նախընտրական հանդիպում-հանրահավաք: Հունիսի 20-ին քվեախցիկում ընտրելով համար 14-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, հավատացած եղեք, որ կողմ եք քվեարկում ձեր երեխաների ապահով և անվտանգ ապագային, կողմ եք քվեարկում բարգավաճ և հզոր պետությանը: [ԲՀԿ]21:10- Մեր քաղաքական մեսիջների շնորհիվ մեզ հաջողվել է իրականում այս ընտրապայքարում դառնալ նոր բևեռ: Չենք հավատում հրապարակված սոցիոլոգիական հարցումներին, դրանք չեն արտացոլում իրականությունը: Որ քաղաքական ուժը մեծ ռեսուրսներ է ներդնում հարցումներում, ստանում է մեծ թվեր: Մենք այդ խաբեությանը չենք մասնակցելու և միանշանակ ուզում ենք ասել, որ սա պետք է մերժվի նաև մեր հանրության կողմից, որովհետև Հայաստանում այսօր քաղաքական սոցիոլոգիա ուղղակի գոյություն չունի: [Լևոն Զուրաբյան] |1lurer.am|20:25- Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցեր կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: Ըստ դրա` ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես լինեն զգոն ու կապ պահպանեն հարազատների հետ։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն] |a1plus.am|20:10- Հանրային հեռուստատեսությունը կտրականապես հրաժարվեց արտագնա հարցազրույց կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ հարցազրույցը պետք է տեղի ունենա Քոչարյանին հարմար տեղում և ժամանակ: Ժամանակը ֆիքսված էր: Սակայն հետո ՀՀՌ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ արտագնա հաղորդումն անհնար է: Ստուդիական մամուլի ասուլիս նույնպես չի կայանա։ Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա դրանք կորցրել են իմաստը: Նիկոլ Փաշինյանի հետ նույն ստուդիայում գտնվելն արդեն խայտառակություն է: [«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյան] |24news.am|20:04- 9-օրվա քարոզարշավի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ ՀՀ քաղաքացիների առնվազն 60 տոկոսը հունիսի 20-ին քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Մեր խնդիրն է հունիսի 21-ին արձանագրել ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատե հեղափոխության հաղթանակը Հայաստանում և շատ արագ անցնել կենսական օրակարգի սպասարկմանը: [Նիկոլ Փաշինյանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում] |armenpress.am|20:02- ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ [ԿԸՀ]19:20- Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Կոտայքի մարզ: Հրազդանում բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի ներկայացուցիչները լսել են կոտայքցիներին հուզող հարցերը, խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղղությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսված լուծումները և կոչ արել հունիսի 20-ին անպայման օգտվել իրենց ընտրական իրավունքից, ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը վճռորոշ դարձնել մեր պետության ապագայի կերտման գործում: [«Պատիվ ունեմ» դաշինք] |tert.am|18:30- Հայաստանում հիմա իսկապես հրդեհ է։ Առաջնահերթ հարցը այդ հրդեհի մարումն է, որի առանցքային հենասյուներն են լինելու անվտանգությունը, դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրների լուծումը, սպառնալիքների չեզոքացումը, և պետության կառավարելիության ապահովումը։ Սրանք են այն երեք գերակա խնդիրները, որոնց այսօր պետք է լծվի իշխանությանը հավակնող քաղաքական ուժը։ Անհամեստություն չլինի, այդ ուժը, որ ունի նման պոտենցիալ, «Հայ ազգային կոնգրես»-ն է, որովհետև փորձով մնացած ուժերը ցույց են տվել այդ հարցում իրենց անկարողությունը։ [«Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Արման Մուսինյան] 17։37- Մենք այն քաղաքական ուժն ենք, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը, թռիչքաձև տնտեսական աճ: Մեկ անգամ դա արել ենք, դա եղել է ձեր աչքի առաջ, լինելու է նաև երկրորդ անգամ։ Մենք նման կարգի հանդիպումներ կազմակերպում ենք՝ վստահ լինելով, որ գալիս են իշխանության, և այս հանդիպումները փորձում ենք օգտագործել տեղական հարցերին ավելի լավ ծանոթանալու համար: [Ռոբերտ Քոչարյանը՝ Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ] |armenpress.am|   16:58- Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ [ՀՔԾ]   16։40- Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։ Հավանաբար Հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած «նիկոլական թափթփուկներին» (չակերտները - խմբ․) նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյան]   16։04- Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: [ՀՔԾ]   15։50- Հնչեցված անհիմն մեղադրանքները, տրված որակումներն ու հաշվեհարդարի սպառնալիքները գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲԸ տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք։   15։26- Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլար։ [Դատախազություն] |tert.am|   15։15- Ասֆալտապատման համար մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են։ Այդ ընկերությունները խնդիր են ունենալու, զգուշացնում եմ, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո հանդիպելու են պողպատե մանդատի հետ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|   15։04- Համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում, որովհետև առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Ըստ էության, որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հայաստանը կշարունակի՞ իր գոյությունը՝ որպես անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, թե՞ կդառնա մի մեծ կայսրության գուբերնիա, ծայրամասային մի երկրամաս։ Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը։ [«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյան]   14։37- Գիտենք, որ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Եվ մենք շարունակում ենք այդ թեմայով աշխատել։ Ամենաառաջնային թեմաներից մեկը ես համարում եմ ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: Կան մարդիկ, որպնդում են, որ Ամուլսարը պետք է անպայման աշխատի, կան մարդիկ, որ ասում են, որ Ամուլսարը չպետք է աշխատի: Բայց պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ կառավարությունը որևէ կոնկրետ առաջարկ կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի, երկար կխոսենք, եթե պետք լինի, կարճ կխոսենք, այդ հարցը մենք միասին պետք է լուծենք՝ հասկանալով յուրաքանչյուր դետալը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Վայոց ձորում քարողարշավի ժամանակ] |armenpress.am|   14։18- 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում։ Իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել: Այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնելու համար ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն։ [Նիկոլ Փաշինյանը՝ Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   14։08-«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից:«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը:   14։01-Երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները, և ուսումնասիրությունները իրականացվել են խոշոր քաղաքներում և կոնկրետ շփումներով, այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնվում է 3-րդ տեղում, բայց որևէ տոկոս չեմ ասելու, ընտրությունների օրը կտեսնեք: Այս ընտրությունները նրա համար են, որ մենք լուծում գտնենք, եթե լուծումը չենք գտնելու, ապա ավելի վատ է լինելու: Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ, և դա նշանակում է, որ 2 ուժերը չեն հաղթում, եթե նրանք չեն հաղթում, ապա ժողովուրդը բոլորին պարտադրում է համերաշխություն, իսկ դա նշանակում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ահա և բանալին: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան] |tert.am|   13:15-Նախընտրական շրջանում՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ, Արթուր Վանեցյանը միակ վարչապետի թեկնածուն է եղել, որ այցելել է Արցախ: Մեզ համար շատ կարևոր են երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները: Դրանք են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը: Պատահական չէ, որ Արցախում Վանեցյանը հանդիպում ունեցավ Վեհափառ Հայրապետի հետ: [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյան]   13:12-Ըստ ստացված ահազանգերի՝ Գյումրի քաղաքում՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել տարբեր կերպերով Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություների անունից (միգուցե առանց նրանց իմացության) ներգրավելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ այս գործընթացն իրականացվում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հետ ասոցացվող անձանց կողմից։ Դիտարկված ժամանակահատվածում վարչական ռեսուրս կիրառել է նաև իշխող ուժը։ Նիկոլ Փաշինյանի, մի շարք նախարարների պաշտոնակատարների մարզային այցերին իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են մարզպետներ, մարզպետարանների աշխատակիցներ՝ իրենց աշխատանքային ժամերին կամ չգտնվելով արձակուրդի մեջ։ [«Անկախ դիտորդ» դաշինք] |hcav.am|   13:09-ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 380 հազար 653 մարդ, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 2 մլն 578 հազար 678 անձ: Այն հարցը, թե թիվը ուռճացված է, բնականաբար, սխալ է, որովհետև հստակ գործող պետական ռեգիստրի համակարգ է դրված ՀՀ-ում, իսկ այն հարցը, որ անձիք դրսում են գտնվում կամ միգուցե, բացակայում են, և իրենց տվյալները առկա են, կասեմ, որ իհարկե, առկա պետք է լինեն: Ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են, սակայն վերջին օրը գան ու զրկված լինեն ընտրելու իրավունքից, իհարկե՝ ոչ։ [Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ]   13:00-Սյունիքում շատ է խոսվում և քննարկվում արոտավայրերի տարածքի կրճատման մասին, բայց ես խորապես համոզված եմ, որ հանրապետությունում մենք դրա խնդիրը չունենք: Մեզ մոտ արոտավայրերի կառավարման խնդիր կա: Այսօր ՀՀ-ում 1 մլն հա-ից ավելի արոտավայր կա, և դրանք կարող են եռակի անգամ շատ ապահովել մեր այսօր եղած անասունների գլխաքանակը: Մեր երկրում Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերն ամենաշատ արոտավայրերն ունեն, խնդիրը, կարծում եմ, մեկն է՝ այդ տարածքներ հասնելու խնդիրներ են հաճախ լինում։ Նախատեսում ենք դեպի արոտավայրեր տանող գրունտային ճանապարհներ կառուցել: [Նիկոլ Փաշինյանը` Սյունիքի մարզի Գորայք համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ]   12:48-Մենք որևէ կերպ չենք ճանաչում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը օրինական, մենք ասում ենք, որ այս պահին օր առաջ պետք է դրա իրականացումը սառեցվի, և սառեցմանը համարժեք  հայոց պետությունը, (իսկ մենք հիմա հայոց պետություն չունենք), և հայոց իշխանությունը, (իսկ մենք դա չունենք,  այսինքն` իշխանափոխությունից հետ)  բնականաբար պետք է սկսի իր գործընկերների հետ հարաբերվել, թե ինչ կարելի է անել արդեն այսօրվա վիճակում։  Մենք չենք ճանաչում Արցախի բռնազավթումը, մենք չենք ճանաչում, որ Արցախը միայն ԼՂԻՄ է, մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով։ [«Ազգային  օրակարգ» կուսակցության առաջին համար Արա Հակոբյան]   12:41-«Արդար Հայաստան» կուսակցության հիմնական նպատակը Հայաստանի անվտանգության ապահովումն է։ Քաղաքական ուժն ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը,այն դարձնելով 18 ամիս։ Առաջիկա տարիներին հասարակության ամբողջ ներոժւը պետք է կենտրոնացնել բանակի վրա։ Անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր Զինված ուժեր։ [«Արդար Հայաստանն»  կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյան]   12:38-Բոլոր ուժերի նախընտրական ցուցակներում կա 120 մանկավարժ թեկնածու։ Ամենաշատ ուսուցիչները «Պատիվ ունեմ»-ում են և «5165 շարժում»-ում՝ 13 անձ։ Մեկական մանկավարժ կա Հայ ազգային կոնգրես, «Քաղաքացու որոշում», Զարթոնք և Հայոց հայրենիք կուսակցությունների ցուցակներում։ Բուժաշխատողները շատ են «Հայաստան» դաշինքում՝ 7 հոգի, ընդհանուր բոլոր թեկնածուներից 30-ն են բուժաշխատողներ։ «Հայաստան» դաշինքից հետո գալիս է «Պատիվ ունեմ»-ը՝ 4 բուժաշխատող, ապա երեքական բուժաշխատող կա «Վերելք» կուսակցության և «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակում։ |civilnet.am|   12:18-Ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է գնահատվի իր խոստումների կատարմամբ, իսկ ընդդիմությունը՝ նրանով, թե ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի ներուժ՝ այդ խոստումները կատարելու համար: Նույնիսկ մտածում եմ, որ ձեզ համար և հեշտ է, և դժվար գնահատել՝ այն տեսանկյունից, որ գործող իշխանության արածի և չարածի մասով բան չկա համեմատելու։ Վերընտրվել ձգտում է մի իշխանություն, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել: [«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյան]   11:46-Նախորդ ընտրություներում մեր ստացած 0․68 տոկոսը չի արտահայտում այն ինչ ես կուզեի արտահայտվեր այդ թվով, որովհետև խոսքը այդտեղ գնում է 8514 մարդու մասին։ ՀՀ այդ թվով քաղաքացիներ մտածել են, որ Հայաստանի կառավարման համակարգում մեր ներկայությունը, մասնակցությունը օգտակար կլինի ՀՀ -ի համար։ Այդ գնահատականը այդ քանակի մարդկանց կողմից արդեն իսկ վստահության ու գործունեությունը շարունակելու մանդատ է տալիս։ Այդքան քվե մենք ստացել ենք այն պայմաններում, երբ ընտրապայքարի մեջ ենք մտել որպես 13 օր առաջ գրանցված կուսակցություն։ Հիմա մենք ռեալ շանս ունենք պարլամենտում լինելու։ Դա կախված է մեր աշխատանքից, ճիշտ աշխատանքից։ [«Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան] |hetq.am|   10:34-Մենք բացարձակապես մերժում ենք նոյեմբերի 10-ի ապօրինի եւ Հայաստանին թելադրված հայտարարությունը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան պետական հեղաշրջում, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետն իրավունք չունի ընդունելու որեւէ պայմանագիր, որը վավերացված չէ ԱԺ-ի կողմից: Ուստի նոյեմբերի 9-ից սկսած՝ մեզանում տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում, ու փաստորեն դա պետական հեղաշրջում է: Եվ սահմանների փոփոխության պարագայում դա միջազգային իրավունքի խախտում է: Հետեւաբար Արցախի հարցի լուծումը կարող է տրվել միմիայն միջազգային հանրության կողմից ստեղծված Մինսկի խմբի ձեւաչափով: Եվ մեր վերջնական նպատակն է Արցախի հետ միացումը, ինչպես դա գրված էր 1990-ի ՀՀ Անկախության հռչակագրում: [Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան] |aliqmedia.am|   10:03-ԼՀԿ-ն կարեւորում է տնտեսության հեռանկարային ճյուղերը, փոքր եւ միջին ձեռներեցությունը խթանող դրամավարկային եւ հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, հանքահումքային վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Մեզ համար կարեւոր է նաեւ պետական բյուջեի թափանցիկության ապահովումը, բյուջեի կատարման, պետական գնումների եւ արտաքին ֆինանսական փոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ իրական վերահսկողական կառուցակարգերի ամրագրումը: [ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյան]   9:56-«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը։   9:10-Քարոզարշավ օր 10. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել տարբեր ձևաչափերով։ Ժամանակացույցը՝ այստեղ: |armenpress.am|   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 11 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9
22:30 - 16 հունիսի, 2021
«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ

«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ

Քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ հեռուստաբանավեճին ներկայացել են հինգ ուժերի առաջնորդներ՝ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, ԱԺԲ առաջին համար Վահե Գասպարյանը, «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը, «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։ Ավելի վաղ քաղաքական ուժերից տասը, այդ թվում՝ բանավեճին ներկայացուցիչներ ուղարկած «Արդար Հայաստան» և  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները հայտարարել էին բանավեճին չմասնակցելու որոշման մասին՝ համարելով դրա ձևաչափը անարդարացի։  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը Հանրայինի տաղավարից հայտարարեց, որ այս ձևաչափը կայանալ չի կարող, ապա լքեց տաղավարը։
22:15 - 16 հունիսի, 2021
Մեր առաքելությունն այն է, որ ներկա-նախկին կռվից դուրս մարդիկ ողջամտության ձայն ունենան խորհրդարանում.  Սանասարյան |armtimes.com|

Մեր առաքելությունն այն է, որ ներկա-նախկին կռվից դուրս մարդիկ ողջամտության ձայն ունենան խորհրդարանում. Սանասարյան |armtimes.com|

armtimes.com: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանում այսօր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում էր: Վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ կուսակցության անդամները շրջում էին փողոցներով, այգիներով, բարևում քաղաքացիներին, թռուցիկներ բաժանում, զրույցի բռնվում նրանց հետ: Քաղաքացիներին ողջունելով՝ Սանասարյանը «Էս վիճակից դուրս ենք գալու» արտահայտությունն էր կրկնում: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ թիմի համար անընդունելի են ատելության կոչերը, իրենց առաքելությունը քաղաքացիներին այլընտրանք առաջարկելու մեջ է: «Մեր առաքելությունն այն է, որ ներկա- նախկին այդ վատ  կռվից դուրս քաղաքացիներն իրենց ողջախոհության, ողջամտության ձայնն ունենան խորհրդանում, եւ մեզ համար դա լինելու է սուրբ պարտականություն, ինչպես որ Հայաստանի ազատության, զարգացման, անվտանգության եւ ինքնիշխանության  համար պայքարել ենք տարիներ շարունակենք: Հիմա էլ մեր գործը տեղափոխելու ենք Ազգային ժողով: Մենք գնալու ենք սահամնամերձ գյուղեր, քաղաքներ, բերելու ենք այդ մարդկանց խոսքը, իրենց խնդիրները եւ դրանց լուծումներ ենք տալու Ազգային ժողովում»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենց կուսակցությունում մարդիկ են, որոնք երբեւիցե չեն քաշվել մի կողմ, այլ միշտ պայքարել են: «Մենք նվիրյալներ ենք, սա ոչ միայն խոսք է, սա նաեւ գործ է, որովհետեւ մենք եղել ենք բոլոր պայքարներում, մենք վերջին երկու պատերազմների ժամանակ եղել ենք ամենաթեժ տեղերում, մեր տղաների մեծ մասը պատերազմի մեդալակիրներ են, մարդիկ, ովքեր իրենց անձը չեն դրել մի կողմ եւ պետք եղած ժամանակ եղել են փողոցում ու խրամատում»: Դավիթ Սանասարյանի խոսքով՝ այն բոլոր խոսակցությունները, թե Հայաստանը միութենական պետություն կարող է լինել Ռուսաստանի հետ եւ մնալ անվտանգ, պարզապես անհիմն քարոզներ են:
21:50 - 16 հունիսի, 2021
Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը խոստացավ բարելավել գյումրեցիների կյանքը |armenpress.am|

Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը խոստացավ բարելավել գյումրեցիների կյանքը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը գալիս է կիսատ գործը շարունակելու  և քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Քոչարյանն ասաց, որ, թեև գյումրեցի չէ, Գյումրիում երբեք չի ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես է ստացվել, որ իր սրտի մի մասը մնացել է Գյումրիում: «Առաջին անգամ եկել եմ Գյումրի 1997 թվականին, նորանշանակ վարչապետ էի: Վիճակը այնպիսին էր, որ ինքս ինձ համար երդվել եմ, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխենք, պետք է վերականգնենք այն քաղաքը, որի մասին միշտ լսել էի՝ Գյումրին իր թասիբով, իր հումորով , իր հոտով ու համով: Եվ այսօր, շրջելով քաղաքով, կարող եմ ասել, որ ճանաչում եմ բոլոր շենքերը, նույնիսկ հիշում եմ, որ շինարարը որ շենքն է կառուցել կամ ամրացրել: Մեկ-մեկ մտածում եմ, որ, չգիտեմ ինչպես ստացվեց, բայց Գյումրին Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում»,- ասաց Քոչարյանը: Նա վստահեցրեց՝ իրենք համաչափ կզարգացնեն Հայաստանի տարբեր մարզերը: «Ինձ համար չափազանց հաճելի էր իմանալ, լսել և տեսնել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն: Եվ դուք այդ պոտենցիալը իսկապես ունեք: Մենք որպես մեկ քաղաքական միավոր, վստահ ենք, որ գալիս ենք իշխանության և գալիս ենք ձեր հզորությունը ավելացնելու, դեպի առաջ մղելու, երկիրը զարգացնելու, համերաշխություն բերելու բոլորի համար: Սա է մեր նպատակը»,- եզրափակեց Քոչարյանը:
21:07 - 16 հունիսի, 2021