Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը․ ԱԳՆ հայտարարությունը

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը:  «Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը: Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը: Այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հայտարարության մեջ:
23:27 - 30 մարտի, 2020
Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան  |factor.am|

Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Արցախի իշխանությունները, կարծես թե, մտադիր են նախագահի ու պառլամենտի ընտրությունները անցկացնել մարտի 31-ին, չնայած որ կորոնավիրուսի տարածման վտանգը առկա է։ ՀՀ-ում մոտ 290 վարակման դեպք է արձանագրվել ու  մեկ քաղաքացի է մահացել։ Այսօրվանից արգելվեց ՀՀ-ից բոլոր անձանց մուտքը Արցախ, եթե չունեն այնտեղի քաղաքացիություն։ Արցախյան ընտրությունների ընթացքը ՀՀ-ից դիտարկելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» և Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունները։ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ կորոնավիրուսի վտանգը Արցախում ընտրական մթնոլորտը դարձրել է ոչ բարենպաստ։ «Սա ընտրությունների անցկացման նորմալ վիճակ չէ։ Ընտրողներն իրենց ազատ չեն զգալու։ Մարդկանց կաշկանդում է կորոնավիրուսի տարածման վտանգը։ Մտավախություն ունենք, որ շատ ընտրողներ ուղղակի կկաշկանդվեն տեղամաս գնալուց, ընդ որում՝ սա ավելի շատ կանդրադառնա անկախ ընտրողների վրա, իսկ նրանք, որ բարեգործություն են ստացել թեկնածուներից, մի տեսակ պարտավորված են գնալ-քվեարկելու, իսկ ոչ մի պարտավորություն չունեցող քաղաքացիները կարող է քիչ գնան և դա ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Մենք դրանից բավականին մտահոգված ենք»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։ Նա հույս է հայտնում, որ ընտրությունները մարտի 31-ին անցկացնելու մտադրությունից իշխանությունը կհրաժարվի․ «Ոչ միայն ընտրողների կաշկանդվածությունը կանցնի, այլև թեկնածուները կկարողանան նորմալ բազմամարդ քարոզչություն իրականացնել, այսօր դռնփակ հանդիպումներ չեն անցկացվում, մարդիկ բացօթյա հավաքներից էլ են զգուշանում։ Որևէ մեկը չի կարող թեկնածուին ասել՝ հավաք մի արա, բայց կորոնավիրոսի տարածման վտանգը չգրված կոնսենսուս է ապահովել թեկնածուների շրջանում, որ փակ հանդիպումներ չարվեն»։ Երբ էլ ընտրությունները տեղի ունենան, հայաստանյան կազմակերպությունները ողջ ծավալով կիրականացնեն դիտորդություն։ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն, որպեսզի վարակի չտարածման ռիսկը բացառվի, ու նաև, որ Արցախի ընտողները վստահ լինեն՝ եթե տեղամասում կա հայաստանյան դիտորդ, այդ տեղամասը առողջապահական լրացուցիչ վտանգ չի ներկայացնում։ Արցախյան այս ընտրություններին միջազգային դիտորդներ ու լրատվամիջոցներ ներկա չեն լինի՝ պատճառը կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի արգելքներն են։ Կլինեն նորամուծություններ Արցախում՝ ԻՔՄ-ի խորհրդատվական աջակցությամբ Ստեփանակերտի ու շրջկենտրոնների 280 տեղամասերից 40-ում կտեղադրվեն տեսախցիկներ, ընդ որում՝ պատկերի հետ կհեռարձակվի նաև ձայն։ Իոաննիսյանի հաշվարկներով՝ ընտրազանգվածի կեսից ավելին տեսախցիկներով հագեցած տեղամասերում կքվեարկեն։ Միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությունը փոքր-ինչ կլրացնեն պաշտոնական և հասարակական սեկտորների բրֆինգները օտար լեզուներով թարգմանելով։ Իոաննիսյանն ասում է՝ միջազգային գործընկերների բացակայությունը ևս մեկ փաստարկ է՝ ինչու է պետք հետաձգել ընտրությունները. «Շատ կարևոր էր նրանց միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախում ընտրությունների որակը անհամեմատելի է Ադրբեջանում ընտրությունների հետ՝ նույնիսկ առկա խնդիրներով հանդերձ»։ Չորս օր է մնացել քվեարկությանը, արդյոք տեղամասերում կեղծիքի ռիսկ կա, Դանիել Իոաննիսյանն այս պահին զերծ է մնում գնահատականներից, հակառակը, ասում է՝ հայաստանյան դիտորդական կազմակերպությունները լրջագույն խնդիրներ են արձանագրել, այդ թվում՝ հանցագործություններ և հաղորդում ներկայացրել Արցախի դատախազություն։ Շարունակությունը` factor.am-ում:
00:19 - 27 մարտի, 2020
Արցախի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100- րդ տարելիցի առնչությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100- րդ տարելիցի առնչությամբ

Ներկայումս Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ 100 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար։ Այս մասին նշված է Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100-րդ տարելիցի առնչությամբ Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարությամբ ընդգծվել է. «100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց: Այս ոճրագործության մասշտաբներն ու դաժանությունն ապշեցրել էին կոտորածներից անմիջապես հետո Շուշի այցելած ժամանակակիցներին, ովքեր նշել են, որ ջրհորները լցված էին կանանց և երեխաների դիակներով։ Ողբերգությունն այնքան խոր հետք է թողել քաղաքի և մթնոլորտի վրա, որ նույնիսկ 10 տարի անց մռայլ տպավորություններ և ծանր զգացողություններ էր առաջացնում, ինչն արտացոլվել է քսաներորդ դարի ականավոր ռուս գրողներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ։Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու`  երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ։ Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժման արդյունքում ձևավորված Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ անզուսպ և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները սկիզբ դրեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ ժամանակակից ընկալմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին թուրքական զորքերի ուղղակի աջակցությամբ հասնել իրենց նպատակին։ Հետագայում թուրք սպաները և էմիսարները շարունակեցին օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ռազմական կազմավորումներին, այդ թվում՝ 1920 թ. Շուշիի կոտորածների կազմակերպման հարցում՝ փորձելով շարունակել հայերի ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում։ Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը  փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920 թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները։ Միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց ետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։   Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար»։
20:12 - 23 մարտի, 2020
Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|

Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, քաղաքագետ, Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժանմունքի ղեկավար Արիֆ Յունուսովը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը թաքցնում է երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը և հիմնավորում, թե ինչու է Ալիևի ռեժիմն այդպես վարվում։ Նա խոսում է Ադրբեջանում իշխանության փոխանցման, ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ - Հայաստանում, համաձան պաշտոնական վերջին տվյալների, գրանցվել է վարակման 190 դեպք (մարտի 22-ի դրությամբ), հայտարարվել է արտակարգ դրություն։ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, 50-ից մի փոքր ավել է, և դատելով ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների, շատերը կասկածանքով են մոտենում կորոնավիրուսով վարակվածների թվի պաշտոնական տեղեկություններին։ Ինչպե՞ս եք վերաբերում այս վիճակագրությանը, և եթե ենթադրենք, որ այդ թվերը իրակաությունը չեն արտացոլում, ի՞նչն է նման քաղաքականության պատճառը։  - Մարտի 21-ի դրությամբ Ադրբեջանում իրոք պաշտոնապես հայտարարվել է 53 դեպքի մասին, որոնցից մեկը մահացել է, իսկ 11-ը պաշտոնապես առողջացել են և դուրս գրվել տուն։ Բացի այդ, կասկած է առաջացրել 500 մարդ, բայց դեպքերի մեծ մասի դեպքում վիրուս չի ախտորոշվել, և 312 քաղաքացի կարանտինի ավարտից հետո վերադարձել են տուն։ Սրանք են մարտի 21-ի պաշտոնական տվալները։ Սակայն հանրության մեջ այս տվյալները կասկած են հարուցում, և դա ունի հիմնավորում։ Բանն այն է, որ սկզբում իշխանությունները կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը մատների արանքով էին վերաբերում։ Նույնիսկ, երբ Չինաստանից հետո տեղեկություններ եղան հարևան Իրանում վարակի տարածման մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայտարարել, որ Ադրբեջանի բնակչության մեջ վարակի տարածման ոչ մի վտանգ չկա, և դրա համար էլ Իրանի հետ սահմանը փակելու և օդային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ Սակայն արդեն փետրվարի 24-ին տեղեկացանք առաջին երկու վարակվածների մասին, որոնք ժամանել էին Իրանից։ Ապա այդ թիվը սկսեց արագ աճել, բայց այդ ժամանակ էլ իշխանությունները այնպիսի դիրք էին ընդունել, որ ոչ մի սարսափելի բան չկա։ Շուտով պարզվեց, որ Իրանում վարակված ադրբեջանցիներից մեկը, ամբողջ երկիրը հատելով, Իրանից Վրաստան է գնացել, որտեղ հենց նույն պահին կարանտինի տակ է հայտնվել։  Շուտով Վրաստանը, Հայաստանը և Թուրքիան փակեցին Իրանի հետ սահմանը։ Եվ միայն Ադրբեջանը հրաժարվեց անել դա։ Մեծամասամբ դա կապված է նրա հետ, որ իշխանությունները չէին ցանկանում կորցնել զբոսաշրջիկներին, ինչպես նաև զրկվել Իրանի հետ բիզնեսից։ Փողը ամեն ինչից վեր էր։ Եվ միայն երբ սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել տեղեկություններ վարակվածների թվի աճի մասին, իշխանությունները փոխեցին իրենց քաղաքականությունը և վերջապես ընդունեցին վտանգավոր և լուրջ սպառնալիքը․ դպրոցները, կրթական հաստատությունները, հանրային վայրերը փակվեցին։ Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանում առողջապահական համակարգի մակարդակը, մեղմ ասած, այնքան էլ լավը չէ, և ոչ բոլոր վարակվածներն են հայտնաբերվում և հսկողության տակ առնվում։ Ամենայն հավանականությամբ, վարակվածների թիվը նվազագույնը երկու անգամ ավել է, եթե ոչ ավելի շատ։ - Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ իր ուղերձում, քննարկելով հնարավոր արտակարգ դրությունը, նշեց «հինգերորդ շարասյան չեզոքացման» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, նշանակո՞ւմ է դա, որ արտակարգ դրության անվան տակ իշխանութունները ևս մեկ անգամ ընդդիմադիրներին հետապնդումների կենթարկեն։ - Սովորաբար որևէ տոնի առիթով շնորհավորելիս Իլհամ Ալիևը վստահություն է ճառագում, պատմում է հաջողությունների և այն մասին, թե ինչպես է ամբողջ աշխարհը նախանձում իր իմաստուն ղեկավարման շրջանում այդ բացառիկ ձեռքբերումներին։ Այժմ առաջին անգամ նա տարբեր էր՝ նյարդային և ագրեսիվ։ Պատճառը հասկանալի է․ սկզբում կորոնավիրուսը, որն արդեն պատճառել է և կպատճառի մեծ վնաս տնտեսությանը, նշանակում է՝ նաև Ալիևի եկամուտին, և որի պատճառով իշխանությունները այդքան երկար ջանում էին միջոցներ չձեռնարկել և նույնիսկ հավաստիացնում էին, որ կորոնավիրուսը, պարզվում է, կօգնի զբոսաշրջության աճին։ Դրան հետևեց նավթի գնի կտրուկ անկումը, և այստեղ չես կարող ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը հենվում է էներգակիրների վրա։ Նավթի գների անկումը նշանակում է ոչ միայն ֆինանասական կորուստներ։ Դա նշանակում է, որ երկրում կավելանան գնաճը, սոցիալական լարվածությունը և դժգոհությունը, այսինքն՝ դժգոհությունները հեռու չեն։ Ադ պատճառով էլ մեր առջև իշխանությունների ավանդական հռետորաբանությունը չէ, այլ ապագա ցնցումների հանդեպ ունեցած նրանց վախի վկայականը։ Առաջ հսկայական նավթադոլարները իշխանություններին թույլ էին տալիս երկրի ներսում մարդկանց կաշառել և վախեցնել։ Այժմ դա անելը դժվար կլինի։ Հենց դրա համար էլ մարտի 17-ին նոր խորհրդարանը «տեղեկատվության և դրա պաշտպանության» մասին օրենքում հրատապ լրացումներ արեց, որով ընդլայնում է դատարանների և համացանցային ռեսուրսները իրենց հայեցողությամբ արգելափակող այլ կառույցների արդեն իսկ մեծ հնարավորությունները՝ քմահաճորեն սահմանափակելով ազատ խոսքը։ Այսինքն՝ ապագա սոցիալական բռնկումների նախօրեին ավելի է սահմանափակվում տեղեկատվական դաշտը։ Այնպես որ, պետք է մոտակա ժամանակներում սպասել ընդդիմության նկատմամբ նոր ճնշումների և հետապնդումների։ Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։ 
11:15 - 23 մարտի, 2020
ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն |aysor.am|

ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն |aysor.am|

aysor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը: «Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումները հակամարտության գոտում:
11:45 - 20 մարտի, 2020
Ադրբեջանը լայնամասշտաբ սադրիչ գործողությունների այս փուլում չի դիմի, բայց կարող է մանր-մունր սադրանքներ իրականացնել. Տաթևիկ Հայրապետյան
 |tert.am|

Ադրբեջանը լայնամասշտաբ սադրիչ գործողությունների այս փուլում չի դիմի, բայց կարող է մանր-մունր սադրանքներ իրականացնել. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

tert.am: «Իդլիբյան սցենարը» Արցախում կիրառելու վերաբերյալ հայտարությունները ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական դրսևորումն է, իհարկե Արցախում նման սցենարի կիրառումը հնարավոր չէ: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակացության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելով, որ կիսում է փորձագիտական դաշտում տարածվող տեսակետները, թե «Իդլիբյան սցենար» արտահայտությունը Արցախի հակամարտության դեպքում ամբողջովին անհեթեթ է:«Հայաստանը Սիրիա չէ, Արցախը Իդլիբ չէ, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիա չէ: Ադրբեջանական մամուլում նման հրապարկումները կապված են Զաքիր Հասանովի այն հայտարության հետ, թե ցանկանում են Թուրքիայից ձեռք բերել նոր ռազմական տեխնիկա և սարքավորում, ադրբեջանական մամուլը խոսում է այն մասին, որ խոսքը անօդաչու թռչող սարքրերի մասին է, ինչի ձեռքբերումը չեմ կարող ասել, որքանով է նպատկահարմար Ադրբեջանի համար»,-ընդգծեց պատգամավորը: Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ նման հայտարարությունները մի քանի գործողության հետևանք են: «Մի կողմից այն, որ վարչապետը վերջերս Շինուհայր գյուղում խոսեց նոր զինատեսակների ձեռքբերման մասին, եղել է նաև ՍՈՒ-30-ների ձեռքբերման գործընթացը»,-ասաց նա: Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ նավթի գների կտրուկ անկում է գրանցվել, թե համաշխարհային զարգացումները և թե Ադրբեջանի ներքին զարգացումները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը այս փուլում կխուսափի լայնամասշտաբ սադրիչ գործողություններից, կարող են մանր-մունր սադրանքներ իրականացնել: Ավելին կարդացեք tert.am-ում։
18:16 - 19 մարտի, 2020

ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել պարտավորությունները |news.am|

ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել պարտավորությունները |news.am|

news.am: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը ողջունել է իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը, որը բանտարկվել էր Վրաստանում 2017 թվականի մայիսին առեւանգվելուց հետո, հաղորդում է Turan-ը: «Շատ հաճելի է լսել, որ վերջապես ավարտվեցին պարոն Մուխթարլիի փորձությունները, եւ նա միացավ իր ընտանիքին: Վեհաժողովն արդեն Մուխթարլիին քաղբանտարկյալ է ճանաչել»,- ասել է զեկուցողը: «Ադրբեջանի իշխանությունները պետք է վճռորոշ գործողություններ ձեռնարկել՝ որպես Եվրոպայի Խորհրդի եւ մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի անդամ իրենց երկրի պարտավորությունները կատարելու համար: Նրանք, մասնավորապես, պետք է անհապաղ կատարեն ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումների բոլոր տարրերն ու սկսեն Վեհաժողովի հետ կառուցողական աշխատանքը»,- շարունակել է զեկուցողը: Իր հերթին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը: «Ողջունում եմ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի երկար սպասված ազատ արձակումը»,- ասել է նա:        «Ես բազմիցս այդ գործով դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին՝ իմ մտահոգությունը հայտնելով եւ կոչ անելով դադարեցնել քրեական մեղադրանքներն ու ազատ արձակել նրան: Ես ուրախ եմ, որ այժմ նա կարող է միանալ Գերմանիայում գտնվող իր ընտանիքին՝ իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային եւ դստերը»,- հավելել է Դեզիրը:  
13:58 - 19 մարտի, 2020
Ադրբեջանը պատրաստվում է նոր զինետեխնիկա գնել Թուրքիայից |ermenihaber.am|

Ադրբեջանը պատրաստվում է նոր զինետեխնիկա գնել Թուրքիայից |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանը Թուրքիայից շարունակելու է ժամակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ գնել։ Ադրբեջանի ՊՆ֊ի գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Հասանովի, նախարարության ներկայացուցիչների և զինուժի հրամանատարների մասնակցությամբ տեսակոնֆերանս է կազմակերպվել։ Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանովը կարևորել է զորավարժությունների ընթացքում կառավարման ամենաժամանակակից մեթոդների կիրառումը։ «Այսուհետև ևս շարունակելու ենք յուրացնել թուրքական զինուժի մարտական փորձը, դա ներառել մեր բանակի պատրաստվածության պլանում, ռազմական համագործակցությամբ իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև գնել թուրքական արտադրության ժամանակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ»,֊նշված է հայտարարությունում։ 
11:11 - 16 մարտի, 2020