ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

Հայաստանում ԵՄ դիտորդները մեկնել են իրենց առաջին պարեկությանը։ Առաջիկա երկու ամսում ԵՄ դիտորդական առաքելությունը կիրականացնի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի մոնիթորինգ՝ վստահություն ձևավորելու, ինչպես նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքին նպաստելու համար։ Այս մասին տեղեկացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ գործող ծառայությունը՝ ԵՄ անվտանգության պաշտպանությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։    
11:15 - 27 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը կարևոր քայլ է. Անդրեա Վիկտորին |1lurer.am|

ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը կարևոր քայլ է. Անդրեա Վիկտորին |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը լիահույս է, որ դիտորդական առաքելության տեղակայումը կարևոր քայլ է և հնարավորություն կտա նվազեցնել լարվածությունը սահմանին. հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Դեսպանը կարևոր է համարել Հայաստանի իշխանության գործակցությունը և անհրաժեշտ աջակցությունը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը։ Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Հայաստանի իշխանությունները ոչ միայն ողջունեցին դիտորդական առաքելության ժամանումը, այլև անհրաժեշտ աջակցություն են տրամադրում գործունեությունն իրականացնելու համար։ Այնպես որ, աշխատանքը սկսվել է։ Դիտորդների գործունեության նպատակն է զեկույցներ ներկայացնել գլխամասեր։ ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը ևս կարևոր քայլ է։ Մենք լիահույս ենք, որ սա հնարավորություն կտա թեթևացնել լարվածությունը սահմաններին, կիրականացնի վստահության զարգացման գործառույթներ, որոնք հետագայում ավելի սահուն կդարձնեն խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը:
19:11 - 26 հոկտեմբերի, 2022
Նազելի Բաղդասարյանը շիրակցի գերիների հայրենադարձման խնդրի լուծման հարցում կարևորել է Հայաստանում ԵՄ դեսպանի ջանքերը

Նազելի Բաղդասարյանը շիրակցի գերիների հայրենադարձման խնդրի լուծման հարցում կարևորել է Հայաստանում ԵՄ դեսպանի ջանքերը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։   «Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական միությունը մեր մարզում։ Ինձ համար՝ որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր բնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։ Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք, տիկին դեսպան, մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր գործակցությունը, և վստահ եմ՝ այստեղ կհաջողենք»,- ողջունելով դեսպանին՝ նշել է Շիրակի մարզպետը։   Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու արդեն ձևավորված համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի համար` նշելով, որ ամենևին պատահական չէ, որ այսօր Շիրակ այցելած պատվիրակության բոլոր անդամները կանայք են, քանզի իրենք նպատակ ունեն քաջալերելու և աջակցելու Շիրակի մարզպետին որպես կին ղեկավարի․ «Տիկին մարզպետ, ուրախ եմ Ձեր հիանալի մարզում կրկին լինելու համար։ Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին շարունակում են մնալ մեր օրակարգում, շուտով նոր ծրագրի մասին կազդարարենք, խոսքը Գյումրու զարգացմանը նպաստող նոր տնտեսական ծրագրի մասին է։ Ես ուզում եմ ընդգծել Ձեր անձնական նախաձեռնողականության կարևորությունը համագործակցության ամրապնդման հարցում և վստահ եմ, այո՛, համագործակցությունը կլինի շարունակական»։   Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ջանքերը խնդրի լուծման հարցում։   Անդրեա Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղության լիարժեք հաստատման ուղղությամբ, ինչի ապացույցը ԵՄ դիտորդական առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին:   Կողմերն անդրադարձել են համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրերի, քննարկել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  
15:32 - 26 հոկտեմբերի, 2022
Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից
 |amerikayidzayn.com|

Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության, տարածաշրջանային զարգացումների և ԵՄ ներգրավվածության մասին ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ: «ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա: Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշում է նա: Տոյվո Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի, հայտնում է եվրոպացի դիվանագետը: «Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծում է նա: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշում է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում, Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ: Տոյվո Կլաարը վստահ է՝ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Երեք երկրներն էլ կորցնում են տնտեսական հնարավորություններ այս հակամարտության պատճառով, այդ թվում՝ Վրաստանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, սահմանների, հաղորդակցության վերաբացումը, առևտրի վերականգնումը ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին: Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում
14:37 - 25 հոկտեմբերի, 2022
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքը փորձում է Անդրկովկաս տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները» |aravot.am|

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքը փորձում է Անդրկովկաս տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները» |aravot.am|

aravot.am: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքի մեկնաբանելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող զարգացումները: Հայտարարության մեջ ասվում է. «Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալից միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Տեսնում ենք՝ ինչ աննախադեպ ճնշման է դրսից ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտումներում քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»։ Զախարովան համոզմունք է հայտնել նաև, որ Մոսկվայի և Երևանի միջև վեճ գցելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա․ «Մենք տրամադրված ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները»։ «Արևմուտքի անպարկեշտ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ամենևին փոխզիջումային և հավասարակշռված լուծումների մշակումը չէ, այլ ինքնագովազդը և Ռուսաստանը Անդրկովկասից դուրս մղելը։ Մեր եռակողմ զարգացումները յուրացվում և աղավաղվում են: Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Զուգահեռաբար շրջանառվում են անհիմն մեղադրանքներ, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ կանգնեցրեց պատերազմը 2020թ. նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում:  Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերմանը, ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- նշված է հայտարարության մեջ։ Առավել մանրամասն՝ aravot.am-ում
12:19 - 25 հոկտեմբերի, 2022
Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Վարչապետը բարձր է գնահատել պարոն Կովաչևի գործունեությունը և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը, որը բխում է ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել առաջիկայում Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակվելիք զեկույցին:
17:19 - 22 հոկտեմբերի, 2022
ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին. Կլաար |azatutyun.am|

ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին. Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների և հսկող սարքավորումների միջոցով, և դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին, ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Հարցին, թե արդյո՞ք արդյունքները կարող են օգտակար լինել, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում, Եվրամիության պաշտոնյան հիշեցրել է, որ նախագահ Ալիևը «հստակ հասկացնել է տվել, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանովի առնչվում է իրեն»։ «Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջև կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք, որ այս առաքելությունը կծառայի նաև կողմերի միջև վստահության ձևավորմանը», - հավելել է Կլաարը: «Այժմ կարևոր է վերջնականապես շրջել թշնամիության էջը, խուսափել նախկին սխալներից և դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջև՝ հանուն խաղաղ ապագայի», - հայտարարել է դիվանագետը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ԵՄ-ն շարունակում է լուրջ փոխգործակցությունը երկու կողմերի հետ։  
18:05 - 21 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունն արդեն  Հայաստանում է։ Խումբը բաղկացած է մոտ 40 հոգուց և Հայաստանում է լինելու առնվազն երկու ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում  տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության էին եկել հայ-ադրբեջանական սահման ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցում։  Ըստ հայտարարության՝ Հայաստանը նախապես համաձայնել էր առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայն է «համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա»։ Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ առաքելությունն իրականացվելու է Հայաստանի տարածքից։  ԵՄ միջնորդությամբ երկու երկրների համաձայնության հասնելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեմ էր առաքելությանը։ «Ուրիշ ի՞նչ եք ուզում, որ մենք անենք։ Մենք չենք պատրաստվում ԵՄ զորքեր ուղարկել առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել էր Բորելը։ Բորելն անդրադարձել էր նաև ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղարկվելու հնարավորությանը՝ նշելով, որ առավելագույնը, որ ԵՄ-ն կարող է անել, միջնորդի դեր ստանձնելն է մինչև ԵԱՀԿ առաքելությունը կգնա տարածաշրջան, ինչը չի լինի, եթե երկու երկրներն էլ չցանկանան։   Հոկտեմբերի 18-ին՝ Նորվեգիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում ԵԱՀԿ առաքելության տեղակայման որոշումը սպասվում է մոտ ապագայում։  Եվրոպական միությունը արդեն փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում, քաղաքացիական առաքելություն իրականացնելու։    Քաղաքացիական և ռազմական առաքելություններ Եվրոպական միությունը կարող է իրականացնել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական առաքելություններ, ինչպես նաև ռազմական գործողություններ։  Առաքելությունների մասին որոշումները կայացնում է Արտաքին գործերի խորհուրդը։ 2003 թվականից սկած՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր ռազմավարության հաստատումից հետո,  Եվրոպական միությունն իրականացրել է 37 առաքելություն, որից 18-ը հիմա ընթացքի մեջ է։  Ընթացիկ առաքելություններից 11-ը քաղաքացիական է, 7-ը՝ ռազմական։ ԵՄ-ը քաղաքացիական և ռազմական առաքելություններ ունի ռազմական կոնֆլիկտ ունեցող մի շարք երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Լիբիան, Պաղեստինը, Վրաստանը, Կոսովոն և այլն։  Քաղաքացիական առաքելությունների անդամները զինված չեն, ուղարկվում են աջակցելու հակամարտությունների կարգավորմանը, սահմանների անվտանգությանը, անվտանգային ռեֆորմներին և այլն։ Ռազմական առաքելությունների դեպքում ուղարկվում է զինված անձնակազմ դասընթացների, ռազմական գործողությունների և այլ նպատակներով։ ԵՄ գործող ռազմական առաքելություններից մեկի նպատակն, օրինակ, ծովահենների դեմ պայքարն է։ Եվրոպայի տարածքում ԵՄ իրականացրած միակ ռազմական օպերացիան Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում է եղել 2004 թվականին՝ պարտադրելու համար շուրջ  9 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրի կետերի պահպանումը։ ԵՄ ռազմական առաքելությունների մեծամասնությունը ուսումնական է, հիմնականում՝ Աֆրիկյան երկրներում։  Հայաստան ուղարկվող առաքելությունը հաստատելուն զուգահեռ` ԵՄ-ն հաստատեց ավելի քան 15 000 ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելությունը։   Վրաստան Վրաստան Եվրոպական միության՝ 200 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշում կայացվել է 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո՝ դիտարկելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանային հատվածը։ ԵՄ-ը միջնորդել էր պատերազմի ավարտը հայտարարող 6 կետից բաղկացած պայմանագիրը, որի՝ ԵՄ առաջարկած նախնական կետը նախատեսում էր նաև ԵՄ կամ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ուղարկել տարածաշրջան, սակայն կնքված պայմանագրում այդ կետը բացակայում էր։  Ռուսաստանը համաձայնություն տվել էր առաքելության՝ բուֆերային գոտում կամ Վրաստանի տարածքում գտնվելուն․ ո՛չ Աբխազիայի և ո՛չ Հարավային Օսեթիայի իշխանությունները թույլ չեն տալիս առաքելությանն անցնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այսինքն՝ ԵՄ մանդատը գործում է միայն Վրաստանի տարածքում։ Այս առումով Վրաստանի առաքելությունը նմանություններ ունի Հայաստան ուղարկվելիք առաքելության հետ, որը գտնվելու է սահմանի միայն հայկական կողմում։  Ըստ հաղորդագրությունների՝ Վրաստանի ՊՆ-ը կատարել է սահմանամերձ շրջաններից ծանր զինտեխնիկայի դուրսբերման առաջարակը, մինչդեռ ռուսական կողմը չի արձագանքել դրան։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը Վրաստանում միակողմանի է։  Մինչև 2008 թվականի առաքելության ուղարկումը ԵՄ-ը մեկ այլ առաքելություն էր ուղարկել Վրաստան 2005 թվականին՝ Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ առաքելության վրա վետո դնելուց հետո։ ԵՄ-ն ուղարկել էր երեք քաղաքացիական փորձագետների՝ սահմանային խնդիրների ուղղությամբ Վրաստանում աշխատելու համար․ ավելի մեծ առաքելություն ուղարկելուն դեմ էին արտահայտվել Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան Ռուսաստանի առարկություններից հետո։  Ըստ ԵՄ պաշտոնական հաղորդագրությունների՝ առաքելության շոշափելի արդյունքներ գրանցելուն և խաղաղության հասնելուն խանգարում էին Ռուսաստանի ստեղծած խոչընդոտները, ինչպես օրինակ՝ ԵՄ պատվիրակությունների՝ Աբխազիայի և Օսեթիայի տարածք մուտքի արգելքը, զինատեսակների սահմանափակման մասին պայմանագիրը չկնքելը և այլն։    Նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետություններ Եվրոպական միության՝ շուրջ 16 տարի շարունակված և այժմ ավարտված առաքելություններից մեկը նախկին Հարավսլավիայի պետությունների տարածքում էր Սլովենիայի և Խորվաթիայի անկախության հռչակումից հետո, երբ Հարավսլավիայի ժողովրդական բանակը բախումներ սկսեց։ Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի և Նիդերլանդների միջնորդությամբ Սլովենիան համաձայնվեց կնքել պայմանագիր և թույլատրել առաքելություն ուղարկել, որը պիտի հետևեր հրադադարի ռեժիմի պահպանմանը և հարավսլավական բանակի՝ Սլովենիայի տարածքից դուրսբերմանը։ Հաջորդող տարիների ընթացքում առաքելությունը ընդլայնել էր գործունեության սահմանները նախկին Հարավսլավիայի մաս կազմող մյուս պետությունների տարածքում։    Սահմանային առաքելություններ ԵՄ քաղաքացիական առաքելությունների շարքում բավական շատ են սահմանների դիտարկման կամ սահմանային անվտանգության ապահովման առաքելությունները։ Այսպես, ուկրաինա-մոլդովական սահմանին ԵՄ սահմանապահ ծառայությունն իրականացնում է ԵՄ ստանդարտներին համապատասխան ծառայություն։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ֆոնին ԵՄ-ը դիտորդական առաքելություն չի ուղարկել, սակայն 2014-ին ֆինանսավորել է ԵԱՀԿ առաքելությունը։ Այդ ժամանակ դիտորդներին գերի էին վերցրել Դոնեցկի և Լուգանսկի ուժերը։ ԵՄ առաքելությունն աջակցում է նաև Լիբիայի ցամաքային, օդային և ծովային սահմանների դիտարկմանն ու սահմանային ծառայության ռազմավարության մշակմանը։ Առաքելությունը կից է ՄԱԿ 2011 թվականին ստեղծված առաքելությանը և ստեղծվել է Լիբիայի կառավարության խնդրանքով՝ «աջակցելու անցումային իշխանություններին իրենց հետկոնֆլիկտային ջանքերում»։  Մինչև այս տարի ամառ գործում էր նաև Պաղեստինի տարածքում ԵՄ առաքելություն, որն աջակցություն էր ցույց տալիս պաղեստինյան իշխանություններին Պաղեստին-Իսրայել և Պաղեստին-Եգիպտոս սահմանահատումների և սահմանային այլ հարցերի շուրջ։ ԵՄ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել 2005 թվականին սկսված առաքելությունը, եթե քաղաքական և անվտանգային իրավիճակը թույլ տա։ Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանում ԵՄ առաքելությունից Անի Ավետիսյան
15:52 - 21 հոկտեմբերի, 2022
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորում հանդիպել է մարզպետի հետ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորում հանդիպել է մարզպետի հետ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորի մարզում է։ Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը։  Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը:  Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Վայոց ձորի մարզ այցի համար և ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածքի դեմ սանձազերծած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը: Քննարկումից հետո կողմերը երկուստեք համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: Այնուհետ մարզպետը, հրամանատարը և պատվիրակության անդամներն այցելեցին Ջերմուկի տարածաշրջան, ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
15:38 - 21 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|

ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ: «Առաքելության մանդատն է դիտարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած սահմանային շրջաններում` նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին», - հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդգծելով, որ դիտորդներն ուշադրության կենտրոն են պահելու կողմերի հանձնառությունը հրադադարին: Հաղորդագրությունը նշում է, որ առաքելության կազմում լինելու է 40 դիտորդ, նրանք տեղակայվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում, լինելու են անզեն: «Սա հնարավորություն կտա Եվրամիությանը առավել լավ նպաստել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Եվրոպացի դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ», ֊ հայտարարել է Եվրամիությունը, միաժամանակ ընդգծելով, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու, - «այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»: Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի տարածքում նմանատիպ առաքելություն չի տեղակայվելու:
23:10 - 20 հոկտեմբերի, 2022