ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ադրբեջանական զինծառայողները հրազենով սպառնացել են Տեղ գյուղի բնակիչներին, թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները հրազենով սպառնացել են Տեղ գյուղի բնակիչներին, թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մասնավորապես, 2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: Երբ գտնվել են ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Տեղ համայնքի վարչական տարածքի մեջ, նկատել են, որ ադրբեջանական 5 զինված ծառայող ագրեսիվ պահվածքով և գոռգոռալով մոտենում են իրենց: Մոտ 150 մետր մոտենալով՝ նրանք դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը: Նրանցից երկուսն առավել ագրեսիվ պահվածքով են եղել ու գյուղացիներից պահանջել են, որ այդ տարածքներ այլևս ընդհանրապես չգան և չփորձեն օգտվել հողերից: Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները: Այդտեղ առկա են ինչպես մարդկանց մասնավոր սեփականության իրավունքով, այնպես էլ համայնքներին պատկանող հողամասեր: Այստեղ առկա են նաև արոտավայրեր, որոնք օգտագործում են նշված երեք գյուղերի բնակիչները՝ իրենց եղջերավոր կենդանիներին արածեցնելու համար: Գյուղացիները կարողացել են խոտը հավաքել  միայն հունիսի 27-ին, երբ այդ վայր են գնացել ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը, Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են գյուղերի բնակիչները, այդ թվում՝ խոտ հավաքելու գնացած գյուղացիները, ինչպես նաև Տեղ խոշորացված վարչական շրջանի ղեկավարը: Բոլոր տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը ստուգել է: ՀՀ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենը պետք է դիտել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ, կենդանիների գողություններ և այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: Այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանությունը բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»,-ասված է գրառման մեջ:
09:37 - 28 հունիսի, 2021
Ադրբեջանական իշխանությունների կազմակերպված դատավարություններն արհեստական են, շղարշ՝ աշխարհի համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում» և հասցնեն ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունների կազմակերպված դատավարություններն արհեստական են, շղարշ՝ աշխարհի համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում» և հասցնեն ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ. ՄԻՊ

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել: Փոխարենը` զբաղվել են քաղաքական սակարկություններով ու մարդկանց առևտրով. օրինակ՝ տարածքային կամ ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս պատանդ պահվող մարդկանց փոխանակելու հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը: Դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները» ու դա արվում է այն պայմաններում, երբ ամենօրյա իրական սպառնալիքի տակ է գերիների կյանքը, կոպիտ խախտված է անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը։ Շարունակվում է պետական մակարդակով թշնամանքի հրահումը: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով այս պրակտիկան հիմնավորված է Պաշտպանի հատուկ զեկույցում: Նման պայմաններում ավելորդ է խոսել արդար դատաքննության կամ որևէ այլ իրավունքի մասին: Հատկապես դատապարտելի է ադրբեջանական իշխանությունների կողմից դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով: Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են): Մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները: Վերջապես, չպետք է մոռանալ այն հիմնարար փաստը, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակներում, որը մինչ այժմ չի ավարտվել: Այսինքն` Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե: Հետևաբար, ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձև լեգիտինացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Այս ամենը պետք է նկատի ունենան բոլորը, այդ թվում` հայաստանյան մասնագիտական շրջանակները: Մարդու իրավունքների պաշտպանը նորից է հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը այս փաստերին և ադրբեջանական իշխանությունների պահվածքին, որ կոպտերեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմքերը, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական  իրավունքի համակարգը: Այս հայտարարությունը անհրաժեշտ ապացույցներով ևս կուղարկվի բոլոր կառույցներին: Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»,- գրել է նա:
21:18 - 26 հունիսի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին սպառնալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Գոռ Աբրահամյան

Ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին սպառնալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, զենքով նրան սպառնալու մասին։ Ըստ ՀՀ ՄԻՊ-ի և նրա հայտարարությունը հրապարակած ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեղել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ իրականացրելիս է եղել ՀՀ համապատասխան տարածքում՝ ադրբեջանական զինծառայողներց 100 մետր հեռավորության վրա, վերջիններս ագրեսիվ պահվածք են ցուցաբերել, լիցքավորել իրենց զենքերը և պահել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով կրակել։ Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ առկա տվյալների՝ միջազգային լրատվամիջոցի լրագրողներն ունեցել են մամուլի ներկայացուցչի՝ ադրբեջանական զինծառայողների համար տեսանելի տարբերանշան և պահպանել են լրագրողական աշխատանքի կանոնները: Հրապարակումները ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու նպատակով։ Արդյունքում ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Նախաքննությամբ կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները»։
16:18 - 26 հունիսի, 2021
Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողները հրազենով սպառնացել են սպանել միջազգային լրատվամիջոցի լրագրողին. ՀՀ ՄԻՊ

Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողները հրազենով սպառնացել են սպանել միջազգային լրատվամիջոցի լրագրողին. ՀՀ ՄԻՊ

Այսօր ահազանգով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել միջազգային լրատվամիջոցի լրագրող և հայտնել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ՝ դեպի ՀՀ պետական սահմանն ընկած հատվածում, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից, սպառնացել են սպանել իրեն, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ահազանգի հիման վրա պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի երկրի ներսն ընկած տարածքում. կոնկրետ այն վայրում, որտեղ մոտ 600 մետրի տարբերությամբ տեղակայված են հայկական ու ադրբեջանական զինված ուժերը։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է ՀՀ տարածքում կատարված միջադեպին, իսկ ինքը լրագրողը գտնվել է ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա: Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։ Չհասցնելով արձագանքել՝ նկատել է, որ ևս մեկ ադրբեջանական զինված ծառայող սկսել է ավելի ագրեսիվ ու անկանոն վարքագիծ ցուցաբերել և իր վրա է պահել դիպուկահար հրազեն ու սպառնացել է սպանել դիմահար կրակոցով։ Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։Միջազգային լրատվամիջոցի լրագրողը տեղեկացրել է, որ իրենք ունեցել են ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի տարբերանշան, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են և պահպանել են լրագրողական աշխատանքի բոլոր կանոնները: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ լրագրողն ունի կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մասնագիտական աշխատանքի մեծ փորձ: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար պարզ է եղել, որ իրենք սպառնում են սպանել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի: Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այդ կերպ ակնհայտ նպատակ են ունեցել խոչընդոտել միջազգային լրագրողի աշխատանքը և կանխել նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը։ Միջադեպի առնչությամբ լրագրողը դիմել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, որն արդեն հրապարակում է արել այս փաստի մասին: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել, որ ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի անմիջական հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին, իսկ մայիսի 12-ից նաև ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները կոպտորեն խախտել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները, լրջորեն վտանգել են նրանց կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել մարդկանց բնականոն կյանքը: Ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքներից մարդկանց պաշտպանելու համար Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Այս կոնկրետ միջադեպի հետ կապված՝ միջազգային լրագրողի անձնական պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, բայց դրանք Պաշտպանին ահազանգ ներկայացրած միջազգային լրագրողի հետ համատեղ քննարկմամբ կներկայացվեն միջազգային համապատասխան մարմիններին»,- գրել է Թաթոյանը:
10:08 - 26 հունիսի, 2021
Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ ԵՄ բարձրագույն ղեկավարությանը․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ ԵՄ բարձրագույն ղեկավարությանը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի ու Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցության տեսանյութն ուղարկել է ԵՄ պաշտոնյաներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` 1) Եվրոպական խորհրդի նախագահին.2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին.3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին: Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից: Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին: Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»:
22:46 - 24 հունիսի, 2021
ՍԴ-ն ՄԻՊ դիմումով կասեցրել է պետական 3 ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը

ՍԴ-ն ՄԻՊ դիմումով կասեցրել է պետական 3 ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։ Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի։ Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը:  Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու: Կարևոր արձանագրում է, որ Կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով: Հատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը: Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի: Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին»:
12:59 - 24 հունիսի, 2021
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու դատարանի որոշմամբ կալանավորված Արմեն Չարչյանին

Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու դատարանի որոշմամբ կալանավորված Արմեն Չարչյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը մինչև կալանավորման որոշման հրապարակումը շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց: «Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,- գրել էր Վարդևանյանը։
09:20 - 24 հունիսի, 2021
Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Արման Թաթոյան

Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Արման Թաթոյան

Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը: Առավել կոնկրետ՝ ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները: Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը: Արդյունքում՝ ողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ: Վիճակն ավելին են բորբոքում իշխանության ու ընդդիմության շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի ֆեյքային հարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով ավելին են ագրեսիվացել: Ողջունելի և կարևոր էր հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի ժամանակ ու հատկապես այն, որ այդ կոչն ուղղված էր նաև սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին: Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, առավել ևս ունեն հանրային ճանաչում ու հասարակությունում ընկալվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցավոք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս: Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցության անդամ: Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը: Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար: Այս ակնհայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ» ինչպես իր, այնպես էլ այլ հրապարակումների ներքո: Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաև դարձել լրատվամիջոցների վերլուծության առարկա ու դրանով ավելի նպաստել անհանդուրժողականության աճին: Ընդ որում, նշված անձի գրառումն ու մեկնաբանությունները վկայում են հասարակության կամ առնվազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մոտեցման, սեփական թվացյալ առավելությունները հասարակությանը հակադրելու և պառակտումը խորացնելու անպատասխանատու թողտվության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում: Պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները: Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ: Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի խախտումներ են: Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար: Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:
09:14 - 24 հունիսի, 2021
Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա.Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել այս հարցով ՀՀ դատախազության պաշտոնական ներկայացուցուչի հայտարարությունը: Նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից վաղն առավոտյան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն:
09:19 - 23 հունիսի, 2021
Հայաստանի ՄԻՊ-ի և Վրաստանի հանրային պաշտպանի`պետական սահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում. միջազգային գնահատական

Հայաստանի ՄԻՊ-ի և Վրաստանի հանրային պաշտպանի`պետական սահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում. միջազգային գնահատական

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է հոդված, որով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման հարցում համարվել է առաջատար Եվրոպայում: Հայաստանի և Վրաստանի սա եղել է երբևէ առաջին փորձը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում է 40 ԵՄ և ԵԽ մարդու իրավունքների ազգային հաստատություն: Ցանցը ծառայում է իբրև տարբեր ոլորտներում անդամների փորձի փոխանակման, աջակցման և ընդհանուր խնդիրների համար արդյունավետ հարթակ: Հրապարակման մեջ ներկայացվում է տեղեկություն միգրանտների, ապաստան հայցող և միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում երկու կառույցների լիազորությունների վերաբերյալ: Քննարկվում է նաև պետական սահմանի անցման կետերում մշտադիտարկման առումով համագործակցության և համատեղ աշխատանքի սկզբունքները: ENNHRI-ն՝ որպես դրական օրինակ, ընդգծել է երկու երկրներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակների դերը նշված համագործակցության առումով: Վերոհիշյալ կառույցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի կայուն և արդյունավետ համագործակցություն: Այն, ի թիվս այլնի, միտված է ապաստան հայցող անձանց ու փախստականների, ինչպես նաև տեղահանված անձանց ու միգրանտների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ապահովմանը՝ փորձի և տեղեկության փոխանակման միջոցով: Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմերի ու գործընկեր կառույցների կողմից սահմանապահ ծառայողների և այլ պաշտոնատար անձանց վերապատրաստումներին: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ընդգծել է Սահմանապահ զորքերի ծառայողների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հատկանշական է, որ նրանց կարողությունների պարբերական զարգացումը կարևոր է առաջին հերթին միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից:
14:39 - 22 հունիսի, 2021
Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների: Այս շահարկումների պատճառով տարընկալումներ թույլ չտալու համար քաղաքացիներին հատուկ տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունն արվել էր այն պատճառով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից արձանագրել էր կոնկրետ հրապարակումներ, որոնցում ընտրողները լուսանկարում ու տեսանկարում էին քվեարկություն կատարելու պահը՝ կոնկրետ համարի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով և նշումով, որ դա իրենց քվեարկության արդյունքն է, ապա հրապարակում էին դրանք: Դրանով իսկ կատարում էին գործողություններ, որոնք խոցելի էին դարձնում քաղաքացուն Քրեական օրենսգրքի ազդեցության տեսանկյունից՝ կապված քվեարկության գաղտնիության հետ: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, որը վկայակոչված է Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ, շարադրված է՝ որպես իրազեկում: Պաշտպանի հայտարարություններն ունեն նաև իրազեկող ու կանխարգելիչ բնույթ՝ քաղաքացիներին հնարավոր խնդիրներից առավելագույն պաշտպանելու համար:
21:35 - 20 հունիսի, 2021
ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

Ժամը 19:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում, այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։ Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։  Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։  Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները, կաշառ բաժանելու վերաբերյալ իրավապահ մարմինների ահազանգերը և այլն։ Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ այցեր: Մասնավորապես, Ազատաշեն գյուղում հնչած կրակոցների և բերման ենթարկվածների վերաբերյալ ստացվել է ահազանգ, անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել Ոստիկանությունից։ Բացի այդ, բողոքի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացվել «Հայաստան» դաշինքի Սիսիանի շտաբի ղեկավարին և տեղի ունեցել առանձնազրույց։  Տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով: Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները: Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։ Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`    ❗Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615, ❗Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189 ❗Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116 ❗Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
19:51 - 20 հունիսի, 2021
«Խիստ մտահոգիչ է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը». ՄԻՊ-ը խնդրի վերաբերյալ գրություն կուղարկի իրավապահ մարմիններին

«Խիստ մտահոգիչ է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը». ՄԻՊ-ը խնդրի վերաբերյալ գրություն կուղարկի իրավապահ մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Ա.Բաբաջանյանը տեղեկացրել է, որ այդ պահին քննություն իրականացնող իրավապահ մարմինները եղել են իր տանը, իրականացրել համապատասխան գործողություններ: Արման Բաբաջանյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չի բացառել, որ այսօրվա դեպքը կարող է կապված լինել Երևանում հունիսի 18-ին տեղի ունեցած իրենց դաշինքի եզրափակիչ հավաքի ընթացքում ելույթներում հնչած շեշտադրումների հետ են: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը: Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկեն` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Արձանագրվել է, որ Քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ, նշանակել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։
17:59 - 20 հունիսի, 2021
ՄԻՊ-ը արձանագրել է «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի համակիրներին անօրինական բերման ենթարկելու, թելադրածը չգրելու համար սպառնալիքների, փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տվյալներ

ՄԻՊ-ը արձանագրել է «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի համակիրներին անօրինական բերման ենթարկելու, թելադրածը չգրելու համար սպառնալիքների, փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տվյալներ

Երեկ՝ 2021թ. հունիսի 19-ի ուշ երեկոյան, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ են ներկայացրել այն մասին, որ իրենց վստահորդներ, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 համակիրներ՝ 2 կին և 3 տղամարդ, օրենքի խախտմամբ նույն օրը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին և բաժնում պահվում են առանց հիմքի: Փաստաբանները նաև խնդրել են արագ արձագանքման այց, քանի որ իրենց ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել բաժին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգի հիման վրա այց է իրականացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ ներկայացվել են պարզաբանումներ, որ «Հայաստան» դաշինքի համակիրները բերվել են կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով: Ոստիկանության բաժնում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից մի քանիսը և փաստաբանները նշել են, որ ոստիկանները բերման ենթարկված կանանցից մեկի նկատմամբ բերման ենթարկելիս ու բաժնում գտնվելու ընթացքում գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք: Մասնավորապես, կանանցից մեկին բերման են ենթարկել իր չափահաս որդու հետ միասին: Բերման ենթարկելիս կնոջը չի ներկայացվել որևէ պատճառ, նրան քաշքշել են և մի քանի ոստիկաններով հարկադրաբար մեքենայով բերման ենթարկել բաժին: Բաժնում նշված կնոջը պարբերաբար վիրավորել ու հայհոյել են, պահանջել են գրել այն, ինչ կասեն ոստիկանության ծառայողները: Այնուհետև, կնոջը սպառնացել են, որ իր հետ բերման ենթարկված որդու նկատմամբ կհարուցեն քրեական գործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ:  Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ կնոջ վատառողջ լինելու պատճառով հրավիրվել է «Շտապօգնության» բրիգադ:  Այս մասին նշել են նաև բերման ենթարկված կինը և փաստաբանները: Բացի նշվածից, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ երբ ինքը և փաստաբան Վարդուհի Էլբակյանն իրենց վստահորդներին տեսակցելու նպատակով ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժին, հերթապահ մասի ծառայողները բաժնի դուռը չեն բացել և շուրջ 30-35 րոպե իրենց դիտավորյալ թույլ չեն տվել մտնել բաժին, այդ ընթացքում պարբերաբար իրենց կոպտել են ու հեգնել: Այնուհետև, բարձրացված աղմուկից հետո բացել են բաժնի դուռը, սակայն հերթապահ մասում Ոստիկանության սպայական ուսադիրներով ծառայող վեճի է բռնվել փաստաբանների հետ, սկսել է գոռգոռալ նրանց վրա ու նշել, որ իրենց գործն է՝ կթողնեն, թե չեն թողնի փաստաբաններին մուտք գործել: Հերթապահ մասում շուրջ 5-7 րոպե տևած վեճից հետո թույլ են տվել բարձրանալ վերև: Արդեն Ոստիկանության բաժնում փաստաբանն արձանագրել է, որ իր վերը նշված կին վստահորդը գտնվում է Ոստիկանության ծառայողների աշխատասենյակներից մեկում՝ 7-8 ոստիկանի ներկայությամբ, ովքեր վիրավորել են կնոջը և սպառնացել, որպեսզի ցուցմունքներ տա: Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ իրենց վստահորդի հետ առանձնազրույց ունենալու և նկարագրված արարքները բացառելուն ուղղված իրենց պահանջներին ի պատասխան, Ոստիկանները սկսել են իրենց ագրեսիվ պահել փաստաբանների նկատմամբ,  վիրավորական արտահայտություններով են խոսել բոլոր փաստաբանների մասին և նշել, որ ոստիկաններն են որոշում, թե ով և ում հետ կարող է խոսել: Այնուհետև, փաստաբանին իր վստահորդի հետ առանձնազրույցի ու իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար տևական ժամանակ աշխատասենյակ չեն տրամադրել: Փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերով տեղեկացրել են, որ իրենց վստահորդներին Ոստիկանություն բաժին բերման ենթարկելու ոստիկանների արարքներն ակնհայտ անօրինական են, կոպիտ խախտել են իրենց վստահորդների անձնական ազատության իրավունքը, քանի որ հարուցված որևէ քրեական գործ չկա, խոսքը վերաբերում է միայն նյութերի նախապատրաստման մասին: Ավելին, ըստ փաստաբանների՝ Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել որևէ կասկած: Հակառակը՝  իր վստահորդներից նշված կնոջը միայն սպառնացել են նոր քրեական գործերով, եթե չներկայացվեն իրենց ցանկալի տեղեկությունները: Վերը նկարագրված տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգի շրջանակում հարցին ընթացք տալու համար:
17:35 - 20 հունիսի, 2021
Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին,քվեարկության կարգի խախտմանը և այլն։Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները և այլն։Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր: Մասնավորապես, տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ  աշխատանքների ապահովման հարցերին:Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով:Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները:Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
16:00 - 20 հունիսի, 2021
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. Մարդու իրավունքների պաշտպանն իրազեկում է

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. Մարդու իրավունքների պաշտպանն իրազեկում է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով:
14:34 - 20 հունիսի, 2021