Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիան պատրաստակամ է արձագանքելու Հայաստանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ուղղված դիմումին. Անն Լույո |azatutyun.am|

Ֆրանսիան պատրաստակամ է արձագանքելու Հայաստանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ուղղված դիմումին. Անն Լույո |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։Երեկ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Երևանը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջնորդությանը դիմում է Արևմուտք - Ռուսաստան աննախադեպ լարվածության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պայմաններում։ Ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբից Հայաստանի այս դիմումի վերաբերյալ պաշտոնական պատասխան առայժմ չկա։Այսօր Ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց մարտի 9-ին Փարիզում տեղի ունեցած հայ-ֆրանսիական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել աջակցելու գտնել հակամարտող երկու երկրների համար ընդունելի պայմաններ ու հասնել խաղաղության։«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ նախորդ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետք է անպայման փորձել լուծել այդ խնդիրը», - ասաց տիկին դեսպանը։ «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի հայտարարություններին, թե ղարաբաղյան հարց այլևս չկա և, որ Մինսկի խումբն արդեն անելիք չունի, Անն Լույոն պատասխանեց. «Ես ևս մեկ անգամ կխնդրեմ ուշադրություն դարձնել պարոն Մակրոնի պատասխանին, որտեղ նա վստահեցնում էր, որ, այո, խնդիր կա և այդ խնդրին դեռ պետք է լուծում տրվի»։   Ավելին՝ azatutyun.am-ում
18:01 - 15 մարտի, 2022
Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ներկայացնելով արցախահայության վիճակը։ Գեղամ Ստեփանյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։
14:12 - 15 մարտի, 2022
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ վերջ դնելու մարտերին։ Նրանք այս հարցում սերտ կապի մեջ կմնան: Զելենսկիի հետ զրույցում Մակրոնը գնահատել է ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է իր լիակատար աջակցությունը և ներկայացրել է լրացուցիչ օգնությունը, որը Եվրամիությունը որոշել էր տրամադրել Վերսալի գագաթնաժողովում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:38 - 14 մարտի, 2022
ԿԳՄՍ փոխնախարարները քննարկել են կրթության, մշակութային ժառանգության, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ փոխնախարարները քննարկել են կրթության, մշակութային ժառանգության, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները:    Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի հետ քննարկել են  այդ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը վերաբերող հարցեր: «Մշակույթ և պատմամշակութային ժառանգություն» խորագրով նիստի հիմնական բանախոսներն են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վենսան Բլանշարը, դերասան Սերժ Ավետիքյանը: Բանախոսները քննարկել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող ծրագրերը, որոնց թվում՝ մշակութային ժառանգության պահպանման, վերականգնողների վերապատրաստման, կինոկրթության, կինոժառանգության և համատեղ ֆիլմարտադրության հեռանկարները: «Կրթություն, երիտասարդություն և սպորտ» վերտառությամբ առանձին նիստի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «ՖԻՖԱ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆի, «Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրի և Ժան Մուլեն Լիոն III համալսարանի պրոռեկտոր Մանուել Ժոբերի հետ ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության տարբեր մակարդակներում (հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն), ինչպես նաև սպորտի ասպարեզում հայ-ֆրանսիական առկա ծրագրերը, քննարկել այդ ծրագրերի զարգացման հնարավորությունները, ուրվագծել նոր ծրագրեր: 
12:03 - 11 մարտի, 2022
Մակրոնը այս պահին հնարավոր չի համարում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելը

Մակրոնը այս պահին հնարավոր չի համարում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս պահին հնարավոր չի համարում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելը։ «Դա կքննարկվի այսօր երեկոյան։ Ինչպես գիտեք՝ երեք երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը պաշտոնական դիմում են ներկայացրել (ԵՄ-ին անդամակցելու)։ Մենք դրանք քննարկելու ենք այսօր երեկոյան, եւ դա կարեւոր է։ Առաջին հերթին, ես կարծում եմ՝ այս շրջանում ուժեղ ազդակ է պետք ուղարկել Ուկրաինային եւ ուկրաինացիներին… Բայց մենք զգույշ պիտի լինենք։ Կարո՞ղ ենք մենք գործընթաց սկսել (ԵՄ կազմ մտնելու) երկրում, որտեղ այսօր պատերազմ է ընթանում։ Ես չեմ կարծում»,- ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Մակրոնը։ «Պե՞տք է դուռը փակենք եւ ասենք՝ «երբեք»։ Դա անհարգալից կլինի։ Կարելի՞ է արդյոք մոռանալ տարածաշրջանում հավասարակշռության մասին։ Պետք է ուշադրություն դարձնել»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նա ուշադրություն է հրավիրել նաեւ Մոլդովայում տիրող իրավիճակի վրա՝ «սա ռուսական գազից կախում ունեցող երկիր է, այնտեղ այսօր տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականներ են մեկնել, մենք չենք կարող Մոլդովային [մենակ] թողնել այդ ճանապարհին»։
23:35 - 10 մարտի, 2022
Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և այդ օրերին հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը՝ նա հիշեցրեց, որ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին: «Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում: Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի  բարձր գնահատականը Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա հույս հայտնեց, որ չնայած Հայաստանի կրած կորուստներին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, երկու երկրները կշարունակեն ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը:
23:10 - 09 մարտի, 2022
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ:  Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարևորվել է  տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն: Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր: Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:  Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
22:34 - 09 մարտի, 2022
Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ և օգնել Հայաստանին ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այդ մասին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար: - Ֆրանսիան այս տարի 6 ամսով նախագահում է Եվրամիության խորհրդում: Հետաքրքիր է, թե որպես ԵՄ նախագահող՝ Ֆրանսիան ի՞նչ դեր կարող է խաղալ եվրոպական տարածքում սրված հակամարտությունների կարգավորման գործում: - 2022 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելուց ի վեր Ֆրանսիան տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել տարածաշրջանում: Նախագահ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում էին կազմակերպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ֆրանսիայի նպատակն էր նախ և առաջ երկխոսություն ապահովել երկու երկրների միջև, ինչպես նաև նպաստել պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը: Ինչպես գիտեք՝ այդ միջնորդության շնորհիվ 8 հայ զինվորներ ազատ արձակվեցին և ֆրանսիական ռազմական ինքնաթիռով վերադարձան Հայաստան: Ֆրանսիան աշխատում է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Ինչպես գիտեք՝ մինչև ռազմական գործողությունների սկսվելը նախագահ Մակրոնը գնացել էր Մոսկվա, այնուհետև մեկնեց Կիև, որպեսզի փորձի խաղաղ ելք գտնել այդ ճգնաժամից: Ցավոք, նախագահ Պուտինը չլսեց Ֆրանսիայի նախագահի խաղաղության կոչը: Եվ, իհարկե, Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և 21-րդ դարի ամենամեծ ճգնաժամերից է Եվրոպայում: - Քանի որ Ֆրանսիան միջնորդ է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ կուզեի Ձեր մեկնաբանությունը խնդրել հատկապես այս հարցի վերաբերյալ: 44-օրյա պատերազմից հետո անորոշությունը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ շատ է: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այս խնդիրը: Արդյոք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով: Եվ ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: - Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով: - Եվ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ: - Երկխոսությունը ապահովելու միջոցով: - Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված այլ միջոցառումներ այս տարի նախատեսվա՞ծ են: - Այո՛, իհարկե: Այս տարին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումներին: Ցավում եմ, որ մեր հենց առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր փետրվարի 24-ին դեսպանությունում, մի քիչ տխուր իրավիճակում տեղի ունեցավ՝ Ուկրաինայում սկսված պատերազմական գործողությունների լույսի ներքո: Բայց մենք ծրագրել ենք նաև այլ միջոցառումներ, օրինակ՝ համերգներ, կինոցուցադրություններ: Նաև նախատեսել ենք գաղափարների դեբատներ՝ մտորելու այն հարցի շուրջ, թե ինչպիսին են լինելու հաջորդ 30 տարիները ֆրանս-հայկական հարաբերությունների համար:
17:41 - 09 մարտի, 2022
Չինաստանի նախագահը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում

Չինաստանի նախագահը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում և ասել, որ Չինաստանը «ցավով է տեսնում, որ Եվրոպայում պատերազմի բոցեր են բորբոքված»։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտնոմ են պետական լրատվամիջոցները։ Նա, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, ասել է, որ երեք երկրները պետք է համատեղ աջակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասիին հաղորդում է Չինաստանի պետական CCTV հեռուստաալիքը: Չինաստանի նախագահն Ուկրաինայում իրավիճակը բնութագրել է «մտահոգիչ» և ասել է, որ առաջնահերթություն պետք է լինի կանխել իրավիճակի էսկալացիան կամ «անվերահսկողությունից դուրս գալը»։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է ջանքեր գործադրեն ճգնաժամի բացասական ազդեցությունները նվազեցնելու համար, և մտահոգություն է հայտնել համաշխարհային ֆինանսների, էներգակիրների, տրանսպորտի և մատակարարման շղթաների կայունության վրա պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ։
16:46 - 08 մարտի, 2022
Մակրոնը հայտարարել է, որ առայժմ Մոսկվայի հետ բանակցություններում չի տեսնում դիվանագիտական առաջընթաց, որը թույլ կտա վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին

Մակրոնը հայտարարել է, որ առայժմ Մոսկվայի հետ բանակցություններում չի տեսնում դիվանագիտական առաջընթաց, որը թույլ կտա վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առայժմ Մոսկվայի հետ բանակցություններում չի տեսնում դիվանագիտական առաջընթաց, ինչը թույլ կտա վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Մակրոնն ասել է. «Մենք կշարունակենք խոսել Ռուսաստանի հետ, թեև նախագահ Պուտինի հետ քննարկումները բարդ են»։ Մակրոնը չի կարծում, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին իրական բանակցային լուծում կգտնվի։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան և Արևմուտքը չպետք է միջամտեն Կիևի և Մոսկվայի միջև պոտենցիալ հրադադարի շուրջ երկկողմ բանակցություններին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ծրագրում է երեքշաբթի օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույց ունենալ՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը։ Մակրոնը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը ամեն օր ավելի վատ է դառնում, և Ֆրանսիան կշարունակի ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա սանկացիաների միջոցով։
12:27 - 08 մարտի, 2022
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց  հանձնառության մասին, այդ թվում՝ ռազմական: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։   Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ Բացի այդ, ղեկավարներրը քննարկել են իրենց վերջին հաղորդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ»:     
23:53 - 07 մարտի, 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:  Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ,  այդ թվում`  անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությունը, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունն ու գործանականում տարբեր շահակիցների հետ քննարկումներով լուծումների գտնելու հարցերը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՄԻՊ աշխատանքի ուղղությունները:  «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:  Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:  Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախաշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանի միջև առաջին շփումներ ու համագործակցություն: Նշվում է, որ հանդիպման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել անձամբ Ֆրանսիայի դեսպանի և  դեսպանատան հետ համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:
23:28 - 07 մարտի, 2022
Գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա

Գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնում է, որ գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում՝ կից տեսանյութ հրապարակելով եւ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից ապահովել իրենց պաշտոնական կառույցների պատշաճ անվտանգությունը․«Հարձակումը տեղի է ունեցել մարտի 6-ի լույս 7-ի գիշերը Փարիզի «Россотрудничества» գիտության եւ մշակույթի կենտրոնի ներկայացուցչության վրա։ Ռուսական տան շենք է նետվել դյուրավառ հեղուկի շիշ։ Տուժածներ չկան, սակայն դա՝ շնորհիվ միայն այն բանի, որ շիշը բախվել է ցանկապատին՝ թիրախին չհասնելով»։Զախարովայի խոսքով՝ մինչ 2022 թվականը նմանատիպ հարձակումների ՌԴ ներկայացուցիչները պարբերաբար ենթարկվել են նաեւ Ուկրաինայի տարածքում։ Նա հիշեցրել է 2021 թվականի դեկտեմբերին Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության վր։ հարձակումը՝ գրելով, որ չպետք է ձևացնել, թե նման ծայրահեղական գործողությունները «արդարացված զայրույթ» են՝ կապված Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների հետ․ «Ճիշտ հակառակը»,- նշել է ՌԴ խոսնակը։
15:40 - 07 մարտի, 2022