ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին: Այս մասին այսօր՝ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։   Թաթոյանը հիշեցրեց հուլիսի 5-ին Գեղարքունիքի սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությունը։ «Ընդ որում՝ այդ կրակոցները եղել էին այն վայրում, որտեղ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանի ինքնիշխան տարածքում են, և հատկապես մայիսի 12-ից և 13-ից հետո։ Մենք կատարեցինք փաստահավաք աշխատանքներ, և քաղաքացիական բնակչությունը նույնպես նշեց, որ եղել են կրակոցներ, ավելին՝ այդ արոտավայրերում կամ սարատեղիներում դրանք ակնհայտ լսվել են։ Նաև ստացել էինք ահազանգեր մարդկանցից»,- ասաց նա։ Այնուհետև Թաթոյանը անդրադարձավ Վերին Շորժայի վարչական ղեկավարի հայտարարությանը․ «Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, ասում է՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտու՞մ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարը ասում է՝ չէ, ի՞նչ խոչընդոտել, գյուղացիները այդ կողմը չեն էլ գնում։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել, երբ ինքս եմ եղել այդ վայրում, ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, և որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել կամ բնակիչները չեն կարողանում օգտվել  իրենց անասնագոմերից։ Այս պաշտոնատար անձը՝ վարչական շրջանի ղեկավարը հայտարարում է, թե ի՞նչ բնականոն կյանքին խոչընդոտել, մեր գյուղացիները այդ կողմ չեն էլ գնում են։ Այս պայմաններում, եթե նման հայտարարություն է անում վարչական շրջանի ղեկավարը, այսինքն՝ ամենատեղեկացված մարդը,  դրանից հետո ես ինչքան գնամ, միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը կդնեն, կասեն՝ ի՞նչ եք խոսում, նայեք՝ ձեր գյուղապետերը ինչ են ասում, ձեր գյուղացիները ոչ մի խնդիր էլ չունեն»,- ընդգծեց նա։
12:54 - 13 հուլիսի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է բողոքներ, որ իրավապահ մարմինները սպառնալիքով ստիպում են տալ ցուցմունքներ ընտրակաշառքի վերաբերյալ. Սյունիք է գործուղվել աշխատանքային խումբ

Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է բողոքներ, որ իրավապահ մարմինները սպառնալիքով ստիպում են տալ ցուցմունքներ ընտրակաշառքի վերաբերյալ. Սյունիք է գործուղվել աշխատանքային խումբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն Դատախազություն՝ քննության նպատակով։ Ըստ բողոքների՝ տարբեր ժամանակահատվածում, այդ թվում՝ 2021 թվականի ընթացքում, բնակիչները համայնքային մարմիններից ստացել են սոցիալական աջակցություն, սակայն իրավապահ մարմինները, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողները, իրենց առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն, զրկում են ազատությունից ժամեր շարունակ, հարկադրում են տալ ուղղորդված ցուցմունքներ այն մասին, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը, Քարահունջ, Որոտան բնակավայրերի ղեկավարներն իրենց սոցիալական աջակցությունը տվել են որպես ընտրակաշառքներ: Ահազանգեր կան նաև այն մասին, որ բնակիչներին ստիպում են տալ ցուցմունքներ մի շարք այլ հարցերի վերաբերյալ ևս: Բնակիչների պնդմամբ՝ իրենց մշտապես ստացել են սոցիալական աջակցություն, և դրանք որևէ առնչություն չունեն ընտրությունների, Վարչապետի պաշտոնակատարին կամ այլ քաղաքական ուժի ղեկավարի օգտին քվեարկելու կամ չքվեարկելու հետ: Ըստ ահազանգերի՝ հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ, տրվում են իրավապահ մարմինների պահանջած ցուցմունքները չներկայացնելու համար իրենց կամ ամուսիններին Երևան տեղափոխելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներ: Նկատի ունենալով բողոքներն ու ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խումբ է գործուղվել Սյունիքի մարզ՝ բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը տեղում ստուգելու, անհրաժեշտ հանդիպումներ ունենալու և միջոցներ ձեռնարկելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր այցեր կիրականացվեն նաև կալանավորված՝ Քարահունջ, Որոտան վարչական շրջանների ղեկավարներին: Այսօր այց կիրականացվի նաև Քաջարան համայնքի ղեկավարին՝ քրեակատարողական հիմնարկ:
12:39 - 12 հուլիսի, 2021
Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում, 18 տարեկանից հետո նրանք բնակվում են մանկատներում. ՀՀ ՄԻՊ

Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում, 18 տարեկանից հետո նրանք բնակվում են մանկատներում. ՀՀ ՄԻՊ

Խրոնիկ դարձած խնդիրներից է, որ պետական անհետևողական քաղաքականության պատճառով 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` երեխաների հետ միասին, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:Սրա հետ է կապված մտահոգիչ խնդիրը, որ այդ հաստատություններում (օրինակ` մանկատներ և այլն) հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում։ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում հաշմանդամություն ունեցող չափահաս դարձած սաների գտնվելու հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ պետությունը չի ձեռնարկել նրանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնելուն ուղղված միջոցներ՝ նրանց կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման համապատասխան: Այս մտահոգիչ իրավիճակը շարունակվում է նաև ներկայում: Այս խնդիրներն էլ իրենց հերթին հանգեցնում են երեխաների, իսկ հետագայում արդեն չափահաս դարձած մարդկանց իրավունքների, արժանապատվության ու լավագույն շահերի ոտնահարման: Այս մտահոգիչ վիճակն իր հերթին տանում է հասարակությունից մեկուսացման, երեխաները չափահաս դառնալուց հետո չեն կարողանում լիարժեք ինտեգրվել կյանքին, ապրել անկախ ու արժանապատիվ կյանքով: Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ մանրամասն նկարագրված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում 18 տարին լրացած սաների խնամվելուն, նրանց և այդ հաստատությունների շրջանավարտների, ինչպես նաև շրջանավարտ չհամարվող նախկին սաների ինքնուրույն կյանք վարելուն, հասարակությունում լիարժեք ներգրավվելուն և բնակարանային ապահովմանը վերաբերող խնդիրները:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվել է 145 չափահաս անձ, իսկ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ 23 չափահաս անձ: Նշված հաստատություններում խնամվող բոլոր չափահաս անձինք ունեն հաշմանդամություն: «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվար ամսին նախկինում հաստատությունում բնակվող 8 չափահաս անձինք տեղավորվել են «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում գտնվող խմբային տանը և 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում չի բնակվել որևէ չափահաս անձ: «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում բնակվել է 24 չափահաս անձ՝ 15 տղա և 9 աղջիկ: Այս հաստատությունում բնակվող բոլոր չափահաս անձինք ևս ունեն հաշմանդամություն:Դրական են հաստատությունների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ 2020 թվականի որոշակի աշխատանքները: 2019 թվականին բնակարանի գնման վկայագիր ձեռք բերելու իրավունք է ստացել մանկատան 55 շրջանավարտն, իսկ 2020 թվականին նրանց թիվն ավելացել է՝ դառնալով 149, բայց այս հարցերում էլ չկան ինստիտուցիոնալ երաշխիքներ։ Բնակարանների տրամադրումն ինքնին հարցի լուծում չէ կամ կիսատ լուծում է, քանի որ իրական պատճառների դեմ պայքար չի տարվում: Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ստանում ինքնուրույն կյանքի հմտություններ, որի պատճառով հետո չեն կարողանալու ապրել ինքնուրույն, արժանապատիվ ու լիարժեք ներգրավել հասարակական կյանքին:  Շարունակում է խնդրահարույց մնալ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում այն սաների խնամքի հարցը, որոնց 18 տարին լրացել է՝ ինչպես նշված սաների, այնպես էլ նրանց հետ միևնույն վայրում բնակվող երեխաների իրավունքների տեսանկյունից: Օրինակ՝ լուրջ խնդիրներ են առաջ գալիս աղջիկ երեխաների և արական սեռի չափահաս սաների համատեղ բնակության դեպքում:Հատկապես խնդրահարույց է այն, որ օրինակ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը տարիներ շարունակ խնամվում են մեծ թվով 18 տարին լրացած սաներ, որոնք բոլորն ունեն հաշմանդամություն, իսկ պետության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված՝ անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու նրանց իրավունքի իրացումն ապահովելու, ինչպես նաև կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման հիման վրա բնակարանային ապահովման խնդիրները լուծելու ուղղությամբ: Անգամ երբ այդ անձինք բնակվում են խմբային տներում, միևնույն է՝ այդ կերպ նրանց անկախ ու արժանապատիվ կյանքի, համայնքում լիարժեք ներգրավվելու իրավունքը չի ապահովվում: Բայց սա հարցը ոչ թե լուծում է, այլ դրվագային բնույթի դրական քայլ է, որը, սակայն չի լուծում բնակարաններ ստացած չափահաս մարդկանց ինքնուրույն կյանքով ապրելու հարցը։
16:16 - 09 հուլիսի, 2021
Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ․ ՄԻՊ

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։ ՄԻՊ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել.    «Խնդրի առկայության մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի տարբեր տարիների գործունեության հաղորդումներն ու զեկույցները: Կանանց նկատմամբ խտրականության դրսևորում է, երբ երեխայի սեռը պարզելու դեպքում հղիությունն ընդհատվում է՝ աղջիկների փոխարեն նախապատվություն տալով տղա երեխաներին: Ուսումնասիրությունները վկայում են, որ խնդրի պատճառները խորքային ու տարբեր են, սակայն, որպես գործոն` նման խտրական որոշման կայացման վրա կարող են ազդել, օրինակ, հասարակությունում ավանդաբար հաստատված սեռերի նկատմամբ պատկերացումները, արու զավակ ունենալու նախապատվությունը կամ կանանց դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները: Ավելին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ առկա են դեպքեր, երբ իգական սեռի երեխա ունենալու դեպքում կնոջ համար ընտանիքում կարող են առաջ գալ խնդիրներ՝ նրան հաճախ մեղադրելով տղա երեխա չունենալու համար: Քննադատական այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ կանայք ևս ձգտեն տղա ունենալ՝ ղեկավարվելով «ընտանիքում շահեկան դիրք ունենալու», «կարգավիճակն ամրապնդելու» և «ապագայի համար կայունության երաշխիք ունենալու» պատկերացումներով: Մեկ այլ խնդիր է, որ երբեմն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումը կանայք ինքնուրույն չեն կայացնում. նրանք այդ քայլին կարող են դիմել ընտանիքի անդամների ճնշումների, նույնիսկ՝ հարկադրանքի ներքո: Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև 120 տղա - 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար սահմանված նորման կազմում է 102-103 տղա - 100 աղջիկ հարաբերակցությունը: ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2008-2012 թվականների ժամանակահատվածում ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115, 2014 թվականին` 100-113,4, 2015 թվականին` 100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թվականին` 100-109.8, 2018 թվականին` 100-111, 2019 թվականին` 100-110, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3: Վիճակագրական տվյալները վկայում են խնդրի առկայության մասին, որը հատկապես ընդգծվում է երրորդ երեխայի դեպքում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020 թվականի Հայաստանի ժողովրդագրական տվյալների՝ սեռերի հարաբերակցության գործակիցն, ըստ ծննդի կարգի՝ առաջին երեխայի դեպքում 1.04 է, երկրորդի դեպքում՝ 0.07, երրորդի երեխայի դեպքում՝ 1.27, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.26: Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել, 1.40 կամ 1.32 գործակցից նվազելով 1.27 և 1.26-ի, սակայն խնդիրն այդ պարագայում ևս շարունակում է մնալ առկախված՝ պահանջելով լրացուցիչ ջանքեր: Չնայած աշխատանքների իրականացմանը՝ խնդիրը համակարգային առումով դեռևս լուծված չէ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը կարող է լատենտային բնույթ ստանալ, ինչպես նաև մասնագետները նշում են, որ արդեն հնարավոր է պտղի սեռը որոշել առավել վաղ ժամկետներում՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների զարգացումը: Ստացվում է, որ օրենսդրական կարգավորումներով սեռով պայմանավորված 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման արգելքի սահմանմամբ կամ միայն հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացմամբ չեն կարող սահմանափակվել խնդրի լուծմանն ուղղված քայլերը: Խնդրի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն՝ ուղղված խորքային պատճառների վերացմանը: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի դեմ պայքարը և դրա կանխարգելումը անհրաժեշտ է համադրել կանանց կարողությունների զարգացման, որոշումների կայացման ազատության և այլ իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև բուժաշխատողների նկատմամբ վերահսկողության ուժեղացման նպատակով իրականացվող միջոցառումների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:14 - 08 հուլիսի, 2021
Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատելու դեպքում կենսաթոշակառուների համար գումարի վերահաշվարկ չի կատարվում. ՄԻՊ

Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատելու դեպքում կենսաթոշակառուների համար գումարի վերահաշվարկ չի կատարվում. ՄԻՊ

Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.  «Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին Պաշտպանին հասցեագրված բողոքները: Օրինակ՝ 2020 թվականին Պաշտպանին դիմել է փաստաբան, ով նշել է, որ ունեցել է մի շարք վստահորդներ, որոնք իրեն են դիմել աշխատանքային ստաժի հաստատման և ստաժը հաստատելու պարագայում չստացված կենսաթոշակն ստանալու հարցերով: Փաստաբանի պնդմամբ՝ դատարաններում գործերի քննությունն ունի տևական բնույթ, օրինակ՝ աշխատանքային ստաժի հաստատման մի գործով դատավարությունը տևել է 7 տարի, իսկ աշխատանքային ստաժի հաստատումից հետո կենսաթոշակի վերահաշվարկ կատարվել է ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օրվանից: Արդյունքում՝ անձը 7 տարի շարունակ զրկվել է այդ տարիների համար վճարվելիք կենսաթոշակի գումարից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ դատարանի կայացրած վճռով ծագած իրավունքները ձևակերպվում են դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Նշվածը հիմք ընդունելով էլ` կենսաթոշակային մարմինը քաղաքացիների կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից չի վերահաշվարկում։ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այստեղ ևս պետք է հաշվի առնել, որ կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակվում է` կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հասկանալի է, որ իրավունքի իրացման համար որոշակի ժամկետներ սահմանելը միտված է սոցիալական ոլորտում պահանջվող կանխատեսելիության ու կայունության ապահովմանը, որն իր մեջ ներառում է նաև քաղաքացիների իրենց իրավունքների պատշաճ և ժամանակին իրացում: Աշխատանքային ստաժը հաստատող կամ ապացուցող փաստարկներ ներկայացնել չկարողանալու պատճառով վիճելի ժամանակահատվածում աշխատած լինելու փաստն ապացուցելու միջոցը կենսաթոշակառուի համար դատարան դիմելն է»,- ասված է հայտարարության մեջ:
14:59 - 07 հուլիսի, 2021
Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ: Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ: Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 5-ի  կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաև  ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում:
09:55 - 07 հուլիսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները Խնածախում անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները Խնածախում անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը․ ՄԻՊ

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների  իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝ Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան: Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք: Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված  համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին: Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։ Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:
17:08 - 06 հուլիսի, 2021
Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմներն՝ անարդյունավետ․ ՄԻՊ

Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմներն՝ անարդյունավետ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում և փոխարենը որոշումները կայացվում են իրենց համար անհասկանալի, սուբյեկտիվ մոտեցումներով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը՝ հավելելով, որ այս խնդիրը տեղ է գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ։ «Այսպես, ըստ բողոքների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին ներկայացվել են փորձաքննվողի առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովները որոշում են կայացրել, որ դրանք չեն վկայում օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարման մասին: Այս հիմնավորմամբ հանձնաժողովների որոշումներով անձանց նկատմամբ հաշմանդամության կարգավիճակ չի սահմանվել կամ առկա հաշմանդամության խումբը չի փոփոխվել: Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքների արդյունքները, հանձնաժողովների վերոնշյալ հիմնավորումներով իրականում հաշվի չեն առնվել անձի կյանքի որակի փաստացի փոփոխությունները՝ անկախ այն բանից՝ առկա է օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարում, թե՝ ոչ: Օրինակ՝ դիմումներից մեկով բողոք ներկայացրած անձը հայտնել է, որ թեև անդամահատված է մեկ ձեռքի 3 և մյուսի 4 մատները, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ այն հիմնավորմամբ, որ ձեռքերի կայուն ֆունկցիոնալությունը խախտված չէ։ Մինչդեռ, բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հնարավորություն չեն տվել կոնկրետ դեպքով հաշվի առնել, որ բողոք ներկայացրած անձը զբաղվել է շինարարական աշխատանքներով, տվյալ պահին չի ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ իր կյանքի որակը բարելավելու և ինքնուրույն կենսագործունեություն ապահովելու համար: Ընդ որում, փորձաքննության արդյունքում խորհրդատվությունը, այն է՝ հմտանալու մեկ այլ ոլորտում, ըստ էության, էական նշանակություն չի ունեցել, քանի որ չեն կատարվել անհրաժեշտ ուղղորդումներ, համապատասխան վերականգնողական ծրագրի իրականացման հնարավորություններ չեն առաջարկվել: Ավելին, համայնքահեն ծառայությունների սղության պատճառով դրանք առհասարակ բացակայել են։ Արդյունքում, անձը զրկվել է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը։ Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների անարդյունավետության պատճառով: Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամների դիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն։ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած քաղաքացիները չունեն վստահություն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների նկատմամբ։ Օրինակ՝ Պաշտպանին են հասցեագրվում դիմումներ այն մասին, որ մարդիկ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, այնուամենայնիվ, շատ դեպքերում չեն ցանկանում բողոքարկել այն՝ համարելով դա անիմաստ գործընթաց: Քաղաքացիների համոզմունքն այն է, որ միևնույնն է՝ բողոքարկման դեպքում ուշադրություն չի դարձվելու իրենց բացատրություններին: Հիմք են ընդունվելու միայն փաստաթղթային ֆորմալ ձևակերպումները, իսկ բողոք քննող մարմինն էլ անտեսելու է իրենց փաստարկները։ Այլ կերպ՝ որոշումների բողոքարկման ընթացակարգերն ընկալվում են՝ որպես ձևական բնույթի քաշքշուկներ առաջացնող պրոցեսներ, այլ ոչ թե իրավունքների պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ: Խնդրահարույց է մնում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրազեկումը, քանի որ որպես կանոն, մարդիկ ուշադրություն են դարձնում միայն եզրակացությանը, իսկ պետության կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում այս ընթացակարգերն առավել վստահելի և արդյունավետ դարձնելու համար։ Ավելին, մարդիկ գրեթե իրազեկված չեն սեփական բժիշկ-ներկայացուցչին փորձաքննության մասնակից դարձնելու հնարավորության մասին, հատկապես, եթե նրանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է առաջին անգամ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
11:59 - 06 հուլիսի, 2021
Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները․ ցանկացած այլ բան անընդունելի է, անկեղծ չէ․ ՄԻՊ ուղերձը

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները․ ցանկացած այլ բան անընդունելի է, անկեղծ չէ․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի´ հայրենակիցներ, Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են: Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները: Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ: Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են: Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»:
13:29 - 05 հուլիսի, 2021
Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք. նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժներ են. Թաթոյան

Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք. նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժներ են. Թաթոյան

Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք. նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում են ատելությամբ «քննարկումներով», գերիներին տանջելու, սպանելու կոչերով (ապացույցները փաստագրված են): Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները: Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշջ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Առկա բոլոր փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը: Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»,- գրել է Թաթոյանը:
10:14 - 03 հուլիսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը

ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։ Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և ազատությունից զրկման մյուս վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր:
12:06 - 02 հուլիսի, 2021
Արցախի մեր հայրենակիցներին կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները, չպատասխանել ստացվող կասկածելի որևէ զանգի. Թաթոյան

Արցախի մեր հայրենակիցներին կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները, չպատասխանել ստացվող կասկածելի որևէ զանգի. Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ: Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը: Մասնավորապես, ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր քաղաքականության վրա: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է։ Այն Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսևորում է: Այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն ուսումնասիրություն և համագործակցություն:
09:20 - 02 հուլիսի, 2021
Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների. ՄԻՊ

Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների. ՄԻՊ

Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետության պատճառով պացիենտները հիվանդանոցային կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ընթացքում դեղերի զգալի մասն իրենց միջոցներով են ձեռք բերում: Սոցիալապես անապահով մարդկանց, նրանց ընտանիքների բողոքները վեր են հանել դեպքեր, երբ բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս չօգտվել պետության տրամադրած անվճար դեղերից, քանի որ դրանք անարդյունավետ են: Այստեղ խնդրահարույց է նաև հետևյալ իրավիճակը՝ անվճար դեղերի համար պետությունն անցկացնում է մրցույթ, և հաղթող է ճանաչվում մրցույթի ամենացածր գինն առաջարկած մասնակիցը: Արդյունքում՝ պացիենտին առաջարկվում են ամենաէժան դեղերը, ինչն իր հետ առաջ է բերում նաև որակի կամ այդ դեղի արդյունավետության խնդիր: Ստացվում է՝ մարդուն պետությունը հատկացնում է դեղերից ամենաէժանն այն դեպքում, երբ այդ դեղի որակը կասկածի տակ է դնում ոչ միայն դեղ օգտագործողը, նույն դեղը վաճառողը, այլ նաև բուժումն իրականացնող բժիշկը: Ավելին, առկա են առողջական վիճակի վատթարացման մասին բողոքներ: Արդյունքում` պետությունը ձախողում է իր պարտավորությունները կամ դրանք կատարում է թերություններով: Բողոքներով արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց առաջարկվել է կոնկրետ դեղագործական կազմակերպություն՝ համարելով, որ անվճար տրամադրվող դեղորայքն անարդյունավետ է: Այս պարագայում էլ խնդիրն այն է, որ հիվանդանոցը չի պարտավորվում բուժումն իրականացնելու համար հիվանդին առավել որակյալ դեղորայք տրամադրել: Նման վիճակի պատճառով էլ առաջ են գալիս դեպքեր, երբ անօրինական վճարներ են գանձում պացիենտից, մարդը ստիպված է լինում փնտրել թանկարժեք կամ դժվարամատչելի, այդ թվում՝ չգրանցված  դեղեր: Առաջանում են «զարտուղի» ճանապարհով դեղեր գնելու ուղղորդման դեպքեր՝ հաճախ պարզապես վաճառքից շահ ստանալու ակնկալիքով կամ առնվազն այդպիսի համոզմունք է առաջանում մարդկանց մոտ: Լուրջ խնդիր են այն դեպքերը, երբ պացիենտին անվճար դեղը չի տրամադրվում ոչ թե սահմանված ցանկում չլինելու, այլ գնումների հայտարարված մրցույթի ուշացման և չկայանալու հետևանքով: Դեղ ստանալ չկարողանալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պացիենտը տեղյակ չի լինում դեղ ստանալու իր իրավունքի կամ կոնկրետ դեղատեսակի մասին: Բոլոր արձանագրված դեպքերում մարդիկ իրազեկվել են Պաշտպանին դիմելուց հետո՝ աշխատակազմի կողմից խորհրդատվությամբ կամ ահազանգով: 2021թ. բողոքները վկայում են, որ նույն պրակտիկան շարունակվում է նաև այս տարի: Ընթացիկ տարում Պաշտպանին դիմած այն քաղաքացիները, ովքեր ունեցել են տարատեսակ դեղերի կարիք և չեն ունեցել դրանք գնելու հնարավորություն ֆինանսական դրության պատճառով, Մարդու իրավունքների պաշրպանի աշխատակազմի կողմից ուղղորդվել են ՀՀ առողջապահության նախարարություն կամ տարածքային պոլիկլինիկա: Սակայն հետադարձ կապը քաղաքացիների հետ ցույց է տվել, որ հազվադեպ դեպքերում է անհրաժեշտ դեղամիջոցն առկա եղել: Ահազանգերը ցույց են տվել, որ հիմնականում մարդիկ ստացել են մերժում այն պատճառաբանությամբ, որ դեղեր առկա չեն: Այս դեպքում էլ խնդրահարույցն այն է, որ մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված այս կամ այն տեսակի դեղամիջոցների առկայության մասին տիրապետում է միայն բժշկական հաստատությունը, ուստի մարդիկ դիմում են Պաշտպանի աշխատակազմ Առողջապահության նախարարությունից կամ պոլիկլինիկաներից դեղի առկայության մասին տեղեկություն ստանալու նպատակով: Նշված բոլոր խնդիրները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի բողոքների, դրանց քննության արդյունքների վրա, որոնք հասեցագրվել են Մարդու իրավունքների պաշտպանին։
14:41 - 01 հուլիսի, 2021
Հոգեբուժարաններում մարդուն բուժելու համաձայնություն ստանալը ձևական է, իսկ դատարանների որոշումներն առանց բավարար հիմքերի են. ՄԻՊ

Հոգեբուժարաններում մարդուն բուժելու համաձայնություն ստանալը ձևական է, իսկ դատարանների որոշումներն առանց բավարար հիմքերի են. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար: Օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոն անցյալ տարվա այցը պարզել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռևս առկա չեն եղել։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը և արձանագրել, որ հիվանդության պատմագրերում բացակայել են «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» օրվա կամ դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում բժշկական հանձնաժողովային զննություն իրականացնելու կապակցությամբ գրառումներ: Որոշ դեպքերում հանձնաժողովային եզրակացության արդյունքները հիվանդության պատմության նկարագրերում ավելացված են եղել հավելյալ էջով՝ այն դեպքում, երբ պատմագրերի էջերի քանակը դեռևս սպառված չի եղել։ Պատմագրերում բացակայել են նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումից կամ ստացիոնարում պահվելուց հրաժարվելու մասին գրառումները: Նշված անձանց բժշկական զննությունները և համապատասխան գրառումները շարունակել են կատարվել ընդունված «ձևաչափով»՝ ամիսը մեկ անգամ, և չեն արտացոլել պացիենտի ոչ հոժարակամ բուժում սկսելու հիմքերը: Ավելին, «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» մեջ, թեև նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը «…վտանգ է ներկայացնում արտահիվանդանոցային պայմաններում…», կամ «իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար», այնուամենայնիվ՝ պատմագրերում վերոգրյալը հաստատող արձանագրություններ առկա չեն եղել: Հիվանդության պատմագրերում միջնորդությանը նախորդող և հաջորդող գրառումները նկարագրված են եղել առանց պացիենտի մոտ հոգեկան վիճակի բացասական դինամիկայի, հիմնականում՝ կայուն, երբեմն նաև դրական դինամիկայով: Պացիենտների նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու համար դատարան ուղղված ուսումնասիրված միջնորդություններն ունեցել են տիպային բնույթ, հիմնական ձևակերպումները կրկնվել են՝ բացառությամբ պացիենտների անուն ազգանունների և ախտորոշումների։ Դատարան ներկայացված բոլոր միջնորդություններում պացիենտների վերաբերյալ արձանագրված է եղել, որ «…քննադատությունն իր հիվանդության հանդեպ բացակայում է, ինչի արդյունքում հրաժարվում է ստացիոնար բուժումից և բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել հիվանդի հոգեկան վիճակը», «իր հիվանդության հանդեպ չունի քննադատություն, կարիք ունի ոչ հոժարակամ ստացիոնար բուժման և խնամքի», «խնդրում ենք սույն դիմումը ընդունել վարույթ և ԱԱՀ ենթարկել հոգեբուժական հիվանդանոցում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման, քանի որ իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար»: Ո՛չ միջնորդություններում, ո՛չ էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիվանդության պատմագրերում, որպես կանոն, առկա չի եղել հիվանդի՝ ստացիոնարից և բուժումից հրաժարվելու մասին գրառում: Օրինակ, հիվանդության պատմագրում գրառման համաձայն՝ 2020 թվականի մայիսի 26-ին պացիենտն ընդունվել է Արմաշի առողջության կենտրոն՝ հոժարական բուժման, մինչդեռ նույն թվականի դեկտեմբերի 11-ին Կենտրոնի տնօրինությունը միջնորդություն է ներկայացրել վերջինիս նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, այն պարագայում, երբ պացիենտի հիվանդության պատմագրում արված գրառումներում պարբերաբար նշվել է, որ վերջինս «հիմնականում հոգեկան հանգիստ վիճակում է գտնվում», «գիտակցությունը պարզ է», «կոնտակտային մատչելի է», «հարցերին պատասխանում է ըստ էության», «ըմբռնում և պահպանում է ներհիվանդանոցային կարգն ու կանոնը»: Նշված դեպքերով հիվանդության պատմագրերը չեն արտացոլում ոչ հոժարական բուժում սկսելու որևէ իրավական հիմք: Նշված հանգամանքները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ:   Հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն նման տիպային բնույթ կրող «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա դատարան ներկայացվող միաբնույթ միջնորդությունները, առանց անձի ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների՝ խիստ խնդրահարույց է: Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում վերջիններիս հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների կատարած գրառումներով: Խիստ մտահոգիչ է, որ նման տիպային միջնորդությունները տարակուսանքի տեղիք չեն տվել նաև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտեր կայացրած դատավորների մոտ: Ընդհակառակը, դատական ակտի հիմքում, որպես կանոն, դրվել են հոգեբուժական կազմակերպության միջնորդություններում ներկայացված տիպային ձևակերպումները՝ առանց դրանք հիմնավորող բավարար փաստարկների: Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվել են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով, ինչը վկայում է այն մասին, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային բնույթ են կրում: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի անհրաժեշտությունը և դրա ապահովման համար համապատասխան սոցիալական ծառայությունների պակասը կամ բացակայությունը չեն կարող և չպետք է հիմք հանդիսանան ոչ հոժարակամ բուժում սկսելու համար: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների, դրանց բազմատեսակության և հասանելիության ապահովումը պետք է երաշխավորված լինի պետության կողմից: Նման ծառայությունների բացակայությունը չպետք է արդարացում հանդիսանա պետության համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ նրանց կամքին հակառակ շարունակաբար հոգեբուժական կազմակերպություններում պահելու, կամ ոչ հոժարակամ բուժման գործիքակազմի կիրառմամբ ճարահատյալ անձանց ազատությունից զրկելու համար: Նմանատիպ խնդիրներ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման մեխանիզմ, արձանագրել է նաև հոգեբուժական այլ կազմակերպություններում: Առավել մանրամասն հարցը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, տարեկան գործունեության զեկույցում:
11:23 - 30 հունիսի, 2021
Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել. Արման Թաթոյան

Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել. Արման Թաթոյան

Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը: Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի և գյուղացիների համար ունեցել են կեսնական կարևորություն: Ունեցել են անվտանգության նշանակություն: Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից: Այդ ժամանակվա Կառավարությունն հարցերը չի դիտարկել մարդկանց իրավունքների տեսանկյունից, կենսական այս հարցերի նկատմամբ ցուցաբերել է անհետևողականութուն: Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ դրանք իրարից բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և ճանապարհների ու քաղաքացիական ենթակառուվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորություն: Սա էլ պատահական չի եղել, քանի որ կանգ չեն առել ու նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ: Հայաստանյան կառավարութուններն էլ ամեն անգամ շարունակել են անուշադրության մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, նրանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով: Հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները և հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել: Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար»,- գրել է Թաթոյանը:
09:36 - 29 հունիսի, 2021
Զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել է ջրանջատումներից հետո` ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջում ջրանջատումների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն։ Դրանից բացի, ըստ բողոքների, մարդիկ չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ «թեժ գծի» հեռախոսահամարով ջրի մատակարարման դադարեցման պատճառների և ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։ Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումներ․ մարդիկ բարձրացնում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխության հարց։ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու Նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ բողոքները ջրանջատումների վերաբերյալ  զանգվածային բնույթի են` Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ,  պարզաբանումներ են պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից։
16:29 - 28 հունիսի, 2021