Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Գայանե Մելքոմյանը դադարեցրել է իր գործունեությունը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում

Գայանե Մելքոմյանը դադարեցրել է իր գործունեությունը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում։   «Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։   Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։   Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»,-ասված է գրառման մեջ։ 
20:42 - 26 հունվարի, 2022
Երևանի փոխքաղաքապետն ազատվել է պաշտոնից

Երևանի փոխքաղաքապետն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝ 1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ 2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»։ Հարությունյանը համակարգում և վերահսկում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները: Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:
13:20 - 26 հունվարի, 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է քաղաքապետին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ ի շահ մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության։ Հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Քննարկման առանցքում եղել են նաև «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացմանը, հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանն ու մանկապարտեզաշինությանը, ինչպես նաև մայրաքաղաքի մաքրության ապահովման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը կգտնվի իր ուշադրության կենտրոնում։
17:24 - 25 հունվարի, 2022
Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին

Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն հունվարի 20-ի ստուգայցեր են իրականացնում և տուգանք կիրառում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործող առևտրի օբյեկտների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա»,- ասվում է հաղորդագրության մեջ: ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեր աշխատակիցները վերահսկողության իրականացման նպատակով պարբերաբար այցելել են առևտրի կետեր, բացատրական աշխատանքներ տարել տնտեսվարողների հետ՝ օրենքի պահանջը կատարելու և թույլատրելի տոպրակների օգտագործմանն անցնելու համար: Այսօրվանից արդեն սկսել ենք ստուգայցերը, միկրոմետրով կատարվում են չափումներ: Եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով» ենթարկվում են պատասխանատվության: Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է: Օրվա ընթացքում կազմվել է ավելի քան 60 արձանագրություն: 50 միկրոն և ավելի հաստությամբ տոպրակները, որոնք հնարավոր է օգտագործել բազմակի, առայժմ թույատրելի են, բայց, իհարկե, տնտեսվարողները, ժամանակի ընթացքում պետք է անցնեն այլընտրանքային լուծումների»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Ըստ աղբյուրի՝ օրենսդրական փոփոխությունների գլխավոր նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները բնության մեջ քայքայվում են ավելի քան 400 տարվա ընթացքում: Մասնագետներն այս կերպ մտադիր են էապես նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը:  
19:58 - 20 հունվարի, 2022
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, առավելևս կենդանիների՝ սովից անկումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարանը մասնավորապես նշել է. «Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»: Նշվում է, որ վերջնական եզրակացության համար նմուշներ են ուղարկվել լաբորատոր թունաբանական անալիզների, որոնց պատասխաններից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Ներկայումս կենդանաբանական այգում պահվում է 21 սպիտակագլուխ անգղ:
16:57 - 20 հունվարի, 2022
Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

2018թ. հոկտեմբերից սկսած՝ առ այսօր ՀՀ քննչական տարբեր մարմիններում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից առերեւույթ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է ընդհանուր 31 քրեական գործ: Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հարուցված, քննված կամ քննվող քրեական գործերից 17-ի համար օրինական առիթ են հանդիսացել Երեւանի քաղաքապետարանից, մյուսների համար՝ այլ սուբյեկտիներից ստացված հաղորդումները կամ ահազանգերը։  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ էր թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց իսկությանն ու հավաստիությանն արդեն անդրադարձել ենք։ Այդ պնդումների շարքում կայքը նաեւ գրել էր, թե վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին, անգամ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Infocom-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հասկանալու, թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում։ Դատախազությունից ստացած պատասխանի համաձայն՝ 31 քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացնելն ու վատնելը), 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ (հանցակիցների տեսակները), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 311-րդ (կաշառք ստանալը), 34-311-րդ (հանցափորձը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ (պաշտոնեական անփութությունը), 315.2-րդ (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 353-րդ (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով: Առանձին քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 10 անձ, որոնցից 8-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգոքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն՝ հանցակցությամբ), 1ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար (խոշոր չափերով խարդախություն): Բոլոր 10 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործերից չորսով կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճելու, 1-ով՝ վարույթը կասեցնելու մասին որոշումներ, 2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Վերոնշյալ քրեական գործերով, ինչպես հայտնել են Դատախազությունից, Հայկ Մարությանը դատավարական կարգավիճակ չունի, որոշ գործերով նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:  Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանն իր ելույթում անդրադարձավ այդ գործընթացի հիմքերին՝ խոսելով նաեւ քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին։ Նա ասել էր, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին․ «Բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին»,- մանրամասնել էր Մարությանը։ Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իսկապես բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ավելի կոնկրետ՝ 31 քրեական գործ, որից 17-ի՝ մեծամասնության համար առիթ են հանդիսացել հենց Երեւանի քաղաքապետարանից ուղարկված հաղորդումները։  Հայարփի Բաղդասարյան
16:21 - 18 հունվարի, 2022
Առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ

Առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2022 թվականի հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:    «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։   Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։   Սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:  
14:24 - 13 հունվարի, 2022
Երևանում սկսվել են ձնամաքրման աշխատանքները

Երևանում սկսվել են ձնամաքրման աշխատանքները

Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։ «Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը: Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են: Երևանի քաղաքապետարանը հիշեgնում է, որ ձմռան ամիսներին պարտադիր է երթևեկել բաgառապես ձմեռային անվադողերով և չվտանqել ինչպես սեփական, այնպես էլ փողոgային երթևեկության մյուս մասնակիgների կյանքն ու առողջությունը»,-նշված է գրառման մեջ:
20:50 - 02 հունվարի, 2022
Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ․ Երևանի քաղաքապետի ամանորյա ուղերձը

Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ․ Երևանի քաղաքապետի ամանորյա ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի երևանցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես նաև ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայկական օջախներում:  Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինծառայողներին, ուզում եմ, որ Ձեր ընտանիքներում թևածի տոնական մթնոլորտը: Առողջություն և բոլոր նվիրական երազանքների իրականացում:  Որպես հետպատերազմյան տարի՝ 2021 թվականը, ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ մայրաքաղաք Երևանի համար լի էր մարտահրավերներով ու դժվարություններով: Այդուհանդերձ, ցանկանում եմ հատկանշել, որ տարեկան ծրագրերով մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարվել են: Քաղաքային տնտեսությունը անընդհատ զարգացող օրգանիզմ է, և մեզանից մեծ նվիրում ու  ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար:  Ուզում եմ նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կանի հնարավոր առավելագույնը, որպեսզի ձեզ հետ միասին կարողանանք կյանքի կոչել նաև 2022-թ.-ի մեր նախանշած ծրագրերը: Քաղաքի առջև ծառացած խնդիրները ինստիտուցիոնալ, նորարարական  և հիմնավոր լուծումների կարիք ունեն: Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների, այդ թվում՝ Երևանի ավագանու հետ:  Սիրելի՛ երևանցիներ, քաղաքամայր Երևանի կառավարման գործում ակնկալում եմ նաև ձեր ակտիվ դերակատարումը: Մենք պատրաստ ենք լսել ձեր խորհուրդներն ու դիտարկել առաջարկները՝ ի բարօրություն մեր հրաշալի ու հինավուրց մայրաքաղաքի:  Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ և սիրով միանում Ձեր ընտանիքներում հնչող տոնական բարեմաղթանքներին»:
10:35 - 31 դեկտեմբերի, 2021
VisitYerevan.am. նոր հարթակ ու բջջային հավելված՝ զբոսաշրջիկների համար

VisitYerevan.am. նոր հարթակ ու բջջային հավելված՝ զբոսաշրջիկների համար

Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային նոր եռալեզու հարթակ՝ visityerevan.am:  Ու˚ր գնալ, ի˚նչ տեսնել: Ամենակարևոր այս հարցերի պատասխանի համար մի ամբողջ թիմ գրեթե մեկ տարի աշխատել է նախագծի շուրջ: «Մենք պարբերաբար հրատարակում էինք զբոսաշրջիկների համար տպագրական տարբեր նյութեր՝ քարտեզներ և ուղեցույցներ: Սակայն հասկանում ենք, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը մեծ կարևորություն ունի քաղաքային կառավարման համակարգում: Ուստի ստեղծեցինք հենց այս հարթակը: Աշխատանքների ընթացքում ուսումնասիրեցինք նաև զբոսաշրջիկների նախապատվություններն ու ցանկությունները: Ստեղծեցինք նաև ինքնատիպ տարբերանշան», - նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:Այստեղ զբոսաշրջիկները հայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակով կգտնեն տեղեկություններ՝ քաղաքի պատմության, տեսարժան ու ժամանցի վայրերի, խոհանոցի ու խմիչքների մասին, և օգտակար այլ տեղեկություններ ու քարտեզներ:Կայքի 6 բաժին իր առանձին ենթաբաժիններով հագեցած, պատկերավոր ու հնարավորին մանրամասն զբոսաշրջիկին ծանոթացնում է Երևան այցելության բոլոր մանրամասներին:Զբոսնել քաղաքում, այցելել թանգարաններ, թատրոններ ու չկորչել քաղաքում՝ զբոսաշրջիկին կօգնի VisitYerevan-ի բջջային հավելվածը: Սա քաղաքապետարանի թողարկած առաջին բջջային հավելվածն է: Այն աշխատում է Android և iOS համակարգերով:VisitYerevan-ը կարևոր հարթակ է, որը կօգնի զարգացնել հատկապես անհատական տուրիզմը դեպի Երևան: Սա ավելին է, քան կայքը. վիրտուալ ընկեր, ով կհուշի, թե ինչպես կազմակերպել օրն ու ինչով զբաղվել Երևանում՝ առաջարկելով տուրեր, գնումներ ու հետաքրքիր միջոցառումներ:Հարթակն ամեն օր թարմացվում ու համալրվում է նոր տեղեկատվությամբ, լուսանկարներով: Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կայքը ևս նորություն կունենա:VisitYerevan-ը հետագայում կգործարկվի նաև մի շարք այլ լեզուներով: Մասնագետները վստահ են՝ հարթակը կնպաստի զբոսաշրջության զարցամանն ու կընդլայնի զբոսաշրջիկների աշխարհագրությունը:  
17:17 - 30 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Քաղաքապետն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ նկատել է, որ առողջ և կայուն կերպով զարգացող երկուստեք հարաբերությունները նոր նախաձեռնությունների լավ հնարավորություն են: «Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի երկարատև, որպեսզի մենք ավելի շատ տեխնիկա, այս դեպքում ավտոբուսներ բերենք Երևան: Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են: Համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը հայտնեցի պարոն քաղաքապետին, որպեսզի հետագայում նոր տեխնիկա կարողանանք բերել Հայաստան, Երևան, որպեսզի բնակիչների կյանքն ավելի հեշտացնենք և հարմարավետ դարձնենք»,- նշել է դեսպանը: Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում: «Երթևեկության կազմակերպումը, լուսացույցների սպասարկումը, որպես պատվիրակված լիազորություն, անցնելու է Երևան համայնքին, այս պահի դրությամբ քննարկում ենք որպեսզի նաև խելացի լուսացույցներ ունենանք Երևանում: Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում, և այդ համատեքստում մենք ունենալու ենք նաև կառավարման կենտրոն, որը հնարավորություն է տալու ժամանակակից միջոցներով վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի նկատմամբ, որպեսզի ավելի մատչելի և հասանելի դարձնենք քաղաքացիների սպասարկումն ու կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-նշել է քաղաքապետը:
17:18 - 29 դեկտեմբերի, 2021