«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ

Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինէի ֆեյսբուքյան էջից։   Հանդիպման ժամանակ քննարկվել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները։ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ դաշինքի ներկայացուցիչները պետք է չտրվեն իշխանության կողմից իրականացվող ապօրինի ճնշումներին և պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ հանուն համայնքների բարեկեցության։   Քննարկման ժամանակ արծարծվել են նաև համայնքների ղեկավարներին ըստ անհրաժեշտության ցուցաբերվող իրավական և քաղաքական աջակցության հարցեր։ Քոչարյանը վստահեցրել է, որ տեղի ունեցող գործընթացը ստանալու է իրավա-քաղաքական հստակ գնահատական։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական։
18:51 - 25 հունիսի, 2021
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Արմեն Չարչյանի պաշտպանության կողմի հայտարարության վերաբերյալ

ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Արմեն Չարչյանի պաշտպանության կողմի հայտարարության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարության վերաբերյալ, թե «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը: Մասնավորապես, ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին: Այսպիսով` փաստաբաններին կոչ ենք անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց»:
16:38 - 25 հունիսի, 2021
Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |azatutyun.am|

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Երեկ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։ Դատարանի որոշումից հետո փաստաբանը հայտարարեց, որ այն համարում են ոչ իրավաչափ և բողոքարկելու են։ Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածեց «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։
09:22 - 25 հունիսի, 2021
Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա դատախազության առջև |azatutyun.am|

Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա դատախազության առջև |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժկական կենտրոնի ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստանի» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա ընթացավ գլխավոր դատախազության շենքի առջև: Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ պրոֆեսոր Չարչյանը քաղբանտարկյալ է, և սա ներկայիս իշխանությունների քաղաքական հետապնդումն է իրենց դաշինքի դեմ: Նրանք պահանջում են, որ ԲԿ տնօրենն անհապաղ ազատ արձակվի: Դատարանը երեկ բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Չարչյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել է: Դատախազությունից այսօր որևէ մեկը դուրս չեկավ: Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։
19:41 - 24 հունիսի, 2021
Իշխող կուսակցությունը արկղերի մեջ 30 տոկոսից ավել ձայն չի ունեցել․ Վահե Հակոբյան |tert.am|

Իշխող կուսակցությունը արկղերի մեջ 30 տոկոսից ավել ձայն չի ունեցել․ Վահե Հակոբյան |tert.am|

tert.am: Իմ համոզմամբ՝ իշխող կուսակցությունը արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի հավաքել: Այսօր դատախազության դիմաց ի աջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը:   Խոսելով դաշինքի մանդատները վերցնելու կամ չվերցնելու մասին խոսակցությունների մասին՝ Հակոբյանը նշեց, որ մեկ ուժ են և ցանկացած որոշում լինելու է միասնական: Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ մյուս ուժերին համագործակցության առաջարկների մասին` վերջինս շեշտեց՝ «Աստված չանի Փաշինյանից համագործակցություն առաջարկ ստանանք, նա մեզ համար դիտարկվում է որպես թշնամի: Այն ուժերը, որոնք գնացին և բանակցեցին նրա հետ, այս երևույթը միայն կարող եմ քաղաքական անբարոյականություն անվանել, որ ավելի կոպիտ չլինի»: Վահե Հակոբյանը դիտարկեց, որ այս իշխանության համար կարևոր էր, որ Սյունիքից շատ ձայներ հավաքեին, բայց ըստ նրանց տվյալների՝ Սյունիքում քվեարկել են շուրջ 15 հազար զինվորական և եթե սա չհաշվեն, պարզ կլինի, թե Սյունիքում իրականում ինչ արդյունք է գրանցել իշխանությունը Սյունիքից:
18:00 - 24 հունիսի, 2021
Չարչյանը մինչև դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել է հիվանդանոց |azatutyun.am|

Չարչյանը մինչև դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել է հիվանդանոց |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը երեկ մինչև Հատուկ քննչական ծառայության ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին Ֆեյսբուքում գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Չնայած ուշ ժամին՝ ստիպված ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք», - գիշերը գրել է Վարդևանյանը: «Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը», - նաև նշում է փաստաբանը:
10:53 - 24 հունիսի, 2021
Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Անկասկած օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան: Այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների արդյունքների և խորհրդարան գնալու մասին: «Այո, մեր նպատակը ամբողջական հաղթանակն էր, մենք վերցրել ենք առաջին խրամատները և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակը: Կարծում եք, որ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան, ոչ, մենք գնում ենք իշխանության և պատասխանատվություն կրելու երկրի համար. սա է նպատակը»,-ասաց նա: Քոչարյանը նշեց, որ այս հարցը չի կարող օրակարգից դուրս գալ, քանի երկրի ղեկին այս իշխանություններն են, նա շեշտեց, որ այս հարցը օրակարգից դուրս կգա միայն այն ժամանակ, երբ ներկա իշխանությունների փոխարել այլ ազգային իշխանություն գա:
13:55 - 22 հունիսի, 2021
Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք հրաժարվելու փողոցից․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք հրաժարվելու փողոցից․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեր մոտեցումներում որևէ բան չի փոխվել, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունը աղետի  է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում դաշինքի առաջիկա անելիքներին։ «Կլինի խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, օդում, ջրում, ցամաքում բոլոր հնարավոր միջոցներով՝ իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»։ Անդրադառնալով  հարցին՝ արդյոք մասնակից դառնալով ընտրություններին՝ իրենք չեն լեգիտիմացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Սաղաթելյանը ընդգծեց, որ «Հայրենիքի փրկության» շարժման պահանջների մեջ երբեք չի եղել ընտրությունների գնալու հարցը։ «Մեր պահանջն այլ է եղել, և մենք փողոցում 6 ամիս պայքարել ենք և  որևէ պայմանավորվածության մեջ չենք մտել նրանց հետ։ Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար այլ տարբերակ չունենալով՝ նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե մեր չմասնակցելով այդ ընտրությունները չէին կայանալու, ապա մենք չէինք մասնակցի, բայց մեր մասնակցությամբ պայմանավորված չի եղել՝ այդ ընտրությունները կկայանան, թե ոչ»։ Սաղաթելյանը շեշտեց, որ նույնիսկ մանդատները վերցնելու պարագայում իրենք շարունակելու են պայքարը այս իշխանությունների դեմ և չեն հրաժարվելու փողոցից: «Մենք բոլոր միջոցներով այս իշխանության դեմ պայքարելու ենք, և դա չի քննարկվում։ Խորհրդարանը և մանդատը լինելու են լրացուցիչ գործիքակազմ մեր պայքարին ավելի մեծ թափ տալու համար։ Նորից եմ կրկնում՝ մենք այս ընտրություններին չենք մասնակցել մանդատներ վերցնելու համար, այո մասնակցել ենք ամբողջական իշխանություն վերցնելու համար։ Մենք խոսել ենք պետականությունից, տնտեսությունից, անվտանգությունից, Արցախից, իսկ դիմացինը շարունակել է ղժղժալ և մի հատված գնացել, քվեարկել է, մնացածն էլ վարչական ռեսուրսի համատարած օգտագործում է եղել»։ Խոսելով Արմեն Չարչյանի կալանավորման մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ այն հոդվածով, որով մեղադրում են Չարչյանին, ՀՀ բոլոր մարզպետները պետք է ցմահ դատապարտվեն։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:02 - 22 հունիսի, 2021
Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան

Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան

Պետք է խոստովանեմ, որ ընտրության արդյունքները մեզ համար անսպասելի էին, կարծում եմ, որ անսպասելի էին շատ շատերի համար առաջին հերթին այն պատճառով, որ տարբեր կազմակերպությունների բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, նույն Գելլափի հարցումները, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրենք պետք է փորձեն գտնել բացատրություն, և ենթադրում են, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ։ Նրա խոսքով՝ իրենք ակնհայտ տեսել են վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով դիմելու են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար, հիմա իրենց շտաբների կողմից հավաքագրվում են բոլոր այդ նյութերը և երևի այս մի քանի օրվա ընթացքում ի մի կբերեն և էլ ավելի լավ կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու։ «Արդյունքների մասին մեկ այլ կոնտեքստով․ համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ մանդատ չէ։ Ի դեպ, մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և՛ ավելի մեծ էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Ես իմ անձնական կարծիքը կասեմ, իմ տպավորությունն այն է, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն գործոնը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին՝ երկուսը գլխավորելով ցուցակները, երրորդը՝ շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք չկարողացան կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէին հասցնում և գյուղական վայրերում քիչ հանդիպումներ ունեցան։ Քոչարյանը նկատեց, որ իշխանությունը ավելի շատ մեծ արդյունքներ է գրանցել գյուղական վայրերում․ «Կարծում եմ՝ մեկ-երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ անելու դեպքում մենք կկարողանայինք այդ պատկերացումը փոխեինք»: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մարդիկ, այնուամենայնիվ, վերջին պահին, մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, գնացին և քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին․ «Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակը. նրանք կարծում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց դա ավելի շատ հակառակ մանդատ էր»։ Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ Քոչարյանն ասաց, որ դաշինքում վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունեն։ «Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը․ երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, որ մարտական գործողությունների ժամանակ եթե ամբողջական խնդիր չի լուծվում, և դու պահում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը կարելի է ավելի մեղմ տերմիններով կիրառել նաև այս պարագայում»,- ասաց նա։ Պատասխանելով նաև լրագրողի հարցին՝ նա ասաց․ «Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»։
11:34 - 22 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է ՍԴ

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է ՍԴ

«Հայաստան դաշինքը» հայտարարություն է տարածել․   ««Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:   «Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացուլում ուժերի իրական հարաբերակցությունը: Մեր դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.   -Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ: - Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն: - Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ: -Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ: - Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը: - Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան: «Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»:
18:20 - 21 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքի համար ընտրության արդյունքներն ընդունելի չեն. դաշինքը կդիմի ՍԴ |pastinfo.am|

«Հայաստան» դաշինքի համար ընտրության արդյունքներն ընդունելի չեն. դաշինքը կդիմի ՍԴ |pastinfo.am|

pastinfo.am: «Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: Այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: «Ընտրության արդյունքներն անսպասելի էր:Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ: Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային»,-ասաց Վահե Հակոբյանը: Նրա պնդմամբ՝ ընտրություններին մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել, հատկապես՝ զինվորականներ են օգտագործվել՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի.«Ինչ կարողացել են, արել են՝ սպառնալիքներով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Սյունիքում զինվորականներ են բերել, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Շուռնուխում Նիկոլի օգտին քվեարկել է 9 հոգի, զորք են բերել՝ նրա համար քվեարկելու, բայց էլի այսպիսի արդյունք չէինք սպասում»,-ասաց Վահե Հակոբյանը: «Հայաստան» դաշինքն, ըստ ամենայնի, վաղը մամուլի ասուլիս կհրավիրի և հայտարարությամբ հանդես կգա:
14:59 - 21 հունիսի, 2021
Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Եթե ամբողջ խմբակցությունը հրաժարվում է մանդատից, միայն մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններն են ստանում իրենց մանդատները: Հրաժարված խմբակցության պատգամավորները չեն ստանում ու փաստորեն, մանդատ ստացած անձինք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավորներ: Այս մասին ասյօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից: «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող», - նշեց նա: Հարցին՝ դա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների՝ ԿԸՀ նախագահը  պատասխան չկարողացավ տալ: «Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք», - եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել անցողիկ 7 տոկոսի շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ կմտնի խորհրդարան:
13:35 - 21 հունիսի, 2021
Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չարաբաստիկ միջադեպի պատճառով առավոտյան նոր տուն հասա։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր, որը մինչ այդ արդեն աչքի էր ընկել լկտի վարքով /տեսանյութը մեկնաբանություններում/։ Հայտնում եմ նաև, որ առաջացած հրմշտոցի մեջ կին չեմ նկատել և դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր բացի քաշքշուկի անմիջական մասնակիցներից, որևէ մեկը ֆիզիկապես տուժեր դրանից։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ եթե չլիներ քաշքշուկը, որևէ մեկը ֆիզիկապես չէր տուժի, բացի պետությունից, որի անունից խոսում են օրենքի տարրական նորմերի իմացության բացակայության պայմաններում այն ներկայացնողները։ Սրանք ստվերում են առանց այդ էլ անտանելի անկում ապրած պետական ինստիտուտների հեղինակությունը։ Միջադեպի հետ կապված մանրամասները քննվում են ոստիկանության համապատասխան բաժնում և հուսանք, որ քննության արդար անցկացման հարցում որևէ կասկած չի մնա։ Այնուամենայնիվ, պետք է փորձեմ վաղնևեթ կապի դուրս գալ տուժած կնոջ հետ և նրանից ներողություն խնդրել միջադեպի համար։ Հուսամ, որ նրան հասցված վնասվածքը ուղիղ ինձնից չի եղել, քանի որ իմ տեսադաշտում նա հայտնվել է արդեն միջադեպի ավարտից րոպեներ անց։ Հայաստանում մարտնչող տգիտությունը պետք է պարտվի ամեն քայլափոխի և այնժամ մենք կունենանք առաջ գնալու հնարավորություն»։ Ավելի վաղ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնել էին․ «Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։
11:42 - 21 հունիսի, 2021
Քանի խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները․ հայտարարություն |news.am|

Քանի խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները․ հայտարարություն |news.am|

news.am: Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարությունում: «Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», - նշված է հայտարարությունում:
02:35 - 21 հունիսի, 2021