ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում: