«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանըառաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չի լինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ցուցակում։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Տիգրան Ավինյանը նունպես, իր որոշմամբ չի ներակռվել ցուցակում»,–ասաց նա։ Հարցին, թե արդյոք Ավինյանը և Մակունցը կդառնան դեսպաններ, վերջինս պատասխանեց, որ չունի տեղեկություն՝ Ավինյանը կլինի դեսպան, թե ոչ։ Իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու հարցին անդրադառնալով, Մակունցն ասաց,  որ ամերիկյան կողմից հաստատում կա, բայց որոշումը կկայացվի ընտրություններից հետո։  
14:10 - 26 մայիսի, 2021
Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների  համար   |armenpress.am|

Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզպետը կղեկավարի Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը` տեղեկացելով որ իբրև մարզային շտաբի ղեկավար այս պահին հստակ պարտականություն ունի՝ Շիրակի մարզում կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունն ընտրություններին: «Եվ հետևելու եմ, որպեսզի ընտրության նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգը: Նաև որպես Շիրակի մարզպետ արդեն հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ այն ստեղծված լավ մթնոլորտը, որը կլինի նախընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց մարզպետը: Քարոզարշավի ընթացքում Հովհաննես Հարությունյանը կլինի արձակուրդում՝ անկախ կուսկացության ընտրական ցուցակում լինել-չլինելուց: «Ցուցակում իմ ընդգրկվել-չընդգրկվելու մասին էլ շուտ է խոսելը: ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել իր ներկա լինելու մասին»,- նշեց մարզպետը: Շիրակի մարզպետը նաև վստահեցնում է, որ իր կողմից վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար. «Վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու եմ: «Ավանդական» ընտրությունները մնացել են պատմության մեջ, և, եթե կան ուժեր, որոնք նման մտավախություն ունեն, ապա դա ասում են իրենց փորձից: Մենք բացառում ենք դա: Մենք, ի վերջո, որպես քաղաքացիներ պետք է հասկանանք, որ պետք է ընտրենք այնպիսի քաղաքական ուժի, որն ունի հստակ տեսլական, իսկ գրված ծրագրերն այնպիսին են, որոնց կհավատանք, որովհետև մեծ-մեծ խոսելն այլ բան է, աշխատանք կատարելը, և այդ աշխատանքով համակարգային փոփոխություններին հիմք դնելը այլ»,-նշեց մարզպետը՝ հավելելով. «Ամենամեծ մտավախությունս այն է, որ մարդիկ կարող են չգնահատել իրենց ձայնը: Ես պետք է նշեմ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին իմ հույսը, որ մենք որպես քաղաքացի չպետք է լինենք նպատակի ճանապարհին գործիք, այս հարցը որպես պատվի նշան լինի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ նման փաստեր ունենալու դեպքում թող իրավապահ մարմինները արձագանքեն օրենքի ողջ խստությամբ»: 
12:35 - 13 մայիսի, 2021
ՔՊ նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետը
 |shantnews.am|

ՔՊ նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետը |shantnews.am|

shantnews.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին այսօր  պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսում ասել է նա։ Նախընտրական շրջանում Շիրակի մարզպետը կլինի արձակուրդում: Նա նշել է, որ սա ընտրությունների կազմակերպչական հարցերին մասնակցելու իր առաջին փորձն է: Եվ հավելել է, որ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը համամասնական ցուցակ չի կազմել ու պարզ չէ՝ արդյո՞ք Շիրակի մարզպետը ցուցակում ընդգրկվելու է: «Ցուցակում լինելու եմ, թե ոչ, դեռևս դրա մասին վաղ է խոսել։ ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր արդեն պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքում կլինեն ցուցակում։ Ես ունեմ հստակ պարտականություն Շիրակի մարզում կազմակերպելու ՔՊ մասնակցությունը ընտրություններին՝ որպես մարզային շտաբի պետ։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, պետք է ասեմ, որ ես դա բացառելու եմ։ Այս պահին քաղաքական ուժերը պետք է մաքսիմալ աշխատեն իրենց ծրագրերը ներկայացնել»,- ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
19:27 - 12 մայիսի, 2021
«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի |armenpress.am|

«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն»,- ասաց Մակունցը: ՔՊ-ի ցուցակի հետ կապված հրապարակում դեռ չարեց՝ նշելով, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանության կլինեն, ովքեր ներգրավված կլինեն: Սակայն նա ասաց. «Նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում: Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան»: Անդրադառնալով հարցին՝ գործարարներ կլինե՞ն ցուցակում, Մակունցը չցանկացավ այդ առումով որևէ մեկնաբանություն անել այս պահին: Անդրադառնալով նրան, որ քարոզարշավը չսկսած՝ Երևանում արդեն կան «Քաղաքացիական պայմանագրի» պաստառներ՝ նա ասաց, որ Երևանում և ոչ միայն Երևանում կան տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, ինչը գործող օրենքներին համապատասխան է և որևէ կերպ չի հակասում: ՔՊ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Ապագա կա»:
13:10 - 06 մայիսի, 2021
Եթե մեր ընթացքը դեպի ապագա անցնելու է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի առաջնորդությամբ, ապա, վստահաբար, դա աղետի և կործանման ապագա է. Էդմոն Մարուքյան

Եթե մեր ընթացքը դեպի ապագա անցնելու է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի առաջնորդությամբ, ապա, վստահաբար, դա աղետի և կործանման ապագա է. Էդմոն Մարուքյան

Հարյուրամյակներ շարունակ հայ հանրույթի ամենաառանցքային մտահոգության առարկան ընդամենը գոյությունը պահպանելն էր, այսինքն` գոյատեւելը, ողջ մնալը։ Պետականազուրկ ազգի համար սա ավելի քան օրինաչափ վարքագիծ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Բայց 1991-ին մենք հնարավորություն ստացանք լինել ու անել ավելին, քան պարզունակ գոյությունն է։ Անկախության հռչակումով եւ պատերազմում հաղթելով` մենք փակեցինք ապագա ունենալ-չունենալու պարզունակ ու կենցաղային էջը։ Հիմա արդեն մեր խնդիրը շատ ավելի բարդ էր ու բազմաշերտ`ստեղծել արդյունավետ եւ արդար պետություն, զարգացած տնտեսություն, մարտունակ բանակ եւ այսպես շարունակ։ Իսկապես, 30 տարվա ճանապարհ անցած պետությունում քաղաքական դիսկուրսը պետք է լիներ տնտեսության, ազատ շուկայական հարաբերությունների, ռեֆորմների, առողջապահական ու կրթական համակարգերի, սոցիալական արդարության եւ տարատեսակ այլ հիմնախնդիրների մասին։ Բայց ի՞նչ եղավ. Հայաստանում իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որը հայ ժողովրդին նորից վերադարձրեց գոյությունը պահպանելու, ապագա ունենալ-չունենալու պարզունակ եւ կենցաղային խնդրին։ Նրանք կոտրեցին պետության ողնաշարը, կործանեցին եւ ապականեցին բոլոր պետական ավանդույթները եւ այդքանից հետո լուրջ դեմքի արտահայտությամբ, հոխորտանքով եւ ցինիզմով գոռում են, թե Հայաստանը ապագա ունի։ Այն դեպքում, երբ այդ հարցը վաղուց արդեն փակ էր եւ ոչ ակտուալ։ Մեծ հաշվով այս պնդումն էլ է անհեթեթ, քանի որ ապագան ժամանակի անխուսափելի ընթացքն է, միեւնույն է` այն գալիս է ու գալու է, բայց այս պարագայում խնդիրը ոչ թե ապագան է, այլ դրա բովանդակությունը։ Ինչպիսի՞ ապագա ենք մենք ակնկալում ու կանխատեսում։ Եթե մեր ընթացքը դեպի ապագա անցնելու է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի առաջնորդությամբ, ապա, վստահաբար, դա աղետի եւ կործանման ապագա է։ Ընդհանրապես ապագայի վերաբերյալ գործող իշխանության պատկերացումները ձեւախեղված են, քանի որ նրանք ներկայից դեպի ապագա ընթացքը պատկերացնում են անցյալի միջով։ Այսինքն, նրանք անպայման պետք է ներկայից հասնեն անցյալ, որ այդտեղից էլ ձգվեն դեպի ապագա։ Բայց դա անհնար արկածախնդրություն է, քանի որ մարդու ուժերից վեր է փոխել ժամանակի եւ տարածության օրենքները։  Այսինքն, այս իշխանությանը վիճակված է հավերժ խցանված մնալ անցյալում։ Այս իմաստով` նրանք տեղ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայում, նրանք հեռացող անցյալականություն են եւ ոչինչ ավելին։ Մեր ժողովուրդն արժանի է առաջ նայող եւ իր ուղին իր ձեռքով գծող իշխանության»,- գրել է Մարուքյանը:
10:27 - 28 ապրիլի, 2021
Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: Սյունիքի մարզում տեղի ունեցածը, եթե ոմանք մեկնաբանում են որպես քաղաքական ակցիաներ, ես համարում եմ, որ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ «Ես ենթադրում եմ, որ այդ ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ։ Ինձ մոտ կողքից այդպիսի տպավորություն է»,– ասաց նա։ Լիլիթ Մակունցը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այս երեք տարիների ընթացքում հենց իշխանություններն են բաժանարար գծեր տարել հասարակության մեջ։ Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով կարողանա մասնակցել ընտրություններին, Մակունցը նշեց, որ կուսակցության վարչությունը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքով է մասնակցելու, թե ոչ։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանի առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն «արշավել» է Սյունիքի և առանց թույլտվության մտել Շուռնուխի բնակիչներից մեկի բնակարան, Մակունցը պատասխանեց․ «Առանց թույլտվության կարծում եմ՝ հնարավոր չէր մտնել նրանց տուն և առաջին նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:31 - 23 ապրիլի, 2021
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սպասվող ընտրություններին «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության ցուցակում կընդգրկվեն նոր մարդիկ: Այս մասին Սիմոնյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Նախընտրական բոլոր աշխատանքները կատարվում են, թե Երևանում, թե մարզերում աշխատանքները սկսել ենք»,- ասաց Սիմոնյանը: Նա «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ հետագա աշխատանքը անհնար համարեց: «Իսկ մնացածի հետ կապված կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, շարունակելու են իրենց աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց այս ցնցումներից հետո, շարունակելու է միասին աշխատել»,- ասաց Սիմոնյանը: Թե ցուցակում ովքեր կլինեն, նա նշեց, որ կոնկրետ որևէ մեկի անունը տալ չի կարող: «Բայց նաև չեմ բացառում, որ կարող են նոր մարդիկ լինել մեր ցուցակում»,- նշեց Սիմոնյանը: Հարցին, թե ընտրությունների դաշինքով կգնան, թե՞ ոչ, Սիմոնյանն ասաց, կարծում է, որ ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով գնալն է:
15:58 - 31 մարտի, 2021
Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում |armenpress.am|

Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում։ Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Երբ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ, վարչապետ», միասնաբար լույսեր են վառում, միասնաբար մասնակցում են հանրահավաքին, խոսելը, թե «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումն Ա կետից դեպի Բ կետ և դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, ներեցեք, անլուրջ է: Կազմակերպվել է մարդկանց տեղափոխում, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում կլինի այն դեպքում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ Ոստիկանության ավտոբուսն ուղարկենք մարզ՝ ՔՊ-ի համակիր բերելու»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ փոխխոսնակն ասաց նաև, որ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև:  «Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:
11:40 - 02 մարտի, 2021
ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք  բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:  «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծված ագրեսիայի ակտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՀՀ-ում սկսված հանրային գործընթացների ընթացքում առանձին անձանց կողմից և ԶԼՄ-ներում արվել են հայտարարություններ, հայտնվել են տեղեկություններ իրականացվող կամ նախապատրաստվող բռնությունների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը, իրականացվող մշտադիտարկման շրջանակներում պարտադիր արձանագրում է դրանք՝ դարձնում ուսումնասիրության առարկա, և յուրաքանչյուր այն դեպքում, երբ դրանցում առկա են լինում բավարար հիմքեր, համապատասխան մարմիններին տրվում են դրանք քրեադատավարական կարգով ստուգման առարկա դարձնելու, իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու հանձնարարություններ: Նման դեպքերից էին, մասնավորապես, բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված՝ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի կողմից ՀՅԴ գրասենյակում հայտնած տեղեկությունն այն մասին, որ 12.11.2020թ. ժամը 17.00-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին: ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արաքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով: Մասնավորապես, բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության նշված, ինչպես նաև այլ պատգամավորներից: Վերջիններս նշել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:   Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները: Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու «ՔՊ» գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել: Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում»,- ասված է հաղորդագրությունում:            
16:20 - 02 դեկտեմբերի, 2020
ՀՀ վարչապետը հանդիպում է ՔՊ-ի վարչության անդամների հետ
 |pastinfo.am|

ՀՀ վարչապետը հանդիպում է ՔՊ-ի վարչության անդամների հետ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում մի շարք հանդիպումներ ունի նախատեսված։ Դրանցից մեկն էլ հանդիպումն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնեց Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը. «Կառավարությունում այս ընթացքում մի քանի անգամ հանդիպում է եղել վարչության անդամների հետ, հերթական հանդիպումներն են, որևէ արտառոց բան չկա, աշխատանքային քննարկումներ են լինում»։ Մանե Գևորգյանը նշեց, որ չի կարող հստակ ասել՝ հանդիպումը ո՞ր ժամին է լինելու, արդյոք ընթանում է կամ արդեն վերջացե՞լ է։ Սակայն նշեց. «Ընթացիկ աշխատանքային քննարկումներ են»։ Ավելի վաղ հայտնել էին, որ Կառավարությունում վարչապետի հետ են հանդիպել Արցախի երկու նախկին նախագահները։ Նախօրեին մի շարք արտախորհրդարանական ուժեր փակ քննարկման ձևաչափով հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղի է ունեցել նաև անվտանգության խորհրդի նիստ:
14:40 - 20 հոկտեմբերի, 2020
«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

media.am: Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։  Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։  ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։  ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։   Խնամի, ծանոթ, բարեկամ «Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։  Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։   Գործնական կապեր Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։  Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։  Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։  Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։   Գործադիրից՝ օրենսդիր Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։      Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։  Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին։  Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։    ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին» Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։    Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։ Շարունակությունը՝ media.am-ում
16:21 - 26 օգոստոսի, 2020
Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

2020 թվականի օգոստոսի 7-ին 5-րդ ալիքը հրապարակել է տեսանյութ՝ «Կորսված փողեր եւ հույսեր» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են կառավարող ուժի որոշ պաշտոնյաների եկամուտները, հեղափոխությունից հետո ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքը։ տեսանյութի որոշ դրվագներում, սակայն, առկա են մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ․ չի նշվում, թե ինչ միջոցներով է գնվել գույքը: Տեսանյութում ներկայացվող տվյալների մի մասը վերցված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» հայտարարագրերի ռեեստրից, իսկ մյուս մասը՝ մամուլում շրջանառվող լուրերից: Մասնավորապես, տեսանյութում, համեմատելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստացած եկամուտները, հեղինակն ասում է, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանի ընտանիքի համար կյանքն ակնհայտորեն փոխվել է: Որից հետո ներկայացվում է Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ, ըստ տեսանյութի, վերջինս այդ տարի հայրենի Նոր Կյանք գյուղում համատեղ սեփականությամբ հողամաս է հայտարարագրել, մեկ այլ հողամաս՝ Նոր Ուղիում: Նյութի համաձայն՝ միանձնյա սեփականությամբ երկու հողամաս էլ գնել է Արալեզում, 2019 թվականի նոյեմբերին էլ 13 հազար 500 դոլար արժողությամբ Toyota մակնիշի մեքենա է գնել: Պարզելու համար՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հայրը նշված գույքը ձեռք է բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո՞, մենք նույնպես կօգտվենք այն նույն հայտարարագրից, որի հիման վրա արվել էին հիշյալ լրատվամիջոցի պնդումները: Գարիկ Սարգսյանի հոր՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում, այո՛, նշված են բոլոր այն կետերը, որոնք ներկայացված են 5-րդ ալիքի տեսանյութում, սակայն հայտարարագրած 4 հողամասերն էլ, որոնցից 3-ը ձեռք են բերվել գնումով, առկա են եղել 2019 թվականի սկզբում: Հետեւաբար՝ հայտարարագրած հողամասերը ձեռք չեն բերվել 2019 թվականի ընթացքում: Բացի այդ՝ տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված եւ օտարված անշարժ գույքի դաշտը եւս լրացված չէ, ինչը նույնպես ապացուցում է այն, որ հողամասերը ձեռք են բերվել մինչեւ 2019 թվականը: Հաջորդ հավանական վարկածն այն է, որ Գարիկ Սարգսյանի հայրը նշված հողամասերը ձեռք է բերել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Սա եւս հեշտ ստուգելի է, քանի որ Սարգսյանի հայրը ներկայացրել է նաեւ 2018 թվականի տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ նա 2018 թվականի ընթացքում նույնպես չի գնել եւ չի վաճառել որեւէ անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս: Հաջորդը 13.500 ԱՄՆ դոլար արժողությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի գնման մասին պնդումն է, որը լիովին համապատասխանում է իրականությանը․ Գարիկ Սարգսյանի հայրը 2019 թվականի նոյեմբերի 11-ին գնել է վերոնշյալ ավտոմեքենան, սակայն թերի ինֆոմացիա չտալու համար անհրաժեշտ է նշել նաեւ այն, որ մինչ Toyota մակնիշի մեքենան գնելը՝ Սարգսյանի հայրը վաճառել է իր Suzuki մակնիշի ավոտմեքենան՝ 5500 ԱՄՆ դոլարով: Այսպիսով՝ 5-րդ ալիքի պնդումները, թե 2019 թվականի ընթացքում Գարիկ Սարգսյանի հայրը ձեռք է բերել 4 հողամաս, իրականությանը չի համապատասխանում: Գարիկ Սարգսյանի հոր հայտարարագրի տվյալները ներկայացնելուց հետո տեսանյութի հեղինակն անդրադառնում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրած ունեցվածքին: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է, թե Կոտայքի հեղափոխական մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերին 51 մլն դրամով՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երեւանի Երազ բնակելի թաղամասում: Վերոնշյալը համապատասխանում է իրականությանը. Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գնել է բնակարան՝ 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ի՞նչ միջոցներով է գնել բնակարանը. հարցի պատասխանը հնարավոր է գտնել հենց նույն հայտարարագրում, որից օգտվել է տեսանյութի հեղինակը: Պետրոսյանը նույն ամսի 30-ին վաճառել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր 2 բնակարաններից մեկը՝ 17.8 մլն ՀՀ դրամով: Բացի այդ՝ Պետրոսյանը նաեւ վարկեր է վերցրել՝ 35 մլն ՀՀ դրամ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկից եւ 875 հազար ՀՀ դրամ՝ Ամերիա բանկից: Եթե Ռոմանոս Պետրոսյանի գնած բնակարանի արժեքը համեմատենք փոխառությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հենց այդ միջոցներով էլ Պետրոսյանը գնել է 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը: 5-րդ ալիքը հաջորդիվ անդրադառնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին․ ««Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թվականի փետրվարին եւս բարելավել է բնակարանային իր պայմանները. 26 մլն դրամով բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում»: Այո՛, Պապիկյանը 2019 թվականի փետրվարի 11-ին 26 մլն 762 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Սակայն նույն տարում նա վաճառել է իր Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 2.5 մլն ՀՀ դրամով, ինչպես նաեւ ներգրավել է վարկային միջոցներ: Ներգրաված վարկային միջոցները կազմել են Արդշինբանկից 18.73 մլն ՀՀ դրամ, ՎՏԲ բանկից` 1.8 մլն ՀՀ դրամ:   Մյուս պաշտոնյան, որի հայտարարգիրը դիտարկել է լրատվամիջոցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի օգոստոսին 114 մլն դրամով` շուրջ 228 հազար դոլար, բնակարան է ձեռք բերել Երեւանի կենտրոնում: 2018 թվականի հունիսին էլ ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Range Rover մեքենա»,- ասվում է տեսանյութում: Սկսենք Range Rover մակնիշի ավտոմեքենայից. Սիմոնյանը 2018 թվականի հունիսի 12-ին գնել է Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն ՀՀ դրամով, սակայն նույն տարում նաեւ վաճառել է իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենան 5 մլն 520 հազար ՀՀ դրամ մոտավոր արժեքով: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ շուրջ 2800 ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ինչպես նաեւ նվազել են նրա դրամական միջոցները: Դրանք տարեսկզբին կազմում էին 2.5 մլն ՀՀ դրամ եւ 16.200 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` համապատասխանաբար 2.2 մլն ՀՀ դրամ եւ 6250 ԱՄՆ դոլար: 2019 թվականի օգոստոսի 15-ին  Սիմոնյանը գնել է 114 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, սակայն մինչ բնակարանը գնելը՝ նույն տարվա մայիսի 7-ին, վաճառել է իր հին բնակարանը՝ 125 մլն ՀՀ դրամով: Այսինքն` վաճառած բնակարանի արժեքն ավելի մեծ է եղել, քան նոր գնած բնակարանինը: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 25 մլն ՀՀ դրամի: ԱԺ փոխնախագահից հետո լրատվամիջոցն անդրադարձել է ԱԺ նախագահին։ «Ապառիկով հեռուստացույց գնող Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի կյանքն իշխանափոխությունից հետո կարծես էականորեն է փոխվել․ 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում 50 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: 2019 թվականի տարեվերջին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովից կազմել է 15 մլն 700 հազար դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի ամռանը 6 մլն դրամով 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա է գնել»: Արարատ Միրզոյանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին 49 մլն 700 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Աջափնյակ շրջանում: Թե ինչ միջոցներով է գնել` դարձյալ կարող ենք իմանալ իր ներկայացրած հայտարարագրից: Միրզոյանը նույն տարում վաճառել է իր՝ արդեն հին բնակարանը՝ 13 մլն 600 հազար ՀՀ դրամով, բացի այդ՝ ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 34 մլն 790 հազար ՀՀ դրամի: Միրզոյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 63 մլն 121 հազար ՀՀ դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի հունիսի 26-ին գնել է 6.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ Kia մակնիշի ավտոմեքենա, սակայն նա նույնպես ներգրավել է շուրջ 4 մլն 240 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:  Հայտարարագրերում առկա անշարժ եւ շարժական գույքը ներկայացնելուց հետո տեսանյութում խոսվում է այն մասին, որ սա պաշտոնյաների ունեցվածքի մի մասն է միայն: Մասնավորապես ասվում է. «Մի օր, հուսանք, կպարզվի, թե ինչ միջոցներով է վարչապետ Փաշինյանի պատգամավոր աներորդին գնել եւ վերանորոգում Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որը Հրաչյա Հակոբյանի համեստ հայտարարագրում չկա»: Այդ մի օրը երկար սպասեցնել չտվեց, քանի որ հրապարակման հաջորդ օրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին. «Քանի որ գույքը ձեռք եմ բերել 2020 թվականի հունվարին, հետեւաբար հայտարարագրում չէի կարող ներկայացնել: Այս տարվա հայտարարգրում ներկայացված են նախորդ տարվա եկամուտները, ձեռք բերվածը եւ այս տարում ձեռք բերվածը պարզապես չէի կարող հայտարարագրել: Գույքը ներկայացնելու եմ 2020 թվականի հայտարարագրում, որը լրացնելու եմ 2021 թվականին: Գույքը ձեռք եմ բերել 25 հազար դոլարով, 20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի՝ տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա են, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները եւ դրսից քարով երեսպատել եմ»,- զրույցի ընթացքում ասել է Հակոբյանը: Նիկոլ փաշինյանի ընտանիքի վերաբերյալ տեսանյութում ասվում է. «Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այս ընթացքում մեղադրվեց ծխախոտի ու ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրքի վճարման մետաղի ջարդոն արտահանելու եւ զենքի ապօրինի առեւտրի մեջ. տեղեկություններ, որոնք այդպես էլ չհերքվեցին»: Թեպետ Փաշինյանն անձամբ չի հերքել, սակայն նախ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց իր առնչությունը ծխախոտի մաքսանենգության գործում, ապա «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց, թե ով է արտադրել եւ արտահանել ծխախոտը: Ծխախոտ արտադրող ընկերությունը ոչ միայն կապ չունի նոր իշխանությունների հետ, այլեւ ընկերության բաժնեմասերի շուրջ 67%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան եւ Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեեւ մամուլում բազմիցս խոսվեց ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրք վճարելու մետաղի ջարդոնի արտահանման եւ զենքի ապօրինի առեւտրի մասին, սակայն դրանք անապացուցելի պնդումներ են եւ 5-րդ ալիքը եւս որևէ ապացույց չի ներկայացնում: Այսպիսով՝ «Կորսված փողեր եւ հույսեր» տեսանյութում խոսվում է հեղափոխությունից հետո կառավարող ուժի ներկայացուցիչների մի մասի ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքի մասին, սակայն չի խոսվում ձեռք բերման եղանակների մասին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե իշխանության ներկայացուցիչները գույքը ձեռք են բերել չարաշահումներով: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տեսանյութում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, մի մասը մանիպուլյատիվ է, մի մասն էլ՝ անապացուցելի:  Նարեկ Մարտիրոսյան
10:30 - 16 օգոստոսի, 2020