Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է Արարատ Միրզոյանին․ ԱԳ նախարարը Հռոմի Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է Արարատ Միրզոյանին․ ԱԳ նախարարը Հռոմի Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 26-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։ Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։      
17:13 - 26 հոկտեմբերի, 2022
Հայ ռազմագերիների ազատ արձակման կարևորության մասին խոսել են Արարատ Միրզոյանն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի փոխանորդը

Հայ ռազմագերիների ազատ արձակման կարևորության մասին խոսել են Արարատ Միրզոյանն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի փոխանորդը

Հոկտեմբերի 25-ին Վատիկանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել շուրջ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստանը։ Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, անդրադարձ կատարել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի: Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ:  Անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:    
12:01 - 26 հոկտեմբերի, 2022
Տէրը Հայաստանը դարձնէ տուն՝ հիմնուած Աստուածային Իմաստութեան ժայռի վրայ. Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ

Տէրը Հայաստանը դարձնէ տուն՝ հիմնուած Աստուածային Իմաստութեան ժայռի վրայ. Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ

«Հայ ժողովուրդը լաւապէս կը ճանչնայ Խաչը, ան զայն կը կրէ իր սրտին մէջ: Անիկա ինքնութեան, պատմութեան ողբերգութիւններու և իւրաքանչիւր ան բարենպաստ դէպքերէն յետոյ ապաքինման փառքի խորհրդանիշն է» (Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի ուղերձը Հայ Կաթողիկէ պատրիարքարանի անդամներուն, 14 սեպտեմբեր 2000 թ.):   Vaticannews-ը տեղեկացնում է` երեքշաբթի 25 հոկտեմբերի կէսօրէն ետք ժամը 3,30-ին, Հռոմի Տիրամօր նուիրուած Սանթա Մարիա Մաճճորէ պազիլիքայի Սալուս Փոփուլի Ռոմանի հրաշագործ սրբապատկերի մատրան մէջ, տեղի ունեցաւ Հայաստանի Խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագը, զոր մատոյց Վատիկանի Պետական Քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը ի ներկայութեան Ամենապատիւ և Գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ կաթողիկոս պատրիարքին, ՀՀ Սրտագին Գործերու նախարար` Արարատ Միրզոյեանին, Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած դիւանագիտական մարմնի անդամներուն, եկեղեցական բարձրաստիճան անձնաւորութիւններու, քաղաքական ներկայացուցիչներու ու հայ և օտար ազգի պատկան հաւատացեալներու։ Երեսուն ամեայ դիւանագիտական կապեր Ներկայ էին անշուշտ Սուրբ Աթոռի մօտ Հ.Հ. դեսպանը Տիար Կարեն Նազարեան, որուն նախաձեռնութեամբ կազմակերպուած էր պատարագը և Իտալիոյ մօտ Հ.Հ. դեսպան` Ծովինար Համբարձումեանը և երկու դեսպանատուներու անձնակազմը։ Պատարագը մատուցուեցաւ Հայաստանի խաղաղութեան համար Սուրբ Աթոռի և Հայաստանի հանրապետութեան միջև դիւանագիտական կապերու հաստատման երեսուն ամեակի նշումի շրջագիծէն ներս։ Սրբազան արարողութիւնը կատարուեցաւ անգլերէն լեզուով, որուն ընթացքին սակայն լսելի եղան նաև հայկական մեղեդիներ ու շարականներ, կատարողութեամբ Լևոնեան Քահանայապետկան հայ Կաթողիկէ Վարժարանի սաներուն, սկսեալ Հրաշափառէն որով բացումը կատարուեցաւ արարողութեան։ Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ Արարողութեան համար պատրաստուած գրքոյկը Բոլոր ներկաները կարողացան արարողութեան հետևիլ այս առթիւ պատրաստուած երկլեզու (անգլերէն - Հայրէն) գրքոյկի միջոցաւ, որուն մէջ բացի աղօթքներէն տեղադրուած էին նաև, Հայաստանի ու տիեզերական կաթողիկէ եկեղեցին իրար կապող որոշ խորհրդանշական պատկերներ` ինչպէս Գրիգոր Նարեկացիին պատկերը, որ Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ հռչակուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին կողմէ, կամ Սուրբ Պետրոս Պազիլիքային աջ կողմի գաւիթին մէջ զետեղուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի հսկայական արձանը, հուսկ երկկողմ յարաբերութիւններու մասին որոշ տեղեկութիւններ, 1992էն մինչև օրս միջ-պետական մակարդակի վրայ փոխանակուած այցելութիւնները և անցեալ 23 մայիս 2022ին Հայաստանի արտգործ նախարար Տիար Արարատ Միրզոյեանի և Սուրբ Աթոռի Պետութիւններու և Միջազգային կազմակերպութիւններու հետ յարաբերութիւններու Քարտուղար` Գերապայծառ Փոլ Ռիչըրտ Կալլալկէրի միջև փոխանակուած նամակներու պարունակութիւնը` երեսուն տարուայ դիւանագիտական փոխյարաբերութիւններու կապակցութեամբ։ Աղօթքներ  Սուրբ Զոհի ընթացքին առ Աստուած բարձրացած աղօթքներու շարքին հաւատացեալները աղօթեցին «բարեկամութեան և համագոյակցութեան պարգևին համար։ «Մինչ մենք կը նշենք Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետութեան միջև յարաբերութիւններու երեսուն տարիները, թող` որ Աստուած օրհնէ երկու պետութիւններու առաքելութիւնը, որպէսզի անոնք շարունակեն աշխարհին տանիլ խաղաղութիւն և բարութիւն»: «Յաւերժական Աստուած, մենք կ՜աղօթենք, որ քաջութիւնն ունենանք աշխատելու իւրաքանչիւր մարդու իրաւունքներուն համար: Թող որ մենք միասին աշխատինք՝ կառուցելու արդար աշխարհ մը, ուր կը յարգուին Աստուծոյ կողմէ բոլորին շնորհուած իրաւունքները»: Ամէն բարիքներուն Աստուածը, դուն աղբիւրն ես ամէն բարի բաներուն։ Այս աշխարհի բռնութիւններուն և ողբերգութիւններուն դիմաց, աղօթենք Հայաստանի և համայն աշխարհի մէջ խաղաղութեան համար։ Մեր կառավարիչներուն և մեզի պարգևէ համբերութիւն` հասկացող ըլլալու համար, ուժ՝ ներելու համար և շնորհք՝ ընդունելու մեր սխալները: Բոլոր ընտանիքներուն համար, որոնք զոհ են պատերազմի ողբերգութիւններուն, բոլոր մայրերուն համար, որոնք կորսնցուցին իրենց ամուսիններն ու զաւակները, և առաջնագիծի վրայ զինուորներուն համար, թող Աստուած բոլորին շնորհէ յոյս, հաւատք և սէր, որպէսզի գտնեն խաղաղութիւն և ուժ։ Ասոնք եղան արտասանուած աղօթքներէն ոմանք։ Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ Կարդինալ Փարոլինի քարոզը Սուրբ Զոհի ընթացքին արտասանած իր քարոզին մէջ Կարդինալ Փարոլինը նախ նշեց թէ «Այսօրեայ Սուրբ Պատարագի ժամանակ Յաւիտենական Իմաստութեան Աստուծոյն կը վստահինք Հայ ազգը, որ կը նշէ Սուրբ Աթոռի հետ իր դիւանագիտական ​​յարաբերութիւններու 30-ամեակը» ապա յայտնելով, որ «Սուրբ Պատարագը ամենակատարեալ գոհաբանութիւնն է» առիթէն օգտուելով Ան շնորհակալութիւն ուզեց յայտնել Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի դեսպանութեան` միասնաբար աղօթելու այս նախաձեռնութեան համար»։ Երկար պատմութիւն ունեցաող բարեկամական յարաբերութիւններ «Իմ ամենաջերմ ողջոյնները կը յղեմ բոլոր ներկաներուն՝ հաստատելով Սուրբ Աթոռի խորին աջակցութիւնն ու խորին համակրանքը Հայաստանի հանդէպ» ըսաւ ապա Կարդինալ Փարոլինը հաւաստիացնելով Սուրբ Աթոռի գնահատանքը Հայաստանի հետ երկկողմ դրական յարաբերութիւններուն համար, որոնք բնութագրուած են ջերմութեամբ և յարգանքով, և որոնք իրենց պերճախօս արտայայտութիւնը կը գտնեն, բարձր մակարդակի այցելութիւններու փոխանակումով և տարբեր այլ նախաձեռնութիւններուն մէջ»։ «Մեր բարեկամական յարաբերութիւնները երկար պատմութիւն ունին» հաստատեց ապա Ծիրանաւորը դիտել տալով, որ անոնք գոյութիւն ունէին նոյնիսկ, 1992 թուականի մայիսին պաշտօնականացումէն առաջ։ Երևանի մէջ Սուրբ Աթոռի նոր դեսպանատունը Ան ապա յիշեց անցեալ տարի Երևանի մէջ բացուած Առաքելական Նուիրակութիւնր, զայն համարելով կարևոր նշան` Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև շարունակաբար զարգացած բարեկամական յարաբերութիւններուն։ Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ Եկեղեցական ջերմ յարաբերութիւնները Սուրբ Աթոռի Պետական քարտուղարը խօսեցաւ ապա Կաթողիկէ Եկեղեցւոյ և առաքելական եկեղեցւոյ միջև գոյութիւն ունեցող յարգալից երկխօսութեան, ակնարկելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ֆրանչիսկոս Պապին միջև տեղի ունեցած հանդիպումներուն ինչպէս նաև Քահանայապետին Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Մինասեան՝ Տանն Կիլիկիոյ Հայոց պատրիարքին շնորհած եկեղեցական հաղորդութեան։ Սուրբ Գրիգոր Նարեկացին «Այսօրեայ մեր աղօթքին մէջ մեզ կ՜առաջնորդէ Հայ Եկեղեցւոյ մեծ սուրբը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին, որուն յիշատակը ներառուած է Հռոմէական Ընդհանուր Օրացոյցին մէջ Ֆրանչիսկոս Պապին կողմէ» ըսաւ ապա Կարդինալ Փարոլինը մատնանշելով, որ սուրբ պատարագը ու աղօթքները նուիրուած են «յատկապէս Հայաստանի խաղաղութեան համար, ու նաև Ուկրանիաոյ և համայն աշխարհի մէջ խաղաղութեան համար»։ Նորոգել խաղաղութեան գործիքներ ըլլալու յանձնառումը «Մենք բոլորս կոչուած ենք նորոգելու խաղաղութեան գործիքներ ըլլալու մեր ամենօրեայ յանձնառութիւնը» ըսաւ ապա Ծիրանաւորը ակնարկելով Ֆրանչիսկոս Պապին 2016 թուականին Հայաստան կատարած այցելութեան ու այդ այցելութեան ընթացքին Երևանի մէջ կատարուած խաղաղութեան համամիութենական աղօթքին ու անոր այդ առթիւ արտասանած խօսքերուն։ Ֆաթիմայի Տիրամօր ուխտագնացութիւնը  ետական Քարտուղարը յիշեց նաև թէ Մատուրը ուր կը մատուցուի պատարագը նուիրուած է  «Խաղաղութեան Թագուհիին», որ մեծարուած է Սալուս Փոփուլի Ռոմանի սրբապատկերին մէջ, և աւելցուց, թէ  «Մինչ ինք կը խօսի, տեղի կ՛ունենայ Ֆաթիմայի Տիրամօր պատկառելի պատկերի դէպի Կովկաս աննախադէպ ուխտագնացութիւնը, որը յոյսի աղբիւր է` տարածաշրջանին համար խաղաղութեան քամիներ խթանելու: Վսեմաշուք կարդինալը ընդգծեց ապա թէ «յարաբերութիւնները ուրիշներուն հետ, նոյնիսկ դժուար ու ցաւոտ, պէտք է մշակուին այնպէս, որ նպաստաւոր ըլլան խաղաղութեան և, հետևաբար, ներումին՝ հիմնուած Աստուծոյ իմաստութեան վրայ» և ասկէ մեկնելով մեկնաբանեց օրուան աւետարանական հատուածը, որ կը խօսի երկու մարդոց մասին` «մէկը իմաստուն, միւսը՝ յիմար, որոնք կը ծրագրեն կառուցել իրենց տները»։ Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ Իմաստուն ըլլալ կը նշանակէ լսել և կիրառել Աստուծոյ խօսքը Անոնցմէ մին ընտրեց կայուն հողը, որ ամուր հիմք կը ստեղծէ շինարարութեան համար. Միւսը կ՛ ընտրէ աւազոտ հող՝ թոյլ, անկայուն պայմաններով։ Երկու տուները նոյն տեսքը ունին։ Բայց երբ անոնք կը փորձուին իրականութենէն, ժամանակի ու կեանքի անկանխատեսելի իրադարձութիւններէն, ոտքի կը մնայ միայն մէկ տունը` ամուր քարի վրայ կառուցուածը»: «Իմաստութիւնը, ամենէ թանկ բանն է, որ մենք կարող ենք ունենալ» ըսաւ հուսկ Կարդինալը դիտել տալով, որ «իմաստուն ըլլալ կը նշանակէ լսել Աստուծոյ խօսքը և զայն կիրառել»: Հայաստանն իր ինքնութեամբ  հիմնուած է քարէ ամուր հիմքի վրայ՝ Խաչքարի վրայ «Հայաստանն իր ինքնութեամբ նոյնպէս հիմնուած է քարէ ամուր հիմքի վրայ՝ Խաչքարի վրայ» շարունակեց Ծիրանաւորը ակնարկելով Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի խօսքերուն որով Ան Հայերը անուանած է «խաչի ժողովուրդ», քանի որ խաչի մէջ է, որ հայ ժողովուրդն ինքզինք կը ճանչնայ։ “«Հայ ժողովուրդը լաւապէս կը ճանչնայ Խաչը, ան զայն կը կրէ իր սրտին մէջ: Անիկա ինքնութեան, պատմութեան ողբերգութիւններու և իւրաքանչիւր անբարենպաստ դէպքերէն յետոյ ապաքինման փառքի խորհրդանիշն է» (Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի ուղերձը Հայ Կաթողիկէ պատրիարքարանի անդամներուն, 14 սեպտեմբեր 2000 թ.):” «Ուստի զարմանալի չէ, որ հայերը խոր հաւատքի ժողովուրդ են» յարեց հուսկ Կարդինալ Փարոլինը նկատել տալով, որ «դարերու ընթացքին քրիստոնէական հաւատքը սատարեց այս մեծ ժողովրդին, յատկապէս անոր պատմութեան դժուարին ժամանակներու ընթացքին»։ Աստուածաշնչական երկիր հայաստանը Կարդինալ Փարոլինը հուսկ նշեց, թէ «չենք կարող մոռանալ, որ, ըստ աստուածաշնչական աւանդութեան, Հայաստանը այն երկիրն է, ուր Ջրհեղեղէն յետոյ ծնաւ առաջին քաղաքակրթութիւնը, և որտեղ աւանդոյթը կը յիշեցնէ աստուածաշնչեան Եդեմի պարտէզը»։ Ան ապա քարոզը աւարտեց աղօթքով` խնդրելով, որ «Տէրը Հայաստանը դարձնէ տուն՝ հիմնուած Աստուածային Իմաստութեան ժայռի վրայ»։ «Թող ձեր վեհ ազգը վայելէ ձեր ուզած խաղաղութիւնը, և թող անիկայ շարունակէ օգուտ քաղել ձեր մարդկային, մշակութային և հոգևոր հարստութիւններէն, որպէսզի Ազգերու Ընտանիքը բաժնեկից ըլլայ անոնցմէ իւրաքանչիւրին» ըսաւ ապա Կարդինալ Փիերթրօ Փարլինը, որ ապա հայցեց Հայաստանի սուրբ հովանաւորներուն և յատկապէս Սուրբ Գրիգոր Նարեկացիին բարեխօսութիւնը ու մաղթեց որ «Տէրը առատ շնորհներ պարգևէ հայ ժողովրդին»։    
10:19 - 26 հոկտեմբերի, 2022
Մեր ժողովուրդը երբեք չի կորցրել իր հավատը. Միրզոյանը՝ Վատիկանում «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի մասնակիցներին

Մեր ժողովուրդը երբեք չի կորցրել իր հավատը. Միրզոյանը՝ Վատիկանում «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի մասնակիցներին

Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․ «Ձերդ Վսեմություն Կարդինալ Պառոլին, Խորապես զգացված ենք Սուրբ պատարագը նախագահելու, Երևանի ու Վատիկանի եղբայրական հարաբերությունների 30-ամյակը մեզ հետ միասին նշելու Ձեր որոշման համար։ Շնորհակալ եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ Ձեր ոգեշնչող խոսքերի և մեզ ուղղված մաղթանքների համար։ Ձերդ Երանելիություն, Հոգևոր հայրեր և քույրեր,  Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ ենք այստեղ ներկա գտնվելու համար՝ միասին աղոթելու Մարիամ Աստվածածնի վեհաշուք սրբապատկերի առջև՝ Հայաստանում խաղաղության համար։ Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:  Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։ Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։ Ի թիվս այլոց, 2015թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ: Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301թ․-ին որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։ Նշեմ նաև, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը, և ես ուրախ եմ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի, հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների, Մխիթարյան  հայերերի և Անարատ հղության հայ քույրերի ներկայությամբ։ Երախտապարտ ենք Ձեր աջակցության և նվիրական ջանքերի համար։ Ձերդ Վսեմություն, Տիկնայք և Պարոնայք, Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու մեր ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել  և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ։ Շնորհակալություն»։
09:49 - 26 հոկտեմբերի, 2022
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են. Միրզոյանը՝ Պառոլինին

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են. Միրզոյանը՝ Պառոլինին

Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ: Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ քրիստոնեական արժեքների, պատմական և մշակութային կապերի վրա հիմնված երկկողմ կապերը դինամիկ կերպով զարգանում են: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Պիետրո Պառոլինի՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը: Արձանագրվել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև շարունակական բնույթ ունեցող բարձր մակարդակի փոխայցելությունները և հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը սերտացնելու և ընդլայնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով կողմերի նույնական մոտեցումները միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը: Հայկական կողմն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն ու ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների՝ ինքնության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանության հարցերին: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ մինչ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի գնահատողական առաքելության այցելությունը։
20:36 - 25 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյի հետ

Հոկտեմբերի 25-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վաղեմի պատմական կապերի և քրիստոնեական նույնակունք արժեքների վրա՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված համագործակցությունը:  ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են Հայաստանում Ուխտի կողմից հումանիտար աջակցության և առողջապահության բնագավառներում իրականացված ծրագրերն ու այս ոլորտներում համագործակցության հետագա խորացումը: Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և այս ուղղությամբ միասնական քայլեր կատարելու հնարավորություններին Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:  Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին՝ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը։ Միաժամանակ արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը:
16:40 - 25 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ  ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի  անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։ Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են Կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:   ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել  սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
19:12 - 22 հոկտեմբերի, 2022
Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը․ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան: Հոկտեմբերի 21-ին Կապանում հյուպատոսության բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ:  Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,- ասաց Միրզոյանը: Նախարարը հատկանշական համարեց, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստան և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 –րդ տարում: «Անցած 30  տարիների ընթացքում մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով: Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա  փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար»,-ասաց ԱԳ նախարարը: Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, ավելի կխորանան  և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության շնորհիվ»,-ասաց ԱԳ նախարարը: Նա վստահություն հայտնեց, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը: «Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»,-ընդգծեց Միրզոյանը: Նա հյուպատոսին շնորհավորեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոսի պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ:
16:35 - 21 հոկտեմբերի, 2022
Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|

Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքով արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում։ Արարատ Միրզոյանը  հիշեցրեց, որ 2020-ի նոյեբերի 9-ի եռակողմ հայտարությամբ և դրան հաջորդած մյուս եռակողմ հայտարարություններով ընդգծվել է նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը:    «Այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում այդ հայտարարություններում ընդգծվում է նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ անշուշտ ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք և նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան ու գործեն այն երկրների սուվերենության ներքո, գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով անցնում են, այդ թվում և այն ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանից հասնել Նախիջևան»,-ասաց Միրզոյանը:   Ըստ նրա՝ Հայաստանը կարծում է, որ կարող են լինել ավելի արդիական լուծումներ այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումն է: Սակայն հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս հարցում, այն է, որ ճանապարհը պետք է մնա Հայաստանի սուվերենության ներքո և գործի ՀՀ օրենսդրության ներքո:    «Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում: Եվ կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի՝ ադրբեջանական մեկնաբանությանը: Բազմիցս ասել ենք, որ արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց Միրզոյանը:
23:21 - 20 հոկտեմբերի, 2022
Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Իրանը համակարծիք են՝ ձևավորելու Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև եռակողմ հարթակ՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար:  Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։   Իրանի ԱԳ նախարար խոսքով՝ Հայաստանում իր հայ գործընկերոջ հետ բավականին երկար խոսել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի մասին:    «Մեր օրակարգի կարևոր թեմաներից է այս միջանցքը: Եվ հաշվի առնելով Հնդկաստանի դերը, որ կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ համակարծիք ենք եղել ձևավորել եռակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս կարևոր միջանցքի կառուցման աշխատանքում»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:   Հայաստան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով:    «Եվ մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին համաձայնություն, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում: Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի այդ թվում և Հնդկաստանի համար»,-ասաց Միրզոյանը:   Նախարարը հույս հայտնեց, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել այդ գաղափարի կենսագործմանը:
22:50 - 20 հոկտեմբերի, 2022
Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան |armenpress.am|

Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ-ում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում:    «Մեր երկրների մայրաքաղաքներում հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն: Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք, որ երկու երկերի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և բարեկամության, այլ նաև մեր ընդհանուր պետական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում»,-ասաց Միրզոյանը:   Նախարարների քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող իրավիճակը: Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշական աշխատանքների հետ կապված մանրամասները:   Նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կոմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին:    «Վերահաստատել ենք ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամակայանը: Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը»,-ասաց Միրզոյանը:   Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:   «Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը: Եվ այս առումով իհարկե պետք է ընդգծել Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:   Իրանի ԱԳ նախարարի այցը կնշանավորվի նաև կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ: Միրզոյանը սա նշանակալի և խորհրդանշական քայլ համարեց, որը վկայում է երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին:
21:41 - 20 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանեց լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իրանական կողմի դերը այս բարդ իրավիճակի հանգուցալուծման համար, երբ Ադրբեջանը, չնայած իրանական կողմի հայտարարություններին, շարունակում է ռազմատենչ հայտարարությունները։ Աբդոլլահիանը, պատասխանելով հարցին, նշեց․ «Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ իրականացրել ենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացումը», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
21:28 - 20 հոկտեմբերի, 2022