Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ. Երևանի քաղաքապետ

Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։  «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար: Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ: Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում: Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»,- ասված է քաղաքապետի շնորհավորական ուղերձում:
12:53 - 08 մարտի, 2022
Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցությունն է եղել։ Քաղաքապետարանի լրատվական բաժինը ներկայացնում է քննարկման արդյունքները։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Երևանի Շենգավիթի մարզադպրոցի սաներին՝ ի դեմս դպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելու առթիվ: Հայաստանցի հինգ պատանի ցատկորդները քառօրյա առաջնության ընթացքում նվաճել են հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Քաղաքապետ Սարգսյանը շնորհավորել և մարզական նորանոր ձեռքբերումներ է մաղթել նաև Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանին ու սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի մյուս անդամներին՝ Դոհայում ընթացող Գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների համար: Վահագն Դավթյանն, ի դեպ, օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր: ***Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին: ***Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է ծրագիրը մեկնարկել ծայրամասային վարչական շրջաններից և համալիր լուծում տալով շարժվել առաջ: ***Մայրաքաղաքի փողոցների ոչ պիտանի գովազդային վահանակները ապամոնտաժելու համար իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Քաղաքապետ Սարգսյանն առաջարկել է գովազդի թույլտվությունների ժամանակ տրամադրել նաև QR կոդեր, ինչը ճշգրիտ հաշվառում իրականացնելու և դաշտը վերահսկելի դարձնելու հնարավորություն կտա: ***Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ԵՄ կառույցների հետ համատեղ նախատեսվում է արևային կայաններ տեղադրել նաև քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին: Զեկուցվել է, որ «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնության շրջանակում «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով երևանյան ավելի քան 90 շենքերում ավարտվել են արևային ֆոտովոլտային վահանակների ու լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքները: Ընթացքում է ՖՎ կայանների էլեկտրական մոնտաժի և ցանցին միացման գործընթացը: ***Թափոնների տեսակավորման գործընթացը մայրաքաղաքում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները մեկնարկել Դավթաշեն վարչական շրջանից՝ առկա բոլոր աղբամանների կողքին տեղադրելով նաև տեսակավորման թափոնամաններ:
15:11 - 07 մարտի, 2022
Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը կառավարման էլեկտրոնային համակարգ կներդնի

Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը կառավարման էլեկտրոնային համակարգ կներդնի

Երևանի մոտ 5000 բազմաբնակարան բնակելի շենքերը կառավարում են 260 համատիրությունները, իսկ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս պետք է վճարեն որոշակի գումար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը: «Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պարտադիր են: Դա ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար է»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Որքա˚ն գումար է հավաքվում, ո˚ւր է ուղղվում այն և արդյո՞ք բնակիչները տեղեկացված են: Մենք շրջեցինք տարբեր վարչական շրջաններում: Մի շարք համատիրություններ գումարները հիմնականում հավաքում են բանկային հաշվեհամարին փոխանցմամբ, իսկ հաշվետվություն ներկայացնում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Կապը բնակիչների հետ պահում են նաև սոցիալական ցանցերով: «Յուրաքանչյուր շենքի համատիրության պարտավորվածության շրջանակում է ապահովել բազմաբնակարան շենքի պահպանման համար նախատեսված պարտադիր նորմերը, և քաղաքապետարանը այդ պարտադիր նորմերի կատարման վերահսկողություն կարող է իրականացնել, իսկ մնացած ամբողջ գործառույթները բաժնային սեփականատերերի տիրույթում են»,-նշում է Արսեն Կարոյանը: Համատիրությունների մեծ մասը, սակայն, դեռ շարունակում է գումար հավաքել հսկիչների ուժերով, իսկ հաշվետվությունները լավագույն դեպքում փակցնել միայն մուտքերում: Որոշ հասցեներում հաշվետվությունների անգամ հետքը չգտանք:Խնդիրը լուծելու համար համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ: «Երևանում կան շենքեր, որոնք ներքին կարգով ստեղծել են էլեկտրոնային համակարգ, բայց, որպեսզի դա ընդգրկուն լինի, պետք է մշակվի ընդհանուր համակարգ: Երևանի քաղաքապետի կողմից հանձնարարական կա՝ մշակել էլեկտրոնային համակարգ, որն ավելի թափանցիկ կդարձնի շենքի կառավարումը: Այսինքն՝ պարտադիր նորմերի համար վճարված գումարները ավելի տեսանելի կլինեն մեր բնակիչների համար, թե ինչ նպտակով են ծախսվել»,-ասում է Արսեն Կարոյանը: Նոր համակարգի ներդրումը համատիրությունների աշխատանքը կդարձնի առավել արդյունավետ, կամրացնի բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունը: Բնակիչները պետք է գիտակցեն, որ շենքն իրենց համատեղ սեփականությունն է ու այն պահպանելու համար պետք է ժամանակին կատարել վճարումները՝ չմոռանալով հետևել ծախսերին:
13:10 - 28 փետրվարի, 2022
Պատուհաս է դարձել. Երևանի քաղաքապետը՝ բացօթյա ապօրինի առևտրի մասին |1lurer.am|

Պատուհաս է դարձել. Երևանի քաղաքապետը՝ բացօթյա ապօրինի առևտրի մասին |1lurer.am|

1lurer.am։ Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 10 արձանագրություն: Թեժ գծի հեռախոսահամարներին ստացվել է 6 հաղորդագրություն, որոնց համապատասխան ընթացք է տրվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց առևտրի և ծառայությունների վարչության ներկայացուցիչը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ նշված խնդրի վերաբերյալ դժգոհություններ է ստանում, քանի որ մի կողմից կան իրավահավասարության, մյուս կողմից՝ առողջապահական խնդիրներ: «Փողոցում տարբեր մարդիկ են մոտենում և հարցադրում անում, թե մենք հարկեր ենք վճարում, տարածք վարձակալում, ուրիշ «տնտեսվարողներ» առանց հարկ տալու, տարածքի վարձ տալու նույն ապրանքը բերում, նույն գնով վաճառում են: Պատուհաս է դարձել: Ամբողջ Հյուսիսային պողոտան կարծես առևտրի կենտրոն դարձած լինի: Իրավական փոփոխություն պետք է անենք, որ կարողանանք առաջ գնալ: Սնունդն ու մնացածը, որ վաճառվում են Մաշտոցի պողոտայում, հորդորում եմ քաղաղաքացիներին գնում չիրականացնել, սնունդը դրված է գետնին: Մաշտոցի պողոտայում ամենաշատ արտանետումներն են տեղի ունենում. ավտոմեքենաները՝ շատ, խցանումները՝ շատ, էդ ամենը շերտ-շերտ նստում է վրան: Հետո տանում եք ձեր երեխաները, ձեր թոռները, դուք եք ուտում: Եթե մենք այնտեղից առևտուր չիրականացնենք, նրանք այնտեղ չեն լինելու»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետը հիշեցրեց, որ խնդրի կարգավորման համար օրենքի նախագիծ է մշակվել:  Սարգսյանը հանձնարարեց նաև առաջարկ ներկայացնել նաև փողոցային երաժշտությունը կանոնակարգելու վերաբերյալ:
12:31 - 28 փետրվարի, 2022
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է համար 28 և 35 երթուղիների ուղեգծերը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է համար 28 և 35 երթուղիների ուղեգծերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային համար 28 և 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.   Համար 28 երթուղի   ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ   Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված - Մինսկի - Միկոյան - Մուրադյան փողոցներ - Գայի պողոտա - Ռուբինյանց - Պ. Սևակի փողոցներ - Ազատության - Կոմիտասի պողոտաներ - Կիևյան - Հալաբյան - Արզումանյան - Շինարարների - Աբելյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան - Մազմանյան փողոցներ – Սիլիկյան նոր խճուղի – Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փողոց – Աշտարակի խճուղի – Հույսի ավան (վերջնականգառ):   Հետադարձը` Աշտարակի խճուղի – Չաուշի փողոց – Նազարբեկյան թաղամաս – Սիլիկյան նոր խճուղի – Մազմանյան փողոց, այնուհետև նույն ուղեգծով:   Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը:   Համար 35 երթուղի   ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ   Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 4-րդ զանգված - Գյուլիքեխվյան - Գալշոյան - Միկոյան - Բ. Մուրադյան փողոցներ - Գայի - Մյասնիկյան պողոտաներ - Աբովյան պուրակ - Աբովյան - Մոսկովյան փողոցներ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կիևյան - Լենինգրադյան - Սեբաստիայի - Րաֆֆու - Զորավար Անդրանիկի - Օհանովի - Շերամի - Ա. Բաբաջանյան փողոցներ (վերջնականգառ):   Հետադարձը՝ նույն ուղեգծով։  
16:59 - 22 փետրվարի, 2022
Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ «ԵՄ կառույցների հետ Երևանն այսօր համագործակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են համայնքային մանկապարտեզներ, տեղադրվում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ՝ ապահովելով սեյսմակայուն և հարմարավետ պայմաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երևանի ավտոբուսների ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Դրանց ձեռքբերման ֆինանսավորման համար հատկացվել է 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ: Նշվում է, որ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում էլ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում մինչև փետրվարի վերջ երևանյան ավելի քան 90 շենքում տեղադրված կլինեն ֆոտովոլտային վահանակներ և լուսավորության համակարգեր: Կարևորելով Եվրոպական միության հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար: «Տիկին դեսպան, մենք կարևորում ենք մանկապարտեզների հիմնանարոգման ծրագրի շարունակության ապահովումը: Նախապատրաստական աշխատանքները կատարված են և, կարծում եմ, այս տարի կկարողանանք հավելյալ նոր նախակրթարանների մրցույթ հայտարարել: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում դիտարկում ենք նաև էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում: Կցանկանամ նաև ընդգծել, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը»,- նշել է քաղաքապետը: Շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը մեծ սիրով իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցությունն ընդլայնելու հարցում: «Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերն ավելի արագ կընթանան և մենք արդեն արդյունքներ կտեսնենք: Ես վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում, քանզի ՀՀ կառավարության, վարչապետի ու քաղաքային իշխանության ջանքերն ուղղված են ի շահ համընդհանուր բարեկեցության»,- ընդգծել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: Երևանի քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագրի շրջանակում քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին ևս տեղադրել արևային կայաններ: Հանդիպումից հետո Հրաչյա Սարգսյանն Անդրեա Վիկտորինին ուղեկցել է քաղաքապետարանի աշտարակ՝ տեղում դիտարկելու ծրագրի հնարավորությունները:
22:01 - 18 փետրվարի, 2022
Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ:

Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ:   Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքված է նոր նախագծերի կյանքի կոչմամբ:   Մասնավորապես, ԱԶԲ-ի հետ համատեղ համայնքն այսօր ծրագիր է իրականացնում Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածը կառուցելու նպատակով:   «ՀՀ կառավարությունն ու Երևան համայնքը պատրաստակամ են շարունակելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում ենթակառուցվածքների զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը: Տեղյակ եք, որ այս տարիների ընթացքում ինքս եմ համակարգել ԱԶԲ-ի հետ համատեղ ծրագրերի ընթացքը և տեղյակ եմ բոլոր ընթացակարգերին, ինչը հնարավորություն կտա նախաձեռնվող նոր ծրագրերն առավել կարճ ժամկետներում իրագործել»,- նշել է քաղաքապետը:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար՝ ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:   Ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործում իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը կարևորել է երևանյան կանգառների արդիականացումը, էլեկտրոնային չվացուցակների տեղադրումն ու քաղաքում խելացի լուսացույցերի ներդնումը, ինչպես նաև Ջրվեժի ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցումը, որը նախատեսում է նաև գազի և դիզելային վառելիքի լիցքավորման ու ավտոբուսների լվացման կայանների ստեղծում:   Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը:   ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը: Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքը հատուկ վերաբերմունք ունի շրջակա միջավայրի պահպանության խնդրում, և ընթացող ու նախաձեռնվող տարբեր ծրագրերը հենց բնապահպանական արդյունք են ենթադրում: Դրանք են՝ մանկապարտեզների էներգաարդյունավետության ապահովումը, արտաքին լուսավորության ցանցի LED լուսատուներով արդիականացումը, նոր ճանապարհների կառուցումը, կենսագազի կուտակման և այրման կայանի շահագործումն ու պահպանումը, նոր աղբավայրի կառուցումը և այլն:   Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համայնքը տարբեր ծրագրեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:   Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով էլ ՎԶԵԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրականացվում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։
16:21 - 18 փետրվարի, 2022
Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության դատախազների հետ, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյան, նշված տարածքներն սպասարկող՝ իրավապահ մյուս մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ամփոփել է նշված վարչական շրջաննների դատախազության 2021թ. թվականի գործունեության արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է դատախազական գործառությների բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Արձանագրվել է, որ 2021թ. նշված վարչական շրջանների տարածքում արձանագրվել է հանցագործության 3834 դեպք` 2020թ-ի համեմատ 271-ով կամ 7,6%-ով ավելի, իսկ բացահայտումը կազմել է 32,7%՝ 2020թ. 30,4%-ի դիմաց: 2021թ. ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել վարույթում գտնվող 6140 քրեական գործով, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 44%-ով: Այսինքն գործնականում դատախազության յուրաքանչյուր դատախազ դատավարական ղեկավարում և հսկողություն է իրականացրել 400-ից ավել քրեական գործի, 400 նյութի նախապատրաստման նկատմամբ, ինչը վկայում է մեծ ծանրաբեռնվածության մասին: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է վարչական շրջաննների դատախազության դաախազների կողմից ակտիվ նախաձեռնողականությունը, ըստ էության, բոլոր գործառույթների, հատկապես հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման շրջանակում դատախազական ներգործության միջոցների կիրառման առումով: Մասնավորապես՝ 2021թ. դատախազների կողմից վերացվել է վարույթը կասեցնելու 190 և վարույթը կարճելու 123 որոշում, ինչը գրեթե եռակի ավելի է 2020թ. համեմատ: Դատախազների որոշումներով 9 քրեական գործով վերացվել են 9 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումներ: 2021թ.ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից քրեական գործերի քննության օպերատիվությունը, լրիվությունն ապահովելու նպատակով քննիչներին տրվել է 611 ցուցում (նախորդող տարվա 225-ի դիմաց: Բացի այդ, ապացույցների բավարար համակցություն ապահովված չլինելու, անձանց արարքներին սխալ իրավական գնահատական տալու և քրեադատավարական օրենքի պահանջները պահպանված չլինելու պատճառներով հսկող դատախազների կողմից 17 գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և քրեական գործերն ուղարկվել են լրացուցիչ նախաքննության (2020թ. նման 4 դեպք է արձանագրվել): Այս գործերից, ի վերջո, 13-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելով, 2-ով վարույթը կարճվել է, իսկ 2 քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է: Հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված դատավարական խախտումների կապակցությամբ ներկայացվել է 39 ծառայողական քննություն կատարելու միջնորդություն: Ծառայողական քննության միջնորդությունները պայմանավորված են եղել անձնական խուզարկության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետների, գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պահանջների խախտմամբ և այլն: Դատախազական նման հետևողական հսկողության արդյունքում հաջողվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել 403 գործ՝ ինչը 173-ով կամ 75%-ով ավելի է 2020թ. համեմատ: Ընդ որում՝ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարանում մեղադրանքը պաշտպանվել է 151 գործով 161 անձի նկատմամբ, որը շուրջ 24% գերազանցում է 2020թ. ցուցանիշը: ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները, խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ մի շարք ուղություններով: Մասնավորապես՝ խնդիր է դրվել առավել զգայուն լինել քաղաքացիների բողոքների, դժգոհությունների, բարձրացրած խնդիրների նկատմամբ և դրանց պատշաճ արձագանքումն ապահովելու նպատակով ավելացնել դատախազների մոտ քաղաքացիների ընդունելությունները, շփումները: Բացի այդ, հանձնարարվել է լինել առավել հետևողական հնարավորինս թարմ հետքերով հանցագործությունների բացահայտման նպատակով հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն տալու և կոնկրետ արդյունքներ ակնկալելու հարցում: Թեև գլխավոր դատախազն արձանագրել է, որ ընդհանուր առմամբ վարչական շրջաննների դատախազության դատախազների հսոկղության ներքո գործերով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնոդրությունների հիմնավորվածության մակարդակը էապես բարձրացել է, սակայն անհրաժեշտ է հնարավորության դեպքում մասնակցել առաջին ատյանի դատարաններում միջնորդությունների քննութուններին: Արթուր Դավթյանը նշել է նաև, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, դրանց պատճառները բացահայտելու նպատակով իրավասու մարմիններին, սուբյեկտներին հիմնավորված և առարկակական լուծումների նախանշմամբ միջնորդագրերի ներկայացման գործընթացի ակտիվացումը; Ընդհանուր առմամբ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից 2021թ. ընթացքում ներկայացվել է 59 միջնորդագիր և հաղորդում, ինչը 2020թ. համեմատ ավելի է 55%-ով:
17:19 - 16 փետրվարի, 2022
Շինհրապարակից հեռացվեց Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության մեջ ներգրավված շինտեխնիկան․ «ՖիզԳորոդոկ Երևան»

Շինհրապարակից հեռացվեց Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության մեջ ներգրավված շինտեխնիկան․ «ՖիզԳորոդոկ Երևան»

«ՖիզԳորոդոկ Երևան»-ը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Քիչ առաջ շինհրապարակից հեռացվեց Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության մեջ ներգրավված շինտեխնիկան։ Հավանաբար դրա համար հիմք են հանդիսացել մեր նախաձեռնող խմբի վեր հանած բացահայտումները, որոնցով թաղամասի բնակիչներով դիմել էինք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Շնորհակալ ենք արագ արձագանքման համար: Նույն հարցերով դիմել ենք նաև Երևանի քաղաքապետին: Ստորև ներկայացնում ենք հատվածներ՝ քաղաքապետին հասցեագրված մեր նամակից․ «Հարգելի՛ պարոն քաղաքապետ, մինչ մենք անցյալ տարվա վերջից սպասում ենք Ձեր հրապարակավ խոստացված այցելությանը «Ֆիզգորոդոկ», բացահայտվել են կառուցապատող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հետ կապված նոր խայտառակ խախտումներ, որոնք պահանջում են Ձեր անհապաղ միջամտությունը: «ՌԱՏԿՈ»-ին 29.07.2021թ-ին տրամադրված շինթույլտվությունը հիմնված է ակնհայտ կեղծիքի վրա: Շինթույլտվության մեջ նշված է, որ «ՌԱՏԿՈ»-ի նախագծային փաստաթղթերը ստացել են «ԱՐՏՊՐՈ» ԱԿ (Լիցենզիա 16682) 12.05.2021թ. հ. Փ-03 փորձագիտական դրական եզրակացությունը: Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի լիցենզավորված կազմակերպությունների ցանկերի՝ «ԱՐՏՊՐՈ»-ն փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձ չի հանդիսացել 12.05.2021թ. դրությամբ: «ԱՐՏՊՐՈ»-ի 10.11.2017թ-ին տրված «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» թիվ 16682 լիցենզիայի ուժը կորցրել է, քանի որ այդ տեսակի բոլոր լիցենզիաների գործողությունը դադարել է օրենքի ուժով 01.01.2020թ-ից՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների (տես՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=132210): Նոր տեսակի լիցենզիա («Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն») «ԱՐՏՊՐՈ»-ն չի ստացել: Ուստի, նախագիծը չի անցել պարզ փորձաքննություն, ինչի պարագայում չէր կարող անցնել նաև պետական համալիր փորձաքննություն: Նշված փաստով ակնհայտ և անհերքելի կերպով հաստատվում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից «ՌԱՏԿՈ»-ին տրամադրված Շինթույլտվությունը, ըստ էության, կեղծիքի արդյունք է: Լիցենզիա չունեցող անձի կողմից «փորձագիտական եզրակացություն» տալն ինքնին պարունակում է հանցավոր ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ակնհայտ հատկանիշներ (ՀՀ Քր.Օր. հ.188): Միաժամանակ, այդպիսի «փորձագիտական եզրակացություն» հիման վրա համալիր պետական փորձաքննության դրական եզրակացության և շինթույլտվության տրամադրումն առնվազն պարունակում պաշտոնեական լիազորությունները չարաշահման հատկանիշներ (ՀՀ Քր.Օր. հ.308): Հարց է առաջանում, ինչպե՞ս է այդ ամենը հնարավոր դարձել, ո՞վքեր են դրանում մեղավոր, և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն: Սակայն նախքան այդ հարցի պարզելը և անկախ դրանից, ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-Ի ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՀԻՄՆՎԱԾ Է ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Դա անհրաժեշտ է անել՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34 րդ հոդվածի 1-ին մասով և 63 րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 2 րդ մասով, 4 րդ մասի «բ» կետով: Շինթույլտվությունը անվավեր ճանաչելուց առաջ և առաջին հերթին, կարծում ենք, որ հարկավոր է անհետաձգելի քայլեր ձեռնարկել ակնհայտ անհիմն շինթույլտվության հիման վրա շինարարական աշխատանքների անհապաղ կասեցնելու ուղղությամբ: Այդ աշխատանքներով արդեն իսկ հսկայական վնաս է պատճառվել նորահայտ հուշարձան ճանաչված Ֆիզիկայի ինստիտուտի բանավանին հայտնի և բոլորի կողմից սիրված կանաչապատ «Ֆիզգորոդոկ»-ին, թաղամասի բոլոր բնակիչներին, ամբողջ Երևան քաղաքին և ողջ Հայաստանի Հանրապետությանը: Ապօրինի շինթույլտվությունն անվավեր ճանաչելու ուղղությամբ հանրային շահերից ելնելով անհապաղ քայլեր ձեռնարկելը Երևանի քաղաքապետի՝ որպես տեղական հանրային իշխանության, օրենքից բխող պարտականությունն է»»։ Հիշեցնենք, որ դեռևս 2021-ի օգոստոսին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ»՝ կառուցված 1950-60-ականներին, սկսվել են մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ՝ բնակիչների համոզմամբ՝ ապօրինի։ Սա Երեւանի այն քիչ թաղամասերից է, որի շրջակա պուրակի ծառերն ամբողջությամբ հատված չեն։ 
18:33 - 15 փետրվարի, 2022
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը Երեւանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում նախատեսում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, երեկ վաղ առավոտյան փորձել է կտրել կենտրոնի ճաղավանդակները՝ ներս անցնելու եւ որոշ աշխատանքներ իրականացնելու համար։ Սա առաջացրել է Ինստիտուտի աշխատակիցների բողոքը․ նրանց պնդմամբ՝ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը խոչընդոտելու է Ինստիտուտի բնականոն աշխատանքին․ Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում ջրավազանի փոխարեն բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը՝ շեշտելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն Ինստիտուտի մոտ գտնվող գույքը ձեռք է բերել 2019 թվականի մայիսին, նույն թվականի սեպտեմբերի 29-ին ՓԲԸ-ն կառուցապատման համար դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ հողատարածքում շինարարական թույլտվություն ստանալու համար։ Նախատեսում են խառը կառուցապատում իրականացնել՝ 50%-ը բիզնես կենտրոն, մյուս մասը՝ հյուրանոցային բնակելի համալիր։  Շինթույլտվություն Ընկերությունը դեռեւս չի ստացել, ինչպես Երեւանի քաղաքապետարանից հայտնել են Infocom-ին, բայց ստացել է նախագծման թույլտվություն․ ըստ ամենայնի հենց այդ հիմքով էլ երեկ նախաձեռնել են իրենց աշխատանքները։  «Ժամը 7-ին եկել են, պարիսպը, որը մեր գույքն է, փորձել են կտրել, մեր աշխատակիցները չեն թողել, հետո կարմիր բերետավորներ են եկել, իրենց օգնությամբ Ընկերությունը դոմիկ է տեղադրել, տեխնիկա են բերել տարածք»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը, որի խոսքով՝ իրենք Ընկերության կամ դրա սեփականտիրոջ հետ խնդիր եւ խոսելիք գործնականում չունեն, իրենց համակար այժմ շատ կարեւոր է կառավարության դիրքորոշումը․ «Այդ կառույցը վնասելու է մեր Ինստիտուտի ապագա գոյությունը։ Հիմա կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ էդ կառո՞ւյցն է պետք, թե՞ Ինստիտուտը։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց սա ապօրինությունների հետեւանք է։ Պետք է հաշվի առնել՝ սա ինչ հետեւանքներ է բերելու, վաղը-մյուս օրը շենքը կառուցվեց, բնակելի շենք է լինելու, բնակիչները բողոքեցին՝ հոտեր-բաներ․․․ Մեծ մասն անվտանգ է լինելու, բայց հոտեր լինելու են, կարո՞ղ ես բնակիչներին բացատրել, որ դա անվտանգ է, չես կարող։ Բողոքներ կլինեն, ինստիտուտը կփակեն»,- մտահոգություն ունի մեր զրուցակիցը։  Հակոբյանի համոզմամբ՝ ուժեղ գիտությունն առանց նման կենտրոնի անհնար է, քանի որ այն ոչ միայն գիտելիքի ու գիտության տեսանկյունից սեփական արտադրանքն ունի, այլ նաեւ դեղեր է արտադրում, որոնք ոչ միայն Հայաստանում են սպառվում, այլեւ արտերկրում․ «Մենք նաեւ հանդիսանում ենք որակյալ եւ մրցունակ կադրերի դարբնոց, մեզ մոտով անցած շատ մարդիկ հանրապետության տարբեր բուհերում ու գիտահետազոտական կենտրոններում են աշխատում՝ չհաշված մասնավոր ոլորտը։ Մեզ ոչ միայն պետությունն է գրանտային միջոցներ տրամադրում, այլ նաեւ համագործակցում ենք այլ երկրների հետ՝ Սաուդյան Արաբիա, Շվեյացարիա․ նրանց մեր կիրառական արդյունքը շատ է հետաքրքրում, ու մենք այդ ամենը տալիս ենք»,- նշում է Ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը։ Ինստիտուտի աշխատակիցները նամակներ են գրել պատկան մարմիններին ոչ միայն այսօր, այլ նաեւ դեռ անցյալ ամռանը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունների մասին ու ակնկալելով խնդրին արդարացի լուծում, սակայն էական պատասխաններ չեն ստացել։ Հիմնավորելով, թե ինչու են Գիտատեխնոլոգիական կենտրոնն ու բնակելի համալիրն ուղղակի անհամատեղելի՝ Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարեւանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Բացի դրանից՝ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են եւ ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլեւս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները եւ կենսաբանները եւս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված: Ռոբերտ Հակոբյանը մեր զրույցում նկատեց՝ Ինստիտուտի աշխատանքները հիմա էլ խաթարվել են, եւ դա այն պարագայում, երբ Ընկերությունն ընդամենը հորատ անցում է անում․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փորեն, ինչ կլինի։ Էդ աղմուկն արդեն իսկ խանգարում է։ Գիտությունը մենակ ֆինանսը չի, մարդը չի, նաեւ տարածքն է, որովհետեւ մարդը տեղ պիտի ունենա աշխատելու, էդ ամենը մոռանում են՝ առանց հետոյի մասին մտածելու»։ Պատկան մարմիններին ուղղած իրենց գրություններում Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ դեռ 2007թ.-ին Ինստիտուտն ապօրինի կերպով զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից, սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով Ինստիտուտի անվտանգության մակարդակը․ «Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլեւ հանդիսանում է միկրոկլիմայի եւ միկրոէկոլոգիական համակարգի ամենակարեւոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները»,- գրել են աշխատակիցները։ Խնդրո առարկա այդ հողամասի օտարման օրինականությունը Հայաստանի իրավապահներն ուսումնասիրության առարկա դարձրել են. 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, եւ հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համաձայնության մասին որեւէ որոշում չի կայացվել: Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ իրականացվել նախաքննություն: Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: Բայց քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներ են կայացվել այդ գործով, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել:  Երեւան քաղաքի դատախազությունը 2019 թվականին Երեւանի քաղաքապետին գրությամբ առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետեւանքները կիրառելու եւ գույքը Երեւան համայնքին վերադարձնելու ուղղությամբ, ինչն այս պահի դրությամբ փաստացի տեղի չի ունեցել։ Ինստիտուտի աշխատակիցներն ակնկալում են հանդիպումներ իրավասու մարմինների հետ։ Նրանք հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարելու են՝ հարցին լուծում տալու համար․ «Էն մարդը, որն այս տարածում շինթույլտվություն կտրամադրի, կարելի է ասել՝ անհայրենիք մարդ կլինի, որովհետեւ սա նաեւ Հայաստանի անվտանգության հարցն է»,- եզրափակեց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:48 - 14 փետրվարի, 2022
Հանրային քննարկման են դրված Երևանի 2021թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

Հանրային քննարկման են դրված Երևանի 2021թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

Երևանի 2021 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքները հաշվետվությունները հանրային քննարկման են ներկայացված: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը համառոտ ներկայացնելով բյուջեի կատարողականն ընդգծել է.«Քաղաքի 2021 թվականի ծախսերում գերակշիռ են եղել կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը: Եկամուտները կատարվել են 95,3 %-ով: Գնումների խնայողություններով պայմանավորված էլ կան որոշակի տարբերություններ՝ նախատեսված և փաստացի ծախսված գումարների առումով»: 2021թ. քաղաքի զարգացման ծրագրով հիմնանորոգվել են մանկապարտեզներ, նորոգվել ու վերազինվել պոլիկլինիկաներ: Երևանի քաղաքապետարանում ներդրվել է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Համայնքը ձեռք է բերել նոր ավտոբուսներ, արդիականացրել մետրոյի վագոններ: Անդրադառնալով խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես տրանսպորտային նոր ցանցի ներդրման, մետրոյի նոր կայարանի, ինչպես նաև ավտոկայանտեղիների կառուցման նախագծերին՝ քաղաքապետի առաջին տեղակալը նկատել է, որ քաղաքային իշխանությունը աշխատանքներ է տանում նշված բոլոր ոլորտներում՝ նախագծերը ծրագիր դարձնելու համար: Քննարկումից հետո խորհուրդը միաձայն որոշեց հաշվետվությունները հանրային քննարկման դնել: Քաղաքացիները մինչև փետրվարի 24-ը կկարողանան իրենց առաջարկներն ուղարկել [email protected]ին կամ [email protected] էլեկտրոնային փոստով կամ ներկայացնել գրավոր: Փետրվարի 24-ին՝ ժամը 15.00-ին քաղաքապետարանում կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել:
13:14 - 10 փետրվարի, 2022
Երևանը նախատեսում է եվրոբոնդեր թողարկել. քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչի հետ

Երևանը նախատեսում է եվրոբոնդեր թողարկել. քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչի հետ

Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ այսօր տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանի հետ հանդիպման ժամանակ: Կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար: Մասնավորապես, քաղաքապետ Սարգսյանն առանձնացրել է նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը, համայնքային պոլիկլինիկաների վերակառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրերի շարունակականության ապահովումն ու մի շարք այլ ծրագրերի իրականացումը, որոնք տվյալ ոլորտներում կապահովեն համալիր լուծումներ: Հրաչյա Սարգսյանը նաև ընդգծել է, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը: «Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստկամության համար՝ Ստեֆանի Գիար-Բրանն իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քաղաքի կառավարման հարցում ներկայացնելով իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ առաջին տեղակալի հետ աշխատանքներ են տարվում եվրոբոնդեր թողարկելու ուղղությամբ, մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվում են հնարավորությունները: Նախաձեռնությունը ոչ միայն կարևոր դերակատարում կունենա քաղաքի տնտեսական զարգացման համար, այլև կարևոր ու գրավիչ գործիք կլինի ներդրողների՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայի համար:
21:02 - 09 փետրվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300,000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով: Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019թ. նոյեմբերից 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: Բացի այդ, Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10,000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020թ. հոկտեմբերից 2021թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1,000,000 ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 09.02.2022թ.-ին Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:24 - 09 փետրվարի, 2022
Հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը՝ անդրադառնալով սպորտի ոլորտում կատարված հիմնական աշխատանքին․ Գայանե Մելքոմ Մելքոմյան

Հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը՝ անդրադառնալով սպորտի ոլորտում կատարված հիմնական աշխատանքին․ Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդադառնալով այսօր Երևանի քաղաքապետի հայտարարությանը, թե սպորտի բաժինը գտնվում է խայտառակ վիճակում։    «Այսօր Երևանի ավագանու նիստում քաղաքապետը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը գտնվում է խայտառակ վիճակում և որ սպորտը նախկինում երբեք ուշադրության չի արժանացել։   Նա, անշուշտ, իրավացի է, որ ոլորտում համայնքը տարիներ ի վեր լուրջ ներդումներ չի արել, իսկ կառավարչական առումով այն քայքայվել է։ Սակայն, որպես վերջին տարում սպորտի և երիտասարդության ոլորտը համակարգած քաղաքապետի տեղակալ, հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը՝ հակիրճ անդրադառնալով առնվազն վերջին տարում նշյալ ոլորտներում կատարված հիմնական աշխատանքին։   2021 թվականին ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվել է սպորտի ոլորտի փորձագիտական վերլուծություն (համապատասխան բաժինների գործառութային ուսումնասիրություն, սպորտաձևերի ու մարզադպրոցների բաշխման և դրանցում մարզիկների ներգրավվածության, շարժունության խնդիրներ և այլն)։   Արդյունքում կազմվել է համակարգային բարեփոխումների առաջարկ՝ համոզված լինելով, որ ոլորտի հետագա բարելավման նպատակով առաջնային է նախ բարեփոխել և ամրապնդել դրա համար պատասխանատու ստորաբաժանումը։   Մասնավորապես՝ կազմվել է սպորտի բաժնի գործառութային վերակազմակերպման, ինչպես նաև երիտասարդության հարցերի առանձին, նոր բաժնի ստեղծման նախագծային փաթեթ։ Միաժամանակ՝ կազմվել է սպորտի բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստումների նախնական պլան։   Նաև, գործունեության աննպատակահարմարության հիմքով առաջարկվել է լուծարել Երևանի Սպորտկոմիտե ՀՈԱԿ-ը՝ դրա գործառույթները փոխանցելով սպորտի բաժնին։ Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում համայնքը կխնայեր տարեկան մոտ 11 մլն դրամ։   Մարզադպրոցների գործունեության կանոնակարգմանն ու թափանցիկության բարձրացմանն ուղղված որոշումների շարքում պատրաստվել է դրանց ենթակայության սկզբունքը հստակեցնող նախագիծ, մշակվել է դրանց էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական առաջադրանքը։ Համակարգը նախատեսվում էր մշակել և ներդնել 2022 թվականի ընթացքում, որն իր հետ կբերեր այն բոլոր առավելությունները և որակական փոփոխությունները, որոնք բերում են էլեկտրոնային համակարգերը։   ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ կատարվել է նաև ոչ ֆորմալ կրթական կենտրոնների ուսումնասիրություն։ Արդյունքում նախատեսվել է համայնքային 13 մանկապատանեկան մշակութային կենտրոնները վերափոխել պատանեկության և երիտասարդական կենտրոնների (որպիսիք քաղաքը ներկայումս չունի)՝ դրանց վերափոխման և հետագա կանոնակարգման ծրագրի իրականացումը վերապահելով նոր ստեղծվելիք երիտասարդության բաժնին։   Ի դեպ, 2021 թվականին ձևավորվել և սկսել է գործել քաղաքապետին կից երիտասարդական հարցերի խորհուրդը, և առաջին անգամ համայնքային միջոցներով իրականացվել են երիտասարդական ծրագրեր՝ դրանք շարունակական դարձնելու նախատեսմամբ»,-ասված է գրառման մեջ։    Հուսով եմ՝ ներկայում պաշտոնավարող գործընկերներս չեն տարվի միայն առանձին մարզադպրոցների խնդիրներին անդրադառնալու գայթակղությամբ, այլ կդիտարկեն ռազմավարական առումով ավելի խորքային բարեփոխումներ առաջարկող, արդեն իսկ նախապատրաստված (կամ այլընտրանքային) նախագծերի իրագործման հարցը։
22:37 - 08 փետրվարի, 2022