Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը Երեւանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում նախատեսում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, երեկ վաղ առավոտյան փորձել է կտրել կենտրոնի ճաղավանդակները՝ ներս անցնելու եւ որոշ աշխատանքներ իրականացնելու համար։ Սա առաջացրել է Ինստիտուտի աշխատակիցների բողոքը․ նրանց պնդմամբ՝ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը խոչընդոտելու է Ինստիտուտի բնականոն աշխատանքին․ Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում ջրավազանի փոխարեն բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը՝ շեշտելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն Ինստիտուտի մոտ գտնվող գույքը ձեռք է բերել 2019 թվականի մայիսին, նույն թվականի սեպտեմբերի 29-ին ՓԲԸ-ն կառուցապատման համար դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ հողատարածքում շինարարական թույլտվություն ստանալու համար։ Նախատեսում են խառը կառուցապատում իրականացնել՝ 50%-ը բիզնես կենտրոն, մյուս մասը՝ հյուրանոցային բնակելի համալիր։  Շինթույլտվություն Ընկերությունը դեռեւս չի ստացել, ինչպես Երեւանի քաղաքապետարանից հայտնել են Infocom-ին, բայց ստացել է նախագծման թույլտվություն․ ըստ ամենայնի հենց այդ հիմքով էլ երեկ նախաձեռնել են իրենց աշխատանքները։  «Ժամը 7-ին եկել են, պարիսպը, որը մեր գույքն է, փորձել են կտրել, մեր աշխատակիցները չեն թողել, հետո կարմիր բերետավորներ են եկել, իրենց օգնությամբ Ընկերությունը դոմիկ է տեղադրել, տեխնիկա են բերել տարածք»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը, որի խոսքով՝ իրենք Ընկերության կամ դրա սեփականտիրոջ հետ խնդիր եւ խոսելիք գործնականում չունեն, իրենց համակար այժմ շատ կարեւոր է կառավարության դիրքորոշումը․ «Այդ կառույցը վնասելու է մեր Ինստիտուտի ապագա գոյությունը։ Հիմա կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ էդ կառո՞ւյցն է պետք, թե՞ Ինստիտուտը։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց սա ապօրինությունների հետեւանք է։ Պետք է հաշվի առնել՝ սա ինչ հետեւանքներ է բերելու, վաղը-մյուս օրը շենքը կառուցվեց, բնակելի շենք է լինելու, բնակիչները բողոքեցին՝ հոտեր-բաներ․․․ Մեծ մասն անվտանգ է լինելու, բայց հոտեր լինելու են, կարո՞ղ ես բնակիչներին բացատրել, որ դա անվտանգ է, չես կարող։ Բողոքներ կլինեն, ինստիտուտը կփակեն»,- մտահոգություն ունի մեր զրուցակիցը։  Հակոբյանի համոզմամբ՝ ուժեղ գիտությունն առանց նման կենտրոնի անհնար է, քանի որ այն ոչ միայն գիտելիքի ու գիտության տեսանկյունից սեփական արտադրանքն ունի, այլ նաեւ դեղեր է արտադրում, որոնք ոչ միայն Հայաստանում են սպառվում, այլեւ արտերկրում․ «Մենք նաեւ հանդիսանում ենք որակյալ եւ մրցունակ կադրերի դարբնոց, մեզ մոտով անցած շատ մարդիկ հանրապետության տարբեր բուհերում ու գիտահետազոտական կենտրոններում են աշխատում՝ չհաշված մասնավոր ոլորտը։ Մեզ ոչ միայն պետությունն է գրանտային միջոցներ տրամադրում, այլ նաեւ համագործակցում ենք այլ երկրների հետ՝ Սաուդյան Արաբիա, Շվեյացարիա․ նրանց մեր կիրառական արդյունքը շատ է հետաքրքրում, ու մենք այդ ամենը տալիս ենք»,- նշում է Ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը։ Ինստիտուտի աշխատակիցները նամակներ են գրել պատկան մարմիններին ոչ միայն այսօր, այլ նաեւ դեռ անցյալ ամռանը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունների մասին ու ակնկալելով խնդրին արդարացի լուծում, սակայն էական պատասխաններ չեն ստացել։ Հիմնավորելով, թե ինչու են Գիտատեխնոլոգիական կենտրոնն ու բնակելի համալիրն ուղղակի անհամատեղելի՝ Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարեւանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Բացի դրանից՝ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են եւ ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլեւս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները եւ կենսաբանները եւս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված: Ռոբերտ Հակոբյանը մեր զրույցում նկատեց՝ Ինստիտուտի աշխատանքները հիմա էլ խաթարվել են, եւ դա այն պարագայում, երբ Ընկերությունն ընդամենը հորատ անցում է անում․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փորեն, ինչ կլինի։ Էդ աղմուկն արդեն իսկ խանգարում է։ Գիտությունը մենակ ֆինանսը չի, մարդը չի, նաեւ տարածքն է, որովհետեւ մարդը տեղ պիտի ունենա աշխատելու, էդ ամենը մոռանում են՝ առանց հետոյի մասին մտածելու»։ Պատկան մարմիններին ուղղած իրենց գրություններում Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ դեռ 2007թ.-ին Ինստիտուտն ապօրինի կերպով զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից, սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով Ինստիտուտի անվտանգության մակարդակը․ «Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլեւ հանդիսանում է միկրոկլիմայի եւ միկրոէկոլոգիական համակարգի ամենակարեւոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները»,- գրել են աշխատակիցները։ Խնդրո առարկա այդ հողամասի օտարման օրինականությունը Հայաստանի իրավապահներն ուսումնասիրության առարկա դարձրել են. 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, եւ հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համաձայնության մասին որեւէ որոշում չի կայացվել: Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ իրականացվել նախաքննություն: Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: Բայց քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներ են կայացվել այդ գործով, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել:  Երեւան քաղաքի դատախազությունը 2019 թվականին Երեւանի քաղաքապետին գրությամբ առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետեւանքները կիրառելու եւ գույքը Երեւան համայնքին վերադարձնելու ուղղությամբ, ինչն այս պահի դրությամբ փաստացի տեղի չի ունեցել։ Ինստիտուտի աշխատակիցներն ակնկալում են հանդիպումներ իրավասու մարմինների հետ։ Նրանք հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարելու են՝ հարցին լուծում տալու համար․ «Էն մարդը, որն այս տարածում շինթույլտվություն կտրամադրի, կարելի է ասել՝ անհայրենիք մարդ կլինի, որովհետեւ սա նաեւ Հայաստանի անվտանգության հարցն է»,- եզրափակեց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:48 - 14 փետրվարի, 2022
Հանրային քննարկման են դրված Երևանի 2021թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

Հանրային քննարկման են դրված Երևանի 2021թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

Երևանի 2021 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքները հաշվետվությունները հանրային քննարկման են ներկայացված: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը համառոտ ներկայացնելով բյուջեի կատարողականն ընդգծել է.«Քաղաքի 2021 թվականի ծախսերում գերակշիռ են եղել կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը: Եկամուտները կատարվել են 95,3 %-ով: Գնումների խնայողություններով պայմանավորված էլ կան որոշակի տարբերություններ՝ նախատեսված և փաստացի ծախսված գումարների առումով»: 2021թ. քաղաքի զարգացման ծրագրով հիմնանորոգվել են մանկապարտեզներ, նորոգվել ու վերազինվել պոլիկլինիկաներ: Երևանի քաղաքապետարանում ներդրվել է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Համայնքը ձեռք է բերել նոր ավտոբուսներ, արդիականացրել մետրոյի վագոններ: Անդրադառնալով խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես տրանսպորտային նոր ցանցի ներդրման, մետրոյի նոր կայարանի, ինչպես նաև ավտոկայանտեղիների կառուցման նախագծերին՝ քաղաքապետի առաջին տեղակալը նկատել է, որ քաղաքային իշխանությունը աշխատանքներ է տանում նշված բոլոր ոլորտներում՝ նախագծերը ծրագիր դարձնելու համար: Քննարկումից հետո խորհուրդը միաձայն որոշեց հաշվետվությունները հանրային քննարկման դնել: Քաղաքացիները մինչև փետրվարի 24-ը կկարողանան իրենց առաջարկներն ուղարկել [email protected]ին կամ [email protected] էլեկտրոնային փոստով կամ ներկայացնել գրավոր: Փետրվարի 24-ին՝ ժամը 15.00-ին քաղաքապետարանում կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել:
13:14 - 10 փետրվարի, 2022
Երևանը նախատեսում է եվրոբոնդեր թողարկել. քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչի հետ

Երևանը նախատեսում է եվրոբոնդեր թողարկել. քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչի հետ

Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ այսօր տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանի հետ հանդիպման ժամանակ: Կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար: Մասնավորապես, քաղաքապետ Սարգսյանն առանձնացրել է նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը, համայնքային պոլիկլինիկաների վերակառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրերի շարունակականության ապահովումն ու մի շարք այլ ծրագրերի իրականացումը, որոնք տվյալ ոլորտներում կապահովեն համալիր լուծումներ: Հրաչյա Սարգսյանը նաև ընդգծել է, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը: «Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստկամության համար՝ Ստեֆանի Գիար-Բրանն իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քաղաքի կառավարման հարցում ներկայացնելով իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ առաջին տեղակալի հետ աշխատանքներ են տարվում եվրոբոնդեր թողարկելու ուղղությամբ, մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվում են հնարավորությունները: Նախաձեռնությունը ոչ միայն կարևոր դերակատարում կունենա քաղաքի տնտեսական զարգացման համար, այլև կարևոր ու գրավիչ գործիք կլինի ներդրողների՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայի համար:
21:02 - 09 փետրվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300,000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով: Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019թ. նոյեմբերից 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: Բացի այդ, Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10,000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020թ. հոկտեմբերից 2021թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1,000,000 ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 09.02.2022թ.-ին Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:24 - 09 փետրվարի, 2022
Հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը՝ անդրադառնալով սպորտի ոլորտում կատարված հիմնական աշխատանքին․ Գայանե Մելքոմ Մելքոմյան

Հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը՝ անդրադառնալով սպորտի ոլորտում կատարված հիմնական աշխատանքին․ Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդադառնալով այսօր Երևանի քաղաքապետի հայտարարությանը, թե սպորտի բաժինը գտնվում է խայտառակ վիճակում։    «Այսօր Երևանի ավագանու նիստում քաղաքապետը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը գտնվում է խայտառակ վիճակում և որ սպորտը նախկինում երբեք ուշադրության չի արժանացել։   Նա, անշուշտ, իրավացի է, որ ոլորտում համայնքը տարիներ ի վեր լուրջ ներդումներ չի արել, իսկ կառավարչական առումով այն քայքայվել է։ Սակայն, որպես վերջին տարում սպորտի և երիտասարդության ոլորտը համակարգած քաղաքապետի տեղակալ, հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը՝ հակիրճ անդրադառնալով առնվազն վերջին տարում նշյալ ոլորտներում կատարված հիմնական աշխատանքին։   2021 թվականին ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվել է սպորտի ոլորտի փորձագիտական վերլուծություն (համապատասխան բաժինների գործառութային ուսումնասիրություն, սպորտաձևերի ու մարզադպրոցների բաշխման և դրանցում մարզիկների ներգրավվածության, շարժունության խնդիրներ և այլն)։   Արդյունքում կազմվել է համակարգային բարեփոխումների առաջարկ՝ համոզված լինելով, որ ոլորտի հետագա բարելավման նպատակով առաջնային է նախ բարեփոխել և ամրապնդել դրա համար պատասխանատու ստորաբաժանումը։   Մասնավորապես՝ կազմվել է սպորտի բաժնի գործառութային վերակազմակերպման, ինչպես նաև երիտասարդության հարցերի առանձին, նոր բաժնի ստեղծման նախագծային փաթեթ։ Միաժամանակ՝ կազմվել է սպորտի բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստումների նախնական պլան։   Նաև, գործունեության աննպատակահարմարության հիմքով առաջարկվել է լուծարել Երևանի Սպորտկոմիտե ՀՈԱԿ-ը՝ դրա գործառույթները փոխանցելով սպորտի բաժնին։ Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում համայնքը կխնայեր տարեկան մոտ 11 մլն դրամ։   Մարզադպրոցների գործունեության կանոնակարգմանն ու թափանցիկության բարձրացմանն ուղղված որոշումների շարքում պատրաստվել է դրանց ենթակայության սկզբունքը հստակեցնող նախագիծ, մշակվել է դրանց էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական առաջադրանքը։ Համակարգը նախատեսվում էր մշակել և ներդնել 2022 թվականի ընթացքում, որն իր հետ կբերեր այն բոլոր առավելությունները և որակական փոփոխությունները, որոնք բերում են էլեկտրոնային համակարգերը։   ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ կատարվել է նաև ոչ ֆորմալ կրթական կենտրոնների ուսումնասիրություն։ Արդյունքում նախատեսվել է համայնքային 13 մանկապատանեկան մշակութային կենտրոնները վերափոխել պատանեկության և երիտասարդական կենտրոնների (որպիսիք քաղաքը ներկայումս չունի)՝ դրանց վերափոխման և հետագա կանոնակարգման ծրագրի իրականացումը վերապահելով նոր ստեղծվելիք երիտասարդության բաժնին։   Ի դեպ, 2021 թվականին ձևավորվել և սկսել է գործել քաղաքապետին կից երիտասարդական հարցերի խորհուրդը, և առաջին անգամ համայնքային միջոցներով իրականացվել են երիտասարդական ծրագրեր՝ դրանք շարունակական դարձնելու նախատեսմամբ»,-ասված է գրառման մեջ։    Հուսով եմ՝ ներկայում պաշտոնավարող գործընկերներս չեն տարվի միայն առանձին մարզադպրոցների խնդիրներին անդրադառնալու գայթակղությամբ, այլ կդիտարկեն ռազմավարական առումով ավելի խորքային բարեփոխումներ առաջարկող, արդեն իսկ նախապատրաստված (կամ այլընտրանքային) նախագծերի իրագործման հարցը։
22:37 - 08 փետրվարի, 2022
Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը՝ Երևանի նոր փոխքաղաքապետեր |azatutyun.am|

Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը՝ Երևանի նոր փոխքաղաքապետեր |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության արդեն նախիկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր․ նրանց նշանակման հարցը Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր։ Ավելի վաղ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը  փոխանցել էր, որ առաջարկվել է նրանց թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջիներիս քաղաքական հայացքները, «երեքն էլ կիսում են իշխող ուժի տեսակետները»։ Ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում, եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը։ Փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ գրեցին։
13:54 - 08 փետրվարի, 2022
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին․ որոշմանը կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1։ Հիշեցնենք, ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր Մխոյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը, որում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։ Նման որոշման իրական պատճառը, սակայն, ըստ Լուսինե Մխոյանի, իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, բացի դրանից՝ կարծում է՝ մեկ այլ պատճառ է նաեւ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումների տարբերությունը։
12:37 - 08 փետրվարի, 2022
Տիկին Մխոյանի հետ ունեցել ենք քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց մեր տեսակետները չեն հատվել․ Արմեն Գալջյան

Տիկին Մխոյանի հետ ունեցել ենք քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց մեր տեսակետները չեն հատվել․ Արմեն Գալջյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի Եթե ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանը միանար Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, այսօր բերելո՞ւ էիք նրա լիազորությունները դադարեցնելու հարցը։ Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։ Գալջյանը ներկայացնում էր Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը՝ հիմնավորմամբ, որ նա օրենքով թույլատրելիից ավելի բացակայություններ ունի։ Խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ տիկին Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասաց Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում ներկայացնել խմբակցությունը։ Աբգարյանն արձագանքեց, թե՝ շանտաժը «պոզով-պոչով» չի լինում, եթե մարդուն երկընտրանք են առաջարկում, դա հենց շանտաժն է։  Գալջյանի խոսքով՝ երկընտրանք չի առաջարկվել, ինքն այդ մեկնաբանությանը համաձայն չէ։  Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Մխոյանը մասնակցում էր ճարտարապետական այն խմբի աշխատանքներին, որը քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն էր ստեղծել․ «Աշխատանքային տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, որտեղ ինքը ակտիվ մասնակցություն էր ունենում, այսինքն՝ անկախ երեխայի հանգամանքից, ինքը հնարավորություն ունեցել է մասնակցելու, կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ ավագանու նիստերին կարող էր մասնակցություն ունենալ»,- նկատեց քաղաքապետը։
12:14 - 08 փետրվարի, 2022
Մխոյանի պնդմամբ՝ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ

Մխոյանի պնդմամբ՝ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ

Երեւանի ավագանին մտադիր է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանին զրկել մանդատից՝ ավագանու նիստերին նրա բացակայությունների հիմնավորմամբ։  Մասնավորապես, ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Մխոյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը, որում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։ Նման որոշման իրական պատճառը, սակայն, ըստ Լուսինե Մխոյանի, իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, բացի դրանից՝ կարծում է՝ մեկ այլ պատճառ է նաեւ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումների տարբերությունը։ Մխոյանը չի հերքում, որ ունի բացակայություններ, բայց ասում է՝ դրանք պայմանավորված են եղել իր երեխայի ծննդի, հետագայում իր վատառողջ լինելու հանգամանքով, այսինքն՝ դրանք, ըստ էության, հարգելի բացակայություններ են եղել․ «Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բալիկս վատառողջ է եղել, ինչի մասին խմբակցութան ղեկավարին տեղյակ եմ պահել՝ նշելով, որ ոչ ոքի մոտ չեմ կարող թողնել եւ ստիպված եմ բացակայել»։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ կան նաեւ տեղեկանքները, որոնք փաստում են, որ բացակայությունները հիվանդության պատճառով են եղել, սակայն իրենից այդ տեղեկանքները նույնիսկ չեն էլ ուզել։  Միեւնույն ժամանակ, Մխոյանը մեր զրույցում ընդգծում է, որ ինքը մասնակցել է հանձնաժողովի նիստերին, քանի որ հենց հանձնաժողովի նիստերի ընթացքում են նախագծերի վերաբերյալ քննարկումներն իրականացվում։ «Այո, բացակայություններ եղել են, քանի որ մանդատս վերցնելը համընկավ բալիկիս ծննդի հետ։ Այս ընթացքի բացակայությունների պատճառը նաեւ իմ ու երեխայի հիվանդություններն էին։ Սակայն բացակայությունները սկսեցին շահարկել, երբ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար ստորագրություն էին հավաքում»,- մեր զրույցում պատմեց ավագանու անդամը՝ նշելով, որ իրեն հորդորել են կամ ստորագրել անվստահություն հայտնելու նախագծի տակ, կամ վայր դնել մանդատը, այլապես բացակայությունների հիմքով կդադարեցնեն լիազորությունները։ «Ես ընթացքում ուզում էի դուրս գալ ավագանու կազմից, քանի որ բալիկիս հետ չէի հասցնում շատ ակտիվ լինել։ Ավագանու գործընկերներս համոզում էին, որ մնամ, քանի որ միակ ճարտարապետն եմ, Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում բացի ինձանից երեւի մեկն է մնացել ով գոնե մոտ մասնագիտություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է։ Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանն ասաց, որ անցած շաբաթ առաջարկի տեսքով հերթական սպառնալիքն է ստացել խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից, թե՝ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը․ «Պարզաբանեցին, թե ես քաղաքական քայլեր եմ արել՝ բարձրաձայնելով ինձ ուղված սպառնալիքի մասին, եւ հիմա առաջարկում են մանդատը դնել կամ նախագիծ կբերեն եւ բացակաների հիմքով կհանեն, ինչն էլ անելու են այսօր»,- ասաց Մխոյանը։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանում եւ ավագանու կազմում իր գործունեությանը՝ Մխոյանը մեկնաբանեց, որ 2020թ․-ի դեկտեմբերին ինքը քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանից համագործակցելու հրավեր է ստացել՝ որպես ավագանու անդամ եւ ճարտարապետ, ով տասը տարուց ավել աշխատել է ՛՛Երեւանի 2005թ Գլխավոր Հատակագծի՛՛ համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի հետ, եւ անդամակցել է ճարտարապետներից եւ ուրբանիստներից կազմված խմբին, ակտիվ մասնակցել քննարկումներին եւ հնարավորինս աջակցել ռեֆորմների գործընթացին։ Ի հավելումն՝ մեր զրուցակիցը նշեց, որ կամավորական հիմքերով աշխատող խմբում էին այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Տիգրան Պողոսյանը, Հայկ Մելիքյանը, Գառնիկ Ստեփանյանը, Մերուժան Մինասյանը, Արմեն Շատվորյանը, Հայկ Նիկոյանը, Զոհրաբ Զուրաբյանը, Մարիաննա Կարապետյան, Գեւորգ Եղիկյանը, Հեղինե Փիլոսյանը եւ այլք։  «Նաեւ արդեն նախկին փողքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հրավերով ներգրավված եմ եղել մի քանի նախագծերում, որոնցից էր Էրեբունի թանգարանի հիմնանորոգման եւ արդիականացման նախագիծը»,- ասաց Մխոյանը։ Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում գլխավոր ճարտարապետի կողմից նախագծման թույլտվությունների եւ նախագծերի միանձնյա հաստատման գործառույթների փոխարեն կոլեգիալ որոշումների ձեւաչափի անցման նպատակով նախաձեռնվել էր ռոտացիոն ձեւաչափով գործող խորհրդի ստեղծման բազմափուլ գործընթացը։ Այն նախատեսվում էր իրականացնել ոլորտում հեղինակություն վայելող, փորձառու մասնագետների ներգրավմամբ, որոնք պետք է առաջադրվեին պրոֆեսիոնալ դաշտը ձեւավորող այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանը, Հայաստանի ճարտարապետների պալատը, Միջազգային ճարտարապետների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը եւ այլն։ Նշենք նաեւ, որ այդ խորհրդի ստեղծման որոշումը հաստատվել էր ավագանու կողմից։ Մխոյանի փոխանցմամբ՝ ստեղծված աշխատանքային խմբի մասնակցությամբ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հիման վրա ստեղծվել էր նոր բաժին, որը կոչված էր մշակել քաղաքի զարգացման ծրագիրն ու ռազմավարությունը, որն էլ իր հերթին պետք է ձեւավորեր գլխավոր հատակագծի համար տեխնիկական առաջադրանքը։  «Իրականացվեց նաեւ նախապատրաստական միջոցառումների եւ հանդիպումների մի մեծ գործընթաց՝ միտված քաղաքի կառավարման թվային համակարգի ներդրման ու ողջ ոլորտի գործառույթների, ինչպես նաեւ փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացմանը։ Մշակվեց, բայց չհասցրեց հաստատվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման նոր, պարզեցված ու ավելի տրամաբանական ձեւաչափ, որը կոչված էր կառուցապատող ընկերությունների եւ ճարտարապետների համար շատ ավելի հստակ եւ կանխատեսելի նախապայմաններ հաստատել՝ հիմնվելով գործող քաղաքաշինական նորմերի ու տարածական պլանավորման փաստաթղթերի վրա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ կամավորության սկզբունքների հիման վրա ստեղծվել էր խորհրդատվական մի հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էինք քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտներում տարիների ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած մի քանի տասնյակ երիտասարդ մասնագետներ, վաստակաշատ ու փորձառու մասնագետներ (Հրաչիկ Պողոսյան, Սաշուր Քալաշյան, Ալեքսանդր Բադալյան, Ալբերտ Զուրաբյան, Մհեր Չերկեզյան, Միքայել Հասրաթյան, Միսաք Խոստիկյան, Զառա Մամյան եւ այլք)։ Խորհրդի մի քանի ամսվա աշխատանքի ընթացքում, մեր զրուցակցի վստահեցմամբ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետների հետ համատեղ նախաձեռնվել են բազում քննարկումներ ոլորտում ձեւավորված խնդիրների եւ դրանց իրատեսական կամ հեռանկարային լուծումների, նոր համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ»։ Ի հավելումն՝ Լուսինե Մխոյանը հայտնեց նաեւ, որ սկզբունքային վերաարժեվորման ենթարկվեց գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ իբրեւ քաղաքի ուրբանիստական զարգացման համար պատասխանատուի, որը կոչված է ոչ թե ձեւավորել կամ թելադրել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճը, այլ համակարգել քաղաքաշինության ոլորտի կառավարման ու զարգացման մեջ ներգրավված բոլոր վարչական ու մասնագիտական միավորները։ «Ցավով պետք է նշեմ՝ ակնհայտ է, որ հիմա միտված են ղեկը լրիվ այլ ուղությամբ պտտել»,- եզրափակելով՝ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանը։ Խխմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ավագանու նիստի ժամանակ նշեց, որ տիկին Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասաց Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում ներկայացնել խմբակցությունը։ Հավելենք, որ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ավագանու բոլոր անդամները որքան բացակայություններ ունեն ավագանու նիստերից։ Հայարփի Բաղդասարյան
11:56 - 08 փետրվարի, 2022
Երեւանի ավագանին քննարկում է Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը

Երեւանի ավագանին քննարկում է Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը

Երեւանի ավագանին քննարկում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը։ Որոշման նախագիծում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։ Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց, որ տիկին Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել․ «Այդ ժամկետն արդեն իսկ բավարար է օրենքով սահմանված կարգով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Պետք է օբյեկտիվորեն ասեմ, որ բացակայությունների իմ նշած թվի մի մեծ հատվածն օբյեկտիվ պատճառներ ունի, այսինքն՝ տիկին Մխոյանը ֆիզիակապես օբյեկտիվ պատճառով չէր կարող գալ նիստի, մենք այդ ժամանակահատվածը չենք դիտարկել, այլ միայն այն, որն օբյեկտիվ հիմքեր չի ունեցել»։ Գալջյանը նշեց, որ իրենք որոշակի նախնական համաձայնության են եկել, որ Մխոյանը պետք է ակտիվություն դրսեւորի, բայց դա, Գալջյանի պնդմամբ, տեղի չի ունեցել․  «Ստիպված այս ճանապարհով ենք գնում։ Այո, էլի ունենք ավագանու անդամներ, որոնք բավարար բացակայություններ ունեն, այսինքն՝ թույլատրելիի շեմը հայտնել են, բայց ինչու ենք միայն տիկին Մխոյանի հետ կապված այս նախագիծը բերել, քանի որ այս դեպքում միակ լուծումը սա էր, իսկ մյուս դեպքերում այլ լուծումներ կան եւ այլ լուծումներ կտրվեն»,- մեկնաբանեց խմբակցության ղեկավարը։ Ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը հարց հնչեցրեց․ «Լուսինե Մխոյանը, որքանով տեղյակ եմ, ֆիզարձակուրդում է, որքանով եք բարոյական եւ իրավական տեսանկյունից այս մոտեցումը համարում արդարացված»։ Արմեն Գալջյանը պատասխանեց, որ այս հարցն իր կարծիքով այն հարցը չէ, որ պետք է բարոյականության դաշտում քննարկել, քանի որ ֆիզարձակուրդը աշխատանքային հարաբերություններին է վերաբերում․ «Ավագանու անդամի կարգավիճակը գործատու աշխատող հարաբերություններ չի ենթադրում, ամսվա մեջ մեկ անգամ նիստի պետք է գալ, եւ չեմ կարծում, թե ֆիզարձակուրդը կարող է հիմնավոր լինել երկու տարում այդչափ բացակայությունների համար»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Մխոյանի պնդմամբ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ:
11:50 - 08 փետրվարի, 2022
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները

Մեկնարկել է Երեւանի ավագանու ութերորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա հայտնեց, որ համաձայն ԿԸՀ-ի՝ 2021-ի դեկտեմբերի 29 արձանագրությունների՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակից ընտրված Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասի։ ԿԸՀ հունվարի արձանագրությունների համաձայն՝ Օվսաննա Հովսեփյանի եւ լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են Արմեն Մանուկկյանին եւ Շուշաննա Սիրականյանին, նրանք եւս դիմումներ են ներկայացրել իրենց լիազորութունները դադարեցնելու մասին։ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի եւ Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին։ Աննա Ավանեսյանը եւ Վահան Ներսիսյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ Աննա Ավանեսյանի եւ Վահան Ներսիսյանի մանդատները տրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Լեւոն Սահակյանին եւ Մանուել Մարգարյանին։
11:34 - 08 փետրվարի, 2022
Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով |armtimes.com|

Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով |armtimes.com|

armtimes.com: Առաջիկա 10 օրվա ընթացքում Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով: Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը: «Արդեն ավարտել ենք վարորդների հավաքման փուլը։ 7 օրվա ընթացքում կունենանք մրցույթի արդյունքները, որից հետո կշարունակենք երթուղիների սպասարկումը»,- ասաց նա: Հիշեցնենք՝ մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, 2021 թվականի դեկտեմբերի 12-ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է շուրջ 17 երթուղի: Երեւան քաղաքը համայնքի բյուջեով եւս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կգնվի եւս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:
14:38 - 07 փետրվարի, 2022
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են` առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Aravot.am-ը տեղեկություն էր տարածել, որ Ա.  Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
11:49 - 07 փետրվարի, 2022