Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։  Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ: ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:
10:54 - 13 հոկտեմբերի, 2022
Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ Նսխարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում․ Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։
19:55 - 12 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։ Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս է։ Դրանք են ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի հետ սահմանին ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է»,- ասել է Լավրովը:
18:45 - 12 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ:Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:Արարատ Միրզոյանը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը:
19:36 - 10 հոկտեմբերի, 2022
ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան

ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հրապարակած հոդվածին, որում Օսկանյանը, վերլուծլեով ներկա բանակցային գործընթացը, նշել էր, որ օրվա հրամայականն  է դառնում նոր ղեկավարի հայտնվելը։ Արարատ Միրզոյանն ասաց՝ տարակուսանք է ապրել հոդվածն ընթերցելիս․ «Պնդումների, հետևությունների հետևում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկա։ Ստացվում է, որ այդ ամբողջ հոդվածը, ամբողջ վերլուծությունը այդպիսի անիմաստ, անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով հանդերձ այդ անձի նկատմամբ։ Իսկ այդպիսի պայմանավորվածություններ չկան և մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ չկան։ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»։ Միրզոյանը նշեց՝ հարցը երկրորդ շերտ էլ ունի․ «Ես շարունակաբար փորձում եմ չտրվել այդ գայթակղությանը և չանդրադառնալ ներքաղաքական ասպեկտին, զանազան հարցերի։ Բայց այստեղ երևի չեմ կարող չասել։ Հարցը երկրորդ շերտ էլ ունի։ Սա ամբողջությամբ ադրբեջանական նարրատիվն է, որ Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել, չի անում, և դա լեգիտիմացնում է մեր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց այդպիսի մտքեր շրջանառելուց հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնել»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը առարկայական քայլեր արել է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար, Միրզոյանն ասաց․«Կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը, խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն և այլ մեխանիզմներ պահանջվեն․ օրինակ՝ սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ որևէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի։ Սա այլ գործիքակազմի գործիքներից է, որը քննարկվում է միջազգային գործընկերների հետ, նաև Ադրբեջանի հետ։ Մեկ այլ գործիք էլ հայ-ադրբեջանական սահմանից զինված ուժերի որոշակի հեռավորության վրա հետքաշում և այլն ու դա շատ ակտիվ քննարկվում է»։
17:07 - 05 հոկտեմբերի, 2022
Այս անգամ ադրբեջանական կողմի առաջարկները հիմնված են հինգ հայտնի սկզբունքների վրա․ Միրզոյանը՝ Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի տարրերի մասին

Այս անգամ ադրբեջանական կողմի առաջարկները հիմնված են հինգ հայտնի սկզբունքների վրա․ Միրզոյանը՝ Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի տարրերի մասին

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ Արարատ Միրզոյանը աձագանքեց  արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ հայկական կողմին են փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքի վրա։ «Իսկապես մեզ փոխանցվել է այդպիսի փաստաթուղթ։ Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են և մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկբունքներին։Մենք այն անգամ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի առաջարկները ըստ էության հիմնված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ, կան բաներ, որ մենք վերլուծում ենք, և անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որ կրկին մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի։ Կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել, այսինքն՝ նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»։ Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց․  «Ես կրկին պետք է հղում անեմ այդ հինգ կետերի հետ կապված պատմությանը։ Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասացինք, որ այդ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը։ Եվ կիսեվեցինք մեր պատկերացումներով։ Այդ պատկերացումների մեծ մասը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին։ Եվ այժմ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը։ Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ ԼՂ Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել։ Այս մասին քննարկումներ են ընթանում։ Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ, երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք», - նշեց Միրզոյանը։
16:48 - 05 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ Բլինքենը ԱՄՆ երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։  «Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ հայ զինծառայողների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների՝ ականների պայթյունների հետևանքով մահերը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել»։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ Բայրամովը նշել է, թե «հետկոնֆլիկտային շրջանում կշարունակվեն աշխատանքները՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի վերաինտեգրման ուղղությամբ»։ Հեռախոսազրույցի մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ ի թվիս այլնի՝ նշելով, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:  
09:50 - 05 հոկտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը: Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
23:00 - 04 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Սամանթա Փաուերն անդրադարձել են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը

Արարատ Միրզոյանը և Սամանթա Փաուերն անդրադարձել են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը

Հոկըտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի: Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացմանը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը:
20:28 - 04 հոկտեմբերի, 2022
Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայկական կողմը բարձր է գնահատել Գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրի և ԱԷՄԳ առաքելությունների դերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն ատոմային էլեկտրակայանի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը: Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է և առանձնահատուկ շեշտել Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Գործակալության ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
15:31 - 04 հոկտեմբերի, 2022