ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք

ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի   համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ: Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքների արդյունքում իրենց պատճառված վնասների հատուցմանը վերաբերող հարցեր: Որպես հիմնական խնդիր՝ նշվել է, որ իրենք զրկվել են ՀՀ իրավասու մարմինների տրամադրած օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններիղ վերցրել են վարկեր, սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը: Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև մարդկանց պատկանող գյուղտեխնիկան: Բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր: Բայց պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց կենդանիները կա՛մ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կա՛մ գողացել են այդ երկրի զինծառայողները: Զինված հարձակումների դադարից հետո նրանց մի մասի կենդանիները մնացել են ադրբեջանական վերահսկողության տարածքներում, և ադրբեջանական զինված ուժերը կատեգորիկ հրաժարվում են վերադարձնել (օրինակ՝ մի դեպքում չեն վերադարձրել 120 մանր եղջերավոր կենդանի, մյուս դեպքում՝ 18 խոշոր եղջերավոր կենդանի և այլն): Բնակիչներից շատերն էլ նշել են, որ ստիպված են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառել, քանի որ հնարավոր չէ բավարար անասնակեր, առաջնահերթ՝ խոտ հավաքել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար: Խնդիրն այն է, որ առկա են արոտավայրեր, որոնցում ներկայում անօրինական գտնվում են ադրբեջանական զինված ուժեր: Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը և պահանջում են վարկերի գումարներն ու տոկոսները: Հանդիպման ընթացքում բնակիչներն ընդգծել են աջակցության և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նախատեսված արտոնությունների կամ հատուկ ծրագրերի անհրաժեշտությունը, որպեսզի առանց այն էլ անվտանգության նոր խնդիրների առաջացրած սոցիալական դժվարությունները էլ ավելի չմեծանա: Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ: Այդ քննարկումներին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի (UNFPA Armenia) տնօրեն Ծովինար Հարությունյանը (Tsovinar Harutyunyan), ով նույնպես ներկայացրել է բնակիչներին աջակցության հնարավորություններ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն արձանագրել են ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ առանձին բնակիչների խնդիրները, տրամադրվել է խորհրդատվություն: Պաշտպանն իր իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով իրավասու մարմինների ու գործընկերների հետ:
00:35 - 14 օգոստոսի, 2021
 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը և ՄԻՊ-ը  քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը և ՄԻՊ-ը քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են այդտեղ և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: Հանդիպման նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները: «Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են կանանց իրավունքներին, նրանց տնտեսական և հատկապես ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, պատերազմից հետո անվտանգությանը և դրանց ազդեցությանը սոցիալական խնդիրների վրա, երիտասարդության կարիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսել է հիմնադրամի մանդատի և հիմնական աշխատանքային ուղղությունների մասին, ինչպես նաև հրավիրել է մասնակիցներին քննարկելու հասարակական կազմակերպությունների ոլորտի ներկա վիճակը, հիմնական խնդիրները, համատեղ աշխատանքի հնարավորությունները։ Նշվում է, որ ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները, մտահոգությունները կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերաբերյալ: Նրանք կարևորել են նաև քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ կապի ամրապնդումը և արդյունավետ համագործակցությունը: Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում ընդլայնել համագործակցության ուղղությունները:
20:06 - 12 օգոստոսի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապան

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևրոգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը։   «Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի,  նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության խրախուսման, տարեցների ներգրավման, առողջ ապրելակերպի և այլ հարցեր: Բնակիչները բարձրացրել են տարաբնույթ հարցեր՝ սկսած անվտանգությունից մինչև բնապահպանական խնդիրներ: Մասնավորապես, բնակիչները նշել են, որ պատերազմից հետո, սահմանային գործընթացներով պայմանավորված, զրկվել են հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, իսկ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը գյուղի, քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ իրենց կանգնեցրել է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ: Ծովինար Հարությունյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի և Կապան համայնքներում արդեն իսկ հաջողությամբ գործող կանանց ռեսուսային կենտրոնների աշխատանքը, որոնց օրինակը տարածվել է Հայաստանի այլ մարզերում: Ռեսուրսային կենտրոնների օգնությամբ կանայք մասնագիտություն են ստանում, աշխատանքի են տեղավորվում, ներգրավում տարբեր ծրագրերում: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպմանը ներկայացրել է համայնքապետարանի կողմից իրականացվող քայլերը՝ կապված գյուղի ենթակառուցվածքների բարելավման հետ, իր իրավասության սահմաններում մարդկանց սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը բնակիչների հետ քննարկել են նրանց կարիքները և դրանք բարելավելու ուղղությամբ առկա հնարավորությունները, հատուկ շեշտադրվել է կանանց աշխատանքային զբաղվածությանն առնչվող հարցերը: Ընդգծվել է համայնքի ղեկավարի և անձնակազմի հետ համագործակցության կարևորությունը: Այցի արդյունքները կամփոփվեն և, ըստ խնդրի բնույթի, աշխատանքներ կիրականացվեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
15:56 - 12 օգոստոսի, 2021
ԱԺ անվտանգության աշխատակիցների արգելքները լրագրողների նկատմամբ անընդունելի է․ ՄԻՊ

ԱԺ անվտանգության աշխատակիցների արգելքները լրագրողների նկատմամբ անընդունելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն հրապարակել, որում ասվում է․ «Անթույլատրելի են այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը:Ավելին, մի շարք լրագրողներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ անվտանգության ծառայողներն իրենց նշել են, որ լրագրողներին կթույլատրեն օթյակում մասնագիտական աշխատանք կատարել, բայց նիստերի դահլիճում միջադեպերի դեպքում պետք է լքեն օթյակը և իրավունք չունեն միջադեպեր (նաև բռնություն) լուսաբանել, այդ թվում` նկարահանել:Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում:Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն):Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը:Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է:Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն դիրքորոշումներն արդեն իսկ հրապարակվել են»:
23:21 - 11 օգոստոսի, 2021
Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում ադրբեջանական զինծառայողներն արձակում են հատուկ լուսարձակող կրակոցներ, որ քաղաքացիական բնակչությանն ահաբեկեն. ՄԻՊ

Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում ադրբեջանական զինծառայողներն արձակում են հատուկ լուսարձակող կրակոցներ, որ քաղաքացիական բնակչությանն ահաբեկեն. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ: Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած: Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»:
12:21 - 11 օգոստոսի, 2021
Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները․ ՄԻՊ

Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները․ ՄԻՊ

Հայկական կողմի` գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը:Քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը:«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ», - քննարկման ժամանակ ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
21:16 - 10 օգոստոսի, 2021
Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում․ ՄԻՊ

Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ քրեական գործի հետ կապված շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան:  «Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք ու երբ, նույնիսկ տարիներ անց, փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։ Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ պրակտիկան այդպես էլ չի բարելավել։ Միայն 2020 թվականին՝ պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։ Մտահոգիչ է հատկապես այն, որ նշված սահմանափակումների առկայության պայմաններում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում, այլև հենց քրեական գործ քննող մարմիններն են արձանագրել կասկածյալի կամ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանն առնչվող խնդիրներ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին: Մասնավորապես, անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այդ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։ Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված դեպքերում չնայած անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակված պատիժը, սակայն վերջիններիս՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չէր հանվել՝ դեռևս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա: Պաշտպանին ներկայացված բողոքների շարունակականության, ինչպես նաև խնդրի համակարգային բնույթի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը համակողմանի ուսումնասիրության առարկա է դարձրել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ապահովման սահմանադրաիրավական հիմքերն ու միջազգային իրավական սկզբունքները, արտասահմանյան երկրների օրենսդրական փորձը, ոլորտի ներպետական օրենսդրական կարգավորումների որոշակիությունն ու կանխատեսելիությունը: Արդյունքում, Պաշտպանը խնդիրը ներկայացրել է օրենսդրության և իրավակիրառման սահմանադրականության տեսանկյունից՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրացմամբ։ ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ արտահայտել է իրավակիրառ պրակտիկայի իրավաչափությունը կանխորոշող պայմաններ՝ նշելով, որ «նման կանոնակարգման առկայության պայմաններում և նման կառուցակարգի միջոցով անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակելու պարագայում այն պետք է իրացվի բացառապես խափանման միջոցի վերացման մասին որոշում ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը ևս նույն համակարգում տեղադրելու՝ իրավասու մարմնի հստակ պարտականության իրացման և անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտները վերացնելու պայմանով»՝ միաժամանակ արձանագրելով օրենսդրության մեջ այս պահանջի՝ վարույթն իրականացնող մարմնի վրա դրված հստակ պարտականության տեսքով ուղղակի ամրագրման բացակայությունը։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների բովանդակության ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության խնդրո առարկա որոշման մեջ խափանման միջոցի վերացման մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականության բացակայությունը հարցականի տակ է դնում այդ ընթացակարգի որոշակիությունը, քանի որ կոնկրետ իրավասու մարմնի վրա դրված այդպիսի պարտականություն չկա: Քանի դեռ օրենսդրական համապատասխան փոփոխություններ չեն նախաձեռնվել, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն սկզբունքով, որ խափանման միջոցի կիրառմամբ իրավասու մարմնին տեղեկություններ տրամադրելու պարտականությանը զուգահեռ ապահովվի հակառակի՝ խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականությունը: Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված նույնաբովանդակ բողոքների շարունակականությունն ինքնին վկայում է ոչ միասնական իրավակիրառ պրակտիկայի մասին: Սա առաջին հերթին արդյունք է այն բանի, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները վերացվելու դեպքում ՍԷԿՏ համակարգում տեղեկատվությունը տեղադրելու կառուցակարգերը դեռևս բացակայում են: Այլ խոսքով՝ դեռևս հստակեցված չէ, թե որ մարմինը պետք է հանձն առնի անձի նկատմամբ կիրառված արգելքի սահմանափակման մասին ՍԷԿՏ համակարգը վարող մարմին տեղեկացնելու պարտականությունը: Մեկ այլ խնդիր է այն, որ ներկայում ՍԷԿՏ համակարգը վարող Ոստիկանությանը համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է փոստային առաքման միջոցով, ինչն ինքնին բարդացնում է ընթացակարգը՝ խլում ավելորդ ռեսուրս և ժամանակ: Գործնականում անգամ դեպքեր են եղել, երբ անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց երկու-երեք օր անց փորձել է հատել պետական սահմանը, սակայն չի թույլատրվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտ գրությունը Ոստիկանությանն ուղարկել է փոստային ծառայության միջոցով, ուստի այն դեռևս ստացված չի եղել: Նման դեպքերում Ոստիկանության հետ ձևավորված համագործակցության արդյունքում հնարավոր կարճ ժամկետներում խնդիրը լուծվում է գրությունը ֆաքսիմիլային տարբերակով Ոստիկանության իրավասու ստորաբաժանում ուղարկելու միջոցով: Սակայն պրակտիկան շարունակում է ընթանալ այնպես, որ գրություններն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, չնայած նրան, որ իրավունքի սահմանափակման դե յուրե վերացումը անհապաղ ենթակա է դե ֆակտո կյանքի կոչման: Ուստի, պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը»,- գրել է Արման Թաթոյանը։
17:11 - 09 օգոստոսի, 2021
Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա: Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները: Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես»,- գրել է Թաթոյանը։
21:32 - 06 օգոստոսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։  Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես, ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ համապատասխան կառույցների հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախարար Կարապետյանն ընդգծել է, որ այժմ Զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովության  համալիր միջոցառումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։
19:20 - 06 օգոստոսի, 2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կիսում է իրավապաշտպանների և Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կիսում է իրավապաշտպանների և Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մտահոգությունները Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ պետք է պատշաճ հաշվի առնվեն և դառնան քրեական հետապնդման մարմինների լրացուցիչ քննարկման առարկան: Այս առումով իրավապաշտպանների և ՀԿ-ների հայտարարություններին ուղղված Գլխավոր դատախազության օգոստոսի 5-ի հրապարակային արձագանքը՝ կապված Սաշիկ Սուլթանյանի իրավունքների հետ, պարունակում է քննադատական խոսքին կամ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող վտանգավոր շեշտադրումներ և առաջացնում է լրացուցիչ մտահոգություններ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն: Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման սկզբնական փուլից սեփական նախաձեռնությամբ սկսել է նրա իրավունքների պաշտպանության գործընթաց: Գրություն է հասցեագրվել ՀՀ դատախազություն: Ս. Սուլթանյանի իրավունքների հարցով մի շարք միջազգային և հայաստանյան կազմակերպություններ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավաչափության հետ: Այդ կազմակերպությունների հետ սկսված է համապատասխան հաղորդակցություն:   Ս. Սուլթանյանին ՀՀ քրեական օրենսգրքի՝ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար պատասխանատվություն նախատեսող 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է ցույց տրվի կոնկրետ ապացույցներով: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ-ում եզդիներն ունեն առանձնահատուկ դեր, անփոխարինելի ներգրավվածություն հանրային կյանքին: Նրանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում է: Բայց սա չի նշանակում, եթե մարդը, կոնկրետ՝ դեպքում Սաշիկ Սուլթանյանը, հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ, եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում, նա պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ: Նման հարցերը հեշտորեն կարող են լուծվել Կառավարության իրավասու մարմնի կողմից հայաստանյան կամ միջազգային հանրությանն ուղղված համապատասխան արձագանքով, որով ընդամենը կհաստատվեն կամ կհերքվեն քննադատությունները:
10:31 - 06 օգոստոսի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին

ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ՝ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաև՝ լրագրողական կազմակերպություններից: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ ընդգծելով, որ օգոստոսի 2-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրություն, որի եզրակացությունն ամբողջապես ներկայացնում ենք ստորև: «Տեղի է ունեցել մի քանի քննարկում ՄԻՊ-ի և Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև երկու հաստատությունների աշխատակազմերի միջև: Հարցերը քննարկվել են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, ինչպես նաև իրականացվել է միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Պածշտպանը նշել է, որ որպես կարևոր դրական փաստեր՝ ի գիտություն են ընդունվել սահմանափակումների առնչությամբ լրագրողական ՀԿ-ների օգոստոսի 3-ի հայտարարությունը, ինչպես նաև ԱԺ նախագահի և լրագրողների միջև օգոստոսի 4-ի քննարկումը: Պարզվել է, որ լրագրողների նկատմամբ սահմանափակումները կիրառվում են որպես ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների մաս: Պարզվել է նաև, որ մինչև դրանց ընդունումը լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ տեղի չեն ունեցել: Ըստ այդմ, ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների մասնագիտական աշխատանքի օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալին. 1. Բողոքների ու ահազանգերի հիմնական էությունն այն է, որ լրագրողներին ու օպերատորներին, օգոստոսի 2-ից սկսած, անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից: ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում և լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Նրանք ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացնում: 2. Օգոստոսի 2-ից գործող անվտանգության կանոնների համաձայն՝ ԱԺ-ում պետք է լինեն հատուկ վերահսկելի գոտիներ, որտեղ արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Ընդ որում, հատուկ վերահսկելի գոտին ներառում է ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, ԱԺ նախագահի ընդունարանը, ԱԺ նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Հարցն այն է, որ առկա չէ որևէ ակտ, որը կսահմաներ, թե որոնք են այլ դահլիճները, կամ առկա չէ սպառիչ տեղեկություն, թե կոնկրետ որ վայրերում է արգելվում լրագրողական աշխատանքը: 3. Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով: Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը երկրում ժողովրդավարության հիմքերից մեկի՝ խոսքի ազատության գրավական է: Այն պետության մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է: 4. Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսևորումը: ԱԺ պատգամավորների դեպքում խոսքը նաև քաղաքացիների նկատմամբ պարտավորության մասին է: Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի մասին տեղեկություն ստանալը մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է: Այդ իրավունքը գլխավորապես ապահովվում է լրագրողի աշխատանքով: 5. Պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է: Լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը և նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը: 6. Ազգային ժողովի նստավայրի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում աշխատող հավատարմագրված լրագրողների հետ: Այն պետք է հաշվի առնի նաև լրագրողական ոլորտի կազմակերպությունների և մասնագետների դիրքորոշումները: 7. Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը: Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է: Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների: 8. Լրագրողի աշխատանքը, ասենք, ԱԺ շենքի միջանցքներում կամ նախասրահներում ինքնանպատակ չէ: Լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն): Ուստի, առաջարկը, թե լրագրողների աշխատանքը պետք է սահմանափակվի բացառապես հատուկ առանձնացված մի քանի վայրում ու դա արվի այնպես, որ հնարավոր չլինի նրանց մուտքը ԱԺ շենք կամ դրա մի մաս, անընդունելի է: Չի կարող ընդունելի լինել նաև այն հիմնավորումը, թե միևնույն է՝ լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել և հարցազրույց վարել ԱԺ բակում: Այդ կերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի:  Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը: Դա նաև ուղղակիորեն բխում է սենսացիոն կամ «տաք» տեղեկություններ անհապաղ ստանալու քաղաքացու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում: 9. Բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել՝ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձևակերպումներ կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողից՝ հստակ իմանալով, որ այդ կերպ առավել թիրախավորում են լրագրողին և սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը: 10. ԱԺ-ում օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների հետ կապված՝ խիստ խնդրահարույց է այն, որ այդ սահմանափակումները հսկելու համար ներգրավված են զինվորական համազգեստով ծառայողներ, որոնք արգելքներ կիրառելիս լրագրողին որևէ պատճառաբանություն չեն ներկայացնում: Ավելին, բացարձակ անընդունելի է պնդումը, թե լրագրողները պետք է բացառեն նրանց տեսանկարահանելը կամ լուսանկարելը ու առավել ևս այդ հիմքով ներգործության ենթարկելը՝ լրագրողի մուտքը ԱԺ արգելելով: Նման վառ օրինակ է այսօր՝ օգոստոսի 5-ին, «Panorama.am» լրատվամիջոցի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը: Ըստ լրագրողին ուղղված պաշտոնական հրապարակված գրության՝ նման որոշում կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Այս գրությունը հատկապես խնդրահարույց է այն առումով, որ լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս: Ուստի, ԱԺ աշխատակազմը պետք է այլ հիմնավորումներով՝ բարձր ստանդարտով ցույց տա, թե ինչու չի կարելի լուսանկարել կամ տեսանկարել անվտանգությունն ապահովող աշխատակիցներին, և լրագրողը (առավել ևս ֆոտոլրագրողը կամ օպերատորը) ինչպես անի, որ դա տեղի չունենա՝ հաշվի առնելով, որ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները տեղակայված են ԱԺ շենքի բոլոր միջանցքներում ու մասնագիտական աշխատանքն առանց դրա օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել: 11. Որևէ պարագայում չի կարելի ԱԺ-ում լրագրողների աշխատանքը համեմատել Կառավարության կամ գործադիր իշխանության այլ մարմնի շենքում լրագրողի աշխատանքի հետ ու լրագրողի աշխատանքի կանոններ, այդ թվում՝ սահմանափակումներ նախատեսել ըստ այդմ: Ազգային ժողովի դեպքում խոսքը գնում է Խորհրդարանի և քաղաքացիների ուղիղ քվեով ընտրված պատգամավորների մասին: Հենց այստեղ, հենց Խորհրդարանի շենքում են բախվում կարծիքներ, ձևավորվում է հանրային դիսկուրս և բանավեճ: Խորհրդարանն է երկրի ժողովրդավարության համակարգի գլխավոր երաշխավորը: Ավելին, գործադիր իշխանության համակարգի այն պաշտոնյաները, որոնք, օրինակ, օրենսդրական ինչ-որ նախագծի քննարկման համար եկել են ԱԺ, պետք է նկատի ունենան, որ լրագրողների հետ հարաբերվելիս նրանք զրկվում են այն «պաշտպանությունից», որ ունեն իրենց վարչական շենքերում աշխատելիս: 12. Վերը նշվածի հետ միասին, լրագրողներն իրենք պետք է ապահովեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան մասնագիտական աշխատանքի ծավալումը, այդ թվում՝ Խորհրդարանում աշխատանքի: Դա լրագրողին դարձնում է անխոցելի և նաև հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել նրա իրավունքների պաշտպանությունը: 13. Ուստի, անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքների սահմանափակումները և լրագրողների կողմից այդ սահմանափակումները պահպանելու համար անվտանգության ծառայողներ տեղակայումը պետք է վերացնել: Փոխարենը՝ պետք է սահմանել կանոններ, որոնք կամրագրեն ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաև լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները: Այս ամենը պետք է անել պատշաճ իրավական ակտով՝ լրագրողների, առաջնահերթ՝ ԱԺ-ում հավատարմագրվածների հետ նախապես քննարկելով»,-ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
17:01 - 05 օգոստոսի, 2021
Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ կապված պրակտիկան բացարձակ անթույլատրելի է․ ՄԻՊ

Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ կապված պրակտիկան բացարձակ անթույլատրելի է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․  «Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ. բժշկական անձնակազմը եզրահանգման է գալիս, որ մարդն այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, ապաքինվել է և բուժումը պետք է դադարեցվի, բայց դուրս գրել հնարավոր չի լինում, քանի որ դատարաններում անորոշ ժամանակով ձգձգվում են հոգեբուժարանների դիմումների քննարկումները: Մարդիկ ստիպված են անորոշ վիճակում օրերով մնալ ազատությունից զրկված վիճակում՝ հոգեբուժարանում և սպասել, թե երբ դատարանն իրենց բուժման ավարտի կամ այլ կերպ` իրենց դուրսգրման ու ազատ արձակման վերաբերյալ որոշում կկայացնի: Սա խնդիր է նաև հոգեբուժարանի համար: Այն վեր ենք հանել Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) կարգավիճակով գործառույթների շրջանակում և առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք: Օրենսդրական կարգավորումներն էլ թերի են»:
09:19 - 05 օգոստոսի, 2021
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ: Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:52 - 04 օգոստոսի, 2021
ՄԻՊ-ն առաջարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել

ՄԻՊ-ն առաջարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել

Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում: Արման Թաթոյանը նշում է, որ խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում: Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում: Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում: Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար: Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի: Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով: Առաջարկվում է. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:
10:44 - 04 օգոստոսի, 2021