Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած  պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։  Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանի ցավակցությունների համար։  Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ «Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։ Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։ Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։
11:00 - 14 նոյեմբերի, 2022
Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:  Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը:     
12:33 - 12 նոյեմբերի, 2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:  Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։  Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
19:25 - 11 նոյեմբերի, 2022
Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս

 |armenpress.am|

Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը: Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է: «Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ երեկվա քննարկումները կազմակերպելու համար։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեին հանդիպելու և փորձելու հարթել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության», - նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Փրայսը դարձյալ ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը: «Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի խթանմանը: Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և երկարատև խաղաղության հասնելու համար», - նշել է Փրայսը: Դիվանագետը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն այս գործում միջնորդի դեր ունի, երկու երկրներին հանդիպելու հնարավորություն է ընձեռել, սակայն չի կարող կողմերին ոչինչ պարտադրել: «Միացյալ Նահանգները չի փորձում, չի ցանկանում և նույնիսկ չի էլ կարող համաձայնագիր պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես տրամադրում ենք վայր և ստեղծում հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հանդիպեն, հասկանան իրենց տարաձայնությունները, որոնք բավական շատ են, և փորձեն հարթել դրանք», - հավելել է Փրայսը: Փրայսը նաև նշել է, որ Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև կայուն խաղաղությունը: «Մենք նրանց չենք ներկայացնում մի փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի հնարավորություն ընձեռենք դիվանագիտության համար, որի համար քայլեր նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա նման է մեր մոտեցմանը ամբողջ աշխարհում մի շարք մարտահրավերների առումով, որտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ որպես օրինակ բերելով ԱՄՆ դիվանագիտական ջանքերն Իսրայելում և Լիբանանում, Եթովպիայում, Եմենում և այլուր: Եզրափակելով իր խոսքը՝ Փրայսը բավական դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը: Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին նոյեմբերի 7-ին՝ Վաշինգտոնում:
15:01 - 09 նոյեմբերի, 2022
Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը

Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր թվիթերյան էջում անդրադարձել է երեկ՝ նոյեմբերի 7-ին, ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում ունեցա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ես վերահաստատեցի Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և ընդգծեցի, որ պետք է ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են խաթարել գործընթացը»,- գրել է Բայրամովը։ Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, նոյեմբերի 7-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար։
10:56 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար. Բլինքեն |azatutyun.am|

Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար. Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Վաշինգտոնում հյուրընկալելով երկու երկրների արտգործնախարարներին: Այս մասին հայտնում են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։ Բլինքենն ընդգծել է՝ այս հանդիպման նպատակն է զարգացնել այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են անցած մեկուկես ամսում՝ ամերիկյան կողմի նախաձեռնած քննարկումներում: «Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան երեսուն տարիները ահռելի մարդկային ու նյութական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել՝ թողնելով սպիներ, որոնք խորն են: Բայց այժմ մենք երկու երկրներից էլ տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր՝ անցյալը ետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ», ֊ ասել է Էնթոնի Բլինքենը: Պետքարտուղարը չի հստակեցրել՝ որոնք են այդ քայլերը, մանրամասներ չի հայտնել նաև բանակցություններից ու խաղաղության հասնելու հնարավոր տարբերակներից: Ընդգծել է միայն, որ Վաշինգտոնը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում նպաստել տասնամյակներ ձգվող հակամարտության կարգավորմանը. «Ամերիկան՝ որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ, որ մենք ունակ ենք՝ աջակցելու ձեզ տևական խաղաղության հասնելու ջանքերում, աջակցելու ձեզ այն կերպ, որ կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ ու պայծառ ապագայի հեռանկար է: Եվ ես դրվատում եմ Ձեզ ու ձեր կառավարություններին՝ խիզախության ու այն հանձնառության համար, որ ի ցույց եք դնում այդ ճանապարհին»: Սա Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների արդեն երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում ադրբեջանական բանակը առաջխաղացման է գնացել Հայաստանում՝ օկուպացնելով նոր տարածքներ:
09:48 - 08 նոյեմբերի, 2022
Միրզոյանն ու Բայրամովը վերահաստատել են Պրահայում և Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները

Միրզոյանն ու Բայրամովը վերահաստատել են Պրահայում և Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները

Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։
08:43 - 08 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:  Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:  Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
13:45 - 04 նոյեմբերի, 2022
Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա. Միրզոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլինեն դրական արդյունքներ |armenpress.am|

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա. Միրզոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլինեն դրական արդյունքներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաև այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ»,- ասաց Միրզոյանը:   ԱԳ նախարարը հայտնեց, որ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման, ինչպես նաև՝ երրորդ երկրների քաղաքացների համար սահմանի բացման վերաբերյալ:   «Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Եվ կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- եզրափակեց Միրզոյանը:
17:13 - 03 նոյեմբերի, 2022