«Ապրելու երկիր» կուսակցություն

Կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 15-ին: Կուսակցության հիմնադիրներն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնել է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում։

 

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվեց հարցազրույց տալ՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Արգամ Հովսեփյանը, մեր զրույցում ասաց, որ քարոզարշավը հանդարտ է ընթանում, ինքն այն անցկացնում է բակային հանդիպումների ձեւաչափով՝ զրուցելով Տեղի բնակիչների հետ։ Տեղ համայնքում խնդիրները քիչ չեն․ կա ոռոգման ջրի, խմելու ջրի խնդիր, բնակիչները դժվարությունների են հանդիպում գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցում։ Հովսեփյանը, խոսելով այս խնդիրների մասին, նշեց, որ կուսակցության համահիմնադիրները՝ ի դեմս Մեսրոպ Առաքելյանի, ծանոթ են այս հարցերին, ինքն էլ խնդրել է դրանց լուծում տալու հարցում աջակցել իրեն։ Բանն այն է, որ համայնքային բյուջեն խիստ սահմանափակ է, եւ նման լուրջ խնդիրների լուծման համար այլ միջոցներ են հարկավոր։ Այդ միջոցները հայթայթելու համար Հովսեփյանը պատրաստվում է քննարկումներ ունենալ կառավարության հետ՝ սուբվենցիոն ծրագրեր բերելու մտադրությամբ, գտնել նաեւ բարերաների, որոնք պատրաստ կլինեն աջակցել։ Որպես առաջնային լուծում պահանջող հարց՝ մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ ճանապարհների անմխիթար վիճակը․ «Էս հարցն էլ միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ լուծել, պետք է բարերների գտնենք»,- ասաց Հովսեփյանը։ Տեղում այսօր սպանդանոց չկա․ սա դժվարացնում է բնակիչների գործը, բայց համայնքապետի թեկնածուն հարցը լուծելի է համարում՝ հավելելով, որ ինքը նաեւ մտադիր է խթանել գյուղացիների արտադրանքի արտահանմանը՝ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում։ Տեղ համայնքի վարելահողերի որոշ մասը պատերազմից հետո հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ․ այս հարցը տեղացիների համար ամենամտահոգիչն է։ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ լավ կլիներ, եթե կառավարությունն աջակցեր գյուղացիներին՝ վառելիք եւ սերմացու տրամադրելով․ «Վարած, ցանած հողերը մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, էս պահին ես պետությունից խնդրում եմ Տեղ համայնքի, եւ ոչ միայն, մնացած սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնեն սերմացուով, վառելիքով, օգնեն՝ մարդիկ էս տարի ոտքի կանգնեն, հետո իրենց հունով կաշխատեն։ Եթե սերմացուն անվճար տան, էս տարի ժողովուրդը մի քիչ ոտի կկանգնի»,- ասաց Հովսեփյանը՝ նշելով, որ այդպիսի որոշում պետք է շուտափույթ կայացվի, քանի դեռ կարելի է ցանք անել։ Մեր զրուցակիցը խոսեց նաեւ մանկապարտեզների նորոգման անհրաժեշտության մասին, կրթական կենտրոններ ունենալու։ Այս հարցերի լուծման համար եւս Արգամ Հովսեփյանը անհրաժեշտ համարեց համագործակցել կառավարության հետ։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ընտրություններում Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Վերջինս, ինչպես Տեղ համայնքում ՔՊ ցուցակը գլխավորող Դավիթ Ղուլունցը, հրաժարվեց հարցազրույցից՝ դարձյալ զբաղված լինելու պատճառաբանությամբ։ Լուսանկարում՝ Արգամ Հովսեփյանը զրուցում է Տեղի բնակիչների հետ, աղբյուրը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջ Հայարփի Բաղդասարյան
18:49 - 08 հոկտեմբերի, 2021
Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը ՎՏԲ-Հայաստանի Մեղրու մասնաճյուղի հաճախորդների սպասարկման մենեջեր Արմեն Հայրապետյանն է։ Վերջինս իր թիմի հետ ակտիվ քարոզարշավ է իրականացնում Մեղրու բնակավայրերում, լսում բնակիչների խնդիրները՝ ե՛ւ ընտրվելու, ե՛ւ նաեւ ավագանիում ներկայացված չլինելու պարագայում դրանց լուծումներ տալու պատրաստակամությամբ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց Հայրապետյանը՝ Մեղրու բնակիչներին կոչ անելով հետեւողական լինել իրենց խոստումների ու աշխատանքի նկատմամբ։ Թե առաջնահերթ լուծում պահանջող ինչ հարցեր կան համայնքում, մեր զրուցակիցն առանձնացրեց ոռոգման ջրի խնդիրը, որի մասին, ի դեպ, նաեւ առաջադրված մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են խոսել։ Այս հարցը Մեղրու բնակիչների համար շատ մտահոգիչ է, հատկապես, որ այս տարի ջրի սակավություն է եղել։  Մեղրիում առաջադրված թեկնածուներից Բագրատ Զաքարյանն, օրինակ, մեր զրույցում այս խնդրի լուծման մի ճանապարհ նախանշեց Մեղրու ջրօգտագործողների ընկերությունը համայնքային վերահսկողության հանձնելը։ Բայց այս տարբերակն, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանի, դեռեւս բավարար չէ հարցն ըստ էության լուծելու համար․ «Այս տարի ջրից սակավ տարի էր, դրան գումարած ՋՕԸ-ի վատ աշխատանքը․․․ Պոմպակայանները մի շարք բնակավայրերում չէին կարողանում ապահովել ոռոգման խնդիրը, անընդհատ փչանում էին եւ այլն։ Հիմա չունենք ջրամբար։ Ջրամբարի կառուցումը խոշոր ծրագիր է․ բոլորն ասում են՝ նախկինում ջրամբարի կառուցման ծրագիր եղել է, բայց տարեցտարի գյուղատնտեսությունն աճում է, սրանից քսան տարի առաջ նախագիծն այսօր կարող է արդիական չլինել։ Ջրամբարի նախագիծը գերակա նպատակ է, նոր հաշվարկներ պիտի արվեն, բայց մինչ այդ կարելի է օգտվել Արաքս գետից՝ ինքնահոս ջրագծով, սա էլ առաջնային նպատակ է, պետք է ինքնահոս ջրագիծ անցկացվի»,- ասաց մեր զրուցակիցը։ Հայրապետյանը չմոռացավ նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ թեեւ դրա լուծումը դուրս է համայնքային լիազորությունների շրջանակից, բայց իրենք հետեւողական են լինելու նաեւ այս հարցում․ «Եթե խնդիրը չի լուծվում, ուրեմն ինչ-որ խոչընդոտ կա։ Պետք է նախ հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Տարբեր մեկնաբանություններ կան։ Այստեղ գրասենյակ չկա, եւ լինում է՝ մեքենաները հարվածեն ինչ-որ խողովակի, բայց պատկան մարմինները չիմանան, որ խողովակ է վնասվել։ Բայց երբ մարդիկ իմանան, որ գազը տրված է, խողովակ է վնասվել, եւ իմանան, որ կարող են դիմել համապատասխան մարմիններին, արդեն հասցեական տեղյակ կպահեն խնդրի մասին։ Ամեն դեպքում հետեւողական ենք լինելու այս հարցում»,- վստահեցրեց Հայրապետյանը։ «Ապրելու երկիրը» մտադիր է համայնքում կրթական-գիտական, տուրիզմի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, որտեղ մասնագիտացած անձինք հետագայում կաշխատեն այդ ոլորտներում․ «Այսօր աշխատանքը շատ է, մասնագետները՝ քիչ։ Նպատակ ունենք նաեւ հիմնել խաղահրապարակներ, Մեղրիում նոր սպորտդպրոց կառուցել՝ փակ լողավազանով»։ Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, մեր զրուցակիցը նշեց, որ գյուղական համայնքներում բնակիչների հետ հանդիպումներից էլ հասկացել են, որ տեղացիները պատրաստ են ներգրավվել էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներին որպես կեցավայր տրամադրելով նաեւ իրենց տները․ «Լինում է՝ տուրիստները ցանկանում են մնալ գյուղում, բայց գյուղացու համար, այսպես ասած, գովազդ անելն այդքան էլ հեշտ չէ։ Հարկավոր է համակարգել այդ աշխատանքները, ստեղծել մի հարթակ, որտեղ գյուղացիները կտեղադրեն իրենց տան լուսանկարները՝ նշելով, որ պատրաստ են հյուրընկալել զբոսաշրջիկներին։ Այդպես ավելի հեշտ կլինի ե՛ւ գյուղացու համար, որը զբաղված է գյուղական առօրյա գործերով, ե՛ւ զբոսաշրջիկի, որը կկարողանա ավելի հեշտ ու արագ ամրագրել, գին ճշտել, եւ այլն»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով նաեւ, որ պետք է զարգացնել տուրիստական երթուղիները։ «Ապրելու երկիրը» Մեղրիում ակնկալում է բնակիչների քվեները՝ նշելով, որ իրենք երիտասարդ թիմ են ու պատրաստակամ՝ լծվել համայնքի խնդիրների լուծմանը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանը մեր զրույցում վստահեցրեց, որ համայնքապետարանում ներկայացված չլինելու պարագայում էլ հնարավոր եղանակներով փորձելու են մասնակից լինել Մեղրիի զարգացմանը։ Լուսանկարը՝ Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
00:00 - 01 հունվարի, 2001