Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր: Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի:Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական  կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին։   
18:06 - 23 փետրվարի, 2023
Պաշտոնական Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի լրացուցիչ երաշխիք. Արցախի ԱԳՆ

Պաշտոնական Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի լրացուցիչ երաշխիք. Արցախի ԱԳՆ

2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Սակայն ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։ Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կամ ռուսական խաղաղապահ զորակազմին, կամ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առևտրային փոխադրումներ իրականացնող որևէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։  Ծանր հիվանդների տեղափոխումը Երևան հնարավոր է միայն ԿԽՄԿ-ի միջոցով, ինչը ևս մեկ անգամ վկայում է Լաչինի միջանցքով ազատ երթևեկության բացակայության մասին։ Ավելին, շրջափակման սկզբում առնվազն մեկ ծանր հիվանդ է մահացել՝ հետագա բուժման նպատակով շտապ Երևան տեղափոխելու անհնարինության պատճառով։ Այն փաստը, որ Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, հարյուրավոր կիսված ընտանիքներ՝ վերամիավորվել, Ադրբեջանի կողմից շրջափակման առկայության ևս մեկ ապացույց է։  Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկության մասին։ Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ ծրագրերը շրջափակման հաստատումից շատ ավելի վաղ էր մշակել։  Վերոնշյալ փաստերը համոզիչ կերպով ապացուցում են, որ Արցախի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելուց բացի, շրջափակումն ուղղված է նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների վերանայմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է օրինականացնել եռակողմ հայտարարության դրույթները վերանայելու իր մտադրությունը։ Այս փորձերը պետք է վճռականորեն կանխվեն տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից։ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ամբողջովին վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ առանց որևէ նախապայմանի։  Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։ Կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի անօրինական կիրառման արդյունքները չեն կարող ելակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգութան հաստատման ճանապարհին։
15:13 - 22 փետրվարի, 2023
Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում՝ ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման․ Արցախի ԱԳՆ

Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում՝ ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման․ Արցախի ԱԳՆ

Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։ Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։ Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։ Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։ Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։ Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։ Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն: Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։  Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետում նշվում է․ «․․․Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։  Նշենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրորվը նշել էր, որ, ըստ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար․ «Բնականաբար առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որևէ տեսակի ռազմական բեռներ չպետք է անցնել»,- ասել էր Լավրովը։ 
12:39 - 24 հունվարի, 2023
Հավանություն ենք տալիս Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչին․ Արցախի ԱԳՆ-ն՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Հավանություն ենք տալիս Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչին․ Արցախի ԱԳՆ-ն՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը անհապաղ վերականգնելու Լաչինի միջանցքի գործունեությունը՝ ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։ Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու Արցախի ժողովրդի ճակատագրում։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։ Կարևորում ենք միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է այս բանաձևի ընդունումը։
16:55 - 20 հունվարի, 2023
Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։ Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով, Արցախի ժողովրդին զրկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող մարդու հիմնական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչը հանդիսանում է պետական ահաբեկչություն։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը, որն Արցախի դեմ 2020 թվականի բարբարոսական ռազմական արշավից հետո անօրեն մնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ներկայումս օգտագործում է կեղծ «բողոքի ակցիաները» որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի ժողովրդին բնաջնջելու հրապարակայնորեն հայտարարված նպատակին:Այդ համատեքստում նամակում կոչ է արվել ԵԽ Գլխավոր քարտուղարին, կազմակերպության ղեկավարությանը և անդամ պետություններին կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արագ և վճռականորեն օգտագործել Եվրոպայի խորհրդի ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի և անմարդկային շրջափակումն անհապաղ վերացնելու նպատակով։ Փաստաթղթում նաև նշվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, մասնավորապես, կազմակերպությունում վերջինիս ներկայացուցչության իրավունքները կասեցնելու անհրաժեշտությունը՝ ԵԽ կանոնադրության բացահայտ խախտման պատճառով։ Գրության պատճեններն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
11:30 - 20 հունվարի, 2023
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո. Արցախի ԱԳՆ-ն՝ Լավրովի հայտարարության մասին
 |artsakhpress.am|

Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո. Արցախի ԱԳՆ-ն՝ Լավրովի հայտարարության մասին |artsakhpress.am|

artsakhpress.am: «Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը  խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները:  ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո։ Այսպիսով, եռակողմ հայտարարությունը հենց ռուսական խաղաղապահ զորախմբին է լիազորում վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Կասկած չկա, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ունի բոլոր անհրաժեշտ, այդ թվում` տեխնիկական հնարավորությունները ստուգելու տրանսպորտային միջոցները՝ միջանցքի անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով։ «Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը՝ առանց որևէ սահմանափակումների»,-ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։
22:55 - 18 հունվարի, 2023
Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները․ Արցախի ԱԳՆ

Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները․ Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․   «Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։   Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր նաև 2022 թ․ մարտին՝ ավելի քան 20 օրով, Արցախի շրջափակման երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, ինչպես նաև հունվարի 17-ին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը միտումնավոր շարունակում է խոչընդոտել իր վերահսկողության տակ գտնվող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վերականգնման աշխատանքները, որը վթարվել էր հունվարի 9-ին։   Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կազմակերպված և շարունակական շրջափակումը, ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը և հումանիտար աղետի խորացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ հայաթափելով Արցախը։ Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը։   Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը: Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության»։
19:15 - 18 հունվարի, 2023
Արցախի շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջքնցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։   2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։   Արդյունքում հանրապետությունում օրեցօր սրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, պարենի և վառելիքի պակասը։ Շրջափակման կործանարար ազդեցությունը խորացնելու նպատակով Ադրբեջանը փակել էր իր կողմից օկուպացված տարածքներով Հայաստանից Արցախ հասնող գազի մատակարարումը։ Հետագայում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն 2023 թ․ հունվարի 9-ին դադարեցվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վթարի պատճառով, որը ևս անցնում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքով։ Մինչ այսօր Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է վթարավերականգնողական աշխատանքները, ինչը վկայում է նրա քայլերի կանխամտածվածության մասին։   Այսպիսով, Ադրբեջանի գործողությունները 120 000 բնակչություն ունեցող Արցախը կանգնեցրել են հումանիտար աղետի շեմին։   Արցախի շրջափակումը 2020 թ․ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Չկարողանալով Արցախի ժողովրդին իր հայրենիքից վտարել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը զինադադարի հաստատումից ի վեր, ավելի քան երկու տարի, հետևողական փորձեր է ձեռնարկում քիչ ակնհայտ, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով իր հանցավոր նպատակներին հասնելու համար։   Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ամբողջությունը և նրա բարձրագույն ղեկավարության՝ Բաքվի իրական մտադրությունները բացահայտող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը։ Միտումնավոր ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խարխլել Արցախի ժողովրդի ընդհանրությունն ու ամբողջությունը՝ պարտադրելով օտարացում իր պատմական հայրենիքից և հրաժարում սեփական հավաքական իրավունքների իրացումից։ Ադրբեջանի գործողությունները, անկասկած, նրա ցեղասպան քաղաքականության շարունակությունն են։   Կոչ ենք անում պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։   Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը և իրավական բոլոր հիմքերը՝ միջամտելու Արցախում ստեղծված և օրեցօր վատթարացող իրավիճակին։ Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է, այդ թվում նաև այն պատճառով, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:
13:23 - 12 հունվարի, 2023
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
 |armenpress.am|

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Պարեկություն է իրականացվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում երեք երթուղիներով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:16 - 28 դեկտեմբերի, 2022
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։  Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն այդ երկրի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում։ Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի, ինչը չի կարող և չպետք է անտեսվի։ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։ Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել նախադրյալներ տևական խաղաղության համար»:  
18:06 - 21 դեկտեմբերի, 2022
Արցախի շրջափակման 10-րդ օրն է․ տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով

Արցախի շրջափակման 10-րդ օրն է․ տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Լուսանկարում՝ շրջափակված Ստեփանակերտը / Մարութ Վանյան Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով»,- նշում են տեղեկատվական շտաբից։   Գլխավոր լուսանկարում՝ Ստեփանակերտի շուկան / Մարութ Վանյան
10:31 - 21 դեկտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։Այդ համատեքստում կոչ է արվում․ - կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը, - Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, - կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով: Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
18:54 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու ուղղությամբ

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու սադրիչ քայլը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը։Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում  Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»:
18:11 - 12 դեկտեմբերի, 2022
Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ․ Արցախի ԱԳՆ

Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ժամեր շարունակ փակելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է․   «Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ:   Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:   Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:   Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ:   Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձելու ագրեսորին»:
16:19 - 03 դեկտեմբերի, 2022