Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Ժաննա Անդրեասյան․ «4000 ուսուցիչ արդեն իսկ ստանում է բարձրացված աշխատավարձ» |aravot.am|

Ժաննա Անդրեասյան․ «4000 ուսուցիչ արդեն իսկ ստանում է բարձրացված աշխատավարձ» |aravot.am|

aravot.am: 4000 ուսուցիչ արդեն իսկ ստանում է բարձրացված աշխատավարձ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ուսուցիչները դժգոհում են աշխատավարձի ձեւավորման կարգի փոփոխությունից, ասում են՝ դասղեկական ժամերի համար չեն վճարվում, դա տնօրենի հայեցողությանն է թողնված, աշխատավարձերը մի բան էլ նվազում են, կառավարությունը հայտարարում է, որ ուսուցիչները 400 հազար դրամ են ստանում համապատասխան ատեստավորումից հետո, բայց որեւէ ուսուցիչ այդքան չի ստանում։ Նախարարը հորդորեց գնալ մարզային ցանկացած փոքր դպրոց եւ հարցնել, թե որքանով է ավելացել ուսուցչի աշխատավարձը։ Անդրեասյանն ասաց, որ 4000 ուսուցիչ ստանում է բարձրացված աշխատավարձ, եւ սա ներառում է 200 հարյուր հազար դրույքաչափը, 30-50%-ը՝ կամավոր ատեստավորման համար. «Ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք տարակարգ ունեն, եւ նրանք նաեւ հավելում են ստանում՝ մինչեւ 50%։ Այս տարվա սեպտեմբերից ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում, այդ ուսուցիչները 25% հավելավճար են ստանում՝ անկախ ատեստավորումից, իսկ ովքեր ատեստավորված են՝ 200 հազար դրամ դրույքաչափի հաշվարկով»։ Նախարարի ներկայացմամբ՝ գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները մինչեւ 50% տոկոս հավելավճար են ստանում բոլոր առարկաների մասով:
13:01 - 07 դեկտեմբերի, 2023
Նախարարը մոտավոր ժամկետ նշեց, թե երբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը |armeniasputnik.am|

Նախարարը մոտավոր ժամկետ նշեց, թե երբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի։ Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարն ընդգծեց, որ ներկայում բանակցություններ են ընթանում, ժամկետների հարցն է քննարկվում։ «Նախապես քննարկվում է, որ համերգը կարող է լինել հաջորդ տարի` մայիսին կամ հունիսին։ Վերջնական ժամկետն իրենք կհայտնեն բանակցություններից հետո»,– նշեց Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված։ Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի։  
12:39 - 07 դեկտեմբերի, 2023
Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքագրումը՝ հասկանալու, թե որոնք են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:   «Կարող է լինել խնդիրների երկու խումբ․ առաջինը տեխնիկական վրիպակներն են, որոնք չեն բացառվում որևէ հրատարակության պարագայում: Պետք է կարողանանք բոլոր հարցերը հասցեագրել և առնվազն երկրորդ կիսամյակից դասագրքերի էլեկտրոնային շտեմարանում ունենալ ամբողջությամբ ուղղված ու հասանելի տարբերակները: Բացի այդ, դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Անդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ «Պետք է հասկանանք, թե բովանդակային և մեթոդաբանական առումով որ մոտեցումներն են նպատակային և արդյունավետ կիրառվում դպրոցներում և որոնք վերանայման կարիք ունեն: Տարբեր դասագրքերի վերաբերյալ ունենք մասնագիտական որոշակի դիտարկումներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են: «Հանրության համար սա ամենազգայուն թեման է․ ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով: Սովորողների մոտ պատմական մտածողության ձևավորման տեսանկյունից պատմության և գրականության արդյունավետ ուսուցումը կարևոր նշանակություն ունի և պետք է նպաստի վերլուծական մտածողության ձևավորմանը, ինչին միտված է հանրակրթության նոր չափորոշիչը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։ «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։ Քննարկվում է դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը, որտեղ համապատասխան նյութերի տեղադրման անվտանգության և հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերն առաջնային են։ Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Գրականություն-7» դասագրքի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը նախ անդրադարձել է դասագրքերի ստեղծման մրցույթների կազմակերպմանը՝ նշելով, որ ժամանակային խնդրի պատճառով դասագրքերի լիարժեք կատարելագործման հնարավորություն չի եղել: «ԿԳՄՍ նախարարությունից ստացել էինք դիտողությունների փաթեթ, սակայն ֆիզիկապես հնարավոր չէր այդ ամենը ներառել դասագրքում: Դասագրքի մյուս համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ արդեն 6 վեբինար ենք կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ 400 ուսուցիչ է մասնակցել: Դպրոցներում նաև դասեր ենք անցկացրել: Մշտական կապի մեջ ենք թե՛ ուսուցիչների, թե՛ նաև աշակերտների հետ: Վրիպակներ շատ քիչ ենք նկատել: Առկա էր մեկ կոպիտ վրիպակ, որը շատ քաղաքականացվեց, և որին ես ինքս անդրադարձա սոցիալական ցանցի իմ էջերում, և այն բավականին մեծ տարածում ունեցավ: Ուսուցիչներին նամակներ ենք ուղարկել, որպեսզի դասավանդման ժամանակ դա նկատի ունենան, իսկ էլեկտրոնային տարբերակում արդեն շտկումն արված է: Ժամանակի բերումով նաև երեք թեմայի բառարան չենք կարողացել ներդնել. ներդիրների հրատարակման ժամանակ դա անպայման կներառենք: Ընդհանուր առմամբ, դասագրքի վերաբերյալ արձագանքները դրական են: Թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն ու սովորողները գոհ են: Ընդ որում՝ ծնողներն ասում են, որ երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել սովորել առարկան»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրել, որ ուսուցիչները հաճախ նաև թեմատիկ պլան կազմելու հարցում են դժվարանում և դժգոհում դասաժամերի քանակից: Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի էությունը հենց այն է, որ ուսուցիչը կարող է ինքնուրույն ընտրել տվյալ թեմային հատկացվող ժամաքանակը: Անդրադարձ է կատարվել նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասագրքին՝ մասնավորապես դրանում կիրառվող հայերեն եզրույթներին, որոնք հաճախ որոշակի շփոթմունքի պատճառ կարող են դառնալ և դժվարացնել նյութի ընկալումը: ԿԳՄՍ նախարարը հեղինակներին հորդորել է ուշադրություն դարձնել այս բաղադրիչներին՝ հասկանալու համար, թե լեզվական առումով ինչպիսի աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այս առարկայի դասագիրքը լինի ավելի ընկալելի և ըմբռնելի: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմնական առանձնահատկությունը միջառարկայական կապերի շեշտադրումն է․ «Երեխաների մոտ պետք է ձևավորվի ամբողջական պատկերացում երևույթների և շրջապատող իրականության մասին, որպեսզի կարողանան այդ կապերը տեսնել, որն էլ վերլուծության, քննադատական մտածողության հիմքերից է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել»: «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրել է իրենց կողմից հրատարակված դասագրքերի կիրառության վերաբերյալ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջարկություններ է արել հետագա համագործակցության վերաբերյալ։ Քիմիայի 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Քնարիկ Բդոյանը տեղեկացրել է՝ այս դասագրքով կրթությունը կազմակերպվում է ավելի քան 670 դպրոցի շուրջ 22 հազար աշակերտների համար: Գրքի հեղինակներն ուսուցիչների հետ մշտական կապի մեջ են, կազմակերպում են վեբինարներ, քննարկումներ: Քնարիկ Բդոյանի գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպելու ուսուցիչների համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել է թիրախային և արդյունավետ վերապատրաստումների կազմակերպումն ուսուցիչների համար: Նա նաև առաջարկել է ուսումնասիրել, թե որքանով են բնագիտական առարկաների դասագրքերը համադրված փորձարարական ու գործնական ուսուցման խնդիրների հետ: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում դասագրքերի փորձաքննության ընթացակարգում։ Հանդիպման մասնակիցները կարևորել են դասագրքերի ստեղծման ընթացակարգում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել ձևավորել բաց ու մրցակցային դաշտ՝ գործընթացում ներգրավելով նաև նոր հեղինակների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասագրքերի ստեղծման և հրատարակման ֆինանսավորման ժամկետները, մրցութային գործընթացը և մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են պարբերաբար մասնագիտական քննարկումներ ունենալու անհրաժեշտությունը։
20:31 - 05 դեկտեմբերի, 2023
Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն դեկտեմբերի 1-ին կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում: «Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանին: Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Սա այն դեպքերից է, երբ նշանակումը կյանքի գործի շարունակություն է. նրա թե՛ կրթական, թե՛ հետազոտական, թե՛ մասնագիտական բազմաթիվ փորձառություններն ամբողջությամբ կապված են այն խնդիրների հետ, որոնց առնչվում է նաև Լեզվի կոմիտեն: Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում: Կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նա ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Լեզվի կոմիտեի գործունեությունը և դրա աշխատանքների առանձնահատկությունները: Կոմիտեի նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին ցուցաբերած վստահության համար: Նրա խոսքով՝ իր մասնագիտական փորձառությունը, ինչպես նաև վերջին տարիների հետազոտական աշխատանքներն են նպաստել առաջարկն առանց երկմտանքի ընդունելուն: Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ: «Ամերիկյան համալսարանում աշխատելուն զուգընթաց իմ հետազոտությունների բնույթը փոխվել է, և ինձ համար կարևոր է, որ հասարակական-մշակութային հարցերի վերաբերյալ իմ գիտական հետազոտությունները չմնան թղթի վրա, այլ հնարավոր լինի դրանք կիսել բոլորիդ հետ և ձեզ հետ գտնել տարբերակներ՝ դրանք վերածելու գործնական և շոշափելի արդյունքների»,- ասել է Սիրանուշ Դվոյանը: Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին և շեշտել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է Լեզվի կոմիտեի կողքին:
10:24 - 02 դեկտեմբերի, 2023
Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց
 |armeniasputnik.am|

Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար. Ժաննա Անդրեասյանը թվեր հրապարակեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կառավարությունն ակտիվորեն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում գիտության ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար։ «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մենք ջանք ենք գործադրում գիտության զարգացման ուղղությամբ, աա մեր առաջնահերթություններից է։ Նախորդ տարիներին մենք ավելի քան 150%-ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք նոր դրամաշնորհային ծրագրեր ենք սկսել միանգամից մի քանի ուղղությամբ, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում։ Այսօր դրամաշնորհային շահառուների մեծ մասը` ավելի քան 70%-ը, մինչև 30 տարեկան գիտնականներ են»,- նշեց Անդրեասյանը։ Նա ընդգծեց, որ շարունակական աշխատանքներ են տարվում գիտության մեջ ներգրավված մարդկանց` գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Ըստ նախարարի` գիտությամբ զբաղվելու համար սա երիտասարդների համար ամենակարևոր խթաններից է։ Անդրեասյանը շեշտեց` հունվարից գիտաշխատողների վարձատրությունը միջինում ավելի քան 174%-ով կբարձրանա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում Անդրեասյանն ասել էր, որ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կբարձրանա 78%-ով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։
12:16 - 01 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղությունները

ԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով թե՛ ներկայումս քննարկվող ծրագիրը մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում, թե՛ հնարավոր համագործակցության՝ բավականին մեծ օրակարգը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել Եվրոպական ներդումային բանկի կողմից Սյունիքի մարզում իրականացվող համապարփակ աշխատանքը: Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում դիտարկվում է Սյունիքի մարզի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքների իրականացումը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սա մի ամբողջական մոտեցում է՝ ուղղված Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանն ու բոլոր համակարգերի որակական փոփոխությանը. «Այդ շարքում կրթությունն ունի առանձնահատուկ նշանակություն: Կարևորում եմ, որ մեր համատեղ ծրագրի շրջանակում կարողանանք ընդլայնել մասնագիտական որակյալ կրթության հնարավորությունները Սյունիքի մարզի համար: Այս համատեքստում հատկանշական է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի հետ համագործակցությունը, որը մասնագիտական կրթության ոլորտում մեր հուսալի և շարունակական գործընկերներից մեկն է»: Անդրադառնալով համագործակցության մյուս հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում համատեղ նախագծերի հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դպրոցների և մանկապարտեզների մեծածավալ շինարարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է այդ դպրոցների ցանկը, ու թեև աշխատանքները տևական ժամանակ է, ինչ մեծ թափով ընթանում են, դեռևս շատ անելիքներ կան: Հաջորդ ուղղությունը, որի շրջանակում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունը, վերաբերել է բարձրագույն կրթությանը և գիտությանը: «Եվրոպական ներդրումային բանկն ունի մեծ փորձառություն նաև բուհական և հետազոտական համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերում: Այս ուղղությամբ ևս մեծածավալ ծրագիր ենք իրականացնում, որը կապված է ՝բուհերի և գիտական կազմակերպությունների համար նոր ենթակառուցվածք և միջավայր ձևավորելու հետ: Խոսքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին է: Նախատեսում ենք շուրջ 700 հա տարածության վրա կառուցել անհրաժեշտ ենթակառուցվածքներ մինչև 16 բուհերի համար, որտեղ լինելու են նաև գիտահետազոտական կենտրոններ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջարկելով դիտարկել համատեղ աշխատանքների հնարավորությունը նաև այս ուղղությամբ: Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ ԵՄ-Հայաստան երկխոսության համատեքստում կրթության ոլորտն առաջնայիններից է. «Կրթության բոլոր մակարդակները մեր բանկի ներդրումային գործունեության հիմնական ուղղվածություններից են: Կրթության ոլորտին մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում և տրամադրում ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն»,- ասել է Լիոնել Ռապան և պատրաստակամություն հայտնել դիտարկելու թե՛ լրացուցիչ ու շարունակական կրթության, թե՛ դպրոցաշինության և թե՛ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
17:19 - 30 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն

ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 17-ին այցելել է Երևանի պետական համալսարան: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը տեղում ծանոթացել է նոյեմբերի 17-ի առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այնուհետև, Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն: Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։ Նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է։ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:  
17:14 - 17 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տարածած ուղերձում։  «Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի պետական համալսարանում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը։ Լիահույս եմ, որ դեպքի ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կատարված ցավալի միջադեպը մեզ թույլ չի տալիս տոնական շնորհավորանքներով անդրադառնալ ուսանողների օրվան, սակայն օրվա խորհրդի ընդգծումը կարևոր է։ Սիրելի՛ ուսանողներ, ձեր առողջությունը մեզ համար ամենաթանկն է․ պետությունը բուհերի և կրթական համակարգի բոլոր շահակիցների առջև կրթության անվտանգության, անհրաժեշտ նորմերի պահպանման առաջնային պահանջ է դնում, որը հստակ շեշտադրված է մեր կողմից նախաձեռնված բարեփոխման բոլոր ծրագրերում։ Կրթական տարբեր մակարդակներում այսօր ակտիվորեն իրականացվող բարեփոխումները՝ սկսած բովանդակությունից մինչև ենթակառուցվածքների բարելավում, նպատակաուղղված են ձեր որակյալ կրթության ապահովմանը։ Հայաստանի բուհերն ու միջին մասնագիտական կրթական հաստատություններն այսօր համալրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներով, որոնք ևս Հայաստանի Հանրապետության անմիջական հոգածության ներքո են: Յուրաքանչյուրիս ջանքն ու ցանկությունը կարևոր են՝ մեր հայրենակիցներին օր առաջ ինտեգրելու, նրանց կրթական իրավունքը վերականգնելու և աջակցելու հարցում: Պետության կողմից նախատեսվող աջակցության ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար, լինելու են շարունակական։ Սիրելի՛ ուսանողներ, մենք պատրաստակամ ենք աջակցել ձեր նորարար նախաձեռնություններին, նպաստել, որ դեպի ձեր երազանքների իրականացում տանող ճանապարհը լինի հուսալի և լուսավոր։ Պետությունը նախաձեռնել է Ակադեմիական քաղաքի կառուցման նախագիծը, որի իրագործումը մեր բարձրագույն կրթության համակարգը հասցնելու է նոր մակարդակի։ Բազմաթիվ ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, և ձեր համառ ջանքերի, մասնագիտության նկատմամբ սիրո, աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ պետության հետ ձեռք ձեռքի կառուցելու ենք ամուր և զարգացող հասարակություն՝ դիմակայելով ծանր մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
13:40 - 17 նոյեմբերի, 2023
Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Ժաննա Անդրեասյան
 |news.am|

Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Ժաննա Անդրեասյան |news.am|

news.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցածը բուհի ռեկտորի` Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու պատճառ չէ։ «Չեմ կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման պատճառով պետք է նման հարց բարձրացնել»,-ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե դա տեղի է ունեցել որևէ մեկի՝ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու հետևանքով, պետք է հետամուտ լինել դրան»,- նշեց նախարարը։ Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսումնասիրություններ են ընթանում՝ պարզելու հրդեհի պատճառը, մի քանի տարբերակներ են քննարկվում։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասաց նա` հավելելով, որ հրդեհը, բարեբախտաբար, կարողացել են արագ մարել, և ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։ Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկումով տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, երեք անձ տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։  
13:34 - 17 նոյեմբերի, 2023
Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել, հիմա դաշտը ազատականացվել է․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել, հիմա դաշտը ազատականացվել է․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Կրթության նոր չափորոշիչը ներդրվեց մեր երկրի ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021 թվականի փետրվարին՝ հետպատերազմյան իրավիճակում։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կրթական չափորոշիչների ներդրման գործընթացը, ներկա հնարավորություններով, տվել է աշակերտների կրթական արդյունքների ավելացում ավելի քան կես տարով։ Մեր կրթական արդյունքը, որ ձևավորվել էր տարիների ընթացքում, բերել էր մի իրավիճակի, որ մեր երեխաները սովորել են 12 տարի, բայց իրենց կրթական արդյունքը, որ ստանում էին, կարող էին ստանալ ընդամենը 8 տարում»,- ասաց նախարարը։   Վերջինիս խոսքով կրթական ոլորտում արդեն ունեն չափորոշիչների ներդրման արդյունքները՝ չնայած այդ բոլոր դժվարություններին։ «Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել։ Մի դասագրքի համար մենք տարիներ շարունակ մեկ տպագրության համար վճարել ենք 1044 դրամ, դասագրքի ստեղծման, փորձարկման, տպագրության համար այս տարվա արդյունքում վճարում ենք ընդամենը 741 դրամ։ Սա հետևանք է նրա, որ դաշտը ազատականացվել է, հայտվել են նոր մասնակցներ և մենք կարողացել ենք իրավիճակի փոփոխության հասնել։ Բովանդակության վրա կաշխատենք, անհոգ եղեք, ամեն ինչ միանգամից չի լինում, 30 տարվա խնդիրները միանգամից չեն լուծվում, բայց այն, որ դրանք սկսվել են լուծվել և կրթության ոլորտում դրանք տվել են իրենց արդյունքները, ավելի քան ակնհայտ է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
14:08 - 15 նոյեմբերի, 2023
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատմանը։  «Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։ Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։ Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։ Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։ Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը։  Տնօրենի վերադարձից հետո, նրանից ըստ ընթացակարգի պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։ Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է առաջին հերթին պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն, որոնք ցավոք, այս դեպքում բոլորովին չեն դիտարկվել։ Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։ Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։ Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»,- նշված է գրառման մեջ։ 
13:21 - 05 նոյեմբերի, 2023
«Անբավարար» ստացած աշակերտը պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից». Ժաննա Անդրեասյան

 |aravot.am|

«Անբավարար» ստացած աշակերտը պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից». Ժաննա Անդրեասյան |aravot.am|

aravot.am: Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԿԳՄՍ նախարարն ասաց, որ դպրոցների ֆինանսավորումը էական աճ է գրանցել՝ շուրջ 10 մլրդ: Նա նշեց՝ մենք էապես փոխում ենք դպրոցների ֆինանսավորման ձեւը, անցում ենք կատարում դասարանների թվով ֆինանսավորման. «Այս տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ մենք ընդունել ենք դասարանների կազմավորման կարգը, որով սահմանել ենք, որ դասարաններում երեխաների առավելագույն թիվը պետք է լինի 25, եթե խոսում ենք տարրական եւ հիմնական դասարանների մասին եւ 20, եթե խոսում ենք ավագ դասարանների մասին»: Նախարարի խոսքով, դպրոցներից «անբավարար» գնահատականը դուրս է եկել. «Եթե որեւէ առարկայից երեխան գրանցում է «2» գնահատական մինչեւ 1-3 շրջակայքում, ապա նա պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից, թեման յուրացնել ու իր ընկերներից հետ չմնալ: Այս բոլոր ծախսերը, այդ թվում՝ լաբորատորիաների ֆինանսավորումը, լաբորանտների հաստիքի ներդրումը, հոգեբանի հաստիքի ներդրումը, այս ամենը բերել է նրան, որ դպրոցների ֆինանսավորումն աճել է: Հանրակրթության ֆինանսավորման նոր չափորոշիչով մենք 10-20 տոկոսով բարձրացնում ենք բոլոր ուսուցիչների աշխատավարձը: Նոր չափորոշիչով դրույքաչափը տարրական դասարանների համար սահմանվում է 18 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 20% ավելացման, միջին դասարանների համար 20 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 10% ավելացման»: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, եթե որեւէ ուսուցիչ 22 ժամ է շարունակում դասավանդել, նա ավել գումա՞ր կստանա: Անդրեասյանը բացատրեց, որ եթե մի դրույքը 18 ժամն է շաբաթական ու դրանից ավելի է դասավանդում, կստացվի, որ դրույքից ավելի է ծանրաբեռնվածությունը, հետեւաբար կվարձատրվի ըստ այդմ:
14:29 - 02 նոյեմբերի, 2023
Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Նախարարն այս մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման։ Նրա խոսքով՝ Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ Նախարարը հիշեցրեց, որ առաջին բարձրացումը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին։ «2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 տոկոսով 2021 թվականի համեմատ։ 2024 թվականի հունվարի 1-ին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի արդեն 267 տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ին կդառնա 500 հազար դրամ, որը մինչև այս գործընթացը 138 հազար 100 դրամ էր»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որ կմտցնի որակական փոփոխություններ ոլորտում։
11:32 - 02 նոյեմբերի, 2023
Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում |armenpress.am|

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ «Ծախսերում 216 միլիարդ 398 միլիոն դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 միլիարդ դրամ նախատեսված է կապիտալ ծախսերի համար»,- ասաց Սիրունյանը:   ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում: «Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով դինամիկան ըստ տարիների` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»,- նշեց նախարարը: Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը: Նրա խոսքով՝այս պահին ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցումը կավարտվի: «Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունները կավարտվեն 2025-2026 թվականներին:
11:12 - 02 նոյեմբերի, 2023
«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին  |hetq.am|

«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին |hetq.am|

hetq.am: Պատգամավոր Լիլիթ Գալստյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքին, քանի որ հարյուրավոր աղավաղումներ, աղճատումներ և պատմական խեղաթյուրումներ կան:  Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ բարեփոխումների սկսվելուց ի վեր աղմուկը չի դադարում, որոշ դեպքերում՝ ուղղորդված և թիրախավրված: «Համակերպվել այն աղմուկի հետ, որ կա»,-ասաց նախարարը: Պատգամավորը մի քանի դիտարկում արեց, որով դասագրքում կասկածի տակ է դրվում պատմական հայրենիքը, որոշ տեղանուններ գրված են թուրքական տերմինաբանությամբ և այլն: Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելու: Քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը:
18:18 - 25 հոկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ

ԿԳՄՍ նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ։ Ինչպես տեղեկացնում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ըստ այդմ՝ ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա, չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա։ Փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ»,- գրել է նախարարը։ Անդրեասյանի խոսքով առաջիկայում նախարարությունը կներկայացնի նաև ուսուցչի մասնագիտական զարգացման նոր փաթեթը՝ տարակարգի կարգի փոփոխությունները՝ թղթաբանության զգալի թեթևացմամբ, վերապատրաստման նոր ծրագրերն ու կարգը, որոնք կգործեն արդեն հաջորդ տարվանից։
14:35 - 21 հոկտեմբերի, 2023