Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը

ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր: Սակայն հայտարարագրերի մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պատգամավորների զգալի մասը պատշաճ չի հայտարարագրել ունեցվածքը՝ մասնավորապես անշարժ եւ շարժական գույքը: Ոմանց մոտ եղել է գույքի ավելացում, ոմանց մոտ գույքը պակասել է, սակայն առանց տվյալ գույքը ձեռք բերելու կամ օտարելու: Մոտ երկու ամիս առաջ մի շարք պատգամավորների հայտարարագրերում հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով դիմել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու՝ հայտնաբերված անհամապատասխանությունները տեխնիկակա՞ն են, թե՞ բովանդակային: Նշենք, որ դրանց մի մասը տեխնիկական բնույթի էին, որոնք արդեն շտկվում են: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ներկայացրել է երկու հայտարարագիր. մեկը պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է, մյուսը՝ տարեկան: Պապոյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին,  հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ Volkswagen, Vaz եւ Saab մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Պապոյանը նշել է միայն Volkswagen եւ Vaz մակնիշի ավտոմեքենաների առկայության մասին: 2019 թվականի ընթացքում պատգամավորը գնել է Hyundai մակնիշի ավտոմեքենա եւ վաճառել իր Volkswagen-ը: Տարեվերջում Պապոյանի շարժական գույքերը եղել են երկուսը՝ Hyundai եւ Vaz մակնիշի ավտոմեքենաները: Ստացվում է, որ պաշտոնավարման սկզբում նա ունեցել է Saab մակնիշի ավտոմեքենան, որը չի օտարվել, սակայն անհետացել է եւ չի երեւում իր տարեկան հայտարարագրում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին, ըստ հայտարարագրի՝ ունեցել է 2 բնակարան, 1 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Սողոմոնյանի անշարժ գույքի թիվն աճել է: Տարեսկզբին պատգամավորն ունեցել է 2 բնակարան, 1 անհատական բնակելի տուն եւ 5 հողամաս: Այսինքն՝ Սողոմոնյանը պաշտոնավարման հենց սկզբում ունեցել է 5 հողամաս, սակայն հայտարարագրել է դրանցից միայն մեկը՝ չներկայացնելով մյուս 4 հողամասերը:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ստանձնել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելիս Սիմիդյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ BMW եւ Volkswagen մակնիշների: 2018 թվականի տարեկան հայտարարագրում շարժական գույքի ձեռքբերման եւ օտարման վերաբերյալ որեւէ նշում չկա, հետեւաբար՝ Սիմիդյանը 2018 թվականին մեքենաներից որեւէ մեկը չի օտարել: Սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց» դաշտում վերոնշյալ մեքենաները հայտարարագրված չեն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 հողամաս եւ 2 բնակարան: 2018 թվականին որեւէ անշարժ գույք ձեռք չի բերել եւ չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրան պատկանող անշարժ գույքերի թիվն ավելացել է մեկով՝ կազմելով 2 հողամաս եւ 2 բնակարան: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ատոմյանի անշարժ եւ շարժական գույքը 2 հողամաս եւ 1 Mercedes մակնիշի ավտոմեքենա է: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Ատոմյանի հողմասերն ու մեքենան անհետացել են: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը պաշտոնավարելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք, սակայն ներկայացրած տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նշված է մեկ անշարժ գույք՝ բնակարան, որը ձեռք է բերել 1994 թվականի հոկտեմբերի 27-ին: Ստացվում է, որ նշված բնակարանը Փաշինյանն ունեցել է նաեւ պաշտոնավարման սկզբում, սակայն չի հայտարարագրել։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը 2018 թվականի հունիսի 1-ին ստանձնել է Տավուշի մարզպետի պաշտոնը եւ որպես անշարժ գույք հայտարարագրել է 4 հողամաս եւ 1 բնակարան: 2018 եւ 2019 թվականներին որեւէ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի հայտարարագրում անհետացել է նրա բնակարանը: Ղալումյանը հայտարարագրել է միայն 4 հողամասերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Ստանձնելիս հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 հողամաս: Տարվա ընթացքում անշարժ գույք չի գնել, սակայն տարեկան հայտարարագրում նշել է 1 բնակարանի եւ 2 հողամասի առկայության մասին: Այսինքն՝ Թեւոսյանը պաշտոնավարման սկզբում ունեցել է 2 հողամաս, սակայն հայտարարագրում երեւում է դրանցից միայն մեկը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, չի ունեցել որեւէ անշարժ գույք: Պաշտոնավարման տարում նույնպես ձեռք չի բերել, սակայն տարեկան հայտարարագրում առկա է մեկ անշարժ գույք՝ բնակարան: Այսինքն՝ Հայրապետյանը նշված անշարժ գույքը ունեցել է նաեւ պաշտոնը ստանձնելիս, սակայն չի հայտարարագրել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարագիրը հրապարակվել է բավականին ուշ, սակայն դրանով հանդերձ՝ Հովսեփյանի հայտարարագրում նույնպես կա անհամապատասխանություն: Հովսեփյանը պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հունիսի 15-ից: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելիս ունեցել է 4 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն: 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույքի գործարք չի կատարել, այսինքն՝ չի գնել եւ չի վաճառել անշարժ գույք, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նա ներկայացրել է արդեն 5 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում որպես անշարժ գույք նշել է 1 բնակարան: Տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտը դատարկ է, սակայն պաշտոնավարման տարվա ընթացքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, պատգամավորը ձեռք է բերել բնակարան: Թե ինչպես է պատգամավոր ընտրվելուց հետո գնված բնակարանը հայտարարագրել որպես պաշտոնը ստանձնելիս արդեն իսկ ունեցած գույք, անհասկանալի է: Ստացվում է՝ Աբովյանը կա՛մ ունեցել է բնակարան, որը չի ներկայացրել տարեկան հայտարարագրում եւ պաշտոնվարման տարում ձեռք է բերել եւս մեկ բնակարան, կա՛մ նույն բնակարանն է, որը գնել է պաշտոնավարման տարում, սակայն հայտարարագրել է որպես մինչեւ պաշտոնավարումն ունեցած անշարժ գույք:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը 2018 թվականին նախկին պաշտոնը ստանձնելիս եւ դադարեցնելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում Գրիգորյանն ունի 3 հողամաս, որոնք ձեռք չեն բերվել 2018-2019 թվականի ընթացքում: Այսինքն՝ պատգամավորն ունեցել է նշված անշարժ գույքերը՝ մինչև պաշտոնը ստանձնելը, սակայն չի հայտարարագրել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 3 բնակարանի առկայության մասին: Նշված բնակարանները 2017, 2018 եւ 2019 թվականների ընթացքում չեն օտարվել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում 3 բնակարանների մասին որեւէ նշում չկա: Սերգեյ Բագրատյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2017 թվականի մայիսի 17-ին, ունեցել է 1 բնակարան, 1 կիսակառույց շինություն, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք եւ 2 հողամաս. ընդհանուր՝ 5 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրա անշարժ գույքերը 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 հասարակական նշանակության շինություն են: Ընդհանուր՝ 3 անշարժ գույք: Թե ուր են անհետացել նախկինում իրեն պատկանող եւ չօտարված 2 անշարժ գույքերը, անհասկանալի է:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 2 անշարժ գույք՝ հասարակական նշանակության շինություն: 2017, 2018 եւ 2019 թվականներին Էնֆիաջյանը անշարժ գույքերը չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում  «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում իր ունեցած անշարժ գույքերը նշված չեն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը 2007-2012 թվականներին զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, որից հետո՝ մինչև պատգամավոր ընտրվելը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը զբաղեցնելու պահին, ըստ հայտարարագրի, ունեցել է 7 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, 1 հասարակական նշանակության շինություն, 1 բազմամյա տնկի եւ 3 հողամաս: 2019 թվականի ընթացքում որեւէ անշարժ գույք չի գնել, սակայն Վարդանյանի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում անշարժ գույքերը 7-ի փոխարեն թվով 16 են՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք, հողին ամրակցված 3 այլ անշարժ գույք եւ 10 հողամաս: Ստացվում է, որ պատգամավոր Վարդանյանը պաշտոնը ստանձնելիս չի ներկայացրել իր անշարժ գույքի մեծ մասը՝ 16-ի փոխարեն հայտարարագրելով միայն 7-ը:  Բացի այդ՝ Վարդանյանի 2019 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրից իմանում ենք, որ հողամասերից 4-ը գնվել է 2011 թվականին, երբ նա դեռ քաղաքաշինության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Վարդանյանի՝ 2011 թվականի հայտարարագրում այդ տարվա ընթացքում գնված հողամասերի վերաբերյալ որևէ նշում չկա, այնինչ պետք է լիներ: Նշենք նաեւ, որ 2011 թվականին Վարդանյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 120 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին՝ 128 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 3 մլն 536 հազար ՀՀ դրամ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսի 18-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 4 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին պատգամավորը նոր անշարժ գույք ձեռք չի բերել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարգրում հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ բնակարան: Ստացվում է, որ Գրիգորյանը նույնպես ունեցել է բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Սամսոնյանը որեւէ անշարժ գույք չի ունեցել: Սակայն պարզվում է, որ իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նախկինում չհայտարարագրված բնակարանն արդեն նշել է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը պաշտոնավարում է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Բաբայանը նույնպես չի ունեցել որեւէ անշարժ գույք: Սակայն իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաբայանը նշել է նախկինում չհայտարարագրած անշարժ գույքը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Մինասյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ Hyundai Elantra եւ Mercedes Benz մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը» դաշտում Մինասյանը հայտարարագրել է միայն Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը այդ տարվա ընթացքում վաճառել է եւ գնել 2008 թվականի արտադրության Mercedes մակնիշի ավտոմեքենա՝ ընդամենը 520 հազար ՀՀ դրամով: Եթե սա նույն Mercedes մակնիշի ավտոմեքենան է, որը հայտարարագրված էր նաեւ պաշտոնը ստանձնելիս, ապա Մինասյանը պաշտոնավարման ընթացքում ձեռքբերած մեքենան ներկայացրել է որպես մինչեւ պաշտոնավարումը արդեն իսկ ունեցած շարժական գույք: Mercedes մակնիշի ավտոմեքենան Մինասյանը ձեռք է բերել 2019 թվականի օգոստոսի 15-ին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Ստեփանյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ ամառանոց: Պաշտոնավարման տարում՝ 2019 թվականին, Ստեփանյանը որեւէ նոր անշարժ գույք չի գնել, սակայն նրա՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում առկա է 2 անշարժ գույք: Ստացվում է, որ Ստեփանյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 2 անշարժ գույք, որոնցից մեկը չի ներկայացրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս նա, ըստ հայտարարագրի, ունեցել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 1 հողամաս: Պաշտոնավարման տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարք չի կատարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Գրիգորյանի անշարժ գույքերի թիվը կրկնապատկվել է. նա Հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 3 հողամաս: Ստացվում է, որ Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրման է ներկայացրել միայն դրանցից երկուսը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 հողամաս եւ 2 բնակարան: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաղդասարյանի անշարժ գույքերի թիվը դարձել է 4՝ 1 հողամաս եւ 3 բնակարան, սակայն պաշտոնավարման տարում բնակարան չի գնել: Այսինքն՝ բոլոր 4 անշարժ գույքերն էլ նա ունեցել է մինչեւ պաշտոնավարելը, սակայն դրանցից մեկը հայտարարագրում չի երեւում: Այսպիսով՝ ուսումնասիրելով հիշյալ պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ տեսնում ենք, որ շատերի մոտ կան անհամապատասխանություններ: Արդեն մոտ 3 ամիս է՝ հրապարակվել են հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերը, սակայն կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովը մինչ օրս չի զբաղվել վերոնշյալ խնդիրներով, որոնցում կարող են լինել նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 21 սեպտեմբերի, 2020
Հանգստի, ուսման և այլ ծախսերի հայտարարագրում. ներդրվում է նոր գործիքակազմ կոռուպցիայի դեմ պայքարում |armenpress.am|

Հանգստի, ուսման և այլ ծախսերի հայտարարագրում. ներդրվում է նոր գործիքակազմ կոռուպցիայի դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, որը հնարավորություն կտա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հավաքագրել, ստուգել և վերլուծել պաշտոնատար անձանց ծախսերը, որոնք մինչ այդ չէին արտացոլվում հայտարարագրում։  Այս մասին ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանը: Խոսելով ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին, Գալստյանը ասաց, որ շատ հաճախ անօրինական ճանապարհով ստացված միջոցները հնարավոր է օգտագործել այնպիսի եղանակով, որ այն  չարտացոլվի հայտարարագրում, օրինակ՝ մի շարք ծառայություններից օգտվելիս, հանգստյան, ուսման համար վճարումներ կատարելիս, ուստի, հայտարարատու անձի ֆինանսական շարժի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ նաև վերջինիս կողմից կատարված ծախսերի վերաբերյալ: «Գույքային դրության ստուգման ամբողջական տեղեկատվության հավաքագրումը, դրա հրապարակումը և հանրային վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրումը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելմանը և հնարավոր խախտումների, այդ թվում՝ հանցագործությունների բացահայտմանը»,- ընդգծեց Գալստյանը: Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով` նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձանց: «Որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության  ծախսը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, անձը պարտականություն է կրում դրանք հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ  դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- նշեց Գալստյանը, հավելելով, որ ծախսերի հայտարարագրման վերահսկողությունը  իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ըստ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի` նախագծով նաև սահմանվել է դրույթ, առ այն, որ հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա  միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեսանելի են լինելու արտերկրում իրականացված ծախսերը, Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը նշեց, որ հայտարարագրերի վերլուծության ընթացքում հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու  հայտարարատուին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: «Ընդ որում, հանձնաժողովն իրականացնում է նաև հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն»,- շեշտեց Գալստյանը: Հարցին, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի հայտարարատուն և ինչ ժամկետներում, Գալստյանը պատասխանեց, որ ծախսերը հայտարարագրելիս նշվում են՝ծախսի տեսակը, կատարված ծախսի բովանդակությունը, ծախսի չափը,ծախսի արժույթը: «Ծախսերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես և գույքի, եկամուտի և շահերի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում են մեկ  միասնական հայտարարագրում՝ պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման դեպքում՝ 1 ամիս, տարեկան հայտարարագրի դեպքում՝ մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը:Նախագծի համաձայն հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3  միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- հավելեց Գալստյանը: Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով`եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է՝ հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ։ «Հարկ է նշել, որ հայտարարագրման պահանջների խախտման համար նախատեսվում է վարչական կամ քրեական պատասխանատվություն՝ կախված խախտման բնույթից»,- ասաց Գալստյանը: Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը ներկայացրեց նաև, թե որ երկրների փորձն են ուսումնասիրել նախագծերի փաթեթը մշակելիս. «Ծախսերի հայտարարագրման ինստիտուտը ներդնելու նպատակով ուսումնասիրվել է  Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ալբանիայի, Լիտվայի, Արգենտինայի և այլ երկրների միջազգային փորձը:Նշված երկրներում, չնայած որոշ տարբերությունների, ծախսերի հայտարարագրումն ուղղված է  հիմնականում անշարժ գույքի, կրթության, հանգստի, ֆինանսական պարտավորություններից բխող, ինչպես նաև այլ գույքային իրավունքների և ծառայությունների ձեռքբերմանն ուղղված ծախսերի հայտարարագրմանը։ Երկրների մեծամասնությունում հայտարարագրման են ենթակա նաև հայտարարատուների մերձավոր ազգականների կողմից իրականացվող ծախսերը։ Նման կառուցակարգն ուղղված է հայտարարագրման առավել արդյունավետ համակարգի ձևավորմանը։ Նախագծերի փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում, ներգրավվել է հայտարարագրման ոլորտի միջազգային փորձագետ, որոնց հետ համատեղ կազմակերպվել են քննարկումներ պետական տարբեր գերատեսչություններում, քննարկվել են նախագծի առանցքային ուղղությունները»: Արդարադատության նախարարությունը օրենքի փոփոխությամբ ակնկալում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: «Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է»,- եզրափակեց Գալստյանը:
10:00 - 18 սեպտեմբերի, 2020
ՍԴ թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՍԴ թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՍԴ թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։   Հետևելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաև թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է.   1. Թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը հարցերից մեկին պատասխանելու ընթացքում նշել է, որ զանգ է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և զանգի ընթացքում հնչել են հարցադրումներ իր կուսակցական լինելու կամ չլինելու, ինչպես նաև բարեկամների կազմում բարձրաստիճան պաշտոնատար անձանց առկայության վերաբերյալ։ Հանձնաժողովը հայտարարում է, որ Հանձնաժողովը հեռախոսազանգի միջոցով նման հարցադրումներ Թեկնածուին չի ուղղել, և Թեկնածուի կողմից նման տեղեկությունների տարածումը չի արտացոլում ճշմարտությունը։   2. Թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացության վերաբերյալ հնչեցվել են գնահատականներ, տրվել են որակումներ, որոնք Հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը կասկածի տակ են դրել: Մասնավորապես՝ թեկնածու Էդգար Շաթիրյանը Հանձնաժողովի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացված տվյալների առնչությամբ տվել է գնահատականներ՝ պատկերացում ձևավորելով, որ եզրակացության մեջ առկա այդ տվյալներն անարժանահավատ են։   Հանձնաժողովը վերահաստատում է, որ բարեվարքության եզրակացության մեջ գույքային դրության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները հիմնված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված այլ գործիքակազմի միջոցով ստացված տեղեկությունների վրա։   Հանձնաժողովը վերստին հայտարարում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները, զերծ մնալ եզրակացության բովանդակության շուրջ ցանկացած քննարկումներից այն անձանց հետ, ովքեր չունեն եզրակացության բովանդակությանը ծանոթանալու լիազորություն։   Հանձնաժողովը հիշեցնում է, որ եզրակացությունը չի կարող քննարկվել և դրա վերաբերյալ բացատրություններ, պարզաբանումներ չեն կարող ներկայացվել նաև Թեկնածուներին, ուստի հորդորում է պաշտոնատար անձանց, ինչպես նաև թեկնածուներին զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից։
11:20 - 15 սեպտեմբերի, 2020
Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|

Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|

armtimes.com: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) եզրակացությանը ես ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետեւ ըստ օրենքի՝  այն գաղտնի է եւ տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։ Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել ԿԿՀ-ի ենթադրյալ կարծիքի մասին միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում։ Բայց մամուլում առկա տեղեկությունն այնպիսին է, որ ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք ԿԿՀ-ի կողմից կարող էր նման որակի վերլուծություններ լինել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ, ՍԴ անդամի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով ԿԿՀ-ի՝ իր բարեվարքության թերթիկի վերաբերյալ եզրակացությանը։ Նա մեջբերեց նաեւ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին վերաբերող օրինակը, եւ հավելեց, որ իր մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնք իրեն մեղադրում են խախտումներ թույլ տալու եւ հեռուստաընկերությունը փակելու մեջ, կարդացե՞լ են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը, թե՝ ոչ։ Նրա փոխանցմամբ՝ այդ վճռով արդար դատական իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ Խունդկարյանը ստեղծել է համապատասխան միջավայր, մրցակցելու տեսանկյունից ստեղծել է զենքերի հավասարություն  եւ կողմերի ներկայացված բոլոր միջնորդությունները քննության են առվել։ Հարցին, թե ի վերջո նա համաձա՞յն չէ ԿԿՀ-ի կարծիքի հետ, Խունդկարյանը պատասխանեց, որ այն չի կարդացել։ Թե ինչպիսի ազդեցություն կթողնի այդ եզրակացությունն իր ընտրության հարցում, ՍԴ դատավորի թեկնածուն դժվարացավ պատասխանել։ «Այդ կարծիքն ընդամենը պատգամավորներին տրված կարծիք է եւ պետք է ուղղորդի նրանց։ Եթե պատգամավորներն իրենց հարցուպատասխանի ժամանակ չեն ստանա բավարարող պատասխաններ եւ կգտնեն, որ դա խոչընդոտ է ընտրությանը, ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որեւէ կերպ մեղադրել»,- ասաց Խունդկարյանը։ Վերլուծելով մամուլում առկա տեղեկություններն այդ եզրակացությունից, Խունդկարյանը շեշտեց, որ կան մի շարք գործեր, որոնց հետ ինքն ընդհանրապես կապ չունի։ Ըստ նրա՝ կա նաեւ գործերի մի շարք, որտեղ պետք է իրական վերլուծություն, թե որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել խախտումը։ Նա շեշտեց նաեւ, որ Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով եւ հիմնավորումներով։ Այն չի կարող բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից դուրս գալ եւ փորձել լուծել այն խախտումները, որ տեսնում է։ Խունդկարյանի պնդմամբ՝ Թեղուտի գործերի մի խումբ, որտեղ մատնանշված էր նաեւ իր մասնակցությունը, իրականությանը չի համապատասխանում։ Հենց այս պատճառով, Խունդկարյանի պնդմամբ, նա վերապահումով է մոտենում այն տեղեկություններին, թե մամուլում հատյնված եզրակացությունը ԿԿՀ-ինն է։ «Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ, եւ հավատացած եղեք, որ որեւէ դատավոր որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում։ Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»,- ասաց Խունդկարյանը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:42 - 14 սեպտեմբերի, 2020
Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունների հետ իմ՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ քննարկումներ չեն եղել և չեն էլ կարող լինել. Երվանդ Խունդկարյան |tert.am|

Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունների հետ իմ՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ քննարկումներ չեն եղել և չեն էլ կարող լինել. Երվանդ Խունդկարյան |tert.am|

tert.am: Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունների հետ իմ՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ քննարկումներ ու հավաստիացումներ չեն եղել և չեն էլ կարող լինել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը: Գործող Սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է ՍԴ կազմը համալրելու ընթացակարգը: Այդ ընթացակարգի համաձայն ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:«Տեսեք՝ քանի գործընթաց պետք է անցնի թեկնածուն՝ Դատավորների ընդհանուր ժողով, ժողովում փակ գաղտնի քվեարկություն: Երկրորդ փուլ՝ թեկնածուի ներկայացում Ազգային ժողովում, ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկություն և ընտրություն: ՍԴ նախագահն էլ, ըստ ներկայումս գործող կարգավորումների՝ ընտրվում է ՍԴ դատավորների կողմից: Այս պայմաններում որևէ պայմանավորվածություն կարո՞ղ է աշխատել»,- նշեց Խունդկարյանը: Forrights.am-ը գրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք թեկնածուներից երկուսի՝ Արթուր Վաղարշյանի և Խունդկարյանի վերաբերյալ եզրակացություններն արդեն ուղարկել է ԱԺ, Էդգար Շաթիրյանինը՝ օրերս պատրաստ կլինի։ Չնայած եզրակացությունները չեն հանրայնացվելու, քանի որ օրենքով դրանք հրապարակային չեն, սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել Վճռաբեկ դատարանի նախագահի վերաբերյալ։ «Յուրաքանչյուր նման գործընթաց սկսելուց առաջ թեկնածուն պետք է լրացնի բարեվարքության հարցաթերթիկ, որն իմ կողմից կատարվել է և ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովի եզրակացությանը ես որևէ կերպ ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետև ըստ օրենքի՝ գաղտնի է և դա տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց: Այդ կարծիքը պատգամավորներին տրված կարծիք է և դա պետք է ուղղորդի պատգամավորներին: Եթե պատգամավորները կգտնեն, որ դա խոչընդոտ է, ընտրությունը իրենցն է, ես չեմ կարող որևէ կերպ ներազդել այդ ընտրության վրա»,- ասաց Երվանդ Խունդկարյանը: Forrights.am-ի նույն հրապարակման մեջ նաև ասվում է, որ Երվանդ Խունդկարյանի 13 գործով ՄԻԵԴ-ն «․․․ընդդեմ Հայաստանի» որոշումներ է կայացրել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երվանդ Խունդկարյանը հայտնեց, որ նշված վճիռները վերաբերում են Թեղուտի գործերին: Շարունակությունը՝ tert.am-ում
13:40 - 14 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը հաստատեց. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Ըստ հիմնավորման, հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն: Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար: Հանձնաժողովի վարչություններն են՝ Հայտարարագրերի վերլուծության վարչությունը, Վարույթների և իրավական ապահովման վարչությունը, Անհամատեղելիության պահանջների և  այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչությունը, Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, Մեթոդական աջակցության վարչությունը, Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը:
12:05 - 10 սեպտեմբերի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններն ընդլայնող նախագծերի փաթեթը ստացավ ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը |hetq.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններն ընդլայնող նախագծերի փաթեթը ստացավ ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորությունները: Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ում խոսքով` այն հակակոռուպցիոն ոլորտում իրականացված քայլերի տրամաբանական շարունակությունն է: Հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ  ամբողջական պատկերացում կազմելու նպատակով առաջարկվում է ներդնել նոր` ծախսերի հայտարարագրման համակարգ, որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում պաշտոնատար անձը պարտավորվում է հայտարարագրել այն, եթե նման ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը, օրինակ վարձակալության ծախսեր, ուսման վարձավճարներ, հանգստի համար ծախսեր և այլն: Հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Գույք, որը սեփականության իրավունքով չի պատկանում պաշտոնատար անձին, սակայն վերջինիս կողմից վերահսկվում է, բացառություն է կազմում ծառայողական ավտոմեքենան: Պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, ԿԿՀ-ն իրավասու կլինի պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Նախարարի ներկայացրած մյուս փոփոխության առաջարկն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով: Հանձնաժողովի անդամ պատգամավորները հետաքրքրվեցին հայտարարատու անձանց ցանկի ընդլայնումից` հարցնելով, թե ինչու են նաև ավագանու անդմաները ներառվել այդտեղ(15000բնակչություն ունեցող համայնքների): Պատգամավորները հիշեցրին, որ ավագանու անդամները չվարձատրվող աշխատանք են կատարում և նրանց վրա չի տարածվում աշխատանքի անհամատեղելիության պահանջ, ինչպես պատգամավորների դեպքում է: Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ նման կարգավորումների դեպքում շատերը պարզապես չեն ցանկանա ավագանու անդամ  լինել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` ավագանու անդամները կարևոր լիազորությամբ են օժտված, օրինակ համայնքային նշանակության հողտարածքների նշանակությունը կարող են փոխել, և անհրաժեշտ է, որ նրանք ևս եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Նախարարը նաև հավելեց, որ փաթեթը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում է, և ուղղված է նրան, որ ապագայում ներդրվի համատարած հայտարարագրման մեխանիզմը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ ասաց` եթե որևէ անձ եկամուտների հայտարարագրի պատճառով չի ցանկանալու ավագանու անդամ ընտրել, ուրեմն ավելի լավ կլինի, որ նման անձ ավագանու պաշտոն չզբաղեցնի: Նախագծերի փաթեթը ներկայացվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն:
12:45 - 08 սեպտեմբերի, 2020
«Դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում»․ Լիլիթ Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի մասին |pastinfo.am|

«Դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում»․ Լիլիթ Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի մասին |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունը հանդիպեց ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության թեկնածուն չէ։ «Պարոն Շաթիրյանին նախկինում առիթ ունեցել ենք առանձին հարցեր ուղղելու, կրկնվող հարցեր չենք ունեցել, քանի որ պարոն Շաթիրյանի տեսակետը մեզ հայտնի է եղել։ Հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հնարավոր կարգավիճակին։ Որպես հնարավոր թեկնածու մեզ բոլոր հուզող հարցերը ուղղել ենք։ Ինչ վերաբերում է թեկնածությունը պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»։ Մակունցը տեղեկացրեց, որ եթե լրացուցիչ հանդիպելու անհրաժեշտություն առաջանա, ապա խմբակցությունը այդ մասին կտեղեկացնի։ Իսկ քննարկմանը տիրող տրամադրությունների մասին չխոսեց։ «Տարբեր հարցերի շուրջ ենք քննարկում ունեցել՝ այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանը։ Կարծում եմ, եթե պարոն Շաթիրյանը կառավարության կողմից առաջադրվի, ապա առիթ կունենա այդ մասին հրապարակային հնչեցնելու»։Անդրադառնալով կառավարության ներկայացրած նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝իր համաձայնությունը հետ վերցնելուն, Մակունցը նշեց, որ ինքն այլ կերպ է ընկալել պարոն Ավետիսյանի դիրքորոշումը։ «Կարծում եմ պարոն Ավետիսյանի մոտ որոշ տպավորություններ ձևավորվել են առանձին պատգամավորների սուր հարցադրումներից։ Մեր բոլոր հանդիպումներում, տարբեր թեկնածուների հետ մշտապես հնչում են սուր հարցեր, ու դրանցով պայմանավորված տպավորությունները ոչ միշտ է, որ համընկնում են իրականությանը։ Ես կարծում եմ՝ որևէ մեկը մեզանից չի կարող իմանալ, թե որևէ թեկնածու քանի քվե կստանա, որոշում չի կայացվում այդ մասով»։ Լիլիթ Մակունցը նաև անդրադարձավ դատարանների միավորման մասին քննարկումներին։ «Գիտենք որ սահմանադրական փոփոխությունները քննարկվում են, հնչում են տարբեր տեսակետներ՝ նաև բավականին տրամաբանական մոտեցումներ, այդ թվում Վճռաբեկ դատարանի կրկնվող գործառույթների և տեղ- տեղ ՍԴ-ին հակասող գործողությունների վերաբերյալ։ Տրամաբանական է, որ այդ հարցերը քննարկվում են։ Աշխատանքային խմբի դիրքորոշումը քննարկումից հետո պարզ կլինի, խմբակցությունն էլ կարծիքը կհայտնի»։
16:53 - 22 օգոստոսի, 2020
ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ |civilnet.am|

ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ |civilnet.am|

civilnet.am: Էդգար Շաթիրյանը նախնական համաձայնություն է տվել դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն: Շաթիրյանը հայտնեց, որ նախնական համաձայնություն է տվել, սակայն մինչև պաշտոնապես թեկնածության առաջադրումը նախատեսվում են հանդիպումներ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, ինչից հետո կառավարությունն իր դիրքորոշումը կհստակեցնի։ Նա չբացառեց, որ այլ թեկնածուների հետ ևս քննարկումներ եղել են։ Շաթիրյանը «Իմ քայլի» թեկնածուն էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նա ընտրվեց նոյեմբերին, առաջադրվեց նաև հանձնաժողովի նախագահի պաշտնում, սակայն հանձնաժողովի անդամների միջև տեղի ունեցած քննարկմամբ այդ պաշտոնը զբաղեցրեց Հայկուhի Հարությունյանը, որը «Լուսավոր Հայաստանի» կողմից էր առաջադրվել։ Այնուհետև Շաթիրյանը հրաժարվեց հանձնաժողովում իր պաշտոնավարումից։ 40-ամյա Շաթիրյանը մինչ այդ զբաղեցրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 18-ին հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։
17:50 - 21 օգոստոսի, 2020
ՍԴ դատավորի թեկնածուի մասին եզրակացությունը մինչև երեքշաբթի ներկայացվի ԱԺ |pastinfo.am|

ՍԴ դատավորի թեկնածուի մասին եզրակացությունը մինչև երեքշաբթի ներկայացվի ԱԺ |pastinfo.am|

pastinfo.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ստուգել է ՍԴ դատավորի երկու թեկնածուի բարեվարքությունը, սակայն առաջիկա օրերին միայն մեկի վերաբերյալ եզրակացությունը կուղարկվի ԱԺ։ Այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։  Նրա փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի երեք թեկնածուներն էլ լրացրել են բարեվարքության հարցաթերթիկը։ Երկու թեկնածուի մասով եզրակացությունը գրեթե պատրաստ էր, երբ պարզ դարձավ, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ՍԴ–ում դատավոր ընտրվելու առնչությամբ իր ներկայացրած դիմումը հետ է կանչել։ «Թեկնածուներից մեկը հանել է թեկնածությունը։ Մենք դիմել ենք ԱԺ՝ մի քանի հարց կփորձենք հասկանալ։ Երբ մենք հարցումներն արել ենք, երկու թեկնածուի վերաբերյալ նույն փաստաթղթով է գնացել, որովհետև ժամկետները շատ մոտ էին։ Հիմա մի թեկնածուին պետք է հանել։ Արդեն անհատական մեր եզրակացությունը նախնական տարբերակով կազմված է միայն այս պահին գործող թեկնածուի վերաբերյալ։ Եզրակացությունը մինչև երեքշաբթի կներկայացնենք ԱԺ։ Սա վերաբերում է միայն մեկ թեկնածուին»,- նշեց նա Երրորդ թեկնածուի վերաբերյալ փաստաթղթերը փոքր-ինչ ավելի ուշ են ստացվել, հետեւապես եզրակացությունն ավելի ուշ կներկայացվի։ «Ունեինք երեք թեկնածուների բարեվարքության լրացված թերթիկ, որից մեկը ուշ է ներկայացրել թերթիկը, մեկինը գրեթե պատրաստ է, որը կներկայացնենք ԱԺ և կսպասենք նոր թեկնածուի առաջադրմանը»,- հայտնեց Հարությունյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով, կառավարության առաջարկած թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը հետ է վերցրել իր համաձայնությունը՝ հայտարարելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից եւ հետագա քննարկումներից իր համար ակնհայտ է դարձել, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումները համահունչ չեն իր մոտեցումներին եւ պատկերացումներին, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ անընդունելի։
16:59 - 20 օգոստոսի, 2020
Հայկ Սարգսյանը կծանուցվի, որից հետո հանձնաժողովը հավանաբար կհայտարարի վարույթի մեկնարկի մասին |pastinfo.am|

Հայկ Սարգսյանը կծանուցվի, որից հետո հանձնաժողովը հավանաբար կհայտարարի վարույթի մեկնարկի մասին |pastinfo.am|

pastinfo.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում առանձին գերատեսչություններից ստացված տվյալների առնչությամբ և արդեն կազմվել է համապատասխան արձանագրություն, որի վերաբերյալ արդեն ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը կծանուցվի։ Այս մասին այսօր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ ուսումնասիրություն է սկսել: «Անձը կծանոթանա, որից հետո հանձնաժողովը ակնկալում է, որ վարույթի մեկնարկը այսպես ասած կսկսվի, եթե, իհարկե, մինչև այժմ բացահայտված տեղեկությունները որպես այդպիսին ողջամիտ բացատրությունների կամ պարզաբանումների չարժանանան հենց անձի կողմից՝ այսինք լսված լինեն իրավունքի իրագործման արդյունքում։ Հետո հանձնաժողովը առավել արդարացի որոշում կկայացնի, թե կոնկրետ տեղեկությունները, որոնք որպես բացթողումներ կամ խնդիրներ հայտնաբերվել են, որքանո՞վ են իսկապես պատասխանատվության հանգեցնող գործողությունների ենթադրում, ըստ այդմ մեկնարկ կտրվի գործողությանը՝ որպես հանձնաժողովի կողմից վարույթի շրջանակներում հետագա վերջնական եզրակացություն կայացնելու ակնկալիքով»։ Հարությունյանը հավելեց, որ ծանուցումից հետո՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, վերջնական որոշումը հանձնաժողովը կհրապարակի։ «Մի քանի այլ պետական մարմիններից այս պահին դեռևս սպասման մեջ ենք, դրա համար արձանագրության միջոցով հենց թեկնածուից պարզաբանում կունենանք, իսկ այնուհետև տվյալների համադրմամբ կգնահատվի նաև արժանահավատությունը, թե պարզաբանման միջոցով տրամադրված տեղեկությունը թեկնածուի կողմից որքանով արժանահավատ է եղել»։ Մանրամասները՝ տեսանյութում
15:43 - 14 օգոստոսի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Հայկ Սարգսյանի վերաբերյալ մամուլի հրապարակումները․ Հայկուհի Հարությունյան
 |armtimes.com|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Հայկ Սարգսյանի վերաբերյալ մամուլի հրապարակումները․ Հայկուհի Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ մամուլի այն հրապարակումները, ըստ որի՝ նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja» լողափում խնջույք էր անցկացվել, որին առանց դիմակ մասնակցել էր նաեւ Հայկ Սարգսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ լողափը ապօրինի է շահագործվում եւ որ այն պատկանում է Սարգսյանին, սակայն վերջինս հերքեց դա։ Ըստ «Հետք»-ի հրապարակման էլ «White Shorja» լողափը պատկանում է պատգամավորի ընկերոջը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ասաց, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ հրապարակումներից ելնելով՝ հանձնաժողովն իր կազմով աշխատանքային կարգով քննարկել է, թե որքանով են արժանահավատ այդ հրապարակումները, որի հիման վրա հանձնաժողովը կարող է գործողություններ իրականացնել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
20:56 - 31 հուլիսի, 2020
Դատական դեպարտամենտ է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները

Դատական դեպարտամենտ է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայք էջում հրապարակվել է Դատական իշխանության 2020 թվականի հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի կողմից բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ տեղեկությունները հետևյալ թեկնածուների մասով․ 1)Անտոնյան Սուրեն Ռաֆիկի, 2)Հակոբյան Գոռ Գագիկի, 3)Միքայելյան Ստեփան Կարոյի:Սակայն Հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Ուստի, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց և մարմիններին տեղեկացնում է երրորդ թեկնածուի՝ Անտոնյան Սուրեն Ռաֆիկի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։
11:55 - 30 հուլիսի, 2020
Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր: Այս գործընթացը կատարվում է հանրային ծառայության անցած անձանց թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու կամ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործառույթների եւ լիազորությունների շրջանակում կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում եւ վերլուծում հայտարարագրերը, քննում եւ լուծում հայտարարագրման վերաբերյալ առկա խախտումների վերաբերյալ գործերը եւ այլն: Օրինակ` 2019 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրի լրացման պահանջների խախտմամբ ներկայացնելու, հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներով: Բացի հանձնաժողովի կատարած աշխատանքը` հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը ստուգելու, վերլուծելու, խախտումներն ու կոռուպցիոն բնույթի գործարքները բացահայտելու գործում մեծ դեր ունեն նաեւ հայտարարագրերն ուսումնասիրող լրագրողներն ու անհատները: Սակայն միայն կարդալը բավարար չէ վերլուծելու համար, անհրաժեշտ է կարողանալ ճիշտ կարդալ հայտարարագրերը: Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս պարտավորվում են հայտարարագրել իրենց անշարժ եւ շարժական գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնած փոխառությունները, 8 մլն ՀՀ դրամը գերազանցող ցանկացած գույք, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ: Ընդ որում՝ ստացված եկամուտները հաշվվում են եւ հայտարարագրման ենթակա են պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը: Պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերը համեմատելիս հիմնական վրիպակը ստացված եկամուտների վերաբերյալ է լինում, քանի որ դեպքեր կան, երբ հայտարարագիր կարդացողը հաշվի չի առնում պաշտոնավարման ամիսն ու օրը, բացի այդ՝ մինչեւ պաշտոնավարելը ստացված եկամուտները կարող են ներառվել նաեւ տարեկան հայտարարագրում՝ այդպիսով առաջացնելով տարընկալումների հավանականություն: Դիտարկենք մամուլում հրապարակված մի քանի օրինակ՝ առավել լավ պատկերացնելու համար: Armdaily.am լրատվական կայքն իր «հայտարարագիր» բաժնում 2020 թվականի մարտի 21-ին հրապարակել էր «Պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են» վերտառությամբ նյութ, որտեղ գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Գեղամ Գեւորգյանի (2019 թվականի ապրիլից՝ ՏՄՊՊՀ նախագահ)՝ այդ պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերի համեմատության արդյունքում եկել էր եզրահանգման, թե պաշտոնյայի եկամուտներն աճել են, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի եկամուտը եղել է 12 մլն 917 հազար ՀՀ դրամ, իսկ տարեկան հայտարարագրում նշված է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ: Այստեղ կա մի կարեւոր կետ, որը նյութի հեղինակը հաշվի չի առել կամ աչքից վրիպել է: Գեղամ Գեւորգյանի հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտն է: Գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, հետեւաբար՝ նշված եկամուտը նրա 9.5 ամսվա եկամուտն է: Տարեկան հայտարարագրում գյուղատնտեսության այդժամանակվա նախարար Գեղամ Գեւորգյանը ողջ տարվա համար հայտարարագրել է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված է նաեւ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը, որը Գեւորգյանը ստացել է նշված երկու աղբյուրներից (աշխատանքներից) եւ այլ եկամուտների մի մասից: Այսինքն՝ հայտարարագրած եկամտի 12 մլն 917 հազար ՀՀ դրամը Գեղամ Գեւորգյանը ստացել է մինչեւ պաշտոնավարելը: Հետեւաբար՝ պաշտոնավարումից հետո նրա եկամուտը կազմել է 2 մլն 911 հազար ՀՀ դրամ: Բացի այդ՝ երկու հայտարարագրերում էլ նախկին նախարարը նշել  է ստացված այլ եկամուտների մասին, որը չի գոյացել աշխատավարձից: Եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, ապա մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեղամ Գեւորգյանը ամսական միջին կտրվածքով ստացել է 1 մլն 183 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ ահա պաշտոնավարելուց հետո նրա աշխատավարձը կազմել է 938 հազար ՀՀ դրամ: Նշենք, որ պաշտոնավարելուց հետո ստացած 2 մլն 344 հազար ՀՀ դրամը նախարարի 2.5 ամսվա աշխատավարձն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ից: Եթե դիտարկենք Գեղամ Գեւորգյանի ստացած ողջ եկամուտները, ապա այս դեպքում էլ եկամտի աճ չի եղել: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի այլ եկամուտները կազմել են 1 մլն 675 հազար ՀՀ դրամ, տարեկան հայտարարագրում՝ 2 մլն 242 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ավելացել են 567 հազար ՀՀ դրամով: Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեւորգյանի ողջ եկամուտը կազմել է ամսական 1 մլն 360 հազար ՀՀ դրամ, պաշտոնը ստանձնելուց հետո՝ 1 մլն 164 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ նվազել է:  Այսպիսով՝ Armdaily-ի պնդումը, թե պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են, չի համապատասխանում իրականությանը կամ առնվազն մանիպուլյատիվ է: «Արայիկ Հարությունյանի եկամուտներն աճել են. ինչ ունեցվածք ունի նախարարը» վերտառությամբ հրապարակմամբ էլ ArmDaily-ն ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարագրերը: Պետք է նշել, որ, իրոք, պաշտոնը ստանձնելուց հետո Արայիկ Հարությունյանի եկամուտները աճել են, սակայն հրապարակման մեջ կան որոշակի անճշտություններ՝ հայտարարագրի կարդալու եւ այն ճիշտ մատուցելու առումով: Հեղինակը գրել է, թե պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արայիկ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 480 հազար դրամ, իսկ եկամուտները` 1,841,688.00 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:  Սակայն պաշտոնական պարտականությունները ստանձնելու հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը հայտարարագրած եկամուտների միայն մի մասն է գոյացել աշխատավարձից: Սա կարեւոր է ընդգծել, քանի որ 1 մլն 842 հազար ՀՀ դրամ եկամտի միայն 689 հազար ՀՀ դրամն է եղել աշխատանքի վարձատրություն: Եկամտի մնացած մասը գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Նաեւ կարեւոր է նշել, որ աշխատավարձից ստացված 689 հազար ՀՀ դրամը Արայիկ Հարությունյանի 4.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 11-ին: Հետեւաբար, մինչեւ պաշտոնը ստանձնելը՝ Արայիկ Հարությունյանի միայն աշխատավարձից ձեւավորված մեկ ամսվա եկամուտը կազմել է 154 հազար ՀՀ դրամ: Արդեն տարեկան հայտարարագրում Արայիկ Հարությունյանը հայտարարագրել է ընդհանուր 7 մլն 716 հազար ՀՀ դրամ եկամուտ, որի մի մասը նույնպես գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Միայն աշխատավարձից ստացված եկամուտը կազմում է 6 մլն 48 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ամսական 806 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ կարեւոր է ընդգծել նաեւ փոխառություն/վարկերից ստացված եկամուտները, քանի որ դրանք կապված չեն պաշտոնավարման հետ եւ կարող են տպավորություն ստեղծել, թե պաշտոնատար անձի ամբողջ եկամուտը գոյացել է աշխատավարձից: Երրորդ օրինակը, թերեւս ամենաակներեւ մանիպուլյատիվ ձեւակերպումներ պարունակող հրապարակումն է՝ դարձյալ ArmDaily-ից: 2020 թվականի ապրիլի 11-ին Armdaily-ն հրապարակել էր «Պատգամավոր դառնալուց հետո Լենա Նազարյանի եկամուտներն աճել են. նա բնակարան է ձեռք բերել» վերտառությամբ նյութ, որը կրկին մանիպուլյատիվ եւ իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումներ ունի՝ սկսած վերնագրից: Նյութի հեղինակը գրել է, թե 2017 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն, նրա դրամական միջոցները կազմել են 1մլն դրամ, իսկ եկամուտ չի եղել, իսկ պատգամավոր դառնալուց հետո նա 27.2մլն դրամով ձեռք է բերել բնակարան: Միայն այս մեկ պարբերությունում կարելի է հաշվել առնվազն մեկ կեղծ եւ մեկ մանիպուլյատիվ ձեւակերպում: «Պատգամավոր ընտրվելուց հետո տիկին Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն» ձեւակերպումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արդեն իսկ նշված է այն առանձնատունը, որի մասին գրել է ArmDaily-ն: Հետեւաբար՝ Լենա Նազարյանը նշված առանձնատունն ունեցել է մինչեւ պաշտոնը ստանձնելը եւ ոչ պաշտոնը ստանձնելուց հետո: ArmDaily-ն գրել է, թե Նազարյանի դրամական միջոցները նույնն են մնացել 2017 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն եկամուտներն աճել են` 28,192,000.00 դրամ, որից 24,480,000.00 դրամը ստացած վարկերից է եղել: Նշված թվերը համապատասխանում են հայտարարագրի տվյալներին։ Բայց դրանց ներկայացման ձեւը տպավորություն է ստեղծում, թե պատգամավորը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո 27․2մլն դրամով ձեռք է բերել բնակարան, հետո նրա եկամուտները աճել են՝ դառնալով 28 մլն 192 հազար ՀՀ դրամ, որի մեծ մասը վարկերից է եղել։ Սակայն, համեմատելով բնակարանի արժեքը ստացած փոխառության (վարկի) հետ, կարելի է ենթադրել, որ Լենա Նազարյանը բնակարանը ձեռք է բերել վարկի միջոցով: Նազարյանի եկամուտները՝ չհաշված ստացված վարկերը, կազմել են 3 մլն 712 հազար ՀՀ դրամ, որը նրա 7.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2017 թվականի մայիսի 18-ից: Հետեւաբար, Նազարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմել է 495 հազար ՀՀ դրամ: Տեքստի հաջորդ պարբերության մեջ գրված է․ «2018 թվականի հայտարարագրում Նազարյանի եկամուտները նվազել են` 6,537,640.00 դրամ»: Տեղեկությունը համապատասխանում է Լենա Նազարյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում առկա տվյալին, սակայն կայքը չի նշել, որ 6մլն 538 հազար ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։ Քանի որ 2017 թվականին Լենա Նազարյանը վարկային միջոցներով բնակարան է ձեռք բերել, տպավորություն է ստեղծվում, թե 2018 թվականին պատգամավորի եկամուտները նվազել են՝ ի տարբերություն 2017-ի: Սակայն, եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, քանի որ փոխառություններից ստացված եկամուտները որեւէ կապ չունեն աշխատանքային գործունեության հետ, ապա Նազարյանի եկամուտները ոչ միայն չեն նվազել, այլեւ մի փոքր աճել են՝  կազմելով 545 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ ներկայացված օրինակները վկայում են, որ պաշտոնյաների գործունեության թափանցիկության համար կարեւոր է ոչ միայն վերարտադրել նրանց հայտարարագրերում նշված թվերը, այլեւ դրանք համեմատել ու վերլուծել ճիշտ եւ կատարել հիմնավորված պնդումներ՝ մանիպուլյատիվ ձեւակերպումներից զերծ մնալու համար: Տարեկան հայտարարագիր Մինչեւ 2019 թվականը՝ հայտարարատու պաշտոնատար անձինք տարեկան հայտարարագրում պարտավորվում էին հայտարարագրել միայն հարկային տարում ձեռք բերված եւ օտարված անշարժ եւ շարժական գույքը, թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումներ, հանձնած կամ վերադարձրած փոխառությունները, դրամական միջոցները եւ եկամուտները՝ հարկային տարում: Արդեն 2019 թվականի հայտարարագրում որոշակի փոփոխություններ եղան, որոնց արդյունքում հայտարարատու անձինք պարտավորվում են հայտարարագրել տվյալ տարվա սկզբում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված եւ օտարված շարժական եւ անշարժ գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա վերջում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնված եւ վերադարձված փոխառությունները, բանկային ավանդները, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները: «Նոր  տրամաբանությունը  վերլուծություն անելու եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար է: Հանձնաժողովի առաջարկությամբ այժմ ավելի շատ տվյալներ են ենթակա հայտարարագրման, քան նախկինում էր: Դա վերաբերում է հիմնականում գույքի ու եկամուտների ծագման աղբյուրին: Նախկինում հայտարարատու պաշտոնատար անձինք կարող էին չներկայացնել եկամտի կամ խնայողության ծագման աղբյուրը: Հիմա պարտադիր պետք է նարկայացնեն, թե որտեղից իրենց այդ գումարը: Եվ սա վերլուծության համար էական նշանակություն ունի»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է հայտարարատու անձինք թաքցնեն հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները, Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլեւս որեւէ տվյալ հայտարարատու պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու հնարավորությունը նվազել է: «Հանձնաժողովը նոր փոփոխությունների արդյունքում արդեն հասանելիություն ունի բանկային գաղտնիք հասկացությանը․ եթե հայտարարատու պաշտոնատար անձինք նախկինում կարող էին բանկային հաշվին առկա գումարները չհայտարարագրել՝ մտածելով, որ որեւէ աղբյուրից դա հայտնի դառնալ չի կարող, հիմա արդեն դրա հնարավորությունը սահմանափակվում է»,- նշեց Հանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է հայտարարագրերում առկա պարտադիր եւ պաշտպանված դաշտերին, ապա նոր հայտարարագրերում պաշտպանված կարող են լինել բացառապես անձնական տվյալներին վերաբերող տողերը: Դրանք են` հանրային ծառայության համարանիշը, հաշվառման եւ փաստացի բնակության հասցեները, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը եւ նշումների համար նախատեսված տողը: «Այս մասով ունենք տեխնիկական խնդիր՝ տեխնիկական բազայի տեսանկյունից: Իրականում, մեր ամբողջ նպատակն ավելի շատ տվյալներ հասանելի դարձնելն էր հանրությանը, ու չափազանց փոքր թվով տվյալներ էինք փակել, որոնք վերաբերում էին բացառապես հասցեներին եւ երրորդ կողմի տվյալներին: Հիմա աշխատում ենք, որ երրորդ անձանց վերաբերյալ անուն ազգանունները եւ հասցեները պաշտպանված լինեն: Գույքային տվյալները չեն կարող պաշտպանված լինել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կոդավորման մեջ խնդիր է եղել: Դա համակարգային խնդիր չէ, կարող է առանձին մարդկանց մոտ հանդիպել»,- ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ արդեն իսկ աշխատում են տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ, եւ այժմ հայտարարագրերի տվյալներն օգտագործելուց առաջ ցանկալի է զանգել ու նախապես ճշտել դրանք։ Նարեկ Մարտիրոսյան
15:37 - 29 հուլիսի, 2020
Որոշ պաշտոնյաներ խնդրել են փոփոխություններ անել իրենց հայտարարագրում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Որոշ պաշտոնյաներ խնդրել են փոփոխություններ անել իրենց հայտարարագրում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ զրուցել ենք հայտարարագրերի ուսումնասիրության գործընթացից, նոր ձևանմուշի հայտարարագրերից և պաշտոնյաների կողմից նախկին հայտարարագրերում կատարված փոփոխություններից։ - Հուլիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  200 000 դրամ տույժ կիրառեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ։ Սա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար նախադեպայի՞ն էր։ - Այո', մեր հանձնաժողովի համար սա նախադեպային էր։ Սա ազդակ էր, որ հայտարարագրման ենթակա որևէ տվյալ թաքցնելու հնարավորություն պաշտոնատար անձինք չպետք է ունենան։ Իսկ նման բոլոր դեպքերի համար կիրառվելու է պատասխանատվություն։ Բայց մեր առաջնահերթ խնդիրը ոչ թե անմիջականորեն պատժելն է, այլ օրինական դաշտ բերելը։ - Պաշտոնատար անձինք հնարավորություն ունեն փոփոխություն կատարել իրենց հայտարարագրերում։ Շա՞տ պաշտոնյաներ են դիմել նախկին հայտարարագրերում փոփոխություն կատարելու համար - Այդ հնարավորությունը նախկինում էլ կար։ Որոշ պաշտոնյաներ խնդրել են փոփոխություններ անել իրենց հայտարարագրում, առավել ևս, երբ ընկալելի դարձավ, որ փաստացի առկա գույքը, եկամուտը, դրամական միջոցները, ժառանգությունը, նվիրատվությունը չգրանցելը կարող է հետևանքներ առաջացնել, հոսքը բավականին մեծացավ։ Դրանք վերաբերում են ավելի վաղ ժամանակահատվածին և պարունակում են խնդրանք՝ ուղղել նախկինում չգրանցված գույքի վերաբերյալ հայտարարագրում առկա տվյալը, եկամուտը շտկել, նույն արժեթղթերը, շահերը։ Սա մեզ համար բավականին ոգևորիչ է, որ օրինականության պահանաջը արժանացել է լուրջ վերաբերմունքի։ Քանի որ հայտարարագրման մեջ առաջին անգամ տվյալներ գրանցելու կարիք է առաջացել, օրինակ՝ դրամական միջոցների ծագման մասով, առկա գույքը նորից հայտարարագրելու մասով, մենք չենք բացառել, որ կան և կլինեն դեպքեր, երբ անձն ավելի վաղ այդ նույն տվյալի վերաբերյալ տեղեկությունը չի գրանցել հայտարարագրում։ Հանձնաժողովը, յուրաքանչյուր փոփոխություն կատարելու դիմում ստանալիս, գրանցում է, թե ինչ տեղեկություն է ենթարկվելու փոփոխության, իրավապահ մարմիններին ուղարկվում են լրացույցիչ հարցումներ այդ տվյալի վերաբերյալ՝ արդյոք այլ տեսակի գործերով դրանք ապացույց չեն հանդիսանում, որպեսզի հանկարծ այդ փոփոխությունը որևէ ձևով չառաջացնի նաև մյուս հնարավոր գործով որևէ դժվարություն։ Մենք նույնպես ուսումնասիրում ենք՝ արդյոք այդ տվյալը ավելի վաղ մամուլի կողմից հրապարակված չի եղել, քանի որ օրենքի պահանջով, եթե երրորդ անձի կողմից այդ տվյալն արդեն հասանելի է դարձել կամ հրապարակվել է, տվյալի փոփոխությունը չի թույլատրվում։  - Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ի՞նչ ուսումնասիրություններ է կատարում։ - Հիմնական և առաջնային ուսումնասիրությունը, որ այս պահին հանձնաժողովը իրականացնում է, երկու մասի կարելի է բաժանել։ Առաջինը հայտարարագրերի ուսումնասիրությունն է և, ըստ համապատասխան դիմումների, պետական պաշտոնների նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգման առնչությամբ ուսումնասիրությունն է։ Զուգահեռաբար իրականացվում են պաշտոնատար անձանց հայտարարարագրերի ուսումնասիրություն։ Այս պահին, ըստ օրենքի դրված առաջնահերությունների, Բաձրագույն դատական խորհրդի անդամներն են, հաջորդիվ՝ սահմանադրական դատարանի անդամ դատավորները, նաև ամբողջ դատական համակարգի դատավորների հայտարարագրերի ուսումնասիրություն է։ Ժամանակահատվածը ներառում է 2011 թվականից մինչ 2019 թվականի տարեկան հայտարարագրերը։  - Ովքե՞ր են ուսումնասիրում պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ - Հաշվի առնելով, որ հայտարարագրերի խորքային ուսումնասիրություն է իրականացվում՝ ոչ միայն մաթեմատիկական տվյալների համադրություն, այլ խորքային, աուդիտորական ուսումնասիրության սխեմայով, հիմնական աշխատանքը բովանդակային առումով իրականացվում է հանձնաժողովի անդամների կողմից։ Նրանցից մեկը աուդիտոր է, մյուսը եղել է բանկային ոլորտում, հենց ֆինանսական խարդախությունների և փողերի լվացման գործով մասնագետ է։ Իսկ ես և հանձնաժողովի մյուս անդամը իրավաբաններ ենք և ապահովում ենք այդ ուսումնասիրության ընթացքում օրինականությունն այնպես, որ կազմված փաստաթղթի նկատմամբ որևէ հնարավոր անվստանհություն հայտնելու հիմքեր չլինեն։   Շարունակությունը՝ hetq.am-ում
21:29 - 25 հուլիսի, 2020