Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ

Տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 6-ից - 10-ը Ատիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան – Կիպրոս – Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։ Այս մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։  «Համատեղ վարժանքները Հունաստան-Կիպրոս-Հայաստան 2023 թվականի Համատեղ Գործողությունների Ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է՝ նպաստել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նրանց գործնական կարողությունների զարգացմանը։ Հունաստանի ԶՈՒ-ը մասնակցել են համատեղ վարժանքներին՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հատուկ պատերազմի հրամանատարության 1 օպերատիվ խմբով` (Special Operations Task Unit – SOTU). Համատեղ վարժանքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են հետևյալ գործողությունները․ • Արագ արձագանքման մարտական կրակ, • Դիպուկահարության մարտավարություն և մեթոդներ, • Բնակելի տարածքում մարտի վարման մեթոդներ, մարտավարություն ու ընթացակարգ, • Փոքր ծավալի վարժանքի պլանավորում ու իրականացում»,- ասված է գրառման մեջ։
15:54 - 13 նոյեմբերի, 2023
Այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը, քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը. դեսպան Մկրտչյանը՝ «Diplomatic Life of Greece» ամսագրին

Այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը, քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը. դեսպան Մկրտչյանը՝ «Diplomatic Life of Greece» ամսագրին

«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացումը Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի կատարմամբ: Ամսագրում տեղ է գտել նաև դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից կարևոր հատվածներ, որոնք հրապարակվել են Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: Դեսպանատների փոխադարձ բացման 30-ամյակիև Անկախության 32-րդ տարեդարձի տոնում. հիմնական ուղերձները Հունաստանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից էր, որին հաջորդեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս տարի մենք նշում ենք Երևանում և Աթենքում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման 30-ամյակը։ Ավելորդ է նշել, որ հույն և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն ոչ թե տասնամյակների, այլ հազարամյակների պատմություն, որոնց ընթացքում ամուր բարեկամական կապերը, ընդհանուր արժեքներն ու մոտեցումները հաստատուն հիմք են ձևավորել միջպետական հարաբերությունների զարգացման համար։ 19-րդ դարասկզբին հույն հեղափոխականները, ովքեր պայքարում էին օսմանյան լծից իրենց անկախության համար, հայերին նշում էին նաև որպես իրենց եղբայրների՝ նույն նպատակը հետապնդելու համար։ 1915-1916 թվականների հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և Զմյուռնիայի աղետը մեր ընդհանուր ցավի և միմյանց կողքին կանգնելու ևս մեկ փուլ էին: Այստեղ հայկական համայնքը պաշտոնապես ստեղծվեց Զմյուռնիայից անմիջապես հետո՝ 1922 թվականին, քանի որ մի քանի հազար հայեր Հունաստանում անվտանգ ապաստան գտան, թեև Հյուսիսային Հունաստանի և Կրետե կղզու մեր որոշ հայկական համայնքներ շարունակական ներկայություն ունեն տարածաշրջանում, որը տպավորիչ կերպով գերազանցում է հինգ հարյուրամյակը: Հայաստանի երիտասարդ պետությունը միշտ զգացել է Հունաստանի աջակցությունը՝ թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։ Այսօր Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է Եվրոպայում և աշխարհում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և Հունաստանի կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում, որի ամենաթարմ օրինակը 2020 թվականի պատերազմն էր և Լեռնային Ղարաբաղում հաջորդած զարգացումները։ Երկկողմ հարաբերությունների խորացման ներուժ, համագործակցության ոլորտներ Առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական համայնքների գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, որի ընթացքում վերջինս իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքների առնչությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է նաև արտգործնախարարների հանդիպումը։ Բացի այդ, պարոն Միրզոյանը և Գերապետրիտը վերջին ամիսներին երկու հեռախոսազրույց են ունեցել։ Ընդհանուր առմամբ, արտգործնախարարների մակարդակով եղել է ակտիվ համագործակցություն և մի քանի փոխայցելություններ։ Հաշվի առնելով քաղաքական երկխոսության ինտենսիվությունը և բազմոլորտ համագործակցության բովանդակությունը՝ կարծում եմ, ժամանակն է դիտարկել Հայաստան-Հունաստան համագործակցությունը շատ ավելի բարձր, ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը, կարծում եմ, տեղի կունենա ավելի շուտ, քան ուշ։ Եռակողմ համագործակցության հեռանկարներ Իհարկե, համագործակցության եռակողմ ձևաչափը, որը հիմնված է ընդհանուր արժեքներին կողմերի հավատարմության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության վրա, զարգացման շատ ավելի մեծ ներուժ ունի։ Մոտ ապագայում մենք անհամբերությամբ սպասում ենք եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը Երևանում՝ պետությունների ղեկավարների մակարդակով, որը, վստահ եմ, համագործակցության նոր թիրախներ կնախանշի: Տնտեսական հարաբերությունների ներուժ Ներկայումս ջանքեր են գործադրվում 2024 թվականի առաջին եռամսյակում Երևանում անցկացնելու հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստը։ Եթե խոսենք կոնկրետ ուղղությունների մասին, ապա վերականգնվող էներգետիկան տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններից է։ Հունաստանը մեծ առաջընթաց է գրանցել հատկապես արևային էներգիայի ոլորտում, և այս փորձը շատ արժեքավոր է Հայաստանի համար, քանզի վերականգնվող էներգիան արագ զարգացող ոլորտ է և ներդրումների համար մեծ հնարավորություն կա։ Հայաստանը նաև հսկայական ներուժ է առաջարկում մի շարք այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, դեղագործությունը, տեքստիլ և կարի արդյունաբերությունը, սննդամթերքը և խմիչքը, և, իհարկե, զբոսաշրջությունը. տնտեսության մի ոլորտ, որտեղ Հունաստանն ունի յուրահատուկ նոու-հաու: Այս համատեքստում Հայաստանը պատվավոր հյուր էր անցյալ տարի Սալոնիկում կայացած «Ֆիլոքսենիա» ցուցահանդեսում, որը համարվում է Հունաստանի զբոսաշրջության կարևորագույն իրադարձությունը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ծաղկում է ապրում, որը դարձել է Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը՝ տարեկան 20% կայուն աճով: Հայաստանը մտադիր է առաջին անգամ մասնակցել առաջիկա “Beyond Expo” տեխնոլոգիական ցուցահանդես-գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Սալոնիկում։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, էթնիկզտումներ Ինչպես գիտեք, դեռ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը և լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Արյունահեղությունը հնարավոր եղավ կասեցնել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, որի նպատակն էր կարգավորման գործընթացը տեղափոխել խաղաղ հուն։ Սակայն Ադրբեջանը, չստանալով պատշաճ ճնշում և համարժեք միջազգային արձագանք իր ագրեսիվ գործողությունների և պատերազմական հանցագործությունների համար, խրախուսված անպատժելիությունից, անցյալ տարվա դեկտեմբերին նախ արգելափակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ «կյանքի ճանապարհը», փաստացի 11 ամիս շրջափակման մեջ պահելով տեղի հայ բնակչությանը, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի 19-20-ը, հերթական ռազմական ագրեսիան նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի հյուծված, մեկուսացված հայերի դեմ։ Քաղաքներն ու գյուղերը հանցավոր կերպով ենթարկվեցին անխնա օդային ռմբակոծության՝ պատճառելով ավելի քան 300 զոհ, ավելի քան 400 վիրավոր և ավելի քան 1000 անհետ կորած, այդ թվում՝ մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր։ Եվ այս ամենն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի հայերին «վերաինտեգրելու» ցինիկ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Կեղծավոր հռետորաբանությունը հասել է այն մակարդակի, երբ ադրբեջանցի պաշտոնյաները ջանք չեն խնայում կրկնելու, որ հայերը հեռացել են իրենց ցանկությամբ, և ոչ ոք նրանց չի ստիպել դուրս գալ՝ կարծես հիմքեր նախապատրաստելով նրանց վերադարձը բացառելու համար։ Եթե սովի մատնելու 9-ամսյա շրջափակումը, կյանքի համար անհնարին պայմանների ստեղծումը, ամեն հարձակման ժամանակ հայ զինվորների, կանանց, նույնիսկ երեխաների ու ծերերի բարբարոսական սպանություններն ու անդամահատումները և երբեք նման հանցագործությունների համար չպատժվելը, հիտլերյան ոճով իրենց առաջնորդի կողմից բռունցքի թափահարումը և հայերին «շներ» ու «Եվրոպայի ուռուցք» անվանելը, Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք) փողոցը Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով անվանակոչելը հայերի համար փախչելու բավարար պատճառներ չեն, ապա ի՞նչ են: 35 տարի միջազգային իրավունքի տարրերին համապատասխան սեփական ինքնորոշման համար պայքարած Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր լքել է իր տունը, այն բնօրրանը, որը առնվազն վերջին երեք հազարամյակում միշտ հայաբնակ և հայկական է եղել։ Համաշխարհային մակարդակի անասելի ողբերգություն է տեղի ունեցել: Սա պետք է գիտակցվի: Լեռնային Ղարաբաղի քաղաքացին զենքերը վայր է դրել և իր ընտանիքի հետ լքել տունը, քանի որ նույնիսկ «առաջադեմ» կույր հասարակության առաջ 9 ամիս սովի և այլ զրկանքների դիմանալուց հետո չի ստացել այն աջակցությունը, որը պետք է ստանար մարդասիրական գրված և չգրված օրենքներով, քանի որ այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը՝ որպես «էներգետիկայի ոլորտում վստահելի գործընկեր», քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը։ Եթե մարդու իրավունքները, բարոյականությունն ու խիղճը դեռևս որևէ հետք ունեն արևմտյան արժեհամակարգում, ապա այս քաղաքականությունը պետք է շուտափույթ վերանայվի։ Այսօր Հայաստանում ավելի քան 100 հազար հայ կա Լեռնային Ղարաբաղից, և մեր Կառավարությունը միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ ամեն ինչ անում է նրանց կարիքները բավարարելու համար։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել, և այն պետք է ձեռք բերվի անվտանգ միջազգային երաշխիքների ներքո և միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ ուժերի առկայությամբ։ Նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և բոլոր ռազմագերիները պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն։ Հայերին և Հայաստանը նվաստացնելով Ադրբեջանը չի հասնում ԼՂ խնդրի լուծմանը, այն ընդամենը հարցի բեռը դնում է ապագա սերունդների ուսերին: Հակամարտության լուծումը նշանակում է զիջումներ: Մենք Ադրբեջանի կողմից զիջումներ չենք նկատում, մենք նկատում ենք միայն ծայրահեղ վտանգավոր ցեղասպանական ախորժակ, որն օրեցօր աճում է։ Հարցերի ապագան, փախստականներ Տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Հայաստանը հետևողական է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների վերականգնման հարցում՝ կիրառելով առկա բոլոր միջազգային իրավական գործիքները: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակույթը բավականին յուրահատուկ է, ներառյալ տեղական բարբառը։ Այսօր Հայաստանը բախվում է բազմաթիվ սոցիալական խնդիրների, ինչպիսիք են 100 հազար փախստականների բնակարանով ապահովելը և աշխատանքով ապահովելը, չնայած դրան, ջանքեր են գործադրվում ապահովելու ղարաբաղցի հայերի կոմպակտ բնակչությունը, պահպանելու ձևավորված կրթական մշակույթը, հասարակական հաստատությունները, որոնց նպատակն է պահպանել ղարաբաղյան բնօրինակ մշակույթն ու ավանդույթները։ Կենսական նշանակության խնդիր է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Միջազգային կառույցների համար կարևոր է այդ հուշարձանները միջազգային մոնիտորինգի տակ վերցնելը։ Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։ Մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը։ Եթե շտապ և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին Նախիջևանում է՝ հայկական տարածաշրջան, որտեղ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում հայկական գոյության հետք չի մնացել։ Բարբարոսությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա, դատապարտելի է և պետք է կանխվի օր առաջ։ Ի՞նչ կարող են անել Հունաստանն ու միջազգայինհանրությունը, ի՞նչ են արել մինչ այժմ։ Ուզում եմ ընդգծել, որ ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված չէ։ Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է։ Միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար. աղետի բոլոր մեղավորները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն: Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարները ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն։ Միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների:  
15:30 - 08 նոյեմբերի, 2023
Հունաստանի պաշտպանության նախարարը և դեսպան Մկրտչյանը կարծիքներ են փոխանակել անվտանգության հարցերի վերաբերյալ

Հունաստանի պաշտպանության նախարարը և դեսպան Մկրտչյանը կարծիքներ են փոխանակել անվտանգության հարցերի վերաբերյալ

Հոկտեմբերի 27-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ընդունել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու, պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր շունչ հաղորդելու հնարավորությունները, ինչպես նաև առաջիկայում երկկողմ փոխադարձ այցեր կազմակերպելու հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակի, բռնի տեղահանվածների և նրանց աջակցության ծրագրերի, բանակցային գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են նաևՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանը և Հունաստանի ՊՆ դիվանագիտական գրասենյակի ղեկավար, դեսպան Էլեվթերիոս Անգելոպուլոսը:  
17:39 - 27 հոկտեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ․ դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ «CNN Հունաստան»-ին
 |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ․ դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ «CNN Հունաստան»-ին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ։ Դեսպան Մկրտչյանը նման կարծիք է հայտնել «CNN Հունաստան»-ին տված հարցազրույցում։   CNN Հունաստան. Պարոն դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի և մեզ հյուրընկալելու համար։ Դեսպան Մկրտչյան. Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։ CNN Հունաստան. Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ հաջորդ տարվա սկզբից։ Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի էջը Հայաստանի համար փակվա՞ծ է։ Դեսպան Մկրտչյան. Լեռնային Ղարաբաղը չի դադարում գոյություն ունենալ. Լեռնային Ղարաբաղի վարչակազմը կամ Լեռնային Ղարաբաղում կառավարումն է դադարում գոյություն ունենալ։ Լեռնային Ղարաբաղում հայկական կառավարումը կամ հայկական գոյությունը որոշ ժամանակով է դադարում գոյություն ունենալ։ Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որպես այդպիսին, ավարտված չէ, քանի որ վերջին բռնությունների ավարտից բխող որոշ հարցեր կան։ Գիտեք, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանում կոմպակտ միավոր է՝ 100 հազարից ավելի փախստականներ, ովքեր բռնի տեղահանվել են իրենց տներից, Լեռնային Ղարաբաղի հարցը չի համարվում լուծված։ Սա այն է, ինչ կուզենային պատկերացնել ադրբեջանցիները. չկա ժողովուրդ Լեռնային Ղարաբաղում, հետևաբար՝ չկա և հակամարտություն։ Բայց իրավիճակն այդքան պարզունակ չէ, ինչքան կցանկանային ներկայացնել արդբեջանցիները։ Կան բազմաթիվ խնդիրներ կան այս իրավիճակից բխող, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանց ունեցվածքի իրավունքը, որից ադրբեջանցիները փորձում են հնարավորինս արագ ազատվել։ Նրանցից շատերը տուժել են Լեռնային Ղարաբաղում մշակութային իրավունքների ոտնահարումից և այլ հանցագործություններից, իսկ այնտեղ առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն: Ցավոք, Ադրբեջանը կա՛մ աղավաղում է հայկական այս ժառանգության էությունը, կա՛մ փորձում է ոչնչացնել դրա մի մասը: Մենք ունենք նաև սարսափելի հանցագործությունների ապացույցներ, որոնք պետք է հնարավորինս արագ վերցվեն միջազգային դիտարկման, միջազգային վերահսկողության տակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, օրինակ, մշակութային ժառանգության մասով պետք է հնարավորինս շուտ գործի անցնի: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է հնարավորինս շուտ ՄԱԿ-ի պաշտպանության տակ վերցվեն։ Նրանց վերադարձի միջազգային անվտանգ երաշխիքները պետք է ապահովվեն, և դրա համար միջազգային հանրությանը, իհարկե, Հայաստանի հետ միասին պետք է մեծ ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը ի վերջո համաձայնի վերականգնել նրանց իրավունքներն իրենց հայրենիքում։ Նաև, իհարկե, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները պետք է թափանցիկ և միջազգայնորեն հետաքննվեն։ Նաև՝ ռազմագերիների և նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերադարձի մասով․ Ադրբեջանը նրանց վերաբերվում է որպես «ահաբեկիչների», բայց սրանք, իհարկե, կեղծ դատավարություններ են, և սա ամոթալի է ողջ միջազգային հանրության համար։ CNN Հունաստան. Գրեթե բոլոր էթնիկ հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, չնայած Բաքվի հավաստիացումներին իրենց անվտանգության և որպես քաղաքացիների հավասար վերաբերմունքի մասին: Երևանը դատապարտում է էթնիկ զտումները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մտադիր անել Ադրբեջանն այդ տարածքում: Դեսպան Մկրտչյան. Պարզապես պետք է նայեք Նախիջևան կոչվող հայկական մեկ այլ շրջանի, որը 100 տարի առաջ շատ հայ բնակչություն ուներ` հսկայական քանակությամբ հայ բնակչություն: Նախիջևանի բնակչության գրեթե կեսը հայեր էին։ Եթե միջազգային հանրությունը, ի վերջո, չգործի, չարթնանա, չզգուշացնի Ադրբեջանին, որ չի հանդուրժելու Նախիջևանում կատարվածի կրկնությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ցավոք, մենք կարող ենք տեսնել նմանատիպ սցենարի զարգացում առաջիկա տասնամյակների ընթացքում: Ես չեմ խոսում գալիք մեկ-երկու տարվա մասին. սա կլինի ավելի դանդաղ, բայց հետևողական. հայկական հետքերի հետևողական մաքրում: Այնպես որ, այն, ինչ մտադիր է անել Ադրբեջանը, պարզ է. նախ հայերից ազատվելն է, հետո՝ հայկական հետքերից: Չնայած մի կողմից հայերի անվտանգության երաշխիքների մասին հավաստիացումներին, ազդակները լրիվ այլ բան են հուշում․ հակառակ կողմում տեսնում եք բռունցք թափահարող, հիտլերյան ոճով բռունցք թափահարող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հայերի մասին խոսում է այնպես, կարծես նրանք շներ լինեն: Գիտեք, այս ամենը հիշեցնում է ֆաշիստ առաջնորդների պահվածքը: Նրանց զինվորների կատարած սարսափելի խեղումները և ռազմական հանցագործությունները, և նրանցից ոչ մեկը երբևէ չի պատժվել։ Ոչ ոք։ Եվ հենց վերջերս տեղեկացանք, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներից մեկն անվանակոչվել է Էնվեր փաշայի անունով, ով եղել է Հայոց ցեղասպանության երեք գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Նշված ազդակներն ու խորհրդանիշները ոչ մի լավ բան չեն ասում տարածքում հայերի անվտանգության մասին։ CNN Հունաստան. Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել խաղաղապահ համաձայնագրերում: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը հավասարակշռված մոտեցում չի՞ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Իսկ ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունն ինչո՞ւ այդպես բուռն չարձագանքեց, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում։ Դեսպան Մկրտչյան. Միջազգային հանրությունը շատ ուշ գործեց ու շատ քիչ բան արեց։ Դրա պատճառն, իհարկե, Ադրբեջանի կողմից տարբեր երկրներում նախապատրաստված քարոզչական հողն էր՝ աշխատելով լրատվամիջոցների, որոշակի քաղաքական գործիչների հետ, նաև իհարկե, Թուրքիայի աջակցությամբ՝ լռեցնելու կամ նվազագույնի հասցնելու միջամտությունն ու արձագանքը։ Մյուս կողմից, շատերը մոռանում են, որ Ադրբեջանը, ինչպես բնութագրում է Freedom House-ը, կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ է, որտեղ չկա ազատ լրատվամիջոց, չկա խոսքի ազատություն և այլն: Նրանք թույլ չեն տալիս ազատ լրատվամիջոցներին մուտք գործել Ադրբեջան, գնալ և նկարահանել ցանկացած նյութ այնտեղ, որտեղ ուզում են։ Դա անհնար է,  դա բացառված է։ 9 ամիս շարունակ ոչ հայազգի, ոչ էլ օտարերկրացի լրագրողների թույլ չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Կարմիր խաչից բացի, նույնիսկ միջազգային կազմակերպություններին թույլ չեն տվել ներս մտնել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, ես չեմ կարող մեկնաբանել՝ դրանք հավասարակշռված էին, թե՝ ոչ։ Այն, ինչ վստահաբար կարող եմ ասել, այն է, որ երբ Լաչինի միջանցքում շրջափակումը մտցվեց, այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համաձայն գտնվում էր   ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Ադրբեջանին հաջողվեց այնտեղ հսկիչ անցակետ տեղադրել, և ռուս խաղաղապահներին չհաջողվեց կանխել դա։ Սա  նոյեմբերի 9-ի հայտարարության խախտման հստակ դեպք էր, և Ռուսաստանը չկարողացավ դրա դեմն առնել։ Կարող ենք բազմաթիվ վարկածներ բերել, թե ինչու ռուսները չմիջամտեցին, բայց փաստն այն է, որ նրանք չկարողացան կասեցնել։ Մյուս կողմից, գիտեք, վերջին հարձակումը տեղի ունեցավ նաև այն տարածքներում, որոնք գտնվում էին ռուս խաղաղապահների հսկողության տակ, և նրանք կրկին չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Այսպիսով, օրինական մտավախություններ կան, որ Ռուսաստանը, ցավոք, չկարողացավ ապահովել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ կմնա։ CNN Հունաստան. Ցավոք, կան վերլուծություններ և մտավախություններ, որ Ադրբեջանը Հայաստանից ավելի շատ տարածքներ կպահանջի։ Արդյո՞ք արդարացված են այս մտավախությունները: Ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը այս կարգի խոսակցությունների վերաբերյալ: Դեսպան Մկրտչյան. Այս կարգի խոսակցությունները կարող են շարունակվել, քանի դեռ միջազգային հանրության կողմից կոշտ և անկոտրոմ արձագանք չլինի: Առնվազն հայտարարությունների մակարդակով կարող եմ վստահաբար ասել, որ մեր որոշ գործընկերներ շատ հստակ ուղերձներ են փոխացում Ադրբեջանին և Թուրքիային, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող խախտվել։ Մեր արևմտյան գործընկերների կողմից, անշուշտ, եղել է նման աջակցություն, բայց դա երկարաժամկետ հեռանկարում պետք է պահպանվի։ Հավանաբար, պետք է ավելի շատ միջազգային ներկայություն ապահովել այնտեղ: Նաև Հայաստանի պաշտպանական կարողությունները և անվտանգության ոլորտը պետք է հնարավորինս արագ ընդլայնվեն, քանի որ Հայաստանն ինքը պետք է կարողանա պաշտպանել իր սեփական տարածքները: Սա պարզ է, բայց, իհարկե, այն պետք է արվի մեր գործընկերների հետ համագործակցությամբ։ CNN Հունաստան. Ռուսաստանի հետ պայմանագիր կա, որ նա կպաշտպանի Հայաստանը արտաքին հարձակման դեպքում: Որքանո՞վ եք ապահով Ձեզ զգում Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձություններից հետո։ Դեսպան Մկրտչյան. Դե, 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ հարձակումներ եղան նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Դրանից անմիջապես հետո ներխուժումներ եղան հենց Հայաստանի տարածք։ Եվ նաև 2022 թվականի սեպտեմբերին՝ վերջին ներխուժումը Հայաստան: Ընդհանուր առմամբ, ավելի քան 150 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածք օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Սա ընդունում են մեր գրեթե բոլոր գործընկերները։ ԵՄ-ն, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հստակ ընդունել են, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացում է։ Այնպես որ, չնայած դրան, մենք տեսանք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի  առաջատար անդամ է Ռուսաստանը, չկարողացավ հստակ գնահատականներ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս խախտումների վերաբերյալ։ Այնպես որ, սա մեծ դժգոհություն բարձրացրեց Երևանում, և ոչ միայն Երևանում։ Շատ պարզ է, որ կան սովետական վարչական սահմաններ, և այդ վարչական սահմանները, որոնց հիման վրա մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել սահմանազատման և սահմանագծման հարցում։ Սա չի կարող աշխատել, եթե մենք նվազագույն պատկերացում չունենանք սահմանների մասին: Մենք հստակորեն նվազագույն պատկերացում ունենք այս սահմանների մասին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:45 - 18 հոկտեմբերի, 2023
Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին: Հունաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը Սլովենիայի վարչապետ Ռեբորտ Գոլոբի, Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավիե Բեթթելի, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի հետ ևս քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
20:31 - 05 հոկտեմբերի, 2023
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ Ալեն Սիմոնյանին

Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն առայժմ սեփական ուժերով կարողանում է բավարարել փախստականների կարիքները, գուցե շուտով հարկավոր լինի նաեւ բարեկամ պետությունների օժանդակությունը: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. խաղաղ հարաբերությունների հաստատում, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իոաննիս Պլակիոտակիսը նշել է, որ Հունաստանը հանձնառու է միջազգային իրավունքի կիրարկմանը եւ առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ու պահանջելով միջանցքի շուտափույթ բացումը: Նա հավելել է, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված ամուր եւ բարեկամական հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության կարեւորության, բարձրաստիճան փոխայցեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի պաշտոնական այցով Հայաստան այցելելու մասին: Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը՝ երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:
15:16 - 29 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյանը՝ հույն գործընկերոջը

Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյանը՝ հույն գործընկերոջը

ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից, անդրադառնալով սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային` Արարատ Միրզոյանն ընգծել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նախարարը հավելել է, որ նույն նպատակն են հետապնդել 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։ Ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային գործընկերների հստակ գործողություններ՝ Ադրբեջանին զսպելու, Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործություն և ողջ Հարավային Կովկասի ապակայունացում թույլ չտալու համար։  
12:55 - 21 սեպտեմբերի, 2023
Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարության աշխատակազմը։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:   Փաստաթղթի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով: Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում: Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանն ու Կորեան ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։ Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։ Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրների հաղորդակցությունն իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկուստեք առկա ներուժի օգտագործմանը:
16:59 - 31 օգոստոսի, 2023
Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|

Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի գրառումներից X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ «Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։ Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին՝ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցության հռչակագիրը ստորագրելու համար։ Հունաստանում նաև կազմակերպվել է Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովը։ Զելենսկին հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ օգոստոսի 22-ին կհանդիպի Բալկանյան մյուս երկրների ղեկավարների հետ։
12:03 - 22 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ նշելով ԵՄ անդամ երկրների կողմից հստակ ուղերձների և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով խիստ սրվել է տեղի բնակչության համար սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման խնդիրը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, ի խախտումն միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի, խաթարում է նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը՝ վտանգի տակ դնելով հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց կյանքերը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխման նվազագույն հնարավորության պարագայում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկման այնպիսի քայլեր, ինչպիսին էր հուլիսի 29-ին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման կարևորությունը։ Երկուստեք նաև պատրաստակամություն է արտահայտվել քայլեր իրականացնել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման ուղղությամբ:
18:38 - 09 օգոստոսի, 2023
Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ. դեսպան Տիգրան Մկրտչյան

Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ. դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունական ethnos.gr լրատվականում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ «Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու Լեռնային Ղարաբաղում սողացող ցեղասպանությունը. պե՛տք է գործել» վերտառությամբ հոդվածը Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Հոդվածի հայերեն թարգմանությունը հրապարակվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. ավելի քան յոթ ամիս է, ինչ 120.000 հայեր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) շարունակում են լիակատար շրջափակման մեջ գտնվել՝ զուրկ սննդից, դեղորայքից, վառելիքից, գազից և էլեկտրաէներգիայից։ Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը փաստացիորեն արգելափակվել էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարության կողմից ուղղորդված կեղծ «բնապահպան ակտիվիստների» կողմից, ովքեր հանդես էին գալիս որպես «խաղաղության ջատագով»: Ադրբեջանը պաշտոնապես ինստիտուցիոնալացրեց ճանապարհի արգելափակումը, երբ 2023 թվականի ապրիլի 23-ին, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, ապօրինաբար անցակետ տեղադրեց: Ադրբեջանը շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ՄԻԵԴ-ի՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների հանդեպ, որոնք Ադրբեջանին կոչ են անում անհապաղ «ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մարդկանց, ավտոմեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորելու ուղղությամբ»։ Ավելին, Ադրբեջանը կամայականորեն է մեկնաբանում միջազգային ատյանների այս որոշումները՝ ձգտելով մոլորեցնել միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովամահ անելու իր քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ադրբեջանը բացահայտորեն արհամարհում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԽԽՎ-ի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև միջազգային բազում այլ կառույցների և պետությունների կոչերը: Ադրբեջանի ապօրինի գործողությունները համառորեն շարունակվում են՝ անկախ այդ կոչերից և պահանջներից։ Ադրբեջանի կողմից շրջափակված և պաշարված 120.000 հայերը, որոնց թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 ծերեր են, գոյատևում են զուտ տեղական սակավ արտադրանքի շնորհիվ: Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ չի թույլատրվել սննդամթերքի կամ դեղորայքի գեթ մեկ խմբաքանակ ներմուծել տարածաշրջան։ Կաթվածահար են առողջապահության, հանրային տրանսպորտի, հանրային և մասնավոր սպասարկման ոլորտները։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական ցանքատարածություններում բերքահավաքն անհնար է դարձել: Հղի կանայք և երեխաները թերսնվում են: Հնարավոր չէ միրգ կամ բանջարեղեն ներկրել Արցախ: Մահացության մակարդակը ներկայում բարձր է, քան երբևէ։ Եվրոպան հետևում է, երբեմն հայտարարություններ են արվում: Եվրոպան ամեն կերպ փորձում է պահպանել «հավասարակշռությունը». կոչ է անում «երկու կողմերին» նպաստել խաղաղությանը՝ իրավիճակը նկարագրելով որպես ոչ կայուն, և ոչ «ձեռնտու որևէ կողմի»: Իսկ այդ ընթացքում լիակատար շրջափակումը շարունակվում է մի երկրի կողմից, որին ոմանք անվանել են «վստահելի էներգետիկ գործընկեր», չնայած այն հանգամանքին, որ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները միակարծիք այն անվանում են «արմատացած ավտորիտար ռեժիմ»։ Իսկ «կայուն շրջափակումն» օրեցօր ավելի ու ավելի անտանելի է դարձնում այնտեղ բնակվող հայերի կյանքը։ Ավելին, ոմանք՝ որպես խնդրի լուծում, դիտարկում են Բաքվի առաջարկած «ինտեգրումը»։ ԽՆԴԻՐ, որն ինքնին «ինտեգրողի» կողմից պարտադրված երեք պատերազմների հետևանք է։ Երեք պատերազմներ, որոնք սանձազերծվել են հենց հայերից ազատվելու նպատակով, որոնց հետևանքով կան հազարավոր զոհեր, խոշտանգվածներ, իսկ բազմաթիվ ռազմագերիներ մինչ օրս ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում: Այս ամենին ավելացնենք նաև 1988-1991 թվականներին Ադրբեջանում ապրող բոլոր հայերի ջարդերը և բռնի տեղահանումները։ Որևէ մեկը երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչու Ադրբեջանում չկան «ինտեգրված» հայեր: Քանի՞ «ինտեգրված» հայի եք հանդիպել Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում կամ Նախիջևանում: Ոչ միայն հայերը, այլեւ նրանց գերեզմաններն են քանդվել ու ոչնչացվել: Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը դրա վկայությունն է։ Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գերեզմանատների ու եկեղեցիների նպատակաուղղված և ծրագրված ոչնչացումն ինքնին խոսուն է։ Հայկական ցանկացած հետք ջնջվում է, ինչն ընթացիկ սողացող ցեղասպանության մաս է կազմում: Ճիշտ է՝ որպես ընթացիկ բանակցությունների առանցքային տարր այսօր մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մասին։ Չնայած դրան, չկա անգամ չնչին մի վկայություն նրա, որ Ադրբեջանը պատրաստ է հարգել նույնիսկ մարդու հիմնարար իրավունքները: Այս կերպ հակամարտությունը չի կարող արդարացի և կայուն կարգավորում ունենալ։ Հարատև խաղաղությունը հաշտարար խաղաղությունն է, և ոչ երբեք «պատժիչ խաղաղությանը», որը, ինչպես պատմականորեն ապացուցված է, կարճաժամկետ է: Նվաստացումը, հպատակեցումը և էթնիկ զտումները կարող են միայն հետաձգել բռնության արատավոր շղթայի հերթական փուլը: Ադրբեջանն իր չափազանց վտանգավոր «գերակայելու հավակնությունը» (հարկադրելու և ոչնչացնելու ուժը) հակադրում է հայկական կողմի լիովին ընկալելի «անվտանգություն հավակնությանը»։ Ադրբեջանն իրականում չի ապահովում իր անվտանգությունը, երբ փորձում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, բռնազավթում է Հայաստանի Հանրապետության տարածքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ նորանոր պահանջներ է առաջ քաշում: Հայաստանի հաշվին ինքնահաստատվելու և ընդարձակվելու այս փորձերն ի վերջո կովկասյան տարածաշրջանը կմղեն անկանխատեսելի հետևանքներով լի երկարաժամկետ անկայունության և աղետների փուլ, ինչը չի բխում միջազգային խոշոր դերակատարներից որևէ մեկի շահերից: Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղին միջազգային մարդասիրական օգնության տրամադրելու որևէ փորձի։ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի անհապաղ բացումը պահանջող հայտարարությունները դատարկ ձայն են, պարզապես աղմուկ, Բաքուն անպատժելիության մթնոլորտում անվրդով և անպարկեշտ կերպով առաջ է շարժվում՝ կիրառելով անմարդկային միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու, նրանց հայրենի հողից վտարելու կամ պարզապես ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով: Ապացույցներն առավել քան ակնհայտ են. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների կանխամտածված խափանումը, ինչպես նաև արցախահայության դեմ կանոնավոր և հետևողական զինված հարձակումները միտված են ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, անտանելի և բառացիորեն անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղն իր բնիկ ժողովրդից՝ էթնիկ հայերից զտելուն: Թույլ մի՛ տվեք ձեզ մոլորեցնել. Ադրբեջանի «ինտեգրման» հռետորաբանությունն իրականում ստորացուցիչ հպատակեցման մասին է կամ էլ ավելի վատ: Իրականում անհեթեթություն է թիրախավորված և լիակատար շրջափակման մեջ գտնվող զոհից, փաստացիորեն թերսնված և սովահար զոհից պահանջել դեմ-առ-դեմ բանակցել իր դահճի հետ առանց միջազգային որևէ մեխանիզմի, միջազգային ներկայության կամ երաշխիքի: Ակնհայտորեն միջազգային համատեքստում realpolitik-ը պետությունների՝ սեփական շահերով պայմանավորված գործողությունների մասին է: Սեփական սահմաններից դուրս բարոյականությունն ու մարդու իրավունքները հիմնականում դիտարկվում են զուտ սեփական ազգային շահերի համատեքստում: Էներգակիրները կարևոր են: Իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության մասին, պաշտպանելու պատասխանատվությունը (R2P) միջազգային սկզբունք է, որի նպատակն է պաշտպանել բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի և մարդկության դեմ ուղղված հանցագործություններից: Անտարբերությունն այլոց ճակատագրի հանդեպ չեզոքության կեղծ պատրվակով անկենսունակ մոտեցում է, ավելին՝ դա կարճատես և անբարո մոտեցում է: Մշտապես, երբ շահն ու ուժն են առաջ մղել քաղաքականությունը ի հաշիվ հիմնարար և համընդհանուր արժեքների, վերջնարդյունքն ավելի մեծ անկայունությունը, ավելի շատ ավերածություններն ու մարդկային կորուստներն են եղել: Անտարբեր գտնվելով բոլորի աչքի առջև ծավալվող սողացող ցեղասպանության հանդեպ՝ նրանք, ովքեր ունեն լծակներ Ադրբեջանի նկատմամբ, սակայն նախընտրում են անտարբերությունը, կարող են մարդկության դեմ ուղղված նոր հանցանքի լուռ մասնակիցը դառնալ՝ կանաչ լույս վառելով դրա համար: Վճռական և շոշափելի քայլեր են անհրաժեշտ հնարավորինս արագ: Ժամ առ ժամ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անտանելի և պայթյունավտանգ: Համաշխարհային որոշում կայացնողներն անհատապես և հավաքական կերպով բախվում են բարոյական խնդրի. նախապատվությունը տալ այն արժեքին, որն արժանի է պաշտպանության հնարավոր բոլոր միջոցներով, այն է՝ կյանքի իրավունքը, որն էլ իր հերթին այնպիսի արժեքների երաշխիք է, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և խաղաղությունը: Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ազատական մարդասիրությունը դեռ շանսեր ունի։ Մեր ժողովրդի համար կայունության և անվտանգության ցանկացած հույս առաջին հերթին գոյության ապահովում է պահանջում: Լաչինի միջանցքով բաց և անխոչընդոտ հաղորդակցությունը հենց այդ գոյության երաշխիքն է»:
16:29 - 25 հուլիսի, 2023
Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները

Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում դատական իշխանության արդի մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ի թիվս այլ երկրների, քննարկվել են Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մի շարք դեպքերում ընդունվել են բանաձևեր: Հայաստանի Հանրապետությունում դատավորների անկախության սահմանափակման դեմ վերջին ժամանակաշրջանում իրականացվող տարաբնույթ ոտնձգությունները ՀՀ դատավորների միության կողմից պարբերաբար բարձրաձայնվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, ինչն էլ միջազգային գործընկերների կողմից տևական ժամանակ ուսումնասիրվել է և պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկել Աթենքում: ՀՀ Դատավորների միությունից փոխանցում են, որ Հայաստանում դատավորների անկախության արդի մարտահրավերների վերաբերյալ զեկույցը գրեթե միաձայն ընդունվել է 40-ից ավելի անդամ երկրների պատվիրակների քվեարկությամբ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ (ԽՆԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (այսուհետ նաև՝ EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման՝ որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու զսպող միջոց: Բարձրագույն դատական խորհրդի կազմում ներառված են դատավոր չհանդիսացող հինգ անդամ, ովքեր ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և պետք է լինեն իրավաբան գիտնականների կամ այլ հեղինակավոր իրավաբանների թվից։ Ոչ դատավոր անդամի թեկնածությունը պետք է առաջադրի Ազգային ժողովի խմբակցությունը։ Խորհրդի ներկայիս դատավոր չհանդիսացող բոլոր անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից, որն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում: Չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները: Ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։ Նրանցից առաջինը ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո անմիջապես ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը: Նման նշանակումներն ու այն, որ խմբակցության կողմից փորձ չի արվել փաստարկել, հաստատել թեկնածուների ընտրության, արժանիքների չափանիշները, հանգեցնում են աներկբա դատողության առ այն, որ դրանք կատարվել են քաղաքական դրդապատճառներով: Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումներն անհամատեղելի են Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների հետ, որոնք նախատեսում են, որ դատական խորհուրդների ոչ դատավոր անդամների, թեկնածուների ընտրության և նշանակման գործընթացը պետք է հիմնված լինի արժեքային (որակավորման) չափանիշների վրա և լինի թափանցիկ: Նրանք անտեսել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականն առ այն, որ Հայաստանը պետք է «նախատեսի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության բաց, թափանցիկ և մրցակցային ընթացակարգ և սահմանի Ազգային ժողովի կողմից նրանց ընտրելու հստակ չափանիշները»: Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը: Նշվածը հստակ արձանագրված է նաև ԳՐԵԿՈ-ի (GRECO) կողմից չորրորդ փուլի գնահատման շրջանակներում Այն նաև վերահաստատում է Բարձրագույն դատական խորհրդի, որպես կարգապահական գործերով որոշումներ կայացնող մարմնի, քաղաքական ազդեցությունից բացարձակապես զերծ լինելու անհրաժեշտությունը: Ավելին, Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն: Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին և 26-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահն Արդարադատության նախարարի պաշտոնում իրեն անմիջապես փոխարինած իրավահաջորդի մասնակցությամբ հրավիրել է հավաքներ Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ՝ ազդարարելով «խոսնակների ցանցի» ստեղծման մասին, ինչը ենթադրում էր միայն իր կողմից հաստատված անհատների կողմից դատական իշխանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ արտահայտվելու իրավասություն: Դրան հաջորդել է Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցումն այն դատավորների նկատմամբ, ովքեր լիազորված չեն եղել որպես խոսնակներ, հրապարակային արտահայտվել են դատական իշխանության հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես՝  դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ հարուցվել էր կարգապահական վարույթ, այն առիթով, որ նա սոցիալական հարթակներում բարձրաձայնել էր խոսքը, լրատվամիջոցներին հարցազրույցներ էր տվել, բարձրաձայնել էր նաև դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության հետևանքների, ազդեցության մասին: Արդյունքում դատավոր Նախշքարյանի լիազորությունները 2023 թվականի փետրվարի 27-ին դադարեցվել են: Կարգապահական վարույթ է հարուցվել նաև դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը: 8.Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը: Ամփոփելով՝ Դատավորների եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կոչ է անում. Լիարժեքորեն հետևել ու պահպանել դատական իշխանության անկախության սկզբունքը բոլոր առումներով: Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց, Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը, Զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը, Վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ:
10:37 - 09 հունիսի, 2023