ՀԾԿՀ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է 2004 թ. դեկտեմբերի 25-ին։ Կարգավորում է էներգետիկայի բնագավառը, ջրային համակարգը և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները |factor.am|

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները |factor.am|

factor.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները։ Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ապրիլի 1-ին դիմել է հանձնաժողով՝ գազի գինը շուրջ 11%-ով բարձրացնելու հայտով։ ՀԾԿՀ-ից տեղեկանում ենք, որ հանձնաժողովն առաջարկել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց, թեև ռուսական ընկերությունն առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների գազի գինը, այդուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքների համար 30%-ով թանկացում էր առաջարկվում՝ սակագինը 100 հազար դրամից հասցնել 135․9 հազար դրամի։ ՀԾԿՀ-ն գտնում է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսում, այդուհանդերձ, որոշակի բարձրացում, ըստ ներկայացված հաշվարկների, կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը հանձնաժողովի հաշվարկներով, հիմնավորված կլինի բարձրացնել 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։ Ամսական մինչև 10 000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս ՀԾԿՀ-ի հաշվարկներով, պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10 000 խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։ Առավել մանրամասն՝ factor.am-ում։
14:00 - 01 հունիսի, 2020
Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հոսանքի անջատումներն այս տարվա ապրիլին ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին են եղել․ Փաշինյանի հայտնած մոտավոր տվյալների համաձայն՝ 2019-ի ապրիլին եղել է մոտ 5000 անջատում, այս տարվա ապրիլին՝ մոտ 2600։ Վարչապետը նշեց, որ անջատումները նախորդ տարվա համեմատ քիչ են եղել նաեւ գազի մատակարարման մասով, սակայն կոնկրետ թիվ չնշեց։ Infocom-ը փորձեց պարզել՝ վարչապետն ինչ տվյալների համաձայն է կատարում վերոնշյալ պնդումները։ Հարկ է նշել, սակայն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելու պատճառով ծառայությունների դադարեցման (ընդհատումների) առանձնացված հաշվառում չեն իրականացնում, եւ նախորդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները կարող են պարունակել որոշակի պայմանականություններ (գնահատականներ):  Սակայն, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացված պատասխանի՝ առանձին ամիսների վիճակագրություն վարվում է։ Մեզ տրամադրվել են 2019 եւ 2020 թվականներին մատակարարված գազի արժեքի համար վճարում չկատարելու պատճառով անջատումների քանակները, որոնք ներկայացնում ենք ստորեւ․ Column ChartInfogram Համեմատելով 2019 եւ 2020 թվականների ապրիլ ամիսները, տեսնում ենք, որ այս տարի 594-ով ավել են եղել գազի անջատումները․ 2019 թվականի ապրիլին դրանք եղել են 1710, իսկ 2020 ապրիլին՝ 2304։ Այնուամենայնիվ, եթե համեմատենք նաև մարտ-ապրիլ ամիսների անջատումների գումարային՝ ընդհանուր քանակները, ապա կտեսնենք, որ անցյալ տարի այդ ամիսներին  բնական գազի ավելի շատ անջատումներ են գրանցվել։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից էլ մեզ հայտնեցին, որ իրենք բնակիչ-բաժանորդների՝ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով էլեկտրամատակարարման դադարեցման մասով հաշվառում չեն վարում, հետեւաբար նաեւ վիճակագրություն ներկայացնել չեն կարող: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ խմելու ջրի ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ, մշտապես վերահսկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների վերաբերյալ համապատասխանաբար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններից իրենք եռամսյակային արդյունքներով ստանում են համապատասխան տեղեկատվությունը: Այսինքն՝ ոչ ՀԷՑ-ը, ոչ էլ ՀԾԿՀ-ն մեկ ամսվա կտրվածքով վիճակագրություն չեն վարում։ Ավելին՝ ընկերությունից ստացած պատասխանի համաձայն՝ տվյալները փոխվում են անընդհատ, եւ կոնկրետ օրվա կամ ամսվա համար հստակ տվյալ հայտնելը չափազանց դժվար է։ ՀԷՑ-ից տեղեկացանք, որ իրենք ապրիլ ամսվա անջատումների վերաբերյալ տվյալները ներկայացրել են ՀԾԿՀ-ին, որտեղից էլ դրանք փոխանցել են պարետատանը։ Իսկ ՀԾԿՀ-ից մեզ տրված պատասխանում նշել են, որ սպասարկման որակի ցուցանիշների շրջանակում հանձնաժողովի կողմից վերահսկվում են սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների այնպիսի դեպքերը, ինչպիսիք պայմանավորված են մատակարարման ցանցի պլանային, վթարային նորոգման աշխատանքներով, ֆորս-մաժորի հետեւանքներով եւ այլն, իսկ մատուցված ծառայությունների դիմաց չվճարման պատճառով ընդհատումները չեն հանդիսանում մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ եւ չեն արտացոլվում ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում:  Ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ՝ հանձնաժողովը՝ ի թիվս օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընկերություններից ստացվող հաշվետվությունների, կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու՝ կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերն առավել թիրախային խմբերին ուղղելու նպատակով մատակարար կազմակերպություններից աշխատանքային կարգով ստացել եւ ՀՀ կառավարություն տվյալներ է ներկայացրել սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց գումարների ընդհանուր հավաքագրումների, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի սպառման ծավալներով պայմանավորված՝ առանձին սպառողական խմբերի բաժանորդների քանակի, ապրանքային արտադրանքի, նշված սպառողական խմբերում պարտք ունեցող բաժանորդների քանակի, վերջիններիս սպառման արդյունքում ձեւավորված ապրանքային արտադրանքի, պարտքի մնացորդների, ինչպես նաեւ վճարումներ չկատարելու պատճառով բաժանորդներին մատուցվող ծառայությունների դադարեցման (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող) դեպքերի վերաբերյալ:  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ վարչապետի աշխատակազմից և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ստացված հարցումներին ի պատասխան՝ նշված տեղեկատվությունը պարբերաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից պահանջել և վերջիններիս ներկայացրել է աշխատանքային կարգով: Ի հակառակ երկու կառույցների՝ վերը նշված պարզաբանումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ վարչապետին տրամադրվել են օպերատիվ տվյալներ։ Օպերատիվ ասվածը, Խաչատրյանի խոսքով, նշանակում է, որ հնարավոր է կարճ ժամանակի համար էլ տվյալներ տրամադրել։ Նշենք, որ ՀԾԿՀ-ից մեր երկրորդ հարցմանն ի պատասխան դարձյալ չհայտնեցին, թե կոնկրետ ինչ թվեր են ներկայացրել կառավարությանը։ Մեզ տրամադրել են միայն եռամսյակային տվյալներ, որոնք հրապարակված են ՀԾԿՀ պաշտոնական կայքում։ Ստացվում է, որ իրավասու մարմինները կառավարությանը ներկայացրել են պարբերական տվյալներ, որոնք, ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ, անընդհատ փոխվում են՝ նույնիսկ ժամվա ընթացքում, սակայն վարչապետը ընդհանրացված տվյալ է ներկայացրել, որը չի արտացոլում ոուսումնասիրվող ժամանակահատվածում անջատումների բացարձակ քանակը։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 27 մայիսի, 2020
Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին |tert.am|

Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին |tert.am|

tert.am: Հայտը ուսումնասիրվում է, այն բավականին մեծ փաստաթուղթ է, շուրջ 1500 էջանոց, և երբ կավարտենք, լրիվ հիմնավորումները մեր տեսլականով կներկայացնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտին: «Երբ արդեն ավարտենք մեր բոլոր հաշվարկները, կսկսենք հանրային քննարկում: Մոտավորապես տասը օր սպասեք, մոտ օրերս կլինի հաշվարկները»,-ասաց նա: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 28 դոլարով կամ 11 տոկոսով։ Այսպիսով 255 դոլարի փոխարեն առաջարկում են 283 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց։   Ինչ վերաբերում է հարցին, թե հայտը քննարկելիս հաշվի առնվելու է կորոնովիրուսով պայմանավորված երկրի սոցիալական, տնտեսական հարցերը, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ այդ հարցը քաղաքական է: «Քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, մենք մեր մասնագիտական գործն ենք անում: Ունենք հայտ, ունենք էներգետիկայի մասին օրենք, այդ հայտին պետք է օրենքին համապատասխան մասնագիտական դաշտում արձագանքել»,-ասաց նա և նշեց, որ տնտեսական վիճակի գնահատումը կառավարության խնդիրն է: Ավելին՝ tert.am-ում
16:57 - 21 մայիսի, 2020
Բնակիչները կումունալ ծառայության պայմանագրի հիման վրա կարող են դիմել մատակարարին՝ անհատական ֆորս մաժոր ճանաչելու համար

Բնակիչները կումունալ ծառայության պայմանագրի հիման վրա կարող են դիմել մատակարարին՝ անհատական ֆորս մաժոր ճանաչելու համար

Սույն թվականի ապրիլի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)  հայտնեց, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։ Հանձնաժողովն իր այս որոշումը պայմանավորեց նույն օրը՝ ապրիլի 22-ին կայացված պարետի որոշմամբ, որով թույլատրվում էր իրականացնել տնտեսական գործունեության որոշ տեսակներ։   Վերոնշյալ հայտարարության մեջ ասվում է, որ նշվածը  չի սահմանափակում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ համապատասխան հիմնավորումների պարագայում մատակարարին դիմելու սպառողի իրավունքը՝ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Հայտարարությամբ նշվում էր նաև, որ նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։ ՀԾԿՀ-ի այս հայտարարությունից հետո հանրության շրջանում դժգոհություն առաջացավ։ Ապրիլի 28-ին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրառում կատարեց, ըստ որի՝ արդեն 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից։ Նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոմունալ ճգնաժամի մասին խոսեց  Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշեց, որ  առաջանում է հետևյալ խնդիրը․ բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը համատարած չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին և մատակարարներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակները և նպաստները, սակայն ամենակարևոր ռիսկը՝ այս համակարգը կարող է քանդվել։ Այս իրավիճակում բաժանորդների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են կոմունալ ծառայություններից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի և մատակարարի կողմից կնքված անհատական պայմանագրով։ Պայմանագիրն ունի ֆորսմաժորային իրավիճակ նկարագրող բաժին, որտեղ նշվում է, որ կողմերը սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետեւանք է ֆորս մաժորի։ ֆորս մաժոր կարող է առաջանալ պետական իրավասու մարմինների ընդունած իրավական ակտերի, գործողությունների հետևանքով։ Ըստ պայմանագրի՝ կողմերը նաեւ արտակարգ, անկանխատեսելի դեպքերի եւ հանգամանքների ի հայտ գալու դեպքում կարող են դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար։ Պայմանագրերի օրինակելի ձևերը ներկայացնում ենք ստորև․ Ստացվում է, որ բաժանորդները որոնք չեն զբաղվում այն գործունեությամբ, որը թույլատրված է պարետի որոշումներով, չունեն եկամուտ, ունեն սոցիալական խնդիրներ, որոնց հետևանքով առաջանում է ֆորս մաժոր և նշվածները կարող են պատշաճ, փաստաթղթավորված հիմնավորել, կարող են, իրենց իսկ անհատական պայմանագրի ֆորս մաժոր բաժինը հիմք ընդունելով, դիմել մատակարարին և իրենց անհատական դիմումը կքննարկվի։ Վերոնշյալի մասին  խոսեցինք նաև ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի հետ, որը նշված պայմանագրերի իրավական կողմի մեկնաբանության համար խնդրեց հարցում ուղարկել, սակայն նշեց, որ իրենց ապրիլի 22-ի հայտարարության վերջին պարբերությունում նշել էին, որ յուրաքանչյուր բաժանորդ իրավունք ունի դիմել մատակարարին և հիմնավոր պատճառաբանությունների դեպքում կարող է համարվել անհատական ֆորս մաժոր։ Այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ի կողմից պայմանագրի իրավական մեկնաբանությունը ստանալուց հետո այն ևս կներկայացնենք։ Թեև ՀԾԿՀ-ի հայտարարությունից հետո Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտնեց, որ բաժանորդներն արդեն պետք է վճարեն փետրվար և մարտ ամսիներին  սպառված էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ չվճարելու դեպքում մինչև այս տարվա ապրիլի 27-ը կհոսանքազրկվեն, սակայն 2 օր անց՝ ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց, ըստ որի ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, որոնք փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Միաժամանակ նշվում էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։  ՀԷՑ մամուլի խոսնակ տիկին Նատալյան երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց իրենց հայտարարությունը և նշեց, որ իրենք ևս  անհատական մոտեցում են ցուցաբերում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ ՀԾԿՀ հայտարարությունից հետո հորդորեց բնակիչ-բաժանորդներն կատարել 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին մատակարարված գազի դիմաց վճարումները, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները՝ 3-օրյա ժամկետում։ Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: Ապրիլի 24-ին, ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության, ընկերությունը տեղեկացրեց, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: Անհատական ֆորս մաժորի և մատակարարի կողմից անհատական մոտեցման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար չհաջողվեց կապ հաստատել ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ բնակիչ-բաժանորդների և մատակարարի միջեւ կնքված պայմանագրի համաձայն հնարավոր է անհատապես դիմել կոմունալ ծառայության ընկերությանը և ստանալ անհատական մոտեցում։
12:50 - 30 ապրիլի, 2020
ՀԾԿՀ-ն ներկայացրել է 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

ՀԾԿՀ-ն ներկայացրել է 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

Համաձայն  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է մինչև սույն թվականի մայիսի 1-ը մամուլում հրապարակման ենթակա՝ Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը։  Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից,  առանձին բաժիններով ներկայացված է տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության շրջանակում իրավական ոլորտի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2019 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ: 
16:23 - 27 ապրիլի, 2020
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած: ՀԾԿՀ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը.     Հաշվի առնելով, որ՝ ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք, ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։   Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները։
13:40 - 22 ապրիլի, 2020
Սպառողների էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումը չի դադարեցվի՝ նույնիսկ վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում. ՀԾԿՀ
 |aysor.am|

Սպառողների էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումը չի դադարեցվի՝ նույնիսկ վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում. ՀԾԿՀ |aysor.am|

aysor.am: Արտակարգ դրության ընթացքում մատակարար ընկերությունները չեն կարող դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը՝ վճարման պարտավորության չկատարման դեպքում, հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:  «Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից», - ասված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունում: 
19:28 - 25 մարտի, 2020
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը |tert.am|

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը |tert.am|

tert.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի փետրվարի 27-ի արտահերթ նիստի օրակարգում: Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն 19 դեպքերում խախտել է ՀԾԿՀ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին է ներկայացնում տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ Ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում:Ավելին՝ tert.am-ում
15:10 - 27 փետրվարի, 2020
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ատոմակայանին

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ատոմակայանին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Այս մասին հայտնեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար: Հանձնաժողովի նույն որոշմամբ հանձնարարվեց «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը 45-օրյա ժամկետում կատարել համապատասխան վերահաշվարկ և «ՀԱԷԿ»-ին եռամսյա ժամկետում վերականգնել «ՀԷՑ»-ի, արդյունքում նաև՝ սպառողներին հասցված վնասը:
16:39 - 12 փետրվարի, 2020
ՀԿԾՀ-ն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման մասին

ՀԿԾՀ-ն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման մասին

Հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման առնչությամբ հանրային հետաքրքրությունը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ մամուլում տեղ գտած անհիմն շահարկումները` հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում հայտնում է․«ՎԵՈՆ Արմենիա» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև հնարավոր գործարքի մասով․«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, 2019 թվականի դեկտեմբերի 26-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՅՈՒՔՈՄ» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով: Նշված հարցը համաձայն գործող օրենսդրության համապատասխան ներկայումս գտնվում է իրավասու պետական մարմինների հետ քննարկման փուլում։Հարկ է նշել, որ շարժական կապի շուկայի զարգացման միջազգային միտումները (այդ թվում՝ 5G տեխնոլոգիայի ներդնումը) պահանջում են ռեսուրսների համատեղ օգտագործում և կարողությունների միավորում, ինչը հաճախ հանգեցնում է ոլորտի մասնակիցների կոնսոլիդացմանը։ Այդ է վկայում շարժական կապի շուկայի առաջատար մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների փորձը։Ինչ վերաբերում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իր բաժնետոմսերն այլ, այդ թվում՝ մամուլում շրջանառվող՝ «Ա-Տելեկոմ» ընկերությանը հնարավոր օտարմանը, ապա հայտնում ենք, որ նման դիմում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից հանձնաժողով չի ներկայացվել։ Ավելին, սույն թվականի փետրվարին «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ներկայացրած պաշտոնական գրությամբ հավաստվել է, որ «Ա-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ «․․․որևէ կոմերցիոն բնույթի բանակցություններ չեն ընթացել»։ Շարժական կապի շուկա «Ա-Տելեկոմ» ընկերության մուտքի խոչընդոտման մասով․Ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կարգավորումների համաձայն՝ նոր օպերատորի մուտքը շարժական կապի շուկա իրականացվում է բացառապես մրցութային եղանակով՝ այդ նպատակով ռադիոհաճախականությունների անհրաժեշտ ռեսուրսի առկայության պարագայում։Հաշվի առնելով Հայաստանի հետ աշխարհագրական չափերով և բնակչության թվաքանակով համադրելի երկրների փորձը, որտեղ առավելապես գործում են շարժական կապի 3 օպերատորներ (այն եզակի դեպքերում, որտեղ առկա է 4-րդ օպերատորը, վերջինիս մասնաբաժինը գրեթե աննշան է), Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2008 թվականից որդեգրել է 3 օպերատորի առկայությամբ շարժական կապի շուկայի կառուցվածք, որին համապատասխան էլ բաշխվել է ռադիոհաճախականությունների տիրույթը և ձևավորվել իրավական կարգավորումները։Նշված հիմնավորումները բազմիցս ներկայացվել են շարժական կապի շուկայում որպես 4-րդ օպերատոր մուտք գործելու մտադրություն ունեցող «Ա-Տելեկոմ» ընկերությանը ինչպես հանձնաժողովի պաշտոնական գրագրությամբ, այնպես էլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ վերջինիս մասնակցությամբ հրավիրված հանդիպումների ընթացքում։ Մինչդեռ, ընկերությունը, հաշվի չառնելով այդ հիմնավորումները, վերստին դիմել է հանձնաժողով այս անգամ արդեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման հայտերով, որոնք, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև օրենսդրության պահանջներին անհամապատասխանությամբ պայմանավորված, չեն ընդունվել ուսումնասիրության։Ամփոփելով վերը նշվածը՝ կարևորում ենք ընդգծել, որ 2006 թվականից ի վեր, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում հանձնաժողովի իրականացրած համակողմանի և առաջանցիկ բարեփոխումների, այդ թվում՝ ոլորտի լիարժեք ազատականացման և մրցակցային պայմանների ապահովման արդյունքում հնարավոր եղավ արձանագրել միջազգային առումով նշանակալի տեմպեր և ձեռքբերումներ, որոնց պահպանումը և լավարկումը, մշտապես լինելու է հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից։
14:46 - 11 փետրվարի, 2020
Գազի ծախսի հաշվարկի ժամանակ հաշվի չեն առնվում արտաքին ճնշումը և գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ․ Հրանտ Ղարաբեկյան

Գազի ծախսի հաշվարկի ժամանակ հաշվի չեն առնվում արտաքին ճնշումը և գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ․ Հրանտ Ղարաբեկյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ միայն իրավաբանական անձինք կարող են օգտագործել գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչներ։ Սրանք այն սարքերն են, որոնք հնարավորություն են տալիս գազի հավառման ժամանակ հաշվի առնել նաև օդի ջերմաստիճանը և մթնոլորտային ճնշումը։ Զրուցել ենք «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Հրանտ Ղարաբեկյանի հետ՝ Հայաստանում գազի սակագնի հաշվառման սարքերի և սակագնի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող և չառնվող գործոնների վերաբերյալ։ Հրանտ Ղարաբեկյանը ուսումնասիրություն է իրականացրել և փորձել է պարզել, թե ո՞րն է ֆիզիկական անձանց դեպքում գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչների տեղադրման արգելքի պատճառը։ - Ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել գազի հաշվառման սարքերով, և ի՞նչը մտահոգության առիթ տվեց ձեզ: - Ես այս հարցով սկսեցի հետաքրքրվել 2019 թվականի սկզբներին, կարծում եմ՝ փետրվարին։ Հետաքրքություն առաջացավ լրիվ հանկարծակի, երբ իմ ծանոթներից մեկը, ով այդ բնագավառում է աշխատում, ասաց, որ գազի հաշվառումը կոմերցիոն ընկերությունների և բնակչության համար տարբեր ձևով է կատարվում, և այդտեղից սկսեցի հետաքրքրվել՝ ի՞նչն է խնդիրը: 2005 թվականից առևտրային կազմակերպությունների համար հաշվարկը կատարվում է, այսպես կոչված, էլեկտրոնային ճշտիչով գազային հաշվիչների օգնությամբ: Ի՞նչ է այն  իրենից ներկայացնում․ գազը,կախված ճնշումից և ջերմաստիճանից, ունի տարբեր ծավալ։ Երբ մենք գնում ենք գազը «Գազպրոմ Արմենիա»-ից և, երբ ասում են, որ այդ գազը մեկ խորանարդ է, ի նկատի ունեն ծովի մակարդակի բարձրության վրա, 0 կամ 20 աստիճան՝ կախված ստանդարտներից։ Երկու ստանդարտ կա այդ միջավայրում։ Իհարկե, Հայաստանը բարձրադիր գոտի է, և ճնշումն ավելի ցածր է։ Չնայած դրան` բնակչության համար տեղադրվող հաշվառման սարքերը, այսպես ասած, հարմարեցված են ծովի մակարդակի վրա հաշվառում կատարելու համար: Ինչ է տեղի ունենում, որ գազի ծավալը բարձրադիր գոտիներում ավելի ընդարձակ է,  և այդ հաշվիչը ավելի շատ է պտտվում և ավելի շատ է ցույց տալիս: Այդտեղից սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել և պարզվեց, որ կոմերցիոն ընկերությունների մոտ տեղադրված են հաշվիչներ, որոնք էլեկտրոնային եղանակով այդ պահին ծախսվող գազի համար հաշվի են առնում ինչպես արտաքին ճնշումը, այնպես էլ գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ ամսվա վերջի հաշվարկում: Սակայն մեր բնակչության համար այդ գործոնը հաշվի չի առնվում։ Սկսեցի գրագրությունը Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի հետ։ Նպատակս այն էր, որ ստանամ հաշվարկները, թե ինչի հիման վրա են որոշել, որ կոմերցիոն ընկերություններում մի ձևով պետք է հաշվարկվի, իսկ բնակչության համար մեկ այլ ձևով: Գրագրությունը բավականին երկար տևեց՝ ամիսներ։ Սակայն, ցավոք սրտի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները չեն ուզում ներկայացնել հաշվարկները՝ հղվելով այն փաստի վրա, որ օրենքով սահմանված չէ, որ այդ հաշվարկները իրենք պետք է անեն:  - Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը Ձեզ պատասխանել է, որ մենք ունենք բնական գազից օգտվող 700 470 ֆիզիկական անձ, իսկ իրավաբանական անձանց թիվը 16 087 է: Քանակը հիմք ընդունելով՝ պատասխանել են, որ բավականին մեծ ներդրումներ են պահանջվում, որպեսզի էլեկտրոնային ճշտիչներ տեղադրվեն։ Բայց դուք նաև նշում եք, որ հաշվարկներ չունեն իրենք։ Դուք ունե՞ք մոտավոր հաշվարկներ, մոտավոր ներդրումների ծավալներ․ մեկ բնակչի ծախսը այդ դեպքում որքա՞ն կլինի և ընդհանրապես Ձեր կարծիքով ո՞վ պետք է կառավարի ոլորտը, եթե ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: - Հարցը մի քանի բաղադրիչ ուներ։ Երևի վերջին բաղադրիչը ճիշտ կլինի ուղղել Հանրային ծառայությունների հանձնաժողովին։ Երևի պարզ է, որ իրենք պետք է ունենան։ Անպայման չի հաշվարկը իրենք անեն, այն կարող է մեկ այլ լիազոր մարմին կատարել, օրինակ, Չափագիտության ինստիտուտ ունենք, որը երևի ավելի լիազոր է, բայց հիմքում պետք է լինեն հաշվարկներ։ Կարող եմ ես պնդել, որ չկան։ Այսինքն, ինձ ներկայացրել են գրավոր տեսքով, որ այդ հաշվարկները աշխատանքային կարգով են արվել։ Որպեսզի փորձեմ պարզել, թե ինչ տարբերություն է տալիս, պետք է կատարեմ հանրային ծառայությունների հանձնաժողովի գործառույթները: Փորձեցի ուսումնասիրություն կատարել և հասկանալ՝ ինչ տարբերություն է տալիս։ Խնդրեցի իրենց, որ քանի որ 14 տարի առաջ է ընդունվել, տրամադրել տեղեկատվություն կամ տրամադրել իրենց վերլուծության արդյունքները, թե այն կոմերցիոն ընկերությունների մոտ, որտեղ տեղադրված են այդ ճշտիչով հաշվառման սարքերը, ի՞նչ տարբերություն է տվել։ Այսինքն, արդյո՞ք դրանք տեղադրվել են հին հաշվիչներին հաջորդաբար, տեսե՞լ են տարբերությունը որքան է, քանի՞ հոգի ունի և այլն։ Բոլոր հարցերին ինձ մոտավորապես այնպիսի պատասխան է գալիս, որ օրենքով այն իրենց գործառույթների մեջ չի մտնում: Այնպես չի, որ միայն մեր մոտ՝ Հայաստանում այդ հարցը կարող է բարձրանալ։ Անգամ Ռուսաստանում, որտեղ գազը շատ-շատ ավելի հասանելի և էժան է, կա օրենք, ըստ որի՝ ամեն բարձրադիր գոտու համար, ամեն բնակավայրի համար, եթե այն շատ մեծ չի, իսկ մեծ բնակավայրերի պարագայում նաև՝ ըստ բարձրության, կիրառվում են գործակիցներ, որոնք այս կամ այն կողմ են փոխում հաշվեկշիռը։ Օրինակ՝ ՀԾԿՀ-ն ներկայացրել է, որ ձմռան ամիսներին շատ ծախսող մարդիկ բացասական բալանս կունենան, այսինքն՝ կվճարեն ավելի շատ, քան քիչ ծախսողները։ Այստեղ մոտեցման խնդիր կա։ Ի՞նչ է նշանակաում ավել կվճարեն կամ պակաս։ Ես համարում եմ, որ միակ ճիշտ տարբերակն այն է, որ ամեն մեկը վճարի այնքան, որքան սպառել է: Եթե ինչ-որ մեկը վճարում է ավել, ինչ-որ մեկը այս պահին վճարում է պակաս, ապա «Գազպրոմ Արմենիան» կոմերցիոն ընկերություն է, այսինքն շահույթ հետապնդող և նա բարեգործությամբ չի զբաղվում։ Եթե ինչ-որ մեկը պակաս է վճարում, նշանակում է՝ մեկ այլ բաժանորդ վճարում է ավել: Եվ այս բալանսը ընդհանրապես չի երևում՝ ով ինչքան է վճարում, այսինքն միանշանակ է, որ մարդիկ պետք է վճարեն այնքան, որքան սպառել են: Ես պատրաստակամություն եմ հայտնել իմ ֆինանսական միջոցներով գնել էլեկտրոնային ճշտիչով գազային հաշվիչ։ Առաջարկել եմ տեղադրել իմ բնակարանի մուտքի մոտ գտնվող հաշվիչին հաջորդաբար, կազմել հանձնաժողով, որը պարբերական հիմքերով կարձանագրի գազի ծախսի տարբերությունը։ Սրա համար ևս ստացա մերժում՝ պատճառաբանությամբ, որ հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում։ Ոչ ոք չի պարտադրում, որ բոլորի հաշվիչները հենց այս պահին փոխեն, բայց առնվազն կարելի է այն բնակիչներին, ովքեր ուզում են տեղադրել այդ հաշվիչը՝ իրենք իրենց հաշվին, թույլ տալ տեղադրել։ Հաշվիչի գինը մոտավորապես 60 հազար ՀՀ դրամ է՝ սովորական բնակիչների պարագայում։ - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ձեզ տրված պատասխաններում նշել էր նաև, որ դժվար է բնակիչներին հաշվիչները փոխելու այդպիսի «քաշքշուքի» մեջ դնել։ Բայց Դուք նշեցիք, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են։ Այս դեպքում, ի՞նչ եք կարծում, ՀԾԿՀ-ն չի՞ գնահատել պահանջարկը։ - Իրենց պատասխաններում նշում են, որ նման հաշվիչների տեղադրումը կբերի շատ մեծ ծախսերի, քանի որ նոր ներդրումներ կպահանջի։ Իմ մոտեցմամբ՝ այսօր տեղադրված հաշվիչների արժեքը ներառվել է սակագնի մեջ, այսինքն՝ սակագինը ներառում է նաև հաշվիչի գումարի վերադարձը։ Հաշվի առնելով այն, որ հաշվիչների մեծ մասը երկար ժամանակ է տեղադրված է, ես կարող եմ ենթադրել, որ գումարի վերադարձի ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։ Կամ գազի գինը պետք է այդքանով նվազի, քանի որ հաշվիչների ինքնարժեքն արդեն դուրս է եկել, կամ էլ թող բարի լինեն էլեկտրոնային հաշվիչները տեղադրել այն տարբերության հաշվին, որն արդեն ներառված է գնի մեջ։ Այսինքն, այդ կետն էլ ոչ մի կերպ չի հիմնավորում այն փաստը, որ մարդկանց արգելում են տեղադրել էլեկտրոնային ճշտիչով հաշվիչներ։ - Եթե ամփոփենք, որո՞նք կլինեն էլեկտրոնային ճշտիչով հաշվիչների դրական և բացասական կողմերը։ Ինչպե՞ս պետք է լինի անցումը։ - Այս պահին ես չեմ կարող պնդել, որ բոլորի մոտ պետք է ճշտիչներով հաշվիչներ տեղադրել։ Բայց ես կարող եմ պնդել, որ այն մարդիկ, ովքեր ուզում են ճշտիչներով հաշվիչներ տեղադրել՝ իրենք իրենց հաշվին, սա պետք է թույլատրվի։ Ճիշտ կլինի, որ հանձնաժողովը սթափվի և կատարի իր գործառույթները։ Սա այնքան պարզ հարց է, որ քաղաքականության հետ կապ չունի։ Կարող է վարվել տարբեր քաղաքականություններ, օրինակ՝ էներգետիկ շուկայի ազատականացում։ Այս դեպքում կլինեն դրական ու բացասական կողմեր, կողմ և դեմ տարբեր հիմնավորումներ, որոնք կարող են ներկա կառավարող ուժի կողմից ընդունվել կամ չընդունվել, բայց ինչ վերաբերում է չափագիտական ոլորտին, որտեղ ամեն ինչ միանշանակ է, այդտեղ իրենք իրենց գործառույթները չեն կատարում։ Ընդ որում՝ «Գազպրոմ Արմենիա»-ին ևս դիմել եմ ճշտիչներով հաշվիչների հարցով։ Իրենք գրել են, որ եթե ՀԾԿՀ-ն հաստատի, իրենք կկատարեն։ Ի հավելումն նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին դիմել էինք Գազպրոմ Արմենիա, որպեսզի ստանանք տեղեկատվություն, թե քանի առևտրային գազահաշվիչներ են տեղադրվել և դրանցից քանիսն են ՊՈԱԿ-ներ։ Ըստ մեզ տրամադրված պատասխանի՝ 01.10.2019թ. դրությամբ շահագործվում են թվով 5268 հատ էլեկտրոնային ճշտիչով համալրված առևտրային գազահաշվիչներ: Թե սրանցից քանիսն են ՊՈԱԿ-ներ, ընկերությունն այդ տեղեկատվությանը չի տնօրինում։
07:32 - 18 հունվարի, 2020
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կտուգանվի 10 մլն դրամով. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կտուգանվի 10 մլն դրամով. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն՝ փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով:Ինչպես հայտնում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը, հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգ է ներառվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու հարցը, քանի որ իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հաստատված ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները: Հանձնաժողովը որոշել է լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 մլն դրամով: Հարցը կքննարկվի վաղվա նիստում:
10:50 - 04 հունիսի, 2019