Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ում քննարկվել են բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

ԱԺ-ում քննարկվել են բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ դեռևս փետրվարի 5-ին հանդիպել էին ոլորտի տնտեսվարողների հետ և քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված է եղել գործող կարգավորումների հետ: Վառելիքի լիցքավորմամբ զբաղվող տնտեսվարողները ներկայացրել էին առաջարկներ և դժգոհություններ: «Պարզ դարձավ, որ խնդիրը կապված է ոչ թե տեսչական մարմինների հետ, այլ այն կարգավորումների, որոնց հիման վրա տեսչական մարմիններն աշխատում են»,- ասել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումը միտված է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ վերստին քննարկելու խնդիրները: «Հույս ունենք, որ այս հանդիպումը կավարտվի ավելի առարկայական եզրահանգումներով»,- ասել է նա: Տնտեսվարողների ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը հայտնել է՝ խնդիրն այն է, որ ոլորտի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում առկա է այն իրավիճակը, որը գրեթե չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված կարգերին, ձևերին և նորմերին: «Այսօր իրողությունն այն է, որ ունենք բազմաթիվ՝ սեփականության վկայական ունեցող, շինարարական և համապատասխան բոլոր թույլտվություններով կառուցված ավելի քան 20-30 տարի շահագործվող օբյեկտներ, որոնք այսօր փակման վտանգի տակ են, քանի որ կիրառվում են մի քանի շինարարական նորմեր և կանոններ, որոնք անթույլատրելի են դարձնում համապատասխան տեսչական մարմնի կողմից տվյալ օբյեկտի գործունեությունը»,- ասել է նա: Արա Հովհաննիսյանը փոխանցել է տնտեսվարողների առաջարկը, այն է՝ վերանայել գործող շինարարական կանոնները և նորմերը, որ արդյունքում լինի այնպես՝ հնարավոր լինի տարանջատել գոյություն ունեցող և գործող օբյեկտը նոր կառուցվող և նախագծվող օբյեկտից: Ըստ նրա՝ 40-50 տարի առաջ մշակված նորմերն այլևս արդիական չեն տեխնոլոգիական և այլ առումներով: Ելույթ ունեցողը ներկայացրել է միջազգային փորձը, նշել, որ այսօրվա վառելիքը որակապես տարբերվում է մի քանի տասնյակ տարի առաջ եղած վառելիքից, հետևաբար բենզալցակայաններին ներկայացվող պահանջները պետք է համապատասխան լինեն: Ըստ նրա՝ վառելիքի վաճառքով զբաղվող օբյեկտների գործունեության արդյունքում այսօր 100 մլրդ դրամ մուտք է լինում պետբյուջե: Նշվել է, որ բենզալցակայանների մեծ մասում առկա է մեկ հրշեջ ջրածորան (հիդրանտ), սակայն պահանջվում է ունենալ երկուսը, ինչը խնդրահարույց է՝ ըստ տնտեսվարողների: Նշվել են նաև այլ պահանջներ: Պետական մարմինների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց կառույցների դիրքորոշումները, ինչպես նաև օրենսդրական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ոլորտի կարգավորումները: Փաստարկվել է երկրորդ հիդրանտի կարևորությունն անվտանգության ապահովման տեսանկյունից: «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրենի խորհրդական Սաշուր Քալաշյանի խոսքով քաղաքաշինական նորմերը մի նպատակ ունեն. ապահովել բնակչության, մարդու ապրելու և արարելու անվտանգ միջավայրը: Նրա խոսքով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիներին բենզալցակայանների մեծ մասը գործել է հախուռն կերպով, շատ անգամ առանց թույլտվության կամ սխալ թույլտվությամբ, այնուհետև, երբեմն անօրինական կերպով, ստացել կադաստրային գրանցում: «Բոլոր դեպքերում, բենզալցակայանների անվտանգությունը պետք է ապացուցվի կամ հիմնավորվի օրենքով, գիտականորեն՝ նկատի ունեմ: Գիտականորեն հասկացվի, վերլուծվի և որոշում կայացվի»,- ասել է նա: Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է՝ պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն ե՛ւ տնտեսվարողների շահերը, ե՛ւ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը: Որոշվել է համապատասխան կառույցի համակարգմամբ շարունակել հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով վերանայել ոլորտի կանոնակարգումները:
18:28 - 04 ապրիլի, 2024
ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը
 |armenpress.am|

ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջարկում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողի խոսքով՝ ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերն ավելի արդյունավետ կազմակերպել: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը, հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը:   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց ապաստան հայցողների թվով և թե ո՞ր երկրներից են ապաստան հայցողները, ինչին ի պատասխան` Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2020 թվականին ապաստան հայցողների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, 2022 թվականին` 968, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով, 2023 թվականին` 817 անձ: Առաջին տեղերում ավանդաբար Մերձավոր Արևելքի երկրներից` Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից  դիմողներն են, 2022 և 2023 թվականներին միտումը փոխվել է. հիմնականում դիմել են Ուկրաինայից, Սիրիայից, Իրաքից: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմումներ չեն եղել, ստացվել է 1-2 դիմում: Հարակից զեկույցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը դրական գնահատեց նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը,  ինչպես նաև ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
14:59 - 02 ապրիլի, 2024
ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են իրավական մի շարք նախագծեր

ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են իրավական մի շարք նախագծեր

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ և տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը եւս ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկումների արդյունքում Կառավարությունն առաջարկել է փաթեթում կատարել որոշ փոփոխություններ: «Նախագծում առկա էին տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ, որոնք առաջարկում ենք ամբողջությամբ շտկել»,- տեղեկացրել է զեկուցողը և հավելել` առաջարկվում է նաև կատարել այլ փոփոխություններ: Մասնավորապես, ավելացվում են հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դատական ակտերը, ինչը, ըստ փոխնախարարի, բխում է Քրեական դատավարության  օրենսգրքի համապատասխան հոդվածներից: Սահմանվում է, որ հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքից և կրում է նրա պարտականությունները` առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման: Լևոն Բալյանն ընդգծել է, որ այդ կարգավորումը չունենալու դեպքում պահանջատերը կարող էր մասնակից չդառնալ ածանցյալ վարույթին` այդպիսով զրկվելով ածանցյալ վարույթում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործիքակազմից: Նախատեսվում է, որ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից: Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:
14:00 - 02 ապրիլի, 2024
ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով․ հայտարարություն

ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով․ հայտարարություն

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը․   «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին՝ ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարակության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի 146 հոդվածի 2 կետի համաձայն․ «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»: Հավելում ենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գխի 7-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»։ Մի քանի օրինակներով բացահայտենք վերոհիշյալ ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Նախաբանի առաջին պարբերությունում նշվածէ՝ «Ծրագիրը հիմնված է 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի․․․․, ՀՀ քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ․ ռազմավարության վրա»։ Ընթերցելով «Նախաբանի» կետերը, համոզվում ենք, որ ՀՀ Կառավարությունը կարևորագույն սկզբունքներ հռչակելով, գործնականում վիժեցրել է դրանց բովանդակային իրագործումը։ Այսպես, խոստում՝ «Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է »։ Ինչպես անում են, առանց մեկնաբանության։ Ծրագրային խոստումները ենթակա էին պարտադիր կատարման, իսկ եթե դրանք ինչ-ինչ պատճառներով պետք է վերափոխվեին, ապա միայն ԱԺ կողմից ընդունված որոշումներից հետո։ Փաստ է, որ կառավարությունը ԱԺ չի դիմել և ինքնագլուխ իրականացրել է հայտարարածին հակառակ քաղաքականություն։ Մասնավորապես, գլուխ առաջին՝ «Անվտանգություուն և արտաքին քաղաքականություն»։ Մեջբերում՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը , ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը և այլն»։ Ø Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։ Ø Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին։ Դրա մասին են վկայում լայնածավալ զորավարժությունների բացակայությունը, ռազմական շքերթների իսպառ վերացումը, ինչը ժողովրդին և, հատկապես, թշնամուն, ի ցույց կդներ հայկական բանակի բացահայտ և թաքնված հզորությունը։ Ø Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները, ոչ միայն չեն կատարվել, այլ ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար։ Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում։ Ø «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել է, որ «շարունակելու է ակտիվրեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին․․․ որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։ Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, արշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը։ Մեկ այլ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ենթաբաժնում հատուկ շեշտվում է համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում։ Ավելին, Արտաքին քաղաքականության ենթաբաժնում ուղղակի նշված է ՝ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը․․․․․․»։ Որպես կառավարության գլխավոր խնդիր է հայտարարվել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը» և, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։ Այսինքն, ՀՀ կառավարությունը 2021թ․ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչել։ Իսկ արդեն մեկ տարի անց, ազգային-ազատագրական պայքարի արդյունք Արցախի Հանրապետության տարածքը ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։ Հաշվի առնելով, որ սույն Պահանջագրին կցում ենք մեր կողմից կազմված «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, կանդրադառնանք նաև ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ որ ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը 2021 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է նախընտրական պայքարին և ստացել ՀՀ ընտրողների մեծամասնության քվեն ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներին և նպատակներին վերաբերող այն հիմնադրույթներով, որոնք օգոստոսի 18-ին դարձել են իր ղեկավարած կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի առաջնահերթությունները։ ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ։ Սակայն 2021 թ․ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնեով տրամագծորեն հակառակ ուղեգիծ, այսինքն՝ նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ որպես իր ծրագիրը ձախողած, ժողովրդի քվեից զուրկ անձ։ Դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պատգամավորներին, զգուշացնում ենք՝ յուրաքանչյուրդ կրում եք անձնական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի ճակատագիրը նախանշելու հարցում։ Հայի ազգային նկարագիրը ձևավորվել է որպես իր ինքնությունը պահպանող, ազգային արժեհամակարգին հավատարիմ, ընտանիքը պաշտպանող, Հայրենիքի և պետության համար մարտնչող, թշնամու առջև չընկրկող, արժանապատիվ մարդ։ Այսօր ձեր անհատական որոշումից է կախված՝ դուք համապատասխանու՞մ եք ներկայացված պահանջներին թե ոչ։ «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժում»։
17:16 - 01 ապրիլի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
 |tert.am|

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն |tert.am|

tert.am: Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի կեսերին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանը։  Ալեն Սիմոնյանը պատմեց, որ այդ հանդիպման ժամանակ չեն քննարկվել հարցեր, որոնք պառլամենտական դիվանագիտությունից դուրս են, բայց այնուամենայնիվ կողմերը չեն կարողացել շրջանցել սահմանային լարվածության հարցերը։ «Բավական կառուցողական հանդիպում էր։ Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Ինքը փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն»,– ասաց Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ  Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել մարտի 22-ին Ժնևում։
22:39 - 28 մարտի, 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը

ՀՀ ԱԺ փոխնախագահի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Խոսելով երկկողմ կապերից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիվի Միքանաձեն նշել է, որ երկու երկրների առնչությունները ոչ միայն մշակութային և պատմական կապերով են սերտ, այլ նաև շատ են նմանությունները խորհրդարանական կառավարման համակարգում: Անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը: Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
16:20 - 28 մարտի, 2024
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն ամրագրված է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում: Կողմերը երկու երկրների գործադիր մարմինների միջեւ շփումներից բացի կարեւորել են օրենսդիրների միջեւ սերտ համագործակցությունը, որը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է: Ընդգծվել է տարբեր ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես` երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ փոխգործակցության սերտացումը: Այս համատեքստում կարեւորվել է կրթական բարեփոխումների հարցում լավագույն փորձի փոխանակումը, պատգամավորների մշտական շփումները, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը: Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հանրակրթության, բարձրագույն եւ մասնագիտական կրթության ու գիտության ոլորտներում, երիտասարդության եւ դպրոցաշինության հարցերում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Վրացի գործընկերներին ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Քննարկվել են նաեւ ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման եւ հավաստագրման գործընթացների շրջանակում երկու երկրներում իրականացվող քայլերը: Հանդիպման ավարտին Սիսակ Գաբրիելյանը եւ Գիվի Միքանաձեն երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության համատեղ հայտարարություն (կոմյունիկե) են ստորագրել: Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը եւ համագործակցելու նոր հնարավորություններ կընձեռի:
15:45 - 28 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:   Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին Հայաստան այցելության համար և նշել, որ նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն:   Անն-Լորանս Պետելը բարձր է գնահատել Հայաստանի հետ հաստատված միջխորհրդարանական հարաբերությունները և ընդգծել, որ մեծաքանակ բարեկամական խմբի կազմում ներկայացված են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության վերաբերյալ կոնսենսուս: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` կողմերն ընդգծել են հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: «Հայաստանը խորապես կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»,- նշել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ԼՂ-ից տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հեռանկարները միջխորհրդարանական, ինչպես նաև անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
22:28 - 27 մարտի, 2024
«Միասին» շարժման անդամները հրաժարականի պահանջ են ներկայացրել գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը |news.am|

«Միասին» շարժման անդամները հրաժարականի պահանջ են ներկայացրել գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը |news.am|

news.am: Ապրիլի 8-ին ժամը 17։00-ից սկսած 3 օր շարունակ «Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումը բողոքի ակցիաներ կանցկացնի ՀՀ Ազգային ժողովի մոտ։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Ազատության հրապարակում հայտարարել է «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը: «Միասին» շարժման անդամները 100 կետից բաղկացած հրաժարականի պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։ Արամ Սարգսյանը նշեց, որ այսօր իրականացնելու են նախազգուշական երթ դեպի ԱԺ։ Եվ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա կհաջորդեն անհնազանդության քայլեր։ «Փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել ենք նաև ԱԺ երկու ընդդիմադիր  խմբակցություններին։ Եթե նրանք համաձայն չլինեն փաստաթղթում նշված կետերի հետ, ուրեմն նրանք նույնպես հանցակից են գործող իշխանություններին»,- ասել է նա։
21:01 - 27 մարտի, 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

ՀՀ ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է Երևան -Նյու Դելի ուղիղ չվերթների հարցը

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է. «Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում: Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, եւ երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է երկու երկրների միջեւ՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը եւ խաղաղության հաստատման երեք հիմնական սկզբունքները. «Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում»: Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանին կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարեւոր գործընկերներից է. Հայաստանի շուրջ իրադարձությունները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: Հարիվանշ Նարայանին իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը: Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:
18:01 - 27 մարտի, 2024
Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, ճիշտ է Տավուշից սկսելը. Ալեն Սիմոնյան
 |azatutyun.am|

Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, ճիշտ է Տավուշից սկսելը. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

azatutyun.am: Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով և արդեն ակնհայտ է, ճիշտ է Տավուշից սկսելը, որովհետև այնտեղ վիճելի մասերը ավելի քիչ են, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով, սակայն, Հայաստանի տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվելու։ «Ամենապարզ օրինակը՝ արդեն 2 տարի է՝ միջանցքի մասին է խոսքը գնում, բա ինչո՞ւ զիջման չգնացինք, որովհետև դա ակնհայտ է, դա մեր իրավասության գոտում է։ Բայց որ ինչ-որ տեղից քարտեզագրումը պետք է սկսվի, դա ակնհայտ է», - նշեց նա։ «Տավուշի մարզով սկսելը մեզ համար էլ է ընդունելի։ Մնացած մասով վեճ կա», - հավելեց իշխանության ներկայացուցիչը։ Հայաստանի ուզածը սահմանի կետ ստանալն է, ասաց նա՝ շարունակելով, որ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով հետ քաշվեն. - «Որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանը պետք է ետ քաշվի»: Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետն ասել է՝ ՀՀ-ի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա խոսել էր Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։ Ալեն Սիմոնյանն այսօր նաև չբացառեց, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից առաջ Բաքուն իր հայտարարությամբ հնարավոր սադրանքի համար հող է նախապատրաստում։ «Չեմ պատրաստվում ու անշնորհակալ գործ է ընդհանրապես Ադրբեջանի գործողությունների հետ կապված միանշանակ ինչ-որ մեկնաբանություններ տալ կամ միանշանակ որևիցե այո կամ ոչ ասել», - պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց խորհրդարանի նախագահը։ Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Ալեն Սիմոնյանը այդ հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չասաց։
15:50 - 27 մարտի, 2024
ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ
 |armenpress.am|

ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։ «Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով՝ Խորհրդային Հայաստանի ստեղծումից սկսած, մինչև Հայաստանի անկախացումը։ Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը, մենք նշում ենք կոնկրետ բա՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, կոնկրետ բան։ Այդ կոնկրետ սահմանի տեղը Հայաստանի Հանրապետությունը գիտի, այն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են այնտեղ, գիտեն։ Եվ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները շատ լավ իմացել են, և մենք էլ բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ հատվածը։ Մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը իր  տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում»,- ընդգծեց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հաշվարկել ե՞ն այն վտանգները, որոնք լինելու են, եթե Ադրբեջանի պահանջած այսպես կոչված 4 գյուղերը հանձնվեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այո, հենց այդ հաշվարկն է դրված եղել ամեն ինչի հիմքում և դրված է ամեն ինչի հիմքում»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի օկուպացված տարածքներից, Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց պրոցեսը պետք է տարվի հայելային տրամաբանության մեջ։ «Բայց այն կետը, որտեղից պետք է սահմանը ուրվագծվի, մեր կարծիքով, պետք է Տավուշի մարզից սկսվի, որովհետև այնտեղ վիճելի մասերը ավելի քիչ են, քան մնացածի առումով։ Կարծում եմ, որ մենք այս գործընթացի շնորհիվ կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ»,- եզրափակեց Սիմոնյանը։
15:45 - 27 մարտի, 2024
Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան

Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան

Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը։ Լրագրողի հարցին, թե սրանից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կարող է առաջիկայում որոշել, որ նաև Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ չլինեն, Սիմոնյանը պատասխանեց․ «Նման խոսակցություն չի եղել, աա այդ դեպքը չի։ Ես ուղղակի համացանցում վելուծաբանների այսպես ասած գաղափարին եմ արձագանքում և կարծում եմ, որ արձագանքս տեղին էր, սա իմ անձնական կարծիքն է։ Չեմ կարծում, որ դա ինչ որ բան է փոխելու․․․։ Պետք է մի բան ֆիքսենք․ ինչքան ՀՀ-ին է պետք եղել ու պետք, ռուսական սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, 2 այնքան դա Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել, որ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը․ ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած»։
15:24 - 27 մարտի, 2024