Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|

Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրանց արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ: Հարությունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նշեց՝ արտաքին քաղաքականությունում առանց նախապայմանների գնալը լավ գիծ է: «Սակայն, երբ տվյալ դեպքում հայկական կողմը, ադրբեջանական կողմը սեղանին դնում են իրենց պատկերացումները, դրանք ըստ էության յուրաքանչյուր կողմի նախապայմանն են, պահանջն են: Եվ բանակցությունները պետք են նրա համար, որ այդ բանակցությունների արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ, քանի որ բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Հարությունյանը: Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել հայկական կողմը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա: Դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես այնտեղ, կամ կարող է գնաս մտքումդ այդ բանակցություններին մեծ փոխզիջումների պատրաստակամությամբ, բայց իրավիճակն այնպես ձևավորվի, որ դու փոքր փոխզիջումների արդյունքում ստանաս մեծ արդյունք»: Բանակցությունների ընդհանուր շրջանակը, նրա խոսքով, ուրվագծված է: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են այն բոլոր գործընթացներից, որոնք կան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ անկլավների հարց չի քննարկվում, ինչի մասին ասել է վարչապետը: «Տարբեր կողմեր այդ օրակարգերը քաշում են: Բայց ասվել է, որ  նման հիմնավորումներ, ըստ էության, չկան»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են հայկական կողմի առավելագույն և նվազագույն պահանջները՝ Հարությունյանը սխալ համարեց, որ մի կողմը մատնանշի իր առավելագույն պահանջները և ասի, որ դրանից այն կողմ չի կարող քննարկել: «Սակայն իհարկե դու ունես քո համար նվազագույն և առավելագույն շեմեր և այդ տրամաբանությամբ ես գնում այդ բանակցություններին»,-ասաց նա:
16:51 - 02 հունիսի, 2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ավտոպարկի օպտիմալացման մասին |1lurer.am|

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ավտոպարկի օպտիմալացման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ ավտոպարկի օպտիմալացման թեմային: «Ոչ միայն վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով Եվրոպայում, այլ նաև առհասարակ մենք նկատում ենք վառելիքի գնի շարունակական աճ: Պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն կրճատելու առումով, այլ նաև հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում և բյուջետային քննարկումների ժամանակ, նաև երեկ մեր գործընկերների հետ քննարկելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել, քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որը սպասարկման առումով բավականին մատչելի է»,- ասաց Հարությունյանը:   Հարությունյանը հայտնեց, որ ներկայում հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտերն են քննարկվում Կառավարությունում: «Երեկ արձանագրեցինք, որ եթե ոչ միակը, ապա շատ քիչ մարմիններից ու գերատեսչություններից է վարչապետի աշխատակազմը, որ սահմանված չափաքանակից քիչ է ներկայացրել: Ոչ թե այն պատճառով, որ ծրագրերը չենք իրականացնում, ծրագրերն իրականացնում ենք, մի բան էլ՝ ավելի, պարզապես կարողացել ենք որոշակի օպտիմալացումներ իրականացնել: Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես՝ ավտոպարկի օպտիմալացման առումով, որպեսզի մենք ծանրաբեռնված չլինենք և համապատասխան ծախսերը նվազեցնենք»,- ասաց Հարությունյանը:
16:13 - 02 հունիսի, 2022
Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա, ընդդիմությունը չի կարող իշխանությանը ստիպել շեղվել այդ ծրագրերից. Հարությունյան |armenpress.am|

Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա, ընդդիմությունը չի կարող իշխանությանը ստիպել շեղվել այդ ծրագրերից. Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում կա որոշակի մարտավարություն, և ընդդիմությունն իր պահվածով չի կարող ստիպել, որ իշխանությունը շեղվի այդ ծրագրերից: Հարությունն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե ընդդիմության ակցիաների վերաբերյալ իշխանությունը փակ դռների հետևում ի՞նչ է քննարկում՝ Հարությունյանը վստահեցրեց, որ այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է, կառավարությունն իրողություններն ընդունում է ի գիտություն: Նա հավելեց, որ կառավարությունը հրապարակային է իր գործողություններում, իր հայտարարություններում ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերի ժամանակ, հարցազրույցներում, մամուլի հետ շփումներում: Անդրադառնալով ընդդիմության այն գործողություներին, որով տարբեր նախարարությունների մոտ ակցիաներ են իրականացնում և իշխանությունների ներկայացուցիչներից հավաստիացումներ  պահանջում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Հարությունյանն ասաց. «Եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա: Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում և բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց, եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի: Նայեք, այդ ընդդիմությունն ինչպես էր իրեն պահում ներխուժելով Արտաքին գործերի նախարարության շենք, ինչպես էր ինքն իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են Արցախի խնդրի համար, այն ԱԳՆ-ի, որը իրականացնում է կառավարության ծրագիրը, որտեղ հստակ մատնանշումներ կան Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, այն փոխարտգործնախարարին, որը գնում է բանակցելու»: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը թույլ ընդդիմություն է, իր ազդեցությունն էլ թույլ է, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում՝ տվյալ անձանց գործունեության հետ կապված: Անդրադառնալով համապատասխան հայտարարություններ անելու ընդդիմության պահանջներին՝ Հարությունն ասաց. «Իշխանությունը հայտարարություններ և հաստատումներ է անում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Կա բանակցային գործընթաց, և այդ բանակցային գործընթացում որոշակի տակտիկա, մարտավարություն կա: Եվ ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որ կառավարությունը և իշխանությունը շեղվի այդ ծրագրերից»: Ըստ նրա՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, շատ բանի հասնել, քիչ խոսել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»՝ վստահեցնելով, որ հայկական կողմը միանշանակ հասնելու է շատի: «Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Յուրաքանչյուրը պետք է այդ քվեն հարգի, ոչ թե տվյալ կառավարությանը և իշխանությանը, այլ այդ քվեն: Մոտ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը այդ պատասխանները տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից»,-ասաց Հարությունյանը:
16:08 - 02 հունիսի, 2022
Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են |armenpress.am|

Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2021-ի ընթացքում իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Անցյալ տարվա ցուցանիշներով բավականին լավ արդյունք ենք ունեցել, եթե նույնիսկ չհաշվենք կորոնավիրուսի և պատերազմի տարին, 2020-ի  կատարողականը 71.2 է եղել, օբյեկտիվորեն այդպիսին կարող էր լինել, 2019-ին ունեցել ենք 76.6 տոկոս, 2018-ին՝ 86.1 տոկոս, հաշվետու տարում՝ 2021 թվականին՝ 91.2 տոկոս: Մենք ունեցել ենք 11 ծրագրի իրականացման համար հատկացված 27.6 մլրդ դրամ, տարվա ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 մլրդ դրամ կամ 1.4 մլրդ դրամով պակաս: Աշխատակազմի պատասխանատվությամբ 2021-ի ընթացքում կատարվել է բյուջեի 10 ծրագիր, ծախսերը կազմել են 23.9 մլրդ՝ 91.2 տոկոս: Նախորդ տարվա համեմատ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով»,- ասաց Հարությունյանը: Ապա Հարությունյանը ներկայացրեց 2021-ին վարչապետի աշխատակազմի կողմից իրականացված ծրագրերը: «Վարչապետի լիազորությունների ապահովման ծրագրի համար ունեցել ենք 16.2 մլրդ դրամ: Կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում ճշտված պլանը կազմել է 13.4 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 11.7 մլրդ դրամ կամ 87.5 տոկոս: Շեղումը հիմնականում պայմանավորված էր Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կատարողականով»,- նշեց աշխատակազմի ղեկավարը: Հարությունյանը ընդգծեց՝ ֆիքսել են մի փաստ, որ այդ ծրագրերը բովանդակային առումով որոշակի խնդիրներ են առաջացնում աշխատակազմում: «Ոչ թե բուն ծրագրերն են խնդրահարույց, այլ՝ երբեմն ունենում ենք ծրագրեր, միջոցառումներ, որոնք բովանդակային առումով աշխատակազմի բովանդակության հետ չեն համընկնում»,-ասաց նա՝ պատրաստվում են որոշ ծրագրեր տեղափոխել համապատասխան գերատեսչություն: «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, ՀԿ-ներին և արհմիություններին ծրագիրը» կատարվել է 98.8 տոկոսով: Հարությունյանը հավելեց՝ չեմպիոնական ծրագիր է, այսինքն՝ իրենց պարտականությունները կազմակերպությունների և կուսակցությունների նկատմամբ գրեթե լիարժեք կատարել են: «Միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն» ծրագրի կատարողականը 2021-ին եղել է 93.3 տոկոս:  Տոների և հիշատակի օրերի ծրագրի համար հատկացված է եղել 190 մլն դրամ, սակայն այստեղ խնայողություն է տեղի ունեցել, դա իրականացրել են այլ միջոցներով:
15:14 - 02 հունիսի, 2022
Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սևանա լճի թերակղզում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Մրցաշարն անցկացվել է այսօր Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ): Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: Պիտի ասեմ, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Իհարկե, սկզբնական շրջանում որոշակի տեղաշարժեր կլինեն, մինչև մրցաշարերը տեղավորվեն ավելի հաստատուն տրամաբանությամբ: Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որպեսզի մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ, և մեծ հաշվով կարողանանք նաև մասսայականացնել սպորտը: Նաև պիտի հույս ունենանք, որ սա պիտի նպաստի՝ ոչ միայն մրցաշարերի առիթով մարդիկ հեծանիվ վարեն, այլև առօրյա կյանքում: Ժամանակակից աշխարհում՝ ընդհանրապես, խցանումների պայմաններում՝ մասնավորապես, հեծանիվը, իհարկե, կարող է հետաքրքիր, օգտակար, առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակներից մեկը հենց դա է՝ խթանել առողջ ապրելակերպը, խթանել ֆիզկուլտուրան, խթանել սպորտը: Շատ ուրախ եմ, որ մրցաշարերը նաև իրենց ավանդական տեղն են գտնում. խճուղային հեծանվավազքի անցկացման վայրը Սևանն է, դպրոցական վազքի թիմային տեղն արդեն որոշել ենք, որ կլինի Պարզ լիճը, նաև սեղանի թենիսի մրցաշար ունենք, որը մշտական տեղ չունի, բայց նաև հընթացս կորոշենք: Նախնական՝ առաջինը տեղի է ունեցել Չարենցավանում, վազքինը՝ Էջմիածնում: Սա նաև հանրապետությունում որոշակի մրցաշարային աշխարհագրություն ապահովելու նպատակ ունի»: Վարչապետը նաև խոսել է այն մասին, որ այս մրցաշարի ընթացքում տարեց մասնակցի համար նախատեսված մրցանակը ստացել է երիտասարդ մասնակիցը, որի պատճառը տարեցների պասիվ մասնակցությունն է եղել, և ընդգծել, որ լրացուցիչ խթան կմտածեն, որպեսզի տարեցների մասնակցությունն ավելի ակտիվ լինի:  Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել մրցաշարի մշտական գործընկերներին, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին. «Մրցավարները շատ կարևոր են: Մեր մրցութային ամենակարևոր պայմաններից և ցանկություններից մեկն այն է, որ մրցումները տեղի ունենան կատարյալ արդարության պայմաններում, և որևէ կասկած չլինի, որ իսկապես հաղթել են ուժեղագույնները»: Վարչապետն ուրախությամբ ընդգծել է, որ կան կրկնակի մրցանակակիրներ, կա նաև մրցանակակիր, որը երեք մրցանակ է ստացել՝ երկուսը՝ հեծանվավազքից, մեկը՝ վազքից, և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի այն մարդկանց, ովքեր նախկինում առիթ չեն ունեցել մասնակցելու այս մրցաշարերին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կազմակերպիչները պետք է ամեն բան անեն՝  մրցաշարերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու բոլոր պոտենցիալ մասնակիցներին և քաջալերեն, որպեսզի ամեն տարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ լինեն: Երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600.000, 3-րդ տեղը՝ 400.000, 4-րդ տեղը՝ 150.000, 5-րդ տեղը՝ 100.000, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական և 11-20-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Այս մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում ենթարկվել են դոպինգ-ստուգման»:
19:16 - 28 մայիսի, 2022
Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով օգուտ չենք տալիս Արցախին, լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով օգուտ չենք տալիս Արցախին, լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Նման միջոցառումներին, նման քաղաքական ժեստերը կարող են բացասաբար ազդել հետագա մեր նման հնարավորությունների վրա։ Ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արցախի դրոշով բեմ բարձրացած երիտասարդներին․ «Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները շատ կարևոր են իմիջ բարձրացնելու և շատ ոլորտներ զարգացնելու համար են։ Հիմա եթե նման գործողություններով մենք ուզում ենք Հայաստանին վնասել, որովհետև իրականում մենք դրանով օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը, ընդհակառակը լրացուցիչ հարվածն ենք հասցնում երկրի իմիջին, որը հետագայում խանգարելու է ՀՀ-ում նման միջոցառումներ ընդունելու»։ Հարությանյանի խոսքով՝ ՀՀ և Արցախի դրոշը բոլոր տեղերում, երբ հայտնվում են, ՀՀ քաղաքացիները ծափահարում են, բայց զարմանալի է, որ մարդիկ պատեհությունը չեն հասկանում։  
22:53 - 24 մայիսի, 2022
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ելույթից առաջ բեմ բարձրացան երկու երիտասարդ՝ ձեռքներին պահած Արցախի դրոշը։ Մի քանի վայրկյան անց բեմ բարձրացան անվտանգության աշխատակիցները, և նրանք իջան այնտեղից։ Նշենք, որ բուն մրցումները կմեկնարկեն վաղվանից՝ մայիսի 23-ից։ Պատմության մեջ առաջին անգամ է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում Հայաստանում։ Եվրոպական ստուգատեսին այս տարի կմասնակցի 39 երկիր ներկայացնող մոտ 280 բռնցքամարտիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 13 քաշային կարգերում։ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է չմասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 13 բռնցքամարտիկով, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մեկական քաշային կարգ։ Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ունի հետևյալ կազմը․ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ) Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան(71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:
22:32 - 22 մայիսի, 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԲԿԳ նախաձեռնության վաշինգտոնյան Աջակից կենտրոնի Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուի ղեկավարած պատվիրակությանը:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Արայիկ Հարությունյանը  կարևորել է Բաց կառավարման գործընկերության ներդրումը Հայաստանում որոշումների ընդունման հարցում մասնակցային մեխանիզմների կայացման, թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ձևավորելու ԲԿԳ ազգային նոր գործողությունների հավակնոտ ծրագիր: Շրեյա Բասուն բարձր է գնահատել Կառավարության ջանքերը՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԲԿԳ շրջանակներում կատարած ռեֆորմների ուղղությամբ: Միաժամանակ, կարևորվել է մասնակցային գործընթացի ընդլայնումը ԲԿԳ-ից դուրս՝ տեղական մակարդակում, Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների լավագույնս իրականացման համար:
17:11 - 18 մայիսի, 2022
«Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է». Փաշինյանն ընդունել է աշակերտներին

«Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է». Փաշինյանն ընդունել է աշակերտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական պետության կայացման և զարգացման գործում քաղաքացու կարևոր դերակատարման, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու՝ որպես իշխանության հաստատման խորհրդանիշ դառնալու և մի շարք այլ հարցերի մասին: Շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա առթիվ, վարչապետը նշել է. «Սա նաև լավ առիթ է, որպեսզի մտածենք և քննարկենք մի շարք հասկացություններ, մասնավորապես, «մարդ», «քաղաքացի», «ժողովուրդ», «ազգ», «հայրենիք», «երկիր», «պետություն», «իրավունքներ», «պարտականություններ», «ազատություններ», «օրենք», «օրինականություն»»: Վարչապետի խոսքով, այս հասկացությունների նկատմամբ վերաբերմունքը, այլ ոչ թե ճիշտ և սխալ ընկալումներն են, որ ստեղծում է իրականություն, որովհետև աշխարհում կան տարբեր մոդելներ և տարբեր արդյունքներ, և ամեն ժողովուրդ, պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար ճիշտ հանգրվանը: Խոսելով «քաղաքացի», «հպատակ» հասկացությունների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ հասկացությունների զարգացումների մեջ շատ կարևոր քաղաքական իմաստ կա. «Ո՞րն է այդ քաղաքական իմաստը: Ես խոսեցի իրավունքի, պետության մասին, պետությունը չի լինում առանց իշխանության և հետևաբար՝ այստեղ հիմնարար հարցը հետևյալն է. եթե մենք վերցնենք «հպատակ» և «քաղաքացի» բառերի, այսպես ասած, ամպլիտուդից, ապա հիմնական հարցը հետևյալն է՝ ի վերջո ո՞վ է իշխանության աղբյուրը, այսինքն՝ որտեղի՞ց է բխում իշխանության աղբյուրը: Այն ժամանակներում, երբ կար հպատակ հասկացությունը, ընդունված էր համարել, որ իշխանությունը բխում է միապետից կամ Աստծուց և միապետից: Հետագայում արդեն փոխվեց իրադրությունը, երբ քաղաքացիներն սկսեցին քաղաքականությամբ զբաղվել և տեղի ունեցան հեղափոխություններ: Համոզված եմ, որ կարդացել եք Անգլիայում տեղի ունեցած Կրոմվելի հեղափոխության և հետագա հեղափոխությունների մասին: Այս առումով, ամենահիմնարար նշանակությունն ունեցել է Ֆրանսիական հեղափոխությունը: Այդ ժամանակներից իշխանության աղբյուրը փոխվեց: Եվ իշխանության աղբյուր դարձան քաղաքացիները: Բայց եղավ նաև այնպես, որ քաղաքացիներից բխած իշխանությունը հպատակեցրեց հենց քաղաքացիներին: Այսինքն՝ թվում էր, թե նրանք հպատակից դարձան քաղաքացի՝ դառնալով իշխանության աղբյուր: Հենց նույն ֆրանսիական հեղափոխության ժամանակ. նրանք հեղափոխությամբ իշխանության բերեցին մարդկանց, որից հետո իշխանությունը, ըստ էության, նորից հպատակեցրեց քաղաքացիներին, որից հետո՝ հեղափոխությունից հետո, նորից ունեցան կայսր՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի»: Վարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ միապետություն է, շատ դեպքերում հենց քաղաքացին է շարունակում մնալ իշխանության աղբյուր, այնքանով, որ ընտրում է իշխանություններին։ Բայց քանի որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, այդ տրամաբանության մեջ էլ ծնվում են ավտորիտար և բռնապետական երկրներ։ Վարչապետի խոսքով, ժամանակակից իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրանք կոչվում են հիբրիդային ռեժիմներ, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորվում է ազատ ընտրություններով, բայց իրականում այդքան էլ ազատ ընտրություններ չեն տեղի ունենում՝ երբեմն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ են կազմակերպվում կամ դե ֆակտո, ընդհանրապես, ընտրություններ տեղի չեն ունենում։ Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Քաղաքացու օրը. «Մի պարզ պատճառով՝ մենք Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և 2018 թվականի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային բոլոր կազմակերպությունները դրանք գնահատեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։ Սա Հայաստանում միջազգային դիտորդության ենթարկված առաջին ընտրությունն էր, որ այսպիսի բարձր գնահատականի արժանացավ։ Բայց այն ժամանակ կար այսպիսի ընկալում, որ դա հետհեղափոխական ոգևորության ալիքի վրա տեղի ունեցած ընտրություններ են, և սկզբունքորեն այդ պահին գործող իշխանությունն ընտրությունները կեղծելու կարիք չուներ էլ։ Հետևաբար՝ եթե չուներ կարիք, իմաստ էլ չկար կեղծելու ընտրությունները։ Հետևաբար, այո, ճիշտ է, ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ, բայց սկզբունքորեն դեռ պարզ չէ, եթե իշխանության, այսպես ասած, իրավիճակն այլ լինի, արդյոք այդ նույն իշխանությունն այդ նույն կամքը կցուցաբերի և ազատ ընտրություններ կանցկացնի»։ Այս համատեքստում վարչապետը նշել է՝ 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ դրանք նույնպես համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին: «2021-ին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և, ինչպես ասել եմ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, այդ ընտրությունների արդյունքում էական չէ՝ որ քաղաքական ուժն ինչքան ձայն հավաքեց և ընտրությունների արդյունքներով ով ստացավ մեծամասնություն, որովհետև ժողովրդավարական ընտրությունների ամենաառանցքային իմաստն այն է, որ այնտեղ միշտ հաղթում է ժողովուրդը, այսինքն` քաղաքացին, այնքանով, որքանով ինքը տեսնում է, զգում է, գիտի, որ իշխանությունը և ընտրությունների արդյունքները ձևավորվել են իր քվեի արդյունքում։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է` ինչքանո՞վ է այդ քվեն եղել օրինական, ինչքանո՞վ են ապահովվել օրինական պայմաններ ընտրությունների համար: Այստեղ էլ մենք սովորաբար հղում ենք անում միջազգային դիտորդներին, որոնք 2021-ի ընտրությունների մասին ասացին, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին։ Միակ դիտողությունը, ըստ էության, այն էր, որ ատելության խոսքը մեծ չափաբաժին է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչը ճիշտ էր և ինչը լավ չէր։ Բայց նաև այդ ժամանակ ունեինք այն, ինչ ունեինք: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ներքաշվել էին այդ պրոցեսի մեջ, բայց արդյունքում կարևորն այն է, որ ընտրություններում որոշումը կայացրել է ժողովուրդը։ Ահա, Քաղաքացու օրը, հենց այսօր արձանագրվում է և արժևորվում է դրանով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքն ունի հնարավորություն բոլոր մակարդակներում իշխանություն ընտրելու՝ և՛ համապետական, և՛ տեղական ինքնակառավարման, ինչը չի նշանակում, թե մեր ընտրությունները կատարյալ են և անթերի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք տեսանք մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են մի փոքր այլ կարգավորումների, բայց, ընդհանուր առմամբ, պիտի արձանագրենք, որ այո՛, Քաղաքացու օրը ոչ միայն օրացուցային օր է, այլ նաև ունի նշանակություն, ունի խորհուրդ հենց այս հանգամանքի բերումով»։ Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Իհարկե, սա ամենը չէ, որովհետև կարծում եմ, որ մեծագույն խնդիրը մեզ համար՝ որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի, մեր հարաբերությունները պարզելն է սկզբում իմ նշած հասկացությունների հետ՝ «հայրենիք», «երկիր», «պետություն», «մարդ», «քաղաքացի», «ազգ» - «ժողովուրդը» այս պարագայում ես հանեցի, որովհետև քաղաքացիների ամբողջությունը մեր Սահմանադրությամբ կոչվում է «ժողովուրդ» - «իրավունք», «պարտականություն», «օրինականություն»: Եվ երբ մենք կկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, կունենանք հաջողություն, երբ մենք չկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, չենք ունենա հաջողություն: Քաղաքականությունը մեծ հաշվով հենց սրա մասին է: Իսկ ինչպե՞ս որոշել՝ որ դիրքավորումն է ճիշտ, իսկ որ դիրքավորումն է սխալ: Սրա համար էլ ստեղծվել է հենց ժողովրդավորությունը, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր ներկայանան իրենց մեկնաբանությամբ և ժողովուրդն ընտրությունների ժամանակ որոշի, թե այդ դիրքավորումներից որն է ճիշտ և այդ կայացված որոշումներին էլ հաջորդեն հետագա գործողությունները»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը. «Նաև ուզում եմ ընդգծել հետևյալը, որ, իհարկե, ընտրություն, իհարկե ժողովրդավարություն, բայց այդ ամենը չի կարող գոյություն ունենալ առանց խոսքի արտահայտվելու ազատության, չի կարող տեղի ունենալ առանց հավաքների ազատության, արտահայտվելու ազատության, տեղաշարժի ազատության և մի շարք ազատությունների: Եվ մեր խնդիրն է՝ ապահովել այդ բոլոր ազատություններն այնպես, որ դրանք նպաստեն օրինականությանը, իրավունքների պաշտպանությանը»: Վարչապետի խոսքով, ժողովրդավարության թերությունն այն է, որ ժողովրդավարական հարուստ ավանդույթներ չունեցող երկրներում, նաև հետխորհրդային տարածքի մարդկանց ընկալումներում ազատությունների երաշխավորումը երբեմն ընկալվում է որպես իշխանության թուլություն. «Բայց ես ուզում եմ ընդգծել նաև, որ իմ ասածի համատեքստում շատ կարևոր է ժողովրդավարական երկրների համար, որպեսզի ինստիտուտները կայանան: Այդ ինստիտուտներն են օրենքը, օրինականությունը, դատական համակարգը, օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և, իհարկե, ինստիտուտներից ամենակարևորագունը՝ քաղաքացին, քաղաքացու ինստիտուտը, որը մեզ համար շատ մեծ առանցքային նշանակություն ունի, որովհետև, ինչպես արդեն ասացի, մենք բոլորս՝ որպես քաղաքացի ունենք և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ: Եվ իրավունքներն ու պարտականությունները պետք է լինեն ճիշտ հավասարակշռության մեջ»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավունքների և պարտականությունների նժարների հավասարակշռությունը նշանակում է, որ իսկապես հաջողվել է լուծել ինստիտուցիոնալ խնդիր, և ընդգծել, որ Հայաստանն այդ ճանապարհի վրա է: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է աշակերտների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են  «հայրենասիրություն» հասկացությանը, կրթության ոլորտի զարգացմանը, հասարակական, քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը և այլ թեմաների:
18:58 - 30 ապրիլի, 2022
Կառավարությունում քննարկվել է Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Կառավարությունում քննարկվել է Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եվրոպական երաժշտական միջոցառման կազմակերպման հարցում: Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ստացել կազմակերպելու «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը: Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Արայիկ Հարությունյանն ընդգծել է միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու խնդիրը: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող աջակցության ծրագիրը: Քանի որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը տեղի է ունենալու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես նաև այս վայրում են անցկացվելու մի շարք կարևոր այլ միջոցառումներ, համալիրում ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, ինչը նույնպես դարձել է քննարկման առարկա:
23:08 - 29 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանը և Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ

Արայիկ Հարությունյանը և Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով: Կողմերը մտքեր են փոխանակել երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավակարգի ապահովման բնագավառներում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության չիրացված, զգալի ներուժ, և պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ այդ թվում նոր թափ հաղորդել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեսպան Բոլատ Իմանբաևին է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք միջոցառումները՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի STARMUS-VI փառատոնը՝ այդ միջոցառումներին կարևորելով նաև ղազախ ներկայացուցիչների և զբոսաշրջիկների ներգրավվածությունն ու այցելությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ սոցիալ-տնտեսական բնագավառներում սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությանը:
15:01 - 19 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը: Քննարկմանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Հարգելի գործընկերներ, գիտեք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու «STARMUS» փառատոնը, և այդ միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար այժմ պետք է քննարկենք, թե ուր ենք հասել՝ ինչ է արվել մինչև հիմա և ինչ անելիք ունենք»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների նախնական ծրագիրը և ժամանակացույցը: Անդրադարձ է եղել միջոցառումների ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական ասպեկտներին, այդ ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքներին: Քննարկվել են ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, միջազգային և տեղական հանրային իրազեկման գործընթացի, մարքեթինգային արշավի կազմակերպմանը, փառատոնի հասանելիության ապահովմանը վերաբերող և այլ հարցեր: Փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշել է, որ նման մասշտաբի գիտության փառատոն տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ, ինչը և մեծացնում է դրա գրավչությունը: Նախատեսվում է հանրահայտ գիտնականների, արվեստագետների, երաժիշտների մասնակցություն, որոնց թվում են նաև 8 Նոբելյան մրցանակակիրներ: Ընդգծելով «STARMUS» 6-րդ փառատոնի լավագույնս անցկացման կարևորությունը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի այդ գործընթացին և կապահովի միջգերատեսչական արդյունավետ գործակցություն: «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3-5 հազար այցելու աշխարհի տարբեր երկրներից:
13:12 - 13 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիխտերին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը: Կողմերը վերահաստատել են տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը, քննարկել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին: Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերը՝ ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ տնտեսական փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում գերմանական կողմը գոհունակություն հայտնելով «ԹՈՒՄՈ» կենտրոնի՝ Գերմանիայում պաշտոնական բացման կապակցությամբ, ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ջանքերը «ԹՈՒՄՈ»-յի նախագծի առաջմղման գործում՝ նշելով, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում ՏՏ ոլորտը հեռանկարային է, ինչը նաև կայուն հենք է համագործակցության նոր ուղղությունների նախանշման գործընթացում:
14:47 - 12 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանցկացվի մեր պատմության մեջ առաջին անգամ նման մեծ մարզական միջոցառում՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սա պատահական չէ, քանի որ սպորտի, առողջ ապրելակերպի խթանումը կառավարության առաջնահերթություններից է: «Գիտեք, որ այս միջոցառումը հյուրընկալելու իրավունքը մենք ստացել ենք նախորդ տարի: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:Ֆան-գոտիներ կստեղծվեն Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում. կտեղադրվի մեծ էկրան, ներկայացված կլինեն մարզական միջոցառման մասնակիցների նկարները: «Մենք ամբողջ թափով պատրաստվում ենք միջոցառմանը և վստահ եմ, որ այն լինելու է լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ լավագույնը: Կլինի գեղեցիկ բացման արարողություն, որի ընթացքում կներկայացնենք մեր ներկան, անցյալը և, իհարկե, ապագան»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը և Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիորը:
18:42 - 30 մարտի, 2022