Վահե Ղազարյան

Ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:  Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։ Դեսպանը նույնպես կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև։Կողմերը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ նշել է ՆԳ նախարարության կազմավորման, ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում իրականացվող աշխատանքների մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
14:23 - 28 հունվարի, 2023
ՃՏՊ-ների զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022-ին. Վահե Ղազարյան
 |1lurer.am|

ՃՏՊ-ների զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022-ին. Վահե Ղազարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազմանը: «2019-2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին: Այսպես. եթե 2019 թվականինց մինչև 2021 թվականը, բացառությամբ համավարակի ժամանակահատվածի, ճանապարհատրանպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում: Մասնավորապես, 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 տոկոսով, 2022 թվականին 4308, 2019 թվականին 4799, վիրավորները 646-ով կամ 9,5 տոկոսով: Զոհերի թիվը 20-ով կամ 5,9 տոկոսով. 2022 թվական՝ 321, 2019 թվականին 341: Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 825-ով ավելացել են նոր հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այնուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների 2021 թվականի համեմատությամբ 295-ով կամ 6,4-ով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4604-ը 4309-ի դիմաց»,- նշել է նա:
12:52 - 26 հունվարի, 2023
Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, այլ պաշտոնատար անձինք: Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծռայողների հիշատակին: Արագածոտնի մարզում դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ. «Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ միասին: Բայց սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար, որովհետև սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր որակի: Վերադառնալով մտածողության փոփոխությանը, ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն, մինչդեռ նոր մտածողությունը պետք է արձանագրի, որ մարդուն կարգի հրավիրելը, կարգի, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումն առաջին հերթին հանուն մարդու է, որովհետև երբ դուք, օրինակ, կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին, նրան եք լավություն անում: Երբ ալկոհոլ օգտագործած մարդուն թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև հաջորդ քայլով նրա գործողություններից մեծ հավանականությամբ զոհվելու են կամ տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, հենց նրա հարևանները, հենց նրա բարեկամները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»: Վարչապետը հիշեցրել է Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ չորս անչափահաս, այդ թվում՝ վարորդը, մայրուղի են դուրս եկել մեքենայով, ինչի հետևանքով երեք անչափահաս է զոհվել. «Նման դեպք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ կարող էր տեղի ունենալ: Սա մտածողության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ ավտոմեքենա վարել է սովորել բակում՝ մեր ծնողների, բարեկամների մեքենաներով, հետո մի փոքր ավելի մեծ վստահություն ձեռք բերելով՝ արդեն նույնիսկ մայրուղիներ դուրս գալով մեծերի թույլտվությամբ: Եվ եթե որևէ մեկը հին մտածողությամբ մարդուն վատություն աներ, թույլ չտար, որ այդ երեխաները ճանապարհ դուրս գան, նոր մտածողությամբ այդ մարդուն կաներ լավություն: Այսօր մենք Պարեկային ոստիկանությանը ծառայություն ենք ուղարկում այս հանձնարարությամբ և այս հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և միևնույն ժամանակ խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, նրանց արժանապատվության հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը: Այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»: Կոտայքի մարզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին և նշել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում։ Մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը։ Ահա դա է մեր նշաձողը, որ մենք դնում ենք մեր առաջ և շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում։ Երբ աշխատանքային քննարկումներում խոսում ենք մեր ստանդարտների մասին, ես ասում եմ, որ պետք է որպես օրինակ հետևենք 3-10 միլիոն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք այսօր դասվում են աշխարհի զարգացած երկրների շարքում։ Սա պիտի լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ։ Այստեղ ես եկել եմ Աշտարակից` Արագածոտնի մարզից, և մինչև այստեղ հասնելը, ըստ էության, քանդված ճանապարհներ չեմ տեսել։ Տեսել եմ հիմնականում բարեկարգ կամ նորոգվող ճանապարհներ։ Անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ, և այպես շարունակ։ Շատերը կարող են ասել` դե լավ, ինչի՞ հետևից ես ընկել, լավ է էլի։ Ոչ, լավ չէ, շատ վատ է, որովհետև մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով, որովհետև դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, մեր կատարած աշխատանքի նկատմամբ, և ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ամենակենցաղային հարցերում այնքան էլ լավ չենք հասկանում մեր ամենօրյա վարքագծի ազդեցությունը ընդհանրական, հանրային, պետական իրավիճակների և պրոբլեմների վրա։ Ցանկանում եմ, որ այսօր ծառայության մտնող մեր պարեկները, նորակոչ ոստիկանները չառաջնորդվեն այդ սկզբունքով, չառաջնորդվեն աչքաչափով, չառաջնորդվեն պատեհությամբ, այլ առաջնորդվեն սկզբունքով։ Այդ սկզբունքն օրենքն է և օրինականությունը։ Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն գյուղում, ամեն փողոցում` ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետև եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ` դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան առաջին սորտի մարդիկ, երկրորդ սորտի մարդիկ, երրորդ սորտի մարդիկ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք` այսօրվանից սկսած»։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես՝ ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը»։ Ավարտելով խոսքը՝ վարչապետը պարեկներին մաղթել է բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության: Գեղարքունիքի մարզում Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ ասել է Արագածոտնի, Կոտայքի մարզերում, մարզերին վերաբերվող ասելիք չէ, այլ ընդհանրապես՝ Պարեկային ծառայությանը և Հանրապետությանը վերաբերող ընդհանրական ասելիք: «Ցանկանում եմ միայն մի հատվածով նույն բանը կրկնել: Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի:Շատ կարևոր է ընդգծել, որ 2022թ. մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել, քովիդի պատճառով լոքդաուն է եղել: Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք Ոստիկանությունում, ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ ևս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Մենք հույս ունենք, որ չնայած ավտոմեքենաների, երթևեկության մասնակիցների թիվը շատ մեծ տեմպերով աճել է և աճում է, ի հեճուկս դրա, ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ, որ ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Գեղարքունիքը թերևս միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունը իրականացվելու է երկու փուլով. «Այս փուլով մենք, այսպես ասած, սովորական, ինչպես մյուս մարզերում, Պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում: Հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը: Իհարկե, ենթադրում եմ, որ այդ մեկնարկը կունենանք ամբողջ Հանրապետության ցամաքային պարեկային ծառայությունն իրականացնելուն պես կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո: Կարծում եմ, որ, ահա, այս ամբողջական պլանն իրագործելիս մեր երկրում իրավակարգի որակի էական փոփոխություն պիտի տեղի ունենա: Այո, օրենքի, օրինականության հետ կապված պետք է լինել շատ սկզբունքային: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գործ ունենք մարդկանց, քաղաքացիների հետ, ովքեր ճանապարհներին, բակերում, իրենց տներում իրենց երեխաների կողքին են, իրենց ընտանիքների հետ: Նրանց արժանապատվության պաշտպանությունը նույնպես ձեր գործն է: Նրանք պիտի ձեր հոգածության ներքո լինեն: Ահա այսպիսին պետք է լինի Ոստիկանությունը, որն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այդ կարմիր գիծը որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա: Ցանկանում եմ ասել, որ մեր ամենամեծ հակառակորդն այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած, մինչև իրավապահ համակարգ, մինչև նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Այդ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Եվ ձեր ծառայության շնորհիվ, այո, ոչ միայն Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը պետք է այդ սկզբունքայնությունը ցույց տան, այլև Պարեկային ոստիկանության օրինակով հանրությունը պետք է վերաբերմունք ձևավորի Պարեկային ծառայության նկատմամբ: Ինչո՞ւ են շատ դեպքերում մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև ասում են՝ դե լավ, այս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Հանցագործության մասին հայտնելը, թերության մասին հայտնելը և դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած համակարգի և ցանկացած քաղաքացու գործն է: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է»: Կառավարության ղեկավարը կրկին հաջողություն և բարի ծառայություն է մաղթել բոլորին, շեշտել սակավաթիվ կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում. «Պիտի առանձնապես կարևոր համարենք, որ նրանց օրինակով Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը գնալով մեծանա: Սա նույնպես շատ կարևոր մտածողության փոփոխություն է: Պիտի հատուկ կրկին շնորհակալություն հայտնեմ նախ այն կանանց, ովքեր այսօր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում և չեն վախենում, որ կարող են լինել բազմաթիվ տղամարդկանց միջավայրում միակ կինը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, որ աջակցել են նրանց այդ որոշմանը և թիկունք են կանգնել: Վստահ եղեք, որ կառավարությունը, նախարարությունը, և համոզված եմ նաև ձեր ծառայակիցները կաջակցեն ձեզ և այնպես կանեն, որ դուք ծառայության մեջ զգաք լիարժեք, և դուք էլ այնպես կանեք, որ մյուսները ծառայության մեջ զգան լիարժեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ նաև այս տրամաբանությամբ պիտի զարգանա և ամրանա»: Տավուշի մարզում վարչապետը նշել է, որ այն այսօրվա գործընթացի վերջին կետն է, երբ գործարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը. «Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։ Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։ Ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վճարվողներից են, բայց հիմա մենք Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նույն գործընթացը, ըստ էության, անելու ենք ամբողջ Ոստիկանությունում, նաև փրկարար ծառայությունում։ Ի՞նչ նկատի ունեմ: Պարեկային ծառայողները վեց ամիս անցնում են ուսումնառություն, հետո որակավորման քննություն հանձնում: Երբ Գեղարքունիքի մարզում մոտենում էի ծառայողներին, հաճույքով արձանագրեցի, որ կային ծառայողներ` հենց իրար կողքի կանգնած. նրանց մի մասը նախկինում ընդհանրապես ոստիկանությունում չէր ծառայել, մի մասը նախկինում զինվորական բնույթի այլ ծառայության մեջ էր եղել, մեկ ուրիշ մասը նախկինում ծառայել էր Ոստիկանության ստորաբաժանումներում: Կային նաև, որ ճանապարհային ոստիկանությունից էին տեղափոխվել Պարեկային ոստիկանություն։ Հույս ունեմ, որ ահա տարբեր փորձերի, տարբեր կենսագրությունների, տարբեր ճանապարհների այս միաձուլումը կբերի նոր որակի։ Մենք այժմ մեկնարկել ենք նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է։ Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»: Խոսքի վերջում վարչապետը հաջողություն է մաղթել Ոստիկանությանը և վերջինիս հետ առնչվող քաղաքացիներին. «Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով»։ Վարչապետը ծանոթացել է Պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ կառավարությունը: Նաև զեկուցվել է, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։Աշտարակում վարչապետը ծաղիկներ է խոնարհել զբոսայգու տարածքում գտնվող 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին», - նշված է հաղորդագրության մեջ:
19:38 - 21 հունվարի, 2023
Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ խորքային, ինստիտուցիոնալ և իրական բարեփոխում իրականացնելը․ ՀԿ-ների հայտարարությունը

Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ խորքային, ինստիտուցիոնալ և իրական բարեփոխում իրականացնելը․ ՀԿ-ների հայտարարությունը

Երեք հասարակական կազմակերպություններ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «2018 թվականի հեղափոխությունից հետո ակնկալվում էր ՀՀ ոստիկանության արմատական և բովանդակային բարեփոխումների գործընթաց: 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած բարեփոխումների ռազմավարությունը, որը արտացոլում էր համակարգի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ողջամիտ, իրագործելի ու արժեքահենք լուծումները, նաև ստեղծվեց վարչապետի գլխավորությամբ գործող Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության: Ի սկզբանե հասարակական կազմակերպությունների կողմից մտահոգություններ ներկայացվեցին ոստիկանության համակարգային փոփոխությունների փոխարեն դրա հատվածային բարեփոխման մոտեցման կապակցությամբ՝ մասնավորապես, Պարեկային ծառայության ներդրման։ Այնուամենայնիվ, նոր ծառայության ստեղծման համար հասարակական կազմակերպությունները մեծ մասնակցություն և ներդրում ունեցան։ Հիմնական նպատակն էր աջակցել իրավապահ համակարգի խորքային, իրական, ինստիտուցիոնալ ու արժեքային բարեփոխումներին՝ տեսնելով իշխանության կողմից որոշակի քաղաքական կամք։ Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի), որը դրսևորվում էր բարեփոխումների գործընթացը արժեզրկելու, դրա ընթացքը տապալելու, բարեփոխված ստորաբաժանումների բնականոն աշխատանքը խափանելու, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության անչափ կարևոր սկզբունքի ներդրման աղավաղման, հովանավորությամբ կադրային նշանակումների և կոռուպցիոն շահերի պահպանման միջոցով։ ՀԿ-ների կողմից արձանագրված օրինակները շատ են՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները կանգնեցրած պարեկներին աշխատանքից հեռացնելու փորձեր, ծանոթներին ու բարեկամներին սպայական կոչում շնորհելու դեպքեր, Պարեկների ծառայության գրաֆիկը առավելագույնս անհարմար դարձնելու փորձեր, 20 ճանապարհային ոստիկանների՝ առանց բարեվարքության ստուգման ու այլ քննությունների Պարեկային ծառայություն գործուղելու փորձեր, միջազգային դոնորի կողմից նվեր ստացած ծրագրային ապահովումը պետական բյուջեի հաշվին նորից «գնելու» դեպքեր և անգամ վթարված պարեկային ավտոմոբիլների վերանորոգումները ամիսներով դիտավորյալ ձգձգելու դեպքեր: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության ներքոհիշյալ կազմակերպությունները որոշեցին շարունակել աջակցել Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացին և ակնկալում էին, որ կնշանակվի քաղաքացիական նախարար, որը սահմանափակված չի լինի համակարգի ներսում ունեցած կապերով ու կասկածելի ավանդույթներով, այլ կունենա հանրային վստահության նախադրյալներ՝ իր բարեվարքությամբ ու օրինապահությամբ, և կկրի մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքները։ 2023 թ․ հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Փոխանակ կանխելու բարեփոխումների գործընթացը ձախողող վերոնշյալ մարտահրավերները, նման նշանակումներով քաղաքական իշխանությունը, ըստ էության, ոչ միայն խրախուսում է բարեփոխումների գործընթացին դիմադրողներին, այլև վերացնում է  Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի նկատմամբ վստահությունը։ Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ ոստիկանության բարեփոխումները ձախողողներին ու բարեվարքության, պատասխանատվության, օրինապահության, մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները ոտնահարողներին նման հանգուցային պաշտոններին նշանակելով՝ ոստիկանության իրական, խորքային ու արժեքային բարեփոխում իրականացնելու ճանապարհը ամբողջությամբ փակվում է: Ավելին, մենք համարում ենք, որ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսևորումների նորանոր ծաղկմանը և բարեփոխման արժեքներին տրամագծորեն հակասող այլ ավանդույթների վերահաստատմանը: Հետևապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը դադարեցում են իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում` ստեղծված իրավիճակում այն համարելով անիմաստ: Ու թեև Հայաստանում ոստիկանության խորքային, ինստիտուցիոնալ ու իրական բարեփոխումների կարիքը խիստ մեծ է, սակայն մենք համարում ենք, որ գեներալ Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ ո՛չ խորքային, ո՛չ ինստիտուցիոնալ և ո՛չ էլ իրական բարեփոխում իրականացնելը: Միաժամանակ, հասարակական կազմակերպությունները շարունակելու են հետևել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացին»։
11:10 - 10 հունվարի, 2023
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ ԹՊԻՀ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատուին

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ ԹՊԻՀ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատուին

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին։ Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ Ոստիկանության և ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի սերտ կապը, ինչի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իր առաքելությունը մեր երկրում ավարտող՝ ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին՝ շուրջ 6 տարի կատարած փոխշահավետ աշխատանքի համար։ ՀՀ ոստիկանության պետը մատնանշել է հատկապես այն մեծ աշխատանքը, որ նա կատարել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման նպատակով։ Ադի Հոլովեյը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ մեծ հարգանք ունի ոստիկանի կերպարի հանդեպ և այս տարիների ընթացքում տեսել է ոստիկանության մարտահրավերներն ու աշխատանքը։ Նա հետագա ծրագրերի իրականացման գործում հաջողություն է մաղթել ՀՀ Ոստիկանությանը: Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը ՀՀ Ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցության զարգացման ուղղությամբ ներդրած ավանդի համար Ադի Հոլովեյին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։    
17:07 - 16 դեկտեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ բարձր գնահատեց խորհրդի աշխատանքը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ Նա հատկապես ընդգծեց համացանցի միջոցով թմրամիջոցների առուվաճառքի խնդիրը։ Վահե Ղազարյանը նշեց, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, ինչի արդյունքում արդեն կան համացանցի միջոցով թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներ։ ՀՀ ոստիկանության պետը խորհրդի նիստի անդամներին կառուցողական և արդյունավետ աշխատանք մաղթեց։ Ելույթ ունեցավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա շնորհակալություն հայտնելով Հայաստանի ոստիկանությանը ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքներին։ Վալերի Սեմերիկովը հատկապես կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային միջոցառումը, որի շրջանակում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր։ Վալերի Սեմերիկովի առաջարկությամբ խորհրդի նախագահ ընտրվեց ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Խրապովը։ Խորհրդի նիստում քննարկվեցին 2022 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումների, «Կանալ» հակաթմրանյութային գործողության, ՀԱՊԿ հիմնական գործունեության պլանի կատարման մասին հարցեր։ Խորհրդի նիստի ավարտին ընդունվեցին համապատասխան որոշումներ։
22:41 - 18 նոյեմբերի, 2022
ՀՀ վարչապետն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Յուրգեն Շտոքի այցը Հայաստան և կարևորել ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող փոխգործակցությանը, էլ ավելի կբարձրացնեն համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ հանցավորության դեմ պայքարում: Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության հետ համագործակցության մակարդակը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերին ու փոխգործակցության օրակարգին:  
14:17 - 28 հոկտեմբերի, 2022
Արագաչափերի ու տեսախցիկների համակարգի կառավարումը ստանձնում է ոստիկանությունը
 |1lurer.am|

Արագաչափերի ու տեսախցիկների համակարգի կառավարումը ստանձնում է ոստիկանությունը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի կառավարմանը՝ նշելով, որ այն այսուհետ վերապահվում է ոստիկանությանը: «Մենք որոշում կայացրինք, որ երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափեր, տեսախցիկներ, որ արտապատվիրակված էր, վարձակալությամբ տրված  մասնավոր ընկերությանը, վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ: Ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, այսօրվանից լիարժեք իրականացրել ենք հանձնման-ընդունման գործընթացը: Այս հարցը նաև քաղաքական նրբություն ունի: Մենք չենք շտապել դա պետականացնել, չնայած քաղաքական նրբություններին՝ ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսվարողներն անընդհատ այն մտավախություններով չապրեն, թե  պետությունը կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ մի բան ձեռնարկել: Այսինքն՝ մենք տնտեսական պայմանավորվածությունները, անկախ դրանց էությունից, աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի տնտեսական դաշտում Կառավարության քաղաքականությունն ավելորդ լարվածություններ չառաջացնի»,- ասաց վարչապետը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ ընդգծեց, որ այսօրվանից համակարգի կառավարումն իրականացնում է  ոստիկանության նոր ստեղծված ՊՈԱԿ-ը: ««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության փաստացի աշխատակիցների 99 տոկոսը՝ թվով 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար»,- ասաց նա:
12:27 - 20 հոկտեմբերի, 2022
Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին Պանթեոն՝ թույլ չտալու, որ Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»: Ոստիկանությունից հայտնեեցին, որ բերման է ենթարկվել 37 անձ։  Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են։         
13:21 - 22 սեպտեմբերի, 2022
ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի երևանյան նիստում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել. Վահե Ղազարյան

ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի երևանյան նիստում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել. Վահե Ղազարյան

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ Կուլ) քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցել է որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահ։ Խորհրդի նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել Ղրղզական Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովն ու անվտանգության խորհրդի քարտուղարը: Ողջույնի խոսքից հետո ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով իր նախագահության օրոք կատարված աշխատանքը։ Վահե Ղազարյանը խոսել է ինչպես ԱՊՀ պետությունների իրավապահ կառույցների միջև, այնպես էլ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի շրջանակներում սերտ ու արդյունավետ համագործակցության մասին։ Նա նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի երևանյան նիստի ընթացքում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել, մատնանշել է նաև այդ ընթացքում ԱՊՀ երկրներում համատեղ իրականացված մի շարք միջոցառումներ։ Վահե Ղազարյանը հանդես է եկել նաև առաջարկով՝ հարթակ ստեղծելու ԱՊՀ երկրների իրավապահ կառույցների քրեական ոստիկանությունների միջև՝ առավել օպերատիվ կապ ապահովելու և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարներին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ Վահե Ղազարյանը ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Ղրղզական Հանրապետության ՆԳ նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովին։ Շնորհավորելով նրան՝ Վահե Ղազարյանը մաղթել է այդ պաշտոնում արդյունավետ աշխատանք և հաջողություններ։ Նիստի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման առաջնահերթ հարցերը, հանցագործության դեմ պայքարի 2024-2028 թվականների միջպետական միջոցառումների համատեղ ծրագրի նախագիծը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների բացահայտման գործում փոխգործակցության, հետախուզման մեջ գտնվող անձանց նույնականացման տեսավերլուծական համակարգերի օգտագործման և օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող այլ հարցեր։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն իր հաջորդ ելույթում անդրադարձել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության առաջնային հարցերին։ Նա ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաև ԱՊՀ ներքին գործերի և ոստիկանության մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։ ՀՀ ոստիկանության պետն անդրադարձել է կիբերհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, այդ թվում նաև՝ համացանցով առուվաճառքի հանցատեսակների տարածման և դրանց հակազդելու համատեղ միջոցառումներին։ Նա պատրաստակամություն է հայտնել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում համագործակցելու ԱՊՀ երկրների իրավապահ բոլոր կառույցների հետ, հատկապես կիբերհանցավորությանն ու թմրամիջոցների անօրինական շրջանառությանը միահամուռ ուժերով հակազդելու նպատակով անցկացնել նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ։ Օրակարգի բոլոր հարցերով ելույթ են ունեցել նաև ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները։ Ընդունվեցին համապատասխան որոշումներ:Ղրղզստան կատարած այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա 2023 թվականին՝ Ղազախստանում։
17:24 - 09 սեպտեմբերի, 2022
ՀՀ ոստիկանության պետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին

ՀՀ ոստիկանության պետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի Նախագահ։Այցի և կայացած նիստի մանրամասները՝ առաջիկայում։
16:05 - 08 սեպտեմբերի, 2022
Ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն Բյուրոյի տնօրենին

Ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն Բյուրոյի տնօրենին

Հուլիսի 26-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։ Նա մատնանշել է նաև կոորդինացիոն Բյուրոյի աշխատանքը, ինչի շնորհիվ փոխգործակցությունն իրավապահ կառույցների միջև ավելի է զարգանում։ Օլեգ Կոնովալովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել է Բյուրոյի կատարած աշխատանքներին և անելիքներին։ Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահն է, Օլեգ Կոնովալովը Վահե Ղազարյանին է ներկայացրել առաջիկայում կայանալիք խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, փաստաթղթերի շրջանակն ու քննարկվելիք հարցերի մանրամասներ։ Կողմերը խոսել են նաև համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման, հետախուզվողների հայտնաբերման մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:52 - 26 հուլիսի, 2022
Կառավարությունը 3,1 միլիարդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկների մեքենաների համար
 |tert.am|

Կառավարությունը 3,1 միլիարդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկների մեքենաների համար |tert.am|

tert.am: Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ՝ Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով։ Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ «Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա։ Դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների, որոնցից միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել պահանջված  բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։ Մեքենաները ձեռք կբերվեն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից» ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով»,–ասաց Վահե Ղազարյանը։ Ի լրում, Փաշինյանն ասաց, որ այս հարցը կարող էր լինել չզեկուցվող հարցերի թվում, բայց քանի որ զգայուն վերնագրեր կան, դրա համար որոշվել է այն զեկուցել։ Բացի այդ, Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերը, հատկապես մեքենաների, քննարկվում են ոստիկանության հարցերով բարեփոխումների խմբում, որտեղ կառույցների ղեկավարներ են և քաղհասարակության ներկայացուցիչներ։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
12:27 - 21 հուլիսի, 2022
«Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական․ Փաշինյան

«Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական․ Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ ոստիկանության ենթակայության ներքո ստեղծված ՊՈԱԿ-ը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործման վերհսկողություն իրականացնող և հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող, իսկ այլ դեպքում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով տվյալ մարմնին օժանդակող կազմակերպություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս որոշման արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը վերցնում և իրականացնում են պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նա հիշեցրեց, որ այս պատմությանը անդրադարձ է եղել դեռևս երբ գործել են ընդդիմադիր դաշտում: «Այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,- հայտնեց վարչապետը և նշեց, որ ավել վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր»։ Փաշինյանը հավելեց՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը  այսպիսով ավարտվում է․ «Բավականին երկար ժամանակ աշխատանքներն արվել են, և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամուտի որ մասը ում հետ պետք է բաժանի. մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»։
13:17 - 14 հուլիսի, 2022