ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ, ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և ավարտվել 2023 թվականի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 166,7 մլն դրամ: Ներկայումս դպրոցում սովորում է 780 աշակերտ: Դպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս վերադարձի առիթով, որովհետև գիտեմ, որ բոլորդ շատ երկար եք սպասել, և ուրախ եմ, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում: Մենք ինչո՞ւ ենք այսքան մեծ կարևորություն տալիս դպրոցին, դպրոցաշինությանը, որովհետև կարծում ենք, որ սա ռազմավարական խնդիր է և ռազմավարական ծրագիր»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի ապագան կախված է գալիք սերնդից, նրա մոտ ձևավորվող գաղափարներից և մտքից: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում դպրոցաշինության ստանդարտը և որակը, որովհետև ուզում ենք, որ բոլորդ դպրոցում զգաք ինչպես տանը: Մենք ուզում ենք, որ դուք դպրոցին վերաբերվեք այնպես, ինչպես տանն եք վերաբերվում, և ընդհակառակը՝ ուզում ենք նաև, որ դպրոցը ձեզ վերաբերվի այնպես, ինչպես սովորաբար ձեզ ընդունում են ձեր ծնողները, ձեր տատիկները, պապիկները, քույրերը և եղբայրները: Եվ շատ կարևոր ենք համարում, որ դպրոցը ձեզ օգնի լուծել երեք շատ կարևոր հարց, որոնք սկզբունքային են մեր կրթական բոլոր բարեփոխումների համար: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցից դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Սա շատ կարևոր է»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է կրթության համար բարենպաստ, ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծման կարևորությունը. «Սակայն շենքը, գույքը, մնացած ամեն ինչն ընդամենն անկենդան առարկաներ են: Հիմա դուք ձեր ամենօրյա վերաբերմունքով պետք է կյանք տաք այդ շենքին»: Անդրադառնալով ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք բոլոր հաստատությունների համար պետք է հստակ չափանիշներով կառուցվեն և գործեն. ֆիզկուլտուրայի դահլիճները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը՝ յուրաքանչյուրը պետք է համապատասխան չափանիշներով լինի: Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2021 թվականին և ավարտվել 2023-ի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1,5 մլրդ դրամ: Կառուցված դպրոցի հզորությունը 432 է, իսկ ներկայիս աշակերտների թիվը՝ 286: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին նորամուտի առիթով և նշել, որ նոր դպրոցներ ունենալու Կառավարության մղումն ինչ-որ տեղ կապ ունի նոր մտածողություն ունենալու անհրաժեշտության հետ: «Ի՞նչ կարող է նշանակել նոր մտածողություն: Նոր մտածողությունը, կարծում եմ, կարող է նշանակել հետևյալը. ինքներս մեզ ավելի լավ ճանաչել, նորովի ճանաչել, ավելի լավ ճանաչել մեր ուժեղ կողմերը որոնք են, ավելի լավ ճանաչել մեր թույլ կողմերը որոնք են, փորձել ուժեղացնել այն բոլոր ուժեղ կողմերը, որ ունենք, փորձել հաղթահարել այն բոլոր թերությունները, որ ունենք: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները մտածողության մեջ են՝ ինքներս մեզ ընկալելու, մեր միջավայրն ընկալելու, աշխարհն ընկալելու, ժամանակներն ընկալելու, հնարավորություններն ընկալելու: Այս առումով, երեխաների, աշակերտների համար նոր մտածողություն ուզում ենք, որ նշանակի մի բան՝ ձեզնից յուրաքանչյուրի հնարավորությունների անսահմանափակությունը»,- նշել է վարչապետը: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության խնդիրն է կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար: «Կառավարությունն այդ ծախսերն ինչի՞ համար է անում, որովհետև մենք հավատացած ենք՝ ձեր մեջ հիմա նստած են մարդիկ, ովքեր կանխորոշելու են մեր երկրի և աշխարհի ապագան: Ես ուզում եմ, որ դուք շատ լուրջ վերաբերվեք ձեր այդ առաքելությանը և հնարավորությանը: Մենք ուզում ենք, որ դուք ձեր մտքով, մտածողությամբ, մտքի թռիչքով ամեն մեկդ և բոլորդ միասին այս դահլիճը, այս դպրոցը, այս շենքը, երկիրը, ձեր թաղամասերը, ձեր փողոցները, մեր քաղաքները լցնեք նոր բովանդակությամբ, նոր կյանքով, նոր մտածողությամբ, որը կլինի մրցունակ: Սա շատ կարևոր է, որովհետև մտածողությունն էլ կարող է բերել պրոբլեմներ: Մեր շատ պրոբլեմներ գալիս են մեր մտածողությունից, և շատ պրոբլեմներ չենք կարողանում լուծել մեր մտածողությունից: Շատ կարևոր է, որ ինքներդ ձեզ և ձեր կրթությանը շատ լուրջ վերաբերվեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
17:03 - 20 հոկտեմբերի, 2023
Հայաստանը ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը լոգիստիկ հսկայական ներուժ ունի. Սանոսյան

Հայաստանը ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը լոգիստիկ հսկայական ներուժ ունի. Սանոսյան

Հոկտեմբերի 18-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի է ունեցել Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովը (GMIS 2023), որի շրջանակներում կայացած կլոր սեղանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել «Հայաստանը՝ տարածաշրջանային հաղորդակցության խաչմերուկ» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից երեք տասնամյակ շարունակ ցամաքային շրջափակման մեջ են, հանդիսանում է տարածաշրջանային և միջսահմանային ներառական և անաչառ կապի խթանման հավատարիմ ջատագով: «Վստահ ենք, որ Հայաստանի ճանապարհային ցանցը լուրջ ներուժ ունի այս նպատակին հասնելու համար։ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրի համապատասխան ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ուղղությամբ՝ իրականացնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որը, Հայաստանի կարողությունները բարձրացնելով, երկրին հնարավորություն կտա լիարժեք մասնակիցը դառնալ ինչպես Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, այնպես էլ հաղորդակցության այլ նախաձեռնություններին։ Այս կարևոր ռազմավարական ճանապարհի կառուցումը կդյուրինացնի Հայաստանի հարավային սահմանից դեպի վրացական սահման և մինչև Սև ծովի նավահանգիստներ երթևեկությունը և թույլ կտա իրականացնել ավելի շատ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,- ընդգծել է նախարարը։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնելու երկխոսությունը և համագործակցությունը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի շրջանակներում, որտեղ վերջինս կարող է հաջողությամբ ներառվել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում: «Գիտակցելով Հարավային Կովկասում առևտրատրանսպորտային հաղորդակցության բոլոր ուղիների բացման կարևորությունը՝ Հայաստանը, տարածաշրջանում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով, կառուցողականորեն ներգրավվել է երկխոսության և քննարկումների մեջ և, պայմանավորված Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման շուրջ քննարկումներով, ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որը, իր հերթին, ունի միջազգային լոգիստիկ շղթաներում լուրջ փոփոխություն մտցնելու և միջազգային բեռնափոխադրումների առումով տարածաշրջանի նշանակությունը վերականգնելու հսկայական ներուժ»,- ասել է նախարար Սանոսյանն իր ելույթում։ Եզրափակելով ելույթը՝ նախարարը վերահաստատել է միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի միջև առավել ընդլայնված համագործակցության և համակարգման համատեղ ուղի ձևավորելու ուղղությամբ բոլոր գործընկերների հետ աշխատելու Հայաստանի լիակատար հաստատակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ առավել արդյունավետ կապի խթանման գործում նշանակալից առաջընթաց գրանցելու համար։
13:28 - 19 հոկտեմբերի, 2023
Անկլավների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում․ Սանոսյան |armenpress.am|

Անկլավների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում․ Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ որքան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում խնդրահարույց հարց համարվող անկլավների խնդիրը բարդ է թվում, այնքան էլ պարզ է այն պատճառով, որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։ Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզն իր իրավական հիմքերով բոլորովին այլ բան է։  Նախարարի պնդմամբ՝ որևէ անկլավ կոչվող տարածք նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա։ «Երբ ենթադրյալ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի արդյունքում սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով։ Ոչ թե պետք է բառերին նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով մեծ է ու իրավական կարգավորումներով հիմնավորված է։ Երբ մեկնարկի սահմանագծման  և սահմանազատման գործընթացը, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն»,- ասաց Սանոսյանը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր «ադրբեջանական 8 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի տարածքում և դրանք պետք է վերադարձվեն։ Ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն այս պահին Ադրբեջանի տարածքում է: «Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Եվ այստեղ է, որ բարձրանում է այդ հարցը: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն՝ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև իսկ ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը: Սա շատ կարևոր նրբություն է: Եթե սեղանին դրվում է կամ երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ մի կետի վրա, դա նշանակում է՝ ամբողջ քարտեզը գծագրվում է»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը:
14:02 - 13 հոկտեմբերի, 2023
ՏԿԵ նախարարն այցելել է Կոտայքի մարզպետարան, հանձնարարականներ տվել, ապա հանդիպել բռնի տեղահանվածների հետ

ՏԿԵ նախարարն այցելել է Կոտայքի մարզպետարան, հանձնարարականներ տվել, ապա հանդիպել բռնի տեղահանվածների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Նախարարը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է և հիմա նույն ջանասիրությամբ պետք է լծվել երկրորդ փուլի աշխատանքներին` նրանց կարիքները գնահատելու և դրանք հոգալու գործին․ «Կոտայքը հսկայական բեռ է վերցրել իր վրա։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենամեծ թվով քաղաքացիները տեղակայվել են հենց այս մարզում։ Պետք է նշեմ, որ Կոտայքը պատվով կատարում է իր աշխատանքը, բայց առաջիկայում դեռ շատ անելիք ունենք»,- ընդգծել է նախարարը։ Սանոսյանի խոսքով՝ առաջիկա անելիքը պետք է լինի մարզում ազատ տների, բնակարանների գույքագրումը, որպեսզի հնարավոր լինի հյուրանոցներում, հյուրատներում տեղակայված քաղաքացիներին տեղափոխել հիմնական բնակության վայրեր։ Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին` հատկապես հատուկ կարիք ունեցող անձանց, երեխաներին։ Սանոսյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին ևս հանձնարարել է բռնի տեղահանվածներին պատշաճ կերպով իրազեկել պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը զեկուցել է սեպտեմբերի 25-ից մարզում կատարված աշխատանքները, տեղավորվածների թիվը։ Կոտայքի մարզում այս պահին հաստատված է 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում։ Կոտայքի մարզում այսօր առավոտյան դպրոց է գնացել 1763 երեխա։ Խորհրդակցությունից հետո նախարարն այցելել է Ծաղկաձորում հաստատված բռնի տեղահանվածներին, լսել նրանց կարիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին։
14:40 - 09 հոկտեմբերի, 2023
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ

Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ

Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: - Արդյո՞ք Երևանը դիմել է Մոսկվային բենզին և դիզվառելիք անհատույց մատակարարելու խնդրանքով: - Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը։
20:40 - 06 հոկտեմբերի, 2023
Առաջնային անհրաժեշտ ապրանքների տրամադրումը բռնի տեղահանվածներին․ ինչպես է կազմակերպվում, եւ ինչ խնդիրներ կան

Առաջնային անհրաժեշտ ապրանքների տրամադրումը բռնի տեղահանվածներին․ ինչպես է կազմակերպվում, եւ ինչ խնդիրներ կան

Արցախի Հանրապետության 100 հազար 632 բնակիչ բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրանց հաշվառման առաջին իսկ օրերից ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ կիրականցվի կարիքների գնահատում, ապա կսահմանվեն աջակցության ծրագրեր։ Թեեւ ծրագրերն արդեն մեկնարկել են, այնուհանդերձ հասարակական ոլորտից եւ անհատ քաղաքացիներից սոցիալական ցանցերում պարբերաբար հնչում են ահազանգեր այն մասին, որ շատ տեղահանվածների կարիքներ պատշաճ չեն բավարարվում։ Մասնավորապես, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի նորընտիր ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջով նախօրեին հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված շուրջ 300 ընտանիք (1400 անձ), որ գտնվում է Երեւանում եւ շրջակա մարզերում, ունի սննդի ծայրահեղ կարիք։ Infocom-ը փորձել է հասկանալ՝ ինչու է այդպես ստացվել, եւ առհասարակ, ինչպես է կազմակերպվում բռնի տեղահանված արցախցիներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների տրամադրման գործընթացը։ Ըստ Գրիգոր Երիցյանի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեցող մարդկանց մեծ մասը Երեւանից է Մեր զրույցում Գրիգոր Երիցյանը մանրամասնեց՝ հիշյալ 1400 անձանց գերակշիռ մասը Երեւանում է, դիմողներ կան նաեւ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերից․ «Մեզ օրական մի քանի 100-ից ավելի զանգ եւ նամակ է գալիս, եւ հիմնական մասը՝ 99 տոկոսը, ունի սննդի եւ ամենաառաջնային պարագանների կարիք, որոնք հավանաբար իրենց չեն տրամադրվել պետական որեւէ մարմնի՝ համայնքապետարանի, մարզպետարանի կողմից, գիտեմ, որ մարզերում մարզպետարաննները ավելի ակտիվ են ներգրավված այդ աշխատանքներում, բայց առհասարակ տեղյակ չեմ՝ Երեւան համայնքը այս շրջանում իրականացնո՞ւմ է որեւէ գործառույթ թե՞ ոչ, ես չեմ հանդիպել, որ Քաղաքապետարանը կամ նույն վարչական շրջանները ինչ-որ բան տրամադրեն»։ Իրենց դիմած քաղաքացիները հաշվառում անցել են թե ոչ՝ Երիցյանը հստակ չգիտեր, այնուամենայնիվ նշեց՝ մարդկանց մեծ մասը Կոռնիձորով գալիս հաշվառվում էր, սակայն հարցն այն է, որ պետությունը Երեւանում կացարաններ չի տրամադրել, եւ շատ մարդիկ, որ հրաժարվել են սահմանամերձ բնակավայրերից եւ հասել Երեւան, այժմ բնակվում են տարբեր կառույցների կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում, իրենց բարեկամների տներում․  «Մենք, իհարկե, ասում ենք, որ հաշվառվեն, բայց երբ մարդիկ տեսնում են, որ համայնքը չունի այդքան կարիք ծածկելու հնարավորություն, ինչքան էլ աջակցություն ստացած լինեն, սկսում են դիմել այլ կազմակերպությունների»։ Կոնկրետ իրենց ՀԿ-ն հնարավորությունների սահմաններում տրամադրում են սննդային մեկամսյա փաթեթներ, որոնք, սակայն, բոլոր ընտանիքների կարիքը չեն ծածկում։ Զբաղվում են նաեւ իրավական, հոգեբանական եւ այլ տեսակի աջակցությամբ։ Ըստ Երիցյանի՝ այս գործընթացում ե՛ւ կազմակերպվածության, ե՛ւ առաջին հերթին ռեսուրսների անբավարարության խնդիր կա․ «Մենք ամեն օր լսում ենք, որ ոչ մի կարիք չկա, բայց տեսնում եք, որ ամեն տեղ տարբեր նախաձեռնություններ լիքը բեռ են վերցրել իրենց վրա, սա քաղաքականություն է, թե մենք ոչ մի կարիք չունենք, էդպես է պետք ասել, եթե այդ կարիքը ծածկվում է, ինչպես նշում են տարբեր համայնքներ, ապա ինչո՞ւ է այսպիսի կարիք առաջացել, սա հումանիտար աղետ է, որ պետությունը չի կարողանում փակել եւ չէր էլ կարողանա, եթե անգամ լիներ ամենահարուստ պետությունը»։ Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը Բռնի տեղահանված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման եւ գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով ՀՀ մարզպետարաններին Կառավարությունն իր պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ 960 միլիոն դրամ է հատկացրել։ Մասնավորապես, Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում որոշվել է 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին, որից 50-ական մլն դրամ՝ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերին, իսկ մնացած 7 մարզերից յուրաքանչյուրին՝ 30 մլն դրամ։ Կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում էլ որոշվել է 600 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին, որից 140 մլն դրամը՝ Կոտայքի մարզին, 100 մլն դրամը՝ Արարատի մարզին, 65 մլն դրամը՝ Սյունիքի մարզին, 50-ական մլն դրամ՝  Արմավիրի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերին, 45 մլն դրամ՝ Տավուշի մարզին, 40 մլն դրամ՝ Լոռու մարզին, 30-ական մլն դրամ՝ Արագածոտնի եւ Շիրակի մարզերին։ Երեւան համայնքը, սակայն, Կառավարության այս որոշումներում ներառված չէ, դրամական միջոցները հատկացվել են միայն մարզպետարաններին։ Երեւանում գտնվողների համար հասանելի են միայն աջակցության մյուս ծրագրերը․ յուրաքանչյուր անձի հաշվով առնվազն 6 ամսով տրամադրվում է 40 հազար դրամ՝ բնակության ծախսերը հոգալու եւ 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերը հոգալու նպատակով, ինչպես նաեւ՝ 100 հազար միանվագ դրամական աջակցություն 80 հազար շահառուների համար։ Շահառու դառնալու համար պարտադիր է, որ բռնի տեղահանված քաղաքացիները պետության կողմից հաշվառված լինեն։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ բռնի տեղահանված եւ հաշվառված անձինք ամենօրյա ռեժիմով ապահովվում են սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով Կառավարության կողմից այս գործընթացում ներգրավված են առավելապես Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Կարիքների գնահատում անելուց հետո Սոցհարցերի նախարարությունը տվյալները փոխանցում է ՏԿԵՆ-ին, որն էլ հենց զբաղվում է կարիքների ապահովմամբ։ ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ Կառավարության վերոնշյալ հատկացումներով համայնքները գնումներ են իրականացնում՝ բռնի տեղահանված եւ պետության կողմից հաշվառված բոլոր քաղաքացիներին ապահովելով սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով։ Գործընթացը կազմակերպվում է հետեւյալ կերպ․ այն անձինք, որոնք տեղակայված են հյուրանոցներում կամ հյուրատներում, օրական 3-անգամյա սնունդ են ստանում, իսկ այն ընտանիքներին, որոնք տներում են կամ կեցության համար հարմարեցված այլ վայրերում, ամենօրյա ռեժիմով փաթեթներ են տրամադրվում։ Դրանք ներառում են սնունդ, քաղցրավենիք, հիգիենայի, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Փաթեթները մատակարարում են հենց համայնքների ներկայացուցիչները, եթե լրացուցիչ ռեսուրսի անհրաժեշտություն է լինում, դիմում են կամավորների աջակցությանը։ Քննարկման փուլում է նաեւ սննդային քարտերի տրամադրման գործընթացը։ Սոնա Հարությունյանը բացառեց, թե որոշ ընտանիքներ կարող են սննդի ծայրահեղ կարիք ունենալ, բայց հիշեցրեց՝ պարտադիր պայման է հաշվառված լինելը․  «Նախարարը մարզպետերի եւ համայնքապետերի հետ օրը 2-3 մարզում շրջայց է կատարում, համայնքապետերը, վարչական ղեկավարները անուն-ազգանունով, դեմքով այդ մարդկանց ճանաչում են, ամեն օր անձամբ իրականացնում են այդ սնունդի առաքումը, ամենահեռավոր սահմանամերձ մարզից, բնակավայրից սկսած՝ սննդային փաթեթներն առաքվում են»։ Ամեն դեպքում, եթե կլինի հաշվառված անձ, որը փաթեթը չի ստացել կամ ստացել է, սակայն պակաս բանի կարիք կա, ապա, ըստ Հարությունյանի, պետք է դիմի տվյալ համայնքի համայնքապետարանին կամ բնակավայրի վարչական ղեկավարին, ներկայացնի իր կարիքը, եւ վերջիններս պետք է լրացնեն այդ կարիքը։ Նա բացառեց նաեւ, որ մարզպետարանները կարող են չտիրապետել իրենց մարզում տեղակայված արցախցիների վերաբերյալ տվյալների։ Այդ մասին եւս հայտնել էր Գրիգոր Երիցյանը՝ նշելով, որ երեկ խոսել է մարզպետարաններից մեկի հետ, տեղեկացել, որ դեռ տվյալ չունեն, թե մարզում քանի տեղահանված անձ կա․ «Բոլոր մարզերում թվերը ճշտված են, բոլոր բնակավայրերում գիտեն՝ ովքեր են ապրում, իհարկե, քանի որ հիմա տեղաշարժը շարունակվում է, այսինքն՝ մարդը մի տեղ հաշվառվում է, բնակարանը դուրը չի գալիս, եղանակային պայմանները դուրը չեն գալիս, տեղափոխությունները շատ են կամ օրինակ բարեկամի տանն է մնացել Տավուշի մարզում, բայց բնակարան է գտնում Գեղարքունիքում, Տավուշից գնում է Գեղարքունիք, փոխում է իր հաշվառման վայրը, այդ թվերը ամեն օր տատանվում են, բայց բոլոր տեղերում, մարդիկ, որոնք հաշվառվել են, համայնքը, վարչական ղեկավարը գիտեն, թե իր բնակավայրում, իր համայնքում ով է ապրում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են տարվում մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաների հաշվառումն ու բաշխումը իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է Երեւանում տեղակայվածներին, նրանց մեծ մասը, ըստ Հարությունյանի, քաղաք է հասել եւ կացարան գտել ինքնուրույն՝ հրաժարվելով պետական աջակցությունից, սակայն եթե այժմ որեւէ մեկը նշի իր կարիքների մասին, նրա ենթադրությամբ՝ այն կբավարարվի։ Թե կոնկրետ ինչ է արվում այդ ուղղությամբ, ըստ Հարությունյանի, պետք է Քաղաքապետարանն ասի, որովհետեւ առաջնային անհրաժեշտության ապրանքների աջակցությունն իրականացվում է միայն մարզային մակարդակով։ Երեւան քաղաքի բյուջեով միջոցառում նախատեսված չէ, համագործակցում են այլ կառույցների հետ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեր զրույցում հայտնեց՝ քաղաքային բյուջեով կոնկրետ միջոցառում չի իրականացվում, աշխատում են Կառավարության եւ այլ գործընկերների հետ․ քաղաքացիերը դիմում են իրենց վարչական շրջաններին, գրանցվում եւ ըստ անհրաժեշտ կարիքների՝ Քաղաքապետարանն իր ենթակայության շրջանակներում ինչ գործառույթ հնարավոր է, իրականացնում է․ «Այն քաղաքացիները, որ դիմում են քաղաքի վարչական շրջաններ, հաշվառվում են, ապա ֆիքսում ենք կարիքները, ապա ըստ այդ կարիքների՝ դիմում ենք համապատասխան կառույցների՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կարմիր Խաչ եւ այլն, որոնք տարբեր տեսակի օգնություն եւ օժանդակություն են ցուցաբերում՝ կլինի սննդի հետ կապված, առողջապահական թե այլ, փոխանցում ենք, իրենք փոխանցում են մեզ բնաիրային այդ փաթեթները, որոնք էլ մենք փոխանցում ենք վարչական շրջաններում հաշվառված քաղաքացիներին»։ Ըստ Կոստանյանի՝ կարող են դիմել ե՛ւ հաշվառված, ե՛ւ չհաշվառված անձինք, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիների սպասարկել են։ Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ քաղաքային բյուջեից միջոցներ չեն տրամադրվել Երեւանում գտնվող անձանց կոնկրետ առաջնային անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների ապահովման համար, Կոստանյանը պատասխանեց՝ իրենց աշխատանքները բխում են Կառավարության ռազմավարությունից եւ վերջինիս որոշումներից․ «Քանի որ ամբողջ աշխատանքները իրականացնում է Կառավարությունը, համայնքային բյուջեից չի տրամադրվում, բայց ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն լինի, կարծում եմ՝ մեր գործընկերները մեզ կփոխանցեն, որ նաեւ ձեր օգնության կարիքը կա, բայց քանի որ Կառավարությունն այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, մենք, այսպես ասած, որպես աջակցող կառույց, ինչ հնարավոր է, մեր կողմից իրականացնում ենք»։   Միլենա Խաչիկյան
17:40 - 06 հոկտեմբերի, 2023
Սոֆի-բինայի հանքավայրը կշահագործվի․ ընկերությունը նոր բաժնետեր ունի
 |hetq.am|

Սոֆի-բինայի հանքավայրը կշահագործվի․ ընկերությունը նոր բաժնետեր ունի |hetq.am|

hetq.am: «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն հաշտության համաձայնություն է կնքել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Դրանով հայցվոր կողմը, այսինքն՝ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հրաժարվել է իր բոլոր պահանջներից, քանի որ նախարարությունը պարտավորվել է ուժը կորցրած ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին հրամանը և վերականգնել ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ներառյալ` օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, լեռնահատկացման ակտը և ընդերքօգտագործման պայմանագիրը: «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն իր հերթին պարտավորվել է այս հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո ողջամիտ ժամկետում՝ 3 ամսվա ընթացքում, սկսել Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները: «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն պարտավորվել է համայնքի ղեկավարի և ավագանու հետ համաձայնեցնելով` Վայք համայնքում առնվազն 20 մլն դրամի սոցիալական ծրագրեր իրականացնել: Այսպիսով, դատավոր Անի Հարությունյանը հունիսի 14-ի որոշմամբ վավերացրել է այս հաշտությունը և կարճել վարչական գործի վարույթը։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։  Այսինքն՝ առնվազն հոկտեմբերի 14-ից հանքավայրը պետք է շահագործվի։ Սոֆի-բինայի հանքավայրը, հիշեցնենք, բազմամետաղներ է պարունակում, այդ թվում՝ ոսկի, արծաթ, կապար և ցինկ։ Այն գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ գյուղի վարչական տարածքում։ Այդ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը տրվել է 2012 թվականին և վավեր է մինչև 2026 թվականը։  Զառիթափի վարչական ղեկավար Մամիկոն Մուրադյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ որևէ աշխատանք հանքավայրում դեռևս չի կատարվել, որևէ տեխնիկա տարածքում չկա։ Տեղյակ էլ չեն, թե երբ են նախատեսում սկսել հանքավայրի շահագործումը։ Հիշեցնենք՝ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը՝ 2020թ․ օգոստոսի 7-ի հրամանով, որովհետև Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայրում 2012թ․-ին ընդերքօգտագործման իրավունքը ստանալուց ի վեր արդյունահանման աշխատանքներ չէին իրականացվել։ 2020թ․ հոկտեմբերից ընկերությունը դատական կարգով բողոքարկում էր այն, սակայն, ի վերջո, կողմերը որոշեցին հաշտություն կնքել։ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդուն և մերձավորներին էր պատկանում։ Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը, այնտեղ 40 տոկոս բաժնեմաս ուներ։ Սակայն այս տարվա մարտից իրական շահառուների հայտարարագրում նոր անուն է հայտնվել, և Լիանա Սուրենի Միքայելյանը դարձել է միակ իրական շահառու։ Լիանա Միքայելյանը «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Միքայելյանի կինն է։
15:36 - 06 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածները դեռ շոկային վիճակում են. իրենց հետ աշխատում են հոգեբանները. ՏԿԵ փոխնախարար |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածները դեռ շոկային վիճակում են. իրենց հետ աշխատում են հոգեբանները. ՏԿԵ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից Հայաստան մեքենաների հոսքը շարունակվում է: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում հայտնեց ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:  «Բացի հումանիտար աղետից, ԼՂ-ում կար նաև վառելիքի սուր խնդիր, մեքենաները մի կերպ են հասնում Հակարիի կամուրջ և այն անցնում. մենք տեղադրել ենք մի քանի կետ, որտեղ տրամադրում ենք բենզին, որպեսզի կարողանան հասնել Գորիս և մյուս համայնքներ»,- ասաց նա: Գորիսում հաշվառում անցնելուց հետո տեղի ունեցող գործընթացներին անդրադառնալով` փոխնախարարը նշեց. «Այստեղ մենք տեսնում ենք հումանիտար աղետի բոլոր դրսևորումները` սկսած սովածությունից, վերջացրած առողջապահական խնդիրներով, սոցիալական խնդիրներով, հոգեկան խանգարումներով, մարդիկ սեպտեմբերի 19-ից հետո նկուղում էին, այդ ահաբեկումից հետո մարդիկ դեռ շոկային վիճակում են, իրենց հետ տեղում աշխատում են հոգեբանները, բժիշկները, տրամադրվում է դեղորայք, հիգիենայի պարագաներ, մանկական սնունդ: Կրկնում եմ` տեսնում ենք հումանիտար աղետի բոլոր դրսևորումները` իրենց ցավալի հետևանքներով»,- ասաց նա: Հարությունյանը տեղեկացրեց, որ համայնքներում ակտիվ աշխատանք է ընթանում` 24/7 ռեժիմով, փորձում են մեր հայրենակիցներին տրամադրել պայմաններ, որ ավելի արագ կարողանան վերադառնալ կյանքի սովորական հուն: Փոխնախարարի խոսքով` կառավարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով` բոլոր խնդիրների լուծումներն ապահովելու համար:
23:09 - 28 սեպտեմբերի, 2023
360 մլն դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով
 |1lurer.am|

360 մլն դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու նախագիծը ներկայացնելիս: Նախարարը տեղեկացրեց, որ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին առաջարկվում է հատկացնել 50-ական միլիոն դրամ, մյուս մարզերին՝ 30-ական միլիոն դրամ: «Արդեն երկուշաբթի Կառավարության արտահերթ և գրավոր քվեարկությամբ 100 միլիոն դրամ Սյունիքի մարզին հատկացրել ենք, որպեսզի հիմնադրամի միջոցով առաջնային կարիքները հոգան: Հիմա սա երկրորդ հատկացումն է»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ն է ուղղված լինելու գումարային հատկացումը: «Տարբեր նպատակներով, այսինքն՝ ինչ կարիքների անհրաժեշտություն կունենան: Կարող է լինել գույքի տեսքով, կարող է լինել սննդի տեսքով, պարենային ապրանքների: Դրանք կարող են տրանսպորտային տարբեր ծախսեր լինել»,- մանրամասնեց Գնել Սանոսյանը:   Վարչապետը հանձնարարեց կազմակերպել նաև ԼՂ-ից բռնագաղթած թոշակառուներին թոշակ տալու գործընթացը:
14:43 - 28 սեպտեմբերի, 2023
Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ-ում գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հավաքակայաններում սոցիալական աշխատողների կողմից նշված հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ պետք է բավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ հարթակում քաղաքացիները հայտը կարող են լրացնել նաև ինքնուրույն։ Infocom-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ասաց, որ Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, որը իրականցվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, իսկ առհասարակ կարիքների գնահատման աշխատանքներում ներգրավված է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ մարզպետարանները։ Գործընթացի ամբողջ համակարգումը իրականացնում են ՏԿԵ նախարարությունը և հիմանականում մարզպետարանները։  Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է կրկին ունենա կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, Մանուչարյանը պատասխանեց, որ առաջնային կարիքի հաշվառման հարթակում բնակիչները ուղղակի նշում են՝ կացարանի կարիք այդ պահին ունե՞ն, թե՞ ոչ, բայց դա չի նշանակում, որ իրենք ապահովված են իրենց պատկանող բնակարանով կամ մշտական կեցության վայրով։  Ժամանակավոր կացարան ունենալու և հետագայում այլ խնդիրների առաջացման վերաբերյալ խոսեցինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։ Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով կրկին ունենում է կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, և արդյոք կարո՞ղ է կրկին դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրով ապահովվելու համար, Հարությունյանը դրական պատասխան տվեց։  «Այս պահի դրությամբ նման դեպք չունենք, որ ասեն՝ ունեն կեցության վայր, բայց հաջորդ օրը կրկին դիմեն մեզ, բայց, բնականաբար, բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, իրենք կացարանով ապահովվում են»։ Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։ «Խնդիրն այն է, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այդ պահին նշում են, որ իրենք ունեն բնակարան կամ տեղափոխվում են բարեկամի տուն և այլն, ապա առաջ են շարժվում Գորիսից, Վայքից անցնում են, գալիս հասնում են մոտակա մարզեր, Երևան և ասում են՝ մեզ տեղավորեք։ Այսինքն՝ այնտեղ հրաժարվում են օգնությունից, և այստեղ են խնդրի առաջ կանգնում։ Նաև կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք առհասարակ չեն հաշվառվում, իրենց մեքենաներով առաջ են գալիս»,- ասաց Հարությունյանը՝ հորդորելով, որ բոլոր քաղաքացիները անպայման հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում դուրս չմնան աջակցության որևէ ծրագրից։ ՏԿԵՆ խոնակի խոսքով, թեև հավաքակայաններում բոլոր գերատեսչություններից աշխատանքային խմբեր կան, որոնք հենց տեղում՝ Կոռնիձորում, Գորիսում, արդեն նաև Վայքում իրականացնում են հաշվառում, բայց, հաշվի առնելով, որ մարդիկ առանց հաշվառվելու են հասնում ՀՀ տարբեր համայնքներ, ներկայումս համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում նույնպես կիրականացվի հաշվառում, որպեսզի որևէ բնակիչ չմնա առանց հաշվառման և, ըստ այդմ, հետագայում դուրս չմնա աջակցության ծրագրերից։  Այսպիսով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։  Աննա Պալաքյան Լուսանկարը՝ Ռոման Աբովյանի/Վայք 
18:33 - 27 սեպտեմբերի, 2023
ՏԿԵՆ-ում քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված հարցեր

ՏԿԵՆ-ում քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ «Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։ Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքները։
22:16 - 25 սեպտեմբերի, 2023
Հայաստանը հավատարիմ է պայմանավորվածություններին, այդ թվում ճանապարհների բացման մասով
 |armenpress.am|

Հայաստանը հավատարիմ է պայմանավորվածություններին, այդ թվում ճանապարհների բացման մասով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ չի համաձայնելու որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։ Այս մասին ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։  - Պարոն Սանոսյան, վերջին շրջանում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները ավելի հաճախակի են սկսել խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյո՞ք ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն է կրել վերջին իրադարձություններից հետո։ - Որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ համաձայն չի լինելու։ Մյուս կողմից մենք հավատարիմ ենք բարձր մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, վերահաստատվել են հետևյալ պայմանավորվածությունները.   Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29.8 եւ 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:  Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա:  Այս պայմանավորվածությունները հրապարակային են և հրապարակվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանդիպման ավարտին։ Այս պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այլ նաև ցանկանում է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, քանի որ դա բխում է մեր շահերից։ 
10:19 - 25 սեպտեմբերի, 2023
Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ ՏԿԵՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստանում են՝ քննարկելու SIDA-ի դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող  «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (Հայաստան, RESILAND) ծրագրի մանրամասները։                                 «Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ ամենատարբեր ժամանակներում Տարածքային կառավարման նախարարությունը Համաշխարհային բանկի հետ   բազմաթիվ  հաջողված ծրագրեր է իրագործել ջրամատակարարման, համայնքային զարգացման, ճանապարհաշինության և այլ որոտներում։ Նրա խոսքերով՝ ևս մի  ծրագրի շուրջ աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս։ ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկը նմանատիպ ծրագրեր   իրականացրել է այլ երկրներում ևս, որտեղ հաստատապես եղել են լավ լուծումներ և հույս հայտնել, որ այդ երկրների  փորձառությունը շատ օգտակար կլինի  Հայաստանի համար։                                  Որքան էլ նախագիծն առնչվում է շրջակա միջավայրին, ՏԿԵ փոխնախարարի խոսքերով, ոչ պակաս կարևոր է այդ միջավայրի կառավարումն ու զարգացումը համայնքային ու մարզային համատեքստում։ Պատվիրակության ղեկավար, առաջադրանքի թիմի ղեկավար և բնապահպան  Ֆիսեհա Աբիսան իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ներկայացնելով, որ իրենց առաքելության նպատակն է քննարկել ծրագրի շրջանակը, կառուցվածքը, բաղադրիչները, գնահատել ինստիտուցիոնալ կարողությունները։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի նախագիծն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։  Վաչե Տերտերյանը  և ՀԲ ներկայացուցիչը վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը կլինի շարունակական»,- ասվում է նախարարության տարծած հաղորդագրության մեջ։
14:53 - 16 սեպտեմբերի, 2023
Բժշկական համալսարանի գլխավոր շենքը չի օտարվում․ ՏԿԵ նախարարություն

Բժշկական համալսարանի գլխավոր շենքը չի օտարվում․ ՏԿԵ նախարարություն

Երեկ տարբեր զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ աճուրդով կօտարվեն Բժշկական համալսարանին պատկանող շենքերը, իսկ նյութին կցվել են Երևանի պետական բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքի լուսանկարները: Հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն: Իրականում Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին: Գույքը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
09:33 - 15 սեպտեմբերի, 2023
Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար
 |armenpress.am|

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար |armenpress.am|

armenpress.am: Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։ Խաչատրյանը հարցրեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։  «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք` նախ մեզ մոտ, հետո էլ Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին, նախանշել անելիքները»,– նշեց նախարարը։ Սանոսյանը ասաց, որ Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ «Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախ և առաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին»,- հավելեց Սանոսյանը։ Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ « Վարչապետի հանձնարարականն ավելի լայն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում ենք։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու»,- եզրափակեց Սանոսյանը։
18:48 - 13 սեպտեմբերի, 2023
Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
 |hetq.am|

Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում |hetq.am|

hetq.am: Արձակուրդից հետո այսօր աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանի օրն է՝ պատգամավորների և կառավարության անդամների միջև: Հարցեր տալու համար հերթագրվել է 28 պատգամավոր: Ընդդիմությունից հերթագրվել էին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցի ուսումնասիրությունը: Նման հանձնարարական է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ: Նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են: Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա իրավիճակին:  Նախարարն անելիքները երկու մասի բաժանեց. բուն թռիչքուղի և շենք, շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին: Պլանավորվել է առաջինը թռիչքուղին կարգի բերել, հետո՝ մնացածը: Սանոսյանն ասաց, որ Գորիսի օդանավակայանը կարող է նույնիսկ ռեզերվային օդանավակայան օգտագործվել, երբ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չլինի Կապանում վայրէջք կատարել:  Մոտ օրերս նորից աշխատանքային խումբ է գործուղվելու, պատրաստվում են նաև ֆինանսական հաշվարկներին վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի շահագործմանը, Գնել Սանոսյանն ասաց, որ մի քանի տեխնիկական չվերթներ իրականացնելուց հետո արձանագրել են որոշ մասնագիտական խնդիրներ կամ անելիքներ: Այժմ կանոնավոր չվերթներ են իրականացվում շաբաթվա երկու օրերի ընթացքում: Նախարարը հայտնեց, որ 4 անգամ թռիչքներ չեն իրականացվել՝ եղանակային պայմաններից ելնելով: Նման վիճակներ, ըստ Սանոսյնանի, եղել են նաև խորհրդային տարիներին: Ընթացքում նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն:
17:23 - 13 սեպտեմբերի, 2023