Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայում, հայտնում է Liga.net-ը։ Դուդան օտարերկրյա առաջին նախագահն է, որը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում ռուսական ներխուժումից ի վեր։ «Այսօր ազատ աշխարհի դեմքն Ուկրաինան է», - ասել է նա։ «Ձայներ են հայտնվել, որոնք ասում են, թե Ուկրաինան պետք է զիջի Պուտինի պահանջներին։ Սակայն միայն Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր ապագան», - ընդգծել է Լեհաստանի նախագահը։ Reuters-ը գրում է, որ ռուսական ներխուժումից հետո Վարշավան իրեն դրսևորել է՝ որպես Կիևի հավատարիմ դաշնակիցներից մեկը։ Լեհաստանը Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կողմնակից է և ակտիվորեն սատարում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ «Չեմ հանգստանա, մինչև որ Ուկրաինան Եվրամիության անդամ չդառնա», - ասել է Անջեյ Դուդան։ Նորա Վանյան
15:48 - 22 մայիսի, 2022
Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը անհրաժեշտ է համարում «զինել Մոլդովան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», որպեսզի Քիշնևը կարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից։ Այս մասին բրիտանացի պաշտոնյան ասել է The Telegraph-ի հետ զրույցում։ Թրասի խոսքերով՝ այժմ Լոնդոնն ու դաշնակիցները քննարկում են, թե ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց՝ հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները»: «Պուտինը հստակ հայտարարել է Ռուսաստանի ընդլայնման իր հավակնությունների մասին: Այն փաստը, որ Կիևը գրավելու նրա փորձերը անհաջող են եղել, չի նշանակում, որ նա հրաժարվել է այդ հավակնություններից», - ասել է Թրասը: Մոլդովայում հնարավոր պատերազմի շուրջ մտավախությունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր: Անցած շաբաթներին Մոլդովայից անջատվել ձգտող և Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պայթյունների մասին են հայտնել, որոնց թիրախը, ըստ պնդումների, ռազմավարական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կրակոցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» է որակել:  
18:55 - 21 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձնազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձնազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է.  «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»: Իր հերթին ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար: Իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են և կարծում եմ` մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը: Իհարկե, ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք` մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:
22:58 - 16 մայիսի, 2022
Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին

Ռուսաստանը խնդիր չունի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, հաշվի առնելով Ֆինլանդիայի կամ Շվեդիայի հետ ՌԴ հարաբերություններում խնդիրների բացակայությունը, Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկրների անդամակցությունը Ռուսաստանի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում, գրում է «Կոմերսանտը»։ «Ինչ վերաբերում է [ՆԱՏՕ-ի] ընդլայնմանն, այդ թվում՝ դաշինքի նոր անդամների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին, կցանկանայի տեղեկացնել, որ Ռուսաստանն այս պետությունների հետ խնդիր չունի», - ասել է Պուտինը ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։ ՌԴ նախագահը հավելել է, որ ռազմական ենթակառուցվածքի ընդլայնմանը Ռուսաստանի անխուսափելի արձագանքը կախված է «այն սպառնալիքներից, որոնք մեզ համար կստեղծվեն»՝ մեկնաբանելով, որ «խնդիրը ստեղծվում է դատարկ տեղը»։ Պուտինը նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, ՆԱՏՕ-ն դուրս է գալիս «իր աշխարհագրական նշանակությունից» և «ոչ այնքան լավ ձևով» է փորձում ներգրավվել միջազգային հարցերի լուծմանը։   Նորա Վանյան
18:00 - 16 մայիսի, 2022
Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին |armenpress.am|

Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը: ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՀԱՊԿ կազմավորման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր հոբելյանական հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի որոշ եզրակացություններ անենք և քննարկենք մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է շատ կարևոր հարցեր ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահը անդրադարձել է, կարելի է ասել, բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարևորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է»,- նշել է վարչապետը: Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին, նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն:  «Նկատեմ, որ սա նոր խնդիր չէ, երկար ժամանակ այն ուղեկցում է մեզ: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Մենք աշխատանքային կարգով բազմիցս այդ հարցը քննարկել ենք: Ակնհայտ է, որ այդ հարցը կարիք ունի հետագա քննարկման»,- ընդգծել է վարչապետը: Ինչ վերաբերվում է փոխգործակցության և արագ արձագանքման մեխանիզմներին, վարչապետը սա ևս շատ կարևոր հարց է համարում Հայաստանի համար: «Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է: Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարևորը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին: Կարծում եմ, որ եզրակացություններ անել իրապես կարևոր և լավ է, բայց Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ, հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում: Մենք դրական ենք տրամադրված, որպեսզի ամբողջ ծավալով աջակցենք կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»,- եզրափակել է Փաշինյանը:
17:19 - 16 մայիսի, 2022
Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|

Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին ՌԴ նախագահն ասել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինը կարևորել է արտաքին քաղաքականության ոլորտում՝ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում, ՀԱՊԿ-ի մասնակիցների համաձայնեցված գործողությունները: «Այս համատեքստում պետք է ավելացնել փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գծով մեր բնական գործընկերների հետ։ Ի դեպ, մեր կարծիքով, տեղին և ճիշտ կլիներ, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ տրամադրելը, դա մենք պետք է քննարկենք»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը։ Այսօր՝ մայիսի 16-ին, Մոսկվայում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Նրանք քննարկելու են ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր։
16:44 - 16 մայիսի, 2022
Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Մասնավորապես, նշվել է, որ երկու երկրի ղեկավարներն անկեղծ մտքեր են փոխանակել Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության մտադրության վերաբերյալ:   «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Երկրի արտաքին քաղաքական ուղղության նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիների ընթացքում եղել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, ունեցել են փոխշահավետ բնույթ»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։ Երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրադրությանը: Ներկայացնելով ռուս-ուկրաինական բանակցությունների ներկայիս ընթացքը՝ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտնել է, որ Ուկրաինան հետաքրքրություն չի ցուցաբերում լուրջ և կառուցողական երկխոսության հաստատմանը։
16:46 - 14 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նախկին մարմնամարզիկ Ալինա Կաբաևայի և ևս 11 անձանց նկատմամբ, որոնք, ըստ բրիտանական իշխանության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև Կաբաևայի տատը, Պուտինի նախկին կին Լյուդմիլա Օչերետնայան, նախագահի հորեղբորորդի Միխայիլ Պուտինն, ինչպես նաև «Գազֆոնդ» կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Յուրի Շամալովը, որին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անվանում է Պուտինի նախկին փեսա Կիրիլ Շամալովի եղբայր։ Պատժամիջոցներն ուղված են «ստվերային ցանցին, որը Պուտինի համար ապահովում է շքեղ կենսակերպ», հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ «Մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր սատարում են պուտինյան ագրեսիան, մինչև որ Ուկրաինան հաղթանակ տանի», - հավելել է նա։ «Պուտինի պաշտոնական ակտիվները համեստ են, իսկ նրա կենսակերպը ֆինանսավորվում է ընտանիքի, ընկերների և էլիտայի միջոցով։ Պուտինը հույսը դնում է ընտանիքի, մանկության ընկերների և ընտրյալ էլիտայի վրա, որոնք շահույթ ունեն նրա կառավարումից և, իրենց հերթին, աջակցում են նրա կենսակերպին։ Որպես պարգև՝ նրանք ստանում են պետության գործերի վրա ազդելու հնարավորություն», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։ Նորա Վանյան
18:12 - 13 մայիսի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում կրկին քննարկել է իրավիճակն Ուկրաինայում, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցի ժամանակ շեշտադրում է արվել Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների վրա։ «Նշվել է, որ ՄԱԿ և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքացիական անձանց տարհանում է իրականացվել, որոնք ուկրաինական զինյալների կողմից պահվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում», - ասված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, դրա արդյունքում Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ նշված հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն տարբեր ձևաչափի շփումների ընթացքում։   Նորա Վանյան
15:53 - 13 մայիսի, 2022
Մոսկվան չի հրաժարվում Պուտին-Զելենսկի հանդիպումից. Կրեմլ |tert.am|

Մոսկվան չի հրաժարվում Պուտին-Զելենսկի հանդիպումից. Կրեմլ |tert.am|

tert.am: Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման անհնար է այն անցկացնել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք քաջատեղյակ եք ՌԴ նախագահի դիրքորոշմանը՝ ոչ ոք ապրիորի չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց այն պետք է նախապատրաստել»,- ասել է Կրեմլի խոսնակը։Պետության ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակմամբ, որն այնուհետև պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։Նա ընդգծել է, որ «հազիվ թե հնարավոր լինի հանդիպում անցկացնել առանց նման նախապատրաստական գործողությունների»։
15:19 - 13 մայիսի, 2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը կոչով դիմել է Պուտինին |azatutyun.am|

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը կոչով դիմել է Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապաշրջափակել Օդեսան և Ուկրաինայի այլ նավահանգիստներ՝ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար: «Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստները արգելափակված են», - CNN-ին ասել է Բիսլին: CNN-ը հիշեցնում է, հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, որ Ուկրաինան եգիպտացորենի, ցորենի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի աշխարհի առաջատար արտահանողներից մեկն է։ Պատերազմի սկզբից ռուսական նավատորմը գրավել է ուկրաինական նավահանգիստները Ազովի ծովում և փակել նավերի անցումը երկրի սևծովյան նավահանգիստներից։ Գերմանիայում այսօր սկսվում է երկօրյա հանդիպում, որտեղ G7-ի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ինդոնեզիայի արտգործնախարարները կքննարկեն պատերազմի պատճառով աշխարհում հացահատիկի պակասի դեմ պայքարի ուղիները, ինչպես նաև օգնությունն Ուկրաինային և Մոլդովային:
11:15 - 13 մայիսի, 2022
Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով, կայցելի Հայաստան: Այդ մասին այսօր Դուշանբեում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: «Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումն է: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը: Դուշանբեում հավաքվել են ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
16:55 - 12 մայիսի, 2022
Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|

Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում տնտեսական հարցերով խորհրդակցության ընթացքում ասել է, թե երկիրը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները: Նրա խոսքով, «Արևմուտքի սանկցիոն մոլուցքը Եվրամիության բնակիչների համար կստեղծի ծանրագույն հետևանքներ և սով կառաջացնի աշխարհի առավել աղքատ երկրներում»: «Շատ առումներով հենց այդ պատժամիջոցներն են համաշխարհային ճգնաժամ հարուցում: Դրանց կարճատես հեղինակները, ղեկավարվելով քաղաքական հավակնություններով և ռուսատյացությամբ, իրենց իսկ ազգային շահերին, սեփական տնտեսություններին և իրենց բնակիչների բարեկեցությանն են հարվածում»,- հայտարարել է Պուտինը: Նա ասել է, թե մի շարք երկրներում արդեն կա սովի սպառնալիք, և դրա համար մեղավոր է «բացառապես Արևմուտքի վերնախավը»: Ռուսաստանի ղեկավարը պնդել է նաև, որ ազգային տարադրամը՝ ռուբլին, աշխարհի բոլոր արժույթների շարքում «ունի առավել կայուն դինամիկան»:
15:48 - 12 մայիսի, 2022
Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրը, The Guardian-ը հրապարակել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում գրաքննության պատճառով արգելափակված «Նովայա գազետա» թերթի հոդվածը, որը ներկայացնում ենք աննշան կրճատումներով․ «Վլադիմիր Պուտինը ծնվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից յոթ տարի անց և մեծացել մեծ հաղթանակի մասին բրեժնևյան առասպելով։ Չունենալով լավ կրթություն՝ նա սիրում էր մեջբերումներ անել խորհրդային ֆիլմերից և հին պատմվածքներից։ Պատմության դասագրքերում «Հայրենական Մեծ պատերազմը» պատկերվում էր՝ որպես կախարդական առասպել, որի հերոսը՝ ռուս ժողովուրդը, ի հեճուկս ողջ աշխարհի, հաղթում է հրեշին։ Այս հեքիաթում տեղ չէին գտել պատերազմի բազմաթիվ իրական փաստեր, օրինակ՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Ֆինլանդիայի հետ պատերազմը, Բալթյան երկրների օկուպացիան։ Առասպելն անտեսում է միլիոնավոր լեհերի արտաքսումը։ Չի հիշատակում 1942-43 թ-ի ձմռանը տեղի ունեցած Ռժևի ճակատամարտը, որում խորհրդային բանակը սարսափելի կորուստներ կրեց՝ նախընտրելով կանգ առնել Մոսկվայի և Ստալինգրադի մարտերում կրած լեգենդար հաղթանակների վրա։ Առասպելը, որ տոնվեց Ռուսաստանում Հաղթանակի օրը, դարձել է այն հիմնական նարատիվը, որը Ռուսաստանը հավերժ կառավարելու Պուտինի պլանի հիմքում է։ Եկել է այն պահը, երբ Պուտինը որոշել է շարունակել պաշտոնավարել անորոշ ժամկետով։ Ընտրությունները կգան ու կգնան, իսկ նա կստի, թե դրանք իր համար վերջինն էին, որ նա մտադիր չէ փոխելու Ռուսաստանի 1993 թ-ի սահմանադրությունը, որը նախատեսում է պաշտոնավարման՝ միմյանց հաջորդող միայն երկու ժամկետ։ Ընդմիշտ կառավարելու նրա առաջին ռազմավարությունը քաղաքացիներին թույլ տալն էր, որ հարուստ լինեն, քանի որ երկիրն ավելի, քան երբևէ հարստացել էր 2000-ականների երկրորդ կեսին։ Բայց երբ աճը կանգնեց, երբ հարստության մեծ մասը հայտնվեց մի քանի հոգու ձեռքերում, Պուտինը ստիպված եղավ անցնել քարոզչությանը։ Նա սկսեց վկայակոչել «ավանդական արժեքները»՝ սաստկացնելու Ռուսաստանի համար իր առաջնահերթ կարևորության մասին պատկերացումը, այն, որ ինքն անփոխարինելի առաջնորդ է, որը ռուսների միակ պաշտպանությունն է Արևմուտքի ազդեցությունից և եվրոպացի ժողովուրդների ծովում տարրալուծվելուց։ Եվ Պուտինն ինքը սկսեց հավատալ իր քարոզչությանը, նրան, թե ինքը Մեծ Ռուսաստան կառուցելու հատուկ պատմական առաքելություն ունի։ Բայդ դա այնքան էլ նոր ԽՍՀՄ չէ, քանի որ ոչ ոք չի պատրաստվում կոմունիզմը վերականգնել, որևէ նոր գաղափարախոսություն առաջ քաշել կամ էլ վերագաղութացնել Միջին Ասիան՝ ռուսական տնտեսությանը լավ ու էժան աշխատուժով ապահովելու համար ։ Մեծ Ռուսաստանը պետք է աշխարհի երրորդ գերտերությունը լիներ (ԱՄՆ և Չինաստանին զուգահեռ)։ Եվ եթե նրա մրցակից ԱՄՆ-ն՝ որպես իր ազդեցության գոտի ուներ Եվրամիությունն, ապա Մեծ Ռուսաստանը նույնպես պիտի ունենար դա։ Պուտինի «ավանդական արժեքներն», ըստ էության, հանգում էին հոմոֆոբիային և ռազմական հաղթանակի պաշտամունքին։ Շուտով պարզ դարձավ, որ առաջինը հուսալի ռազմավարություն չէ ուժեղ առաջնորդի հավերժ կառավարման համար։ Մնում էր միայն հաղթանակի պաշտամունքը։ Պատկերը քիչ-քիչ ուրվագծվում էր։ Ռուսական միլիտարիզմի օպերետը ծնվել է հեռուստատեսային քարոզչությունից, երբ բազմաթիվ «փորձագետներ» սկսեցին խոսել այն մասին, թե մենք ամենաուժեղն էինք աշխարհում, ոչ ոք չէր կարող մեզ իշխել, մեր հրթիռները կարող էին մի քանի անգամ պտտվել աշխարհի շուրջը և ոչնչացնել ցանկացածին։ Դա ծիծաղաշարժ էր, բայց Պուտինի ելույթներն ավելի ու ավելի էին սկսվում նմանվել հանգուցյալ նեոֆաշիստ Վլադիմիր Ժիրինովսկու ասածներին։ Նա ավելի ու ավելի քիչ էր խոսում այնպիսի ձանձրալի բաների մասին, ինչպիսին է տնտեսական զարգացումը, բայց մեծապես աշխուժանում էր, երբ խոսում էր նոր, «նմանը չունեցող» զինատեսակների մասին։ «Մենք կարող ենք դա կրկին անել» արտահայտությունը դարձավ պուտինյան Ռուսաստանի գլխավոր կարգախոսը, որն ակնհայտորեն հղում էր այն փաստին, որ ռուսները տապալել են նացիզմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և գիտեն, որ կարող են կրկին անել դա։ Պուտինը հաղթել է նախագահական չորս ընտրություններում, սակայն 2024 թ-ին նշմարվում է հինգերորդը։ Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել Ռուսաստանին, և նրա տնտեսությունն անկում է ապրել, այնպես որ, Պուտինը շատ տարբերակներ չունի։ Նրա կարծիքով՝ իշխանությունը պահպանելու լավագույն տարբերակը մեծ հաղթանակը կրկնելն է։ Մայիսի 9-ի խորհրդանշական շքերթը բավարար չէր լինելու, նրանք պետք է պատկերն ամբողջացնեին արյամբ։ Այդ պատճառով էլ փորձեցին «դա կրկին անել»՝ կազմակերպելով Եվրոպայի խոշորագույն ողբերգությունը 1945-ից ի վեր։ Այս պատերազմն առաջինն է աշխարհում, որը հնարել է հենց հեռուստատեսությունը։ […] Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանում շատերն են հավատացել սրան և անհաղորդ են այն ռազմական հանցագործություններին, որոնք կատարվում են Ուկրաինայում։ Բանը միայն այն չէ, որ նրանք չեն տեսնում ամբողջական պատկերը՝ լրագրության և սոցցանցերի ոչնչացման պատճառով։ Բանն այն է, որ եթե դադարեք հավատալ քարոզչությանը, էլ չեք կարող հավատալ ավանդական արժեքներ ունեցող Ռուսաստանին, հաղթանակի օրվա հերոս ժողովրդին։ Կմնա միայն խելագար մի մարդ, որը դեգերում է ռազմականացված ավազակապետության փլատակների մեջ՝ միջուկային զենքի ճամպրուկը ձեռքը։ Ո՞վ կցանկանա հավատալ սրան։ Ո՞վ ենք մենք, և ինչպե՞ս ենք թույլ տվել, որ այսպիսի բան լինի։ Այս հարցին պատասխանելը սարսափ է առաջացնում։ Ռուսները մինչև վերջ կառչած են մնալու իրենց միֆերից։ Իսկ մինչ այդ, նրանք ունեն իրենց ռազմական շքերթը, հաղթանակի օրվա ուշագնացությունը, ափիոնը՝ ժողովրդի համար»։   Նորա Վանյան
23:41 - 10 մայիսի, 2022