Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի պատերազմի դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի պատերազմի դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայտնի է, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաեւ իշխանության եւ նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։ Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։ Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Միաժամանակ հայտնում ենք, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը»։
13:36 - 11 փետրվարի, 2022
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ զավակներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ: Հատուցում է նախատեսված նաև այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու:Կառավարության ներկայացրած որոշ առաջարկներ հեղինակն ընդունել է:Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
16:50 - 03 փետրվարի, 2022
Արամ Վարդևանյանն առաջարկում է չեղարկել տուգանման բալային համակարգը |hetq.am|

Արամ Վարդևանյանն առաջարկում է չեղարկել տուգանման բալային համակարգը |hetq.am|

hetq.am: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հեղինակած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին, որով պատգամավորն առաջարկում է չեղարկել բալային համակարգը: Հիշեցնենք, որ գործող օրենքով վարորդներին հատկացվում է 9 բալային միավոր, յուրաքանչյուր խախտման համար համապատասխան միավոր է իջեցվում, և բոլոր բալերը սպառելու դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է: Նախագծի հեղինակի խոսքով՝ Սահմանադրության համաձայն նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, իսկ գործող օրենքով խախտման համար նախատեսվում է տուգանք գումարի տեսքով և միավորների իջեցում: Վարդևանյանի ներկայացմամբ՝ բալային համակարգն առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ միջոցների հետ նույն արարքի համար: «2021-ին 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունքի կասեցում է եղել: Ես չեմ ասում, որ խախտողները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց չպետք է լինի տուգանքների կիրառման  գերակայություն: Միայն տուգանքային միավորներ կարող են լինել՝ առանց գումարային միջոցների, սա ընդունելի մոտեցում չէ»,-ասաց Վարդևանյանը: Պատգամավորի համոզմամբ՝ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել իրավիճակը երթևեկության կանոնների խախտման և մահվան ելքերի տվյալների տեսանկյունից: Ըստ նրա՝ բալային համակարգը որևէ դրական դինամիկա չի ապահովել, հետևաբար համակարգի բացակայությունը ազդեցություն չի ունենալու ոլորտի վրա: Հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը նկատեց՝ համակարգը ներդրվել է այն իրավախախտների համար, որոնք ժամեր շարունակ կարող են կայանել երկրորդ գիծ և ֆինանսապես ի վիճակի են վճարել դրա համար նախատեսված տուգանքը, նրանց համար վարչական տույժի տեսակ է բալերի նվազեցումը: Պատգամավորի խոսքով, սակայն, շատերն իրենց մեքենաները հաշվառում են այլ անձանց անուններով և շարունակում թույլ տալ նույն խախտումները՝ այդպես էլ չզրկվելով վարորդական իրավունքից: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ խնդիրն այն է, որ բալային համակարգը կարող են գնել, բալեր կորցնողները կարող են բալեր նվիրատվություն ստանալ: Քոչարյանի խոսքով՝ ոստիկանությունը նման հարցերը պետք է կարգավորի: Ըստ նրա՝ բալային համակարգը լուրջ զսպաշապիկ է, բալ կորցնում է հիմնականում այն վարորդը, ով վատ է վարում: Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը հիշեցրեց համակարգի ներդրման նախապատմությունը: Պատգամավորի խոսքով՝ ժամանակ է եղել, որ 500 հազար քաղաքացի տուգանվել է արագության գերացանցման համար, բայց անգամ այդքան քաղաքացուն տուգանելիս արդյունք չի ապահովվել, վթարների դինամիկան նույն կերպ աճել է: «Պրակտիկան ցույց տվեց, որ տուգանքը որպես վարչական տույժի միջոց նպատակահարմար չէ ու կորցրել է էֆեկտիվությունը: Մեր տվյալները ցույց տվեցին, որ վարորդների մի ստվար զանգված որևէ խնդիր չունի տուգանքներ վճարելու, տուգանքների չափն ավելացնելը որևէ ազդեցություն չի թողնում: Նաև մենք ունենք վարորդների մի ստվար զանգված, որոնք ընդհանրապես գույք չունեն, դրամական միջոցներ չունեն, ինչքան ուզում եք՝ տուգանեք: Վարորդ ունենք՝ 42 մլն դրամ տուգանվել է, բայց գույք չունի, որ հարկադիրը գործողություն անի, լավ, սրանց դեմը ո՞նց առնենք»,-ասաց Խաչատրյանը: Ըստ պատգամավորի՝ միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ շատ երկրներ բալային համակարգի ներդրմամբ են արդյունավետության հանգել, օրինակ՝ Ֆրանսիայում 63 տոկոսով նվազել են մահվան ելքով ՃՏՊ-ները: Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել բալային համակարգի արդյունավետության մասին: «Էս պահին, լավագույն դեպքում, 40 տոկոսով է միայն ներդրվել, Երևանում է գործում տեսահսկման սարքերի միջոցով, մի քանի արագաչափ կա մարզերում: Պարեկը երբ ակտ է գրում, բալ չի հանվում, էս տարվա վերջին կսկսի կիրառվել, երբ պարեկային ծառայությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի»,-ասաց Արմեն Խաչատրյանը: Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով բացասական եզրակացություն:
13:55 - 03 փետրվարի, 2022
44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը շուտով կհայտարարի ձևավորման մասին |civilnet.am|

44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը շուտով կհայտարարի ձևավորման մասին |civilnet.am|

civilnet.am: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մեկ ամսից քիչ ժամանակում պատրաստ կլինի հայտարարելու ձևավորման մասին․ հունվարի 27-ին այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Քննիչ հանձնաժողովը պատրաստ է հայտարարել, որովհետև կան պատգամավորների բավարար ստորագրություններ, որոնք քննիչ հանձնաժողովը ստեղծելու առաջարկ են ներկայացրել, դրա մասին հայտարարությունը կլինի մոտ ժամանականերում»,- հայտնեց Քոչարյանը։ Հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը կայացվել է հուլիսի 26-ին՝ այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նորընտիր պատգամավորների հանդիպմանը։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «հիմա հանդարտ իրավիճակ է, և դա բավարար է, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի, հայտարարվի, որ ստեղծված է և սկսի իր աշխատանքները»։ «Ինչո՞ւ մի քիչ ուշացավ․ դրա բացատրությունները ես բազմիցս տվել եմ։ Դա կապված էր բանակում լրացուցիչ լարվածություններ չառաջացնելու, կադրային փոփոխությունների փուլը ներդաշնակ սկսելու,ՊՆ ղեկավար փոխվեց, և հիմա մենք ունենք համեմատաբար հանդարտ իրավիճակ»,- ավելացրեց Անդրանիկ Քոչարյանը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «քննիչ հանձնաժողովը պետք է հարցեր տա և ստանա պատասխաններ․ բանակին առնչվող բազմաթիվ հարցեր կան»։ «Մի՛ մոռացեք, որ 44-օրյա պատերազմի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնց առնչվում են թե՛ արտաքին գործերի, թե՛ կառավարման, վաչապետը բազմիցս ասաց, որ ինքն էլ պետք է գա և քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանի»,- հավելեց Քոչարյանը։
15:09 - 27 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին |armenpress.am|

Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշմանը և հայտարարությանը, որ ինքը չի ունեցել բավարար լիազորություններ՝ ազդելու որոշակի գործընթացների վրա, հիշեցրեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման մասին: Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:   «Երբ խոսքը գնում է լիազորությունների պակասի մասին, պարոն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, և այդ խնդիրները դեռ ունենալու էին իրենց բնորոշ ընթացակարգերը: Եվ չսպասել այդ ընթացակարգերին կամ մասնակցություն չունենալ այդ պրոցեսներին, որը վերաբերում է նաև նախագահական ինստիտուտին և տալ հայտարարություն՝ հրաժարականի մասին, այդտեղ որևէ բացատրություն ակնկալել…իհարկե կարելի է նաև տեսնել այն, ինչ, որ գոյություն չունի»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահի նկատմամբ եղե՞լ են ճնշումներ՝ Քոչարյանը հարցով պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, ՀՀ նախագահի վրա ի՞նչ ճնշում»: Ըստ Քոչարյանի՝ իշխանություններն ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Գուցե, բացատրություններ ինքը կտա հետագայում կամ այս ընթացքում: Այս պահի դրությամբ ես չեմ լսել»,-ասաց նա: Ընդհանուր առմամբ այս տարիներին գնահատելով Արմեն Սարգսյանի գործունեությունը՝ Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր երկիրը իր նախագահ եղած ժամանակահատվածում ունեցավ նաև խորը ճգնաժամեր, հիշում եք հետպատերազմյան շրջանը, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, մենք այդտեղ ունեցել ենք շատ ռիսկային պահեր: Եվ այդ ռիսկերը հաղթահարել ենք մեր ժողովրդի և գործող իշխանությունների համբերատար, ճիշտ, հավասարակշռված որոշումների արդյունքում»,-ասաց Քոչարյանը:
16:18 - 24 հունվարի, 2022
ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր: Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Տևական ժամանակ է՝ մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միևնույն անձը (խմբ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը) և մերժվել հանձնաժողովի կողմից: Այս ողջ ընթացքում բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերները ներկայացրել են բոլոր օբյեկտիվ հիմնավորումները, որոնց արդյունքում ակնհայտ է, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին: Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 38-ի 12-րդ կետի համաձայն՝  տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցնում սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը: Խմբակցության քարտուղարը նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել և առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել: «Չնայած այս հանգամանքին և ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես բնականոն աշխատանքը ապահովելու նպատակ և որպես վերը նշվածի ապացույց խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս հայտարարությունը հիմք է տալիս հանձնաժողովին չկատարել կանոնակարգ օրենքի այն պահանջը, ըստ որի հինգ օրը մեկ անգամ պետք է նիստ գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով. նա պարզաբանեց՝ այդ նիստերը չեն գումարի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուի առաջարկ չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:  «Առայժմ հասկացա, որ ՔՊ խմբակցությունն այս պաշտոնը թափուր է թողնում նաև հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը գալ և նստել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, քննարկել, թե ում թեկնածությունը կցանկանան ներկայացնել՝ Արթուր Ղազինյանից բացի: Եթե դա չի լինի, պաշտոնը թափուր կմնա, մինչև «Հայաստան» խմբակցությունը կկողմնորոշվի»,- եզրափակեց Քոչարյանը:
13:35 - 11 հունվարի, 2022
Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Օրենքի նախագծով նախատեսվում է, որ զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ամուսինները, զավակները և ծնողները ստանում են փոխհատուցում: Բայց մենք ունենք նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողներ, ովքեր 18 տարեկան էին, ամուսնացած չէին, չունեին կին, զավակներ, նաև ծնողներ. իմ տեղեկություններով՝ խոսքը 16 զինծառայողի մասին է: Անհրաժեշտություն եմ տեսել, որ նման իրավիճակում օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի նրանց քույրերը կամ եղբայրները փոխհատուցում ստանան»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հայկ Սարգսյանը նշեց, որ խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար գումարը բաշխվելու է հավասարաչափ ընտանիքի անդամների միջև: Նրա խոսքով՝ փոխհատուցումը տրամադրելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամը: Քննարկմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը: «Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը սկզբունքորեն առարկություններ չունի: Առաջարկվում է հատուցում ստացող շահառուների խմբում ներառել նաև զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քրոջը, եղբորը, պապին, տատին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, ծնող կամ զավակ: Առաջարկել ենք նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ անձը և զինծառայողն ունեն համատեղ զավակ, ինչպես նաև զինծառայողի եղբորը և քրոջը շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել»,- ասաց Սարգսյանը: 
12:17 - 11 հունվարի, 2022
Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գաբրիելյանը նշեց, որ նախագծի առաջարկվող օրենսդրական կարգավորումները կկարգավորեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը եւ կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը: Գաբրիելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առկա բացը կարգավորելու  անհրաժեշտությամբ, մասնավորապես, գործող իրավակարգավորումներով իրավասու խմբակցությունն անընդհատ կարող է առաջադրել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: «Սրա հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել այս խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որով սահմանվում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը»,- ասաց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ գործնականում պարզ է դարձել, որ այս մասով Օրենքն ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- եզրափակեց Գաբրիելյանը:
11:22 - 11 հունվարի, 2022
Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում կառավարող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Հանձնաժողովի նիստին Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս կառավարող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:  «Որպես բարի կամքի դրսևորում կամ ինչպես ուզում են թող հասկանան , հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Եվ, քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին»,- ընդգծեց Քոչարյանը:
12:40 - 21 դեկտեմբերի, 2021
Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի վերաառաջադրման պահանջ չկա |armenpress.am|

Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի վերաառաջադրման պահանջ չկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմությունը պնդում է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները նոյեմբերի 30-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, մանրամասն գնահատական տվել ստեղծված իրավիճակին: «Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընդդիմությունը միասնական է: Եվ ոչ օրենքով, ոչ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունը անընդհատ պետք  վերաառաջադրի: Ավելին՝ այդ հայտարարության մեջ արձանագրել ենք, որ վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջը չկա, հետևաբար այս թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության քարտուղարն այդ նույն հայտարարությունն Անդրանիկ Քոչարյանին նաև գրավոր է ուղարկել: Քոչարյանն էլ գրավոր կերպով տեղեկացրել է, որ թեկնածուն պետք է առաջադրվի: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ կանոնակարգը չի պահանջում նման բան: Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ընդդիմության կողմից չկա առաջադրված թեկնածու, ըստ Մինասյանի՝ չի համապատասխանում օրենքին:  «Թափուր պաշտոն առաջանալու դեպքում 5 օր հետո պետք է անցկացվի ընտրություն: Այս պաշտոնն ի սկզբանե թափուր է եղել, առաջադրումը եղել է օրենքի շրջանակում, և այդ առաջադրումը չի փոխվել: Ընդդիմությունը հայտարարությամբ վերահաստատել է, որ վերաառաջադրման անհրաժեշտություն չկա, նույն թեկնածուն է»,- ասաց Մինասյանը: Նա Անդրանիկ Քոչարյանին առաջարկեց մասնագիտական լուրջ թիմ հավաքել և վերլուծել օրենքի դրույթները: Ըստ ընդդիմության՝ իշխանությունը ցանկանում է վերցնել այդ պաշտոնը: «Չեն դիտարկում օրենքի որևէ դրույթ, ապա իրավական դաշտում համարժեք գնահատական կստանան: Սրանից հետո իրենք ինչ անեն, կդիտվի անօրինական գործողություն՝ բացառությամբ մեկ գործողության, որ նորից քվեարկության դնեն Արթուր Ղազինյանի թեկնածությունը»,- ասաց Մինասյանը:
13:00 - 14 դեկտեմբերի, 2021
Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան |armenpress.am|

Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը: Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: «Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա»,-հիշեցրեց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ երկխոսության համար երկու կողմից կնշանակվեն մարդիկ: Քոչարյանն ասաց, որ երբ կհնչեցվի այդ անձի անունը, լրագրողները հնարավորություն կունենան հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց գործընթացի սկզբում: Թե ինչու որոշվեց Թուրքիայի հետ հիմա երկխոսություն սկսել, Քոչարյանը դա հիմնավորեց առաջացած անհրաժեշտությամբ: «Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը»,-նշեց պատգամավորը:
12:09 - 14 դեկտեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի տեղակալի թեկնածու առաջադրելու համար |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի տեղակալի թեկնածու առաջադրելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս իշխող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել, սակայն ժամանակ են տալիս ընդդիմությանը իրենց թեկնածուին ներկայացնելու համար: «Գիտեք, որ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել և, ըստ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի, 138-րդ հոդվածի տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,-  հանձնաժողովին նիստին ասաց Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այժմ գտնվում են իրավակարգավորման այլ տիրույթում և պետք է շարժվել ըստ այդ տիրույթի,  այն է՝ իշխող խմբակցությունը իրավասու է իր կողմից թեկնածու առաջադրել: Քոչարյանը հավելեց, որ իրենք այս պահին թեկնածուն չեն առաջադրելու:   «Դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել և ակնկալում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կորոշի և կներկայացնի հնարավոր տարբերակներ, հակառակ դեպքում կանոնակարգ օրենքը տալիս է իրավական լուծումներ,  այն է՝ իշխող խմբակցությունը ինքն է որոշելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,- եզրափակեց Քոչարյանը:
11:47 - 14 դեկտեմբերի, 2021
Հանձնաժողովը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը |armenpress.am|

Հանձնաժողովը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի նախագիծը չի ստացել դրական եզրակացություն: Թովմասյանն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը: Կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն էր տվել: Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ նախագծով խախտվում է հիվանդ հաճախորդների  սպասարկման հավասարության սկզբունքը:
16:27 - 30 նոյեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին   |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Քոչարյանն այս մասին ասաց` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության Արթուր Ղազինյանի այն դիտարկմանը, թե  չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան: «Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի  (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ –խմբ.) անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է, և կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը:
15:34 - 30 նոյեմբերի, 2021