Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան
 |armtimes.com|

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում շատ մեծ՝ առանցքային փոփոխություններ են սպասվում։ Կարելի է ասել, որ ծառայությունը վերափոխվելու է։ Երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ/ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Ուլիխանյանը։ Պատերազմի թեժ շրջանում՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ուլիխանյանը նշանակվեց այդ պաշտոնում։ Նա ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր նաեւ հեղափոխությունից հետո՝ մինչ 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դրանից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։ Տիգրան Ուլիխանյանի հետ զրուցը ծառայությունում իրականացվող աշխատանքների մասին։ - Պարո՛ն Ուլիխանյան, այս ընթացքում ի՞նչ եք հասցրել անել։ - Ղեկավարի պարտականություններն եմ կատարել, որը սահմանված է օրենքով։ Մանրամասները, թե ինչ ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ ինչ ենք այս պահին իրականացնում՝ նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել, որովհետեւ ռիսկ կա, որ դա կարող է նվազեցնել արդյունավետությունը։ - Կա՞ն արդեն պետական մարմիններ, որտեղ հասցրել եք այս ընթացքում ուսումնասիրություն իրականացնել եւ ավարտել։ - Ուսումնասիրությունները շարունակվում են տարբեր տեղերում։ Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը իմ պարտականությունների մեջ է մտնում՝ զեկուցել վարչապետին, հետո, ըստ անհրաժեշտության այդ թվում նաեւ նրա հանձնարարությամբ՝ դրանք կա՛մ կհրապարակվեն, կա՛մ ոչ։ - Այս օրերին պետական գնումները սովորականից շատացել են՝ հաշվի առնելով, որ լրացուցիչ կարիքներ են ավելացել։ Նախատեսվա՞ծ է ուսումնասիրել այդ գնումների մանրամասները։ - Պետական գնումների համակարգը մեզ մոտ ուսումնասիրվում է ոչ միայն ըստ հանձնարարականների, այլեւ այն դրված է մշտադիտարկման տակ։ Դա նշանակում է, որ ամենօրյա ուսումնասիրություններ են կատարվում, դրանց վերաբերյալ արձագանքներ են լինում, մենք նամակագրական կապ ենք պահպանում պետական հիմնարկների հետ եւ ուսումնասիրության տարբեր արդյունքներ ունենք։ - Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի զգալի մասը՝ 100 մլն դոլարից մի փոքր ավելի փոխանցվել է ՀՀ Կառավարությանը՝ դարձյալ գնումների համար, ինչը որոշակի քննարկման առիթ էր դարձել։ Բացի ներկայացվող հաշվետվություններից՝ արդյո՞ք ՊՎԾ-ն եւս պատրաստվում է ստուգել այդ ծախսերը։ - Հարցն այն է, որ դրա մասին բարձրաձայն խոսելը կամ հայտարարելը, թե պատրաստվում ենք այսինչ տեղը ուսումնասիրություն իրականացնել կամ չենք պատրաստվում՝ 2 դեպքում էլ կարող է բացասաբար ազդել իրականացվելիք ուսումնասիրության վրա։ Դրա համար ես ընդհանրապես մեր գործողությունների պլանը կամ վաղը-մյուս օրը իրականացվելիք աշխատանքների մասին հակված չեմ բարձրաձայնել։ - Սովորաբար կառույցներում ղեկավարի փոփոխությունից հետո կադրային ջարդ է լինում, դուք կադրային փոփոխություններ արդեն կատարե՞լ եք։ - Ես ընդհանրապես այդպիսի արտահայտություններ օգտագործելուց զերծ եմ մնացել։ Գնահատողական հարց է, թե ով ինչն է համարում կադրային ջարդ։ Ես կարող եմ այսպես ասել՝ կադրային փոփոխություններ եղել են, այդ թվում նաեւ այն պաշտոնյաների, որոնք ուղղակի նշանակովի են եւ ղեկավարի փոփոխության հետ ենթադրելի է, որ նրանք էլ կփոփոխվեն։ Եղել են պաշտոնյաներ, որոնք ազատվել են աշխատանքից իմ փոփոխության հետ կապված, եղել են պաշտոնյաներ որոնք նոր են նշանակվել։ Կարելի է գնահատել, որ ծառայությունը վերափոխվելու է։ - Ձեր նշանակումից հետո թվային տվյալ կասե՞ք, թե քանի աշխատակից է ազատվել։ - Երեւի մինչեւ 10 աշխատակից։ Բայց փոփոխություններ դեռեւս սպասվում են եւ շատ։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
23:05 - 02 դեկտեմբերի, 2020
ՊՎԾ-ը խախտումներ է գտել «Զինառ» ՓԲԸ-ում

ՊՎԾ-ը խախտումներ է գտել «Զինառ» ՓԲԸ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում: 2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայն: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը: Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, կենցաղային սպասարկման ծառայություններ, զինվորական համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերում) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը։ Խախտումները մասնավորապես վերաբերվել են՝ Ընկերության կողմից խանութ-թեյարանների գծով իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 82 մլն դրամի խախտումներ, մասնավորպես, խանութ-թեյարանների վարձավճարների հաշվարկման կարգի խախտմամբ պայմանագրային գների հաշվարկման արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել, առանց պայմանագրերի, կամ առանց որևէ իրավական հիմքերի գործել են խանութ-թեյարաններ, կնքված պայմանագրերով սահմանված չափից վարձավճարները պակաս են հաշվարկվել և գանձվել։ Ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ այն պարագայում, երբ նույն ժամականահատվածում արտադրական գործունեություն չի իրականացվել և տվյալ տարածքում արտադրական գործունեություն է իրականացրել մեկ այլ ընկերություն։ Ավելին, կոմունալ ծառայությունների համար շուրջ 1.2 մլն դրամ «Զինառ» ՓԲԸ-ն վճարել է գործունեություն իրականացրած կազմակերպության փոխարեն։ 2017-2018 թվականների ընթացքում որպես փաստացի ծախս ավել է արտացոլվել, կամ շահույթը պակաս է հաշվարկվել շուրջ 50 մլն դրամով, որից զուտ շահույթը պակաս է հաշվարկվել և ՀՀ ՊՆ արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե պակաս շահութահարկ է վճարվել շուրջ 8 մլն դրամ: 2017-2018 թվականների ընթացքում Ընկերության դրամարկղից կանխիկ ելքագրված և առհաշիվ տրված գումարներից շուրջ 12 մլն դրամի իրականացված ծախսերը չեն հիմնավորվել՝ բացակայել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, – Հաստիքացուցակում ներառվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, որը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, իսկ լիազոր ներկայացուցչին վճարված շուրջ 4.5 մլն դրամի աշխատավարձը չի հիմնավորվել։ Կանոնակարգված չէ զորամասերում ինչպես սուրճի վենդինգային ապարատների տեղադրման, այնպես էլ խանութ-թեյարանների շահագործման գործընթացը: Չի հիմնավորվել Ընկերության կողմից սուրճի վենդինգային ապարատների տեղադրման համար տարածքների հատկացումը: 2019թ-ին թվով 10 զորամասերում գործել են թվով 15 սուրճի վենդինգային ապարատներ առանց պայմանագրերի կամ որևէ իրավական հիմքերի, որի արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել։ Չի պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։ Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել «Զինառ» ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին: Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
10:15 - 25 սեպտեմբերի, 2020
Դատախազը միջնորդեց բերման ենթարկել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին |factor.am|

Դատախազը միջնորդեց բերման ենթարկել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին |factor.am|

factor.am: ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը մեկ ամիս դադարից հետո հետաձգվեց։ Այսօր պետք է տեղի ունենար վկաների հարցաքննությունը, սակայն նրանց մի մասի ծանուցումները վերադարձվել էին դատարան, մյուս մասն էլ տեղեկացրել էր, որ կարևորելով դատավարության մասնակիցների առողջությունը չեն ներկայանա նիստին, («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված անձինք են բուժում ստանում), վկաներից բացի դատարան չէր եկել նաև Գևորգ Խաչատրյանի պաշտպանը, քանի որ արձակուրդում է։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը միջնորդեց բերման ենթարկել դատարան չներկայացած վկաներին, նրան միացան բոլորը, բացի փաստաբան Արսեն Սարդարյանից: Դատարանը նշեց, որ իրավասու չէ բերման ենթարկել վկաներին, քանի որ նրանք իրենց բացակայության մասին տեղեկացրել են դատարանին և պատճառաբանությունը դատարանը անհարգելի չի որակում։ Դավիթ Բալայանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել վկաներին դատարան ներկայանալու համար: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 13-ին։ Շարունակությունը՝ factor.am-ում։
11:59 - 14 սեպտեմբերի, 2020
Կառավարական առանձնատան վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ եմ դիմել ՊՎԾ․ Էդուարդ Աղաջանյան

Կառավարական առանձնատան վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ եմ դիմել ՊՎԾ․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների:  «Շարունակում ենք անդրադառնալ դեղին մամուլի անհեթեթ նյութերի իրար հերթ չտալով արտատպումներին։ Եվ ուրեմն, առանձնացնենք իրենց լրատվամիջոց հռչակած «Փաստինֆո» և այլ կայքերի կոնկրետ 2 ստերին։ Սուտ 1 - Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ։ Չնայած որ իրավասու չեմ հստակ նշել ծախսված գումարի չափը, կասեմ ընդամենը, որ ներկայացված թիվը տասնյակ անգամներ ուռճացված է։ Սուտ 2 - Կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել։ Պարզաբանում. Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»։
17:34 - 01 սեպտեմբերի, 2020
Գնումների բողոքարկման խորհրդի խնդրահարույց որոշման պատճառով «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն  ներառվել է «սև ցուցակում»

Գնումների բողոքարկման խորհրդի խնդրահարույց որոշման պատճառով «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն ներառվել է «սև ցուցակում»

Պահնորդական ծառայություններ մատուցող «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Հովհաննես Պետրոսյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում մասնավոր ընկերությունների համար ստեղծված խնդիրների շուրջ։ Ընկերության տնօրենը մեր զրույցում անդրադարձել է այս տարվա հունվարին Ֆինանսների նախարարության նախաձեռնած ընթացակարգին, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն մինչ 2022 թվականը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Նախ ներկայացնենք նախարարության հիմնավորումները և ընկերության հակափաստարկները։ Այս ընթացակարգի նախաձեռնողը եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  (ԲԷՑ) ՓԲ ընկերությունը՝ այն պատճառաբանությամբ, որ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն, հաղթող ճանաչվելով «ԲԷՑ-ԳՀԾՁԲ-19/56» գնման ընթացակարգում, սահմանված ժամկետում չի ներկայացրել իր հաստատած պայմանագիրը, այն ուժի մեջ մտնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիրը, ինչպես նաև պայմանագրի և որակավորման ապահովումները՝ բանկային երաշխիքի տեսքով։ Ընկերության տնօրեն Հովհաննես Պետրոսյանը պնդում է սակայն, որ ԲԷՑ-ի պատճառաբանությունը, թե «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի ներկայացրել հաստատված պայմանագիրը, ճիշտ չէ, քանի որ վերջինս ներկայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ինչ վերաբերում է պայմանագրի ուժի մեջ մտնելու փաստը ֆիքսելու լրացուցիչ համաձայնագրին և բանկային երաշխիքին, ապա ինչպես նշեց Պետրոսյանը, դրանց չներկայացումը հիմնավոր պատճառ ունի։ Բանն այն է, որ միաժամանակյա բանակցություններն անկացվել են օրենքի խախտմամբ։ Բանակցությունների արդյունքում մրցույթին մասնակից մեկ այլ ընկերություն՝ «Պահապան1» ՍՊԸ-ն, գնային առաջարկն իջեցրել է ինքնարժեքից, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ընկերությունը նույնպես նվազեցրել է։ Գնահատող հանձնաժողովն էլ, ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացումը բացառելու փոխարեն, թույլատրել է այն, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն հայտնվել է անելանելի դրության մեջ։ Այս ամենը հանգեցրել է ոչ բարեխիղճ մրցակցության, որը հակասում է պետական գնումների սկզբունքներին։ Վերոնշյալ գործընթացում առաջին խնդրահարույց կետն այն է, որ 2020 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի YouTube-յան էջում տեղադրված տեսանյությում վերոնշյալ բողոքը քննող Լևոն Օհանյանը չէր բավարարել Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) նախաձեռնած ընթացակարգը և «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ին չէր ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Սակայն ընկերության ղեկավարը թղթային տարբերակով այլ որոշում է ստացել, որում բողոքներ քննող անձը բավարարում է ՖՆ նշված ընթացակարգը։ Բողոքներ քննող անձը «Տրանս-Սֆեր» ընկերության հինավորումները համարել է անհիմն, քանի որ ընթացակարգի քննության արդյունքում Գնահատող հանձնաժողովի գործողութունների վերաբերյալ որևէ խախտում չի արձանագրել, որը կարող էր հանգեցնել մասնակցի՝ այս դեպքում՝ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի իրավունքների և օրինական շահերի խախտմանը։ Բացի այս՝ որոշման մեջ նշվում է նաև, որ «Պահապան1» ՍՊԸ-ն գնային առաջարկի նվազեցում արել է միայն թիվ 2 չափաբաժնի մասով, որը չէր կարող հանգեցնել «Տրանս-Սֆեր» ընկերության ծայրահեղ անբարեխիղճ պայմաններում հայտնվելուն։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Բողոքներ քննող անձի հրապարակային և թղթային որոշումները, մեղմ ասած, հակասում են իրար։ Բացի այս՝ Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ բողոքարկման խորհրդին հայտնել են, որ երկու չափաբաժիններից կազմված մրցույթի պայմանագրերը իրենց ներկայացվել են մեկ չափաբաժնով՝ ընդհանուր գումարով․ «Վերջինս ստորագրվել ու ներկայացվել էր, հրապարակային որոշման հիմքն էր եղել։ Հետագայում կեղծել են, թե առանձին չափաբաժնով հրաժարվել եմ կնքել պայմանագիրը։ Մեր պահանջով՝ ԲԷՑ-ը գնումների բողոքարկման խորհրդին ներկայացրել էր «Պահապան1»-ի հետ պայմանագրի կնքման որոշումը։ Պարզվել էր, որ ընկերության առաջարկած 26 մլն 500 հազար դրամի փոխարեն պայմանագիրը կնքվել է մոտ 29 մլն 200 հազար դրամով, որն օրենքի բացահայտ խախտում է»։ Ընկերության ղեկավարը համոզված է, որ ԲԷՑ-ի գնումների համակարգողը դիտավորությամբ է մրցույթը տարել բանակցությունների՝ իմանալով, որ «Պահապան1»-ի ներկայացված գինը շատ ավելի բարձր է։ «Այս խնդրով 2020 թվականի հունվարին հանդիպել ենք ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանին։ Վերջինս էլ չի հերքել, որ բանակցություն անցկացնելու իրավունք չկար և խախտել են կարգը։ ԲԷՑ-ը պարտավոր էր պայմանագիրը կնքելու մասին որոշումը հրապարակել սահմանված ժամկետում, բայց Բողոքարկման խորհրդի նիստից հետո նոր միայն հրապարակել են։ Պարզվել է, որ «Պահապան1»-ի հետ 15 տոկոսով ավելի բարձր գնով են կնքել, ինչը ևս խախտում է։ Փոխնախարարը, իմանալով տվյալ մրցույթում կատարված խախտումները, դիտավորությամբ բողոք է ուղարկել գնումների բողոքարկման խորհրդին՝ իմ ընկերությանը «սև ցուցակ» գցելու համար։ Ինձ համար անհասկանալի է՝  ինչո՞ւ էր Կարեն Բրուտյանը շահագրգռված իմ ընկերությանը «սև ցուցակ» գցելու հարցում։ Ըստ իս՝ փոխնախարարի հովանավորչությունը կա, քանի որ գնումների Բողոքարկման խորհուրդը իր ղեկավարության ներքո է», - մեր զրույցում նշեց Հովհաննես Պետրոսյանը։ Պետրոսյանն ասաց, որ «Պահապան1» ՍՊԸ-ն նախկին «Պահապան» ՍՊԸ-ն է, որը, ըստ ՀՀ Ոստիկանությունից ստացված գրության, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին անվանափոխվել է «Պահապան1»-ի։ Հենց նույն գրությունում նշված է, որ ընկերությունը զենք և փամփուշտներ պահելու և օգտագործելու թույլտվություն ստացել է անվանափոխությունից ավելի վաղ՝ 2019 թվականի փետրվարի 1-ին։ Ստացվում է, որ լիցենզիայում անվանափոխություն է եղել, սակայն նշված թույլտվությունը դեռևս հին անվանմամբ է։ Ներկայացված գործընթացի մասով ընկերության ղեկավարը դիմել է վարչապետին։ Նաև ներկայացրել է ևս երկու մրցույթներում իր նկատած խախտումները։ Առաջինը՝ ԵՊԿ-ԳՀԾՁԲ-20/01 մրցույթում «Պահապան1» ՍՊԸ-ի առաջարկած 88․000.000.դրամը բանակցությունների արդյունքով նվազեցվում է՝ 60․000.000 դրամով, ճանաչվում է հաղթող, սակայն պայմանագրիը կնքվում է ավելի բարձր գումարով։ Երկրորդը՝ ԲԻ-ԳՀԾՁԲ-19/05 մրցույթում տեխնիկական բնութագրով պահանջ է եղել՝ զենքը և փամփուշտները պահելու և օգտագործելու համապատասխան թույլտվություն: Տվյալ թույտվությունն ունենալու փաստը, գնումների համակարգողի պնդմամբ, առկա է եղել, սակայն Պետրոսյանը համոզված է, որ «Պահապան1» ՍՊԸ-ն նման թույտվություն չունի:  Այժմ Պետրոսյանի գրությունն ուղարկվել է Պետական վերահսկողական ծառայություն, այն  քննության փուլում է։  Ըստ Պետական ռեգիստրի տվյալների՝ «Պահապան1» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականի օգոստոսի 21-ին, սակայն ՀՀ Ոստիկանության գրությունում նշված էր, որ ընկերությունն իր պահնորդական գործունեության լիցենզիան ստացել է 2016 թվականի փետրվարի 6-ին։ Պետական ռեսգիստրում նշված է, որ ընկերության հիմնադիրը Աննա Կոտիկին Վանեցյանն է։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում կա միայն մեկ Աննա Կոտիկի Վանեցյան, որը գրանցված է Ավան Առինջ, 2 մկրշ․ 3/3 36 հասցեում։ Պարզվում է, որ Աննա Վանեցյանը այն նույն անձն է, որին  հագուստի և  պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊ ընկերության տնօրեն Վիկտորյա Մելիք-Սարգսյանը 2019 թվականի փետրվարի 5-ին լիազորել է ստորագրել «ՀՀ ԱԱԾ-ՏՆՏՎ-ԷԱՃ-1/19-ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԿՈՇԿԵՂԵՆ» ծածկագրով Էլեկտրոնային աճուրդի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ իր էլեկտրոնային ստորագրությամբ։ Դեռևս 2014 թվականին «Հետք» պարբերականը գրել էր, որ վերոնշյալ «Պահապան» ՍՊԸ-ի տնօրեն Վիկտորյա Մելիք-Սարգսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր (մինչ 2017թ․) Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է։ Ստացվում է, որ պահնորդական գործունեությամբ զբաղվող «Պահապան1» ՍՊԸ-ի հիմնադիր Աննա Վանեցյանը փոխկապակցված է հագուստի և  պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊ ընկերության տնօրեն  Վիկտորյա Մելիք-Սարգսյանի հետ։ Ընկերությունների մասին անհրաժեշտ տեղեկությունները և նշված լիազորագիրը՝ ստորև։ Հագուստի և  պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊԸ-ն 2020 թվականի ապրիլի 23-ին 2 տարի ժամկետով ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Սակայն, ընկերությունը 2020 թվականի ապրիլի 29-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։ 16.05.2020թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2020թ. թիվ ԵԴ/12901/02/20 որոշման հիման վրա հանվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկից՝  մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք նաև, որ ԲԷՑ-ի հրապարակած պայմանագրին կցված չէ «Պահապան1» ընկերության ներկայացրած բանկային երաշխիքը։ Այն պետք է ներկայացվեր՝ ըստ ՀՀ կառավարության 526-Ն որոշման 7-րդ մասի 32-րդ հոդվածի «գ» ենթակետի, քանի որ պայմանագրի արժեքը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը՝ 10 մլն դրամը։ 2020 թվականի օգոստոսի 10-ին հարցումով դիմել էինք ԲԷՑ, որպեսզի տրամադրեն վերոնշյալ ընկերության ներկայացրած բանկային երաշխիքը։ Սակայն ԲԷՑ ՓԲԸ-ն այն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ հարցումով պահանջվող փաստաթուղթը բանկային գաղտնիք է։ Սակայն հարկ է նշել, որ և՛ ARMEPS համակարգում, և՛ Tender Monitoring հարթակում կան պայմանագրեր, որոնց կցված են հաղթող ընկերությունների ներկայացրած բանկային երաշխիքները։ Արփի Ավետիսյան
20:39 - 20 օգոստոսի, 2020
Վարչապետին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները: Այսօր ներկայացվել է Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Նա նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են ՀՀ կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» հատվածի գերակայությունները և այդ պայքարում կառավարության որդեգրած քաղաքականությունը: Վերահսկողական գործընթացներն իրականացվել են կոռուպցիան ծնող պատճառների վերհանման և դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացման սկզբունքով։ Մասնավորապես, կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրի միջոցառումների շրջանակում ՊՎԾ-ն մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվել է ՊՎԾ ղեկավարը: 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին 4 ամսում կատարվել են ավելի քան 30 ուսումնասիրություն և 90 մշտադիտարկում, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ և այլն։ Արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են ՀՀ պետական բյուջեի որոշակի տնտեսումներ: Մշակվել և համապատասխան մարմիններին են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների և տարբեր ոլորտների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին առաջարկություններ: ՀՀ կառավարության՝ պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրման առաջնահերթության շրջանակում իրականացվել են www.gnumner.am պաշտոնական կայքում հրապարակված գնման ընթացակարգերի հրավերների մշտադիտարկումներ, տարբեր կազմակերպությունների ներկայացվել են դրանք «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու առաջարկներ։ Կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են նաև կառուցվածքային բարեփոխումներ, մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներ, մշակվել են ներքին կանոնակարգային փաստաթղթեր և այլն: Քաղաքացիների հետ շփման մատչելիության ապահովման նպատակով ՊՎԾ-ում գործարկվել է դիմումների առցանց ընդունման համակարգ: Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի մասին տեղեկատվություն: Հաշվետվությունը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊՎԾ գործունեությանն առնչվող մի շարք հարցերի: Վարչապետը, մասնավորապես, իր դիտարկումներն է ներկայացրել հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կապակցությամբ, կարևորել այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների միջև փոխհամաձայնեցված աշխատանքը և ինստիտուցիոնալ գործառույթների կրկնության վերացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է ՊՎԾ գործունեության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, այն ավելի հրապարակային, թափանցիկ և հաշվետու դարձնելու հարցում և տվել մի շարք հանձնարարականներ:
14:29 - 19 օգոստոսի, 2020
Գնումների գործընթացների տոտալ վերահսկողության համար 30 աշխատակից է անհրաժեշտ լինելու․ պետությունը նման ռեսուրս չի կարող իրեն թույլ տալ․ Կարեն Մնացականյան

Գնումների գործընթացների տոտալ վերահսկողության համար 30 աշխատակից է անհրաժեշտ լինելու․ պետությունը նման ռեսուրս չի կարող իրեն թույլ տալ․ Կարեն Մնացականյան

Պետական վերահսկողական ծառայության Գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետ Կարեն Մնացականյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, իրականացվող վերահսկողության եւ առաջարկվող փոփոխությունների մասին։ - Պարո՛ն Մնացականյան, Պետական վերահսկողական ծառայությունն այս 2 տարիների ընթացքում գնահատե՞լ է «Գնումների մասին» օրենքի արդյունավետությունը։ - Իհարկե, գնահատել ենք։ Պետական վերահսկողական ծառայությունն անընդհատ այդ գործընթացի մեջ է։ Կոպիտ ասած՝ սա բնականոն ընթացք ունեցող պրոցես է, որն անընդհատ միջամտություն, վերահսկողություն ու փոփոխություններ է պահանջում։ Իսկ ՊՎԾ-ն, որպես վերահսկողություն իրականացնող կառույց, այսպես ասած, դաշտային աշխատանքների մեջ է։  ՊՎԾ-ն իր ամենօրյա աշխատանքի ընթացքում հանդիպում է այն խոչընդոտներին, որոնք իրավական մասով կազուսներ կարող են առաջացնել տնտեսվարողների համար։ Նմանատիպ գործընթացները պարբերաբար գնահատվում են պրակտիկորեն, ու տեղեկանքի տեսքով ամեն անգամ վարչապետին են ներկայացվում մեթոդական փոփոխությունների առաջարկություններ, համակարգի բարելավման մոտեցումներ, որոնք ուղարկվում են Ֆինանսների նախարարություն՝ հետագա ընթացք ստանալու նպատակով։ Չկա խնդիր, որին ՊՎԾ-ն չանդրադառնա ու առաջարկություններ չներկայացնի։ Այս առումով առավել կենտրոնացած ենք, որ ռիսկերի զսպման կամ կանխարգելման պրոցեսը նույնիսկ ավտոմատացված լինի, քանի որ ավտոմատացման համակարգից հետո կարող ենք սուբյեկտիվ, ոչ պատշաճ վերաբերմունքը, ոչ մրցակցային փոխհարաբերությունները ինչ-որ ձեւ զսպել։ Այս մասով ՊՎԾ-ի դերը շատ մեծ է։ Տնտեսվարողների արձագանքն առաջինը մենք ենք ստանում՝ բողոքների, նամակների տեսքով՝ թե օրենդրական կարգավորումների անհամապատասխանությունների մասով, թե՛ ոչ մրցակցային պայմանավորվածությունների, թե՛ այլնի։ Կարծում ենք՝ ճիշտը ՊՎԾ-ի տված տեղեկանքներով այդ արձագանքին հետեւողական ընթացք տալն է։  Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ են եղել առաջարկությունները, ու դրանք հենց այնպես չեն ներկայացվել, փաստացի իրականացված գործարքների, դրանց արդյունքում վեր հանված բազմաթիվ խնդիրների մասով անընդհատ նոր առաջարկություններ են լինում։  - Կա՞ն առաջարկներ, որոնք արդեն իրավական ակտի տեսք են ստացել։ - Շատ առաջարկներ կան, որոնք այս պահին քննարկվում են հենց Ազգային ժողովում։ Պատգամավորների հետ համատեղ խումբ է ստեղծվել, որտեղ քննարկվում են բոլոր առաջարկությունները։ Պարբերաբար քննարկումներ են ընթանում նաեւ Ֆինանսների նախարարության, փոխվարչապետի մակարդակով։ Նախագծեր կան, որոնք ընթացքում իրավական ակտի կարգավիճակ կստանան, բայց, ինչպես նշեցի, անընդհատ փոփոխվող գործընթաց է, որովհետեւ իրավական ակտ մշակելը մի բան է, դրա կիրառությունն ու հասարակական արձագանքը, տնտեսվարողների արձագանքը՝ մի ուրիշ։ - Սովորաբար ի՞նչ ընտրանքով են տեղի ունենում գնումների գործընթացներին վերաբերող ուսումնասիրությունները։  - ՊՎԾ-ն, որպես վերահսկող հիմնարկ, ունի երկու գործիք․ մեկն ուսումնասիրությունների իրականացնում է․ սա տեղի է ունենում ծառայության ղեկավարի հանձնարարությունների հիման վրա՝ համաձայնեցվելով վարչապետի հետ։ Այս աշխատանքը բնույթով շատ ռեսուրսատար է։ Երկրորդ գործիքը մշտադիտարկումն է։ Սա հիմնականում իրականացվում է էլեկտրոնային շտեմարանների ուսումնասիրությամբ՝ մեր աշխատակիցների անմիջական գործողություններով, ապա հանրագրերի ուսումնասիրմամբ։ Սակայն մեր վարչությունը քիչ ռեսուրսներ ունի։ Երկրում կիրառվող գնումների կոդերը գերազանցում են 80 հազարը։ Ամեն կոդը կարող է դառնալ գնման ընթացակարգ, մոտ 4 հազար պետական մարմին ունենք, մոտ 36 հազար գնման ընթացակարգ պիտի տեղի ունենա։ Այս առումով սուղ հաստիքներ ունենք, վարչությունը բաղկացած է հաստիքային 8 միավորից, եւ, ինչքան էլ ցանկանանք, գիշեր-ցերեկ աշխատենք, մեկ է՝ չի ստացվելու ամբողջը վերահսկել։ Ռեսուրսների սահմանափակ լինելու առումով մենք մի ձեւ ենք գտել․ աշխատակիցներից երկուսը հիմնականում մոնիթորինգ են անում հայտարարվող բոլոր ընթացակարգերը՝ բացառելու ուղղորդված գնումները, արտամրցութային պայմանավորվածությունները։ Այսինքն՝ երբ հանրային հատվածի կազմակերպությունները տեխնիկական բնութագրերի միջոցով սկսում են ուղղորդումներ իրականանցել, մենք սկզբնական փուլում վեր ենք հանում։ Հետո արդեն առաջարկություններ ենք անում հիմնարկներին՝ խնդրելով փոխել իրենց տեխնիկական բնութագրերը՝ բացառելով խտրական մոտեցումները։ Մեր առաջարկները մեծամասամբ ընդունվում են։ Հիմնական շեշտը դնում ենք կանխարգելիչ ֆունկցիայի իրականացման վրա։ Գոնե այդպես փորձում ենք հավասար պայմաններ ապահովել՝ մրցույթների նախնական փուլում։  Վերահսկողությունը մեծամասամբ իրականացվում է բողոք-դիմումների, հանրագրերի հիման վրա։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ մեդիադաշտի գործառույթը, որովհետեւ մենք պարբերաբար մամուլի հրապարակումներն ենք մշտադիտարկում, տարբեր հրապարակումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել։ Իսկ եթե կոնկրետ վարչապետից է լինում ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարությունը, այդ դեպքում արդեն Ծառայության ղեկավարարի հանձնարարագրի հիման վրա լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում։ - Պարո՛ն Մնացականյան, ինչպես արդեն նշեցիք՝ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունն ունի աշխատանքային ռեսուրսների խնդիր։ Ի՞նչ քայլեր են նախատեսվում այս խնդրի լուծման նպատակով եւ որքա՞ն ռեսուրսներ են անհրաժեշտ գնումների ոլորտի լիարժեք վերահսկողության համար։ - Այս առումով չեմ կարող պատկերացնել, որ պետությունը նման տոտալ վերահսկողություն կարող է իրականացնել՝ նմանատիպ բոլոր գործարքների նկատմամբ։ Մոտավորապես ութ հաստիքային միավոր ունենք, նախատեսում ենք եւս երկուսն ավելացնել, բայց եթե տոտալ վերահսկողության մասին լինի խոսքը՝ մոտ երեսուն աշխատակից է անհրաժեշտ լինելու։ Մեզ մոտ սրա վերաբերյալ պրոցեսներ են տեղի ունենում, որպեսզի առավել խոցելի խմբերին ի հայտ բերենք։ Մշակել ենք ռիսկերի գնահատման մեխանիզմ, որովհետեւ պետությունն այսօր նման ռեսուրս չի կարող իրեն թույլ տալ՝ երեք անգամ ավելացնելով պետական ծախսերը։  - Շինարարությունը եւ դրա տեխնիկական հսկողությունը պետական գնումների համակարգում ամենակարեւոր գործընթացներից են։ Այս մասով ի՞նչ ժամանակային կտրվածքով են իրականացվում ուսումնասիրությունները։ Այժմ ընթացքի մեջ եղող շինարարությունների պայմանագրերի մասով ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են։ - Ընթացիկ վերահսկողությունը մի քիչ բարդ է, որովհետեւ շինարարական պրոցեսը ստուգելու ավելի շատ կողմեր ունի՝ գնման ընթացակարագերը, դրանց կազմակերպումը։ Բայց տեղում փաստացի աշխատանքն ու դրա արդյունավետության գնահատումն արդեն լուրջ ուսումնասիրության կարիք են ունենում, որովհետեւ պահանջվում են փորձագիտական եզրակացություններ, մասնագիտական ներուժի ներգրավում։ Այս առումով մեր գործողությունները պայմանավորված են լինում հանձնարարականներով։ Օրինակ, վարչապետն անցած տարի շինաշխատանքների մասով կոնկրետ հանձնարարություն է տվել, ուսումնասիրություն է իրականացվել, քրեական գործ է հարուցվել, պաշտոնանկություններ են եղել։  Արփի Ավետիսյան
20:32 - 12 օգոստոսի, 2020
ՊՎԾ-ն ամփոփել է առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

ՊՎԾ-ն ամփոփել է առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, ընդհանուր առմամբ, ծառայությունում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին` իրավական գնահատական տալու նպատակով, կան հարուցված քրեական գործեր: Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում կազմված տեղեկանքների հիման վրա, մի շարք դեպքերում, իրավապահ մարմինների քննչական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պատճառված վնասի չափով գումարը: Մեկ դեպքում՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 1.2 մլրդ դրամ, որպես լրացուցիչ շահաբաժին, փոխանցել ՀՀ պետական բյուջե, ինչը 2020 թվականի մայիսի 5-ին կատարվել է: Ավելի վաղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ոստիկանությունում արձանագրված խտրական գնման գործընթացների բացառմամբ, մրցակցային իրավահարաբերությունների ապահովմամբ ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: Ամփոփվում են ուսումնասիրությունները «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում: Ընթացքի մեջ են «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունները, ինչպես նաև մի շարք մշտադիտարկումներ: Ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն իրականացվել են ռիսկերի վեր հանման և գնահատման, ՀՀ վարչապետի հանձնարարականների, քաղաքացիների դիմում-բողոքների և մամուլի հրապարակումների հիման վրա: Մշտադիտարկվում է համավարակի դեմ տարվող աշխատանքներում ներգրավված բոլոր պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները (վարակակիրների հայտնաբերում, մեկուսացում, ինքնամեկուսացում, թեստավորում, հոսպիտալացում, իրազեկում, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժում, պարետի որոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն): Հաշվետու ժամանակահատվածում ծառայությունում մուտքագրվել են 270 քաղաքացիների դիմում-բողոքներ։ Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։ Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են  դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։ Էլեկտրոնային եղանակով ստացվել են թվով 30 տեղեկատվական հարցումներ (4-ը՝ քաղաքացու կողմից,     4-ը՝ հասարակական կազմակերպությունից, 20-ը՝ լրագրողից, 1-ական պետական և մասնավոր կազմակերպությունից, 1-ը՝ փաստաբանի կողմից), ինչպես նաև ստացվել են 34 բանավոր հարցումներ լրատվամիջոցների կողմից։ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերի համաձայն պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման իրավասու մարմիններին հասցեագրվել են թվով 89 դիմումներ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն: Պատրաստվել է 102 հանձնարարական։  Կատարվել է 95 քաղաքացիների ընդունելություն, որոնց ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ: Պաշտոնապես գործող տեղեկատու հեռախոսահամարի միջոցով 265 քաղաքացիների տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։
16:21 - 11 օգոստոսի, 2020
Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները․ Մարիամ Զադոյան

Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները․ Մարիամ Զադոյան

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում առկա օրենսդրական խնդիրների և անհրաժեշտ փոփոխությունների մասին։ - Պետական գնումների ընթացակարգերի մրցույթներում տեխնիկական բնութագրերը երբեմն թերություններով են կազմվում, անհասկանալի են լինում, շատ հաճախ հարմարեցվում են նաև պատվիրատուի նախընտրած ընկերությանը, որպեսզի մրցույթում հաղթանակ ապահովեն։ Արդյոք կա՞ արդյունավետ միջոց՝ այս խնդիրը կարգավորելու համար, և արդյոք պատկան մարմինների հետ երկխոսություն ծավալե՞լ եք նշված հարցի շուրջ։ - Գնումների ոլորտում սա համարվում է կոռուպցիոն ռիսկերի ամենատարածված սխեմաներից մեկը։ Մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այս խնդիրը, ասոցիացիան գործարկում է «Բիզպաշտպան» ազդարարման հարթակը։ Մենք բիզնեսներից հայտեր ենք ստանում՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Արդեն բազմիցս ստացել ենք հայտեր այն մասին, որ տեխնիկական բնութագիրը պետական գնումների ոլորտում կոնկրետ մեկ ընկերության համար է մշակված եղել, որպեսզի հենց այդ ընկերությունը հաղթի մրցույթում։ Նշված հայտերը ստացել ենք հիմնականում Պաշտպանության նախարարության, ինչպես նաև մարզպետարանների, համայնքապետարանների, Երևանի քաղաքապետարանի մասով։ Մենք միշտ առաջարկել ենք, որպեսզի մշակվեն տեխնիկական բնութագրերի ուղեցույցներ։ Այսինքն՝ նշվածը լինի հիմնական օգտագործման առարկաների համար, որպեսզի պետական պատվիրատուն չկարողանա մանևրել և այնպիսի տեխնիկական բնութագիր մշակել, որ կոնկրետ մեկ ընկերություն հաղթի։ Ֆինանսների նախարարությունն, ընդհանուր առմամբ, մեզ հետ համագորրծակցում էր, բայց սկզբում նրանք այլ լուծում առաջարկեցին, որի արդյունքում 2017 թվականին ընդունվեց ՀՀ կառավարության 1454-Ն որոշումը՝ ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը։ Մինչ այդ՝ իրենք այդպիսի վերահսկողական գործառույթ չունեին։ Դրանից հետո Ֆինանսների նախարարությունը ընտրանքային մեթոդով վերցնում էր գնումների ընթացակարգեր և մոնիթորինգի ենթարկում։ Բնականաբար, սա այդքան էլ արդյունավետ չէր՝ երկու պատճառով։ Նախ՝ ընտրանքը շատ փոքր մաս էր կազմում, մի շարք գնումներ մնում էին առանց մոնիթորինգի, երկրորդը՝ Ֆինանսների նախարարությունը չուներ այդքան ռեսուրս, որ կարողանար ցանկացած բիզնես ոլորտում տեխնիկական բնութագրերը կարդալ և հասկանալ, որ որևէ չափորոշիչ խտրական է։  Այս ամենից հետո երկար բանակցեցինք, երկխոսեցինք ՖՆ-ի հետ։ 2019 թվականի նոյեմբերի 2-ին տեխնիկական բնութագրերի փորձաքննության նոր մասնակցային կարգ ընդունվեց։ Սրանով յուրաքանչյուր ոք, մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետը, կարող է պատվիրատուին հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերի օրենքով սահմանված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների տեսակետից հիմնավորումներ ներկայացնել։ Պատվիրատուն ստացված հինավորումների քննարկման ամփոփաթերթն ու հայտերի բացման նիստի արձանագրությունը միասին հրապարակում է գնումների պաշտոնական տեղեկագրում։ Սա նույն ոլորտում գտնվող բիզնեսներին հնարավորություն է տալիս մինչև հրավերի հրապարակումը բարձրաձայնել խնդիրները։  Ինչ վերաբերում է մեր առաջարկած ուղեցույցին, ապա 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կառավարությունը թիվ 1716-Լ որոշմամբ հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագիրը։ Այդտեղ որպես միջոցառում սահմանվեց գնումների պլանավորման համակարգի կատարելագործումը՝ ապահովելով պետական մարմինների միանման կարիքների բավարարումը՝ միևնույն բնութագրում ունեցող գնման առարկաներով և նույն նախահաշվային գներով։ Ֆինանսների նախարարությունը, որպես այս միջոցառման կատարում, արդեն պատրաստվում է մշակել և կառավարությանը ներկայացնել կարգավորող իրավական ակտի նախագիծ։ Այսինքն՝ սա այն հիմքն է, որի հիման վրա հենց այդ ուղեցույցները կմշակվեն։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ առաջին փուլում ուղեցույցը  կմշակվի ինչ-որ իքս քանակությամբ առարկաների համար։ Հետագայում, երբ տեսնեն, որ կոնկրետ մեկ այլ գնման առարկա կա, որտեղ այդ արատավոր պրակտիկան շարունակվում է, դրա համար էլ կմշակեն։ Այսինքն՝ ուղեցույցը ավարտուն չի լինի և անընդհատ կզարգանա՝ փորձելով ավելի շատ գնման առարկաների բնութագրեր պարունակել։ Մի քանի տարի կիրառվելու ընթացքում վերոնշյալը բավական տարբերություն կապահովի։ Եվս մեկ բան նշեմ։ Երբ մենք «Բիզպաշտպան» հարթակով ստանում էինք գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող ազդարարումները, երկու մոտեցում էինք որդեգրում․ փորձում էինք և՛ համակարգային լուծում տալ խնդրին, և՛ դրվագային՝ կոնկրետ դեպքի վերաբերյալ։ Համակարգային լուծումը, բնականաբար, կայանում էր Ֆինանսների նախարարության հետ երկխոսելով և այս ամբողջ օրենսդրական կատարելագործումներով։ Բայց այս գրությունները նաև Պետական վերահսկողական ծառայություն էինք ներկայացնում։ Որոշ դեպքերում իրենք իրականացնում էին իրենց մշտադիտարկումը և պարզում էին, որ առաջին հաղթած ընկերության և պետական պատվիրատուի միջև կա փոխկապակցվածություն։ Այս ամենը մի քանի դրվագով պարզվել է կրթության, պաշտպանության ոլորտներում։ Մշտադիտարկման արդյունքները զեկուցվել են տվյալ ոլորտների ղեկավարներին։ Իրենք արդեն կարող են կարգապահական քննություն իրականացնել և ներքին կարգով իրենց խնդիրը լուծել։ - Պետական գնումների տարեկան պլանները հաճախ չեն կազմվում շուկայի ուսումնասիրության և, հետևաբար, կարիքների առավել հստակ գնահատման հիման վրա։ Ինչպե՞ս պետք է ապահովել այս տրամաբանական շղթան և միաժամանակ ապահովել միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ կապը։ Արդյոք բավարար վերահսկողություն կա՞ նշյալ տրամաբանական շղթայի ստեղծման ու կիրարկման նկատմամբ։ - Պետական գնումների պլանավորման գործընթացում բացակայում են գնային սահմանների չափորոշիչներ, ինչը հնարավորություն է տալիս ոչ նպատակային վատնել պետական բյուջեի միջոցները։ Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները։ Օրինակ՝ ծառայողական մեքենա է տրամադրվում այն պետական պաշտոնյային, որի գործունեության բնույթը նախատեսում է աշխատանք՝ միայն կամ առավելապես գրասենյակից։ Այս խնդրի լուծումը պետք է տալ միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման փուլում, որովհետև պետական գնումների պլանները պետական բյուջեի մի մասն են այքանով, որքանով պետական բյուջեից են հատկացումները։ Երբ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» իրականացնում էր «Կառուցողական երկխոսությունների հանձնառություն» ծրագիրը, հաջողությունն այն էր, որ վարչապետի մակարդակով իրավական ակտ ընդունվեց, որով պարտադիր դարձավ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քննարկումը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ Գրեթե բոլոր պետական գերատեսչական ծառայությունների հետ տասնյակ քննարկումներ իրականացրինք, որի արդյունքում բավականին բարելավվումներ գրանցվեցին, և բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվեցին, օրինակ՝ թե ինչու որևէ պետական գերատեսչության մոտ տվյալ կարիքը չկա, բայց հենց իր գնումների պլանում այն առկա է։ Բավականին փոփոխություններ եղան։ - Միջնաժամկետ ծախսերի ծրագրով և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախապատվությունն ավելի շատ տրվում է կապիտալ ծախսերի իրականացմանը։ Վերջին 2 տարում՝ նոր կառավարող ուժի ղեկավարման շրջանում, կապիտալ ծախսերի մասով թերակատարում ենք գրանցում։ Արդյոք սա կապված չէ՞ նաև պետական գնումների ոլորտում առկա խնդիրների հետ։ - Սա պետական գնումների ոլորտում իրոք մեծ խնդիր է։ Ընդհանրապես, կարգ ու կանոն, չափանիշներ այս պահի դրությամբ հստակ սահմանված չեն, թե կոնկրետ որ պետական պատվիրատուն ինչ կարիք ունի։ Այսինքն՝ մեր առաջին հարցը տալիս է այն խնդրի պատասխանը, որ ցանկացած պետական պատվիրատու, եթե ինչ-որ կարիք ունի, ինքն այդ կարիքի համար ունի չափորոշիչ։ Բայց երկրորդ հարցն այն է՝ արդյոք պետական պատվիրատուն այդ կարիքն ունի՞։ Մենք այս մասով էլ առաջարկել ենք սահմանել հստակ չափորոշիչներ՝ պետության կարիքների համար ձեռք բերվող հիմնական ապրանքների եւ ծառայությունների, աշխատանքների համար, բայց դեռ պետական կողմի համաձայնությունը չունենք։ Մեր այն առաջարկությունները, որոնք մասնակի են ընդունվում, շարունակում ենք առաջ տանել, մենք շարունակելու ենք նաեւ այս առաջարակը լոբբինգ անել, որպեսզի ընդունվի, որպեսզի այդ մասով էլ չափորոշիչներ լինեն։ - 2018 թվականին «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ներկայացրեց ուսումնասիրություն՝ իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման եվ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման վերաբերյալ։ Այժմ որոշ չափով առկա է կարգավորումը։ Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը։ Միաժամանակ, կարգավորումների առկայության դեպքում նախանշվում էր անձնական տվյալների պաշտպանության խախտման ռիսկը։ Ի՞նչ մեխանիզմով է հնարավոր հավասարակշռել անձնական տվյալների պաշտպանությունն ու իրական սեփականատերերի հայտարարագրումը, որպեսզի հետագայում տվյալների պաշտպանության քողի ներքո որևէ տեղեկություն չթաքցվի։ - Այս պահին այդ ամբողջ տեղեկությունը հրապարակային է։ Բայց խնդիրն այն է, որ սա հեշտ օգտագործելի ֆորմատով չէ։ Երբ ես, օրինակ, հետաքննող լրագրող եմ, կամ մասնագետ, եւ փորձում եմ աշխատել այդ տվյալների հետ, այն pdf ֆորմատով է, նշված է, որ հաղթող ընկերության իրական սեփականատերն այսինչ անձն է, ու այստեղ խնդիր է առաջանում, դժվար է աշխատել, պատկերացրեք՝ ինչքան գնում է եղել, ու բոլորն առանձին-առանձին pdf ֆորմատով են։ Դժվար է հասկանալ, որ, օրինակ, որեւէ գնման մեջ խնդիր կա, կամ այս մի ընկերության սեփականատերը փոխկապակցված է որեւէ պատվիրատուի հետ։ Բայց լավ նորություն ունենք․ առաջիկայում մշակվելու է հերթական ծրագիրը՝ Ֆինանսների նախարարության եւ միջազգային գործընկերների հետ առաջ ենք տանում գաղափարը, որ նախարարության կայքերը վերազինվեն, բոլոր տվյալները լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան։ Այդ փոփոխությունից հետո հնարավոր կլինի անկանոնությունները վեր հանել, պաշտոնյաների հայտարարգրերի հետ համեմատել շահերը, ընկերության իրական սեփականատերերին, հասկանալ՝ փոխկապակցվածություն կա՞ եւ չարաշահում եղե՞լ է, թե ոչ։ Հայտարարագրերի մասով պետք է վերահսկողություն իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Ինչ վերաբերում է իրական սեփականատերերի մասին փաստաթղթի հրապարակմանը, ապա գնումների համակարգողի պատասխանատվությունն է, որ պետք է հրապարակի անհրաժեշտ տվյաները։ Իսկ եթե ՊՈԱԿ է, դրան վերահսկող մարմինը պետք է վերահսկողություն իրականացնի։ Բայց այս մասով, առհասարակ, բավարար լավ իրազեկում չի արվել։ Անձնական տվյալների պաշտպանության առումով՝ այստեղ ռիսկեր կան, գործ ունենք հանրային եւ մասնավոր շահերի բախման հետ։ Հանրային շահից ելնելով՝ պետք է հրապարակվի, մասնավոր շահից ելնելով՝ ոչ։ Բայց կան միջազգային իրավական փաստաթղթեր, որտեղ նշված է, որ այստեղ գերակա է հանրային շահը, եւ մասնավոր շահն այս պարագայում պետք է ստորադասվի, ու այդ տվյալները լինեն հրապարակային։ Սա միայն գնումների ոլորտն է փակում, մյուսն էլ՝ հանքարդյունաբերությանը։ Բայց մենք պնդում ենք, որ պետք է համատարած ռեգիստր լինի՝ իրական սեփականատերերի վերաբերյալ։ Մենք հասանք նրան, որ ռեգիստրը ստեղծվել է, բայց տվյալները միայն հանքարդյունաբերւթյան մասով են հրապարակվում: Մենք հիմա պնդում ենք, որ լինի պարտադիր պահանջ, որպեսզի ընկերությունները հրապարակեն այդ տեղեկությունը։ Արդարադատության նախարարության հետ համագործակցության արդյունքում  վերջին հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ևս իրական սեփականատերերի ռեգիստրի հիմնման դրույթը ներառվեց։ Մենք հասել ենք նրան, որ մինչև 2022 թվականը Արդարադատության նախարարությունը և այլ շահագրգիռ կողմեր պարբերաբար մշակեն խումբ-խումբ բիզնեսներ, որոնք քիչ-քիչ կսկսեն ներկայացնել իրական սեփականատերերի հայտարարագրերը։ Սակայն, մենք պնդում ենք, որ սա բոլորի համար գործի, հատկապես, երբ միջազգային փորձում չկա նման բան, որ միայն մեկ ոլորտում գործի այս ռեգիստրը։ - Անդրադառնանք նաև պետական գնումների գործընթացի մյուս կարևոր փուլին՝ գնումների բողոքարկման քննությանը։ Խորհուրդը կազմված է 3 անդամից՝ նախկին 56-ի փոխարեն, սակայն բողոքը քննում է խորհրդի անդամը՝ միանձնյա։ Որքանո՞վ է այս ամենն ազդում բողոքարկման անաչառության վրա։ Արդյոք կարծիքների ու տեսակետների բազմազանությունն առավել նպատակարմար չէ՞ր լինի բողոքի արդար քննության համար։ - Մենք բողոքարկման խորհրդի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ենք ներկայացրել, ընդհուպ մինչև Ֆինանսների նախարարությունից վերջինիս առանձնացումը։ Առաջարկել ենք, որ դիտարկեն բողոքարկման խորհրդի ընտրովի դառնալու նպատակահարմարությունը, ինչպես նաև պետական բյուջեից առանձին տողով նախատեսվող վարձատրություն և բողոքարկման խորհրդին առանձին աշխատակազմի տրամադրում։ Միաժամանակ, առաջարկում ենք նաև, որ բողոքները քննվեն կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա։  Միջազգային փորձը ևս դիտարկել ենք։ Որոշ երկրներում բողոքարկման խորհուրդներ չկան, սրանք քաղաքաիրավական հարաբերություններ են, և բողոքները դատարանն է քննում։ Այսպես է, օրինակ, Բուլղարիայում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում։ Վերջինումս նույնիսկ Գերագույն դատարանն է քննում, որը մեզ մոտ համարժեք է Վճռաբեկ դատարանին։ Եթե Ֆինանսների նախարարությունը չհամաձայնի արտադատական համակարգը կատարելագործել և գնա դատականի ճանապարհով, սա կլինի մեկ քայլ առաջ, այլ ոչ թե հետ։ Արփի Ավետիսյան
19:58 - 12 հուլիսի, 2020
Այսուհետ կարող եք բողոքարկել ՀՀ ՊՎԾ աշխատակիցների գործողությունները

Այսուհետ կարող եք բողոքարկել ՀՀ ՊՎԾ աշխատակիցների գործողությունները

ՀՀ ՊՎԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.«Եթե գտնում եք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում թույլ են տվել ոչ իրավաչափ գործողություններ (անգործություն), կարող եք այդ մասին ներկայացնել հանրագիր, որին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:Խնդրում ենք հանրագիրը ներկայացնելիս պահպանել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Հանրագիր կարող եք ներկայացնել՝ Հանրագիր կարող եք ներկայացնել՝ առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու, ընդունելության ընթացքում՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով, փոստով՝ Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) առաքելու միջոցով. էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ստորագրված դիմումատուի կողմից (էլ․ հասցե՝ [email protected]), դիմումը ներբեռնելով կայքում՝ ( դիմումների առցանց ընդունում): Հանրագիր ներկայացրած անձի և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասված է հաղորդագրությունում:
16:56 - 22 հունիսի, 2020