ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ԵԱՏՄ երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

ԵԱՏՄ երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների  ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների և այլ փաստաթղթերի, կամ տեղեկությունների համապատասխանության ստուգման նպատակով, զննման են ենթարկվել ընկերության կողմից երկու դեպքով տարբեր «տարանցման հայտարարագրերով», բեռնատարներով ներմուծված ապրանքները։  Պարզվել է, որ 2 բեռնատարներում էլ առկա են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ՝ մետաղալարեր, շարժիչի յուղեր, ավտոպահեստամասեր, համակարգչի համար նախատեսված հիշողության սարքեր, տեսագրող սարքեր, հեռուստացույցի ընդունիչներ, որոնք ներառված չեն եղել ուղեկցվող փաստաթղթերում։ Պարզվել է նաև, որ հաշիվ ապրանքագրերում նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրվել են շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։  ՌԴ-ից ապրանքներ ներկրող մեկ այլ ընկերության կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներկրված ապրանքների զննման և փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտվել է, որ բեռնատարում առկա են չհայտարարագրված ապրանքներ՝ նոր հագուստ, հեռախոսի աքսեսուարներ, էլեկտրական ծխախոտների սարքավորումներ և այլն։ Հաշիվ ապրանքագրերում էլ նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրված են եղել  շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։  Մեկ այլ դեպքով, ՌԴ-ից ՀՀ ներմուծված տարանցման հայտարարագրով բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկի ապրանքների զննության ժամանակ պարզվել է, որ առկա են ընկերության կողմից չհայտարարագրված ապրանքներ՝ ջեռուցման կաթսա, ավտոպահեստամասեր, տեսախցիկներ, խողովակներ, էլեկտրական ծխախոտների տաքացնող սարքավորումներ։ Բոլոր չորս դեպքերով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։ Կատարված ստուգողական միջոցառումները, ի դեպ, իրականացվել են ներքին անվտանգության, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների համատեղ մասնակցությամբ։  Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր քաշը կազմել է 3402 կգ, իսկ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներինը` 1806 կգ: Կատարվել է ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների արժեքների ճշգրտում, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը մի քանի անգամ ավելացել են։ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրված ապրանքների տեղափոխումից ՀՀ պետական սահմանով:
16:23 - 27 դեկտեմբերի, 2023
Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր. ՊԵԿ

Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել է մեկ շաբաթ և գործելու է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: Կոմիտեն հորդորում է օտարերկրյա համարանիշներով թեթև մարդատար տրանսպորտային միջոցներ ունեցող քաղաքացիներին` շտապել օգտվելու պետական աջակցության ծրագրից և կատարել մաքսային ձևակերպումները, քանի որ ավելի վաղ տեղեկացվել էր` մաքսազերծման ժամկետի երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական աջակցության ծրագրի շրջանակում մաքսային ձևակերպումները կարող են կատարվել․ 1․ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14 հասցեում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, 2․ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, 3․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, 4․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ աօնհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը: Ծրագրի պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 30.11.2023թ. թիվ 2076-Ն որոշմամբ:
12:19 - 23 դեկտեմբերի, 2023
6,9 մլն դրամ տուգանք՝ ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն այլ ապրանք ոչնչացնելու փորձի համար

6,9 մլն դրամ տուգանք՝ ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն այլ ապրանք ոչնչացնելու փորձի համար

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանում մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից «ոչնչացում մաքսային ընթացակարգով» հայտարարագրված 25,5 տոննա  քաշով հավի սառեցված կրծքամսի ոչնչացման համար նախատեսված տարածք և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին։ «Քանի որ ներմուծված հավի կրծքամսի խմբաքանակը համապատասխան մարմնի կողմից իրացման համար չի ստացել թույլտվություն, տվյալ խմբաքանակը ըստ մաքսային ընթացակարգի հայտարարգրվել է ոչնչացման ենթակա: Իրականում, սակայն, պարզվել է, որ ոչնչացման ենթակա մսամթերքի մի մասը տվյալ ընկերությունը փոխարինել է այլ կենդանիների ոսկորներով, դատարկ տուփերով, ավելին՝ պարզվել է նաև, որ ապրանքի  քաշը ևս չի համապատասխանել հայտարարագրում նշված քաշին։ Հետագա հսկողության արդյունքում էլ պարզ է դարձել, որ 25 տոննա 500 կգ քաշով հավի կրծքամսից 15 տոննա 840 կգ  քաշով ոչնչացման ենթակա կրծքամիսն, առհասարակ, առկա չի եղել: Այս ամենը հաշվի առնելով` ՊԵԿ ՆԱՎ աշխատակիցների կողմից տեղում կանխվել է ոչնչացման գործընթացը: Փաստի առթիվ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները կազմել են արձանագրություն: Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով թույլ տված խախտումների համար ընկերությունը տուգանվել է ավելի քան 6,900,000 դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
12:18 - 22 դեկտեմբերի, 2023
ՊԵԿ-ը բացահայտել է առանց անվանման, առանց նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտի իրացման խոշոր դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է առանց անվանման, առանց նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտի իրացման խոշոր դեպքեր

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով,  անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: ՊԵԿ-ից հայտնում են, որ նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում քրեական վարույթների համար նշանակություն ունեցող բազմաթիվ վայրերում դատարանի որոշումներով կատարվել են խուզարկություններ։ Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած վարույթային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ արտադրած ընկերության սեփականատիրոջն և ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են։  Միևնույն ժամանակ, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչություններ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ծխախոտ արտադրողները սկսել են առանց նշագրման, սպիտակ տուփերով ծխախոտ վաճառել։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում ծածկագրված եղանակով կատարվել են հսկիչ գնումներ։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներով, արձանագրվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների շուրջ 5170 տուփի վաճառքի դեպքեր, բացի այդ, վաճառողների մոտից հայտնաբերվել են շուրջ 38,870 տուփ չդրոշմավորված և առանց որևէ նույնականացման տվյալների ծխախոտ։ Հսկիչ գնումներին զուգահեռ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրամասերում և պահեստային տարածքներում, որտեղից հայտնաբերվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ և դրանց արտադրության հետքեր։ Հաշվի առնելով, որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հաստատվել է, որ տվյալ ընկերությունները զբաղվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների արտադրությամբ և վաճառքով՝ ձեռքբերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ, որոնց հիմքով՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումները և վարույթային գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն ծխախոտ արտադրողներին և վաճառողներին հորդորում է չարտադրել և չվաճառել առանց ակցիզային դրոշմանիշերի, առանց հսկիչ նշանների, ինչպես նաև առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ։ Պետական եկամուտների կոմիտեն բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:53 - 21 դեկտեմբերի, 2023
Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն. ՊԵԿ

Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն. ՊԵԿ

ՊԵԿ-ն անդրադարձել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին․ «1․ Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն: Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում: 2․ Ինչպե՞ս հարկային մարմին ներկայացնել հայտարարություն: Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու համար կարող եք այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը: 3․ Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե չեք կարող այցելել սպասարկման սրահ: Եթե չեք կարող անձամբ ներկայանալ սպասարկման սրահ, ապա կարող եք Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով առաջին քայլով ուղարկել լրացված և ստորագրված դիմում ՀՎՀՀ ստանալու համար (Ձև 1) և կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն հարթակի միջոցով հայտարարությունը կարող եք ներկայացնել ՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն (Ձև 3): 4․ Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե Հայաստանում անշարժ գույքը հանձնել եք վարձակալության և բնակվում եք արտերկրում Եթե գտնվում եք արտերկրում և չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմումը (Ձև 4) և կցել անձը հաստատող փաստաթուղթ: Ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո հայտարարությունը կարող եք ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն (Ձև 3): 5․ Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը: 2023 թվականի համար վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկը վճարելու նպատակով հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով  պետք է ներկայացնել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը (ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի)»:
19:01 - 20 դեկտեմբերի, 2023
Ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման ժամկետի երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու

Ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման ժամկետի երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։   «Կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է հիշյալ որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, մաքսազերծել ֆիզիկական անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, քանի որ ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու։   Միաժամանակ, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ համացանցի տարբեր հարթակներում և խմբերում անհայտ անձանց կողմից տարածվում են բողոքներ կազմակերպելու կոչեր և կեղծ խոստումներ՝ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
18:25 - 18 դեկտեմբերի, 2023
Ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցները 2023 թ․ դեկտեմբերի 18-ից կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում․ ՊԵԿ

Ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցները 2023 թ․ դեկտեմբերի 18-ից կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․           1․ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում,           2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,           3․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։           Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:           Ընդ որում, ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում․           1) «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ,   ՀՀ, ք. Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95           2) «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ,  ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43  Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 30․11․2023թ․ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2076-Ն որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք­սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով: Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը:
17:33 - 17 դեկտեմբերի, 2023
ՊԵԿ-ը կանխել է առանձնապես խոշոր չափի` 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը կանխել է առանձնապես խոշոր չափի` 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի Հանրապետության օդային սահմանով սահմանված կարգի խախտմամբ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեպքերը։  Համատեղ բացահայտվել է ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափի գումարի մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ-ից: «Սույն թվականի դեկտեմբերի 14-ին  ՊԵԿ ՄԴՊ վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցները  համատեղ, մաքսային հսկողության «կանաչ ուղու» գիծը հատելուց հետո, իրենց լիազորություններն իրականացնելիս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում  զննման են ենթարկել Միլան-Երևան չվերթով ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․-ին պատկանող ուղեբեռը։   Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ։ Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:19 - 15 դեկտեմբերի, 2023
ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի (Գագիկ Խաչատրյանի-խմբ.) որդի Ա.Խ.-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, նույն կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և ֆինանսների նախարարի պաշտոնները, հանձնարարել է Կոմիտեի, այնուհետև՝ Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել իր որդիներ Ա.Խ.-ի և Գ.Խ.-ի, ազգական Ա.Խ.-ի կողմից հիմնադրված ՍՊ ընկերության հետ, վերացնել գնման ընթացակարգում առաջացող խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով Գ.Խ.-ի կողմից ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝  ՍՊ ընկերությունը 2008-2020 թվականների ընթացքում Կոմիտեի հետ կնքել է 4 մլրդ 426 մլն 435 հազար դրամ արժեքով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բացի այդ, Գ.Խ.-ն, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է, որ  իր որդիների ու եղբորորդու ընկերության հետ կնքվի  19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագիր՝ իրական արժեքից էապես բարձր՝ 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամով (նշված ընկերության հետ պայմանագիր կնքելիս՝ գնում կատարելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել, ընտրվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը, հրավերն ուղարկվել է միայն իր որդիների ու եղբորորդու ընկերությանը):  Թեև պայմանագրով նախատեսված աշխատանքները կապալառուի և ենթակապալառուի կողմից փաստացի կատարվել են 2 մլրդ 777 մլն 410 դրամով, սակայն այդ աշխատանքների դիմաց պետական միջոցներից ընկերությանը փոխանցվել է 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամ, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 1 մլրդ 506 մլն 169 հազար 583 դրամ:  Վերոնշյալ արարքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի և եղբորորդի Ա.Խ.-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին, միախառնվել են այլ միջոցների հետ և տնօրինվել նրանց կողմից:  Վերոնշյալ եղանակով 2011-2018 թվականների ընթացքում նրանց մասնակցությամբ գործող մեկ այլ  ՍՊ ընկերությանը փոխանցվել է 39 մլրդ 723 մլն 323 հազար դրամին համարժեք գումար, որից որպես փոխառություն՝ 32 մլրդ 332 մլն 943 հազար դրամին համարժեք գումար: Ստացված, ինչպես նաև կանխիկ մուտքագրված և հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ֆինանսական միջոցների հետ միախառնված գումարի մի մասը՝ 8 մլն 589 հազար 900 ԱՄՆ դոլարը Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու պահանջով, փոխառության վերադարձի հիմնավորմամբ, ընկերության տնօրենի անվամբ կանխիկացվել, ապա մուտքագրվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության հաշվեհամարին:   Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները, տեղյակ լինելով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի կողմից ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած՝ իրենց հորն առանձնապես խոշոր չափերով` 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարի և 206 հազար 500 եվրոյի կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են Ս.Ա.-ին և վերջինիս հետ քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարը և 206 հազար 500 եվրոն փոխանցել է Գ.Խ.-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված «VETO GROUP», «VETO TRUST» և «WEST COAST ESCROW» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար Ս.Ա.-ի և Գ.Խ.-ի որդիների միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ 7 մլն, 10 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ (Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել): Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները 2011-2016 թվականների ընթացքում լվացել են հանցավոր ճանապարհով ստացված 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Մասնավորապես՝ Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ն, Գ.Խ.-ն և եղբորորդի Ա.Խ.-ն մասնակցել ու ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 48 ընկերություն և, օգտվելով Գ.Խ.-ի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված հովանավորչությունից, 2011-2016 թվականների ընթացքում թաքցրել են վերոնշյալ կազմակերպությունների գործունեության իրական ծավալները: Արդյունքում առաջացել են չհայտարարագրված և հարկային մարմնի հսկողությունից դուրս մնացած եկամուտներ` 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները 2011-2016 թվականների ընթացքում տրամադրել են բանկերից մեկում որպես վարորդ աշխատող Ա.Պ.-ին և հանձնարարել վարձատրության դիմաց կանխիկ մուտքագրել իրենց կողմից տրված բանկային հաշվեհամարներին: Ա.Պ.-ն իրեն փոխանցված կանխիկ գումարները մուտքագրել, ապա բանկային գործարքով փոխանցել է փաստացի Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու հետ փոխկապակցված՝ արտերկրում, այդ թվում` օֆշորային գոտիներում գրանցված, ՀՀ-ում որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող հինգ ընկերությունների հաշվեհամարներին, միախառնել այլ միջոցների հետ: Գումարները փոխանցումների և կանխիկացումների միջոցով տնօրինվել են Գ.Խ.-ի որդիների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Բացի այդ, Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ն, հանդիսանալով «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրը և տնօրենը, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին հարկային մարմիններ ներկայացրած փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 369 մլն 439 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Բացի այդ, Ա.Խ.-ն, հանդիսանալով Գ.Խ.-ի որդիների կողմից հիմնադրված «Ապեյրոն» ՍՊ ընկերության տնօրենը, 2011-2016 թվականների ընթացքում հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 424 մլն 555 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։  Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում (երեք դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը), Գ.Խ.-ի որդի Գ.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, հայտարարվել է հետախուզում), Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 205-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը), վարորդ Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):
11:10 - 14 դեկտեմբերի, 2023