Նիդերլանդներ

Ադրբեջանը տպավորություն է ստեղծում, թե սեղանին լինելու են միայն իր առաջարկները, դա չի համապատասխանում Բրյուսելի պայմանավորվածություններին. վարչապետ

 |armenpress.am|

Ադրբեջանը տպավորություն է ստեղծում, թե սեղանին լինելու են միայն իր առաջարկները, դա չի համապատասխանում Բրյուսելի պայմանավորվածություններին. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու վերջին շրջանում ունեցած դժվարությունները: «Պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն: Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ, համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ: Առանց միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք ամեն օր՝ ի հեճուկս բազմաթիվ գործոնների, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար: Մյուս կողմից ունենք տարօրինակ մի փաստ, որ այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանը արգելափակում է: Եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, ապա այդ քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, գնում է Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով: Նա պարզաբանում ներկայացրեց, պայմանականորեն ասած, խաղաղության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: «Ադրբեջանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, դելիմիտացիային, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար, ըստ էության, դրանցում անընդունելի ոչինչ չկա, սակայն արձանագրեցինք, որ  այդ կետերը չեն հասցեագրում հարաբերությունների ամբողջ օրակարգը: Լրացրեցինք այդ օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Ապրիլի 6-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, երբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցը Ադրբեջանի նախագահի հետ: Ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ ոչինչ անընդունելի չկա: Եթե ադրբեջանական կողմը համաձայն է երկու պատկերացումները միացնել իրար ու այդ հենքի վրա սկսել բանակցություններ, ապա մենք պատրաստ ենք դրան: Թեպետ, պետք է նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում:  Այսօր պիտի վերահաստատեմ իմ այն դիրքորոշումը, որ նշված սկզբունքների հիման վրա պատրաստ ենք բանակցությունների, չնայած, այն պրոցեսում,  որը պլանավորվել է, որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցում, տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել, բայց այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:  
17:35 - 11 մայիսի, 2022
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված

 |armenpress.am|

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին Միջազգային հարաբերություների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ: «Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև ես սա ընկալում եմ Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Նիդերլանդների Թագավորության աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ու դա իմ գնահատականը չէ: Միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում, ինչը կարևոր ձեռքբերում է: Նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: «Այո, պետք է բարձր հայտարարություն անեմ ու ասեմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, սակայն մենք հետևողական պայքարում ենք դրանց դեմ ու դա տեսանելի է: 2021 թվականին, չնայած հետպատերազմյան ճգնաժամային տարում, մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանը աշխարհում 51-րդն է: Եվրոպական շուրջ տասը երկրից ավելի լավ դիրքերում է: Սա ասում եմ ցույց տալու համար, թե որքան վճռական ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսիք են ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածը, ընտրությունները կեղծելու պրակտիկան: Նա ընդգծեց, որ Հայաստանը հետ ճանապարհ չունի:
17:23 - 11 մայիսի, 2022
Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիների խումբ ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել. Փաշինյան

 |armenpress.am|

Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիների խումբ ազատ արձակել, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում «Հայաստանը և Նիդերլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո՝ պատասխանելով ներկաների հարցերին: «Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի  նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ է, որը դատապարտելի է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ երբ գերիների թեման արծարծվեց, Ադրբեջանը փորձեց դա դարձնել առևտրի առարկա՝ հայկական կողմի ունեցած ականապատ դաշտերի քարտեզներ հետ փոխանակելու համար: «Եվ մենք, երբ տեսանք, որ փորձ է արվում մարդկանց փոխանակել քարտեզների հետ, քաղաքական որոշում կայացրինք, որ մեր արժեքների տրամաբանությունից դուրս է առևտուր անելը: Ադրբեջանը պնդում էր, որ պատերազմի ժամանակ մնացած ականապատ դաշտերի վրա ամեն օր մարդիկ են զոհվում, թիվ էր հրապարկում, և ես անձամբ քաղաքական որոշում կայացրեցի, որ այդ առևտուրը պետք է տեղի չունենա, և մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»,-ասաց վարչապետը: Փաշինյանը շեշտեց՝ հայկական կողմը դա արել է՝ ցույց տալու խաղաղության  օրակարգի մեջ իր անկեղծությունը, իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին: «Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը:  Ի միջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»,-ասաց Փաշինյանը: Հայաստանի վարչապետը կարևորեց, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա: Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց շարունակել հորդորները Ադրբեջանին, որ մարդկանց քաղաքական առևտրի առարկա պետք չէ դարձնել: «Պատերազմը շատերին է ողբերգություն բերել, բայց այդ բաց վերքի վրա անընդհատ աղ լցնելու մոտեցումը չեմ կարծում, թե տեղավորվում է այն արժեհամակարգի մեջ, որը հատուկ է 21-րդ դարին»,-նշեց վարչապետը:
16:57 - 11 մայիսի, 2022
Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ՀՀ-ի նկատմամբ և փորձում է դրա ըմբռնում ձևավորել ՌԴ-ում և Արևմուտքում. Փաշինյան

 |armenpress.am|

Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ՀՀ-ի նկատմամբ և փորձում է դրա ըմբռնում ձևավորել ՌԴ-ում և Արևմուտքում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում: Երբեմն ասում են, որ Հայաստանում Արևմուտքի կողմից  գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ դրա նպատակն է ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ըմբռնում ձևավորել թե՛ Արևմուտքում, թե Ռուսաստանում: Նրա խոսքով՝ չեն  կարող ասել, որ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ չկան: «Օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ կան, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ և ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Մյուս կողմից Հայաստանի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետև Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,- մանրամասնեց Փաշինյանը: Անդրադառնալով հարցում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը փորձում է բազմակողմ քաղաքականություն իրականացնել՝ վարչապետն ընդգծեց, որ դրան կարող է ավելացնել, որ Հայաստանի դեմ էլ են փորձում բազմակողմ քաղաքականություն իրականացնել: «Եվ մենք ոչ միայն պիտի իրականացնենք բազմակող քաղաքականություն, այլ պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս մեր դեմ տարվող բազմակողմ քաղաքականության հետևանքով»,- ասաց Փաշինյանը:     Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, իսկ կառավարության շարժառիթը Հայաստանի ազգային շահերն են: Նա շեշտեց, որ կարևորում են բոլոր հարաբերությունները, սակայն շատ կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չլինեն: «Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ մեկ չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում:  Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են, սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:  
16:45 - 11 մայիսի, 2022
Վարչապետ Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում՝ Խաղաղության պալատում, բացվել է հայկական խաչքար

Վարչապետ Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում՝ Խաղաղության պալատում, բացվել է հայկական խաչքար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հաագայում այցելել է Խաղաղության պալատ: Այստեղ վարչապետին դիմավորել է Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նախ շրջայց է կատարել Խաղաղության պալատում, այնուհետև վերջինիս բակում մասնակցել հայկական խաչքարի բացման արարողությանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. ««Քարնեգի» հիմնադրամի հարգելի նախագահ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր, այս գեղեցիկ առավոտը մեզ հետ եք խաղաղության և արդարության քաղաքում, Խաղաղության պալատի տարածքում՝ Խաղաղության տաճարում, ինչպես ասել է Էնդրյու Քարնեգին ավելի քան 100 տարի առաջ, և որտեղ գտնվում է այնպիսի կարևոր միջազգային հաստատություն, ինչպիսին Արդարադատության միջազգային դատարանն է։ Ինձ համար մեծ պատիվ է իմ ազգի անունից կատարել հայկական խաչքարի բացումը՝ որպես նվեր Հայաստանից։ Սա պատմություն է, որը մենք այսօր կերտում ենք ձեզ հետ միասին, քանի որ հայկական խաչը կանգնեցվում է մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք։ Կան ավելի քան 50000 խաչքարեր, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունը: Խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը 2010 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խաչքարը հայ մշակույթի զարգացման յուրօրինակ դրսևորում է. այն հայկական ինքնության ամենատիպիկ խորհրդանիշներից է։ Ունենալով ավելի քան հազարամյա պատմություն՝ խաչքարը նաև ժամանակակից մշակութային երևույթ է: Սիրելի բարեկամներ, Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը։ Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում, թե այլուր։ Խաչքարը հայ մշակույթի գլուխգործոցն ու խորհրդանիշն է, նրա էությունը և իր մեջ ունի խաղաղության պատգամ՝ փորագրված դարերի ընթացքում անձեռնմխելի մնացող քարի մեջ։ Ահա թե ինչու խաչքարն է ընտրվել որպես նվեր Խաղաղության պալատին՝ խորհրդանշելու հայերի այն սերունդներին, ովքեր ներդրում են ունեցել աշխարհում խաղաղության հաստատմանը։ Այս նվիրատվությունով Հայաստանը համարձակորեն վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»: Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները շնորհակալություն է հայտնել Խաղաղության պալատին հայկական խաչքար նվիրելու համար և վստահություն հայտնել, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի վերջինիս տարածքում:
15:48 - 11 մայիսի, 2022
«Տնտեսական աճ և բեկում ունենալու համար ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»․ Փաշինյանը՝ Նիդերլանդների գործարարներին

«Տնտեսական աճ և բեկում ունենալու համար ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»․ Փաշինյանը՝ Նիդերլանդների գործարարներին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը մայիսի 11-ին Հաագայում այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական, ներդրումային հնարավորությունները: «Տնտեսական աճ և բեկում ունենալու համար մենք ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»,-ասաց նա: Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենը նշել է, որ տեղի գործարարների շրջանում առկա է Հայաստանի հետ համագործակցության հետաքրքրվածություն և շահագրգռվածություն, ուստի իրենք պատրաստ են քննարկել ՀՀ-ում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները, ծանոթանալ բիզնեսի համար ստեղծված պայմաններին: Նրա խոսքով` Նիդերլանդներում հայ համայնքն ունի մեծ համակրանք, որի ներկայացուցիչներն աչքի են ընկնում աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ, ստեղծագործելու և բիզնես ոլորտում աշխատելու ձիրքով: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հաագայում աշխատանքային օրը սկսել գործարարների հանդիպումով և նիդերլանդական բիզնեսին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու գրավչությունը՝ նաև ներկայիս մարտահրավերների լույսի ներքո։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանդիպումը անցկացնելու համար և ներկայացրել մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:  Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման արդյունավետ բարեփոխումներ նաև Եվրոպական միության օժանդակությամբ, որոնք միտված են ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Վարչապետը ներդրումների ներգրավման համատեքստում կարևորել է տարածաշրջանային կայությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է դրանում: Անդրադառնալով ՀՀ-ում կապիտալ ներդրումներին` վարչապետը խոսել է Հյուսիս- հարավ ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրի մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, արդյունաբերության ոլորտներում: Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում իրականացվող ծրագրերին և հավելել, որ այս ուղղությունները կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև համագործակցությունը զբոսաշրջության, այդ թվում` գաստրոտուրիզմի ոլորտում, որտեղ ևս առկա են լայն հնարավորություններ: Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները պատասխանել են գործարարների տարբեր հարցերի, որոնք առնչվել են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ ծրագրերն ու նախագծերը և իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը: 
12:53 - 11 մայիսի, 2022
ՀՀ վարչապետի մասնակցությամբ Ասենում բացվել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը

ՀՀ վարչապետի մասնակցությամբ Ասենում բացվել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցը սկսել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ծաղիկներ են խոնարհել նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները, Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանն Ասենում տեղադրվել է 2001 թվականին: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառման բացման արարողությունը տեղի է ունեցել Ասենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ: Նաև ելույթ է ունեցել Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը, ով նշել է, որ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրենթեում Թագավորի հարգելի հանձնակատար, Հարգելի քաղաքապետեր, Հարգելի պարոն Թուփան, Սիրելի հայրենակիցներ, Հարգելի տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ, որ վերջապես սկսում ենք «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ուշագրավ ցուցահանդեսը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի խորհրդանշական տարում։ Այս միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ և երկու անգամ հետաձգվել է՝ COVID-19-ի պատճառով։ Մենք վերջապես այստեղ ենք՝ հոլանդական և եվրոպական հանրությանը ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության մի նոր շերտ։ Այս տարի հայկական մշակույթը Նիդերլանդներում ներկայացվում է աննախադեպ ձևով։ Հայաստանի պատմության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասունքների և արժեքավոր իրերի ցուցադրությունը նոր լույս կսփռի պատմության խորքից բխող հայկական մշակութային ժառանգության վրա։ Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները։ Հավատարիմ լինելով ընդհանուր արժեքներին և ազգային ինքնություններին` մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և խորապես հետաքրքրված փոխթափանցող մշակույթներով: Հայ-հոլանդական փոխազդեցությունների մասին առաջին հիշատակումը վերաբերում է IV դարին։ 17 և 18-րդ դարերում Ամստերդամը եղել է հայ տպագրության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ 1660 թվականին հայ հոգևորական և հրատարակիչ Մատթեոս Ծարեցին հիմնել է տպարան: 1666 թվականին հայ հոգևորական Ոսկան Երևանցին տպագրել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագիր հրատարակությունը 5000 օրինակով` հիմնված 13-րդ դարի Կիլիկիայի թագավոր Հեթում Երկրորդի հրամանով գրված Աստվածաշնչի վրա: Հրատարակիչը համագործակցում էր հոլանդացի մեծանուն դրոշմակնիք կտրող Քրիստոֆել վան Դայքի հետ: Սա մշակութային փոխազդեցության հիանալի օրինակ է և վկայում է Հայաստանի և Նիդերլանդների քաղաքակրթության նույն ակունքների մասին: Հայ-հոլանդական վաղեմի փոխազդեցության մեկ այլ դրվագ այն է, որ հայ վաճառականները 16-րդ դարում Հոլանդիայում հիմնել են առևտրային տներ: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին կառուցվել է 1714 թվականին հայ վաճառականների կողմից, որը հետագայում դարձել է Ամստերդամի հայերի հասարակական և մշակութային կյանքի կենտրոնը։ 1700-ականներին Ամստերդամում արդեն 70 հայ ընտանիք էր ապրում։ Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում Ջուղայից հայ վաճառականների համար ծառայել է որպես տարանցիկ ճանապարհ, այժմ կոչվում է «Հայկական կամուրջ»։ Այնուհետև Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար: Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական պարգևներով են պարգևատրվել Ինգե Դրոստը, Անդրե Ռավուտը, Լին վան Դայկը, Հարրի ֆան Բոմելլը, Աննա Մարիա Մատտարը: Մասնավորապես, Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալներով, Հարի վան Բոմմելը, Լին վան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով, Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկին Դրոսթ, պարոն Ռավուտ, պարոն վան Դայկ, պարոն վան Բոմել, Շատ ուրախ եմ ողջունել Հայաստանի պետական պարգևներ ձեզ շնորհելու այս հանդիսավոր արարողությանը։ Ցանկանում եմ նշել, որ սա մեր ջերմ երախտագիտության և գնահատման արտահայտումն է ձեր գործունեությանը` որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, և ձեր աջակցությանը` Հայաստանի համար շատ կարևոր հարցերում, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների խթանման և պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում։ Շատ կարևոր է հայկական մշակույթի հանրաճանաչումը Նիդերլանդներում, հոլանդական մշակույթի հանրաճանաչումը Հայաստանում, ինչն, իհարկե, խորացնում է երկկողմ հումանիտար կապերը մեր բարեկամ երկրների միջև։ Իհարկե, հարկավոր է նշել նաև այլ՝ քաղաքական, հումանիտար աջակացությունը, և ես կցանկանայի նշել, որ մենք երախտապարտ ենք ձեզ և ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամ: Ապավինում ենք ձեզ և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ: Հույս ունեմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը հայկական ժողովրդավարությանը և խաղաղության օրակարգին, և իհարկե, Արցախի և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին։ Համոզված եմ, որ այս համագործակցության, բարեկամության արդյունքում կկարողանանք այս աշխարհն ավելի լավը դարձնել։ Շատ շնորհակալ եմ և Հայաստանի ու Արցախի ժողովրդի անունից իմ գնահատանքն եմ հայտնում ձեր աջակցության ու բարեկամության կապակցությամբ»: Վերոնշյալ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:  
09:46 - 11 մայիսի, 2022
Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների

 |armenpress.am|

Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության կառավարությունը իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացնում ժողովրդավարական արժեքների, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության եւ անկախ մամուլի խրախուսմանը ամբողջ աշխարհում, եւ որպես Հայաստանի Հանրապետության գործընկեր՝ գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ նաև Հայաստանում: Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը պայմանագրեր ստորագրեց հայաստանյան վեց մեդիա կազմակերպության հետ նրանց դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ: Նիդերլանդական կառավարության դրամաշնորհային ծրագրերն ուղղված են լինելու Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերհանմանն ու լուսաբանմանը, խոսքի ազատության եւ անկախ մամուլի զարգացման խրախուսմանը: «Այսօր տարբեր կարևոր պայմանագրեր ստորագրեցինք մամուլի ազատության ոլորտում: Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է աջակցել ձեր կազմակերպություններին: Նախորդ տարի մենք սկսեցինք մտածել մարդու իրավունքների ոլորտում մեր առաջնահերթությունների մասին եւ հասկացանք, որ մեդիան չի կարող դուրս մնալ այդ շարքից, մենք պետք է աջակցենք ազատ մամուլի զարգացմանը աշխարհի այնքան երկրներում, որքան կարող ենք: Եվ Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Մամուլի դերը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է», - ողջունելով իր հյուրերին՝ հայտարարեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը: Ստորագրված փաստաթղթերով Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհներ են ստանալու «Հետք» առցանց պարբերականը, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հ/կ-ն, «EVN Report» անգլալեզու լրատվական կայքը եւ «Բուն TV»-ն: Դրամաշնորհների տրամադրման մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը առնչված էր մամուլի միջազգային օրվան, սակայն տեխնիկական պատճառներով այն մեկ շաբաթ հետաձգվել էր:
21:15 - 10 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ: Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Մայիսի 11-ին նախատեսվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի հետ: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանականում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Հաագայի Խաղաղության պալատ (Արդարադատության միջազգային դատարանի կենտրոնակայան և Մշտական միջնորդ դատարանի նստավայր), Նիդերլանդների խորհրդարանում կհանդիպի Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:
19:35 - 10 մայիսի, 2022
 Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարիՆիդերլանդների Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության  վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:  Նիկոլ Փաշինյանը կհանդիպի  Խորհրդարանի  երկու պալատների    արտաքին  հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ:  Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի    գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական  բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի  Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա  «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:
13:01 - 10 մայիսի, 2022
Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկո Սխերմեսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։   Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակին։   «Նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները և մեր կառավարությունների համագործակցությունը»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կակտիվանա նաև շրջակա միջավայրի ոլորտում, և հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ կներդրվեն առավելագույն ջանքեր։   «Վստահ եմ, այս հանդիպումը խթան կհանդիսանա շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության եզրեր գտնելու և համատեղ օրակարգ ձևավորելու համար»,- նշել է նախարարը։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թափոնների կայուն կառավարման և կանաչ էներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։   Պարոն դեսպանը տեղեկացրել է Նիդերլանդների դեսպանատան և «Նորարարական լուծումներ համայնքների կայուն կառավարման համար» ՀԿ-ի համատեղ ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել ՀՀ խորհրդարանին, Սահմանադրական դատարանին և Ազգային անվտանգության խորհրդին՝ աղբի տեսակավորման աղբամաններ տեղադրելով և համապատասխան դասընթացներ անցկացնելով: Ծրագրի միջոցով ընդգծվում է թափոնների տարանջատման կարևորությունը և խթանվում է թափոնների՝ որպես ռեսուրսի գաղափարը։   Նախարար Հակոբ Սիմիդյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից որպես շահագրգիռ գերատեսչություն նմանատիպ ծրագրերին մասնակցության պատրաստակամություն է հայտնել։ Նախարարը դեսպանին խնդրել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ կիսվել Նիդերլանդների Թագավորությունում բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման հաջողված փորձով։   Հանդիպման ավարտին կողմերը ուրվագծել են հետագա համագործակցության առաջնահերթությունները և սերտ համագործակցության և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:  
19:12 - 05 մայիսի, 2022
Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ: Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը և հետևողական կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, ինչը վկայում է համամարդկային արժեքների պահպանման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում Նիդերլանդների հավատարմության մասին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ դեռևս լուծված չեն կարևոր հումանիտար հարցերը: Դրանք են` Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պահպանման խնդիրները, որոնք պետք է լինեն եվրոպացի գործընկերների ուշադրության ներքո: Նիկո Սխերմերսը խոսել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունից, ներկայացրել դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը` ուղղված ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը: Կողմերը կարևորել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության խորացումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ և հույս հայտնել, որ Նիդերլանդներն իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Մերի Գալստյանը:
20:01 - 29 ապրիլի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Նիկո Սխերմերսին է ներկայացրել ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը

Ռուբեն Ռուբինյանը Նիկո Սխերմերսին է ներկայացրել ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները: Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող բանաձեւերի ընդունման համար: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետեւողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում: Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին:
17:40 - 20 ապրիլի, 2022
ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները

ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է Սահմանադրական մանդատի հովանու ներքո Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանի ինստիտուտի հանդեպ հանրային բարձր վստահության մակարդակը՝ որպես այդ առաքելությունը հաստատակամորեն իրագործելու լավագույն երաշխիք։ Դեսպանն իր հերթին ուրախություն է հայտնել Քրիստիննե Գրիգորյանի հետ համագործակցությունը ՄԻՊ առաքելության շրջանակում շարունակելու համար և նշելով Պաշտպանի գործունեության կարևորությունը՝ ընդգծել է, որ իր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը պետության հինգ հիմնասյուներից մեկն է։ Դեսպան Սխերմերսի առաջարկով Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները։ Մասնավորապես՝  մարդու իրավունքներով պայմանավորված անվտանգային միջավայրի խնդիրները՝ ընդգծելով, որ սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը։ Հաջորդիվ, Քրիստիննե Գրիգորյանը դեսպան Սխերմերսին ներկայացրել է հետպատերազմական խնդիրներով պայամանավորված՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները։ Անդրադարձել է խտրականության բոլոր ձևերի արգելքի և ընտանիքում բռնության կանխարգելման, ինչպես նաև ատելության խոսքի բացառման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներգրավմամբ արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։ Պաշտպանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առաջնահերթությունը՝ դիտարկելով նրանց, որպես հանրային կյանքին իրենց ավանդը բերելու կարող ուժեր։ Ներկայացված առաջնահերթությունների ուղղությամբ դեսպանը ներկայացրել է ատելության խոսքի բացառման ուղղությամբ բազմակուսակցական ժողովրդավարության միջոցների կիրառման նիդեռլանդական փորձը, և համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակում փորձագետների ներգրավմամբ նախանշված խնդիրները վերհանելու և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։
20:05 - 08 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմեսի հետ: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են գործակցության ընթացիկ ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ապահովելով նոր արդյունքներ: Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ փոխգործակցության նոր ուղղություններ ընդգրկելու համար կա լայն դաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 06 ապրիլի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Ընդունելով դեսպանին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության խորացման համար՝ հաշվի առնելով նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև փոխադարձ վստահության հենքի վրա զարգացող միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Արթուր Դավթյանը, բարձր գնահատելով առանձին կարևոր քրեական գործերով ՀՀ կողմից ներկայացված քննչական հարցումներին Նիդերլանդների իրավասու մարմինների գործընկերների կողմից պատշաճ ընթացք տալու հարցում դրսևորած շահագրգռությունը, գործընթացին լրացուցիչ օպերատիվություն հաղորդելը կարևորել է հատկապես ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության տեսանկյունից: Նա նշել է, որ բազմաթիվ ակտիվներ, արժեքներ ապօրինի կերպով դուրս են բերվել Հայաստանից՝ այդ թվում նաև դեպի եվրոպական երկրներ: Ուստի եվրոպական երկրների, այդ թվում նաև` Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությունը կարող է էական նշանակություն ունենալ դրանք իր օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցում: Դեսպան Սխերմերսը նշել է, որ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է ապահովել արդյունավետ հաղորդակցություն երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և ելնելով հայկական կողմի առաջնայություններից՝ շահագրգիռ են նպաստելու քրեական արդարադատության ոլորոտի բարեփոխումներին, դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նախաձեռնություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության, անդրազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներն ու հնարավորությունները:  Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և ձևավորել համագործակցությունից բխող տեղեկատվության փոխանակման կայուն և շարունակական կառուցակարգեր:
15:41 - 06 ապրիլի, 2022