Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ

Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի  հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների հրթիռակոծմամբ՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում, նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից բնաջնջելու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան ձեռագիրը:  Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորություններից միակողմանի հրաժարվելու ուխտադրուժ կեցվածքը՝ նշելով, որ այն ոչ այլ ինչ է, քան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականության շարունակական դրսևորում:  Զրույցի առանցքային թեմաներից էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն անմիջական սպառնալիք հանդիսացող Թուրքիայի բացասական դերակատարության աճը: Նախարար Մնացականյանը շեշտել է, որ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին՝ Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանը ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները:  Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: 
01:11 - 30 հոկտեմբերի, 2020
Եթե միջազգային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի․ Ն․ Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ

Եթե միջազգային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի․ Ն․ Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ

Որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։«Կրկին անգամ դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար ատեղը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ուղղակի մասնակցությունն այս աղետալի պատերազմին, ինչպես նաեւ՝ Թուրքիայի փոխնախագահի երեկ արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է զինուժ ուղարկել Ադրբեջան, այսինքն՝ անմիջականորեն ներգրավվել պատերազմական գործողություններին։Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը։Ներկայացրեցի բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք կոպտորեն խախտել է ադրբեջանա-թրքական տանդեմը՝ թիրախ դարձնելով թե՛ քաղաքացիական բնակավայրերը, թե՛ քաղաքացիական անձանց՝ երեխաների, կանանց, տարեցների եւ թե՛ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործման փաստերը։Փոխանցեցի նաեւ հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կատարած վայրագությունները, ինչը փաստում է այդ տանդեմի կատարած ռազմական հանցագործությունները։Մտահոգությունս հստակ էր՝ եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի»,- գրել է նա։
13:48 - 22 հոկտեմբերի, 2020
Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում հայ ռազմագերիների սպանությունը

 |armenpress.am|

Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում հայ ռազմագերիների սպանությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարությունը: Զոհրաբյանն ասաց, որ այս դեպքով պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին: «Ես զարհուրել եմ այդ տեսանյութը նայելով: Արդեն պատրաստել եմ բոլոր նյութերը: Եվրոպական բոլոր կառույցներ, մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին այդ տեսանյութն իր կից գրությամբ ուղարկվելու է: Միջազգային հանրությունը, եթե չտեսնի, որ այս պատերազմն արդեն դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և սա շատ ավելի լուրջ, գլոբալ պատերազմ է դառնալու, միջազգային հանրությունը, եթե շարունակի բավարարվել կոչերով ու չբռնի Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայից ու Լիբիայից բերված ահաբեկիչների ձեռքը, որոնք գործում են շատ ավելի դաժան մեթոդներով, քան «Իսլամական պետությունը», այս նույն ուղտը չոքելու է միջազգային հանրության դռանը»,- ասաց Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ հայ ռազմագերիների գնդակահարությունը միանշանակ ռազմական հանցագործություն է մարդկության դեմ: «Սա բոլոր միջազգային կոնվենցիաներով ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, այն կոնվենցիաներով, որը ստորագրել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան ու ամեն օր, իրենց ոտքի տակ գցած տրորում են: Նամակներն ուղարկելու եմ առավոտյան, որովհետև գնդակահարվում են մարդիկ, դրան պետք է տրվի հստակ գնահատական: Գնդակահարվում են մարդիկ` փաթաթված Հայաստանի Հանրապետության պետական դրոշով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
22:47 - 15 հոկտեմբերի, 2020
Լավրովը սխալ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը |armenpress.am|

Լավրովը սխալ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն  կպահպանվի: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար  Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին: «Մտքեր ենք փոխանակել նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել: Ոչ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ: Մենք հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ ենք համարում: Որքան մեզ տեղեկացրել են մեր հայ ընկերները, այն մասին, թե ինչպես շարժվել առաջ, խոսք կգնա նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում, որը կայանալու է Մոսկվայում»,- ասաց Լավրովը:
16:25 - 12 հոկտեմբերի, 2020
Հայաստանն ու Արցախը հավատարիմ են կրակի դադարին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին

Հայաստանն ու Արցախը հավատարիմ են կրակի դադարին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին․ Հարց. Մեր թղթակից Սինեմը հաղորդեց մեզ, որ մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում էր, թե ակնհայտ է, որ Գյանջայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Հայաստանից, և որ Լեռնային Ղարաբաղի ռազմական պաշտոնյաները հերքել են քաղաքի հրթիռակոծումը: Արդյո՞ք Հայաստանը խախտում է զինադադարը: Զոհրաբ Մնացականյան. Դա բացարձակ սուտ է, որը հորդում է Բաքվից: Հայաստանը դա չի արել: Եվ դա նույնիսկ ժխտվել է Պաշտպանության նախարարության կողմից: Երեկ երեկոյան կարևոր հայտարարության հասանք մարդասիրական նպատակներով կրակի դադար հաստատելու և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Բայց մի քանի ժամ անց` շաբաթ օրը վաղ առավոտյան, Ադրբեջանը շարունակում էր իր ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով` հիմնականում հարավում: Ամենասարսափելին այն է, որ նրանք շարունակաբար մեթոդիկ կերպով թիրախավորում և հարվածում էին խաղաղ բնակավայրերին, քաղաքներին ու գյուղերին, Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ այս ամենը շարունակվում էր առավոտից մինչև կեսօր: Ժամը 12-ից հետո, երբ պետք է կրակի դադար հաստատվեր, ադրբեջանական կողմը շարունակում էր այս գործողությունները: Սա կանխամտածված հարձակում է այն ամենի դեմ, ինչին մենք փորձում էինք հասնել կրակի դադարի միջոցով: Հարց. Կցանկանայի մեկ հարց պարզաբանել: Եթե Հայաստանը չէ պատասխանատու Գյանջայի վրա հարձակման համար (և այն մեկի, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին), եթե նա չէ պատասխանատու այս վերջին հարձակման համար, ապա, ո՞վ է, ըստ Ձեզ, արել դա: Զոհրաբ Մնացականյան. Արցախի պաշտպանության ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը, Դուք պետք է հասկանաք դա: Նրանք պաշտպանվում են Արցախի քաղաքացիների, ժողովրդի վրա իրականացվող այս մեթոդիկ, թիրախային հարձակումից: Հարց. Այժմ, որպեսզի կարողանամ հասկանալ, թույլ տվեք ընդհատել Ձեզ, քանի որ իսկապես ցանկանում եմ այստեղ մի պարզաբանում անել: Դուք ասում եք, որ հայկական զորքերը չեն, որ արձակում են այս հրթիռները, դրանք Արցախի ուժերն են, այնտեղի պաշտպանական ուժերը, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը մինչ կրակի դադարի ուժի մեջ մտնելը: Սա ճի՞շտ է: Զոհրաբ Մնացականյան. Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե՛ կեսօրից առաջ, և թե՛ հատկապես դրանից հետո: Նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ: Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ և այլ քաղաքներ, որպեսզի նրանք արձանագրեն, թե ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում, որտեղ մարդիկ երկրորդ շաբաթն է, ինչ անց են կացնում ապաստարաններում, որտեղ փախստականների հոսք է սկսել, որտեղ նրանք անում են այն, ինչ արել են 1990-ականերին՝ էթնիկ զտումներ, մարդկանց երկրի երեսից ջնջելը: Դա տեղի չի ունենալու: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը: Հարց. Հայաստանը վճռական էր միջազգային աջակցության ստանալու հարցում: Այն աջակցություն էր ակնկալում այլ երկրներից: Արդյո՞ք դա ավելի հեշտ չէր լինի, եթե Հայաստանը որոշում կայացներ դադարեցնել հրադադարի ցանկացած խախտում, և զենքը վայր դներ՝ թույլ տալով հումանիտար կրակի դադարի, գերիների փոխանակման և մարմիների փոխանակման իրականացումը: Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա: Արցախը հավատարիմ է: Մենք բարեխղճորեն բանակցել են այս հայտարարությունը: Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին: Հարց. Մեր թղթակից Բեռնարդ Սմիթը մեզ հաղորդեց, որ հումանիտար աշխատանքների գործընթացի մեկնարկի համար դեռևս որևէ ամսաթիվ չի հայտարարվել, որովհետև դա կախված էր կրակի դադարի հաստատումից: Կա՞ որևէ եղանակ, որով Հայաստանը կարող է ճնշում գործադրելով նրա վրա, ով հրթիռներ է արձակում Ադրբեջանի վրա, դադարեցնելու դա, որպեսզի հումանիտար գործողությունները կյանքի կոչվեն:Զոհրաբ Մնացականյան. Ես վերադառնում եմ նույն հարցին. Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, Արցախը հավատարիմ է իր հանձնառությանը: Միանշանակորեն վերստին կընդգծեմ, որ երեկ առավոտից սկսած մինչև ուշ գիշեր Ադրբեջանը հրետակոծում, թիրախավորում էր Ստեփանակերտը, մի քանի քաղաքներ և գյուղեր: Նրանք հսկայական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին կրակի դադարի հաստատման ամբողջ օրը շարունակ։ Նրանք, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը: Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին, հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին: Ահա թե ինչ էր տեղի ունենում կեսօրից ի վեր: Եկեք շատ հստակ լինենք այս հարցում: Սա ևս մեկ անգամ առաջ է բերում շատ կարևոր մի հարց. վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը: Մենք ցանկանում ենք կրակի դադար, մենք ցանկանում ենք տեղում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին: Մենք խոսել ենք այս մասին տևական ժամանակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ դա:
12:04 - 12 հոկտեմբերի, 2020
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարության նախագծի քննարկմանը կրկին օրակարգ բերեց Արցախի ճանաչման խնդիրը: «Մեր բոլորի բարոյական պարտքն է օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչումը, եթե կա անհրաժեշտություն, կազմակերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ կարող է մեզ այսօր կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը: Դա մեր բարոյական պարտքն է, պետք է անենք»,-ասաց պատգամավորն ու համոզմունք հայտնեց, որ դա զսպող մեխանիզմ է լինելու: «Իմ քայլ»-ից Սոֆիա Հովսեփյանը շեշտեց, որ Արցախը, արցախցին ունեն ինքնորոշման իրավունք: «Եվ մենք այդ ինքնորոշման իրավունքին տեր ենք: Բավական է, որ մենք հույսներն դնենք միջազգային կառույցների վրա»,-ասաց նա: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ այս պատերազմը քաղաքակրթական և արժեբանական պատերազմ է: «Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարությունները, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները»,-նշեց նա: «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը շեշտեց, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն հայկական կողմի մարտական հաջողությունները, այլ նաև Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը: «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը տեղեկատվությունը ճշգրիտ, թիրախային և արդյունավետ հասցնելու համար: Հերիք եղավ, հաղթելու ենք»,-նշեց պատգամավորը:
15:32 - 28 սեպտեմբերի, 2020
Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը․ Նաիրա Զոհրաբյան

Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը․ Նաիրա Զոհրաբյան

Սա պատերազմ է։ Ադրբեջանն օգտագործում է իր զինուժում եղած բոլոր կայանքները։ Համաձայն եմ՝ մենք հետքայլի տեղ չունենք։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Բոլորս ենք պատրաստ զոհվել հանուն Արցախի և հանուն Հայաստանի, բայց ես կարծում եմ՝ բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի, ու ամեն մեկս մեր տեղում պետք է մեր գործն անենք»,- ասաց նա։ Զոհրաբյանը նշեց, որ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ արդեն դիմել է եվրոպական բոլոր կառույցներին՝ հստակ ներկայացնելով իրավիճակը և Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը։ «Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները և կողմերի միջև հավասաության նշան դնելու գործելաոճը։ Մենք պիտի միջազգային հանրությանը ներկայացնենք, որ դիվանագիտական բալանսը մշտապես պահող այդպիսի  հայտարարություններով շատ դեպքերում հանցակից են դառնում նրան, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ բացահայտ պատրաստվում է պատերազմի»,- ընդգծեղ պատգամավորը։ Նրա խոսքով՝ անիմաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական էլիտայի ադեկվատության խնդիրը․ նրանք այնպես են թունավորել իրենց հասարակություններին ատելությամբ, այնպես են մանկապարտեզներում սնում իրենց երեխաներին ատելությամբ, որ մտածել, թե առաջիկա տարիներին ունենալու ենք քաղաքական էլիտա, որի հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների, փոխզիջումենրի, միֆ է, և տարիներ շարունակ մենք մեզ խաբել ենք։ «13 տարի մենք մեզ ասել ենք՝ եկեք չքննարկենք Արցախի ճանաչման հարցը Հայաստանի կողմից, եկեք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հարցը հետաձգենք, որովհետեև դա կարող է առավել սրել իրավիճակը։ Այսօր՝ այս պահին, հենց հիմա, պատերազմ է։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեկ ժամ հետո, վաղը։ Ադրբեջանը խախտել է, թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա, իր ստորագրած կոնվենցիաների վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորը հարց հնչեցրեց, թե էլ ինչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք ասենք՝ հարգենք միջազգային հանրության տեսակետը, ինչ կարող էր՝ արել է և շարունակում է անել։ «Առաջարկում եմ համարել մեկնարկած, սկսված Արցախի ճանաչման գործընթացը։ Սա միջազգային հանրության դեմ ուղղված չէ, խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ։ Այսօր ուժեղ աշխարհի դար է, հոգնել ենք դավթարները գրկած՝ եվրոպացի պատգամավոր գտնենք, ասենք՝ խղճա մեզ։ Գործ ունենք մի թշմնամու հետո, որի հետ խաղաղության լեզվով խոսել, իմ կարծիքով, հնարավոր չէ»,- ընդգծեց նա։ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի վերջում կարևորեց նաև միասնականությունը։ «Եթե մենք փորձեցինք մեր ներսում խրամատներ բաժանել, եթե փորձեցինք ներքաղաքական օրակարգեր բերել, ջուր ենք լցնելու հակառակորդի ջրաղացին։ Այսօր մենք ունենք մեկ թշնամի՝ միացյալ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ»,- եզրափակեց պատգամավորը։
19:57 - 27 սեպտեմբերի, 2020
Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:«Աբսուրդ է Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը, և ես մտածում եմ՝ այս դատավորը (գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է) պատահաբար չի ընտրվել, նա նույն դատավորն է, որ 2010-ին Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու դատական որոշում կայացրեց, բայց չեմ ուզում դատավորի ու դատարանի անմեղության կանխավարկածը խախտել: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ունեն այնքան հիմնավոր փաստարկներ, որ այս դատական գործընթացն ընդամենը ֆարս է»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է համարել, Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե ինքն ունենար Աղազարյանի կենսագրությունը, ամոթից կլռեր: «Անիմաստ է իշխանություններին անգամ հորդորով դիմելը, որովհետև անցել են բոլոր կարմիր գծերը: Չկա այլևս բարոյականության որևէ գիծ, որ այդ մարդիկ անցած չլինեն»,-նշեց նա: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, նաև իրեն ու Գևորգ Պետրոսյանին առնչվող քրեական գործեր կհարուցվեն, Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, թե իր հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է, ապա շարունակեց. «Մենք ունենք տեղեկություն, որ ամեն ինչ անում են նաև իմ և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց, հարցեր տալիս: Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ մահապարտներ կարող են գտնել, որ մեր դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը: Ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել՝ եթե ՀՀ անկախության պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»,- ասաց նա:Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահների վրա կոնկրետ հանձնարարական կա՝ գտնել, պեղել իրենց մասին տեղեկություններ, մոնտաժել հեռախոսազրույցներ: «Ինձ արդեն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են ևս մեկ ձայնագրություն հրապարակել, որտեղ ես իբր վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի մասին»,-նշեց նա՝ տեսակետ հայտնելով, թե այս ամենի նպատակն իրենց լռեցնելն է, սակայն արդյունքի չեն հասնի:
12:46 - 25 սեպտեմբերի, 2020
Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Զոհրաբյան

 |armenpress.am|

Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Զոհրաբյան |armenpress.am|

armenpress.am: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ համակարգը դեռևս պատրաստ չէ, որ սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: Զոհրաբյանը շեշտեց՝  գաղափարը միանշանակ ընդունելի է,  իրենք ևս բազմիցս խոսել են մեկ պատուհանի ինստիտուտի կարևորության մասին, որ քաղաքացին մեկ խնդիր լուծելու համար տասը պատուհան և տասը կառույց չդիմի: «Սակայն, թե սոցիալական ծառայություններից, թե քաղաքացիներից գալիս են բազմաթիվ հարցեր: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձինք դիմել են ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի, ասում են՝ միասնական կաույցի ստեղծման պարագայում, օրինակ Ավանից ինչպե՞ս են գնալու քաղաքի մյուս ծայրը՝ մեկ պատուհանից օգտվելու համար»,- ասաց պատգամավորը: Զոհրաբյանն ընդունեց, որ երկար տարիներ այս համակարգը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը, երբ մահացածները տարիներ շարունակ «ստանում էին» թոշակ, սակայն պատգամավորը նաև շեշտեց, որ ունքը շտկելու համար չպետք է աչքն էլ հանել: «Անգամ չունենք համակարգված միասնական տեղեկատվական բազա: Մենք ունենալու ենք սոցիալական աշխատողի խնդիր: Իմ կարծիքով՝ դա շատ լուրջ մասնագիտություն է: Չե՞ք կարծում, որ դեռևս համակարգն իսկապես պատրաստ չէ այս կարևոր՝ մեկ պատուհանի ինստիտուտի ներդրմանը: Մենք պետք է խոսենք այս խնդիրների մասին, որովհետև իմ կարծիքով՝ հունվարի 1-ից հետո ունենանալու ենք բազմաթիվ խնդիրներ՝ միասնական կառավարման հետ կապված»,-ասաց Զոհրաբյանը: ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը արձագանքեց՝ տարիներ շարունակ պատրաստ չլինելու մտավախությունը կամ պատրվակը հիմք է հանդիսացել, որպեսզի բարեփոխումը չիրականացվի: «Մենք գնում ենք համարձակ, պատասխանատու բարեփոխման և կարծում ենք, որ դա բազմաբաղադրիչ է, մեկ փուլով չի ընթանալու, այլ քայլ առ քայլ»,- նշեց նա:
13:29 - 22 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին  |tert.am|

ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանը և միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ քննդատությունն արժանապատիվ ընդունելու, քննադատությունից հետևություն անելու փոխարեն, նախարարն անցնում է մարդկային կոռեկտության, բարոյականության բոլոր սահմանները։ Դրանից ելնելով՝ ԲՀԿ-ն կառավարության հարցուպատասխանը բոյկոտում է: «Մենք քննարկելու ենք մեր փաստաբանների հետ Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին նաև իրավական գնահատական տալու հարցը: Իսկապես, այսպիսի անհանդուրժողականություն քննադատության հանդեպ, այսպիսի սվիններ որևէ ժամանակ, որևէ անգամ, որևէ կառավարությունում չեն եղել, այսպիսի ագրեսիա այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կիսում քո կարծիքը: Պարոն Հարությունյան, որևէ մեկը պարտավոր չէ կիսել Ձեր կարծիքը՝ հայագիտությունը քանդելու, հայ եկեղեցու առարկան պղծելու, Ձեր կասկածելի «բարեփոխումների» վերաբերյալ: Ադեկվատ քննադատությանն արձագանքել անձնական տիրույթ մտնող կեղտոտ, անպարկեշտ ապատեղեկատվությամբ  հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային և տղամարդուն»,- հայտարարեց Զոհրաբյանը: ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավալեց. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ ԱԺ դահիլճում, անբարո ձևակերպումներով հայտարարություն էր, որը բանականության մեջ չի տեղավորվում: Սա խորհրդարան է և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրավունք իրենց իրավունքներն իրացնելու»: Նա հավալեց, որ կողմ են քվեարկելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը։ Ըստ նրա՝ այս նախարարն անելիք չունի: Իվետա Տոնոյանն էլ նշեց, իրենց համար անընդունելի է Արայիկ Հարությունյանի ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատակնները: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է միակ ԿԳՄՍ նախարարը, ոլորտի պատասխանատուն, ով հպարտությամբ իր գրասենյակում տրանսգենդերի էր ընդունում, իսկ դրանից հետո տրանսգենդերը նշում էր, որ բավարարված է հանդիպումից, նա կմնա միակ նախարարը, ով հայ եկեղեցու պատմություն առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից, ով հայ գրականության առարկայից հայ բաղադրիչը վերացրեց։ Եթե այս կառավարությանը կոմֆորտ է նրա հետ աշխատելը, ապա մեզ համար, որպես ընդդիմություն, բացարձակ անընդունելի է նմանօրինակ «մասնագետի» գործունեությունը»,- շեշտեց պատգամավորը: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ լրագրողների հարցին, թե ինչ վիրավորանքի մասին է խոսքը, նշեց, որ անձնական վիրավորանք է հասցրել մի ողջ մարզի բնակչությանը: «Անձնական վիրավորանք է արել, նշել՝ կոտայքցիներ, դա անհարիր բան է, ժամանակին ղարաբաղցիներ, շիրակցիներ, տարբեր հատվածների իրար դեմ էին հանում, հիմա էլ նույնը: Սա լուրջ վիրավորանք ենք համարում, կրթության, մշակույթի նախարարը ինչպե՞ս կարող է թույլ տալ վիրավորանք հասցնել ցանկացած մարդու: Ես չեմ էլ ուզում ասել՝ ինչ վիրավորանք է, չեմ ուզում կրկնել, քաղաքական մեծամասնությունը պետք է գնահատական տա»,- հավելեց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:52 - 16 սեպտեմբերի, 2020
«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Այս մասին ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ: «Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը: Նաև ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ը, այնպես էլ «Լուսավոր Հայաստան»-ը դժգոհեցին, որ թեկնածուները խմբակցությունների հետ հանդիպումներ չեն նախաձեռնել: Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։  ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խուդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Այվազյանը, կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
11:14 - 14 սեպտեմբերի, 2020
Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ. Ն. Զոհրաբյան |tert.am|

Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Դուք ի վերջո չասացիք, թե ՀՀ-ի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ, և այս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել․ նրանց երեխաները դասի պետք է գնան, մարդկանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը, քանի որ չեն կարողանում մեկնել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով արդարադատության փոխնախախար Ռաֆիկ Գրիգորյանին, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ընդունման արդյունքում սեպմտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է, քանի որ մարդիկ չեն կարողանում մեկնել Ռուսաստան: «Այս նախագիծը խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ սահմանադրության 39. 61, 77, 80 հոդվածներին»,-ասաց նա և հավելեց․ «Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որի հետ միանշանակ համաձայն ենք։ Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ: Սրանք բազմաթիվ խնդրահարույց դրույթներ են, որոնք այս նախագիծը մարդու իրավունքների առումով դարձնում են խոցելի և կարծում եմ, որ միանշանակ պետք է վերանայվի, այս նախագծով ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացիների վիճակը»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
12:48 - 04 սեպտեմբերի, 2020
Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին․ ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են․ Նաիրա Զոհրաբյան

Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին․ ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են։ Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է՝ հայտնվելով ադրբեջանական զինուժի իրավասության ներքո: Դիրքերում մոլորված եւ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն խմբի ղեկավար ներկայացրած՝ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է նվաստացման եւ բռնությունների։ Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով՝ նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով եւ ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնեւյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։Հիշեցնեմ, որ կոնվենցիայով երաշխավորվում է ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչը բացառում է ցանկացած նվաստացում եւ անհարգալից վերաբերմունք։ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ով միացել է միջազգային իրավունքի բազմաթիվ կոնվենցիաների, այդ թվում՝ ռազմագերիների հետ վարվելակերպի հայտնի կոնվենցիային, շարունակում է հետեւողականորեն խախտել ու թքած ունենալ իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա։Մենք բազմիցս տեսել են, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում իր իրավասության ներքո հայտնված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ու վերջիններս ինչ անմարդկային խոշտանգումների են ենթարկվում եւ սպանվում, ինչպես, օրինակ, Մանվել Սարիբեկյանը, որի մասով միջազգային իրավապաշտպան հանրության համարժեք իրավական գնահատականն այդպես էլ չեղավ։ Ակնկալում եմ միջազգային կառույցների՝ իրավական ողջ գործիքակազմով արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին»։
11:15 - 25 օգոստոսի, 2020
Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան

Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Սպանիր մարդու հույսը եւ կսպանես մարդուն։ Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Արթուրին ճանաչում եմ վաղուց։ Շատ վաղուց, դեռ լրագրողական իմ տարիներից եւ սա այդ եզակի դեպքերից է, որ վստահ եմ՝ Արթուրը չի կատարել իրեն մեղսագրվող հանցագործությունը։ 19-ամյա զինվորին 24 տարի առաջ մեղադրեցին ծառայակիցներին սպանելու մեջ ու 24 տարի է Արթուրը բոլորին ու բոլորիս փորձում է ապացուցել, որ ինքը մարդասպան չի։Սպանված ծառայակիցների ծնողները եւս գիտեն, որ Արթուրը չի սպանել իրենց որդիներին ու քանիցս այդ մասին հրապարակավ հայտնել են։ 19-ամյա երիտասարդից ցուցմունք կորզելու համար նրան կապում էին գետնին գամված աթոռին ու ասեղներով ծակծում ոտքերն ու ձեռքերը։ Արթուրը պատմում էր, որ դա պարզապես ֆիզիկական ցավ չէր, այլ մարդուն խելագարության հասցնելու կտտանք։Արթուրը շատ է պատմել, թե ինչ մեթոդներով են 19-ամյա գրեթե երեխային ստիպել ստորագրել մեղադրական ցուցմունքի տակ։ Ու արդեն 24 տարի Արթուրը բղավում է, որ ինքը մարդասպան չէ։ Ու 24 տարի մենք բոլորս լսում ենք ու լռում։ 2018-ին Արթուրը դիմեց ռեժիմի փոփոխության համար եւ ունենալով քրեակատարողական հիմնարկի դրական եզրակացությունը՝ նրա ռեժիմը փակից դարձրեցին կիսափակ՝ տեղափոխելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն դատախազությունն արդեն երկու անգամ է կասեցնում է տեղափոխման հանձնաժողովի որոշումը եւ Արթուրին կրկին տեղափոխում են փակ ռեժիմի գաղութ։ Ու օրենքը թույլ է տալիս դատախազությանը որեւէ կերպ չհիմնավորել իր որոշումը։Հիմա ասածս ի՞նչ է։ Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու, առանց չարացնելու ու առանց վերջին հույսը ջնջխելու։ Արթուրը հացադուլ հայտարարելու օրը դիմել է նաեւ վարչապետին, ով լրագրող ու պատգամավոր եղած տարիներին, ինչպես ես, քանիցս հանդիպել է Արթուրին, զրուցել հետը։ Ես առանց մի րոպե վարանելու ասում եմ, որ Արթուրի դեպքում ոչ թե ռեժիմը պետք է փոխվի, այլ նրան ազատություն պիտի տրվի։ Մարդ, ով 24 տարի ուրիշի կատարած հանցագործության համար ամեն րոպե ու ամեն օր դանդաղ մահանում է։ Արթուրը ամսի 11-ից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ճանաչելով Արթուրին, ես գիտեմ, որ սա իր ձայնը մեզ բոլորիս հասցնելու վերջին փորձն է։ Եկեք չսպանենք մարդուն։ Պարզապես՝ չսպանենք։ Հ.Գ. Մեկ տարի առաջ, դեկտեմբերի 5-ին, դատական նիստերից մեկի ժամանակ տուժողի իրավահաջորդ, սպանված զինծառայող Վարդան Մարտոյանի հայրը դատարանում հայտարարեց՝ վստահ եմ, որ Արթուրը չի սպանել իմ որդուն և դիմելով Արթուրին, ասաց՝ «Աստված տա, ազատվես»»,- գրել է Զոհրաբյանը։ 
14:38 - 13 օգոստոսի, 2020
Առաջարկում եմ հրավիրել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ․ Նաիրա Զոհրաբյան

Առաջարկում եմ հրավիրել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ առաջարկելով Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ հրավիրել և քննարկել ստեղծված իրավիճակը։ «Որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի որեւէ հայ երբեւէ կհոգնի արցախյան խնդրի պայքարից ու կհանձնվի։ Ո՛չ։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ վայոցձորցին, ջերմուկցին կհոգնի, կդադարեցնի պայքարը ընդդեմ Ամուլսարի շահագործման ու կհանձնվի։ Ո՛չ։ Եւ ուրեմն՝ Ամուլսարը սար է մնալու։ Եւ ուրեմն՝ Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու։ Որպես ԱԺ-ում ստեղծված՝ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, առաջարկում եմ հրավիրել հանձնաժողովի հրատապ նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ոստիկանական բռնությամբ եւ մարդկանց ահաբեկելով հարց չի լուծվելու»,- գրել է նա։
22:49 - 05 օգոստոսի, 2020