ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Կոչ ենք անում մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում. ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններին

Կոչ ենք անում մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում. ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններին

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆայելյանն այսօր հայտարարություն են տարածել՝ նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է «տպավորություն ստեղծել», որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը»՝ միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով «օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»: «Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ: Այսպիսով, փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց՝ պաշտպանների՝ որպես իրավաբանների կոմպետենտությունը»,- ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
19:17 - 12 ապրիլի, 2021
ՀՔԾ-ն հերքել է տարածված լուրը, թե Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու

ՀՔԾ-ն հերքել է տարածված լուրը, թե Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հերքել է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով: Ներկայացնում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը: «Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Բորյա Չիլինգարյանի կողմից աշխատանքից ազատվելու դիմում գրելու և գործով ՀՔԾ պետի հետ տարաձայնություններ ունենալու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը բացահայտ ապատեղեկատվություն է, և դրա տարածումն ընդամենը պայմանավորված է հիշյալ քրեական գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու քննիչի` 09.04.2021 թ.-ին կայացրած որոշմամբ: Այդուհանդերձ, նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել վերը նշված քրեական գործով իրականացված նախաքննության վերաբերյալ կատարվող անհիմն շահարկումներից, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում որոշ մանրամասներ ներկայացնել դրա վերաբերյալ: Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց օտարման անհրաժեշտության հիմնավորման և գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և ընդունվել 16.12.2010թ. թիվ 1660-Ն որոշումը, որի հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով: Վերը նշված արարքի կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:   Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ կառավարության 08.09.2011թ. նիստում, առանց պատշաճ հիմնավորման, որպես լրացուցիչ հարց ներկայացվել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Ներկայացված նախագիծը քննարկվել և ընդունվել է ՀՀ կառավարության 08.09.2011թ. թիվ N 1300-Ա որոշումը: Այնուհետև, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության  որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնարարել և համապատասխան մեթոդիկայում բացառապես թվային փոփոխություն կատարելով` հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել, ապա հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ միաձայն կողմ քվեարկելու միջոցով ընդունել է հանձնաժողովի թիվ 207-Ն մեթոդիկայում փոփոխություն կատարելու մասին որոշումը, որով բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանվել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը: Հիշյալ որոշման ընդունումից հետո, սակայն, թեև ՀՀ տարածքում էլեկտրական էներգիայի արտադրության թույլտվություններ են ստացել մինչ 10 Մվտ հզորության մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-եր, սակայն 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, միաժամանակ, փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: Մասնավորապես` «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: Նկարագրված արարքների համար Արմեն Մովսիսյանի վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նկատի ունենալով, որ մեղադրյալներ Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ձեռք է բերվել ապացույցների համակցություն, որը բավարար է նրանց մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար, միաժամանակ հաշվի առնելով, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման, այդ թվում՝ ձեռքբերման գործընթացին այլ պաշտոնատար անձանց առնչության, ինչպես նաև առանց մեղադրյալների մասնակցության կատարված՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության նոր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ է շարունակել քրեական գործի նախաքննությունը, ուստի քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործից անջատվել է վերը նշված մեղադրյալների վերաբերյալ գործը, որով նախաքննությունը 09.04.2021թ. ավարտվել և այդ մասին հայտարարվել է կողմերին: Մնացած մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:  
17:06 - 10 ապրիլի, 2021
ՀՔԾ-ն ավարտել է պետությունից 255.824.768 դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է պետությունից 255.824.768 դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: ««Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019թթ ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, ով ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:  Վերը նշված արարքների կատարման համար Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը`  255.824.768 ՀՀ դրամը,  ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:33 - 08 ապրիլի, 2021
Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armenpress.am|

Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ նշված քրեական գործերի վերաբերյալ.` -Վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերից մեկով  Փաշինյանը ունի վկայի, իսկ մյուս գործով տուժողի կարգավիճակ․այս պահին ի՞նչ փուլում են նշված քրեական գործերը: -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել: Ինչ վերաբերում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի  և  ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործին, ապա 2020թ. փետրվարի 4-ին հիշյալ քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն, կարճվել է:
13:00 - 06 ապրիլի, 2021
Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |1lurer.am|

Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված փաստաբանների ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով: Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Նշենք՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:  Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012 թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018 թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):  
18:05 - 01 ապրիլի, 2021
ՀՔԾ-ն կլուծարվի, կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե |armenpress.am|

ՀՔԾ-ն կլուծարվի, կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Որոշվել է նաև լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում պաշտոնի նշանակվելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով կնշանակվի 20 անձ:
11:14 - 24 մարտի, 2021
ՀՔԾ պետն ընդունել է Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՔԾ պետն ընդունել է Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Դիոնիսիին: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի` համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների` Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների միջև ձևավորված համագործակցային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ արդեն իսկ արձանագրված որոշակի արդյունքները, քննարկվել են երկկողմ գործընկերային հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունները: Անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված աշխատանքներին` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման դեմ պայքարը, ինչպես նաև երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձին առնչվող հարցերը ծառայության գործունեության առաջնահերթություններից են, ուստի շատ կարևոր է այդ ոլորտում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրումը, այդ թվում` մեր երկրում քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով: Ջովաննի Դիոնիսին շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում փոխադարձ այցերի վերսկսմամբ կապահովվի առավել արդյունավետ և շարունակական համագործակցություն երկու երկրների իրավապահ մարմինների միջև:
18:10 - 22 մարտի, 2021
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկում է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու
 |tert.am|

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկում է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու |tert.am|

tert.am: ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր՝ մարտի 18-ին, սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: «Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա: Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:
19:16 - 18 մարտի, 2021
Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին |armenpress.am|

Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, 20 քննիչներ ժամանակավորապես կնշանակվեն ստեղծվելիք Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո փոփոխություններ են կատարվել: «Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը, և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը: Մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի: Ենթադրվում է, որ ՀՔԾ-ի մյուս քննիչները պետք է այլ քննչական ծառայություններում քննիչի պաշտոններ զբաղեցնեն: Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբ կձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն: Անդրադառնալով նախագծում կատարված այլ փոփոխություններին՝ Բադասյանը հայտնեց, որ որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: Վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը՝ նախկինում սահմանված վարչապետի փոխարեն: Նախագիծը փոփոխություններով ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
15:34 - 18 մարտի, 2021
Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն հերքում է տարածվող լուրերը |armenpress.am|

Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն հերքում է տարածվող լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը, նրա ու ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի միջև որևէ հակասություն չկա: Այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից: «Նրանց միջև որևէ հակասություն չկա, և Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Հատուկ քննչական ծառայությունում իր պաշտոնավորումը կավարտի ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, քանի որ հակասություններ ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված:
18:12 - 24 փետրվարի, 2021
Հարուցվել է քրեական գործ Զարուհի Փոստանջյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ Զարուհի Փոստանջյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հայտնում է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:  08.02.2021թ.-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հիշյալ հայտարարությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու:  Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել ՀՀ վարչապետի և նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, սակայն, հանցագործության մասին գրավոր հաղորդում և բացատրություններ ներկայացնելուց: Արդյունքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հերքվել են Զարուհի Փոստանջյանի հայտնած վերոնշյալ տեղեկությունները, և 15.02.2021թ.-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով: Նկատի ունենալով, որ Զարուհի Փոստանջյանի արարքում առերևույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով»: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:19 - 15 փետրվարի, 2021
ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային: Անդրադառնալով հայ-չեխական իրավական կապերի հետագա ամրապնդմանն ու գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորություններին` Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության կարևոր հիմք կհանդիսանա: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը: Չեխական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և փոխադարձ այցերի կազմակերպման համար:
13:14 - 15 փետրվարի, 2021
ՀՔԾ պետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՔԾ պետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՔԾ-ից հայտնում են, որ փետրվարի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամիին: «Կարևորելով հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը` Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցային հիմքերի ձևավորման ու գործընկերային հարաբերությունների զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են նաև վերը նշված հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման, այդ թվում` միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող լավագույն փորձի ուսումնասիրման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը: ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանդիպման և ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և զարգացման համար հիմք կհանդիսանան փոխադարձ այցերի կազմակերպումն ու դրանց շրջանակներում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
17:41 - 03 փետրվարի, 2021