Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։

1997-2000 թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։

2001-2007 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2001-2003 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/։ Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին։

2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։

2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։

2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։

2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։

2007-2010 թթ. իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում՝ Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան[1]։

2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։

Նախարար Կարեն Անդրեասյանը ԻԻՀ-ում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահի հետ

Նախարար Կարեն Անդրեասյանը ԻԻՀ-ում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ: Այս մասին հայտնում է ԱՆ նախարարությունը։ «Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ:  ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան և նախարարին է ներկայացրել ԻԻՀ դատական համակարգը, մասնավորապես՝ ԻԻՀ գերագույն դատարանի գործառույթների շրջանակը: Փոխադարձաբար ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացվել է ՀՀ դատական համակարգը, արդարադատության նախարարի գործառույթների շրջանակը, Սահմանադրական բարեփոխումների կարևորությունը և Դատական համակարգի բարեփոխումների տեսլականը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այն առավել գործուն դարձնելու առումով: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել ԻԻՀ 7 դատապարտյալների պատժի հետագա կրման նպատակով հայրենիք վերադարձնելու համար նախարարի ջանքերի համար և հույս է հայտնել շարունակական համագործակցության»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:59 - 22 փետրվարի, 2022
Պատասխանատվության ենթարկել Կարեն Անդրեասյանին. Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին

Պատասխանատվության ենթարկել Կարեն Անդրեասյանին. Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին: «Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»  հաղորդաշարին  տված հարցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն,  հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի: Սույն նամակով անդրադառնալով նախարարի՝ իրեն վայել վարքագիծ դրսևորելու պարտականությանը, գտնում եմ, որ տվյալ հարցում ասելիք և անելիքներ ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների տիրույթում: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ 1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար: 2. Պետական քաղաքական պաշտոններն են (…) նախարարների (…) պաշտոնները: (…): 4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝ 1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը. 2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը. 3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը. 4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքե-րում` նաև հայտարարագիր ներկայացնելը. (…)»: Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս: 2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հարգում են իրենց (…) գործընկերների (…) արժանապատվությունը»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս դրսևորում են անկողմնակալություն՝ բացառելով որևէ խտրականություն: 2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է: (…)»: Նույն օրենքի 27.1.-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն։ 2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի իրավաչափ վարքագիծը և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը կանոնակարգող վերոնշյալ իրավական նորմերի համատեքստում` ուսումնասիրելով նախարար Կ.Անդրեասյանի վերոնշյալ ելույթները, գտնում եմ, որ դրանցում առկա մի շարք ձևակերպումներ նսեմացնում են դատարանների և դատավորների արժանապատվությունը, ընդհանուր խոսքի մեջ օգտագործված պիտակավորումները, անվանարկումները, դատավորների դասակարգումները և այդ դասակարգման չափանիշները զուրկ են բարեկրթության տարրական կանոններից, վայել չեն պետական, հատկապես՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող հանրային ծառայողին, այն աստիճան քաղաքականացված են, որ կասկածի տակ է դնում նախարար Կ.Անդրեասյանի կողմից ի պաշտոնե մատուցվող հանրային ծառայության անկողմնակալությունը: Ավելին, դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այնքանով որքանով նույնիսկ ողջամիտ կասկածի առկայությունը չի կարող վկայել դատավորին կալանավորելու վերաբերյալ կայացված որոշման օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին: Գտնում եմ նաև, որ նախարարի ելույթներում հնչեցված առանձին մտքերը հակասում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին։ Մասնավորապես, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մար-մին է, որը Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»: Նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։ 2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ: 3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը: 4. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: 5. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին: 6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու կապակցությամբ հանդես գալու պաշտոնական հայ-տարարությամբ: (…)»: Տվյալ դեպքում նախարարը, որպես պաշտոնատար անձ, պարտավոր էր և պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատավորների անկախությունը, ի թիվս այլնի, նաև ընթացիկ կարգապահական վարույթների շրջանակներում: Մինչդեռ,  հրապարակային այնպիսի արտահայտությունները, որպիսիք են՝ կարգապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքներով պայմանավորված՝ ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ հիասթափություն հայտնելը, ԲԴԽ-ի կողմից իր բարձունքում երբեմն չգտնվելու վերաբերյալ պնդումները, ԲԴԽ անդամներին ազնիվի և ոչ այնքան ազնիվի, լավ կամ վատ դատավորների դասակարգելը, իր միջնորդություններին դեմ քվերակած ԲԴԽ անդամներին դատավորական կլան անվանելը, իր միջնորդություն-ներին դեմ քվեարկած դատավորների շրջանակը պարզելու և դրա պատճառները բացահայտելու ցանկություն հայտնելը, իր «հիմնավոր» միջնորդությունները մերժելու մասին ԲԴԽ որոշումների հետ չհամակերպվելը՝ դրանց  անբողոքարկելի լինելու պայմաններում, Հայաստանում վեթինգի իրականացման ձգձգումը իր ներկայացրած միջնորդությունները ԲԴԽ կողմից համատարած չբավարարելու հանգամանքով պայմանավորելը, որոնք արվել են և արվում են պետական բարձրաստիճան այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին արդարադատության նախարարն է, ԲԴԽ-ում քննվող ընթացիկ կարգապահական վարույթների տեսանկյունով բովանդակում են ԲԴԽ անդամ-ների գործունեությանը ոչ իրավաչափ միջամտության տարրեր, որն առհասարակ անհամատեղելի է անկախ դատարանի և արդարադատության գաղափարների հետ: Վերոգրյալների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդին առաջարկում եմ միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը»,- նշված է գրությունում:
14:15 - 18 փետրվարի, 2022
Ամեն ինչ անելու ենք գրպանային դատավորներին դատական համակարգից դուրս թողնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

Ամեն ինչ անելու ենք գրպանային դատավորներին դատական համակարգից դուրս թողնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության կողմից Բարձրագույն դատական խորհրդին որոշ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ներկայացումը բացարձակ օբյեկտիվ աշխատանք է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերին։ «Բացարձակ օբյեկտիվ աշխատանք է տեղի ունենում։ Դա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ, ամենայն պատասխանատվությամբ և խղճի հանգստությամբ։ Այո, մեզ դիմում է  քաղաքացին՝ չենք տանում կարգապահական, իր ասածի մեջ կան արդարության հատիկներ, բայց այդ գործը իրավաբանորեն թույլ է, քաղաքացին հիասթափվում է, տխրում է, երբեմն մեզ վարկաբեկում է ու թողնում գնում է։ Տանում ենք գործը ԲԴԽ, դատավորն է սկսում վրդովվել և որակում է իր նկատմամբ ճնշում։ Քիչ են տանում, մեղադրում են, որ անգործություն է, վեթինգ տեղի չի ունենում, իշխանությունը չի ուզում  մաքրել դատական համակարգը։ Շատ են տանում, ասում են, որ գործադիրը ընկել է դատավորների հետևից, ճնշում է և այլն, և այլն։ Այս բոլոր շահարկումներով ոչ փոխելու եք մեր աշխատանքը, ոչ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու եք մեր հնարավորությունը՝ փակելու ապօրինությունների դեմ դատական համակարգում։ Որևէ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը իր շատ արդար կարգապահական վարույթները առաջ տանելու հարցում»,- ընդգծեց Անդրեասյանը։ Անդրադառնալով որոշ ընդդիմադիր ուժերի մտահոգություններին, ովքեր դարձել են «արդար դատավորների մեծ պաշտպաններ»՝ Կարեն Անդրեասյանը նշեց, նրանք պետք է գոնե ամոթ ունենան և նորմալ աշխատանքը չվարկաբեկեն։ «Իսկ եթե վախենում են, որ գրպանային դատավորները դուրս կմնան դատական համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ այդ ուղղությամբ անելու ենք»,- ընդգծեց Անդրեասյանը։
15:00 - 16 փետրվարի, 2022
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ամփոփելով խորհրդի աշխատանքները։ Նախարարը հայտնեց, որ  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցի փուլային քննարկման առաջարկը կլրամշակվի և նորից կշրջանառվի։ «Հաստատվեց նաև, որ հայցելու ենք Հայաստանի և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքները, առաջարկները Սահմանադրական փոփոխությունների մասին, որի լրամշակված տարբերակը նույնպես կտարածվի»,- ասաց Անդրեասյանը։ Անդրեասյանն առաջարկեց հաջորդ խորհրդի նիստը անել ոչ ուղիղ եթերում բացառապես աշխատակարգային հարցեր քննարկելու համար, որպեսզի հանրությունը չծանրաբեռնվի տեխնիկական հարցերի քննարկմամբ։ Նախարարը նաև առաջարկեց հաջորդ նիստ հրավիրել փետրվարի 25-ին՝ հետո նիստեր անցկացնել յուրաքանչյուր տաս օրը մեկ։ Անդրեասյանը հայտնեց նաև, որ հաջորդ նիստին կմասնակցի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
13:33 - 16 փետրվարի, 2022
ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի փորձագետները մի քանի առաջարկներ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընթերցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի փորձագետների առաջարկները։ «ՄԱԿ-ի մեր գործընկերները կարծում են, որ եթե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուին ստիպենք, որպեսզի իրենք նախապես ներկայացնեն իրենց տեսլականը Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, կարող է որոշակի առումով կաշկանդել և այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեր խորհուրդը փորձում է գտնել այնպիսի հանձնաժողովի անդամներ, որոնք կիսում են գործադիր իշխանության, կամ վարչապետի տեսլականը, կամ որևէ քաղաքական ուղղվածություն ենք թելադրում։ Սա մտահոգություն էր, որը ցանկացա անպայման փոխանցել մեր այս քննարկման ժամանակ»,- ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ը նաև առաջարկում է ապաքաղաքականացվածության վերաբերյալ փաստաթղթերի մեջ ներառվի նաև բարեվարքության պահպանման որոշակի տեղեկատվություն, նաև առաջարկում է  քննարկել, թե արդյոք հայտ ներկայացնելու ժամանակ անձինք կկարողանան դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ներկայացնել, թե՞ ոչ։ ՄԱԿ-ը նաև հետաքրքրվել է, թե արդյոք հրապարակվելու են այն թեկնածուների անունները, ովքեր մրցույթից դուրս են մնալու։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։
12:29 - 16 փետրվարի, 2022
Կոպիտ հաշվարկներով 40 կոռումպացված դատավոր կա, շատերը սկսել են ինքնաբացահայտվել․ նախարար |azatutyun.am|

Կոպիտ հաշվարկներով 40 կոռումպացված դատավոր կա, շատերը սկսել են ինքնաբացահայտվել․ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա, «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նկատելով՝ շատ դատավորներ սկսել են ինքնաբացահայտվել՝ որոշակի քաղաքական ակցիաներով, ակտիվությամբ, մեկը մյուսին պաշտպանելով։ «Ինչ-որ կլանային զգացողություններ կան։ Օրինակ 93 դատավոր ստորագրում է ինչ-որ հայտարարության տակ։ Ես հո չեմ ասում 93-ն էլ կոռումպացված են, բայց տեսնում ենք, որ էնտեղ մի 10, 20, 30 անուն կրկնվում է, հետո լինում է մի ուրիշ ակցիա, որտեղ տեսնում ենք, որ 4-5-ն էն 30-ից հայտնվել», - ասաց նախարարը։ 2018-ի հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա՝ առաջինը Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի: Միջազգային իրավական փորձում վեթինգը ենթադրում է անձի կենսագրության ուսումնասիրություն։ Անցումային արդարադատության շրջանում վեթինգի միջոցով ստուգվում են դատավորների ու այլ պաշտոնյաների գործունեությունը։ Դատական համակարգը զտելու, վեթինգի մասին հաճախ է խոսում վեց ամիս առաջ նախարար նշանակված Անդրեասյանը՝ նշանակման առաջին օրերից հայտարարելով՝ վեթինգը սկսվել է։ Նախարարն «Ազատության» հետ զրույցում խոստացավ՝ վեթինգը Հայաստանում կվերջանա մեկ տարվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) լինի իր բարձունքում։ «Մոռացել եմ իմ ասած 40 դատավորներին, իմ հիշողությունները, հիմա ես առաջնորդվում եմ մի սկզբունքով, ինձ եկավ բողոք ցանկացած քաղաքացուց՝ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, Պողոս Պողոսյան դատավորի դեմ, ես նայում եմ խախտում արել է, ապօրինություն արել է, չի արել, տանում եմ ԲԴԽ։ Ես էսօր գործիք ունեմ, էդ գործիքն արդար ձևով աշխատացնելու շանս կա։ Ես տարա ԲԴԽ, այստեղ մեզ մնում է վերջին շանսը՝ ԲԴԽ-ն լավը լինի, եթե Բարձրագույն դատական խորհուրդը լինի իր բարձունքի վրա, ապա ես ձեզ խոստանում եմ, մեկ տարվա ընթացքում վեթինգը Հայաստանում կվերջանա և կլինի էնպիսի դատական համակարգ, ինչպիսին դուք ուզում եք», -ասաց Անդրեասյանը միևնույն ժամանակ արձանագրելով՝ ԲԴԽ-ն միշտ չէ, որ իր բարձունքում է։ «Դրա համար նաև ձգձգվում է այդ վեթինգը, կամ էդ մաքրումը, զտումը, որի մասին մենք բոլորս երազել ենք։ ԲԴԽ-ից լինում են նաև ներքին արդարացումներ, որ ձայների շեմը շատ բարձր է։ Էստեղ գնում ես հանդիպում ես կլանի, ճանապարհդ փոխում ես, էստեղ փորձում ես լուծում գտնել, էստեղ եվրոպական կառույցներն են դիմադրում, հետ ես գալիս, գնում ես մյուս տեղը։ Մենք անընդհատ պայքարի մեջ ենք», - եզրափակեց արդարադատության նախարարը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
14:17 - 15 փետրվարի, 2022
Գաղտնի օրակարգ չկա․ նախարարը՝ Սահմանադրության փոփոխության մասին |civilnet.am|

Գաղտնի օրակարգ չկա․ նախարարը՝ Սահմանադրության փոփոխության մասին |civilnet.am|

civilnet.am: Չկա որևէ գաղտնի օրակարգ, որով պետք է փոփոխվի Սահմանադրությունը։ Փետրվարի 4-ին՝ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստի մեկնարկին հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ «Չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ խորհրդի առջև, որ իբր սա արվում է, որպեսզի այսպես կամ այնպես «ձևվվի» Սահմանադրությունը։ Նման օրակարգեր չկան»,- վստահեցրեց նախարարը։ Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքներին պետք է մասնակցեր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը բացակայում էր։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը, ըստ Անդրեասյանի, ընդհանրապես մերժել է մասնակցել խորհրդի աշխատանքներին։ Նախարարը նաև ներկայացրեց իր անձնական կարծիքը խորհրդի աշխատանքների վերաբերյալ։ «Ես ուզում եմ քննարկենք այդքան չարչրկված ու սպասված «վեթթինգի» հնարավորությունները Սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա Սահմանադրության մեջ, եթե այն փոխվի։ Ես գտնում եմ, որ մենք պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս չունի վերջնական պատկերացում, թե դա ինչպես պետք է տեղի ունենա։
17:33 - 04 փետրվարի, 2022
ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը hունվարի 27-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։  Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը: «Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, Հարկադիր կատարումն ապահովող եւ Պրոբացիայի ծառայություններում կատարվող աշխատանքներին եւ իրականացվելիք այլ բարեփոխումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում վրացի գործընկերների փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույց է ծավալվել Վրաստանի «Արդարադատության տների» փորձառությունը ՀՀ-ում ներդնելու շուրջ: Նշվում է, որ կողմերն ընդգծել են արդարադատության համակարգի կատարելագործմանը եւ բարեփոխումներին մեծապես նպաստող խորհրդարանների օրինաստեղծ գործունեությունը: Այս համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համագործակցությունն արդարադատության գերատեսչությունների ստորաբաժանումների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վրաստանի արդարադատության նախարարն ուշադրություն է հրավիրել արդարադատության համակարգին առնչվող փորձի փոխանակման կարեւորությանը՝ շեշտելով երիտասարդ իրավաբանների ներգրավվածությունը եւ համատեղ ծրագրերի իրականացման հաճախակիության խթանումը: Նրա խոսքով՝ հայ գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ համատեղ օրակարգի մշակման եւ կիրարկման լավ սկիզբ է դրված, որն ունենալու է շարունակություն՝ ի նպաստ երկու երկրների համապատասխան ոլորտների օրինաստեղծ եւ իրավակիրառ պրակտիկայի:  
20:38 - 27 հունվարի, 2022
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ

Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ և «Արմավիր» ՔԿՀ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը: Պաշտոնյաները փորձել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշից, հետաքրքրվել են՝ ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից: Ռատի Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Վրաստանի Հանրապետության  քաղաքացիների հետ, վերջիններս Բրեգաձեի հետ զրույցում նշել են, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն: Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Ալեք և Մարի Մանուկյաններ» գանձատուն-թանգարան: Նաթան Սրբազանը այցելուներին ներկայացրել է թանգարանում առկա ցուցանմուշները: 
19:44 - 27 հունվարի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Վրաստանի արդարադատության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում գործող «Արդարադատության տների» փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը, բարեփոխումների ուղղությունները նախանշելուն ինչպես նաև հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելուն առնչվող հարցեր:  Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։ Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միասնական գրասենյակների դերը, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները:  Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:   Երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախարարներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է վրացական Պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքերի, ինչպես նաև Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման Մոբիլ սրահի և հողի գրանցման համակարգի ցուցադրությունը։ 
21:34 - 26 հունվարի, 2022
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրի ստորագրումից հետո Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ռատի Բրեգաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստան այցելելու համար: «Մենք ունենք մեծ օրակարգ, որը փորձելու ենք առաջիկա երկու օրերի ընթացքում սպառել: Մեր առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել Իտալիայում Եվրոպական խորհրդի նախարարների հավաքի շրջանակներում, բարձրացրեինք մի շարք հարցեր, որոնք հուզում են Հայաստանին, որովհետև ներկայումս կարևոր բարեփոխումների ընթացքում ենք: Մյուս կարևոր ուղղությունը միասնական գրասենյակներն են, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները: Հայաստանը ունի փայլուն երկարատև փորձ հենց միասնական գրասենյակների ոլորտում և այն արդարադատության տների ներդրման փորձը, որը Վրաստանն իրականացրել է, մեզ համար շատ կարևոր է, որովհետև նոր ենք սկսում արդարադատության տների ձևավորումը, զարգացումը»,- ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախարարից, որ կիսվում են իրենց փորձով: Վրաստանի նախարար Ռատի Բրեգաձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կարեն Անդրեասյանին ջերմ ընդունելության համար: «Վենեցիայում մենք պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կլինի ակտիվ և ուրախ եմ, որ արդեն սկսեցինք այդ աշխատանքները: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Վրաստանի միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ: Կարծում եմ` այսպիսի հարաբերություններ երբեք չեն եղել: Եվ դա, իհարկե, մեր վարչապետերի շնորհիվ է: Համոզված եմ, որ մեր հանդիպումը և համագործակցությունը ստեղծված հարաբերությունների արձագանքն է և հույս ունեմ, որ մենք նույնպես շատ ջերմ և մտերիմ կլինենք և կհամագործակցենք, մեր աշխատանքով կնպաստենք երկու երկրների զարգացմանը»,- ընդգծեց Բրեգաձեն: Վրաստանի նախարարը տեղեկացրեց, որ իրենց հետ բերել են շարժական արդարադատության տունը, նաև ինովացիոն սարք, որը թույլ է տալիս պրոբացիայի շահառուներին ստանալ այն բոլոր ծառայությունները, ինչը ստանում են, օրինակ` պրոբացիայի բյուրոներում: Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա մեր երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Նաև համատեղ ներդրում կանենք կրթական ոլորտում` կիրականացնենք ուսանողների փոխանակում: Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ շատ ակտիվ կհամագործակցենք կալանավորների և դատապարտյալների փոխանակման ոլորտում»,-եզրափակեց Բրեգաձեն: Արդարադատության շարժական տունը հագեցած է հատուկ սարքավորումներով, որի նպատակն է բնակչությանը տեղում մատուցել անհրաժեշտ ծառայություններով: Դա թույլ է տալիս նույնիսկ հեռավոր գյուղերում բնակիչներին արդարադատության ոլորտին վերաբերվող ծառայություններ մատուցել:
15:48 - 26 հունվարի, 2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

2021 թվականին հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: Այս մասին արձանագրվել է հունվարի 21-ին տեղի ունեցած Ծառայության՝ 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստին, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։ Հայտնի է դարձել, որ 2021 թվականին պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է ավելի քան 42 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, դիմելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, նշել է․ «Եթե ուզում ենք Հայաստանում ունենալ արդարություն, դատարաններին հավասար կամ երբեմն նույնիսկ դատարաններից շուտ պետք է բարեփոխումներ լինեն Հարկադիր կատարման ծառայությունում։ Ես ուզում եմ սա շեշտել՝ նաև ցույց տալով մի թիվ, որը կարծում եմ ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքն է 2021 թվականին, որ միան ձեր կատարողական վարույթների ճիշտ աշխատանքի արդյունքում պետությունն ստացել է անցյալ տարի 600 միլիոնից ավել շահույթ։ Խոսքը միայն շահույթի մասին չէ, այդ թիվը նաև քաղաքացիների բավարարված իրավունքի արդյունքն է»։ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ խիստ դրական է գնահատել հաշվետու տարում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հաշվի առնելով հաշվետու տարվա համապետական լրջագույն մարտահրավերները, հետպատերազմական սոցիալ-քաղաքական մթնոլորտը, առողջապահական վիճակը և մի շարք այլ հանգամանքներ։ «Ծառայության 2021թ․ գործունեության արդյունքները կարող են գնահատվել խիստ դրական հատկապես նախորդ տարիների արդյունքների հետ համադրության մեջ։ Չեմ կարող չարձանագրել, որ այսօր մեր կողմից արձանագրված ցուցանիշները հիմնականում ձեռք են բերվել մեր ծառայակիցների մասնագիտական էնտուզիազմի և զինծառայողին բնորոշ կարգապահության ու պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ։ Բազմիցս առիթ են ունեցել արձանագրելու, և հաշվետու տարին էլ բացառություն չէ, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի փաստացի կատարման ցուցանիշը տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում։ Ռազմավարական խնդիր է տվյալ ցուցանիշի շեշտակի բարձրացումը»։ Տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։ Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։ Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գխավոր հարկադիր կատարողի հրամանով և Արդարադատության նախարարի համաձայնությամբ արտահերթ կոչումներ են  շնորհվել 4 ծառայողի։ Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև Ծառայության մի շարք աշխատակիցների։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները  համապատասխանաբար հանձնվել են Ծառայության ֆինանսական բաժնին, Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին։ Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ այս մրցանակներն ավելի պարտավորեցնող են բաժնի կողմից արձանագրված ցուցանիշները բարելավելու առումով: Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին՝ նրանց մաղթելով հաջողություն, պատասխանատվության բարձր գիտակցում և նվիրվածություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները։ 
15:07 - 22 հունվարի, 2022