ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը
 |armenpress.am|

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը: Մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Այս պահին մուտք են արվում Հայաստանի եվրոպական կուսակցության փաստաթղթերը»,- ասաց նա: Անդրադառնալով այն փաստին, որ մի շարք կուսակցություններ հատնել են մասնակցության մասին, սակայն դեռ առաջադրումներ չեն արել՝ Հովակիմյանն ընդգծեց՝ ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը: «Իրականում դրա պատճառները պրագմատիկ են. կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն»,-ասաց Հովակիմյանը: ԿԸՀ նախագահի համոզմամբ՝ առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին: Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում պաշտոնապես գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը դեռ համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին: Հովակիմյանը շեշտեց՝ այս ընթացքում բոլորին իրազեկել են, որ կանոնադրությունները համապատասխանեցնեն օրենքին: «Գիտեմ քաղաքական դաշտում հայտնի կուսակցություններ, որոնք ապրիլի դրությամբ չէին համապատասխանեցրել: Այն քաղաքական ուժերը, որոնք լրագրողների փոխանցմամբ հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու նրան խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին մինչև օգոստոսի 13-ն արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի»,-ասաց Վահագն Հովակիմյանը: Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
13:45 - 10 օգոստոսի, 2023
ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը

ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ի հերթական նիստում ընդունեց «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու մասին» որոշումը։ Այն ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ «Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում իրականացնի։ Բաշխումն իրականացվում է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների միջև՝ ըստ իրենց ունեցած մանդատների համամասնության»,- հայտնել է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315 նախագահ, 315 քարտուղար «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 129 նախագահ, 129 քարտուղար «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 31 նախագահ, 31 քարտուղար Որոշման հաստատված հավելվածով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը` մինչև ժամը 18.00-ն: Ընդգծենք, որ ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն ունեն միայն խորհրդարանում ներկայացված խմբակցությունները և ԸԸՀ-ները, հետևաբար ՏԸՀ անդամ նշանակվելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել վերոնշյալ սուբյեկտներին և ոչ թե ԿԸՀ-ին։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը նախապատվության քվեակարգով համալրեց։ Ըստ Արմեն Սմբատյանի, հանձնաժողովը սահմանված ժամկետում 5 դիմում է ստացել։ Բոլոր հինգ թեկնածուներն էլ բավարարել են Ընտրական օրենսգրքով սահմանված ԸԸՀ անդամ նշանակվելու չափանիշներին։ Հանձնաժողովը թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնում ընտրեց Նելլի Շառոյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:54 - 09 օգոստոսի, 2023
Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ ընտորղների թիվը նվազել շուրջ 25 հազարով. ԿԸՀ նախագահ |news.am|

Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ ընտորղների թիվը նվազել շուրջ 25 հազարով. ԿԸՀ նախագահ |news.am|

news.am: Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նկատելով, որ սովորաբար քաղաքական ուժերը քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ, վերջին ու նախավերջին օրերին: «Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում (2018-ի սեպտեմբերի 23-ին) այդ թիվը եղել է 848 հազար է եղել: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը,  ընտրական ցուցակներում Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի: Այսինքն անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է: Թե ինչու, որովհետեւ 2021-ի ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական ցուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս եւ ավելի անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին: Ենթադրում եմ, որ նրանք մեր այն հայրենակիցներն են, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու բնակվում են արերկրում»,-ասաց հովակիմյանը: Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:
16:19 - 03 օգոստոսի, 2023
ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին հիշեցրել է, որ օգոստոսի 3-ից սկսվում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ ԿԸՀ նախագահը հայտնել է, որ այս ընտրություններին ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավոր է և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարագրերը ներկայացնել առցանց՝ կուսակցության ստացած օգտահաշիվների միջոցով։ ԿԸՀ նախագահը վերահաստատել է կուսակցությունների հետ համագործակցության վերաբերյալ  ԿԸՀ դիրքորոշումը։ Համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամության մասին է հայտնել նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Այնուհետև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է կայքի էլեկտրոնային նոր համակարգերը։ Քննարկմանը հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները հղել են իրենց հուզող հարցերը օգտահաշիվ ստանալու, տվյալները մուտքագրելու, գովազդային վահանակների և այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:20 - 02 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման

Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման

Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրում է քննարկման։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։ Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում՝ Գևորգ Քոչար 21Ա։ Հետաքրքրված կուսակցությունները մինչև օգոստոսի 2-ը ժամը 12։00-ը կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ [email protected],  [email protected][email protected] էլփոստերին ուղարկելով  կուսակցության և կուսակցության ներկայացուցիչների տվյալները։ ԿԸՀ-ից հարկ են համարում ընդգծել, որ ցանկալի կլինի քննարկմանը ներկա լինեն այն անձինք, ովքեր զբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։
13:20 - 01 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ

Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 20-ի հերթական նիստում ընդունած որոշմամբ փոփոխություն է կատարել «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Ըստ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները։ Գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ԿԸՀ մասնագետները մշակել և կիրարկել են հատուկ համակարգ։ Համակարգը վահանակ տիրապետող կազմակերպություններին հնարավորություն կտա ԿԸՀ համացանցային կայքում ունենալ անհատական օգտահաշիվ, որով նրանք կկարողանան իրենց հայտերը ներկայացնել օնլայն։ Օգտահաշիվները կլինեն մշտական՝ տվյալները թարմացնելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ կազմակերպությունները տասնօրյա ժամկետում իրենց հայտերը կներկայացնեն հանձնաժողով։ Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, ԿԸՀ շենքում վահանակ տիրապետող կազմակերպությունների հետ կլինի քննարկում, և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության աշխատակիցները մանրամասն կներկայացնեն համակարգը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ հաջորդ շաբաթ կուսակցությունների համար ևս իրազեկման հանդիպումներ կլինեն ԿԸՀ շենքում, որպեսզի մինչ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները նրանք ևս տիրապետեն ԿԸՀ էլեկտրոնային համակարգերին։
18:44 - 20 հուլիսի, 2023
Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի հերթական նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագիծը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց մի քանի առանցքային ժամկետներ․ կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի սակագնի հրապարակման ժամկետը մինչև հուլիսի 19-ի 18։00-ն է։ ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ գովազդային վահանակներ տիրապետող կազմակերպությունների համար ԿԸՀ-ն էլեկտրոնային գործիքակազմեր է մշակել, դրանք առաջիկա օրերին կներկայացվի ադ ընկերություններին։ Մեկ այլ հարցով ԿԸՀ-ն հաստատեց ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընդգծեց՝ այդ կարգի ընդունումը  որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լրագրողների իրավունքների սահմանափակում, հակառակը՝դրանով ԿԸՀ-ն հավատարմագրված լրագրողների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում։ Հովակիմյանը հավելեց՝ լրագրողները կկարողանան շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու, սակայն հավատարմագրված լրագրողների համար ԿԸՀ-ն նաև որոշակի մասնագիտական դասընթացներ կիրականացնի։
17:55 - 18 հուլիսի, 2023
Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին
 |hetq.am|

Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի՝ հունիսի 22-ի որոշումից, որը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Պատգամավոր լինելն ու վճարովի վիրահատություններն անհամատեղելի են Պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հարուցվել է 2023թ․ մարտի 13-ին։ Հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2021թ․ օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո Չարչյանը շարունակել է վիրահատություններ կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և ստանալ վարձատրություն։ Հիշեցնենք, Արմեն Չարչյանը 2014-2021թթ․ եղել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենը։ Հանձնաժողովը հարցում է կատարել Պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ Արմեն Չարչյանը 2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Իզմիրլյան» ԲԿ-ից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է աշխատանքային վարձատրություն։ ԿԿՀ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին նյութեր, որոնցից մեկը հրապարակվել է 2023թ․ մարտի 2-ին՝ «Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը» վերնագրով, իսկ մյուս երկուսը՝ 2022թ․ հունիսի 8-ին և հոկտեմբերի 10-ին՝ նույնաբովանդակ վերնագրերով։ Բժշկական կենտրոնը հերքել է՝ Չարչյանը չի վարձատրվել Այս ամենի վերաբերյալ ԿԿՀ-ն գրություն է ուղարկել «Իզմիրլյան» ԲԿ՝ առաջարկելով ներկայացնել 2021թ․ օգոստոսի 2-ից մինչև 2023թ․ հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների քանակի, ժամանակացույցի և բնույթի մասին տվյալներ։  Բժշկական կենտրոնից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրել են, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն Բժշկական համալսարանի կլինիկական բազան է, իսկ Արմեն Չարչյանն այնտեղ իրականացրել է համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների և 1-3-րդ տարվա կլինիկական օրդինատորների թեորետիկ և կիրառական ուսուցում, որոնց շրջանակում նա մասնակցում է որոշ վիրահատությունների՝ որպես Համալսարանի վնասվածքաբանության օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարել վիրահատության այս կամ այն փուլը։ Ըստ «Իզմիրլյան» ԲԿ-ի գրության՝ Արմեն Չարչյանը որևէ բուժական գործունեություն չի ծավալել, չի կատարել ամբողջական վիրահատություն և աշխատավարձ չի ստացել։  Ըստ բժշկական կենտրոնի՝ պացիենտների հիվանդությունների պատմագրերում Արմեն Չարչյանի մասնակցությունը ֆիքսված է հետևյալ կերպ՝ «Հիվանդը վիրահատվել է պրոֆեսոր Ա․Գ․ Չարչյանի գիտական մանկավարժական ղեկավարությամբ»։ Համացանցում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հայտնել է, թե դրանք եղել են գործընկեր կազմակերպության վրիպակները, և լիարժեք չտիրապետելով իրավիճակին՝ սխալ տեղեկություն են հրապարակել։ Նախկինում «Վիրահատությունը կատարել է պրոֆ․ Ա․Գ․ Չարչյանը» վերնագիրը փոխարինվել է «Վիրահատությունը կատարվել է պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի կողմից՝ պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ՓԲԸ-ի գիտական համակարգող Արմեն Չարչյանի գիտաուսումնական ղեկավարությամբ» վերնագրով։ Հանձնաժողովը նշում է, որ շտրիխով ջնջել են վիրահատող բժշկի անուն-ազգանունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով հիվանդությունների պատմագրերը, պարզել է, որ դրանցից 4-ում ուղղիչ գրիչով՝ շտրիխով, փակվել է վիրահատող բժշկի անուն-ազգանունը և ավելացվել է այլ անուն-ազգանուն, ինչից Հանձնաժողովը եզրակացրել է, թե վիրահատող բժշկի անուն-ազգանունը փոփոխված տարբերակով է ներկայացվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հանձնաժողովի մոտ ձևավորվել է ողջամիտ կասկած այն մասին, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ներկայացրած փոփոխված տվյալները նպատակ ունեն չեզոքացնել անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտումները։  Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, և ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ երբ հանձնաժողովը այդպիսի եզրակացության է հանգում, վարչական վարույթը կասեցնում է, իսկ վարույթի նյութերն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ դրանց իրավական գնահատական տալու նպատակով, ինչը և այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ արել է։
16:34 - 04 հուլիսի, 2023
«Յուրայինին նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը»․ Փաշինյանը՝ անկախ պաշտոններում իշխանության ներկայացուցիչ նշանակելու մասին

«Յուրայինին նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը»․ Փաշինյանը՝ անկախ պաշտոններում իշխանության ներկայացուցիչ նշանակելու մասին

ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով այն պնդմանը, որ իշխանությունը յուրայիններին նշանակում է անկախ պաշտոնների։ Նախ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք ԿԸՀ նախագահին նկատի ունեն, ապա այդ օրինակով ասաց, թե վա՞տ է, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։  «Մենք յուրայինին չենք տարել, նշանակել էնտեղ, որ ընտրությունները կեղծի, մենք յուրայինին տարել, նշանակել ենք էնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը, և գործնականում ապացուցել ենք․ ոչ մի դիմում-բողոք»,- ասաց նա։ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման և քննադատության առիթ էին դարձել՝ պայմանավորված մի քանի հանգամանքով։ Խոսքը նրա քաղաքական և կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու ու իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել էր, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ և էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։
11:11 - 31 մայիսի, 2023