ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները

Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները

Ամփոփվել են 2024/2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։  Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ՝ 16 924 քննություն հանձնելու համար (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 16 655 քննություն՝ 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 է: Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Ռուսաց լեզու» առարկաներից։ Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 3240 դիմորդ, քննությանը մասնակցել է 3211-ը: Միջին միավորը եղել է 11․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 589 դիմորդ (մասնակիցների 18,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 183-ը (5,7%)։ «Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 1045 դիմորդ, քննությանը մասնակցել է 1034-ը: Միջին միավորը եղել է 10.46: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 345 դիմորդ (մասնակիցների 33,4%-ը), 18-20 միավոր է հավաքել 121-ը (11,7%)։ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 56 դիմորդ, քննությանը մասնակցել է 56-ը: Միջին միավորը եղել է 11.00: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 10 դիմորդ (մասնակիցների 17,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 1-ը (1,8%)։ «Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 5045 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4983-ը: Միջին միավորը եղել է 12.85: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 842 դիմորդ (մասնակիցների 16,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 872-ը (17,5%)։ «Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 30 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 13․84։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 դիմորդ (մասնակիցների 13,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 2-ը (6,7%)։ «Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 31-ը: Միջին միավորը եղել է 12.19: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 5 դիմորդ (մասնակիցների 16,1%-ը), 18-20 միավոր է հավաքել 4-ը (12,9%)։ «Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75: «Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 827 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 818-ը: Միջին միավորը եղել է 10.64: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 245 դիմորդ (մասնակիցների 30%-ը), 18-20 միավոր է հավաքել 79-ը (9,7%)։ «Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1086 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1059-ը: Միջին միավորը եղել է 11.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 263 դիմորդ (մասնակիցների 24,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 147-ը (13,9%)։ «Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 4198 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4100-ը: Միջին միավորը եղել է 10.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1023 դիմորդ (մասնակիցների 24,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 269-ը (6,6%)։ «Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1222 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1191-ը: Միջին միավորը եղել է 12․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 283 դիմորդ (մասնակիցների 23,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 217-ը (18,2%)։ «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 141 դիմորդ, քննությանը մասնակցել է 141-ը: Միջին միավորը եղել է 10.29: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 38 դիմորդ (մասնակիցների 26,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 3-ը (2,1%)։ ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 43 քննական կենտրոնում, 14-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում:
18:10 - 19 փետրվարի, 2024
Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ: Ծրագրի նպատակն է բարեփոխել մանկավարժական կրթությունը Հայաստանում՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ կանաչ և թվային ուսուցման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է. ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Եվրամիության «Էրազմուս» ծրագրի շրջանակում: Վերանայվելու և ամբողջովին վերափոխվելու է բակալավրի, մագիստրոսական 5-ական և 2 կարճաժամկետ ծրագիր: Ծրագրի համակարգողը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է, գործընկեր բուհերն են ԵՊՀ-ն և Շիրակի պետական համալսարանը, ինչպես նաև երկու մանկավարժական բուհ՝ Մոլդովայից, որոնք ծրագրի հիմնական շահառուներն են: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ուսուցչի մասնագիտության հայեցակարգը՝ 2027-2035 թվականների համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առիթով և ընդգծել՝ կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները պահանջում են, որպեսզի այդ փոփոխություններն ունենան իրենց տրամաբանական արտացոլումը մանկավարժական կրթության հայեցակարգում և բովանդակության մեջ: «Մանկավարժական կրթության բարեփոխումը խիստ առանցքային խնդիր է. շատ բան կարող է փոխվել, բայց դպրոցում ամենակարևոր մարդը շարունակում է մնալ ուսուցիչը, որի ազդեցությունը երեխաների և կրթական արդյունքի ու բովանդակության վրա անգնահատելի է: Անչափ կարևոր է, որ մանկավարժական կրթության որակն ու բովանդակությունը համահունչ լինեն ժամանակակից մարտահրավերներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կարևոր նախաձեռնության հեղինակներին: ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է ծրագրի կարևորությունը կրթության ոլորտի մեկ այլ մակարդակի՝ բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգում: Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր աշխատանքը բարձրագույն կրթության վերափոխումն է, որպեսզի այն դառնա մրցունակ, միջազգայնորեն ճանաչելի և համադրելի: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվելու է 5 գործընկեր բուհերի հետ համադրմամբ և ՀՊՄՀ համակարգմամբ: «Սա շատ կարևոր աշխատանք է, որն ի սկզբանե աջակցելու է թե՛ միջազգայնացմանը, թե՛ բարձրագույն կրթության որակական փոփոխությանը: Կրթության ոլորտի բարեփոխումների առանցքում բարձրագույն կրթությունն ունի առանցքային նշանակություն: Այս իմաստով հատկապես կարևոր է ծրագրի շրջանակում մշակվելիք մանկավարժական կրթության հայեցակարգը, որը, կարծում եմ, ուղենշային փաստաթուղթ կդառնա մեր երկրում և ոչ միայն՝ մանկավարժական կրթության կազմակերպման և առաջնորդման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունն աջակցելու ծրագրի ընթացքին: Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով. «Այսօր դպրոցը և մանկավարժությունը մարտահրավերային փուլում են. գտնվելով տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, դպրոցը և ուսուցիչը պետք է հասցնեն համընթաց քայլել: Հետևաբար, ուսուցչի դերը, նրա կողմից կիրառվող մեթոդները, դասի կառավարման իրականացումը բոլորովին այլ սկզբունքների վրա պետք է հիմնված լինեն»,- ասել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները միտված են լինելու ուսուցիչների՝ անհրաժեշտ հմտություններով ու կարողություններով զինմանը: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի խոսքով՝ հատուկ վերափոխման և վերանայման են ենթարկվելու 3 հիմնական ուղղություններ՝ օտար լեզուների, հատուկ և ներառական մանկավարժության, ԲՏՃՄ առարկաների ոլորտների բոլոր ծրագրային մոտեցումները և մեթոդները, որոնց համար կձևավորվի հստակ գործիքակազմ: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում իրականացվող կանաչ և թվային կրթությունն ապահովում է հասարակության կայուն զարգացումը, ինչն էլ առնչվում է մանկավարժական կրթության հիմնահարցերին: Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, կարևորելով մանկավարժների գործունեությունը, հույս է հայտնել, որ ծրագիրը կօգնի ուսուցիչներին իրենց աշխատանքն ավելի հստակ և արդյունավետ կազմակերպել:
16:28 - 19 փետրվարի, 2024
Գեղեցիկ պայքար՝ ոսկու համար. ծանրամարտիկներ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն

Գեղեցիկ պայքար՝ ոսկու համար. ծանրամարտիկներ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն

Ե՛վ ոսկին, և՛ արծաթը Հայաստանինն են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում. հետևում թողնելով բոլոր մրցակիցներին՝ 2 հայ մարզիկները մրցում էին ոսկու համար։ Արդյունքում աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, հրելով հաղթական 209 կգ ծանրաձողը, երկամարտի 375 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել էր 166 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ (հրում վարժությունում՝ փոքր ոսկի): Իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երրորդ մոտեցմամբ չկարողացավ հրել 210 կգ ծանրաձողը և երկամարտի 374 կգ արդյունքով պարտվեց Հակոբ Մկրտչյանին՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։ Հովհաննիսյանն ավելի ուժեղ էր պոկում վարժությունում. բարձրացնելով 169 կգ ծանրաձողը՝ նա նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ (հրում վարժությունում՝ փոքր արծաթ)։ Երկամարտի արդյունքով բրոնզե մեդալը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Պավել Խոդասևիչը։
23:56 - 18 փետրվարի, 2024
Տնօրեն լինելը զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ. Ժաննա Անդրեասյան

Տնօրեն լինելը զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ. Ժաննա Անդրեասյան

Արդեն տևական ժամանակ է՝ դպրոցի տնօրենի նշանակման կարգով հարցազրույցի փուլն արվում է համատեղ հանձնաժողովի կողմից՝ նախարարության և լիազոր մարմնի մասնակցությամբ։ Ուզում եմ կիսվել մի քանի տպավորությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:     Նախարարի խոսքով՝ երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, ասել է, թե գյուղական դպրոցների տնօրենների հավակնորդները կարող են որոշ հարցերի չտիրապետել կամ կարելի է աչք փակել ինչ-ինչ հարցերի վրա, որովհետև, ի վերջո, խոսում ենք գյուղական դպրոցի մասին։   «Այս մոտեցումը իրականում ոչ այլ ինչ է, քան առաջարկ՝ սորտավորել մեր քաղաքացիներին ու այդ սորտավորման մեջ որոշ քաղաքացիների՝ նվազ բարենպաստ պայմանները ընդունել որպես նորմալ, այսինքն՝ եթե մենք գնանք այս ընկալման հետևից, պիտի ընդունենք, որ գյուղական այդ բնակավայրերի երեխաները ոչինչ, որ ավելի վատորակ կրթություն ստանան, դե դա է հնարավոր առավելագույնը։   Սա անընդունելի մոտեցում է․ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից․ սա է կրթության ռազմավարության ասելիքն ու անելիքը։   Հենց այս նպատակով է, որ այսօր միլիարդավոր դրամներ են ներդրվում հենց գյուղական բնակավայրերում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման համար, դպրոցական ենթակառուցվածքի բարելավման համար։ Որովհետև խոսքը մեր երեխաների մասին է, որոնք նույն իրավունքներն ունեն՝ անկախ իրենց բնակության վայրից։ Ու, այո՛, գիտակցելով, որ դրան հասնելու համար ժամանակ է պետք, այդ ժամանակը պետք է օգտագործվի լուծումներ գտնելու, ոչ թե իրավիճակին հարմարվելու համար։   Դեռևս շատ հավակնորդների թվում է, թե հարցերն ունեն ի սկզբանե սխալ և ճիշտ պատասխաններ, որոնք պետք է հիշել։   Ցավոք, մասնակիցներից քչերն են դեռևս պատկերացնում, որ դպրոցի տնօրեն լինելն առաջին հերթին զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ։ Անգիրը դպրոցի տնօրեն դառնալու ճանապարհ չի, մտածելն է այդ ճանապարհը։   Շատ բարդ է գործընթացը։ Բայց այլընտրանք չկա։   Սիրելի՛ հավակնորդներ, առաջին հերթին մտածեք դպրոցի մասին, որն ուզում եք ղեկավարել, մտածեք դպրոցի մասին ոչ թե որպես շենք, այլ որպես միջավայր ու բովանդակություն»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։
12:26 - 18 փետրվարի, 2024
Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով

Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի V-VI դդ. եկեղեցի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի «Սևան - 2» հանգստյան տան ճաշարանի պատին գտնվող «Աստղիկի ծնունդը» խճանկար և նույն մարզի Վարդաձոր գյուղի Ք.ա. II-I հազ. դամբարանադաշտ և ժայռապատկեր (Ք.ա. II-I հազ.) պատմամշակութային օբյեկտները։ Երևան քաղաքի Սիմեոն Երևանցու 67/1 հասցեում գտնվող բնակելի տուն (XIX դ. վերջ-XX դ. սկիզբ), Կենտրոն վարչական շրջանի (Վ․ Սարգսյան փող., 7 շենք) Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենք (1991 թ․) և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հնձան (XIII դ․) օբյեկտներին տրվել է տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի V դարի Ծիրանավոր եկեղեցի, XIII դարի Սպիտակավոր եկեղեցի, XIX դ. վերջի բնակելի տուն՝ Ալազանի փողոց 19-23 (պետ․ ցուցիչ՝ 2.1.16, 2.1.19, 2.1.4), Արագածոտնի մարզի VII-XIX դդ. Դաշտադեմ գյուղի ամրոց, VII-XVIII դարերի գյուղատեղի քաղենի, VII դ. Սբ Քրիստափոր եկեղեցի (պետ․ ցուցիչ՝ 2.35.1-2.35.1.3, 2.35.8-2.35.8.17, 2.35.10-2.35.10.3), Տավուշի մարզի Աչաջուր գյուղի X-XIII դարերի Մակարավանք վանական համալիր (պետ․ ցուցիչ՝ 10.13.6.3) և 36 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ վերջիններս կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից:
18:56 - 16 փետրվարի, 2024
Հայաստանը չի մասնակցի ՌԴ–ում կայանալիք «Ապագայի խաղեր 2024» մրցաշարին. ԿԳՄՍՆ |armeniasputnik.am|

Հայաստանը չի մասնակցի ՌԴ–ում կայանալիք «Ապագայի խաղեր 2024» մրցաշարին. ԿԳՄՍՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը չի մասնակցի վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարին, որը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը Կազանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։ «Հայաստանը նման հայտ ստացել է մրցաշարի կազմակերպիչներից։ Մենք այդ հայտն ուղարկել ենք գրանցված սակավաթիվ ոլորտային կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին, բայց բացասական պատասխան ենք ստացել։ Նշել են, որ մրցույթին մասնակցելու համար թեկնածուներ չունեն»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է հետագայում մրցույթի մասնակցությանը, Սեդրակյանը նշեց, որ եթե լինեն համապատասխան կազմակերպություններ` ձևավորված թիմերով, և եթե պետությունը նպատակահարմար գտնի նման միջոցառմանը աջակցություն տրամադրել, Հայաստանը կմասնակցի։ Այս տարի այդ մրցաշարի համար նախապես ծրագրված ֆինանսական միջոցներ չեն եղել։ Միաժամանակ Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Ապագայի խաղեր» մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը որպես Հայաստանի ներկայացուցիչ ներկա կլինի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Նշենք, որ մրցաշարն անցկացվում է առաջին անգամ և կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ ավելի քան 100 երկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 25 միլիոն դոլար։
09:23 - 16 փետրվարի, 2024
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
 |tert.am|

7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ |tert.am|

tert.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով հիմնախնդրի քննարկումը, ընդգծել է՝ վաղ ամուսնություններն առաջին հերթին արտահայտվում են երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստով, ինչը, Արաքսիա Սվաջյանի վստահեցմամբ, խիստ մտահոգիչ է: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը շատ կարևոր է՝ վաղ ամուսնությունների հետևանքով առաջացող խնդիրները կանխարգելելու համատեքստում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2023-2024 ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են ազգությամբ եզդի 1319 աղջիկներ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից:   «Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու շարժն ակնհայտ է ավագ դպրոցի տարիներին: Մասնավորապես, 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ դիտվում է սովորողների թվի 52,7 %-ի չափով նվազում, 11-րդ դասարանում՝ 69,5 %, իսկ 12-րդ դասարանում՝ 88,2 %: Հասկանում ենք, թե սա որքան վատ ցուցանիշ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու ներկայացրել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակը: Նախարարի տեղակալի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, ազգությամբ եզդի սովորողների թվի առումով բուհերում աճ է նկատվում. «2020/21 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում ունեցել ենք ազգությամբ եզդի 34 ուսանողներ, որոնցից 9-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ: Մագիստրատուրայում կրթությունը շարունակել են ընդամենը 6 եզդի ուսանողներ, բոլորը՝ տղաներ: 2021/22 ուսումնական տարում ուսանողների թիվը փոքր-ինչ ավելացել է. բակալավրում այն կազմել է 40 (13-ը՝ աղջիկ), իսկ մագիստրոսական աստիճանում կրթությունը շարունակել են ընդամենը 5 ուսանողներ: 2022/23 ուսումնական տարում ունեցել ենք բակալավրի 55 ուսանողներ, որոնցից 17-ը՝ աղջիկներ: Մեկ տղա էլ կրթությունը շարունակել է մագիստրատուրայում»: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև այն քայլերին, որոնք ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկում է՝ իրավիճակը կանխելու նպատակով: Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակի գործունեությանը: «Այս խմբակի շրջանակում երեխաները տարաբնույթ թեմաներով ուսումնասիրություններ են կատարում, և սա ավելի ինտերակտիվ ձևաչափով իրականացվող ուսումնական գործընթաց է երեխաների համար՝ թույլ տալով նրանց մոտ հեշտությամբ ձևավորել բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողությունների հասնելու համար` նվազագույն պատկերացումների տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նրա դիտարկմամբ՝ վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում առողջ ապրելակերպից բացի՝ նշանակալի ազդեցություն կունենա նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման շուրջ տարվող գործընթացը: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նախորդ տարեվերջին լրամշակվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը գործում է դեռ 2021 թվականից: «Հստակ առանձնացվել են ընթացակարգերը, և դրան համապատասխան՝ յուրաքանչյուր մարմին և գերատեսչություն գիտի իր անելիքները. տեղեկատվական համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, ինչը հնարավորություն կտա ինչպես դուրս բերել պարտադիր կրթությունից դուրս մնացած, այնպես էլ դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաներին. 6 աշխատանքային օր անընդմեջ բացակայող երեխաները համարվում են ռիսկի տակ գտնվող, ու եթե բացակայության համար չկա հիմնավոր պատճառ, երեխաներին դպրոց հետ բերելու ուղղությամբ պետք է լրացուցիչ աշխատանք կատարվի: Մեր երկրում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հետևաբար յուրաքանչյուր ծնող պարտավոր է իրացնել իր երեխայի իրավունքը: Ինչ վերաբերում է տարիքային շեմի փոփոխությանը, ապա կարծում եմ՝ մենք ավելի շատ սովորողների իրավագիտակցությանը միտված կարողությունները պետք է զարգացնենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը: Պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, նշել է՝ գործող իրավակարգավորումներով սահմանվել է՝ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է. «7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում: Իր հետ ստիպված անհատական աշխատանք պետք է անել, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, իսկ դա ավելի է բարդացնում երեխայի վիճակը: Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ կհանդիսանա, և ծնողները երեխաներին դպրոց կտանեն 6 տարեկանից, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքում»,- նշել է նախարարի տեղակալը: Նշենք՝ խորհրդարանական լսումներին ներկա են եղել նաև իրավասու մարմինների, ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչներ։ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ ամուսնության տարիքային շեմի բարձրացման նպատակով իրականացվող օրենսդրական բարեփոխումները նախատեսվում են 2024 թվականին։ «Խորհրդարանում հանդիսանալով եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր հատկապես եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների մասով, սակայն պետք է արձանագրել, որ խնդիրը համատարած բնույթ է կրում: Կարևորում եմ վաղ տարիքից երեխայի գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ վաղ ամուսնությունները կարող են ունենալ բացասական հետևանքներ իրենց հետագա կյանքի, նաև ճակատագրի վրա։ Անչափահասների ամուսնությունն առաջացնում է տարաբնույթ խնդիրներ առողջական, կրթական, սոցիալական տեսանկյունից»,- ասել է Բաքոյանը։
20:21 - 15 փետրվարի, 2024
Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍՆ

Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները հերթական շրջայցն են կատարել մի շարք հուշարձաններ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում տեղում քննարկվել և հստակեցվել են Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Նախագծի մրցույթը ԿԳՄՍ նախարարությունը կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում: Քննարկվել է նաև Աղձք պատմամշակութային արգելոցի հարակից տարածքի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և արգելոցի տարածքին միացնելու հարցը: Հաջորդ կանգառը Օհանավանի տարածքում էր՝ Քասախի կիրճում, որտեղ բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել էին: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Մասնագետները շրջայց են կատարել նաև 10-15-րդ դարերի «Սերկևիլ» գյուղատեղիի, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, պարսպի և կիկլոպյան ամրոցի տարածքներում:
12:28 - 15 փետրվարի, 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության է հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով ուժեղ է գտնվել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուից։ Հայաստանի հավաքականի կազմում այսօր ավելի վաղ ԵԱ-ի եզրափակիչ է դուրս եկել աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Կիսաեզրափակչում Եվրոպայի 6-ակի չեմպիոն Ալեքսանյանը գոտեմարտել է բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել է 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տոնել։
21:47 - 13 փետրվարի, 2024
Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել “Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity” խորագրով պանելային նիստում: Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։ Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ և համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։ Նախարարը կարևորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային և կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում և շնորհակալություն հայտնել` ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները: Նշենք նաև՝ համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որի նպատակն է առաջարկել նոր ուղիներ՝ բարելավելու, խորացնելու և ընդլայնելու կրթության և մշակույթի ոլորտների միջև համագործակցությունը՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները՝ արագացնելու 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա և ապագա նպատակների իրագործումը: Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ։  
19:13 - 13 փետրվարի, 2024
Մալխաս Ամոյանը և Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում են
 |armenpress.am|

Մալխաս Ամոյանը և Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշայինների պայքարում` Մանվել Խաչատրյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մոլդովան ներկայացնող Արտյոմ Դելինուի հետ: Խաչատրյանը քառորդ եզրափակիչում գերազանցել էր թուրք Ադեմ Ուզունին: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց շվեդ Վիրջիլ Բիկային: 77 կգ քաշում Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայաստանը ներկայացնող մարզիկը 1/8 եզրափակիչում հաղթել էր Իտալիայից Վիտո Աբբրեսցիային և քառորդ եզրափակիչում` չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ադլետ Տիուլիուբաևին: Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուն է: 87 կգ քաշում Գևորգ Թադևոսյանը հաղթեց մեկնարկում, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում: Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում հաղթեց Շվեյցարիան, 1/8 եզրափակիչում` Սերբիան ներկայացնող մարզիկներին: Նա քառորդ եզրափակիչում է:
17:04 - 12 փետրվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարն Աբու Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, ինչպես նաև սերտացնելու համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերելու նոր կապեր և պայմանավորվածություններ, մշակելու նոր համատեղ ծրագրեր: Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում հանդես կգա զեկույցներով:
16:55 - 12 փետրվարի, 2024
Իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ

Իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել վերջին օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված՝ զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ․ «Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»:
11:44 - 12 փետրվարի, 2024