Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզի Պրիվոլնոյե բնակավայրում առաջին անգամ մանկապարտեզ կգործի

Սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզի Պրիվոլնոյե բնակավայրում առաջին անգամ մանկապարտեզ կգործի

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը։ Աշխատանքների ավարտից հետո այն համայնքին կծառայի որպես մանկապարտեզ։   Ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի, այն այժմ ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է 51 մլն 635 հազար դրամ:   Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 47 մլն դրամ, որից 25.85 միլիոնը կազմել է պետբյուջեի ներդրումը, 21.15 միլիոնը` համայնքային:   Ծրագրով իրականացվել է մոտ 200 քմ մակերեսով շենքի հիմքերի ուժեղացում, կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, անցկացվել է ջեռուցման համակարգ, ներքին և արտաքին ջրամատակարարման ցանց, կոյուղի:   Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 870 բնակիչ:
21:37 - 31 մարտի, 2022
Լոռիում և Արմավիրում մարզպետի տեղակալներ են նշանակվելպետի տեղակալ

Լոռիում և Արմավիրում մարզպետի տեղակալներ են նշանակվելպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Առնակ Ավետիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
13:38 - 02 մարտի, 2022
Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի գնահատվում է միջին ծանրության

Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի գնահատվում է միջին ծանրության

2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է. խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
17:49 - 21 հունվարի, 2022
Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ Դատախազություն

Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ Դատախազություն

Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել է բնակարանային գողությունների կանխման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման ու պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ 2021թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները ու հանգամանքները, այս հանցատեսակի կտրվածքով մարզում առկա կրիմինոլոգեն վիճակը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման 143 դեպք, այսինքն` տեղի է ունեցել նվազում 14 դեպքով կամ 10 տոկոսով։ Դրական որոշակի դինամիկա է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում, թեև ընդհանուր առմամբ դրանք հեռու են բավարար համարվելուց: Մասնավորապես, եթե 2020թ. բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է  18.9%, ապա 2021թ.՝ 19,4%։ Վերոնշյալ դրական միտումները մեծապես պայմանավորված են մի կողմից բնակարանային գողությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից նախանշված և Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հարցում ցուցաբերված հետևողականությամբ: Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում Լոռու մարզի համայնքների ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է թվով 76 միջնորդագիր, որոնցով վերլուծվել են տվյալ համայնքներում հանցագործության կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, տարածքները: Խնդիր է դրվել գործուն քայլեր ձեռնարկել համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Ներկայացված միջնորդագրերը քննարկվել են դատախազների մասնակցությամբ, ինչի արդյունքում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր 256 տեսանկարահանող սարք: Մասնավորապես, Վանաձորում տեղադրվել է 97,  Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47 տեսախցիկ: Ընդ որում՝ զգալի դեպքերով հանցագործությունների բացահայտման համար առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց տեսագրությունների ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը պատկերացում է կազմել հանցանք կատարած անձանց, նրանց երթուղիների մասին:     Նույն շրջանակներում Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին տեղադրվել է 171 կոդավորվող փական։ Միջնորդագրերի քննարկման ընթացքում համայնքները պարտավորվել են շարունակել աշխատանքները նշված ուղղությամբ, ինչը կնպաստի համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիության պաշպանության վիճակի բարելավմանը: Հաշվի առնելով բնակարանային գողությունների հանրային վտանգավորության աստիճանը՝ մարզի դատախազությունից քրեական գործերով առարկայական հանձնարարություններ և ցուցումներ են տրվել նաև վարույթն իրականացնող քննիչներին՝ արդյունավետ քննությունն ապահովելու, դեպքի վայրի որակյալ զննություն կատարելու, անձանց հարցաքննությամբ կոնկրետ գողացված առարկաների նկարագիրը և այլ կարևոր հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Ելնելով 2021թ. կատարված աշխատանքների արդյունքներից, բնակարանային գողություններով պատշաճ և ընդգրկուն աշխատանք կատարելու, հատկապես հանցագործությունները բացահայտելուն միտված առարկայական գործողություններ իրականացնելու, նշված հանցատեսակին նպաստող պատճառները և պայմանները վերացնելու համար Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին։
15:03 - 21 հունվարի, 2022
Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպապպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել ան­տա­ռապետին, ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չեն կատարել: Մասնավորապես՝ նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի արդյունքում հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա  հետևանքով  բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30.000.000 ՀՀ դրամի չափով վնաս։ Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկղություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասությանա ռաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք: Դատախազը քրեադատավարական օրենքի տիրությում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։
20:01 - 11 հունվարի, 2022
Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում։ Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնույան հետ կապերի եւ եւ տեղեկատվության վարչությունը։ Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը: «Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք՝ տեղում տեսնելու, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման: Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ:  «Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ:
19:13 - 22 դեկտեմբերի, 2021
Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Հաշվի առնելով, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ՝ դատական կարգով հողա­մա­սի օտարման աճուրդը, դրա հիման վրա կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերն անվավեր ճանաչելու և սահմանված կարգի խախտմամբ համայնքի ղեկավարի որդու կողմից ձեռք բերված համայնքապատկան հողամասը իր օրինական տիրոջը՝ համայնքին վերադարձնելու  նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Միաժամանակ, մարզի դատախազը միջնորդագրով ընդգծել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը: «Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանին առաջադրվել էր մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս մեղադրվում էր այն բանի համար, որ իբրև համայնքի ղեկավար, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին. 2017թ. ապրիլի 10-ին ավագանու հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսական նշանակության 0,04 հա հողա­մա­սը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուց­վածք­ների օբյեկտների հողերի կատեգորիայի գործառնական նշանակության փոխադրելու որոշումը: Նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը՝ նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ավագանուն ներկայացրել հիշյալ 0.04 հա հողատարածքն աճուրդով օտարելու մասին որոշումը, որը հաստատվել է: Այնուհետև, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ աճուրդավարի հետ փոխշաղկապված անձանց սակարկություններին մասնակցելու արգելքը, 2017թ. հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարի՝ որպես աճուրդավարի, ղեկավարմամբ անցկացվել է նշված հողամասի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել նրա որդին, ում հետ կնքել է հողամասի առու­վա­ճառքի պայմանագիր: Կարճ ժամանակ անց համայնքի ղեկավարը որդու միջոցով նույն հողամասն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության ոլորտի ընկերութ­­յանը՝ արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիս ստանալով ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Այդ կերպ էական վնաս է պատճառվել Հարթագյուղ համայնքի իրավունքներին՝ վերջինիս զրկելով նույն չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: 2021թ. հունվարի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի նախաքննության և դատական քննության ընթացքում մեղադրանքի ծավալում ներառված՝ համայնքին պատճառված վերոնշյալ նյութական վնասն ամբողջապես վերականգնվել է: Դատարանի 2021թ. մայիսի 11-ի դատավճռով Անդրանիկ Հարությունյան մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման մեջ ու դատապարտվել տուգանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
19:10 - 20 դեկտեմբերի, 2021
Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է. խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է. խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատուների, Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի հրատապ թեման կորոնավիրուսային պատվաստման գործընթացն էր: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբւքյան էջից։   Մարզպետի տեղակալը նշել է, որ հանրապետության ընդհանուր ցուցանիշների համեմատությամբ՝ մարզի տվյալները, մեղմ ասած, չեն գոհացնում:   «Տեմպերը բավականին թուլացել են, ինչը խոսում է առողջապահական հիմնարկների ոչ հետևողական և ջանացավ աշխատանքի մասին»,- ասել է նա: Փոխմարզպետը խստորեն հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել մինչև տարեվերջ՝ իրավիճակն էականորեն բարելավելու ուղղությամբ:   Վարչության պետն, իր հերթին, նշել է, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամի տարածվածության հետ կապված մարզում բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել, ինչը հաղթահարվել է մասնագիտական ուժերի գերլարմամբ: Հաջորդ շտամը՝ «Օմիկրոնը», որը մեծ արագությամբ տարածվում է աշխարհում, շատ ավելի մտահոգիչ պատկեր է խոստանում:   «Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է: Վերջինս մեր քաղաքացիների կյանքն ապահովագրելու միակ տարբերակն է»,- ասել է վարչության պետը: Նա խստորեն հորդորել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես ռիսկային խմբերին:   Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի առողջապահության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի ևս:
10:21 - 18 դեկտեմբերի, 2021
Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Դեկտեմբերի 14-ին կայացել է Հայաստանում բազմաչափ աղքատության և համայնքների սոցիալական կարիքների մասին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված երկու հետազոտությունների արդյունքների ներկայացումը։  Միջոցառման ընթացքում ներկայացված հետազոտությունները իրականացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) կողմից Շիրակի, Լոռու և Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում։  «Հայաստանում ցնցումներին դիմացկուն սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդումը ազգային և տեղական մակարդակներում 2021 թվականի ԵՄ-Հայաստան տարեկան գործողությունների ծրագրի առաջնահերթություններից է»,- իր խոսքում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը,- «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր ունեն աղքատության ու անհավասարության վերաբերյալ դիսկուրս առաջացնելու և ամենախոցելի խմբերի կարիքները բավարարող քաղաքականություններն ու հատկացումները խթանելու գործում»:  ՀՌԿԿ-Հայաստանի «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունը հայտնաբերել է մի շարք հիմնախնդիրներ․ Լոռու մարզն ամենախոցելին է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով, Սպիտակում ցուցանիշը 80.1% է: Սպիտակում տնային տնտեսությունների 83,7%-ը, Իջևանի՝ 74,3%-ը, չեն կարող իրենց միս կամ համարժեք բուսական սնունդ թույլ տալ ամեն երկրորդ օրը: Երեք մարզերում աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9%), իսկ 39.6%-ը երկարաժամկետ գործազուրկ է: Բնակչության միայն 2,4%-ն է նշել, որ ի վիճակի է կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» և այլն։ Քովիդ-19-ի առումով խոցելի բնակչության տեսակարար կշիռը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում միասին կազմել է 19.7%: Շիրակում (18.8%) այս ցուցանիշն ավելի ցածր է, քան Լոռիում (20.1%) և Տավուշում (20.4%): Այս և մյուս ցուցանիշների վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանը խնդիրների վրա ուշադրություն դարձնելու և դրանք լուծելու առաջարկների նախնական փաթեթ է պատրաստել: Ստացված տվյալները փաստում են, որ ենթազգային մակարդակում բազմաչափ աղքատության վերհանումը էական քայլ է՝ երկրում համայնքային մակարդակում աղքատությունը հասկանալու և այն հասցեագրելու համար:  Հանդիպմանը ներկա էին ոլորտի պատասխանատու տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանն իր խոսքում նշել է,- «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփախումների կարևոր հանգրվանում, որի ընթացքում շտկվում են կառավարության, համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի դերակատարումները։ Այս դերակատարումների լիարժեք տարորոշման համար խիստ օգտակար են անկախ հետազոտություններից ստացված տվյալները, որոնք նպաստում են կառավարության քաղաքականությունները ավելի փաստահենք և հասցեական դառնալուն»։  «Տարածքային սոցիալական պլանները այս պահին շատ պահանջարկված են և իսկապես ճիշտ ժամանակն է դրանք կյանքի կոչել։ Այս համատեքստում, որպես սոցիալական ոլորտի մասնագետներ, մենք կարևորում ենք ծրագրի գաղափարը՝ 10-ը համայնքներում մշակելու, ներդնելու և նպաստելու սոցիալական պլանների իրականացմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը։  ՀՍԱԱ «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում (Մեծամոր, Արմավիր, Մրգաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Գյումրի, Մարմաշեն, Գորիս, Սիսիան, Տաթև) բնակիչների կողմից բարձրաձայնված կարիքներն ու խնդիրները գրեթե նույնն են։ Այսպես, օրինակ, երեխաների՝ հատկապես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների, համար զարգացման կենտրոնների բացակայությունը, տարեցների համար զբաղմունքի/ժամանցի վայրի բացակայությունը, սոցիալական աջակցության ծառայությունների մատուցման ցածր որակը, չափորոշիչների ոչ հստակ լինելը, սոցիալական աշխատողների և ինտեգրացված սոցիալական ծառայությունների մատուցման պատասխանատուների վերապատրաստման կարիքը, ենթակառուցվածքների՝ ճանապարհների, խմելու ու ոռոգման ջրագծերի անմխիթար վիճակը և այլն։  ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում, իսկ ՀՍԱԱ հետազոտությունը՝ «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 
19:01 - 14 դեկտեմբերի, 2021
Քաղաքաշինության կոմիտեն Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի խնդիրների լուծմանն աջակցելու համար նախագիծ է մշակել

Քաղաքաշինության կոմիտեն Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի խնդիրների լուծմանն աջակցելու համար նախագիծ է մշակել

1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից տուժած ընտանիքներին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում ժամանակավոր փայտե կացարաններ են հատկացվել, որոնք շահագործվում են մինչ օրս։ Բնակիչները բազմիցս ահազանգել են, որ թաղամասի շենքերի փայտը նեխել է, շենքերի խոնավությունը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների․ նրանք կառավարությունից պահանջել են նոր բնակարաններով ապահովել իրենց։ 2018 թ․-ի դեկտեմբերի 11-ին բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով 3 մարդ էր մահացել։ Դրանից առաջ էլ, բնակիչների խոսքով, փայտե շենքերից մեկն էր ամբողջությամբ այրվել, ինչը մի ծերունու մահվան պատճառ էր դարձել։ Infocom-ը փորձել է պարզել, թե երբ և ինչպես են բնակարաններով ապահովվելու Աշոտաբերդ թաղամասի փայտե կացարաններում ապրող բնակիչները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) Infocom-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասի 24 բազմաբնակարան փայտաշեն տներում ապրում է 296 ընտանիք․ 128 բնակարան սեփականաշնորհված է, պետական է 168-ը. «Աշոտաբերդ թաղամասի բնակարանները բաշխվել են՝ համաձայն կառավարության կողմից հաստատված բնակարանների բաշխման առաջնահերթության ցուցակի, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով տուն կորցրած ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրի։ Ըստ Լոռու մարզպետարանի տրամադրած տեղեկության՝ բնակարանային ապահովման խնդիրը կարող է լուծվել միայն բնակարանաշինական ծրագրերի առկայության դեպքում»։ ՏԿԵՆ-ը ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար առաջարկել էր դիմել Քաղաքաշինության կոմիտե։ Քաղաքաշինության կոմիտեից մեզ հայտնել են, որ Աշոտաբերդ թաղամասի բնակարանները շահագործման են հանձնվել 1989 թ․-ից, շենքերի համար նախատեսված է եղել 25 տարի շահագործման ժամկետ․ «Շենքերի պահպանման համար պարտադիր պայման է հանդիսացել փայտյա կոնստրուկցիաների պաշտպանիչ միջոցառումների իրականացման աշխատանքների ապահովումը, որը չի կատարվել և տարիների շահագործման ընթացքում վերոհիշյալ շենքերի բնակարանները դարձել են բնակվելու համար ոչ պիտանի»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել փայտաշեն տներում ապրող մարդկանց բնակարաններով ապահովելու համար, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նշել է, որ բնակարանները հիմնականում քաղաքացիների սեփականությունն են, և գործող իրավակարգավորումների համաձայն՝ իրենց գույքի պահպանման հոգսը, այդ թվում՝ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում են սեփականատերերը․ «Սակայն, հաշվի առնելով խնդիրը սեփականատերերի միջոցներով լուծելու ոչ իրատեսական լինելու հանգամանքը, այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցին աջակցելու նպատակով կոմիտեի կողմից մշակվել և ներկայումս շահագրգիռ մարմինների քննարկման փուլում է գտնվում Աշոտաբերդ թաղամասում, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում առկա նմանատիպ խնդրի կանոնակարգման նպատակով նշված երկու համայնքներում նոր բնակելի թաղամասերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման հետ կապված ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որի ընդունմամբ և այդ ուղղությամբ ֆինանսական միջոցների նախատեսմամբ էլ կպայմանավորի խնդրի կանոնակարգման հետագա ընթացքը»։ Կոմիտեից հավելել են նաև, որ մշակված նախագծով նախատեսվում է անդրադառնալ Աշոտաբերդ թաղամասի խնդրին ամբողջականության մեջ (այլ ոչ թե ընտանիքների մի մասին), քանի որ նախագծի նպատակը, քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման կարիքից զատ, նաև քաղաքաշինական է, որի իրագործումը հնարավորություն կտա ձևավորել այդ շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված մոտեցումներ և թաղամասն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ խնդրի կանոնակարգման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր կլինի հայտնել նշված նախագծի ընդունումից և նախագծանախահաշվային փաստթղթերը ձեռք բերելուց հետո։ Հարցին` արդյոք պետությունը չունի՞ պարտավորություն այն ընտանիքների նկատմամբ, որոնք Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն տներում են հայտնվել երկրաշարժի հետևանքով, կոմիտեն այսպես է պատասխանել․ «Ներկայումս գործող օրենսդրությամբ վերը նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական պարտավորություն ձևավորված չէ»։ Նանե Ավետիսյան
18:14 - 10 դեկտեմբերի, 2021
Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի |1lurer.am|

Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի |1lurer.am|

1lurer.am:  Լոռու մարզի Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ընդհանուր առմամբ գրանցված է 1507 ընտրող։ Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի։ Սպիտակում, հիշեցնենք, ընտրապայքարին մասնակցում է քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք», «Հայրենիք» և ՀՅԴ։ ՔՊ֊ի ընտրացուցակը գլխավորում է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, «Իմ հզոր համայնքի» ընտրական ցուցակի առաջին համարը ՀՀԿ֊ական նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանն է, «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Կարեն Թեմուրյանը, Իսկ ՀՅԴ-ինը՝ Սասուն Ասատրյանը։ Սպիտակում 31 ընտրատեղամաս կա։ ՏԸՀ նախագահ Մկրտիչ Ավետիսյանը «Լուրերի» թղթակցին հայտնել է՝ ժամը 11.00֊ի դրությամբ բոլոր տեղամասերում ընտրական գործընթացն ընթացել է բնականոն հունով և որևէ ահազանգ չի ստացվել։
11:41 - 05 դեկտեմբերի, 2021
Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020 եւ 2021թթ․ հավանության արժանացած եւ իրականացված կամ իրականացման փուլում գտնվղ 36 համայնքների 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից կհատկացվի 885 մլն 178 հազար դրամ։ 40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, այժմ առաջացել է պետության ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Նշված ծրագրերից չորսը, ինչպես նշեց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը, 2020-ին է հաստատվել, 36—ը՝ 2021-ին։ Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 մլնն է պետության մասնաբաժինը։ Ըստ մարզերի հետեւյալ բաշխվածությունն է․ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 69 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 241 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 6 ծրագիր՝ 256 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 8 ծրագիր՝ 152 մլն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր, 147 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 3 ծրագիր՝ 18,5 մլն դրամ։ Այս որոշմամբ ակնկալվում է գումարներ հատկացնել շինարարներին։ Ըստ նախարարի՝ ոմանք աշխատանքներն ավարտվել են, ոմանք ավարտական փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որակի վերահսկման առումով ինչ աշխատանքներ են իրականացվել, եւ որքանով կարող են վստահ լինել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ մակարդակով են իրականացվում։ Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում կան համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային եւ տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում շինհրապարակներ․ «Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում էն նախագծային, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, եւ շտկման համար ժամանակ է տրվում։ Եթե նախանշված նորմերը չբավարարվեն, այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Ցավոք, դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկված խողովակ։ Կան դեպքեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ սկսել»,- ասաց Սանոսյանը։ Փաշինյանը ճշտեց՝ այս գումարը, որ հատկացվում է, դրանով վճարում են ստուգած, պատշաճ աշխատանքի համա՞ր, Սանոսյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ վճարում են այն ժամանակ, երբ համոզված են, որ կատարած աշխատանքը նորմալ է։
11:43 - 02 դեկտեմբերի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ստորև ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ Արզնի համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը: Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 2200 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 200-ը։ Այլ թեկնածուների ստացած քվեների վերաբերյալ նախնական տվյալները՝ այստեղ։ Լերմոնտովոյի ավագանու անդամի ընտրություններում 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը։ Նախնական տվյալները՝ այստեղ։ Այս համայնքում կայացել են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ․ 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը, մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը, 17 ձայն է հավաքել։ Նշենք, որ Լերմոնտովոյում քվեարկելու իրավունք ունեցող 679 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 196-ը։
11:20 - 15 նոյեմբերի, 2021
Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները չեն ստացել, իրականացվող մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:  Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:  Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացված է եղել առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ընդամենը երկու ահազանգ, որոնք ՀՀ գլխավոր դատախազության և Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ դարձվել են ստուգման առարկա: Սակայն ստուգողական գործողությունների արդյունքում դրանք չեն հաստատվել և թողնվել են անհետևանք: Մյուս համայնքների կտրվածքով մինչև քվեարկությունն ընկած ժամանակահատվածում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ևս որևէ ահազանգ չի արձանագրվել»։
10:14 - 15 նոյեմբերի, 2021
Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, համամասնական ընտրակարգող ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Կապան, Իջևան և Ստեփանավան համանքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ ստորև․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 705 ձայն կամ 13․8%«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 218 ձայն կամ 4․26%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 004 ձայն կամ 78.4% Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրելու իրավունք ուներ 13 343 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 5107-ը։ Ստեփանավանում ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում էր Վանո Հակոբյանը, ՔՊ-ի ցուցակը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, իսկ ԲՀԿ-ի ցուցակը՝ Հարություն Ղարագոզյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:  
09:55 - 15 նոյեմբերի, 2021