Ինֆոքոմ

Ես ինքս էլ տեսել եմ հրապարակումը, մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները․ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հետաքննության մասին

Ես ինքս էլ տեսել եմ հրապարակումը, մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները․ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հետաքննության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ փետրվարի 6-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ օրեր առաջ «Ինֆոքոմ»-ի հրապարակած հետաքննությանը՝ ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքների ու ֆինանսների անհայտ ծագման վերաբերյալ՝ նշելով, որ կուսակցության ներսում քննարկել են այն։ Թեմայի վերաբերյալ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․ «Պարոն Փաշինյան, Դուք 2018 թվականից առ այսօր ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում եք, որ երկրում համակարգային կոռուպցիա գույություն չունի։ Բայց 2018 թվականից առ այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ բազմաթիվ պաշտոնյաներ այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել, կալանավորվել են և այլն։ Մի այդպիսի հրապարակում նաև եղավ նախորդ շաբաթ․ ԱԱԾ և ՔԿ համատեղ օպերացիայի արդյուքնում էկոնոմիկայի փոխնախարար ձերբակալվեց, ևս երեք պաշտոնյա ձերակալվեցին։ Բայց խոսքս այս հրապարակման մասին չէ, այլ մի հրապարակման, որը համատարած այդ աղմուկի մեջ, ըստ էության, լռեցվեց։ Խոսքը հետաքննող լրագրողների իրականացրած հետաքննության մասին է, որով գնացել էին ՔՊ-ի քարոզարշավին հանգանակած գումարների հետևից, այցելել էին ձեր կուսակցությանը երկուսուկեսական միլիոն նվիրաբերած ընտանիքների և պարզել էին, որ շատերը անգամ տեղյակ չէին եղել, որ գումարներ էին նվիրաբերել։ Դուք ՔՊ կուսակցության վարչության նախագահն եք, եթե ֆինանսական թափանցիկությունը չեք կարողանում ապահովել՝ լինելով կուսակցության վարչության նախագահ, ինչ վստահություն պետք է ունենանք, որ նույնը կարողանում եք իրականցնել վարչապետի պաշտոնում։ Արդյո՞ք սա կոռուպցիա չէ, համակարգային կոռուպցիա չէ»։ Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ընդհանրապես, այդ թվում ձեր բարձրացրած հարցերի պատճառով է, որ մենք ասում ենք, որ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, որովհետև մի պաշտոնյան և մի անձը ամեն ինչ չի, որ կարող է թափանցիկություն ապահովել։ Դրա համար կան ինստիտուտներ, կա իրավապահ համակարգ, կա դատախազություն, կան վերահսկող մարմիններ, այդ թվում՝ կուսակցությունների գործունեության։ Իհարկե, նաև կուսակցությունը և կուսակցության ղեկավար մարմիններն են այդ հարցի պատասխանատուն, և ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, և նաև մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները և իրադրությունները և բնականաբար մտադիր ենք նաև պարզաբանել, հասկանալ թե ինչի մասին է խոսքը, կամ ինչը ինչի համար է տեղի ունեցել»։ Պետական տարբեր պաշտոնյաների տարբեր գործերով կարգավիճակ ունենալուն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իր կարծիքով դա ամենամեծ վկայությունն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա Հայաստանի Հանրապետությունում։ «Որովհետև էդ կամքի բացակայությունը, այսինքն՝ ձեր նշած երևույթների բացակայությունը պիտի հակառակի ապացույցը դառնար։ Ձեր նշած փաստերը ինքնին ամենամեծ ապացույցն են, որ այդ թվում թափանցիկություն ապահովելու բոլոր մեխանիզմները ՀՀ-ում կան, և թափանցիկությունն անխուսափելիորեն կապահովվի և ապահովվում է»,- հավելեց Փաշինյանը։ «Պարո՛ն Փաշինյան, ձեր կուսակցության քարոզարշավի գումարներ են հավաքվել, Դուք ՔՊ վարչության նախագահն եք, Դուք չեք կարողացել ապահովել ֆինանսական թափանցիկությունը ձեր կուսակցության։ Հիմա դուք վարչապետի պաշտոնում եք, շատ ավելի մեծ գումարների դեպքում, բյուջեի դեպքում ի՞նչ վստահություն քաղաքացին պետք է ունենա, որ կարողանալու եք ապահովել»,- արձագանքեց Խամոյանը։ «Էն փաստը, որ դուք ասում եք. բա որ թափանցիկություն չենք ապահովել, էդքան բան դուք որտեղից գիտեք։ Հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն։ Հետախուզական ծառայություննե՞րն են հայտնաբերել։ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություններ են։ Բա թափանցիկությունը պոզով-պոչո՞վ ա լինում։ Բա որ թափանցիկ չի, դուք որտեղի՞ց գիտեք։ Հարցման պատասխանը մենք ենք տվել, բայց նույնիսկ առանց մեր տալու Ազդարար կայքում էդ ամեն ինչը չի՞ հրապարակվում։ Այսինքն՝ օրենսդրության բոլոր մեխանիզմները կան։ Ասում եք՝ դուք չեք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Որ մենք չկարողանայինք ապահովել թափանցիկությունը, դուք էդ մասին գաղափար նույնիսկ չէիք ունենա։ Եթե դուք դրա մասին գիտեք, նշանակում ա թափանցիկությունը լիարժեք ապահովված ա։ Ուրիշ բան՝ հիմա էդ թափանցիկությունը ուսումնասիրելիս ինչ եզրակացությունների կհանգենք, էդ բոլորովին ուրիշ հարց ա։ Բայց ձեր հարցը շատ ուղիղ է՝ մենք չենք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Բայց ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերը ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը»,- եզրափակեց Փաշինյանը։ 
19:38 - 07 փետրվարի, 2024
ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը. քննարկում

ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը. քննարկում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը և «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցում են ՔՊ կուսակցության նախընտրական դրամահավաքի կասկածելի գործարքների, նախընտրական հիմնադրամների ու կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման վերահսկողության, հանրային վերահսկողության, պատժի անխուսափելիության, նվիրատուներին ենթադրյալ քաղաքական հետապնդումներից պաշտպանելու, քաղաքական կոռուպցիայի համար պատասխանատվության և այլ թեմաների շուրջ։ - Կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ նվիրատվություններ ներգրավելու երևույթի մասին - Նախընտրական հիմնադրամների և կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման վերահսկողությունը - Ե՞րբ պիտի հրապարակվեն նվիրատուների անունները. հանրային վերահսկողություն - Պատժի անխուսափելիության մասին - Իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունները թույլատրելու մասին - Նվիրատուներին ենթադրյալ քաղաքական հետապնդումներից պաշտպանելու մասին - Նվիրատվությունների առավելագույն շեմի նպատակահարմարության մասին - Նվիրատուների անունները կարո՞ղ են գաղտնի մնալ պետությունից - Ֆինանսական միջոցները պայմանավորու՞մ են ընտրությունների արդյունքները - Կուսակցություններին պաշտպանելու մասին - Շտաբներում հավաքագրված կանխիկ միջոցների մասին - Նվիրատվությունների մատչելի համակարգեր ներդնելու մասին - Քաղաքական կոռուպցիայի համար պատասխանատվության մասին
16:20 - 07 փետրվարի, 2024
Մարությանը զրկվեց մանդատից․ նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին միանալու տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվելիք ակցիաներին

Մարությանը զրկվեց մանդատից․ նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին միանալու տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվելիք ակցիաներին

Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից․ որոշումը քիչ առաջ կայացրեց Երևանի ավագանին։ «Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ իրեն և ընդդիմադիր մյուս անդամներին հեռացնում են, որովհետև գործող իշխանության դեմ են դուրս եկել և նրանց հրաժարականն են պահանջում։ Նա ասաց, որ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով։ «Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, և դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Դուք եք ինձ այդ իրավունքը տվե՞լ, թե՞ կարող է մտածում եք իմ գործատուն ենք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են։ Հարգելիներս, դուք ո՞վ եք։ ՔՊ-ից ասում են՝ ավագանու անդամը կարող է հեռացվել, կամ՝ ոչ, այսինքն՝ հայեցողության հարց է՝ կարող է նաև չհեռացվել»,- ընդգծեց Մարությանը՝ հավելելով, որ իրեն հեռացնելու գործընթացն արվում է մի նպատակով. զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։ Նրա խոսքով նիստերից բացակայելը դեռ չի նշանակում, որ ոչինչ չի արվում, որովհետև աշխատանքի առյուծի բաժինն արվում է դահլիճից դուրս՝ ընդգծելով, որ թեև նիստին չի մասնակցում, բայց գործընկերների հետ մասնակցում է բոլոր նախագծերի քննարկմանը։ «Միայն նիստերին չգալով, քվորում չապահովելու միջոցով է հնարավոր, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»,- նշեց Մարությանը։ Նախկին քաղաքապետն ասաց՝ չի եկել, որ չմասնակցի ՔՊ-ի նախաձեռնած նախագծերի քվեարկություններին, որոնց դեմ է եղել։ Տիգրան Ավինյանն էլ, պատասխանելով Հայկ Մարությանին, ասաց. «Եթե չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում նույնպես բան չի փոխվի, Դուք կշարունակեք չգալ»։ Խմբակցության անունից իր ելույթում Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի թանկացմանը․ «Տրանսպորտի թանկացման «ռեֆորմը» չեք մարսելու։ Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին, հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես 2013թ․ միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը, անպես էլ հիմա գան և միանան։ Եվ եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են S դասի մերսեդեսներով ու բենվեներով գան, մեկ էլ են ձեր ախրանիկների մեքենաներն էլ կբերեք, գործ շատ ա լինելու»,- ասաց Մարությանը։ Մեկ այլ որոշմամբ մանդատից զրկվեց նաև Նարինե Հայրապետյանը։
11:22 - 07 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկ նյութերով բեռ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում հանվել է էլեկտրամեքենայի համար նախատեսված 2 միավոր մարտկոց։ Երկուսի մեջ էլ ընդհանուր առմամբ վեց միավոր հատուկ պայթուցիկ սարք է եղել տեղադրված։ Հետախուզական ծառայությունը չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։ Նշվում է, որ երկրի Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված գործընթացում ներգրավված են եղել 7 անձ Վրաստանից, 3 անձ Ուկրաինայից և 2 անձ Հայաստանից։ Գործընթացը ներառում է նշված պայթուցիկ սարքերը Վրաստան ներմուծում, երկրի ներսում տեղափշարժ, դեպի ՌԴ բեռնարկղերից մեկի տարանցում, իսկ մյուսի՝ մայրաքաղաքում տեղադումը։ Ըստ հայտարարության՝ նշված գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը Բաթումի քաղաքից է․ «Հետաքննությունը պարզել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար չեն իմացել պայթուցիկ սարքերի մասին»։ Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից։
13:52 - 05 փետրվարի, 2024
«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Ինֆոքոմի հետաքննությամբ պարզված փաստերի առթիվ

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Ինֆոքոմի հետաքննությամբ պարզված փաստերի առթիվ

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ կուսակցությանը նվիրատվություն կատարելու սահմանաչափը խախտելու (շրջանցելու) փաստի առթիվ։ Այս մասին հայտնում է Դանիել Իոաննիսյանը։ «Մասնավորապես, «Ինֆոքոմի» հայտնի հետաքննությունից պարզ է դառնում, որ կուսակցությանը գումար նվիրաբերելու 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու մի ամբողջ սխեմա է գործել։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը շրջանցելու այդ սխեմայի շնորհիվ է ՔՊ-ն ստացել գումարների զգալի մասը։ Այսպիսով, կատարվել է Քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով (Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը խոշոր չափերով շրջանցելը) արգելված արարք»,- նշված է հայտարարության մեջ։ 
13:20 - 05 փետրվարի, 2024
Եթե մեր քաղաքականությունը հղվի Հռչակագրին, մենք խաղաղություն երբեք չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան

Եթե մեր քաղաքականությունը հղվի Հռչակագրին, մենք խաղաղություն երբեք չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան

«Մեր Հռչակագրի դրույթները որոնք են, մենք հռչակել ենք, թե ինչի համար ենք պետություն ստեղծում, եւ երեք ուղենիշ ենք նշում՝ մեկը պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը, մյուսը՝ ԼՂ ԳԽ եւ Հայաստանի ԳԽ՝ վերամիավորման որոշումը։ Հիմա էս երեք ուղերձը, մենք, օրինակ, միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարեւանները էս ո՞նց են ընկալում, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականագնենք։ Ինչ ա՞ նշանակում պատմական արդարություն վերականգնել, նույնիսկ էական չի՝ մենք ոնց ենք ընկալում, մեր միջավայրը ո՞նց ա ընկալում պատմական արդարությունը։ Ասում են՝ ՀՀ-ն, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում ա անկախություն եւ ասում ա՝ մենք պետք ա վերականգնենք պատմական անկախությունը․․․։ Ինչպե՞ս ա ընկալում մեր միջավայրը էդ մեր ուղերձները։ Էլի եմ ասում, մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց ա ընկալում, Թուրքիան ոնց ա ընկալում, իսկ ինչո՞ւ հարց չենք տալիս՝ Վրաստա՞նը ոնց ա ընկալում, ինչո՞ւ մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խոր հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ ոչ թե Հայաստանի հետ․ կապ կարո՞ղ ա սա ունենալ էն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, դրել ենք մեր պետության հիմքում։ Հաջորդ հարցը․ մենք էսօր Հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք ա կարգավորենք։  Հիմա հարց․ մեր քաղաքականությունը, պետական քաղաքականությունը արդյո՞ք պիտի հղվի դրա վրա, եւ արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է էդ ուղերձով առաջանորդվեն եւ պետք է ելնեն ԼՂ ԳԽ եւ Հայաստանի ԳԽ՝ Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշման վրա․ սա քաղաքական ընտրության հարց ա․ եթե այո, սա նշանակում ա, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա, երբեք չենք ունենա, ավելին, սա նշանակում ա, որ մենք հիմա կունենանք պատերազմ»,- ասաց Փաշինյանը։ «Էլի եմ ասում, եթե մենք հռչակում ենք, որ մենք հիմա, այ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում ա, մենք բանակը կուժեղացնենք, ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում, այսինքն՝ հռչակում ենք, ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որ գնանք, իրագորենք մեր Հռչակագրի դրույթները, եթե մենք էսպես ենք ասում, սա ինչ ա նշանակում, սա նշանակում ա, որ մեր հարեւանները դաշինք են ձեւավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետեւ մենք հռչակել ենք, որ առնվազն իրենց հետ մենք թեմա ունենք։ Իմ ասածը Հայաստանը ուժեղացնելո՞ւ ա, թե՞ թուլացնելու ա, միանշանակ ուժեղացնելու ա։ Իսկ Ադրբեջանը ուզում ա՞՝ մեր պետությունն ուժեղանա, իհարկե չի ուզում, որովհետեւ ինքը թշնամանքի խոր զգացում ունի մեր նկատմամբ, ինքն ուզում ա մեզնից վրեժխնդիր լինի, եւ հիմա երբ ինքը տեսնում ա, որ Հայաստանում խոսույթ ա ձեւավորվում, որը հնարավոր ա՝ իրագործվի եւ որի արդյունքում ՀՀ-ն ուժեղանա, ինքն ամեն ինչ պիտի անի, որ դա Հայաստանի թուլացման պատճառ դառնա, ու ինչ պիտի ասի, պիտի ասի՝ դե մեր պահանջով են անում․․․»։
20:11 - 01 փետրվարի, 2024
Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխման անհարմարության մասին

Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխման անհարմարության մասին

Սահմանադրության փոփոխության թեման ՀՀ-ում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով․ այս մասին Հանրային ռադիոյի եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․  «2018—ի հեղափոխությունից հետո կային կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի, ես այդ տեսակետը չէի կիսում։ [․․․] Անմիջապես հետպատերազմական շրջանում ես էլ էի մտածում, որ գուցե էդ փաստարկները ճիշտ են եւ գուցե ինքս էլ թերագնահատել եմ էդ հանգամանքը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ գերագույն հրամանատար-բանակ հարաբերությունները երբ, ինչպես են գործում, եւ էդ ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք նույնպես պատերազմի ժամանակ իրենց արտահայտեցին, բայց, ընդհանրապե,ս վերջին շրջանում, եւ հիմա լայնորեն քննարկվում է, խոսել եմ նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին․ եթե հարցնեք՝ ինչով է պայմանավորված․․․ Վերջին շրջանում նաեւ շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների մասին․․․ [․․․]։ Մենք քաղաքացու եւ պետության միջեւ ճեղք ունենք, ինչով է դա արտահայտվում՝ էլի լեգիտիմությամբ, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995-ին եւ մի քանի անգամ փոփոխվել, էդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում եւ միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի եւ ընդունեցի Սահմանադրություն, այսինքն՝ ես գնացի եւ արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների եւ պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում եւ ապրում ենք էսպես։ Որն է էն կետը, պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի․ էդ պահը սահմանադրական հանրաքվեն ա, երբ մարդը գնում, իր ազատ կամքով, առանց հարկադրանքի ու կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների գնում ու ձեռք է բերում պայմանավորվածություն։ Էս կոնտեքստում էական չի՝ ինչ ա գրված Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով էդ Սահմանադրությունն օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ․ օրգանիկ կապը արտահայտվում է, որ ոչ միայն պետք է քննարկենք, բոլոր ներբությունները հասկանանք․․․ Ընդ որում, ՍՍահմանադրության տեքՍտը մեծ մասամբ մասնագիտական քննարկման ձեւակերպումների խնդիր է՝ քաղաքական ուղենիշները սպասարկելու համար, բայց պետության հետ գենետիկ կապը ձեւակերպվում է էն պահից, երբ ժողովուրդը հաստատում է էդ պայմանը, առաջինն արձանագրում է, որ ինքը պետական ժողովուրդ է եւ որ այս պետության սահմաններում իրար հետ հարաբերվելու ենք այս պայմաններով»,- ասաց Փաշինյանը։  Հարցին՝ առաջարկում է նոր սահմանադրություն նոր՝ 4-րդ հանրապետության համա՞ր, Փաշինյանը պատասխանեց՝ դա գաղափարներից մեկն է․ «Շատ է խոսվում՝ կառավարությունը փոխում է Սահմանադրությունը, էս կանի, էն կանի․․․ Կառավարությունը չի կարող փոխել կամ ընդունել նոր սահմանադրություն, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, առաջարկություններ անել, եւ միայն ժողովուրդը կարող է էդ որոշումը կայացնել»։ Ընտրությունների կեղծման հավանականության մասին խոսելիս՝ Փաշինյանն ասաց․ «Մենք տասնյակ ընտրություններ ենք արել 2018—ից հետո, թող ցույց տան մի դեպք․․․ Համապետական մակարդակում միջազգայնորեն ճանաչվել են մեր ընտրությունները, ՏԻՄ մակարդակում միշտ չէ, որ եղել են միջազգային դիտորդներ․ եղել են դեպքեր, որ հաղթել ենք, եղել է՝ պարտվել ենք, թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված հարց ենք բարձրացրել կամ կեղծիք է եղել, որովհետեւ էդ ճանապարհով գնալ, կնշանակի ոչնչացնել մեր քաղաքական ինքնությունը»։ Արտաքին աշխարհից սահմանադրությունը փոխելու ճնշումների մասին խոսակցությունների վերաբերյալ Փաշինյանն ասաց․ «Ուղիղ են ասում, ասում են՝ սահմանադրության փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ․ ցանկացած կառավարություն պիտի վերլուծի եւ հասկանա՝ ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը եւ պետք է տեղորոշի այն պրոբլեմները եւ կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում։ Երբ ասում էի՝ բանակը ՀՀ ինքնիշխան տարածքում գործելու եւ այդ տարածքի անվտանգությունն ապահովելու համար է, սա կարեւոր է ոչ միայն ներքին, այլ արտաքին առումով․ դու քո մտադրություններն ես հայտարարագրում, երբ հայտարարգրում ես, ուրիշներն էլ իրենց մտադրություններն են հայտարարագրում, եւ դրա պրոցեսում է, որ առաջանում են կոնֆլիկտները։ Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ»։ Փաշինյանը որոշեց «առակի լեզվով» մի բան նկարագրել՝ դիմելով հաղորդավարին․ «Մենք իրար հետ՝ երկուսով, քայլում ենք մի ճանապարհով, գիտենք՝ ուր ենք ուզում գնալ, քայլում ենք եւ տեսնւմ՝ ճանապարհի երկու եզրերին ցլեր են կանգնած, նայում ենք իրար, տեսնում ենք՝ երկուսս էլ ոտից գլուխ կարմիր զգեստներով են, եւ պետք ա որոշում կայացնենք։ Ընդ որում՝ էդ կարմիր զգեստն ինձ համար գործել ա իմ սիրելի տատիկը, ամբողջ կյանքում ուղեկցել ա ինձ, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար, եւ էդ ճամփորդության մեջ էդ զգեստը ջերմացնում է, բայց մենք պիտի քայլենք էդ ճանապարհով։ Էստեղ ա, որ մենք պիտի իրար հետ քննարկենք եւ որոշում կայացնենք․ մենք կարող ենք որոշումների երկու բանաձեւ ունենալ, ես կարող եմ ասել՝ սա ինձ համար թանկ է, ես էս շորով պետք ա գնամ, եւ, ի միջի այլոց, ես էլ, դուք էլ, բոլորս էլ էդ ենք ասել եւ ասում։ Ես ինքս, ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ ինքս էդ եմ ասել, եւ մենք պետք ա էդ ճանապարհն անցնենք, եւ էս քննարկումն ա որոշելու՝ մենք էդ ճանապարհը կանցնենք, թե չենք անցնի։ Որովհետեւ եթե էդ կարմիր շորը փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, ոչ թե արխիվի, փաթեթավորենք, որպես մասունք՝ շատ հարազատ մի բան, իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս, եւ զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում պատրաստվում ենք գործել»։ Փաշինյանն ասաց, թե 100%—ով կարող է երաշխավորել, որ «այդ կարմիր զգեստով» մենք չենք անցնի այդ ճանապարհը, զգեստափոխվելու տարբերակում 100%—ով չի կարող երաշխավորել, բայց, նրա խոսքով, եթե կա անցնելու տարբերակ, դա այդ երկրորդ տարբերակով է։
19:51 - 01 փետրվարի, 2024
Բանակի կառուցման լեգիտիմության սահմանը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ է․ Փաշինյան

Բանակի կառուցման լեգիտիմության սահմանը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ է․ Փաշինյան

Երկրի անվտանգության ապահովման առաջին պայմանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բանակի բարեփոխումն է․ «Պետք է ունենալ մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները»,- Հանրային ռադիոյի տաղավարում այս մասին ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ անվտանգության ապահովման երկրորդ գործիքը արտաքին հարաբերություններն են․ «Այս երկու արձանագրման մեջ մեծ նորություն չկա։ Նախկինում սա միշտ ասվել է, եւ այս թեման՝ բանակ եւ դիվանագիտություն, նորություն չէ։ Կարեւոր եմ համարում, որ այս զույգին ավելանա լեգիտիմության հարցը․ եւ արտաքին հարաբերություններում, եւ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարեւոր է ունենալ լեգիտիմ նպատակներ։ Լեգիտիմ, ընդ որում, միջազգային ընկալման տեսակետից, ոչ այնքան եւ ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, արտաքին աշխարհի համար հասկանալի»։ Ըստ Փաշինյանի՝ եթե մեր ներքին ընկալման եւ արտաքին ընկալման միջեւ դիսոնանս կա, այդ դիսոնանսի մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը, եւ այդ սպառնալիքը հասցեագրելու համար այդ ճեղքը պետք է փակել․ «Որտեղ եմ տեսնում ես էդ լեգիտիմության սահմանը․ քննարկվող հարցի համատեքստում լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ։ Յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ եւ մարտունակ բանակ․ եթե դու ունես ուժեղ եւ մարտունակ բանակ լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչու ես բանակդ ուժեղացնում։ Եթե դու խնդիր ես դնում, նպատակ, որի լեգիտիմությունը միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, էստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Ես ասում եմ՝ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով, եւ մեր երկրի տարածքը․․․ Էստեղից հարց է ծագում՝ րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը․ մեր երկրի տարածքային ամբողջականությունը հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է։ Եւ հիմա, երբ ասում ենք՝ բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունը երաշխավորելու համար, ոչ մեկը չի կարող ասել՝ ինչու եք դա անում, իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձեւակերպում ենք հետեւյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որ մենք, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, հարց է ծագում՝ իսկ ինչու ուրիշները պետք է թողնեն այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի։ Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ էդ բանակն էնքան ուժեղանա, որ հետո էդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան։ Ես ասում եմ, որ մենք չպիտի էդպիսի ուղերձներ հղենք աշխարհին»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ուզում է այս խոսակցությունը լինի «մեր ու մեր միջեւ», ոչ թե մեր ու աշխարհի։
19:15 - 01 փետրվարի, 2024
Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում․ Ալիև

Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Հայաստանի Անկախության Հռչակագիրը պարունակում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» Հայաստանին միավորելու ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր», և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։ Ալիևը կարևորել է, որ այս քայլերը հնարավորինս շուտ իրականացվեն Հայաստանում, և ընդգծել, թե Հայաստանում այս թեմայով ներքին քննարկումների նախաձեռնումը համարում է դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծվել, որ խաղաղության գործընթացը շուտով ավարտվի։ Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն փաստացի խաղաղություն է․ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ խաղաղ է։ «Այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի և վերջ դրվի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին»,- ասել է Ալիևը։  Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին․ «Այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»,- ասել էր Փաշինյանը։  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, արձագանքելով քննարկումներին, որ Սահմանադրության  փոփոխությունը Ադրբեջանի պահանջն է, ասել էր, թե «չափազանցություն կլինի ասել, որ Սահմանադրության փոփոխության պատճառը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է»․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը՝ խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Անշուշտ չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն, անդրադառնում է արտաքին հարաբերություններին։ Այս առումով մեր սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- ասել էր ԱԳ նախարարը։ 
14:49 - 01 փետրվարի, 2024