ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է օտարել ԵՊՀ՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող «Սև շենքը», չի համապատասխանում իրականությանը։ ԵՊՀ «Սև շենքը»-ի օտարման հարցը Կոմիտեում երբևէ չի քննարկվել։ Իրականում խոսքը գնում է նույն հասցեում գտնվող հողամասի՝ կից հրապարակված հողամասի հատակագծում, բաժանման սխեմայում նշագրումով առանձնացված 197.27 քառ. մետր մակերեսով հատվածի մասին, որն, ինչպես երևում է կից հրապարակված լուսանկարում, գլխավորապես ծառայում է որպես ավտոկայանատեղի և այլ նպատակով չի օգտագործվում։  «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանի կողմից ներկայացված հարցումը վերաբերել է բացառապես ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի մասնաշենքին կից ավտոկայանատեղիին, այլ ոչ թե՝ «Սև շենքը»-ին։ Կից հրապարակում ենք հարցումը։ Ի պատասխան հայտնել ենք, որ տվյալ հատվածի օտարման նպատակահարմարության հարցը պարզելու համար աշխատանքային կարգով քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ընդգծում ենք, որ քննարկումը չի ենթադրում տվյալ հատվածի օտարման մասին որոշման կայացում։ Պետական գույքի արդյունավետ կառավարմամբ շահագրգիռ բոլոր անձանց կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն՝ այն զուգորդելով սեփական անհիմն մեկնաբանություններով, և նման դեպքերում, արժանահավատ տեղեկատվության ստանալու համար, դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե»։
16:57 - 11 հունիսի, 2021
ԵՊՀ–ն կտրականապես դեմ է Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարմանը, այդ առաջարկը չի քննարկվել ԵՊՀ–ի հետ․ հայտարարություն

ԵՊՀ–ն կտրականապես դեմ է Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարմանը, այդ առաջարկը չի քննարկվել ԵՊՀ–ի հետ․ հայտարարություն

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։Հայտարարում ենք, որ որպես շահագրգիռ կողմի՝ Երևանի պետական համալսարանի հետ ներկա առաջարկը չի քննարկվել, և Երևանի պետական համալսարանը կտրականապես դեմ է նշված գույքի օտարմանը։Նշենք, որ Երևանի պետական համալսարանը նախկինում երկու անգամ արդեն մերժել է նշված գույքի օտարման վերաբերյալ առաջարկությունները»։
16:41 - 11 հունիսի, 2021
ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել

ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել համալսարանի 102-ամյակի առթիվ: «Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր բոլորս նշում ենք Երևանի պետական համալսարանի 102-ամյակը։ Սա տոնական օր է ոչ միայն համալսարանականների՝ ներկա ու նախկին ուսանողների, դասախոսների և գիտնականների համար, այլև ողջ Հայաստանի, որովհետև Մայր բուհը Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից է, և պատահական չէ, որ համալսարանի տարիքը գրեթե համընկնում է նոր շրջանի Հայաստանի պետականության տարիքի հետ։ Այսօր մենք բոլորս ապրում ենք բախտորոշ և ծանր ժամանակաշրջանում, բայց համալսարանին չես զարմացնի դրանով. սկսած հիմնադրման օրվանից՝ Երևանի պետական համալսարանը վերապրել է Հայաստանի բոլոր բախտորոշ ժամանակաշրջանները՝ մշտապես դառնալով նրանց հաղթահարման առաջամարտիկը։ Այդպես եղել է միշտ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջքն ուղղել է կրթությամբ, գիտությամբ ու մշակույթով, երեսունականների մղձավանջի և Հայրենական պատերազմի հետևանքների հաղթահարումը, վաթսունականների վերածնունդը, յոթանասունականների ծաղկումը, ութսունականների ազատության ոգին, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը և հետպատերազմյան տարիների հաղթահարումը Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել՝ առանց Երևանի պետական համալսարանի մասնակցության։ Այսօր մեր երկիրը գտնվում է ծանր իրավիճակում. դեռևս չեն հաղթահարվել 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, և անամոք է զոհված ու անհետ կորած համալսարանականների կորուստը։ Երբեք համալսարանը ոչինչ չի խնայել և չի խնայի Հայաստանի անվտանգության համար։ Դրա վկայությունը հերոսացած համալսարանականներն են, որոնք անցած հարյուր տարում իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, և որոնց հիշատակի առջև մենք մշտապես խոնարհվելու ենք։ Սակայն պետք է գիտակցել նաև, որ ծանր ժամանակաշրջաններն ինքնըստինքյան չեն հաղթահարվում, այլ միշտ անհրաժեշտ են լինում ամենօրյա տքնաջան աշխատանք, կարգապահություն, անձնվիրություն։ Առաջիկայում Երևանի պետական համալսարանն իր աշխատանքով կրկին ապացուցելու է իր նվիրվածությունը պետականությանը և ազգային արժեքներին։ Սիրելի՛ համալսարանականներ, մաղթում եմ բոլորիս տոկունություն և կամք՝ առաջիկա ծանր ու տքնաջան աշխատանքի համար, և փառք բոլոր հերոսներին»,- ասվում է ուղերձում:
13:11 - 16 մայիսի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի առնչությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի առնչությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը, օգտվելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.10 կետով իրեն տրված իրավասությունից և հիմք ընդունելով խորհրդի լուծարման մասին իրավական ակտի բացակայությունը, ապրիլի 29-ին գրությամբ պահանջել է հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ ապրիլի 23-ին իր կողմից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը քննարկելու համար: Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհուրդ չունի, քանի որ խորհրդի 16 անդամներ ազատման դիմումներ են գրել, Գ. Գևորգյանն իր գրության մեջ իրավական հիմնավորումներ էր ներկայացրել, որ խորհուրդ գոյություն ունի: Նախևառաջ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ խորհրդի անդամի լիազորությունը դադարում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա։ Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է պատկանում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը։ Հետևաբար խորհրդի որևէ անդամի լիազորություն, օրենքով սահմանված կարգով, խորհրդի որոշմամբ վաղաժամկետ դադարեցված չէ, ինչը նշանակում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համալրված է ամբողջությամբ և իրավասու է իրականացնել օրենքով նախատեսված իր բոլոր լիազորությունները։ Հաշվի առնելով, որ այս անգամ ևս հիմնադրի և լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամները, բացի Ա. Քերոբյանից, չեն ներկայացել նիստին, հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողությունից ներկայացված անդամները հայտարարություն ընդունեցին խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների հայտարարությունը Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի ներքոստորագրյալ  անդամներս հայտարարում ենք՝ Ս.թ. մայիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի կողմից հրավիրված հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին խորհրդի անդամներից 16-ի չներկայանալու պատճառով նիստը չգումարվելու և նշված անդամների հրաժարականների դիմումների առկայությամբ պայմանավորված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ի վիճակի չէ կատարելու ԵՊՀ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները: Հաշվի առնելով, որ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամների հրաժարականների դիմումները ստացվել են այնպիսի հանգամանքներում, որոնք ուղղակիորեն մատնանշում են դրանց կազմակերպված և ուղղորդված լինելը, կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի աշխատանքների խափանումը հանդիսանում է հիմնադրի և լիազոր մարմնի գործողությունների արդյունքը: ԿԳՄՍՆ-ի կողմից շարունակաբար նշվում է այն փաստը, որ խորհուրդում աշխատանքային մթնոլորտը տհաճ է, և հունվարի 29-ին էլ խորհրդի նախագահ չի ընտրվել, մինչդեռ իրականում գալիք նիստերում այդ հարցերը կարգավորելու որևէ խոչընդոտ չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացը պայմանավորված է լիազոր մարմնի համար նախընտրելի թեկնածու խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու և խորհրդի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ցանկությամբ։ Ասվածի լրացուցիչ վկայությունն է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո (այդ թվում՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին հակասելու հիմքով) լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարությունը 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշմամբ ուղղակիորեն փոփոխություն է մտցնում ԵՊՀ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ: Մենք կարծում ենք, որ կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին, ինչը հակասում  է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին: Կոչ ենք անում կառավարությանը՝ վերանայելու 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշումը, հրաժարական տված անդամների փոխարեն նշանակելու խորհրդի նոր անդամներ և չխոչընդոտելու խորհրդի բնականոն գործունեությանը: Միևնույն ժամանակ կոչ ենք անում ԵՊՀ դասախոսներին, ուսանողներին և Մայր բուհի խնդիրներով մտահոգ այլ անձանց՝ համախմբելու ջանքերը ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում լուծելու համար։  Ավետիք Քերոբյան (Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար) Արսեն Հախումյան (ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր) Մենուա Սողոմոնյան (ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ) Կառլեն Խաչատրյան (ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ) Վարդան Ոսկանյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ) Սարգիս Քելյան (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ) Նարինե Խաչատրյան (ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ) Միքայել Մալխասյան (ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ) Դավիթ Ափոյան (ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, իրավագիտության ֆակուլտետի ուսանող) Ամալյա Սողոմոնյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ) Արմինե Ավթանդիլյան (ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի) Բաբկեն Հովհաննիսյան (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ) Խաչիկ Աբաջյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող) Շուլի Հակոբյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող) Արշակ Պողոսյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող) Հասմիկ Վարդումյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի)»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:56 - 14 մայիսի, 2021
Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Նոյեմբերի 23-ին ես նշանակվել եմ նախարար, այնուհետև որոշ կարճ շրջանից հետո մտել եմ գործի մեջ և ԵՊՀ-ի մասով շատ օպերատիվ Հոգաբարձուների խորհուրդը լրացվել է: Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ, ես այդպես եմ պատկերացնում: Այս մասին այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմի մասին: «Խորհրդում չպետք է լինեն ուսանողներ, չպետք է լինեն դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ, որը իհարկե, մեր երկրում դժվար է գտնել նրանց, ում ես պատկերացնում եմ, որոնք ունեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումով կարելի է լրջագույն փոփոխություն անել այդ հիմնադրամում»,- ասաց Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ միջազգային հարաբերությունների դասախոս Մենուա Սողոմոնյանի հարցին՝ արդյոք 11 անդամի հրաժարականները եղե՞լ են նախարարի կողմից ուղղորդված, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց՝ որոշումը քննարկվել է: Նշենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ դադարեցնելով անդամակցությունը Խորհրդին: «Համարեք, որ այո՛ գաղափարը իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել, բնականաբար անդամությունից հրաժարվելու հարցը քննարկվել է և դա կարծում եմ, որ պարզ է»,- նշեց Դումանյանը: Վահրամ Դումանյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հարցին՝ ժամանակին նախարարը այլ պատկերացումներ է ունեցել բուհական ինքնավարության մասին, նախարարը պատասխանեց՝ նա շարունակում է լինել համալսարանական և, երբ 2006 թվականին ռեկտորի ընտրությունները կեղծվել էին, ոչ-ոք չէր խոսում բուհի ինքնավարության մասին: «Դե բոլոր ռեկտորներն էլ միշտ ասում են՝ բոլորս էլ այս կամ այն կերպ նշանակված ենք և խոսքն ընտրական գործընթացի մասին է, և ես հիշում եմ 2006 թվականի ռեկտորի ընտրությունը, երբ մամուլում որոշ տեղեկությունների կեղծվեցին արդյունքները և որևէ մեկը չէր խոսում բուհի ինքնավարության մասին»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը ընդգծեց՝ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է նոր խորհուրդ ստեղծել:
15:09 - 10 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է. քննարկվում է բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը |armtimes.com|

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է. քննարկվում է բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է: Նա ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ այժմ քննարկում է Կառավարության կողմից մայիսի 4-ին ընդունված որոշումը, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից՝ 7-ը:  Քննարկմանը մասնակցում է նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհուրդի նիստի ժամանակ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց հրավիրել ԿԳՄՍ նախարարին ու քննարկել նրա հետ ստեղծված իրավիճակը: Հավելենք, որ նախորդ նիստի ավարտին գիտխորհուրդը հայտարարություն ընդունեց, որով Կառավարության որոշումն անընդունելի համարեց իրավական եւ բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից եւ որոշեց դիմել Վարչական դատարան՝ վիճարկելու բուհերի հետ կապված Կառավարության որոշումը, ինչպես նաեւ դիմել ՄԻՊ-ին՝ խնդրելով կառավարության որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում: ԵՊՀ-ում պնդում են, որ խորհրդի անդամների նշված հարաբերակցությունը հարվածում է համալսարանի ինքնավարությանը:
13:56 - 10 մայիսի, 2021
ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում ճգնաժամը հանգուցալուծելու համար առաջարկում է փոփոխություն կառավարման խորհուրդներում |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում ճգնաժամը հանգուցալուծելու համար առաջարկում է փոփոխություն կառավարման խորհուրդներում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում կառավարման խորհուրդների ճգնաժամի հանգուցալուծման հրատապ լուծում է համարում բուհերի կանոնադրություններում կատարված փոփոխությունների մասին ՀՀ կառավարության որոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նոր որոշմամբ, բուհերի խորհուրդների անդամների թվաքանակը 32-ից նվազեցվել է 20-ի: Փոխվել է նաև խորհուրդների ձևավորման սկզբունքը: Գործող  օրենքի շրջանակում խորհրդի ձևավորում նախատեսվում է հիմնադրի՝ կառավարության, ինչպես նաև լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից: Այժմ նույն կազմը լինելու է պարզապես այլ համամասնությամբ՝ հիմնադրի ներկայացուցիչները կլինեն 11 հոգի,լիազոր մարմնի ներկայացուցիչները՝ 2 , պրոֆեսորադասախոսական կազմից ևս 2 անդամ, իսկ ուսանողները՝ 5 անդամ: «Կանոնադրության փոփոխությունների հիմնական նպատակը բուհերում կառավարման հետ կապված խնդիրների լուծումն է: Օրինակ, ԵՊՀ-ում վերջին 2 տարին չէր ընտրվում ռեկտոր: Դրանից բացի, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չէր ընտրվում հոգաբարձուների խորհրդի նախագահ: Խնդիրներ ի հայտ եկան, ու խորհուրդը որպես այդպիսին հիմա գոյություն չունի, նույնը Շիրակի պետական համալսարանում էր: Խնդրին հրատապ լուծում տալու համար, նախարարությունը նախատեսել է բուհերի կանոնադրությունների այս փոփոխությունները»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Նոր փոփոխություններով հիմնադիրը՝ կառավարությունը, մեծամասնություն է կազմում խորհուրդներում և նախարարություն հույս է հայտնում, որ դա հնարավորություն կտա խորհուրդներին արդյունավետ աշխատել: Անդրադառնալով կառավարության որոշման վերաբերյալ բուհերից եկած արձագանքներին, մասնավորապես, այն դիտարկմանը, որ նախարարությունը գաղտնի է գործել, Լուսինե Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այդ պնդման հետ: Նրա խոսքով, այս մոտեցումներից տեղյակ էին բոլոր բուհերը դեռ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «Նախարարության դիրքորոշումը հայտնի է բոլորին: Գերատեսչությունն այդ քաղաքականությունը տարել է մինչև վերջ: Գաղտի ոչինչ չկա, այս մոտեցումը ծանոթ է եղել ի սկզբանե»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:   Նախարարության այս քայլի հետ կապված դիտարկումներ եղան այն մասին, որ փորձ է արվում բուհերը վերցնել իշխանության վերահսկողության ներքո: Այս առնչությամբ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը նման խնդիր իր առաջ չի դրել: Որպես պետական բուհերի հիմնադիր՝ պետությունն իր մասնակցությունն է ունենում այդ կրթական հաստատությունների կառավարման խորհրդում, դրանով կիսում և իր վրա է վերցնում բուհի հետագա գործունեության պատասխանատվությունը: «Հասարակությունը բուհերում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին փնտրում է նախարարությունում: Խնդրի դեպքում, պահանջում է, որ նախարարությունը քայլեր ձեռնարկի: Մեզ են մեղադրում, բայց խախտումը էթիկայի տեսակետից հենց բուհինն է, այնտեղ են խոչընդոտում բուհի կառավարման մարմնի աշխատանքներին: Նախարարությունը, որպես բուհի լիազոր մարմին, լուծումը գտել է նոր սկզբունքով խորհրդի ձևավորվման մեջ»,-հավելեց Լուսինե Գրիգորյանը:
17:24 - 07 մայիսի, 2021
Կառավարությունը հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունել է միայն 3 բուհերի համար |armtimes.com|

Կառավարությունը հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունել է միայն 3 բուհերի համար |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան: Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը: Նախագծով փոփոխության են ենթարկվում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Կառավարությունը հրատապ է հաստատել նախագիծը՝ հաշվի առնելով այդ երեք բուհերի Կառավարման մարմիններում առաջացած ճգնաժամը:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:02 - 05 մայիսի, 2021
Իշխանությունների բացասական մոտեցման հետևանքով ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից․ հայտարարություն

Իշխանությունների բացասական մոտեցման հետևանքով ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից․ հայտարարություն

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ գործող իշխանությունների բացասական մոտեցման հետևանքով ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, ինչը դատապարտելի է։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները, ակնհայտ բացասական դիրքորոշում որդեգրելով Երևանի պետական համալսարանի նկատմամբ, ձեռնարկեցին մինչև օրս շարունակվող գործընթացներ, որոնք էական, շատ դեպքում անդառնալի վնաս են հասցնում Մայր բուհի հեղինակությանը` վտանգելով նրա բնականոն գործունեությունը։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ մինչ օրս բացառապես Մայր բուհի կոլեկտիվի, համալսարանականների ջանքերի շնորհիվ այն ամբողջապես չի խաթարվել: ԵՊՀ-ի դեմ իշխանությունների բացասական մոտեցման բարձրակետը համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝  Հոգաբարձուների խորհրդի հետ կապված ոդիսականն է, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի: Իսկ օրերս Հոգաբարձուների խորհրդի 15 անդամներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ էին նշանակվել կառավարության և լիազոր մարմնի կողմից, բացահայտ արհամարհական և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մայր բուհի նկատմամբ, «տարօրինակ» զուգադիպությամբ, ըստ ամենայնի ղեկավարվելով մեկ կենտրոնից, 1-2 օրվա ընթացքում խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել: Դրա հետևանքով այսօր Հոգաբարձուների խորհուրդը փաստացի զրկվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի իր գործառույթը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, ինչի ամենացայտուն դրսևորումը շուրջ երկու տարի ռեկտորի ընտրության հարցի արհեստական ձգձգումն է: Լիազոր մարմնի ղեկավարն այսքանից հետո ոչ միայն չի դատապարտում վերջիններիս վարքագիծը, այլև մտացածին, մանիպուլյատիվ պատճառաբանությամբ արդարացնում է այն` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները խաթարելու մեղքը անհիմն բարդելով  խորհրդի համալսարանական որոշ անդամների վրա, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները` ոլորտի ղեկավարին ոչ հարիր արտահայտություններով, սպառնում է վերջիններիս «գրեթե» քրեական հետապնդմամբ: Իրականում, եթե խորհրդի վերոհիշյալ անդամները մտահոգված էին խորհրդի կողմից ընդունված որոշման «խեղաթյուրման» փաստով, ապա պարզ տրամաբանությունը հուշում է ներկայանալ նիստին, հիմնավորել խախտման փաստը, պահանջել ուղղել թույլ տրված սխալը, պատժել մեղավորներին՝ դրանով իսկ չխաթարելով խորհրդի բնականոն գործունեությունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը, այն համարում անընդունելի և պահանջում լիազոր մարմնից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը, վերջապես գիտակցել իր պատասխանատվությունը Մայր բուհի նկատմամբ և անհապաղ ձեռնարկել իր գործառույթներից բխող անհրաժեշտ քայլեր: Ընդունվել է ԵՊՀ գիտական խորհրդի 23.04.2021 թ. արտահերթ նիստում՝ 46 կողմ, 9 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ»։
16:20 - 23 ապրիլի, 2021
ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2019-20թթ. ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2019-20թթ. ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը

Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2019-2020թթ. ուսումնական տարում նախատեսված աշխատանքների կատարողականը: Այս մասին հայտնեցին համալսարանի լրատվական ծառայությունից: Հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա է եղել ՀԽ 17 անդամ` համալսարանականների կողմից ընտրված 16 և կառավարության կողմից ընտրված մեկ անդամ` Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ Նախորդ օրերի ընթացքում ՀԽ 15 անդամ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել, որոնցից 14-ը մակագրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նիստի սկզբում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նշել է, որ դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։ Նախքան նիստի օրակարգի հաստատումը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկել է քննարկել ՀԽ անդամակցությունից հրաժարված անդամների պահվածքը և հանդես գալ հայտարարությամբ, Ավետիք Քերոբյանն առաջարկել է օրակարգում ներառել ՀԽ նախագահի ընտրության հարցը, իսկ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջարկել է օրակարգում ներառել Հոգաբարձուների խորհրդի՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հարցը։ Կառլեն Խաչատրյանի առաջարկի ընդունումից հետո ՀԽ-ն քննարկել է Ավետիք Քերոբյանի առաջարկը՝ մասնավորապես հնչեցնելով մտահոգություններ, թե ներկա անդամների կողմից ընտրությունը հետագայում կարող է խնդրահարույց լինել և առաջացնել լեգիտիմության հարց, քանի որ ներկաների գերակշիռ մասը համալսարանական անդամներ են: Առաջարկն ընդունելուց ու հարցն օրակարգում ընդգրկելուց հետո Ավետիք Քերոբյանն առաջարկել է նաև ներառել դիմում գրած անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը, քանի որ դա, ըստ աշխատակարգի, ՀԽ-ի իրավասությունն է: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշել է, որ երեկ երեկոյան գրություն է ուղարկել կառավարություն` տեղյակ պահելով, որ 30-օրյա ժամկետում պետք է նշանակել նոր անդամներ։ Օրակարգը վերջնական հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը ՀԽ-ի հաստատմանը ներկայացրել է 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը: Հաշվետվության և կատարողականի մանրամասն ներկայացումից ու հարցուպատասխանից հետո ՀԽ անդամները բավարար են գնահատել իրականացված աշխատանքները և հաստատել կատարողականը: Օրակարգային հաջորդ հարցին անցնելով՝ ՀԽ անդամները հաստատել են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման հարցը, որի հիմնավորումը նախապես ուղարկվել էր անդամներին, որպեսզի այն համապատասխանեցվի օրենսդրությանը: Օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է նիստն ընդմիջել և շարունակել ապրիլի 15-ին, ժամը 17:00-ին:
19:26 - 14 ապրիլի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւս 4 անդամ հրաժարական տվեց. Եւս մեկը եւ խորհուրդը կլուծարվի

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւս 4 անդամ հրաժարական տվեց. Եւս մեկը եւ խորհուրդը կլուծարվի

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ղեկվար Խաչիկ Աբաջյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել: Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝ 1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան, 2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, 3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան, 4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան: Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան: Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»:
18:44 - 13 ապրիլի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան |tert.am|

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության Աննա Կոստանյանը անդրադարձավ, իր բնութագրմամբ, Երևանի պետական համալսարանի ճգնաժամային իրավիճակին: «Հոգաբարձուների խորհդրի 11 անդամները մեկ օրվա մեջ նույն բովանդակությամբ դիմումներ են գրել վարչապետին՝ ազատվելու խորհրդի անդամությունից, ընդ որում՝ առանց որևէ հոդաբաշխ պատճառ նշելու: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարութունը այսօր շատ տխուր վիճակում է: Այս 11 անձիք հստակ հրահանգվելով դուրս են եկել ԵՊՀ հոգաբարձուների խորհդրի կազմից, և նրանց շարքերում փոխանախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»,-ասաց նա: «Միգուցե ԵՊՀ ռեկտորի պաշտոնը գործող նախարարի համար ռեզերվային այրոդրոմ է հանդիսանում, սա պարզ չէ, բայց այս քայլով ավելի է ծանրացվում արդեն երկու տարի ընտրված ղեկավար չուենցող բուհի դրությունը, այնինչ գործող պատասխանատուի կառավարման օրինականությունը կարելի է վիճարկել: Խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու այս սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային»,-ասաց նա:
17:44 - 13 ապրիլի, 2021
Հայ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին՝ ապրիլի 24-ի ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով |armenpress.am|

Հայ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին՝ ապրիլի 24-ի ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով |armenpress.am|

armenpress.am: Հայ պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ապրիլի 24-ին նրա ամենամյա ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով։ Նամակն ստորագրել են Հայաստանի պատմաբանների միությունը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետը: Հայ պատմաբանները նամակում նշում են, որ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ եւս գիտականորեն ապացուցելու նպատակ չեն հետապնդում: Անհանգստությունը կապված է Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականության հետ, որը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ։ «Դրանցից վերջինն իրականացվեց ինքնորոշված ԼՂ խաղաղ բնակչության հանդեպ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների լայն ներգրավման միջոցով։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման հզոր անվտանգային համակարգի ընձեռած արդիական տեխնիկական միջոցների ու ահաբեկչական կառույցների հնարավորությունների համադրումով ԼՂ-ում կրկին իրեն պահեց որպես սերիական  մարդասպան, որովհետեւ ժամանակին պատասխան չի տվել մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացրած իր նախորդ հանցագործությունների համար»,-ասված է նամակում: Նշվում է, որ փաստացի միջազգային համայնքի վերահսկողությունից դուրս եկած ու մեծապետական հովերով տարված Թուրքիայի ղեկավարությունը ժամանակին չպատժված ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների նման՝  վտանգ է ներկայացնում արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ իր բոլոր հարեւանների ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: «Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարված երկու խոշորագույն հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը, գծել են այն հստակ սահմանագիծը,  որով 20-րդ դարը սահմանել է Երկիր մոլորակի վրա խաղաղ համակեցությունը երաշխավորող կարմիր գծերը, որոնք ողջ մարդկության իրավագիտակցության անբաժան մասն են դարձել։ Դրանց պաշտպանությունը եւ նոր ցեղասպանությունների կանխարգելումն առաջին հերթին կախված է ողջ աշխարհում ազատության ու մարդու իրավունքների երաշխավոր հզորագույն տերության՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների կամքից ու վճռականությունից։ Բալկանյան թերակղզուց մինչեւ Հայկական լեռնաշխարհն ընկած ընդարձակ տարածաշրջանում իր բոլոր հարևանների հանդեպ արյունոտ հանցագործություններ իրականացրած Թուրքիայի ցեղասպանական նոր նկրտումները կանխելու, նրան իր միջազգային պարտավորությունների դաշտ վերադարձնելու վճռորոշ պայմանը հետագայում Հիտլերի կողմից արտաբերված «այսօր ո՞վ է հիշում հայերին» ցինիկ  խոսքերով պատմության մեջ ամրագրված՝ թուրքական անպատժելիության ֆենոմենի հաղթահարումն է՝ դրա ձեւավորման հիմնաքարը հանդիսացող Հայոց ցեղասպանության անվերապահ ու վերջնական ճանաչման միջոցով»,-ասված է բաց նամակում: Հայ պատմաբանները նկատել են՝ միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալու միջոցով է հնարավոր հաղթահարել նաեւ ներկայումս միջազգային հանրության որոշ անպատասխանատու ներկայացուցիչների կողմից Ռ. Էրդողանի ցեղասպանական նկրտումներն անտեսելու եւ անգամ՝ խրախուսելու Մյունխենյան գործելակերպը։ Մնացած բոլոր լուծումները հանցագործի ու զոհի առերեսման եւ իրական հաշտեցման փոխարեն՝ շարունակելու են ծառայել ճշմարտության ու արդարության սիստեմատիկ քողարկման միջոցով հետեւողականորեն արեւելյան Հիտլերի դերակատարության մեջ մտնող Ռ. Էրդողանի   վտանգավոր հավակնությունների հետագա ծավալմանն ու ընդարձակմանը։ «Այս պատմական պահին ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այլեւ բռնության ու տառապանքի ուղիներով անցած մարդկության միլիոնավոր նահատակների հոգիներն աղոթում են Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը հստակորեն տեսնելու ակնկալիքով»,-նշված է ԱՄՆ նախագահին ուղղված բաց նամակում։
17:37 - 13 ապրիլի, 2021
Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանին

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Պրոֆեսոր Ղազինյանն իր կարծիքն է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մոտեցումները հայտնել է նաև հրապարակային հայտարարությամբ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է ինչպես Գագիկ Ղազինյանի, այնպես էլ օրենսդրական փաթեթի վերաբերյալ հնչած այլ տեսակետներից, և դրանց արձագանքելով է հանդիպում իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ և անմիջականորեն մասնագիտական կարծիքներ լսել:
17:51 - 06 ապրիլի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով |armenpress.am|

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով |armenpress.am|

armenpress.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 4-րդ նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով քվորում չլինելու հետևանքով: Այս մասին հայտնել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց։ Դրանցից են՝ 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման և 2016-2020 թթ. «Երևանի պետա­կան համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատման հարցը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փո­փոխությունների և լրացումների կատարման հաստատման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացման հարցերը։ Օրակարգում ընդգրկված էին նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թա­փուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացման, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմա­կեր­պման հարցերը։
12:58 - 01 ապրիլի, 2021