Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործող պետն է։

Ծնվել է 1984թ․ հուլիսի 23-ին։ 2004-2009 թթ. սովորել է Ակադեմիական միջազգային ինստիսուտի իրավաբանական ֆակուլտետում։ 2017 թ.-ին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։

2007-2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2010 թ․ «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2013 թ․ մայիսին «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից ու միանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

2018 թ. մայիսի 21-ից Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ 2019թ․ ապրիլի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։

2021 թ․ հունվարի 13-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ մի շարք քննչական գործողություններ են իրականացվել. պաշտպան |tert.am|

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ մի շարք քննչական գործողություններ են իրականացվել. պաշտպան |tert.am|

tert.am: Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Արսեն Սարդարյանը: Նա ընդգծեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ են արվել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից: «Ցավոք, արգելք կա: Մենք շատ կուզեինք, որ այս գործը ավելի հրապարկային ընթանար, և հասարակությունն ամբողջությամբ տեղեկացված լիներ, քանի որ մեր վստահորդը ակնհայտ անմեղ է և այդ գաղտնիությունը ինչ-որ տեղ ստվերում է նրա հեղինակությունը: Բայց ժամանակը գալու է, ամբողջ նյութերը հրապարակելու ենք և որևէ անձի մոտ կասկած չի մնալու, որ Դավիթ Սանասարյանը հայրենասեր, ազնիվ մարդ է և որևէ արատավոր քայլ չի կատարել: Պարոն Սանասարյանը ամենապարտաճանաչ վարույթ իրականացնող մարմինը ներկայացող անձանցից է, հարգում է ՀՀ օրենսդրությունը»,-նշեց պաշտպանը: Նա նաև անդրադարձավ գլխավոր դատախազին ներկայացված դիմում-բողոքին, որով պահանջում են վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, և գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն: Նա ասաց, որ կարծում է՝ Գլխավոր դատախազությունը մի քանի օր կքննարկի այն, պատշաճ քննության պարագայում պետք է նաև գործի նյութերը պահանջի, որպեսզի համեմատի բողոքում բարձրաձայնված հարցի հետ և կարողանա պատճառաբանված որոշում կայացնել: Իր հերթին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-հետ զրույցում նշեց, որ ստացել են Դավիթ Սանասարյանի պաշտապանների դիմում-բողքը, այժմ այն քննարկման փուլում է:    
14:58 - 23 ապրիլի, 2019
Դավիթ Սանասարյանի ուղերձը ՊՎԾ աշխատակիցներին

Դավիթ Սանասարյանի ուղերձը ՊՎԾ աշխատակիցներին

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Ուղերձս ՊՎԾ աշխատակիցներին Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ,Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը։ Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները, արեք այնպես որ առաջիկայում ՊՎԾ լիազորությունների իրացման անհրաժեշտությունը նվազի։ Հարգելիներս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին։ Սակայն իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը... Հիշեք՝ կամավորի սրտից ուժեղ ոչինչ չկա. պետությունը ձեր պես կամավորների կարիքն ունի։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ ու վստահ եմ, որ նույն գնահատանքին արժանանալու եք մեր ժողովրդի կողմից»։  
05:31 - 23 ապրիլի, 2019
Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը․ մտահոգություններ, կարծիքներ, սպասումներ

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը․ մտահոգություններ, կարծիքներ, սպասումներ

Մոտ երկու ամիս առաջ՝ փետրվարի 26-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին: Լրատվամիջոցները հավելեցին նաև, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Հայտնի դարձավ, որ այդ օրերին ՊՎԾ ուսումնասիրություն է իրականացնում Գրիգոր Լուսավորիչ բկ-ում՝ կապված հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման, գնումների գործընթացի հետ։ Նույն ժամանակահատվածում Առողջապահոթյան նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ձեռքի տակ ունեցած տեղեկություններն ԱԱԾ-ին է փոխանցել, որովհետև վտանգ է տեսել, որ հեմոդիալիզի ծառայությունները հիվանդանոցներում կարող են ընդհատվել, ինչն էլ վտանգի տակ կդնի պացիենտների կյանքը։  Արդեն փետրվարի 28-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կալանավորվել են ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը։ Հաղորդագրությունում ասված էր․«...ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք (Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը խմբ․) և նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն (Տարոն Ավետիսյան խմբ․) ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը»։ Ապրիլի 16-ին մամուլում նորից չճտված տեղեկություններ տարածվեցին՝ այս անգամ արդեն ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին։ Սկզբում ԱԱԾ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր տեղեկությունը։ Սանասարյանն ինքը որևէ մանրամասն չէր ներկայացրել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է և գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։ Սանասարյանը հավելել էր, որ ԱԱԾ-ին ևս կոչ է արել նախաքննության փուլում զգույշ լինել և գործին չվնասել։ «Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվութուն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի և որ մեղավորները պատասխանատվությնա ենթարկվեն»,-ասել էր Սանասարյանը։ Երկու օր անց, սակայն, ԱԱԾ հաղորդագրություն  տարածեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որում մասնավորապես նշված էր․ «ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով․․․Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»։ Նույն հաղորդագրությունում նշված էր նաև, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Այս լուրը հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվեց, քննարկումներ սկսվեցին մի քանի խնդրահարույց կետերի վերաբերյալ։ Դիտարկենք մտահոգություններն ու հարցադրումներն (1 2 3 4 5 6 7 8 9) այս գործի վերաբերյալ։ Խափանման միջոցի փոփոխություն։ ԱԱԾ վերոնշյալ հայտարարությունից օրեր առաջ պարզ դարձավ, որ ՊՎԾ գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գևորգ Խաչատրյանն սկսել է համագործակցել նախաքննական մարմնի հետ, ցուցմունք տվել և նշել, որ անօրինական գործողությունները կատարվել են Դավիթ Սանասարյանի գիտությամբ։ «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող են մարդուն ասել «շեֆիդ (Սանասարյանի) դեմ ցուցմունք տուր ու խափանման միջոցդ կփոխենք, կալանքից դուրս կգաս»: Այս պայմաններում Հաայստանում իրավապահների նկատմամբ հանրային վստահության բարձրացում չենք ունենալու»՝ հավելելով․ «չեմ պնդում, որ նման բան ասվել է, բայց պնդում եմ, որ կարող էր ասվել և, այո, հիմքեր կան կասկածելու, որ ասվել է»։ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որն իրավունք ունի ստուգելու ԱԱԾ-ին։ Համացանցում տարածվեցին մտահոգություններ, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը կարող է կապված լինել ՊՎԾ-ի՝ լայն լիազորություններ ունենալու հետ, որը թույլ է տալիս վերահսկել անգամ ԱԱԾ-ին։  Մեղադրանք առաջադրելու հաջորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում, այն հարցին, թե ինքն ու՞մ է խանգարում ու ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը, Սանասարյանը պատասխանել էր․ «ՊՎԾ-ն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի, իհարկե, օրենքի շրջանակներում։ Այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի»։ ՊՎԾ-ն ուժային կառույցներից միակն է, որի ղեկավարը նախկին համակարգից չէ։ Իրավիճակի բազմաթիվ վերլուծություններ կապված էին Դավիթ Սանասարյանի՝ հեղափոխության ամենաակտիվ դեմքերից մեկը լինելու հետ։ Մատնանշվում է, որ Դավիթ Սանասարյանը ուժային կառույցներից միակն է, ով նախկին համակարգից չէ։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկին համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք են։ «Ինչ-որ առումով՝ օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինը, որը ղեկավարվել է մի անձի կողմից, որ տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ փողոցում, որն իր կյանքի մի էական հատված նվիրել է կոռուպցիոն իշխանության դեմ, Հայաստանում այդ փտած կոռումպացվածության դեմ պայքարին, դա ՊՎԾ-ն է»,-նշել էր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։ Ինչու՞ է գործը վարում ԱԱԾ-ն, ոչ թե ՀՔԾ-ն։ Սա ևս համացանցում տարածված մտահոգություններից մեկն էր։ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Ինչու՞ է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ կապված գործը քննում ԱԱԾ-ն և ոչ թե ՀՔԾ-ն, որի կարևոր գործառույթներից մեկը հենց սա է»։  Այս հարցադրման հիմնավորումն այն էր, որ ՀՔԾ-ն ստեղծվել է հենց բարձրաստիճան պաշտոնական անձանց վերաբերող գործերը վարելու համար, ինչը և պետք է լիներ այս դեպքում։ Աշխարհաքաղաքական համատեքստ։ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու փաստը դիտարկվեց նաև աշխարհաքաղաքական համատեքստում։ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, օրինակ, հարցազրույցներից մեկում նշել էր, որ մեղադրանքը կարող է կապված լինել կա՛մ Սանասարյանի՝ ժամանակին «հակառուսական» ցույցերի հետ, կա՛մ այնպիսի ծրագիր է կազմվում, որին Սանասարյանը կարող է խոչընդոտել. «Դավիթ Սանասարյանը հանդես է եկել հակառուսական դիրքորոշմամբ: Նույն Ապրիլյան պատերազմի ժամանակ միասին ցույցեր էինք անում, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները, զենք չվաճառի Ադրբեջանին: Այդ ցույցերը հասարակության մեջ տարածվեցին որպես հակառուսական, թեև դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանույան համար ցույցեր էին: Բայց, ամեն դեպքում Դավիթ Սանասարյանը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամաբ կոշտ հայտարարություններով»,-ասել էր նա։ Նման տեսակետ էր հայտնել  նաև «Սասնա Ծռեր» կուսակցությունը՝ այս գործին վերաբերող հայտարարության մեջ․ «Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է։ ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է: Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար»,-ասված էր հայտարարությունում։ ԱԱԾ-ն միակ կառույցն է, որում բացահայտումներ չեն եղել հեղափոխությունից հետո։ «Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ի ներսում գեթ մեկ, կրկնում եմ գեթ մեկ կոռուպցիոն շղթա չի հայտնաբերվել: Հարց, պե՞տք է ենթադրենք թե ԱԱԾ-ն ամբողջությամբ զերծ է մնացել համակարգային կոռուպցիայի մեջ ներգրավվածությունից, թե ոչ: Թե՞, պետք ենթադրել, որ ԱԱԾ-ում է հենց գործում «ախպերական» մոտեցումը՝ «սվոիխ նե սդայոմ» սկզբունքով»,-գրել էր Արթուր Սաքունցը։  Այս հարցադրումն անողները մատնանշում էին այն հանգամանը, որ բոլոր կառույցներում բացահայտումներ քիչ թե շատ եղել են, օրինակ՝ ոստիկանություն, ՊՆ և այլն․ բացառություն է միայն ԱԱԾ-ն։ Բացի մտահոգություններից կային նաև կարծիքներ, որ կատարվողը բնական գործընթաց է։ Պետք է սպասել նախաքննության ավարտին։ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նշել էին, որ թեև վստահում են Դավիթ Սանասարյանին, բայց պետք է չխանգարել նախաքննությանն ու սպասել մինչև այն կավարտվի։ «Ես առաջնորդվում եմ անմեղության կանխավարկածով և անձամբ ճանաչելով Դավիթ Սանասարյանին՝ շատ եմ ուզում պարզվի, որ իրականում չկա նման բան։ Ես ինչպես անմեղության կանխավարկածով վերաբերվում եմ Դավիթ Սանասարյանին, այնպես էլ որևէ հիմք չեմ տեսնում կասկածելու մեր իրավապահ մարմինների աշխատանքին, այսինքն ես չեմ տեսնում ոչ մի հիմք՝ մտածելու համար, որ կարող է շինծու կամ սարքած գործ է, բայց այս փուլում պետք է բոլորս էլ սպասենք՝ տեսնենք գործն ինչ ընթացք է ստանում և քննության արդյունքներն ինչ ցույց կտան»,-ասել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Բացառվում է, որ նոր Հայաստանում իրավապահները որևէ մեկին շինծու մեղադրանք առաջադրեն։ Նմանատիպ կարծիք հայտնեցին «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ Լենա Նազարյանը և Մարիա Կարապետյանը։ Կարապետյանը նշել էր նաև՝ իր ներքին համոզմունքն է, որ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխամտածված կամ չարամտությամբ չէր կարող վնաս պատճառել պետությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու  յուրայինների և օտարների: Ասել էր Լենա Նազարյանը։ Նույն տրամաբանության մեջ էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, ով   նշել էր․ «Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական․․․»  Դավիթ Սանասարյանը ևս խոսել էր այս գործի մասին՝ ասելով,  որ իր դեմ իրականացվողը շինծու է։ Հայտարարություն էր տարածել նաև նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը․ «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը․․․»,-նշել էր Պետրոսյանը՝ հավելելով․ «Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը, կարծում եմ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»։ Մարգարիտա Ղազարյան
06:16 - 22 ապրիլի, 2019
Գործի քննությունն ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել․ Դավիթ Սանասարյանի պաշտպան

Գործի քննությունն ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել․ Դավիթ Սանասարյանի պաշտպան

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարություն է տարածել․ «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ, չդիմանալով ճնշումներին, ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ Թող որևէ մեկը չկասկածի որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է, այդպես էլ ազնիվ մնացել է։ Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով՝ մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։ Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը, կարծում եմ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»։
13:27 - 20 ապրիլի, 2019
Վարչապետը չի կարող իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրել, բացառում եմ. Դավիթ Սանասարյան |aysor.am|

Վարչապետը չի կարող իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրել, բացառում եմ. Դավիթ Սանասարյան |aysor.am|

aysor.am։ Ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող խազ քաշել իմ բարի համբավի վրա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրգործով, ինքն, ըստ տեղեկությունների, ներգրավվել է որպես կասկածյալ: «Քրեական գործին վերաբերող մանրամասների մասին չեմ կարող խոսել, որովհետև նման պարտավորություն ունեմ։ Բայց դա չի ենթադրում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի և ես չկարողանամ համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի որևիցե ձևով չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն։ Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արյդունքում, դա ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում ու չեն կարող, ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել։ Բնականաբար, ես համաձայն չեմ դրա հետ ու դա վիճակրվելու է համապատասխան իրավական ճանապարհներով», - ասաց Դավիթ Սանասարյանը․ Քրգործով իր կարգավիճակի մասին բոլոր հարցերը Սանասարյանը հորդորեց տալ ԱԱԾ-ին։ «Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, հատկապես հեգնողներին ասեմ՝ գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ», - ասաց Սանասարյանը։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինքն ու՞մ է խանգարում ու ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը, ՊՎԾ պետն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց  մի բան հասկանում եմ՝ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որում էմոցիոնալ շարժվելով ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վտահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրի, ես դա բացառում եմ», - ասաց Սանասարայանն՝ ավելացնելով. «ՊՎԾ-ն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի, իհարկե, օրենքի շրջանակներում։ Այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի»։
10:53 - 18 ապրիլի, 2019
Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ |pastinfo.am|

Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am։ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։  Այս տեղեկությունը չի հերքել ոչ ԱԱԾ-ն, ոչ գլխավոր դատախազությունը եւ ոչ էլ ինքը՝ Դավիթ Սանասարյանը։ Հարցին, թե արդյոք վարչապետը չի պատրաստվում նախաքննության փուլում կասեցնել Դ.Սանասարյանի լիազորությունները՝ աշխատակիցների վրա հնարավոր ներգործությունը բացառելու, գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։«Եթե վարչապետը նման կարծիք ունենար՝ կհայտներ այդ մասին»,- ի պատասխան ասաց Կարապետյանը:  
10:39 - 18 ապրիլի, 2019
Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իրեն քրեական գործով կասկածյալ ներգրավելու լուրերը |azatutyun.am|

Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իրեն քրեական գործով կասկածյալ ներգրավելու լուրերը |azatutyun.am|

azatutyun.am։ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լրատվամիջոցների լուրերը, համաձայն որի, նա որպես կասկածյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։ Հարցին՝ իրեն ներգրավել են որպես կասկածյալ, Սանասարյանն ասաց՝ նախաքննական գաղտնիք է և հավելեց՝ գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։ Իսկ թե կանչե՞լ են իրեն հարցաքննության՝ հարցին ի պատասխան Սանասարյանը արձագանքեց՝ այս փուլում ոչինչ չի ասելու. «ԱԱԾ-ից տեղեկացեք»։ Պետական վերահսկողական ծառայության Դավիթ Սանասարյանը հավելեց՝ ինքն է կոչ արել ԱԱԾ-ին նախաքննության փուլում զգույշ լինել, և գործին չվնասելու ինքն էլ չի կարող տեղեկություն տալ։ «Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվութուն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի և որ մեղավորները պատասխանատվությնա ենթարկվեն, - փոխանցեց Սանասարյանը։  
17:20 - 16 ապրիլի, 2019
{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ |pastinfo.am|

{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ |pastinfo.am|

pastinfo.am: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Առայժմ հայտնի չէ, թե ինչի մեջ է կասկածվում Դավիթ Սանասարյանը։ Մանրամասն՝ այստեղ
16:42 - 16 ապրիլի, 2019
Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ ամեն ինչ արել են Սարի թաղում արյունալի հետեւանքներից խուսափելու համար |hetq.am|

Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ ամեն ինչ արել են Սարի թաղում արյունալի հետեւանքներից խուսափելու համար |hetq.am|

hetq.am: Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստին վկայությամբ հանդես եկավ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Վկայությունն ընթանում էր 2016 թ. հուլիսին «Սարի թաղի» թաղում տեղի ունեցած անկարգությունների գործով։ Վկայության ընթացքում Դավիթ Սանասարյանը նշեց, որ հուլիսի 29-ին Ազատության պողոտայում հավաքվածները շարժվում էին դեպի Խորենացի փողոց, երբ ճանապարհին ինֆորմացիա են ստացել, որ այլ գործողություններ են տեղի ունենում ՊՊԾ գնդի տարածքում։ «Փորձել ենք լինել հնարավորինս մոտ՝ կանխելու հնարավոր բացասական հետեւանքները»,- տեղեկացրեց Սանասարյանը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ տեղյա՞կ է եղել՝ ինչ է կատարվում գնդի ներսում, եւ նախապես տեղեկացվա՞ծ է եղել գունդը զավթածների մտադրության մասին, Դավիթ Սանասարյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ որ ՊՊԾ գնդի գրավման մասին տեղեկացվել է համացանցի միջոցով։ Իսկ Ազատության պողոտայում հանրահավաքի կազմակերպման վերաբերյալ նշեց, որ ամեն ինչ արել են, որ հավաքը խաղաղ բնույթ ունենա։ «Հավաքը մի անձի կողմից չի կազմակերպվել, հնչել են ելույթներ՝ մեր պատասխանատվության սահմանում։ Մենք ուղղորդել ենք, որպեսզի շարժվեն դեպի Խորենացի փողոց»։ Ըստ վկայի՝ իրենց նպատակն է եղել խուսափել արյունահեղությունից. «Եթե նպատակ ունենանայինք ավելի առաջ գնալ, կգնայինք, քաղաքացիներին չէինք կանգնեցնի։ Նպատակը մեկն էր, որ բոլոր կողմերից դադարեցնեին կրակոցները։ Մեր ներկայությամբ փորձեցինք կանխել հետագա գործողությունները»։ Դավիթ Սանասարյանը նշեց նաեւ, որ Սարի թաղում նկատել է, որ ներքեւից քարեր են շպրտում: Ըստ նրա ՝ եղել են սադրիչ գործողություններ, որոնց մասին ինքը տեղեկացրել է Երեւանի այդ ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին եւ ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին՝ շեշտելով, որ խաղաղ ձեւով հավաքը չվերածեն այլ գործողության։ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ քաղաքացիների կողմից քար նետելու դեպքեր չի տեսել, սակայն լսել է քաղաքացիներից, որ բլուրի ներքեւի մասից քարեր են շպրտում, որոնցից մեկն էլ դիպել է իրեն։ Անդրիաս Ղուկասյանին դեպքի վայրում տեսել է մի կողմի վրա նստած՝ քաղաքացիների հետ խոսելիս, իսկ նրա կողմից քարեր հավաքելու որեւէ կոչ չի լսել. «սուտ մեղադրանք է»։  
10:18 - 09 ապրիլի, 2019
Տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման կարող էր մասնակցել միայն մեկ ընկերություն. ՊՎԾ պարզաբանումը

Տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման կարող էր մասնակցել միայն մեկ ընկերություն. ՊՎԾ պարզաբանումը

Հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող էր մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, քանի որ գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների տեխնիկական բնութագրերով սահմանվել են կոնկրետ Fresenius Medical Care ընկերության կողմից արտադրվող մոդելներ։ Այս մասին նշված է ՀՀ պետական վերահսկողական ծառայաթյան տարածած պարզաբանման մեջ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանը ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելու։ Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաններ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ, ինչի կապակցությամբ ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝ «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի համար առաջարկվել է «հեմոդիալիզի պարագաներ ապրանքների մատակարարված լինելը» նախադասությունը փոխել «բժշկական պարագայի կամ գործիքների մատակարարում» նախադասությամբ։ «Մատակարար ընկերությունը պետք է ունենա Fresenius Medical Care ընկերության կողմից տրված 4008S սարքերը վերանորոգելու հավաստագիր» նախադասությունը առաջարկվել է հանել, քանի որ հայտարարվել է պարագաների (ապրանքների) գնման, այլ ոչ թե ծառայությունների մատուցման մրցույթ։ Հատկանշական է նաև այն, որ հիշյալ սարքը վերանորոգելու հավաստագիր առավելապես կարող է ունենալ գործնականում Fresenius Medical Care ընկերության պաշտոնական ներկայացուցիչը համարվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն։ Գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող է մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, քանի որ գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների տեխնիկական բնութագրերով սահմանվել են կոնկրետ Fresenius Medical Care ընկերության կողմից արտադրվող մոդելներ՝ FX-8, F-7HPS, F-8HPS։ Ներկայացված առաջարկությունները մասամբ ընդունվել են բժշկական կենտրոնի կողմից, ինչի արդյունքում կազմակերպված մրցույթին մասնակցել են նաև այլ ընկերություններ, որոնցից ոմանք հաղթող են ճանաչվել մրցույթի մի քանի ընթացակարգերում, իսկ «Ֆրեզեն» ՍՊԸ-ն առաջարկել է ավելի ցածր գին, քան վերջինս առաջարկել էր նախորդ տարիների ընթացքում, որի արդյունքում տնտեսվել է շուրջ 12 մլն. դրամ, և սա դեռ առաջին մրցակցային գնման դեպքում։ Հատկանշական է, որ հակառակ հասարակության մեջ լայն տարածում գտած թյուր կարծիքին՝ հիշյալ մրցույթում «Զորաշեն» ՍՊԸ-ն որևէ մասով հաղթող չի ճանաչվել։ Հարկ է նշել, որ համանման առաջարկություններ են ներկայացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, որոնք չեն ընդունվել, ինչի արդյունքում մրցույթին մասնակցել է միայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցակցային մրցույթի համեմատ նույն ապրանքները ձեռք են բերվել 30%-ով ավելի թանկ գներով։ Հատկանշական է այն հանգամանքը, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին իրացված ապրանքների և մաքսային արժեքների համեմատությամբ պարզվել է, որ իրացված 1,600,999.0 հազ. դրամի պարագաների մաքսային արժեքը կազմել է 722,670.0 հազ. դրամ, այսինքն՝ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գներով։ Արդյունքում ստացվում է, որ միայն հեմոդիալիզի սարքերի և պարագաների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար (պետական բյուջեից ֆինանսավորման արդյունքում) գնման մրցույթներին մասնակցելով ապահովում է գերշահույթ։ Հեմոդիալիզի ծառայությունները պետական պատվերի շրջանակներում մատուցվում են նաև այլ՝ ոչ պետական (մասնավոր) բժշկական կենտրոններում, որոնցից որոշներում տեղադրված են նույն Fresenius Medical Care ընկերության սարքավորումները, սակայն հեմոդիալիզի պարագաները ձեռք են բերվում նաև այլ մատակարարներից»։
18:40 - 26 մարտի, 2019
Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց

Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց

Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց։ «Համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինաբար է վերընտրվել՝ շահագործելով գյուղացիներին։ Ուրցաձորցիները դեմ են նրա պաշտոնավարմանը», - լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա նշեց, թե դատախազության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանն արդեն հարուցված երկու քրեական գործերն ուսումնասիրել և հասցնել ավարտին։ «Մենք մեր անվստահության ձայնն ենք բարձրացնում մարզային դատախազությանը և Վեդու քննչական կոմիտեին», - ասաց ակցիայի մասնակիցը։ «Շատ զարմացած եմ Դավիթ Սանասարյանի բռնած դիրքից, որ նա եկավ գյուղ մի քանի ամիս առաջ, երբ գյուղացիները ընդվզում էին, իր ձեռքերը լվաց ու հեռացավ», - ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։ aysor.am
10:03 - 22 մարտի, 2019
«Չեմ ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշում և դատական կարգով վիճարկելու ենք». Դավիթ Սանասարյան

«Չեմ ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշում և դատական կարգով վիճարկելու ենք». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը չի ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշում և դատական կարգով կվիճարկի այն։ Այդ մասին Սանասարյանն ասաց այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մենք հիմնավորում ունենք, որ էդ վարույթը նախ պետք է չհարուցվեր, երկրորդը՝ էն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավոր չեն», - ասաց Սանասարյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե իր գլխին սև ամպեր են կուտակվում, Սանասարյանն այսպես արձագանքեց. - «Իմ գլխին 11 տարի է սև ամպեր են կուտկվում, և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում»։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ՝ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: azatutyun.am
10:00 - 21 մարտի, 2019
Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի կողմից

Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի կողմից

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ՝ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեժլումյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ դեռ որոշում չունեն կբողոքարկե՞ն Էթիկայի հանձնաժողովի որոշումը, թե՞՝ ոչ։Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ: Դեպքերի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը Ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ azatutyun.am
07:11 - 21 մարտի, 2019