Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ
 |armenpress.am|

Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։ «Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար քննարկումներ են պետք, որպեսզի իսկապես լավ ծրագիր լինի և մի կողմից կարողանանք իրականացնել, մյուս կողմից իսկապես տա այն արդյունքները կամ լուծի այն սոցիալական խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են»,-ասաց նախարարը։ Անդրադառնալով բնակապահովման տարբերակների հարցին՝ գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ քննարկվել են մի քանի տարբերակներ։ «Ընդ որում՝ չի բացառվում, որ մենք մեկ ուղղությամբ չենք գնա։ Տարբեր ուղղություններով կգնանք. դրանք կլինեն և առկա բնակարանների հետ կապված, և նորերի կառուցման, և վաուչերային որոշակի համակարգի։ Այսինքն՝ տարբեր մոդելներ ու մեթոդներ են քննարկվում։ Չի բացառվում, որ դրանք միաժամանակ կիրառվեն»,-պարզաբանեց Սանոսյանը։
10:41 - 27 փետրվարի, 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Միության հայտարարությունը․  «Ադրբեջանում կրկին կառավարական և մերձկառավարական հիստերիա է բռնկվել, որի կիզակետում այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արդարացի դիտարկումներն են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման, Հայաստանի տարածքային ամբողջականության, Ադրբեջանի կողմից անհամաչափ գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանը, համաձայն իր առօրյա բառապաշարի, որպես «խաչակրություն» է որակում ինչպես Մակրոնի, այնպես էլ հավաքական Եվրոպայի շարունակական և արդարացի դիտարկումները և պահանջները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը մեջբերել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած անձանց անվտանգ ու անարգել վերադարձը։ Էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքների խնդիրը բարձրայանելու համար Մակրոնի հասցեին հնչած քննադատությունը արդո՞ք չի հասցեագրվում նաև Արդարադատության միջազգային դատարանին, որի որոշումները արհամարհելը Ադրբեջանի համար վերածվել է սովորույթի։ Զավեշտալի է, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դնում իրականությանն անհամապատասխան թեզեր և դրանցով փորձում հակակշիռ ստեղծել բռնի տեղահանված հայերի խնդրում։ Սա պատրվակային քաղաքականություն է հիշեցնում, երբ ասելիքի բացակայությունը ստիպում է հորինել այն՝ քաղաքական խոսույթը վերածելով ծայրեծայր հեքիաթասացության։ Եթե Ադրբեջանի դեմ ուղղված արդարացի և իրավականության շրջանակներում հնչող քննադատությունները հավաքական «խաչակրություն» են, ապա ինչպե՞ս որակել 2021 թ․ ի վեր Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Ադրբեջանի կողմից և բանակցային գործընթացի շարունակական և միտումնավոր ձգձգումը։ Ադրբեջանն է, որ քանիցս տապալել է գործընկեր երկրների և կազմակերպությունների միջնորդական ջանքերը՝ պարզապես չներկայանալով բանակցություններին կամ նոր պահանջներ առաջադրելով։ Վերջին 4 տարիների ընթացքում միակ երկիրը, որ միտումնավոր տարածաշրջանային լարվածություն է առաջացրել, Ադրբեջանն է՝ ի դեմս սանձազերծած պատերազմների և սահմանային սրացումների։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հորդորում է Ադրբեջանի արտգործնախարարությանը չկտրվել իրականությունից, չկորցնել սթափ դատողությունը, և չգնալ քաղաքական արկածախնդրությունների ճանապարհով, որովհետև հաղթանակի դափնիները ժամկետից շուտ խամրելու սովորություն ունեն»։  
17:12 - 23 փետրվարի, 2024
Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
 |azatutyun.am|

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը, ավելին՝ կարծում է, որ այս մասին չբարձրաձայնելը անթույլատրելի կլինի։ «Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Դուք համակարգում եք Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անվանումով հանձնախումբը, այսինքն՝ Դուք իրատեսական ե՞ք համարում, որ հայերի վերադարձը հիմա հնարավոր է, եթե ստանձնել եք այդ գործը։ Վարդան Օսկանյան. - Իհարկե, եթե այդպես չհամարեի, չէի ստանձնի, երկրորդ՝ անկախ ամեն ինչից գիտեք՝ այս հարցը չբարձրացնել, չխոսելը, նույնիսկ ծայրահեղության գնամ, ասեմ, հանցագործություն կլինի։ Այս վերքը դեռ թարմ է, մեր հայրենակիցներն իսկապես էթնիկ զտմամբ ու սպառնալիքներով վռդնվել են ուղղակի, իրենց տներն են թողել, գերեզմանները, ունեցվածքը։ Մեր ամբողջ հայ ժողովդրի պատմական ժառանգության մի մասն է այնտեղ, և չխոսել դրանց վերադարձի մասին, այդ պահանջատիրությունը չունենալ, ես կարծում եմ, որ իսկապես մեղսունակություն է և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական, և՛ բարոյական տեսակետից, և՛ հայ ժողովրդի հպարտության տեսակետից։ Բոլոր առումներով այս հարցը պետք է այսօր բարձրացնել, հետապնդել, որովհետև դա նաև ռեալ խնդիր է, դրա մասին ոչ միայն մենակ մենք ենք խոսում, աշխարհն է խոսում, կա միջազգային դատարանի որոշում, Միացյալ Նահանգներն արտահայտվել է, որ պետք է վերադառնան, Եվրոպան է ասել, Ռուսաստանն է ասում, նույն ինքը՝ Ադրբեջանն է ասում, որ իրավունք ունեն գալու չէ՞, բայց իր ընկալումը մի քիչ այլ է. միջազգային հանրությանը մի քիչ ավելին է, քան Ադրբեջանինն է։ Իսկ մեր դրած խնդիրը այդ երկուսից էլ մի քիչ ավելին է, որովհետև եթե այդ երկուսի պայմաններով այսօր արցախահայությունը վերադառնա, չէին թողի, գային էլի, որովհետև նոր բան չի առաջարկվում, այնպես որ նրանց վերադարձի համար մի քիչ ավելին է պետք, քան այն, ինչ որ կա։ Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են։ Ես դրա ռեալ հնարավորությունը տեսնում եմ, եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, գիտեք, եթե Հայաստանի իշխանությունները այս՝ այն, ինչ ես ձևակերպեցի հիմա, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս, առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, որ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել։ Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահի իրենք էլ կզգան, որ այս հարցի բարձրացումը ոչ միայն մեր իրավունքներից է բխում, այլ նաև դիվանագիտական պահանջ է, խաղաղության պահանջն է։ Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ
17:05 - 22 փետրվարի, 2024
Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան
 |news.am|

Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան |news.am|

news.am: Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալմանը: «Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալության օրինաչափությունը: 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝  դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները: Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ կափարիչ դնել դրա վրա եւ փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչեւ այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- հայտարարեց Շահրամանյանը: Հիշեցնենք, որ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ: Դրանից մեկ օր առաջ նա «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին եւ, ըստ տարբեր կարծիքների, ձերբակալության պատճառներից մեկը դա է:
12:34 - 22 փետրվարի, 2024
Զեյնալիին չափազանց ոգևորել է ավագ սերնդի ռամիլսաֆարովական կենսակերպը՝ հանցագործ հերոսացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Զեյնալիին չափազանց ոգևորել է ավագ սերնդի ռամիլսաֆարովական կենսակերպը՝ հանցագործ հերոսացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է պատերազմական հանցագործ ադրբեջանցի Քամիլ Զեյնալիի ձերբակալությանը: Համահայկական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.   «Ինչպես հայտնի դարձավ՝ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է Քամիլ Զեյնալին։ Վերջինիս նկատմամբ Հայաստանը հայտարարել էր միջազգային հետախուզում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ գործած պատերազմական և այլ հանցանքների համար։ Մասնավորապես նշվում է, որ Զեյնալին արտակարգ դաժանություն է ցուցաբերել՝ խաղաղ բնակչի սպանելով։ Դեռևս 44-օրյա պատերազմից առաջ վերջինս հայերի նկատմամբ բռնություն գործադրելու և սպանելու կոչեր էր հնչեցնում և տարածում։ Սա ադրբեջանական պետության էթնիկ ատելության քարոզի, համակարգային հակահայկականության վառ դրսևորումն է, և հայ տարրի նկատմամբ ֆիզիկական ուղղակի բռնությունն ու անարգանքը երբեք էլ խորթ չեն եղել ադրբեջանական մոլեռանդ զանգվածին։ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի աննկարագրելի վայրագությունները վերահաստատում են, որ մարդկանց այդ բազմությանը միավորում է ցանկացած հայի սպանելու և անարգելու բարձրագույն նպատակը։  Հավանաբար, Զեյնալիին և իր նմաններին չափազանց ոգևորել է ավագ սերնդի ռամիլսաֆարովական կենսակերպը՝ դաժան հաշվեհարդարը անպաշտպան մարդկանց հետ, պատասխանատվության բացակայությունը և հանցագործ հերոսացումը։ Ինչպես Քամիլ Զեյնալին, այնպես էլ մյուս բոլոր պատերազմական հանցագործները, խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ, խոշտանգումներ իրականացրածները և ատելության խոսք ու անհանդուրժողականության քարոզողները պետք է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պատիժ կրեն։ Միայն արժանի և համաչափ պատժի կիրառումը կարող է ազատել աշխարհը ռամիլսաֆարովական և կամիլզեյնալլիական ախտից»: Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ջանք չխնայել պատերազմական հանցագործների բացահայտման, հայտնաբերման և համաչափ պատժի ու պատասխանատվության ենթարկելու համար։
11:22 - 22 փետրվարի, 2024
Արցախում մնացած թանգարանային ֆոնդերի վերստեղծման աշխատանքները կշարունակվեն Հայաստանում
 |hetq.am|

Արցախում մնացած թանգարանային ֆոնդերի վերստեղծման աշխատանքները կշարունակվեն Հայաստանում |hetq.am|

hetq.am: Արցախի «Մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը օրերս թանգարանների տնօրենների հետ աշխատաժողով էր հրավիրել և քննարկել, ֆինանսավորման առկայության դեպքում, շարունակել Արցախում մնացած թանգարանային ցուցանմուշների ֆոնդի վերստեղծումը։ Նրանց հաշվարկներով՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմից ու բնակչության բռնի տեղահանումից հետո Արցախի առնվազն 30 թանգարան և մասնավոր հավաքածուներ ամբողջությամբ կամ մասնակի մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ։  Դեռևս 2021թ․-ի մայիսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով ստեղծվել էր բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ։ Այն բավականին լայն ներգրավվածությամբ գերատեսչական խորհուրդ էր, որի աշխատանքներին մասնակցում էին նաև եկեղեցին, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը, փորձագետներ և այլք։ Խորհրդի գործունեության նպատակը 2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում և Շուշի քաղաքում մնացած թանգարանային ֆոնդը վերականգնելն էր։  Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանն ասում է, որ մինչև արցախցիների բռնի տեղահանումը խորհուրդը պատկերներով և էլեկտրոնային տաբերակով վերստեղծել էր Շուշի քաղաքի 7 պետական և մասնավոր արվեստի հավաքածուների ցուցանմուշների ցանկը։ «Ասում եմ՝ վերստեղծել, որովհետև թանգարաններում են մնացել թե՛ հավաքածուները, թե՛ գրանցամատյանները։ Դրանք հիմա մաս-մաս վերականգնվում են թանգարանների աշխատակիցների, մասնավոր հավաքորդների և մասնագետների աջակցությամբ»,- ասաց Ս․ Շահվերդյանը։ Հիշեցնենք, որ Շուշիում են մնացել բերդաքաղաքի պատմության, կերպարվեստի, երկրաբանական պետական թանգարանների, Արցախյան գորգի (մասնակի), Դրամի թանգարանների, Վարդան Բախշյանի (Դուշմանի) տուն-թանգարանի հավաքածուները։ Շուշիում կային նաև մասնավոր հավաքածուներ՝ Նարեկացի արվեստի միության, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի նմուշները, Արտակ Պողոսյանի եւ Դավիթ Ավագիմյանի գեղանկարչական աշխատանքները։ Խորհուրդը ընդհանուր 1077 ցուցանմուշ է հաշվառել։ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ 2023թ․-ի սեպտեմբերին հայության վերջնական տեղահանումից հետո թշնամու տիրապետության տակ անցած թանգարաններում մոտավոր հաշվարկներով 20 885 ցուցանմուշ է մնացել։ Այս թիվը շարունակում է աճել, քանի որ տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է։  Լ․ Հովհաննիսյանը հայտնեց, որ շրջափակման հետևանքները կանխազգալով՝ 2023թ․ մայիսից նախապատրաստվել էին թանգարանային ֆոնդերը տարհանելուն։ Արկղեր էին պատրաստել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարզերի թանգարանների ցուցանմուշները դրվեին արկղերի մեջ ու տարհանվեին Ստեփանակերտ։ Մինչ այդ, Մարտունու պատմաերկրագիտական թանգարան էին տեղափոխել Բերդաշեն գյուղի հնագիտական-երկրագիտական թանգարանի և Կոլխոզաշենի հրետանու գեներալ-գնդապետ Պարսեղովի (Խորհրդային միության շրջանում) տուն-թանգարանի նյութերը, որպեսզի այնտեղից հեշտ լիներ տեղափոխելը։ Շրջափակման ժամանակ վառելիք չլինելու պատճառով չի տեղափոխվել, իսկ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ այլևս չի հաջողվել։  «Հարձակման ժամանակ թշնամին առաջինը շրջանների հետ ճանապարհները կտրեց Ստեփանակերտից և հնարավոր չեղավ տեղափոխել»,- հայտնեց Լ․ Հովհաննիսյանը։ Վերջինիս ասելով՝ Մարտունու թանգարանի վարչակազմը մինչև վերջին օրը հույս ուներ, որ կկարողանան տարհանել, բանակցում էին մարդկանց շրջափակումից հանելու համար, սակայն վերջին պահին ասացին, որ հնարավոր չէ։ Շուշիի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանների ֆոնդերն ամբողջությամբ մնացել են։ Գանձասարի մատենադարանի մատյանների մի մասը, որոնք Հայաստանի Մատենադարանի մատյանների կրկնօրինակներն էին։ Հիմա աշխատում են ֆոնդերի ցանկը վերականգնելու ուղղությամբ։  Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
21:13 - 21 փետրվարի, 2024
Ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրապետող նեոազգայնական հակահայկականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել համահայկական միությունն՝ անդրադառնալով 20 տարի առաջ Գուրգեն Մարգարյանի սպանությանը: «ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացի շրջանակներում 2004 թ․ փետրվարի 19-ին Բուդապեշում գտնվող հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից։ Ադրբեջանական էքստրեմիզմի վառ ներկայացուցիչ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային՝ դատավարության ընթացքում անգամ չզղջալով իր կատարած հանցանքի համար։ Սակայն նման անմարդկային գործելակերպը խնդրի միայն մի կողմն է։ Հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովն ընդամենը 8 տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին՝ պատժի մնացյալ մասը այնտեղ կրելու, մինչդեռ Ադրբեջան հասնելուց անմիջապես հետո Սաֆարովը պետական մակարդակով հերոսացվեց՝ արժանանալով ամենաբարձր պատիվներին։  Սա պարզ վկայությունն է այն բանի, թե հակահայկականությունը և հայ ազգի նկատմամբ էթնիկ ատելությունը ինչ մակարդակի վրա են գտնվել Ադրբեջանում դեռ 2004 թվականը։ Ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության՝ մի քանի միլլիոն մարդու վերածելով հակահումանիստական գաղափարների և դրանց գործնական կիրառմանը ամեն վայրկյան պատրաստ զանգվածի, որին քաղաքակրթական զարգացումը պարզապես շրջանցել է։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում «ռամիլսաֆարովությունը» դարձավ ադրբեջանական երիտասարդության դաստիարակության լոկոմոտիվը, թեև նմանատիպ վայրագություններն ամենևին խորթ չէին այդ հանրությանը։ 1988 թվականին՝ Սումգայիթի, 1990 թվականին՝ Բաքվի, 1992 թվականին՝ Մարաղայի  և այլ հայաբնակ վայրերի ցեղասպանական գործողությունները անձնային անհատական մակարդակում կրում էին միևնույն ձեռագիրը։ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը տեղայնացված ցեղասպանության գաղափարախոսություն է կրում, քանի որ Ռամիլ Սաֆարովը առաջնորդվել է ոչ թե անձնական, այլ ազգամիջյան թշնամանքով, ինչը վկայում է, որ նման արարքը կարող է տարածելի լինել ինչպես մեկ, այնպես էլ հայ ազգի ցանկացած ներկայացուցչի և ներկայացուցիչների վրա աշխարհի ցանկացած վայրում։  Նման քաղաքականության արդյունքները սպասեցնել չտվեցին։ Միայն այսպիսի ռասիզմով տառապող պետությունը կարող էր 10-ամսյա շրջափակման ենթարկել ավելի քան 100 հազար մարդկանց, որոնցից մոտ 30 հազարը երեխաներ էին, միայն այսպիսի հիմքերի վրա կառուցված պետությունը կարող էր ռազմական գործողությունների դիմել հումանիտար աղետի մեջ գտնվող հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, միայն այսպիսի պետությունը կարող էր մի քանի օրում էթնիկ զտում իրականացնել՝ հայաթափելով ողջ Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը բնավ տարօրինակ չի թվա, եթե վերհիշենք, որ այս գործողություններն առաջնորդել է Արևելքի բռնապետության այնպիսի վառ ներկայացուցիչ, ինչպիսին իր պաշտոնավարման երրորդ տասնամյակը սկսած Իլհամ Ալիևն է, ով պատերազմը համարում է իր քաղաքական առաքելությունը, ով «սատանաներ» է համարում նրանց, ում ամիսներ առաջ խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս»,- ասված է հայտարարության մեջ: Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրապետող նեոազգայնական հակահայկականությունը, որի դրսևումներն են և՛ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու հայրենազրկումը՝ ուղեկցող բազմաթիվ իրողություններով հանդերձ։ 
13:50 - 21 փետրվարի, 2024
Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

news.am: Որդիս զոհվել է Հադրութի մոտ, հիմա ամեն օր երեխան անընդհատ ասում է՝ պապային եմ ուզում. ես էլ չեմ կարողանում 200 հազար դրամ վարձ տամ ու երեխեքին պահեմ, թող մեզ տնով ապահովեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի կանանցից մեկը: «Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞: Հիմա 200 հազար դրամով վարձով եմ ապրում Սարի թաղում: Ոչ մեկս չենք աշխատում, երեխեքի փողն էլ չեն տալիս, ո՞նց ապրենք: Երկու տուն եմ թողել Արցախում. Մեկը Ստեփանակերտում, մեկն էլ՝ մեր գյուղում: Մի ավտոմեքենա եմ թողել, անասուններ եմ թողել: Դատարկ հասել եմ Հայաստան: Թող մեր հարցը լուծեն: Հիմա թոռանս էլ տանե՞մ սահմանամերձ շրջանում զոհվի: Ամեն որ երեխան արթնանում  ու հարցնում է՝ տատի, պապան երբ կգա: Այնքան եմ ստել, էլ չեմ կարողանում, երեխան ամբողջ օրը սթրեսային վիճակում է, պապային է ուզում, որտեղի՞ց տամ: Հիմա թոռանս տանեմ սահմանամերձ գյուղում պահեմ, իրեն էլ սպանեմ, ինքն էլ էստեղ ինչ ուզում է՝ անի: Դա ճի՞շտ է: Թոփղ գոնե երեխաներին տնով ապահովեն, ես մեքենայի մեջ կքնեմ: Էլ չենք կարողանում 200 հազար վարձով ապրենք: Հիմա ոչ տուն ունենք, ոչ փող ունենք, ոչ գերեզման ունենք: Պետք է դրսում մնանք, ես երեք երեխայի դրսում ոնց պահեմ: Լրագրողների հետ զրույցում հադրութցի Անուշիկ Ասրյանն էլ ասաց, որ Կառավարություն եկել է այն խնդրանքով, որ առաջինը Արցախը հետ տան, իրենք էլ վերադառնան իրենց տները:  «Ես երկու անգամ եմ տարհանվել. նախ Հադրութից, որից հետո գնացել եմ Ստեփանակերտ, հրաժարվել եմ սերտիֆիկատից, ասել եմ՝ ես մեր հող ու ջուրն եմ ուզում: Ես 41 տարի այնտեղ ապրել եմ, ամուսնացել եմ, 5 երեխա եմ ունեցել, իմ մանկությունը, հիշողությունը ամեն ինչ այնտեղ է: 2020-ի պատերազմից հետո հետ եմ գնացել  Ստեփանակերտ, էնտեղ տուն եմ ստացել: 44-օրյա պատերազմում համ տղես է զոհվել, համ փեսաս: Ես չեմ պատկերացրել, որ Ստեփանակերտն էլ կտան թուրքերին: Հիմա դռնեդուռ մ ընկել: Եթե մենք չենք գնալու Արցախ, թող գոնե մեր երեխեքի շիրիմները բերեն, մենք կարողանանք երեխեքի գերեզմաններին մի ծաղիկ դնենք, շիրիմները մաքրենք»,-ասաց նա: Կինն ասաց, որ փեսան՝ Արմեն Բադասյանը, Մարտական խաչի է արժանացել. «Հիմա աղջիկս այդ Մարտական խաչի գումարներն էլ չի ստանում, երեխաների նպաստներն էլ են կտրել, երկու անչափահաս երեխա ունի: 50-հազարական դրամ ստանում էր, հիմա էլ չեն տալիս: Ես հիմա վարձով ապրում եմ Չարենցավանում, մինչեւ տեսնենք՝ մեր հարցն ինչպես է լուծվում: Ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ: Երբ տղաս զոհվել է, ինձ ինսուլտ է խփել, կոմայի մեջ եմ ընկել, մի քանի օր հետո իմացա, որ բալաս չկա: Դեղերով ապրում եմ, բայց սա ապրել չի: Ամուսինս 1990-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ունի, բայց նորից գնաց պատերազմ: Ամուսինս ու երկու որդիներս»: Հարցին, թե ի՞նչ ակնկալի ունի կառավարությունից, Անուշիկ Ասրյանը պատասխանեց. «Ոչ մի հույս չունեմ: Այն պատճառով, որ մեզ որպես զոհվածի ծնող առաջնահերթ տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ եմ կորցրել: Չգիտեմ՝ էլ ինչ մտածեմ: Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեի, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»: Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտծեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:  
17:17 - 20 փետրվարի, 2024
Սամվել Շահրամանյանը ընդունել է 24News-ի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը. շտաբ

Սամվել Շահրամանյանը ընդունել է 24News-ի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը. շտաբ

Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։  Շտաբից նշում են, որ անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:  Հիշեցնենք, որ ըստ 24News լրատվական կայքի հայտարարության՝ կայքի լրագրողն ու օպերատորը այսօր Եռաբլուրում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում են եղել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե, թիկնազորի անդամները նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՛ վայրը, թե՛ այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն՝ 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանին ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։  24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։
16:40 - 20 փետրվարի, 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել  կառավարության շենքի դիմաց |news.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են անցկացրել  կառավարության շենքի դիմաց: «Շատ մարդիկ չունեն հստակ պատկերացում, թե հետո ինչ է լինելու, իրենք որտեղ են ապրելու, դա խանգարում է աշխատանք գտնելու հարցում: Կամ եթե վաղը այդ փոխհատուցումը կտրեն, ի՞նչ են անելու այդ ընտանիքները, ստիպված են լինելու ավելի վատ պայմաններով բնակարան գտնել, կամ հեռանալ քաղաքից կամ երկրից: Կառավարության կողմից լռությունը յս ընտանիքներին պահում է անորոշության մեջ: Մենք ընդամենը փողոցային խոսակցություններ ենք լսել, որ կարող է բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ տան: Տարբեր թվերի մասին են խոսում՝ 2, 3, 5, 6 մլն դրամ: Դա արդյունք չի տալու: Տեսեք, ասենք, տան կերակրողին կորցրել է ընտանիքը, ապրում է երկու երեխայի հետ, եթե տան 5 մլն դրամի սերտիֆիկատ, դա 15 մլն դրամ է անում, իսկ տների գներն աստղաբաշխական բարձր են: Ի՞նչ ասենք զոհվածների ծնողներին ասենք՝ գնացեք Վարդենիսում, Շուռնուխում, Ներքին Հանդում կամ Տեղ գյուղում ապրե՞ք: Մենք սահմանից չենք վախենում, հասարակ քաղաքացիները կարող են գնալ, բայց այս ընտանիքներին բարոյական իրավունք չունենք ինչ-ինչ լծակներով ստիպել, որ նորից գնան սահմանամերձ բնակավայրում ապրեն: Ոչ, իրենք պետք է արժանավայել կյանք վարեն: Սա է մեր պահանջը: Եթե մարդ կա, որ ուզում է մեզ հակադրվել, Աստված իրեն մեր օրն է գցելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: Նա հավելեց, որ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Ասրյանը դժգոհեց, որ դեռ նոյեմբերին իրենք դիմել են կառավարություն, խնդրել են հանդիպում վարչապետի հետ, բայց մնացել են անտեսված, անգամ չեն պատասխանել, որ վարչապետը ժամանակ չունի, չի կարող հանդիպել. «Չի կարելի մարդկանց անտեսել, ախր կարող է մի ժամանակ գա, որ իրենք անտեսված դառնան: Շատ տհաճ է քաղաքացուն անտեսելը, արհամարհելը: Հիմա գնում ենք պահանջենք, որ հանդիպեն մեզ հետ»,-ասաց նա: Ասրյանը թվարկեց, թե որ հարցերն են իրենց հետաքրքրում, որոնք շարադրել են վարչապետին ուղղված նամակում. «Տղաների շիրիմների տեղափոխման հարցը կամ այլ տարբերակների քննարկում: Մենք երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դրել ու ասել՝ չէ, պիտի բերեք: Հասկանում ենք բարդությունը, բայց այլ տարբերակներ կան քննարկելու եւ լինչ-որ լուծումներ գտնելու: Նշել ենք կացարանների, բնակարանների հարցը, հարցի լուծման ի՞նչ հեռանկարն ենք մենք տեսնում: Այս երկու հարցերը լրիվ անտեսվել են: Եվ մեզ պատասխան չի տրվել հանդիպման մասին: Թող գրեին՝ վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տեսնելու: Պարզապես մեր նամակը վերահասցեագրել է սոցապ նախարարությանը: Վերջինս էլ նշել է, որ այդ երկու հարցերը մեր տիրույթում չի գտնվում»: Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմում միայն Արցախից ունեն մոտ 700 զոհվածի ընտանից եւ 23 անհետ կորածի ընտանիք:
16:28 - 20 փետրվարի, 2024
Քայլեր չեք ձեռնարկում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք․ ՀՀԿ երիտթեւի ցույցն ԱԳՆ-ի մոտ
 |aravot.am|

Քայլեր չեք ձեռնարկում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք․ ՀՀԿ երիտթեւի ցույցն ԱԳՆ-ի մոտ |aravot.am|

aravot.am: «2018 թվականից ի վեր այս շենքում ընդմիջում է: Դուք ոչնչով չեք զբաղվում, քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք: Ձեր վարած քաղաքականության արդյունքում է, որ այսօր Արցախը՝ երեք հազար տարվա մեջ առաջին անգամ հայաթափվել է: 2018 թվականից ի վեր, դուք ՀՀ քաղաքացիների հաշվին զբաղվում եք վճարովի տուրիզմով, դուք այդ շենքը դարձրել էք տուրիստական գործակալություն»,- այսօր Արցախյան շարժման 36 ամյակի օրը՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը: ՀՀԿ-ական երիտասարդները ԱԳՆ շենքի մոտ ցույցի էին եկել Արցախի հայաթափումից հետո Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով: Եկել էին հայտարարելու, որ հայկական Արցախի էջն իրենց համար փակված չէ, որ այդ մարդիկ ունեն իրենց սատարումը, որ չեն լռել, չեն լռելու, չեն համակերպվել եւ չեն համակերպվելու:«Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջան է, ձեր իշխանությունը ՀՀ միակ իշխանությունն է, որը հայտարարում է՝ Արցախն Ադրբեջան է: Դուք ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ Ադրբեջանի շահերն եք սպասարկում: Այսօր մարդիկ Վարդենիսում, Սյունիքում, Ջերմուկում, անգամ Երեւանում անվտանգ չեն: Ձեր հայտարարած զրոյական կետի արդյունքում Արցախն այսօր հանձնված է, ՀՀ-ն վտանգի առջեւ է, դուք փորձում եք փոխել մեր Սահմանադրությունը, զինանշանը»,- ասաց Հենրիխ Դանիելյանը:ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանն էլ հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ-ի շենքում նստած մարդիկ միշտ պետք է իմանան՝ «իրենց դավաճանությունը մատնանշվելու է միշտ». «36 տարի առաջ մեզնից մեծ սերունդը ազատագրեց Արցախը, իսկ այս շենքում նստածները 6 տարի է՝ մսխում են մեր պետությունն ու պետականությունը: Երբ Արցախը կապիտուլացվում էր, այստեղ նստած մարդիկ լացակումած դեմքերով ասում էին՝ մեր հայրենակիցներին ոչնչով չենք կարող օգնել»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:14 - 20 փետրվարի, 2024
24News-ի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ

24News-ի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ

24News լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Այս մասին հայտարարություն է տարածել լրատվական կայքը։  «Նրանց թվում է եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե, թիկնազորի անդամները մեր նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՛ վայրը, թե այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն, 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանին ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ  Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։ 24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։   Չնայած դրան՝ 24News-ը շարունակելու է հետևողականորեն լուսաբանել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանմանն ուղղված բոլոր միջոցառումները, որովհետև Արցախի Հանրապետությունը չի սկսել ու, հավատում ենք, չի էլ ավարտվելու Շահրամանյանով և յուր թիկնազորով։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այսպիսի պահվածքը ստանա հնարավորինս լայն արձագանք ու դատապարտում»,- ասված է հայտարարության մեջ։
13:55 - 20 փետրվարի, 2024