Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար

Կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների և պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը, ինչպես նաև առանձին դեպքերում կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։  Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականների առաջին կիսամյակների ընթացքում գրանցված առուվաճառքի և նվիրատվության, ինչպես նաև գրանցված բոլոր գործարքների ընդհանուր քանակների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրությունը վկայում է, որ նվիրատվության գործարքների քանակի տեսակարար կշիռը գործարքների ընդհանուր քանակում նկատելի աճել է՝ իր հետ բերելով նվիրատվության գործարքների ռիսկայնության բարձրացում: Հետևաբար նախագծով առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության:
19:42 - 21 նոյեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու Կառավարության աջակցության ծրագրերը ներկայացվել են ՄԱԿ գործընկերներին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու Կառավարության աջակցության ծրագրերը ներկայացվել են ՄԱԿ գործընկերներին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։  Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի ներքո Հայաստան այցի համար: Հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի կարգավորումներին և Կառավարության կողմից մեկնարկած աջակցության ծրագրերին:Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի գույքի բռնագանձնման ընթացակարգերին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, այդ թվում խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելմանը և գործերի արդյունավետ քննությանը, ինչպես նաև ներկայացվել են դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտների բարելավմանն ուղղված ընթացիկ միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների կատարման ընթացքին: Այս համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023թ. ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված ՄԻԵԴ վճիռներով բարձրացված ինստիտուցիոնալ խնդիրների հասցեագրմանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների վերացմանը։
18:43 - 21 նոյեմբերի, 2023
Ընտանեկան բռնության դեպքում բռնարարի նկատմամբ կկիրառվի էլեկտրոնային ձեռնակապ
 |1lurer.am|

Ընտանեկան բռնության դեպքում բռնարարի նկատմամբ կկիրառվի էլեկտրոնային ձեռնակապ |1lurer.am|

1lurer.am: Ընտանիքում բռնության դեմ պայքարը կիրականացվի ավելի արդյունավետ եղանակով, այն է՝ էլեկտրոնային հսկողության միջոցների՝ «բրասլետների» կիրառմամբ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր պահանջը: «Արդյունքում` բռնարարի նկատմամբ կիրառվելու է էլեկտրոնային հսկողության միջոց թե՛ անհետաձգելի միջամտության, թե՛ պաշտպանական որոշումների շրջանակներում: Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման կարգը: Հսկողության ամբողջ գործընթացն իրականացվելու է թվային եղանակով, որը թույլ կտա առանց մարդկային միջամտության հասկանալ, թե արդյոք բռնարարը խախտե՞լ է իրեն ամրացված էլեկտրոնային հսկողության միջոցով էլեկտրոնային հսկողության կարգը, թե՞ չէ: Եթե՝ այո՛, ապա ավտոմատ համակարգն ահազանգի միջոցով, նույնականացնելով խախտումը, ոստիկանությանը թույլ է տալու հետագայում ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասաց Վահե Ղազարյանը և տեղեկացրեց՝ քանի որ սերվերային կարողությունների անհրաժեշտություն կա, առաջարկեց, որ որոշումն ուժի մեջ մտնի 2025-ի հուլիսի 1-ից: Անդրադառնալով առաջարկին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը կարևոր համարեց այն առումով, որ էլեկտրոնային եղանակով ձեռնակապերի կիրառմամբ հնարավորություն է ստեղծվում զոհի և բռնարարի միջև հեռավորությունը ստուգել, և այն չպահպանելու պարագայում ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: «Վերջին 1 տարվա ընթացքում էլեկտրոնային այս սարքերը սկսել ենք կիրառել տարբեր նպատակներով, հիմա նաև պրոբացիայի ծառայություն կողմից է կիրառվում, 2023-ից մտավ նաև տնային կալանքը՝ որպես խափանման միջոց»,- ասաց Փաշինյանը: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ պրոբացիայի ծառայությունն արդեն ձեռք է բերել շուրջ 300 սարքավորում, իսկ ամռանից կիրառվում է նաև դրանց միջոցով վարչական հսկողությունը: «Դրանք տարբեր սարքավորումներ են, տարբեր ձեռնակապեր են: Դատավորի կողմից ֆիքսվում է այն տարածքը, որից դուրս գալ դատապարտյալը չի կարող, իսկ տնային կալանքը ֆիքսում է սարքավորումը տանը»,- ասաց Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ ձեռնակապերն արդյունավետ են աշխատում: Սարքերի հետ կապված խնդիր է առաջացել միայն այն մարզերում, որտեղ ինտերնետի հասանելիությունը լավը չէ, սակայն այդ խնդիրը ևս լուծվել է. ձեռնակապում ինտերնետի հասանելիությունն է կարգավորվել:
13:36 - 17 նոյեմբերի, 2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրենքների նախագծեր
 |1lurer.am|

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրենքների նախագծեր |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Ակնկալվում է՝ նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում կապահովվի առավել բանիմաց և հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ԱԺ-ում քննարկման ներկայացրեց ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր Հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Երևանի քաղաքապետի և ավագանու իրավական ակտերը կներկայացվեն լիազոր մարմին՝ նաև Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվելու համար: Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ԱԺ գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:
12:11 - 14 նոյեմբերի, 2023
Թմրանյութի փոխանցման փորձի համար «Վանաձոր» ՔԿՀ-ի 2 ծառայողներ ձերբակալվել են նույն հիմնարկի ծառայողների կողմից

Թմրանյութի փոխանցման փորձի համար «Վանաձոր» ՔԿՀ-ի 2 ծառայողներ ձերբակալվել են նույն հիմնարկի ծառայողների կողմից

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելով, կանխել են քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ արգելված իրերի ապօրինի շրջանառության և փոխանցման դեպք։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Մասնավորապես՝ 2023թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի մուտքի դիմաց հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Հ․ Ե․-ին հիմնարկ մուտք գործելիս ենթարկել են անձնական զննության։ Վերջինս հիմնարկ էր ժամանել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Հ․Դ․-ին պատկանող Opel մակնիշի մեքենայով։ Ավագ ենթասպա Հ․ Ե․-ն, նկատելով օպերատիվ բաժնի ծառայողներին և զգուշանալով հնարավոր զննությունից, մինչ անձնագրային կետ մտնելը, անմիջապես իջել է մեքենայից և բացել ետևի աջ դուռը նստատեղին դրված փաթեթով սնունդը վերցնելու պատրվակով և այդ ընթացքում գրպանից հանելով կասկածելի իր՝ նետել այն մեքենայի ռետինե գորգի կողային մասում։ Նույն պահին օպերատիվ բաժնի ծառայողների կողմից դադարեցվել են Հ․ Ե․-ի բոլոր գործողությունները։ Այնուհետև հրավիրված ընթերականների ներկայությամբ կատարվել է մեքենայի զննություն, որի արդյունքում վերոնշյալ հատվածից հայտնաբերվել է էլեկտրոնային ծխախոտի առանձնացված հատված, որում առկա է եղել բաց դարչնագույն, հաշիշի յուղի նմանվող, կասկածելի հոտով զանգված։ Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, և Հ․ Դ․-ի համաձայնությամբ վերջինիս մեքենան կնքվել է։ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներ Հ․ Ե․-ն և Հ․ Դ․-ն, սահմանված կարգի համաձայն, ենթարկվել են նաև անձնական խուզարկության, իսկ կատարվածի կապակցությամբ հրաժարվել են որևէ հայտարարություն անել։ Վերոնշյալ ծառայողները ձերբակալվել են և համապատասխան ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 396 հոդվածի հատկանիշներով։ Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
17:19 - 06 նոյեմբերի, 2023
Ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավում. նախանշվել են քրեակատարողական ոլորտի 2024-2026 թթ. հիմնական ուղղությունները

Ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավում. նախանշվել են քրեակատարողական ոլորտի 2024-2026 թթ. հիմնական ուղղությունները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել են Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թթ. հիմնական ուղղությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան։   Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է ազատազրկված անձանց պահման պայմանների պատշաճ ապահովումը: Ըստ այդմ՝ նախատեսվում է չորս քրեակատարողական հիմնարկների փակումը և նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան: Նախատեսվում է հաշմանդամություն և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար ապահովել արդարադատության որակյալ առողջապահության հասանելիություն, մատչելի միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան:   Կալանավորված կանանց և դատապարտյալների համար պետք է ապահովել կենցաղային արժանապատիվ պայմաններ՝ սանհանգույցի և այլ տարածքների բարելավման միջոցով, ինչպես նաև ստեղծել գենդերազգայուն այլ պայմաններ (մոր և մանկան բաժին, կին անձնակազմի ընդլայնում, ինչպես նաև կին ղեկավարներ):   Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ՔԿՀ-ների խցերը, կացարանները և անհրաժեշտ այլ տարածքներն ապահովել մատչելի պայմաններով (թեքահարթակներ, բռնակներ, ջրի հասանելի ծորակներ և այլն) և խելամիտ հարմարեցված միջոցներով (հատուկ վերականգնողական սարքավորումներ կամ օժանդակ սարքեր լսողության, տեսողության կամ խոսքի խնդիրներ ունեցող դատապարտյալների համար):   Նախանշված ուղղություններով նախատեսվում է շարունակել վերասոցիալականացման ծրագրերն ու այս ուղղությամբ իրականացնել դատապարտյալների մասնագիտական կրթության կարիքների գնահատում, ինչպես նաև ապահովել կրթության իրավունքի շարունակականություն և ներդնել կրթական նոր ծրագրեր:   ՔԿՀ-ների կառավարման համակարգի արդիականացման շրջանակում կբարելավվի ՔԿՀ-ներում և պրոբացիայի ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգը, ՔԿՀ-ները կզինվեն անվտանգության և հսկողության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, կապահովվի կառավարման արդյունավետ մեխանիզմներ և այլն:   Նախատեսվում է նաև մշակել ներքին հսկողության մեխանիզմ՝ կալանավորված անձանց, դատապարտյալների, ՔԿՀ-ի անձնակազմի կողմից կատարված խախտումները բացահայտելու և արձագանքելու համար:
20:04 - 03 նոյեմբերի, 2023
ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան
 |armeniasputnik.am|

ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում դատական համակարգն անկախ է և գործադիր մարմինը չի միջամտում դատավորների աշխատանքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մեկնաբանելով Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման որոշումը։   Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին՝ բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս ընթացքում Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրում մի քանի անգամ վատացել է, որի հետևանքով նա ուշագնաց է եղել։ Մինասյանը պատասխանելով լրագրողի՝ երկրում ընտրովի արդարադատություն իրականացնելու մասին հարցին, նշեց, որ նման գնահատականները օբյեկտիվ չի համարում։ Միաժամանակ նա հավելեց, որ իրավունք չունի միջամտելու դատավորի աշխատանքին և ճնշում գործադրելու դատական գործընթացի վրա։   «Օրենքը թույլ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց խորին համոզմունքներից։ Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ դատավորի որոշման հետ, ապա կան բողոքարկելու իրավական մեխանիզմներ»,- հավելեց նա։   Նախարարը համաձայն չէ, որ դատավորները կալանավորում են միայն ընդդիմադիր գործիչներին։ Նրա խոսքով, կան դեպքեր, երբ կալանավորվել են գործող նախարարներ, փոխնախարարներ, փոխքաղաքապետեր։
13:51 - 01 նոյեմբերի, 2023
Ի՞նչ կտա ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ԼՂ-ի բռնի տեղահանվածներին․ ՆԳՆ փոխնախարարը մանրամասնում է
 |armenpress.am|

Ի՞նչ կտա ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ԼՂ-ի բռնի տեղահանվածներին․ ՆԳՆ փոխնախարարը մանրամասնում է |armenpress.am|

armenpress.am:  Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ Հայաստանում և ՀՀ տարածքից դուրս։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները  «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ըստ էության ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից։ Ըստ այդմ գտնվում են միջազգային պաշտպանության ներքո՝ թե ՀՀ-ում, թե Հայաստանի տարածքից դուրս։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կառավարության կողմից տրվել է 1 տարի ժամկետով։ Իհարկե, երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է կառավարության որոշման շրջանակներում»,-մանրամասնել է Սարգսյանը՝ նշելով, որ կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե ո՞ր սուբյեկտներին է տրվում նման կարգավիճակ։ «Որոշումն առանձնացնում է 3 խումբ անձանց․ առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, որոնք այս պահի դրությամբ հաշվառված են ԼՂ-ի բնակչության ռեգիստրում։ Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, և նաև նրանք, ովքեր հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում,սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում»,-հավելել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ բացառություն են կազմում այն անձինք, ովքեր արդեն ունեն այլ պետության քաղաքացիություն։
17:37 - 27 հոկտեմբերի, 2023
Կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. Սարգսյանը՝ արցախցիներին պարեկային ծառայությունում աշխատանքի չընդունելու մասին
 |aysor.am|

Կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. Սարգսյանը՝ արցախցիներին պարեկային ծառայությունում աշխատանքի չընդունելու մասին |aysor.am|

aysor.am: ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիության տրամադրմանը։ Նա ասաց, որ այսօր Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նրանց ժամանակավոր պաշպանության մասին օրենքի նախագիծը.«Արցախի մեր հայրենակիցները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և մենք շատ արագ կկազմակերպենք այդ պրոցեսը»։ Հարցին՝  ինչո՞ւ արցախցին չի կարող պարեկային ծառայությունում աշխատել՝ Սարգսյանը պատասխանեց.«Նա պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ կարող են դիմել։ Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական  փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն և սա ամրագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներում»։ Դիտարկմանը, թե ինչպե՞ս է լինում, որ ՊՆ-ն աշխատանքի է ընդունում արցախցիներին, իսկ ահա ՆԳՆ-ն՝ ոչ, փոխնախարարը պատասխանեց, որ կոմպետենտ չի պատասխանել ՊՆ-ի անունից.«Կխնդրեմ դիմել ՊՆ։ Նման հրահանգ, որ ՆԳՆ-ում չպետք է Արցախից եկածներն աշխատեն՝ չկա»։
13:35 - 26 հոկտեմբերի, 2023
Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել դատավորների աշխատավարձերի վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել դատավորների աշխատավարձերի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, թե դատավորների իրավունքները խախտվում են, և 60 տոկոս «աշխատավարձը բարձրացնելու պատրվակով իշխանությունը նրանց զրկում է հավելավճարներից»: «Հայտնում ենք, որ տեղեկությունն առնվազն թյուրըմբռնման արդյունք է, այդ թվում՝ «հավելում» և «հավելավճար» հասկացությունների համատեքստում: Հետևաբար, այն պնդումը, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու, չի համապատասխանում իրականությանը, այլ պարզապես վերջիններս չեն ստանալու ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, ինչպես նաև արտաժամյա և գիշերային ժամերին կատարված աշխատանքի համար ստացված վարձատրության հավելումը: Սակայն նոր օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է հավելում՝ առաջին ատյանի դատավորների համար՝ 60 տոկոսի չափով, իսկ վերաքննիչ ատյանի դատավորների համար՝ 55 տոկոսի չափով: Ավելացվող աշխատանքի վարձատրության ֆոնդը կազմելու է մոտավորապես 1 միլիարդ 640 միլիոն ՀՀ դրամ:  Միաժամանակ հարկ է նշել, որ նմանատիպ իրավակարգավորումներն արդեն իսկ 2023 թվականի մայիս ամսից գործում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նկատմամբ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, և շուրջ կես տարի է, ինչ նշված կարգավորումները կիրառվում են Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանում: Հետևաբար իրականությանը չհամապատասխանող պնդումներ կատարելուց և հանրությանը ապակողմնորոշող տեղեկություններ հայտնելուց զերծ մնալու համար հորդորում ենք առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացվող օրինագծերը»,- ասված է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
18:35 - 24 հոկտեմբերի, 2023
Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումները և վերականգնել դադարեցված լիազորությունները |armenpress.am|

Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումները և վերականգնել դադարեցված լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել Բարձրագույն դատական ​​խորհրդի որոշումները և վերականգնել նախկինում դադարեցված լիազորությունները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Նախագծի նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը։ Նախագծի ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցում վերահաստատված հանձնարարականից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված։ Նախագծով առաջարկվող լուծումները այս պահին միակ հնարավոր լուծումներն են՝ հաշվի առնելով մեր սահմանադրական կարգավորումները, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովն իր համապատասխան կարծիքում»,- ասաց Մինասյանը։ Նախարարը հիշեցրեց, որ նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը։ Նրա խոսքով՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորներին ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական թեկնածուներ։ « Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն, տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով։ Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ»,- նշեց Մինասյանը։ Միևնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարության կողմից ներկայացվել են գրավոր առաջարկներ, որոնք հաստատվել են Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, և նախագիծը լրամշակվել է։  
11:42 - 24 հոկտեմբերի, 2023
Պետական պաշտոնյան նվեր պետք է չստանա, պետական պաշտոնյային նվեր պետք է չտրվի. Փաշինյան |1lurer.am|

Պետական պաշտոնյան նվեր պետք է չստանա, պետական պաշտոնյային նվեր պետք է չտրվի. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Եթե հանրային ծառայողին կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձին պետական կամ պաշտոնական, աշխատանքային այցերի, միջոցառումների, գործուղումների շրջանակում տրվող նվերները կամ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին: Թեմային առնչվող նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստին ներկայացնելիս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ինչը լուրջ բաց է, քանի որ թե՛ հանրությանը, թե՛ նվեր ստացած հանրային ծառայողին հնարավորություն չի տալիս հասկանալ՝ պետությունը ինչ է անելու արարողակարգային նվերների կամ ոչ թույլատրելի նվերների հետ: «Ներկայացվող նախագծով կարգավորում ենք այս բոլոր հարցերը ու նպատակ ունենք ապահովել, որ հստակ սահմանվեն՝ պաշտոնյայի կողմից ցանկացած նվեր ստանալուց հետո այդ նվերի հետագա ճակատագիրը որոշելու ողջ պրոցեսը, նշված գույքը տնօրինելու մարմինները և նրանց լիազորությունները: Այսպիսով, նախագծի հիման վրա պաշտոնական այցերի, գործուղումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60 հազար դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում հանձնել թանգարաններին, ազգային գրադարանին, ուղղակի նվիրաբերել այն բարեգործական նպատակներով, թողել նվեր ստացած պաշտոնական անձի կամ պետական անձի ժամանակավոր օգտագործմանը մինչև պաշտոնավարման ավարտը: Եթե գործ ունենք պետությանը սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա այս նվերներն իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով: Պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետների, նախարարների կողմից ստացված նվերների հետ կապված եզրակացություն է տալու մասնագիտացված պետական մարմինը՝ Պետական արարողակարգային ծառայությունը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կարգավորումներն առավել թափանցիկ և կանխատեսելի կդարձնեն պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման գործընթացը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ, եթե, օրինակ, արարողակարգային նվերները օտարվեն, այսինքն՝ չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականություն, դրա հետ կարող է երկրի պետական պատմությունը «ցաքուցրիվ» լինել, և որևէ հետագիծ չի մնա: «Մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականության մեջ և բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների և շատ կոնկրետ կարգավորումների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախագիծը նաև պետական պաշտոնյաների պաշտպանությանն է վերաբերում, ուստի պետք է այնպես անել, որ պաշտոնյաների խոցելիությունը չմեծանա: Փաշինյանը նաև ընդգծեց՝ մի բան ակնհայտ է, որ պետական պաշտոնյաները նվեր ստանալու իրավունք չունեն, և պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի. դա պետք է արձանագրվի, և դա պետք է դառնա ամենօրյա կյանքի սովորական ընկալում: «Միջազգային և ոչ միջազգային հարաբերությունների պատմությունը չի կարելի ուղղակի տանել, աճուրդներում դարձնել դրամ և մուտքագրել բյուջե, որովհետև այդ պատմության արժեքը շատ ավելի բարձր է, քան ցանկացած գումար: Երկրորդը մեր առաջին նպատակը պետք է լինի, այդ թվում, պաշտոնյաներին պաշտպանելը նվերային հետամտումներից և երկրորդը՝ պաշտոնյաներին խոցելի չդարձնելը, որ, օրինակ, մի բաժակ ջուր խմի, ամբողջ իրավական համակարգը ընկնի հետևից»,- ասաց վարչապետը: Գրիգոր Մինասյանը նշեց, որ միջազգային փորձը ուսումնասիրելիս հասկացել են, որ ամենամեծ ստանդարտը, որ կա, այն է, որ երբեք նվիրողին չպետք է վիրավորել, այսինքն՝ վաճառքը վիրավորանք է, և երբեք չի կարելի վաճառքի միջոցով գույքն այդ իրացնել, և դրա համար է, որ այդ գործառույթը վերապահվելու է պետական արարողակարգային հաստատությանը, որը կորոշի գույքը սակարկություններով նվիրաբերել կամ բարեգործությանը տալ: «Երկրորդ մասը պետական պարգևներն են ու զենքը՝ վարչապետի կողմից տրվող: Դա այս կարգավորումներով հստակեցրել ենք, որ այս կատեգորիայի մեջ չի մտնում: Այսինքն՝ եթե պետությունը Կառավարությունը բացեիբաց որևէ գույք է նվիրում պետական պաշտոնյային դա իրենն է, չի վերադարձվում [որպես] պետական գույք»,- ասաց նա և հավելեց՝ պետական պաշտոնյան որևէ նվեր ստանալու իրավունք չունի, որը կապված է իր պաշտոնավարման հետ. «Եթե մանկության ընկերը նվեր է տալիս, դա ուրիշ է, բայց եթե, օրինակ, ֆինանսների նախարարից, ում ես ճանաչում եմ, իմ պաշտոնավարման ժամանակ նվեր եմ ստանում, պետք է հրաժարվեմ: Կապ չունի՝ 10 հազար դրա՞մ է, թե՞ 100 հազար: Եթե պետական արարողակարգի շրջանակներում, այցի շրջանակներում նվեր է տրվում պետական պաշտոնյային, որը 60 հազարից դրամից վերև է, չինովնիկը դա պարտադիր պետք է հանձնի պետգույքի կառավարմանը, և արդեն Պետգույքի կառավարման կոմիտեն ինքն է որոշում՝ այդ գույքը ինչ անի»: Փաշինյանը, եզրափակելով թեման, ընդգծեց. «Մեր ընդհանուր մոտեցումը, դիրքորոշումը սա է. պետական պաշտոնյան նվեր պետք է չստանա, պետական պաշտոնյային նվեր պետք է չտրվի: Սա՝ ի գիտություն մեր բոլոր պաշտոնյաներին և մեր պաշտոնյաներին նվեր տալու ցանկություն և սովորություն ունեցողներին»:
13:40 - 19 հոկտեմբերի, 2023
Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախի 1 դատապարտյալ եւ 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել։ Նրանց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արցախի քննչական կոմիտեն։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ազատ արձակվածներից որոշները, ըստ Արցախի պետական կառույցների մեր աղբյուրների, մեղադրվել են պետական դավաճանության մեջ։ Նրանց գտնվելու վայրն այս պահին անհայտ է։  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ)  կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի միակ՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տեղափոխվել էին Հայաստանի ՔԿՀ-ներ։ 2020 թ․-ից հետո կալանավորված այն անձինք, որոնք Հայաստան չեն տեղափոխվել Լաչինի միջանցքի փակվելու պատճառով, պահվել են Ստեփանակերտի ժամանակավոր մեկուսարաններում կամ ձերբակալվածների պահման վայրերում։ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ 2020-2023 թթ․-ին Արցախի կալանավորների թիվը եղել է 18, որոնցից 12-ը պահվել են Ստեփանակերտում, իսկ 6-ը՝ մինչեւ միջանցքի փակվելը տեղափոխվել հայաստանյան ՔԿՀ-ներ։ Բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել Արցախի բոլոր 12 կալանավորները եւ Հայաստանում պահվող 6-ից 3-ը։  Արցախի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ֆելիքս Հարությունյանից փորձեցինք ճշտել կալանավորների ազատ արձակման մանրամասները, սակայն նա նշեց, որ այս պահին կառույցը չի աշխատում, եւ տեղեկություններ հայտնել հնարավոր չէ։ Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայության պետ Հունան Թադեւոսյանն էլ ասաց՝ ղեկավարության հետ կապ հաստատել առայժմ չի կարողանում, ավելի ուշ տեղեկություններ կտրամադրի։  Թե իրավական ինչ ընթացակարգով են անձինք ազատ արձակվել, եւ ինչ լուծում է ստանալու նրանց վերաբերյալ քրեական վարույթների հետագա ընթացքը, առայժմ ՀՀ որեւէ պետական կառույց չի մեկնաբանել։ Նրանք կալանավորվել կամ ազատազրկման են դատապարտվել Արցախի օրենսդրությանը համապատասխան, ուստի Հայաստանում այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու իրավական խնդիր է առաջանում։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկա հրապարակումներով։   Միլենա Խաչիկյան
20:00 - 11 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Կ. Կ.-ն, հանդիսանալով  պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց դատապարտյալի համար արգելված իրեր է մտցրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը: Կ. Կ.-ն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք: ՔԿՀ պաշտոնատար անձին՝ Կ.Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով, իսկ Մ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 06 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն 9 մլն եվրոյի բյուջետային աջակցություն կտա Հայաստանին՝ հակակոռուպցիոն նպատակներով
 |news.am|

ԵՄ-ն 9 մլն եվրոյի բյուջետային աջակցություն կտա Հայաստանին՝ հակակոռուպցիոն նպատակներով |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս համաձայնագրով ԵՄ-ի կողմից Հայաստանին կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Ծրագրի տեւողությունը 6 տարի է: Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափանիշների ձեռքբերմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։  Գործողությունը, մասնավորապես, միտված է՝ արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով, քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով, հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը կառավարության կողմից նախատեսված բարեփոխումներին հանրային աջակցության մոբիլիզացմանը, միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը: Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, ի թիվս այլնի, միտված է բարելավելու ներդրումային միջավայրը և բարձրացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի հեղինակությունը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, այն միտված է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և խրախուսել ավելի արագ, ծախսարդյունավետ վեճերի լուծման մեխանիզմը, ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ գործարարության զբաղվողների համար:
11:21 - 05 հոկտեմբերի, 2023