Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Վարդան Սաֆարյանը։  Ինչպես տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ Սեդրակ Թևոնյանն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։ Վերջինս խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի մյուս նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման հարցում։ Սեդրակ Թևոնյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր այլ ուղղությունները՝ անդրադառնալով նաև կրթության, արտահանման և այլ ոլորտներին:
17:26 - 30 մայիսի, 2022
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արտաշատի համայնքապետի հետ քննարկել է համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արտաշատի համայնքապետի հետ քննարկել է համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը՝ Տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի, օգնականների, ՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ Ա. Ալեքսանյանի ու քաղաքաշինության մասնագետների ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելել է Արարատի մարզ։ ՏՄ ղեկավարը այցի ընթացքում Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ հետևել է Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ գյուղական համայնքում «Համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարված շինարարարական աշխատանքների նկատմամբ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող ստուգման գործընթացին։ Այցի շրջանակում ՏՄ ղեկավար Գ․Շախբազյանն Արտաշատի համայնքապետ Կ․Մկրտչյանի հետ քննարկել է համայնքում իրականացվող նաև սուբվենցիոն այլ ծրագրերին, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր։ Նշենք, որ սուբվենցիոն ծրագիրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն հորիզոնական համագործակցության մի ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում է պետական բյուջեից։ Եվ այս առումով ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարարական աշխատանքների կատարման ընթացքը լինելու է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի խիստ վերահսկողության ներքո։
08:51 - 27 ապրիլի, 2022
Վեդու ավագանու անդամը վայր է դրել մանդատը և միանում է ընդդիմության ակցիաներին

Վեդու ավագանու անդամը վայր է դրել մանդատը և միանում է ընդդիմության ակցիաներին

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և միանում է պայքարին. «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։ Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, ովքեր պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ հայրենի հողից մինչև հայրենակիցներ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։ Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։ Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։ Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Հռիփսիմե Արշակյանը։
11:14 - 26 ապրիլի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022
«Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները

«Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները

2022 թ․ մարտի 27-ին Վեդի համայնքում տեղի են ունեցել համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Համայնքում ձևավորվել է 28 տեղամաս։ «Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները։ Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումներն են եղել կուտակումները, ընտրողների տեղափոխությունը, քվեախցիկում մեկից ավել անձանց միաժամանակյա գտնվելը: Հարկ է նշել, որ առանձին տեղամասերի շրջակայքում (50 և 100 մ շառավղով) կուտակումները բաղկացած են եղել երկու ուժերի ներկայացուցիչներից կամ բաժանված են եղել երկու ճամբարների և կրել ոչ միայն տևական, այլև շուրջօրյա բնույթ՝ շարունակվելով մինչև ձայների հաշվարկի ավարտը և վերափոխվելով տոնախմբության «իրենց» թեկնածուի հաղթանակի դեպքում: Ի տարբերություն հաճախ հանդիպող 5-10 հոգանոց կուտակումների, այս ընտրություններին առաքելությունը ականատես էր դարձել որոշ դեպքերում մի քանի տասնյակ մեքենաների և մարդկանց հավաքների: Միաժամանակ հարկ է նշել, որ միայն 4 դեպքում են նկատվել կուտակման հետ զուգորդվող ընտրողների տեղափոխության դեպքեր: Այս իրադրության վրա կանգ առնելով անհրաժեշտ է պարզաբանել. 3 բնակավայրերում ընտրողների տեղափոխությունը իրականացվում էր թեթև մարդատար ավտոմոբիլներով՝ բազմաթիվ անձանց կողմից, սակայն դիտարկվող ժամանակահատվածներում 1-2 անգամ մեկական անձ, իսկ Վանաշեն բնակավայրում՝ Երևան-Վեդի երթուղային ավտոբուսի միջոցով: Չնայած դիտորդները ավտոբուսը տեսել են դատարկ երթևեկելիս, ԻՀՀ կուսակցության վստահված անձի խոստովանությամբ տեղափոխությունը կազմակերպված է եղել հենց իր կուսակցության կողմից՝ երևանաբնակ համագյուղացիների համար: Վիճաբանության երեք դեպքերից երկուսը կապված են եղել ՔՊ կուսակցության հետ: Եթե դեպքերից մեկը իրենից ներկայացնում էր հաճախ հանդիպող՝ հանձնաժողովի նախագահի և վստահված անձի միջև բուռն անհամաձայնություն, ապա մյուսը՝ տվյալ ընտրություններում որևէ կարգավիճակ չունեցող ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների վեճն էր ԻՀՀ վստահված անձի, 168.am լրատվական կայքի ներկայացուցչի և տեղամասում հերթապահություն իրականացող ոստիկանի հետ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղազարյանն և Ասլանյանը տեղամասերով շրջագայելով նկատել էին տեղամասային կենտրոններից մեկում (սակայն ոչ քվեարկության սենյակում) ԻՀՀ 2-րդ վստահված անձի և ինքնուրույն դուրս հրավիրել նրան: Վեճը բավականին տևական բնույթ էր կրում քանի որ պատգամավորները ոչ միայն չէին հեռանում ՏԿ տարածքից, պնդելով իրենց ներկայության «սահմանադրական իրավունքը», այլև մտել էին քվեարկության սենյակ և հեռացել միայն հանձնաժողովի նախագահի հորդորից հետո: Դիտարկման ընթացքում ակնհայտ է դարձել, որ պատգամավորներն իրենց հերթին չեն ունեցել տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ և վստահեցրել են, որ իրենց պատգամավորական մանդատն իրավունք է տալիս գտնվել տեղամասային կենտրոնում։ Մինչդեռ դիտորդների կողմից արձանագրած երեք վիճաբանություններից որևէ մեկի դեպքում բռնություն չի կիրառվել և բուն վեճի խոսույթը չէր պարունակում ճնշման կամ մասնագիտական գործառույթները իրականացնելու խոչընդոտ, առաքելությանը հայտնի է դարձել Ուրցաձոր բնակավայրում ծեծի մեկ դեպք: Այս դեպքն էլ, երկու կողմի ներկայացուցիչների պնդմամբ, կրում էր կենցաղային շարժառիթներ, որոնք սրվել էին քաղաքական պայքարի ֆոնին: Այնուամենայնիվ, դեպքի վերաբերյալ գործ է հարուցվել ոստիկանության կողմից Քր. օր.-ի 149.2 հոդվածի հիմքով: Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք է արձանագրվել, Լուսառատ բնակավայրում, որտեղ կուտակման մասնակիցներից մի քանիսը վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում News.am լրատվականի թղթակցի հասցեին: Այնուամենայնիվ, իրավիճակը հանգուցալուծվեց ոստիկանների օգնությամբ, որոնք տարածքից հեռացրեցին մեկ անձի: Ընտրողների կողմից քվեարկությունից առաջ կամ հետո կուսակցության շտաբ մտնելը նկատվել է Եղեգնուտ և Լուսառատ համայնքներում՝ երկու դեպքում էլ խոսքը գնում է ՔՊ կուսակցության շտաբների մասին: Քվեարկության գաղտնիության բացահայտման արձանագրված մեկ դեպքը վերաբերում էր միայն քվեարկությունից հետո որպես օգնող գրանցված քաղաքացու կողմից այլ անձի հետ քվեարկության խցիկ մուտք գործելուն: Միաժամանակ առաքելությանը հայտնի են դարձել Վեդի քաղաքի 13/5 տեղամասում քվեարկած քվեաթերթիկի լուսանկարման երկու դեպք՝ յուրաքանչյուր կուսակցության օգտին մեկական քվեաթերթիկի: Երկու դեպքում էլ ոստիկանությունը բացատրություն է վերցրել ընտրողներից և հանգամանքները ուսումնասիրվում են: Քարոզչության ակներև դեպք է արձանագրվել Սիսավան համայնքում, որտեղ հանձնաժողովի 2 անդամները (Հայաստան խմբակցության և ԸԸՀ-ի կողմից նշանակված) ԻՀՀ առաջին համարի թեկնածու, միևնույն համայնքի նախկին ղեկավարի քվեարկության ժամանակ հոտնկայս ծափահարություններով դիմում էին մյուս անդամներին և Թարթիկյանի հետ տեղամաս ժամանած լրագրողներին. «Ողջունենք մեր հաղթանակած թեկնածուին» կոչերով: Դաշինքի դիտորդները ծանոթացել են իրավիճակին տեղամասի գրանցամատյանում արված արձանագրությունից, ինչից հետո առանձնազրույցներ են ունեցել հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և միջադեպում ներգրավված երկու անդամների հետ՝ կողմերից ոչ մեկը չի վիճարկել արձանագրության ճշմարտացիությունը: Զրույցների բովանդակությունից պարզ է դառնում, որ խնդրահարույց է եղել նաև ԶԼՄ-ների վարքագիծը. Հ2 հեռուստատեսության թիմը տեղամասի մոտ իրականացրել է կարճ հարցումներ ընտրողների հետ, հարցադրելով, արդյո՞ք «դուք ուզու՞մ եք ունենալ հզոր համայնք», թեկնածուի հետ ՏԿ մտած ԶԼՄ-ների ներկայացուցիչները չէին գրանցվել գրանցամատյանում, նկարահանել են միայն ծափողջույնների հատվածը և դադարեցրել նկարահանումը, երբ հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել հանձնաժողովի անդամներին: Այնուհետև, խնդրահարույց է նաև հանձնաժողովի նախագահի վարքագիծը, ով հեռացրել է տեղամասային կենտրոնից լրագրողներին՝ առանց ընթացակարգերը հարգելու: Ընդհանուր առմամբ տարբեր ժամերին համայնքում խնդիրների ռիսկայնությունը տարբերվել  է, ինչպես դա երևում է դիտորդների կողմից յուրաքանչյուր երեք ժամը ներկայացվող ամփոփ զեկույցներից։ Ռիսկայնությունը գնահատվել է 1-4 սանդղակով, որտեղ 4-ն առավելագույն ռիսկայնությունն է։ Գնահատականի հիմքում դիտորդները հաշվի են առել ոչ միայն իրենց դիտարկած միջադեպերը, այլև երկու կողմերի վստահված անձանց, տարբեր խմբակցություններից ներկայացված հանձնաժողովի անդամների և այլ աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունները: Ստորև բերված գծապատկերում ներկայացված են դիտորդների միջինացված գնահատականները։ Այսպիսով օրվա ընթացքում հիմնական խնդիր են եղել կուտակումները, ապա կողմնակի անձանց ներկայությունը և հանձնաժողովների ոչ կոմպետենտությունը։
16:47 - 01 ապրիլի, 2022
Վեդիի ընտրությունների վերահաշվարկի, վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ դիմումներ չեն ստացվել. Մուկուչյան

 |armenpress.am|

Վեդիի ընտրությունների վերահաշվարկի, վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ դիմումներ չեն ստացվել. Մուկուչյան |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ չեն եղել, ԿԸՀ-ն թեկնածուներից չի ստացել նաև վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ ահազանգեր, դիմումներ. ԶԼՄ-ներում, սակայն, եղել են այդպիսի հրապարակումներ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ահազանգեր եղե՞լ են:  «Վեդի խոշորացված համայնքի հետ կապված՝ ընտրությունների նախապատրաստման ընթացքում դիմումներ, որպես այդպիսին, չեն ստացվել: Ընտրությունների օրը մենք հետևել ենք ԶԼՄ-ների հաղորդումներին, հրապարակված ցանկացած նյութի հետ կապված եղել է շատ օպերատիվ կերպով արձագանք»,-ասաց Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը վստահեցրեց՝ գուցե այդքան տեսանելի չի եղել, բայց հրապարակված ցանկացած հանգամանք եղել է թե տարածքային հանձնաժողովի, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: «Քվեարկության օրը, ավարտից հետո դիմումներ չեն ստացել, վերահաշվարկի դիմումներ չեն եղել»,-նշեց նա: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ տեղեկություններ կան, թե Վեդիում որոշ համայնքներում ասել են, թե քաղաքացիները կարող են հարկեր չվճարել՝ Մուկուչյանն ասաց, որ այդ հանգամանքի վերաբերյալ հանձնաժողովում դիմումներ չեն ստացել, որը հիմք կարող էր հանդիսանալ վարույթներ իրականացնելու համար: «Այդ կապակցությամբ եղած առանձին հրապարակումներում բերված փաստերը չէին պարունակում բավարար որոշակիություն, որով հնարավոր լիներ գոնե վարույթ իրականացնել»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչական լծակի կիրառման հետ կապված ահազանգ եղե՞լ է՝ նա ասաց, որ այդպիսի դիմումներ, ահազանգեր թեկնածուների կողմից չեն եղել: Եղել են նման հանգամանքներ պարունակող հրապարակումներ լրատվամիջոցներում:   «Ցանկացած նման հրապարակման պարագայում շատ օպերատիվ կարգով փորձել ենք հասկանալ հանգամանքները, անհրաժեշտության դեպքում տրվել են պարզաբանումներ, որպեսզի հնարավոր հետագա իրավախախտումներից զերծ լինենք»,-ասաց Մուկուչյանը: Վեդիի ընտրությունները կայացել են 2022-ի մարտի 27-ին: Ընտրություններին մասնակցել են  «Իմ Հզոր Համայնք» և  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է 13 հազար 139 ձայն,  «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 9 հազար 694 ձայն:
14:47 - 30 մարտի, 2022
Վեդու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Վեդու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև 2022 թվականի մարտի 29-ը՝ ժամը 11.00-ը:   Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։   2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների շրջանակներում ձևավորված 28 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից 19 գրանցամատյանում գրառումներ առկա չեն, և 9 գրանցամատյանում առկա են 10 գրառումներ։   Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ քվեարկությունից հետո երկրորդ օրը, 2022 թվականի մարտի 29-ի ժամը 11:00-ին կայացած թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրված երեք ընտրական տեղամասերում (13/24, 13/8, 13/19) կիրականացվի վերահաշվարկ։   Քվեարկության արդյունքների վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 14:00-ից:  
14:37 - 29 մարտի, 2022
ՔՊ-ն հաղթել է Վեդիի ավագանու ընտրություններում

ՔՊ-ն հաղթել է Վեդիի ավագանու ընտրություններում

Երեկ՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Ըստ նախնական տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող 37 015 քաղաքացիներից մասնակցել է 23 378-ը կամ 63,16%-ը։ ՔՊ-ն հավաքել է 13 139 ձայն կամ 35,59%-ը, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 9 694 ձայն կամ 26,18%-ը։ Համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ Սպարտակ Թարթիկյանը։ Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ։  Վեդիում 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 42.86% ձայների քանակով, ՔՊ-ն 2-րդ տեղում էր 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը երրորդ տեղում՝ 16.31%-ով:
09:40 - 28 մարտի, 2022
Վեդի համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%

Վեդի համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%

Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի համամասնական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 37 015 քաղաքացիներից մասնակցել է 23 378-ը կամ 63,16%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Նշենք, որ այդ ընտրություններին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ։  Վեդիում 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 42.86% ձայների քանակով, ՔՊ-ն 2-րդ տեղում էր 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը երրորդ տեղում՝ 16.31%-ով:
21:43 - 27 մարտի, 2022
Այսօր Վեդի համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն

Այսօր Վեդի համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն

ԿԸՀ-ից հայտնում են, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում են 62 տեխնիկական սարքավորումներ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 2 տեղական հասարակական կազմակերպություններ և «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։ Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:
10:56 - 27 մարտի, 2022
ԿԸՀ-ն սահմանել է Վեդու ավագանու ընտրությունների անցկացման օրը

ԿԸՀ-ն սահմանել է Վեդու ավագանու ընտրությունների անցկացման օրը

2022 թվականի մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կկայանան: Այս մասին այսօր որոշում է ընդունել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները՝ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր է նշանակել 2022 թվականի մարտի 27-ը»:
19:19 - 10 հունվարի, 2022
Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։
10:10 - 05 հունվարի, 2022