Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ

Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` սարքավորումների առաքանին ստանալու համար: Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար: Նշենք, որ COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես  կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում և  ընդգծել, որ թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով պացիենտների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում:
16:55 - 07 ապրիլի, 2021
Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար. ԱՀԿ-ն ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր

Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար. ԱՀԿ-ն ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով:  2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել առողջության անհավասարությունները վերացնելու ուղղությամբ՝ մեկ տարի տևող համաշխարհային արշավի շրջանակներում միավորելով մարդկանց ջանքերը՝ ավելի արդար, ավելի առողջ աշխարհ կառուցելու համար:Քարոզարշավը կարևորում է ԱՀԿ-ի սահմանադրական սկզբունքը, ըստ որի. «Առողջության բարձրագույն ստանդարտի հասնելը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝ առանց ռասայի, կրոնի, քաղաքական համոզմունքի, տնտեսական կամ սոցիալական վիճակի տարբերակման»:  Աշխարհում դեռևս առողջության պահպանման առումով անհավասարություն է տիրում, ինչը ոչ միայն անարդար է, այլև սպառնում է մինչ օրս գրանցված առաջընթացներին և գնալով կարող է խորացնել սոցիալական անարդարությունը: Այնուամենայնիվ, առողջապահական անհավասարությունները կարող են կանխարգելվել այնպիսի ռազմավարությունների միջոցով, որոնք ուղղված են սոցիալական արդարության ապահովմանը` հատկապես առավել խոցելի և մարգինալացված խմբերի համար:  Քովիդ-19-ն ուժեղ հարված է բոլոր երկրների համար, բայց դրա ազդեցությունն ամենադաժանն է այն համայնքների համար, որոնք արդեն խոցելի են, ավելի շատ են ենթարկվում հիվանդությունների, ավելի քիչ է որակյալ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունը և ավելի մեծ է համաճարակի զսպմանն ուղղված միջոցառումների հետևանքով առաջացած անբարենպաստ արդյունքի հետ բախման հավանականությունը:Ահա թե ինչու ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի ղեկավարներին` որոշումների կայացման գործընթացում ապահովել համայնքների ներգրավվածությունը, մշտադիտարկել առողջապահության ոլորտում անհավասարությունները և ապահովել, որ բոլոր մարդիկ ունենան մատչելի որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ համաձայն իրենց համայնքների ներսում ունեցած կարիքների և արժեքների:
09:24 - 07 ապրիլի, 2021
14 երկրներ մտահոգություն են հայտնել COVID-19-ի ծագման մասին ԱՀԿ զեկույցի կապակցությամբ |azatutyun.am|

14 երկրներ մտահոգություն են հայտնել COVID-19-ի ծագման մասին ԱՀԿ զեկույցի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: 14 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, մտահոգություն են հայտնել COVID-19-ի ծագման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի կապակցությամբ: ԱՀԿ մասնագետները նշել են, որ Չինաստան ուղևորության ընթացքում չեն կարողացել գտնել վարակի աղբյուրը: Չինացի փորձագետների մասնակցությամբ պատրաստված այդ ուսումնասիրության օբյեկտիվության վերաբերյալ կասկածներ է հայտնել Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։ ԱՀԿ-ն նշում է, որ վարակի աղբյուրի որոնումները կշարունակվեն: Մինչ այժմ մասնագետները եկել են նախնական եզրակացությունների, որ նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է մարդկանց չղջիկների միջոցով, և դա տեղի է ունեցել նույնիսկ Ուհանում բռնկումից առաջ ու հայտնի տեղական շուկայից հեռու: Վարակի լաբորատոր ծագման վարկածը համարվում է շատ քիչ հավանական, ասել է ԱՀԿ փորձագիտական խմբի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեքը: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին մեղադրել էր վարակի և սանիտարական միջոցառումների ձախողման վերաբերյալ տվյալները թաքցնելու մեջ, ինչը, նրա խոսքով, հանգեցրել է համաճարակի: Չինաստանը մերժել է այս պնդումները՝ հայտարարելով, թե արևմտյան երկրներն իրենք են պատասխանատու COVID-19-ի դեմ պայքարում ձախողումների համար:
12:10 - 31 մարտի, 2021
Վերջին մեկ շաբաթում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշն աշխարհում ավելացել է 14%-ով. ԱՀԿ |tert.am|

Վերջին մեկ շաբաթում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշն աշխարհում ավելացել է 14%-ով. ԱՀԿ |tert.am|

tert.am: Անցյալ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 մլն դեպք է հայտնաբերվել ողջ աշխարհում, հիվանդացության մակարդակն աճել է 14 տոկոսով նախորդ յոթ օրվա համեմատ, իսկ մահացության մակարդակը` 5 տոկոսով: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս տվյալները նշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: «Ընդհանուր առմամբ, հինգերորդ շաբաթն անընդմեջ «Քովիդ-19»-ով հիվանդացության մակարդակն աշխարհում շարունակում է աճել: Անցյալ շաբաթ տեղեկություն է ստացվել ավելի քան 3,8 մլն նոր դեպքի մասին»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: ԱՀԿ տվյալների համաձայն` մարտի 22-28-ն աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 802 314 և մահվան 64 187 դեպք: Մարտի 28-ի դրությամբ` ողջ աշխարհում գրանցվել է վարակման 126 372 442, մահվան 2 769 696 մահվան դեպք:
09:53 - 31 մարտի, 2021
ԱՀԿ-ն զեկույց է հրապարակել COVID-19-ի ծագումը պարզելու համար Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ
 |shantnews.am|

ԱՀԿ-ն զեկույց է հրապարակել COVID-19-ի ծագումը պարզելու համար Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ |shantnews.am|

shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք հունվար-փետրվարին այցելել էին չինական Ուհան, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ COVID-19-ի ծագման մասին: Ինչպես հետևում է Ժնևում հրապարակված առաքելության ամփոփիչ զեկույցից, առավել հավանական են համարում այն սցենարը, որի համաձայն՝ տեղի է ունեցել կորոնավիրուսի փոխանցումը կենդանուց այլ կենդանու, այնուհետև անցել է մարդուն, իսկ ամենաքիչ հավանական է SARS- CoV-2-ի լաբորատոր ծագումը: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, միջանկյալ կրիչով վարակվելու ուղին գնահատվում է «հավանականից մինչև շատ հավանական», կենդանուց մարդուն վարակի ուղիղ փոխանցման տարբերակը գիտնականները գնահատել են «հնարավորից մինչև հավանական» սանդղակով:  Նրանք «հնարավոր» են համարում Ուհանում կորոնավիրուսի առաջացման տարբերակը սառեցված ապրանքների մատակարարման միջոցով: Միևնույն ժամանակ, նրանց խոսքերով, չափազանց քիչ հավանական է լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկանց վարակման սցենարը: Մասնագետները կոչ են արել շարունակել գիտական աշխատանքը կորոնավիրուսի ծագումը պարզելու ուղղությամբ:
22:18 - 30 մարտի, 2021
ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել |armenpress.am|

ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարները եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել են համավարակից հետո մշակել գլոբալ համաձայնագիր, որտեղ առաջին անգամ միավորված կլինեն մարդկանց, կենդանիների առողջության եւ «մոլորակի առողջության» հարցերը: Այդ մասին ասված Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշել եւ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մարտի 30-ին։ «Մենք համոզված ենք, որ երկրները պետք Է միասին աշխատեն համավարակներին նախապատրաստման եւ դրանց պատասխանի նոր միջազգային համաձայնագրի վրա: Այդ համաձայնագիրը կներառի «միասնական առողջության» սկզբունքի (միջազգային) ճանաչումը, որը կմիավորի մարդու, կենդանիների եւ ամբողջ մոլորակի առողջությունը»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 
12:30 - 30 մարտի, 2021
ԱՀԿ-ն մտահոգված է Եվրոպայում քովիդով պայմանավորված համաճարակային վիճակով |azatutyun.am|

ԱՀԿ-ն մտահոգված է Եվրոպայում քովիդով պայմանավորված համաճարակային վիճակով |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգված է Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում և Բալթյան երկրներում սանիտարական իրավիճակով: Հունգարիայում կորոնավիրուսի երրորդալիքը հանգեցրել է մահացության օրական ռեկորդային աճի․ մեկ օրվա ընթացքում 207 մարդ է մահացել կորոնավիրուսից: Չեխիայում հիվանդանոցները խիստ ծանրաբեռնված են: Համաճարակային բարդ իրավիճակից ելնելով՝ իշխանությունները երկարաձգել են երկրի շրջանների միջև բնակիչների տեղաշարժի արգելքը: Իրավիճակը բարդ է նաև Սերբիայում, որտեղ մեկ օրում կորոնավիրուսային վարակի ավելի քան 5 հազար դեպք է արձանագրվել՝ 30 մարդ մահացել է: Վերակենդանացման բաժանմունքները գերբեռնված են։ «Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում և Բալթյան երկրներում հիվանդացությունը, հոսպիտալացումը և մահացությունը այժմ աշխարհում ամենաբարձրներից են», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը: Բուլղարիայում վարակի կտրուկ աճի հետ կապված, ընդհանուր կարանտին է սահմանվում: Մարտի 22-ից հասարակական սննդի հաստատությունները, թատրոններն ու կինոթատրոնները 10 օրով կփակվեն: Դպրոցականներն ու նախադպրոցականները կմնան տանը: Ֆրանսիայի 16 շրջաններում վաղվանից կարանտին է սահմանվում: Չորս շաբաթ բոլոր մանրածախ կետերը փակ կլինեն, բացառությամբ մթերային խանութների: Բնակիչներին թույլ կտրվի տանից հեռանալ միայն10 կիլոմետրով: Գործատուներին խորհուրդ է տրվում աշխատակիցներին տեղափոխել հեռավար ռեժիմի։
11:11 - 19 մարտի, 2021
Առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ի հետ քննարկել է«AstraZeneca-ի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը

Առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ի հետ քննարկել է«AstraZeneca-ի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մասնավորապես, ԱՀԿ-ն ուսումնասիրում է պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Կարևոր է նշել, որ համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և պատվաստանյութը կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը: Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (GACVS) մանրակրկիտ ուսումնասիրում է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները, որոնց վերջնական ամփոփումից հետո ԱՀԿ դիրքորոշման ցանկացած փոփոխության մասին կտեղեկացվի հանրությանը: Միաժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումները չեն կարող նվազեցնել այլ պատճառներով պայմանավորված մահացությունը: Նման դեպքերը կշարունակեն գրանցվել նաև պատվաստումից հետո` չունենալով պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: 2021 թվականի մարտի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 335 միլիոն դեղաչափ պատվաստում COVID-19-ի դեմ, և մինչ օրս պատվաստանյութերով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել, այն պարագայում, որ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է առնվազն 2,6 միլիոն մահ: ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է շարունակել հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի դիտարկումը: «AstraZeneca» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց պատվաստանյութի անվտանգության և որակի առումով չկա որևէ անհանգստացնող փաստ: Իրականացվել են լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններ եվրոպական մի շարք անկախ առողջապահական մարմինների կողմից, որոնց արդյունքում ոչ մի խնդրահարույց երևույթ չի հայտնաբերվել: Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում պատվաստվել է ավելի քան 17 մլն անձ, որոնց առկա տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չկա թոքային զարկերակի էմբոլիայի, խորը երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման ռիսկի աճ որևէ սեռային, տարիքային խմբում, կոնկրետ երկրում կամ կոնկրետ խմբաքանակում: Միաժամանակ, հաղորդված դեպքերի թիվը շատ ավելի ցածր է, քան թրոմբոզի այն հարյուրավոր դեպքերը, որոնք ակնկալվում են բնակչության ընդհանուր պոպուլյացիայում (հղում):  Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերն ունեն համադրելի արդյունավետություն: Ներկայումս այն գնահատվում է՝ հիմնվելով միլիոնավոր անձանց շրջանում կիրառվող պատվաստումների տվյալների վրա, ովքեր նույն ժամանակահատվածում միևնույն երկրում ստանում են տարբեր պատվաստանյութեր: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում կիրառվել է մոտ 20մլն դեղաչափ «Pfizer» ընկերության պատվաստանյութ և 20մլն դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը նույնն է: «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունը 70 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում անախտանիշ դեպքերի կանխարգելման առումով ավելի բարձր է, քան «Pfizer»-ինը: Շոտլանդիայում «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է բոլոր տարիքային խմբերում հոսպիտալացումների կանխարգելման առումով: Երկու պատվաստանյութերն էլ նվազեցնում են հոսպիտալացման և մահվան դեպքերի առաջացման ռիսկը (հղում):
16:46 - 17 մարտի, 2021
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 118 միլիոնին |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 118 միլիոնին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 117 մլն 906 հազար 541 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 614 հազարից: Ապաքինվել է ավելի քան 93 միլիոն 594 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 746 հազար 358 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 538 հազար 711 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 260 հազար 750-ի, մահերինը՝ 158 հազար 75-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 11 միլիոն 55 հազար 480 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 266 հազար 614 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 342 հազար 474 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 9 հազար 445 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 89 հազար 809 մարդ:  Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 706 հազար 559 վարակվածության ընդհանուր, 60 հազար 867 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 273 հազար 137-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 601 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 86-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 2 է, որից ապաքինվել է 85 հազար 186-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:  
22:40 - 09 մարտի, 2021
Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության. ԱՀԿ
 |1lurer.am|

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության. ԱՀԿ |1lurer.am|

1lurer.am: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինն իր ամբողջ կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Այս հանցավոր վարքագիծը լայն տարածում է գտել հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Այս մասին այսօր հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ փոխանցում է Reuters գործակալությունը: ԱՀԿ-ը բոլոր կառավարություններին կոչ է անում ամեն ինչ անել բռնությունները կանխարգելելու, տուժածներին օգնություն ցույց տվող ծառայությունների մատուցումը բարելավելու և տնտեսական անհավասարությունը կարգավորելու համար: «Կանանց նկատմամբ բռնությունն էնդեմիկ է յուրաքանչյուր երկրում և մշակույթում, որն ահռելի վնաս է հասցնում միլիոնավոր կանանց ու նրանց ընտանիքներին»,-հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
21:17 - 09 մարտի, 2021
Հավանական է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2022 թվականին․ ԱՀԿ |hetq.am|

Հավանական է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2022 թվականին․ ԱՀԿ |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն "Welt" պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ «Ես ելնում եմ նրանից, որ 2021 թվականը կլինի COVID-ի ևս մեկ տարի։ Սակայն այն կլինի առավել կանխատեսելի և կառավարելի։ 2020 թվականը terra incognita (խմբ. անծանոթ երկիր) էր, գիտական և քաղաքական անհայտություն։ Մեկ տարի անց մենք ավելի շատ բան կիմանանք։ Մենք ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր և պատվաստանյութեր»,- նշել է նա։ Կլյուգեն ընդգծել է, որ իր աշխատանքում կարևոր է պլանավորումը, այդ իսկ պատճառով ենթադրում է, որ հաջորդ տարվա սկզբին համավարակը կավարտվի։ «Ինչը չի նշանակում, որ վիրուսը կանհետանա։ Սակայն, հույս ունեմ, որ այդ պահին միջամտության կարիք չի լինի»,- հավելել է նա։ Ընդ որում, Կլյուգեն նշում է, որ այս հարցում անհրաժեշտ է «եվրոպական համերաշխություն»։ Անթույլատրելի է, որ հարուստ երկրները պատվաստվեն, իսկ մյուսները՝ ոչ։ 
22:37 - 05 մարտի, 2021