Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Առաջարկվում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը |news.am|

Առաջարկվում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյան ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 9-րդ եւ 57-րդ հոդվածներում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները,» բառերով: Օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է նրան, որ էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Իսկ օրենքի 57-րդ հոդվածը վերաբերում է հետեւյալին. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը հստա¬կեցման կամ վերաձևակերպման կարիք ունի, քանի որ կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ: Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են հիմք ընդունվելու ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումերը «որպես քրեական ենթամշակույթ քարոզող» դիտարկելիս, արդյո՞ք քրեական ենթամշակույթին հարող անձի վերաբերյալ ֆիլմը կամ տեսալսողական հաղորդումը, որտեղ տվյալ անձը հանդես է գալիս որպես բացասական կերպար կամ ֆիլմի և հաղորդման շրջանակներում նման անձին ինչ-որ ձևով անդրադառնալը համարվելու է քրեական ենթամշակույթի քարոզ: Հարկ է նկատի ունենալ նաև, որ կինոարտադրական արդյունքը (ֆիլմը, ֆիլմաշարը, սերիալը) ինքնին հանդիսանում է քարոզչության ազդեցիկ մեխանիզմ, և առկա ձևակերպմամբ ցանկացած տեսարան և արտադրանք կարելի է որակել որպես «քարոզ»: Առավել մտահոգիչ է «քրեական» դրամա և «մարտաֆիլմ» ժանրերի արտադրանքի և գեղարվեստական արժեք ներկայացնող կամ հեղինակային ֆիլմերի տարածման տեսանկյունից:
11:38 - 25 հունվարի, 2024
Ալեն Սիմոնյանը պատվիրակություն է գործուղում Ստրասբուրգ

Ալեն Սիմոնյանը պատվիրակություն է գործուղում Ստրասբուրգ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ. 1. «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի հունվարի 21-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե Բադալյանին, Էմմա Պալյանին, Արմենուհի Կյուրեխյանին, Ռուստամ Բաքոյանին, Մարինա Ղազարյանին, Տիգրան Պարսիլյանին, Զեմֆիրա Միրզոևային, Արսեն Թորոսյանին եւ Տաթեւիկ Գասպարյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։ 
21:35 - 18 հունվարի, 2024
Ռուանդայի թանգարանից Հայոց ցեղասպանության հիշատակման հեռացումը կապված չէ ԱԺ նախագահի հետ
 |civilnet.am|

Ռուանդայի թանգարանից Հայոց ցեղասպանության հիշատակման հեռացումը կապված չէ ԱԺ նախագահի հետ |civilnet.am|

civilnet.am: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 16-ին գրել է, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը իր ցեղասպանության թանգարանից։ Նշվում է, թե իբր դրա մասին հայտնել է ֆրանսիական մամուլը։ Օրաթերթը մանրամասնել է, թե դեռ 2022-ին ԱԺ նախագահի «գլխավորած պատվիրակությունը» պաշտոնական այցով պետբյուջեի հաշվին մեկնել էր Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։ Տեղեկությունը արտատպել են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ՝ News.am, Lragir.am, Yerevan.today, Tert.am, Yerkir.am, 7or.am,  mamul.am,auroranews.am. 1-in.am և այլ լրատվական կայքեր։ ԱԺ նախագահը պատվիրակության կազմում Ռուանդայում չի եղել Օրաթերթի հրապարակումից ժամեր անց տեղեկությունը հերքել է հենց ինքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնելով, որ «կյանքում Ռուանդայում չի եղել»։ 2022-ին հոկտեմբերին ԱԺ պատվիրակություն իրոք մեկնել է Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի․ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։ Ըստ փաստաթղթի՝ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցություններից պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանը և այլն։ Այս կամ այլ պատվիրակության կազմում, սակայն, Ալեն Սիմոնյանի Ռուանդա գործուղման մասին տեղեկատվություն առկա չէ։ Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի ուշ հրապարակումից հեռացրել է ԱԺ նախագահի այցի կամ պատվիրակությունը գլխավորելու վերաբերյալ պնդումները, սակայն նյութում խմբագրված լինելու վերաբերյալ հիշատակում առկա չէ։ Մինչդեռ այլ կայքերում դեռևս շարունակում է մնալ հին տարբերակը։ Ֆրանսիական Le Point-ը չի հայտնում, թե երբ է թանգարանից հեռացվել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը Ֆրանսիական Le Point շաբաթաթերը հունվարի 14-ի իր հրապարակման մեջ չի հիշատակել ո՛չ Ալեն Սիմոնյանին, ո՛չ էլ 2022-ին ԱԺ պատվիրակության այցը Ռուանդա, ինչպես նշվում է «Ժողովուրդ» օրաթերթի վերնագրերում։ Ընդհակառակը, Le Point-ը հայտնում է, որ 2004-ին հիմնադրված՝ ցեղասպանությանը նվիրված Կիգալիի հուշահամալիրից Հայոց ցեղասպանության մասին պատմող պատը հեռացվել է Ռուանդայի և Թուրքիայի միջև 2015-ի ապրիլին կնքված համաձայնագրի արդյունքում։ Նշվում է, որ այդ համաձայնագրով Թուրքիան խոստացել է մի շարք ենթակառուցվածքներում ներդրում անել, սակայն պայման է դրվել, որ Հայոց ցեղասպնությանը նվիրված պատը պետք է հեռացվի։ Թե ե՞րբ են կոնկրետ հեռացվել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները՝ չի նշվում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ղեկավար Էդիտա Գզոյանը հայտնեց, որ Ռուանդայի հուշահամալիրից Հայոց ցեղասպանության մասին պատմող պատը 2018-ին արդեն հեռացված է եղել։ «Հայոց ցեղասպանությանը նվիրված պատը 2014-ին դեռ տեղում է եղել և 2018-ից արդեն այն հանված էր։ Թանգարանի պատճառաբանությունը սկզբում այն էր, որ այդ պատը թրջվում է, վերանորոգում է ընթանում և դրա համար են հեռացրել, սակայն հետագայում պարզվեց, որ իրական պատճառը թուրքական կողմի ճնշումներն են»,- հայտնեց Գյոզոյանը։ Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։   
22:30 - 16 հունվարի, 2024
Ալեն Սիմոնյանն Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել՝ ՀՀ-ն որդեգրել է խաղաղության օրակարգ

Ալեն Սիմոնյանն Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել՝ ՀՀ-ն որդեգրել է խաղաղության օրակարգ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների եւ դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են: 2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2023 թվականին առեւտրի ծավալն անցել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ եւ վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այդ գործընթացի խթանմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը համագործակցության մասին համաձայնագիր կնքելու միջոցով: Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու հայկական կողմի գործադրած ջանքերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ համապարփակ տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
17:49 - 16 հունվարի, 2024
«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ պայմանագրի մեջ չկա ու չի կարող լինել. ԱԺ նախագահ
 |1lurer.am|

«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ պայմանագրի մեջ չկա ու չի կարող լինել. ԱԺ նախագահ |1lurer.am|

1lurer.am: «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ պայմանագրի մեջ ընդհանրապես չկա ու չի կարող լինել: Մենք ասել ենք՝ այո՛, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն իր երկրի մի մասից երկրի մյուս մասը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում, ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհները իրենց համար, ասել ենք, որ միգուցե հնարավոր է, որ ինչ-որ թեթևացված գործընթաց լինի, որպեսզի իրենք կարողանան տեղափոխվել, բայց ինչ-որ արտատարածքային բան չկա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններին, ապա ԱԺ նախագահն ասաց. «Ես չեմ բացառում, որ ուղիղ բանակցություններն էլ կարող են տեղ գտնել, որովհետև մենք ուղիղ բանակցությունների դրական օրինակ ենք ունեցել, բայց, իհարկե, միջազգային հանրության ֆիքսումը նույնպես կարևոր է: Օրինակ՝ 32 գերիների վերադարձը եղել է ուղիղ խոսակցության արդյունք, որը վատ օրինակ չէ, բայց, կրկնում եմ՝ եկեք չֆիքսենք, որ մեկը մյուսին բացառում է: Մեկը մյուսին չի բացառում, այլ մեկը մյուսին կարող է նաև օգնել»:
16:09 - 15 հունվարի, 2024
Բաքվում թեյ խմելու մասին էինք խոսում, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին, հայելային է ամեն ինչ. Ալեն Սիմոնյան
 |news.am|

Բաքվում թեյ խմելու մասին էինք խոսում, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին, հայելային է ամեն ինչ. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ալիևի տարածքային հավակնություններից։ «Մենք այսօր կարող ենք խոսել հայելային հռետռորաբանության մասին: Այսինքն Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք  30 տարիներին ստեղծել ենք»,- ասաց նա: Դիտարկմանը, թե երբ է հայկական կողմն ասել, որ Բաքուն Հայաստան է, ինչպես Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է»՝ Սիմոնյանը արձագանքեց. «Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ ասում էին՝ Սեւանում են թեյ խմելու: Մի խոսքով՝ այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում: Բայց գործընթաց կա, որ պայմանագիրը կողմերին հավասարաչափ է վերաբերում»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախագահն իր վերջի հարցազրույցում կրկին ՀՀ-ին տարածքային պահանջներ է ներկայացրել՝ պնդելով, թե, իբրև, Երևանն ու Ջերմուկն իրենց պատմական տարածքներն են։
15:56 - 15 հունվարի, 2024
Պավարոտտին և  Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց կան և կմնան որպես արժեք․ Սիմոնյանը՝ պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու մասին |tert.am|

Պավարոտտին և Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց կան և կմնան որպես արժեք․ Սիմոնյանը՝ պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու մասին |tert.am|

tert.am: Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության համար արժեք։ Այս մասին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քննարկվող նախագծի մասին, որով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումների շնորհումը։ Ալեն Սիմոնյանը բացատրեց, թե Հայաստանում տարիներ շարունակ ինչպես են վաստակավոր արտիստի կոչումներ ստացել։ «Գնացել են մեկի երեխայի հարսանիքին երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի հատ կազմակերպեք ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Մականունավոր մարդիկ կան, որոնց երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են տվել։ Հիմա այստեղ էլ կա, չեմ ուզում անունը տալ․ իր անունը գրել չգիտի, գիտությունների թեկնածուի կոչում էին ստանում։ Այ հիմա այդ սխալն ուղղում ենք։ Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չի որոշվում։ Այդ էլիտաները չկան, հիմա կա մել էլիտա և դա ժողովուրդն է։ Այդ էլիտաներին հավաքեցիք բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ։ «Եքա» ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն»,- հայտարարեց ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանի կարծիքով պետությունն այն չէ, որ գալիս են և հարսանիքներին «կլկլացնում» են և կոչումներ են ստանում։ Նրա խոսքով այդ ամենը Սովետական Միությունից մնացած վատ ժառանգություն է։ «Որ այդ մեծանուն մարդկանց անունները տալիս եք, մի հատ տեսեք՝ ում են ժողովրդական կամ վաստակավորի կոչում տվել։ Էլիտան կամ գիտությունների թեկնածուն այն չէ, որ պետությանը ծառայություն էին մատուցում, իսկ այստեղ չեն կարողանում երկու բառով ելույթ ունենալ»,- նշեց նա։ «Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում: Այդ էլիտաները չկան, կա մի էլիտա, որը ժողովուրդն է»,-ասաց Սիմոնյանը: Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այդ էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց ժողովրդի մոտ 0 վարկանիշ ունեն»: Ըստ Սիմոնյանի՝ ոչ մի զարգացած երկրում կոչումների շնորհման նման համակարգ չկա, դա խորհրդային ժառանգություն է: Նա ընդդիմությանը հորդորեց նայել ցուցակը, թե մեծանուն մարդկանցից բացի՝ նաև ում են վաստակավոր կամ ժողովրդական գործչի կոչում տվել:
11:44 - 15 հունվարի, 2024
Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով. Ալեն Սիմոնյան

Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ամանորյա ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս տարի մենք Ազգային ժողովի բակում ամանորյա տոնածառ էինք տեղադրել, ուր երեխաները պետք է գրեին իրենց ցանկությունները: Oրվա վերջում բակում տեղադրված տոնածառի վրա կար շուրջ 100 նամակ-երազանք՝ ուղղված Ձմեռ պապիկին: Մեկը տիկնիկ էր ցանկանում, մեկը՝ առողջություն մայրիկին, մյուսը՝ ինքնագնաց մեքենա, հատուկ մատնանշել էր՝ «պուլտով», բայց այդ հարյուր նամակներից 93-ը բավականին անսպասելիորեն ուրիշ՝ նույնանման երազանք ու ցանկություն էին պարունակում. Դավիթը, Արմենը, Անին, Արփին, Հայկը, Ռուբենը եւ մնացած երեխաներն այս կամ այլ ձեւակերպմամբ գրել էին մեկ բան, որ նրանց բոլորի երազանքը մեկն է՝ խաղաղություն: Անկեղծ ասած՝ ես այլ բովանդակությամբ ամանորյա ուղերձ էի պատրաստել, բայց այն, ինչ ես կարդացի, լիովին փոխեց թե' այս ուղերձի տրամաբանությունը, թե' բովանդակությունը: Մեր երեխաները մեր կյանքի ամենամաքուր եւ ազնիվ դատավորներն են, եւ Ազգային ժողովի համար, մեր թիմի համար սա անսպասելի եւ շատ զգացմունքային մի պահ էր. ինչպե՞ս եւ ինչո՞վ պետք է լցված լինի մեր մանկահասակ՝ 7, 8, 9 տարեկան երեխաների կյանքը, որ իրենք տիկնիկի, խաղալիքի փոխարեն խաղաղություն երազեն... Այն երեխաները, ովքեր տիկնիկ եւ այլ խաղալիք էին ցանկացել, Ազգային ժողովը, իհարկե, կիրականացնի, իսկ մնացած 93 երեխաների, մեր երեխաների գերակշիռ մասի երազանք-ցանկությունը պետք է կատարենք մենք բոլորս՝ միասին: Այո՛, դա հեշտ չէ, նույնիսկ շատ դժվար է, բայց խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել: Մենք կռվել գիտենք, եւ հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը: Մենք կարող ենք շատ հարցերում իրար հետ համաձայն չլինել, բայց այս հարցում պետք է միասնական լինենք. մենք պետք է հասնենք խաղաղության եւ նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարեւանների հետ: Այո՛, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության եւ իրականության մեջ ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք, նաեւ՝ գլուխ գովելու եւ մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը. սա է իսկական ուժը, սա է իսկական հաղթանակը: Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով, դա  այն է, ինչ առաջին հերթին մենք պետք է ձգտենք թողնել մեր սերունդներին՝ որպես մեր իրական ժառանգություն: Ուստի, եկե՛ք բաժակ բարձրացնենք հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների եւ, իհարկե, հանուն ազատ, ինքնիշխան, խաղաղ եւ հավերժ Հայաստանի Հանրապետության: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Աստված մեզ օգնական»։
22:06 - 31 դեկտեմբերի, 2023
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 27-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից: Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել: ԱԺ խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ  է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
14:26 - 27 դեկտեմբերի, 2023
Եթե մեր շահերից է բխում Սանկտ-Պետերբուրգ գնալը, ուրեմն կգնանք. Սա հետքայլ չի. Ալեն Սիմոնյան
 |news.am|

Եթե մեր շահերից է բխում Սանկտ-Պետերբուրգ գնալը, ուրեմն կգնանք. Սա հետքայլ չի. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելը հետքայլ չի համարում: «Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք նույն տնտեսական միուիթյան մեջ, մեր տնտեսությունը մեծ աճ է ապրում, եւ մենք չենք կարող բաց թողնել հնարավորությունը, որպեսզի այն կազմակերպությունում, որտեղ մենք կանք, դրա նախագահությունը ստանձնենք:Դա պետք է Հայաստանին»,-ասաց նա այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում: «Հայաստանը երբեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, որ շրջադարձ է կատարում: Դուք գիտեք, որ դեկտեմբերի 19-ին ես նույնպես չմեկնեցի ՀԱՊԿ-ի հանդիպմանը, մենք ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված լուրջ վերապահումներ ունենք, որոնք մինչ օրս կան: Ես ասել եմ՝ դրանք ինչով են պայմանավորված եւ ինչքան են շարունակվելու: Հետ քայլ, առաջ քայլ, խնդրում եմ դրա հետ կապված ոչ շատպեն եւ ասեն՝ դուրս են եկել, ոչ էլ շտապեն ասեն՝ հետ են վերադարձել: Հայաստանը շարունակելու է հետապնդել իր շահերը, եթե դրանք կլինեն հանդիպման մեջ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, մենք կգնանք այնտեղ: Եթե ոչ, չենք գնա, ինչպես մի քանի անգամ եղել է այս տարվա ընթացքում»,-ասաց ԱԺ նախագահը:
19:33 - 26 դեկտեմբերի, 2023
«Խաղաղությունը երբեւիցե այսքան մոտ չի եղել»․ Ալեն Սիմոնյան |news.am|

«Խաղաղությունը երբեւիցե այսքան մոտ չի եղել»․ Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Այս տարվա ընթացքում ձեռքբերումներ ունենք, կորուստներ էլ ունեցանք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կարծում եմ՝ հուսադրող ձեւով ենք փակում տարին: Համ խաղաղության գործընթացի մասով եմ հուսադրող համարում, համ շատ կարեւորում եմ այս տարի գերիների վերադարձը: Պարզ է, որ դժվարին պահեր էլ ունեցանք, սեպտեմբերին Արցախի նկատմամբ հայաթափումը: Մի խոսքով, հերթական տարին էր, որ բոլորով բոլորեցինք»,-ասաց նա: Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ խաղաղության օրակարգը կյանքի կկոչվի. «Հիշում եք՝ պատերազմից անմիջապես հետո ասում էին, որ չենք կարողանալու բանակցել, որ խաղաղություն չի լինելու, բայց ակնհայտ է հիմա, որ խաղաղությունը երբեւիցե այսքան մոտ չի եղել: Ես լիահույս եմ»: Դիտարկմանը, որ Ադրբեջանը վերջին մի քանի հանդիպումները տապալում է, Ալեն Սիմոնյանն ասց. «Դա պայմանագրի քննարկման հիման վրա է: Դուք գիտեք, որ շատ ակտիվ փոխանակվում ենք եւ կառուցողական քննարկում է գնում: Նաեւ պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով, որ իրենք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է չստացվող  հանդիպումներին, այո, դա խնդիր է, բայց հանդիպումները  եւ քննարկումները շարունակվում են եւ շարունակվելու են: Մենք բավականին մոտ ենք խաղաղության պայմանագրին եւ ռեալ խաղաղությանը»:
19:03 - 26 դեկտեմբերի, 2023
Շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ

Շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է Հովհաննիսյանը։  «Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն: Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
15:04 - 22 դեկտեմբերի, 2023