ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը  2018թ․ համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71%-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2%-ով: Հարկ է ընդգծել, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով: Եվ այս ցուցանիշների որոշակի աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների և ընձեռած հնարավորությունների շրջանակներում պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունների լիարժեք բացահայտմանն օժանդակումը խրախուսելու, առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարող անձանց նկատմամբ առավել մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցում վարվող քրեական քաղաքականությամբ: 2019թ. քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018թ․ համեմատ (819) 31%-ով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին: Այս ցուցանիշը վկայում է, որ տարվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց միայն 5%-ին չի հաջողվել մեղադրանք առաջադրելու համար ներկայացնել վարույթն իրականացնող մարնին, ինչը, ի դեպ, գրեթե կրկնակի պակաս է 2018թ. համեմատ: Հաշվետու տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց ցուցանիշներում 18-ով կամ 15․9 տոկոսով նվազել է (2019թ.-95 անձ-2018թ․-113 անձ) ձերբակալվածների թիվը: Այդ պայմաններում 40․5 տոկոսով նվազել է ձերբակալումից ազատված անձանց թիվը, ինչը վկայում է, որ 2019թ․ զգալի նվազել է անհիմն ձերբակալումների դեպքերը: Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6 տոկոսի  նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12 տոկոսի նկատմամբ։  Այս նվազման ֆոնին 22-ով կամ 66․6 տոկոսով պակաս մեղադրյալ է կալանքից ազատվել, ինչը ևս  փաստում է, որ դատարանների կողմից բավարարված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները եղել են ավելի հիմնավոր ու պատճառաբանված:   2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ - 2Փոխնախարար– 3ՊՎԾ պետ – 1,Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - 2Դատախազ – 1,ՌՈ պետ – 1 ,ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար - 1,Նախկին գլխավոր դատախազ-1,ՀՀ ոստիկանության նախկին պետ-1ՊԵԿ նախկին նախագահ – 1,Նախկին մարզպետ – 1, Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,
14:46 - 06 ապրիլի, 2020
Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. պաշտպանը բողոք է ներկայացրել |armtimes.com|

Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. պաշտպանը բողոք է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված: Նրա պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մարտի 26-ին բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշել եւս երկու ամսով երկարաձգել Լոռեցյանի կալանավորման ժամկետը: Մեր զրույցում Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ դատարանի՝ կալանավորումը երկարաձգելու որոշման դեմ էլեկտրոնային եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ըստ նրա՝ որոշման հիմքում քննությունից խուսափելու, ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ ստանդարտ ձեւակերպումներ են եղել. «Բողոքով միջնորդել ենք նաեւ թույլատրելի համարել գրավի կիրառելիությունը, այն կպնդենք նաեւ դատական նիստի ժամանակ»: Նշենք, որ բողոքը ներկայացվել է երեկ, եւ դեռեւս պարզ չէ, թե ում է այն մակագրվել: Ամիսներ առաջ Լեւոն Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու համար, ինչը քննիչը մերժել էր: Հարցին՝ մերժումից հետո այդ ուղղությամբ այլ քայլեր ձեռնարկե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց։ Արայիկ Հարությունյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պաշտպանը հիմնավորել էր նրանով, որ դեպքից առաջ Լոռեցյանը Հարությունյանին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. «Կարծում ենք՝ մեր այդ դիմումը գործի համար էական նշանակություն ունի, մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ»,- ասել էր Լեւոն Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ այսօրվա վարակի տարածման պայմաններում առաջնային է, որ Լոռեցյանը հայտնվի ազատության մեջ. «Իսկ վարույթն իրականացնող մարմինը եթե մինչ օրս կարծում է, որ պարոն Լոռեցյանն իրոք մեղավոր է, թող փորձի ապացուցել»: Լոռեցյանը պահվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Արդարադատության նախարարությունը նախորդ օրը հայտարարեց, որ վարակի դեպք է արձանագրվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ, որոնք հոսպիտալացվել են. «Նշված աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որեւէ շփում չունեն: Բաժնի մյուս՝ 28 աշխատակիցները եւս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում»,- ասված էր հայտարարության մեջ: Մեր զրույցում Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ նաեւ դատախազին է բողոք ներկայացրել՝ Լոռեցյանի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանք կիրառելու որոշման դեմ. «Մենք քննիչին էինք միջնորդել, որ, հաշվի առնելով այսօրվա պայմանները, այն, որ պարոն Լոռեցյանը արտաքին աշխարհի հետ որեւէ կապ չունի, իսկ նրա ծնողներն էլ վտանգավոր գոտում են՝ կապված կորոնավիրուսի հետ, արգելանքը վերացվի, սակայն քննիչը, միեւնույն է, ստանդարտ ձեւակերպումներով մերժել է միջնորդությունը, ինչն էլ բողոքարկել ենք հսկող դատախազին»: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:09 - 03 ապրիլի, 2020
14 քրեական գործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների և երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով

14 քրեական գործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների և երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով

Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ հանցագործության մասին վկայող փաստական տվյալների կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 26-ին Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 169-րդ հոդվածով, 200-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ-ում: Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար կատարվել և կատարվում են մեծ ծավալի քննչական, դատավարական գործողություններ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վերջին տարիների ընթացքում արտերկիր որդեգրված երեխաների երկու տասնյակից ավել կենսաբանական ծնողներ և նրանց հարազատներ, որոնց մեծամասնությունը նշել են, որ երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել են ծննդատան բուժանձնակազմի կողմից ցուցաբերված խաբեության, շանտաժի և սպառնալիքի ազդեցության արդյունքում: Պարզվել է, որ վերոոնշյալ երեխաները որդեգրվել են օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների կողմից: Նախաքննության ընթացքում ստացվել են նախկին տարիներին ծննդաբերած շուրջ 200 մայրերի և նրանց հարազատների դիմումներ: Նրանցից մի քանի տասնյակը հարցաքննվել են, հաղորդումների մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն դիմումներում նշված հանգամանքները ևս դարձել և դառնում են քննության առարկա: ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առուվաճառքի նոր դեպքեր: Ուստի քրեական գործի նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, որից մեկը՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նշված քրեական գործերը միացվել են մայր գործին։ Բացի այդ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույնատիպ հանգամանքների փաստով հարուցված 1 քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։ Քրեական գործի հարուցումից հետո, 2019-2020թթ. ընթացքում Գլխավոր դատախազություն է ստացվել նաև  ԶԼՄ-ներում հրապարակված 2 հոդվածներ, որոնք ուղարկվել են ոստիկանություն: Արդյունքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստերով հարուցվել է թվով 3 քրեական գործ, որից 1-ը՝ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 314-րդ հոդվածի և 1-ը՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ ստացված մեկ գրությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ: Բացի վերոնշյալը, դատախազություն են ստացվել և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ուղարկվել ևս 3 դիմում և 6 ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածներ: Դրանցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում 4-ը՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ը՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Իսկ մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերը ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։ Բացի այդ, ինչպես անմիջական, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում ուղարկվել է ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Մաշտոցի բաժիններ, որից 2-ի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, 2-ով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, 18-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար, իսկ մնացած 6 դիմումներում նշված փաստերը ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։  Իսկ քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ստացված՝ երեխային բաժանելու վերաբերյալ մեկ դիմում-բողոքի քննարկման արդյունքնում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վերացվել է դեռևս 2015թ. այդ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցվել է քրեական գործ, որն ուղակվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:   ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 1 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի:  Քրեական գործով իրականացվում են ակտիվ և լայնածավալ  քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Առանձին գործերով նշանակվել և իրականացվել են դատագենետիկական փորձաքննություններ, որոնք եզարակացությունների արդյունքում կայացվել են դատավարական որոշումներ: Գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ԱԱԾ տնօրենին։
13:03 - 03 ապրիլի, 2020
Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը |pastinfo.am|

Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փախհատուցելու պահանջով։  Հայցադիմումի պատճառը Հանրային ՀԸ եթերում հեռարձակված ռեպորտաժն է, որտեղ վկայակոչելով ԱԱԾ-ին՝ նշվել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան եւ սա ներկայացվել որպես Հրայր Թովմասյանի քաղաքականացվածության, ոչ օբյեկտիվ լինելու ապացույց։ Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարան ուղարկվելուց հետո ՍԴ-ում չի եղել։ Բացի այդ՝ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով իրեն տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի նյութերը։
12:44 - 01 ապրիլի, 2020
Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը

Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը, փորձաքննություններ կատարելիս օժտված լինելով կազմակերպա-տնօրինչական լիազորություններով և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն օրենքի սահմանված արգելքների խախտմամբ,  հանձնաժողովի մյուս 2 անդամների հետ նախնական համաձայնությամբ, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար, տևական ժամանակ մեկ միասնական դիտավորությամբ որպես կաշառք ստացել է 20.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամ, որից հանձնաժողովի անդամներին հատկացրել է մասնաբաժին։ Մասնավորապես, միայն 2020 թ. մարտ ամսվա ընթացքում իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձանցից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամ գումար։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում հիշյալ հանձնաժողովի նախագահը 2020 թ. մարտի 23-ին ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո իր աշխատասենյակում հերթական անգամ կաշառք առձեռն ստանալիս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան, իսկ կաշառք տվող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։   ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնյան ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:42 - 27 մարտի, 2020
Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք

Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև, Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը,  անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն: Կատարվածի արդյունքում՝ ոչ միայն հեղինակազրկվել են տեղական ինքնակառավարման մարմինները ու խաթարվել դրանց բնականոն գործունեությունը, այլև դադարեցվել է առանձին նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը: Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:47 - 24 մարտի, 2020
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպք

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային 2 տեսուչներ, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ՀՀ ՊԵԿ նախագահի հանձնարարագրի հիման վրա տնտեսվարող սուբյեկտներից մեկում իրականացնելով համալիր հարկային ստուգում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են ծառայողական լիազորություննները և ծառայության շահերին հակառակ չեն կատարել ծառայողական պարտականությունները: Նշված անձինք, մասնավորապես, միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումը կանխելու և բացահայտելու ուղղությամբ, իրենց կազմած ակտով չեն արձանագրել հայտնաբերված խախտումները՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, հեղինակազրկելով պետական մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և խաթարելով դրա բնականոն գործունեությունը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել իրավախախտումը  կոծկելու և նոր իրավախախտում կատարելու համար ու առաջացրել ծանր հետևանքներ: Պաշտոնեական լիազորությունները կատարելու փոխարեն հիշյալ պաշտոնյաները նախնական համաձայնությամբ, ստուգվող ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու, այն է՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս 2020 թ. մարտի սկզբին նշված տնտեսվարող սուբյեկտի հաշվապահությունը վարող անձի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, տեսուչներից մեկը 2020 թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստացել է ՍՊԸ-ի տնօրենից, որից հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։ Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են: Կատարված խուզարկությամբ տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառքի առարկան, իսկ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը խոստովանել է կաշառք տալու հանգամանքը, ինչը պնդել է առերեսման ժամանակ։ Ստուգումն իրականացնող 2 տեսուչներին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։    
19:18 - 23 մարտի, 2020
Հետախուզում է հայտարարվել ՀՀ ֆինանսների նախարարության վարչություններից մեկի նախկին պետի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել ՀՀ ֆինանսների նախարարության վարչություններից մեկի նախկին պետի նկատմամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձին՝ մաքսային տեսուչին, 2015 թ. ցուցում է տվել անտեսել կարմիր ուղի ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից և Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես  շինարարական գիպս, նվազեցնելով մաքսային արժեքը, և ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել և իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։   Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով կոպիտ կերպով խախտվել են նշված բնագավառում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջները, խաթարվել է ապրանքաշրջանառության հանդեպ հսկողության և հարկահավաքության բնագավառում պետական մարմնի բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել է պետական մարմինը, անհավասար վիճակում են հայտնվել նույնանման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտները և բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանցագործություն կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել  է նյութական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ։ Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս 2018 թ. սեպտեմբերին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու  և այլ հանցադեպերին նրա առնչությունը պարզելու ուղղությամբ։ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
18:44 - 17 մարտի, 2020
«Բավրայի» գործով կալանավորված հերթափոխի պետն ազատ է արձակվել |pastinfo.am|

«Բավրայի» գործով կալանավորված հերթափոխի պետն ազատ է արձակվել |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է «Բավրայի» գործով մաքսակետի հերթափոխի պետի՝ Դ. Հակոբջանյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին հայտնեց Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանի խոսքով՝ դատարանի որոշումը սպասելի էր, քանի որ պարբերաբար բարձրաձայնել են մի շարք խախտումների մասին։ «Բավրայի» մաքսակետի գործը մեծ աղմուկ ստացավ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո։ Փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:
11:39 - 11 մարտի, 2020
Բացահայտվել են ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր

Բացահայտվել են ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետևողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը, շահադիտական դրդումներով, պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնելով կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ, խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո, և սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար ընթացիկ ծախսերի համար։ Ի կատարումն կազմակերպչի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։ Չբավարարվելով արդյունքով՝ ստացված պատվերն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ կազմակերպիչը ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը։ Բացի դրանից, նպատակադրվելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նաև 5 ՀՀ քաղաքացու, պատվիրատուն հանձնարարել է վերահսկել նաև այդ անձանց տեղաշարժը՝ այդ գործընթացին ներգրավելով նաև իր մյուս ծանոթին՝ պատվերով սպանության իրականացման դյուրին պայմանների և ժամանակի ընտրությունը թողնելով իր հայեցողությանը։ Հիշյալ անձանց տեղաշարժը վերահսկելու, սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու նպատակով կազմակերպիչը կատարողի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, տրամադրել է տրանսպորտային միջոց, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և տվել «ՏՏ» տեսակի ատրճանակ, խլացուցիչով ու նշանոցով ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ և դրանց տրամաչափի փամփուշտներ, որոնք մինչև 2020 թ. փետրվարի վերջը նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վարձակալած բնակարանում։ Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, կազմակերպիչը կատարողի հետ քննարկել և ընտրել է համապատասխան վայրեր ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, սակայն հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրա գործողությունները խափանվել են ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել և ձերբակալվել են։ Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, անհերքելի ապացույցների համակցությամբ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ սպանությունների նախապատրաստման շարժառիթները, պատվիրատուներին և հանցավորության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը, հնարավոր այլ՝ այդ թվում արտերկրում կատարած  հանցադեպերը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:09 - 11 մարտի, 2020
ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը |azatutyun.am|

ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Ազգային ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը։  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում մշտապես հսկողություն է իրականացվում ծառայողների կողմից ծառայողական և կատարողական կարգապահության պահպանման, ինչպես նաև նրանց՝ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջների համապատասխանության նկատմամբ։ Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում», - նշված է ԱԱԾ պատասխանում, որը ստորագրել է ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հարությունյանը։ Հատուկ քննչական ծառայության մարտի 2-ին տարածած հաղորդագրության համաձայն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ ստորաբաժանման պետին, քանի որ նա այս տարվա հունվարի 9-ին ԱԱԾ աշխատակցից առանց իրավաչափ հիմքերի պահանջել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստանալ ու իրեն փոխանցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ: Այս կապակցությամբ հարցում էր ուղարկվել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին՝ փոխանցելով ծառայությանն ուղղված հայաստանցի իրավապաշտպանների քննադատությունը, թե Պապիկյանի հետ կապված դեպքը ևս մեկ ապացույց է, որ ԱԱԾ-ում զբաղված են տարաբնույթ քաղաքական, տնտեսական շահեր սպասարկելով և ոչ թե պետության ազգային անվտանգության ապահովմամբ, ուստի հարկավոր է ԱԱԾ-ն լյուստրացիայի ենթարկել։ Մարտիրոսյանին հղված հարցում նշված էր՝ «ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ, կո՞ղմ եք լյուստրացիային»։
15:34 - 10 մարտի, 2020