ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Այդ մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների համատեղ հայտարարությունը: Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին: «Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ի կատար ածվեն ամբողջությամբ: Ավելին, մենք շարունակում ենք կոչ անել անհապաղ ազատ արձակելու մնացած բոլոր գերիներին Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փոխանակվելու ականապատ դաշտերի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկություններով՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների ազատումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը», - ասված է հայտարարությունում: Հիշատակելով իրենց նախորդ հայտարարությունները՝ Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Զելյանա Զովկոն ընդգծել են՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկեն լարվածությունը տարածաշրջանում թուլացնելու և բորբոքիչ հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ՝ փոխադարձ վստահություն ձևավորելու, հաշտեցմանը նպաստելու և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այս տեսանկյունից Եվրախորհրդարանի պատգամավորները կառուցողական հանդիպում են ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների միջև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության շրջանակներում: «Եվ վերջապես, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման միջոցառումներին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի շրջանի ապագա կարգավիճակի հստակեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացի շրջանակներում», - հավելել են Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն: Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր. Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020 թ. զինված հակամարտության ընթացքում կամ դրանով պայմանավորված և դեռևս շարունակում են գերեվարված մնալ, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:
16:09 - 09 դեկտեմբերի, 2021
Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. ԱԳՆ

Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների վերաբերյալ․ «Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումները: Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը, և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը: Հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության վերաբերյալ: Դատարանը գտել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել է հետևյալը. 1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը», 2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից», 3․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի կողմից ներկայացված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցադիմումի բանավոր լսումների ժամանակ Դատարանը հիշատակել է Ադրբեջանի ներկայցուցչի պաշտոնական հայտարարությունը, որ այսպես կոչված «Ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում հայ զինվորների կրած սաղավարտների ցուցադրությունը և ապագայում դրանք այլևս չեն ցուցադրվի: Հատկանշական է նաև, որ Դատարանը իր վճռով միայն Ադրբեջանին է պարտավորեցրել՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը, «այդ թվում՝ իր պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիսանում տարածարջանում լարվածության նվազեցման և խաղաղ զարգացման համար: Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ Դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ: Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։ Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ»:
15:39 - 08 դեկտեմբերի, 2021
Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|

Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել է Ադրբեջանի պահանջների մեծ մասը։ Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը և անհամբեր սպասում է գործնականում դրա իրականացմանը Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»։ Նշենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը։ Այն  հեռարձակվել է ուղիղ եթերով։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։ Փոխարենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ երկրին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ։ Դատարանի հրապարակած որոշման մեջ, որն ընթերցել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, նշվում է, որ Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու ուղղությամբ՝ ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։ Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ Միջազգային դատարանը ամրագրել է, որ պետական մակարդակով Ադրբեջանում հակահայկական ու հայատյացության քարոզչություն և քաղաքականություն է իրականացվում։ Արդարադատության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների նկատմամբ։ Իր գանգատում հայկական կողմը նշել էր նաև Բաքվի զինավարի չարաբաստիկ այգու փակման ու Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության հարցը, որը սակայն չի բավարարվել։ Զուգահեռաբար, Դատարանը հրապարակել է նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը, որն ի տարբերություն հայկական դիմումի, բավարարվել է միայն մի փոքր մասով։ Այսպես, Հայաստանը պարտավորվել է կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ծագումով ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը։ Ադրբեջանն իր գանգատում նշել էր նաև ականապատ դաշտերի քարտեզների հարցը, որը, դատարանի որոշումից պարզ է դառնում, որ չի բավարարվել։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու կողմին էլ պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Դոնոհյուն հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ միջոցների մասին որոշումները, որոնք սահմանվում են, որպեսզի կանխվեն դատաքննության ընթացքում իրավիճակի հնարավոր սրումը, ըստ էության, պարտադիր են կատարման համար:
10:28 - 08 դեկտեմբերի, 2021
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
 |1lurer.am|

Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը: Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի: Դատարանը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կդժվարացնեն դատարանի աշխատանքը:
20:00 - 07 դեկտեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել կազմակերպության դերը կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության տրամադրման գործում։ «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղություններով՝  ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության և ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարությունների մշակում, անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում, համագործակցություն՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և այլն»,– նշել է նախարարը։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը, որի շրջանակում աշխատանքներ են իրականացվում հաշմանդամության գնահատման համակարգի վերափոխման և անկախ կյանքի կենտրոնների հիմնման, ինչպես նաև e-disability համակարգի ստեղծման և ներդնման ուղղությամբ: Քրիստինե Վայգանդը նույնպես բարձր է գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության հետ երկարատև համագործակցության դերը՝ առանձնակի շեշտելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը։ Վերջինիս խոսքով՝ համատեղ ուշադրության են արժանի ոլորտային չորս հիմնական ուղղություններ, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, սոցիալական պաշտպանություն, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. «Մենք պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Ցանկանում ենք նաև ավելի ներգրավված լինել առկա խնդիրների անմիջական արձագանքման գործընթացում՝ ի հայտ բերելով սահմանամերձ համայնքների կարիքները և նրանց առնչվող մարտահրավերները, որպեսզի կարողանանք պատշաճ արձագանքել և անհրաժեշտ աջակցություն տրամադրել»։ Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կառուցողական երկխոսությունը համագործակցության նոր ուղղություններ կստեղծի՝ նպաստելով ոլորտի ինստիտուցիոնալ կայացմանն ու նոր ռազմավարությամբ սահմանվելիք նպատակների և ծրագրերի իրականացմանը։
22:49 - 06 դեկտեմբերի, 2021
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտավորությամբ զրկանքներ են պատճառում մարդկանց: Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ: Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարվում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները: Ուստի, նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհերից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ դելիմատացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես պետք է հրատապ վերականգնենք մարդկանց բնականոն, նորմալ կյանքը՝ առանց այդ կյանքը խաթարող տեխնիկայի ու զինված ծառայողների, որ թույլ չտանք ադրբեջանական հիմքեր չունեցող արարքների պատճառով մարդիկ շարունակեն զրկանքներ կրել: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Առավել ևս՝ սա ամբողջությամբ բխում է միջազգային (ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն) պահանջներից: Հարկ ենք համարում հատուկ նշել, որ Պաշտպանի աշխատակազմն անձամբ է տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, Ոստիկանության ծառայողները կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Հ.Գ. Արձանագրված ամեն անհատական գործով կաշխատենք պետական մարմինների հետ ու նաև միջազգային կառույցներին ուղղված հատուկ զեկույցներով կշարունակենք հիմնավորել՝ ապառազմականացված գոտու անհրաժեշտությունը»,- գրել է Թաթոյանը:
09:30 - 05 դեկտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Նատիա Նացվլիշվիլիին՝ նախարարը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ այդ համատեղ գործունեությունը կլինի շարունակական, քանի որ հենված է հաջողված փորձի վրա և կարձանագրի շոշափելի արդյունքներ: Նատիա Նացվլիշվիլիին իր հերթին փաստել է այն արդյունավետ համագործակցությունը, որ վերջին տարիներին ձևավորվել է ՀՀ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև: Նա նշել է, որ մարդկային կապիտալի ամրապնդումն ընկած է ցանկացած զարգացման և ՀՀ-ի հետ Կայուն զարգացման նպատակների շուրջ համագործակցության հենքում: Նա կարևորել է այդ համագործակցության շրջանակում ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները, որոնք ևս միտված են մարդկային կապիտալի զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ: Նա ընդգծել է ՌԴ ֆինանսական աջակցությամբ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացվող «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար», ինչպես նաև ՄԱԶԿ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հետ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում փոխնախարարն ուրախությամբ նշել է, որ Edu2Work հարթակը 2022 թ.-ից միջին մասնագիտական կրթության հատվածում կընդգրկի աշխատաշուկայի ինքնաշխատ վերլուծությունը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում», ինչպես նաև ՄԱԶԾ-ի առաջարկած վերակառուցվող/վերանորոգվող հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ներդրման աջակցության ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ Քովիդ-19-ի պայմաններում ցուցաբերած աջակցության համար՝ թե՛ հեռավար ուսուցման կարողությունների զարգացման, թե՛ տեխնիկական միջոցների համալրման առումով: Փոխնախարարը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի աջակցությունը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսական կրթության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի ներկա ու կանխատեսելիք կարիքների գնահատմանը, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական տեղերի որոշման մեջ աշխատաշուկայի կարիքների կարևորմանը, ՄԿՈԻ ոլորտում մասնագիտությունների ցանկի վերանայմանը և ըստ մարզերի դրանց թիրախային տեղաբաշխմանն առնչվող հարցերի: Քննարկվել են նաև դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
20:38 - 29 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Այս մասին կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունը տեղադրվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը։ Նա ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ուղիղ կապի վերականգնումն ամենաբարձր մակարդակով և նրանց պատրաստակամույունը կատարել Նոյեմբերի 9-ի և Հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորվածությունները։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի մոտեցումներն առ այն, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն կառուցողական երկխոսության արդյունքում, նաև՝ հնարավոր բոլոր ֆորմատների օգտագործմամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ։ Գուտերեշը գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում», – ասված է հայտարարության մեջ։
11:10 - 28 նոյեմբերի, 2021
Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հետ: Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլին նշանակման առթիվ՝ նախարար Փիլոյանը կարևորել է ՄԱԿ-ի դերը Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գիտական գնահատման և մոդելավորման, ուսումնական վարժանքների համատեղ իրականացված ծրագրերում: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակում հանրապետության չորս քաղաքներում և երկու մարզային կենտրոններում ազդարարման համակարգի տեղադրման համար և հույս հայտնել, որ այս գործընթացի աշխարհագրությունն ընդլայնվի: ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը մանրամասնել է այն օրակարգային խնդիրները, որոնք այսօր ծառացած են համակարգի առջև: Նաթիա Նացվլիշվիլին ևս բարձր է գնահատել ԱԻ նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ իրենք պատրաստ են ինչպես գործող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ առանձին դիտարկել աղետների ռիսկերի նվազեցման, կարողությունների զարգացման, սեզոնային հրդեհների արագ արձագանքման հնարավորություններն՝ ընդհուպ մինչև տեխնիկական վերազինում: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Բնապահպանության և էներգետիկայի բլոկի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը:
23:14 - 26 նոյեմբերի, 2021
Վահե Ղազարյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Վահե Ղազարյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու համար և արդյունավետ աշխատանք մաղթել։ Բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ ՀՀ ոստիկանությանը մշտապես ցուցաբերվող աջակցության համար: Միևնույն ժամանակ կարևորելով ՄԱԿ-ի անմիջական ներգրավմամբ իրականացվող մի շարք ծրագրերը՝ ոստիկանության պետն առանձնացրել է «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագիրը, որի բաղադրիչներից է նաև «Ոստիկանության բարեփոխումները» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կրթական, ոստիկանության թվային վերափոխման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման: Առանձնահատուկ նշվել է նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրի կարևորությունը: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։  
20:17 - 25 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին և ուշադրություն հրավիրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման փաստերի վրա

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին և ուշադրություն հրավիրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման փաստերի վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Վարչապետը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը: Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։ Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը, միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը պարոն Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա: Վարչապետը կարևորել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը:
15:56 - 23 նոյեմբերի, 2021
Աֆղանստանում 1 միլիոնից ավելի երեխաներ գտնվում են սովամահության եզրին. ՄԱԿ |armenpress.am|

Աֆղանստանում 1 միլիոնից ավելի երեխաներ գտնվում են սովամահության եզրին. ՄԱԿ |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին, երկրի ավելի քան 1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Այդ մասին ՄԱԿ-ի նորությունների ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցության հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սամանթա Մորթը: «Այսօրվա դրությամբ պարենի անբավարարությանն է բախվում ամբողջ երկրի մոտավորապես 22,8 միլիոն մարդ: Իսկ դա Աֆղանստանի բնակչության մեծամասնությունն է, որտեղ հաշվում է 38 միլիոն բնակիչ: Բազմաթիվ աֆղանցիների հասանելի չեն ոչ թանկ կամ սնուցիչ մթերքները: Այդ երեխաները մանկություն չունեն: Խոսքը ոչ միայն այն մասին է, թե ինչպես ողջ մնալ, այլեւ այն մասին, թե ինչպես ապրել մինչեւ հաջորդ օրը»,-հայտարարել է Մորթը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ մոտենում են ձմեռային ցուրտ ամիսները, եւ որ ձյան պատճառով բազմաթիվ լեռնային գյուղական շրջաններ կտրված են լինելու արտաքին աշխարհից: «Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում չափազանց անհանգստացած ենք ստեղծված իրադրության կապակցությամբ, քանի որ գիտենք, որ մոտավորապես 3,2 միլիոն երեխաներ տառապում են սուր թերասնումից, իսկ 1,1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Նրանք ողջ չեն մնա, եթե մենք չկարողանանք ապահովել նրանց անհրաժեշտ բուժումը»,-նախազգուշացրել է Սամանթա Մորթը: ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրակցությունը պետք է գիտակցի, որ Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին: «Հիմա քաղաքական սակարկությունների ժամանակը չէ: Մարդիկ Աֆղանստանում մահանում են, եւ նրանց հարկավոր է մեր աջակցությունը: Հումանիտար օգնությունը մարդկային համերաշխության դրսեւորում է»,-հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը: Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել է 23 միլիոն աֆղանցիներին սպառնացող հյուծվածության եւ սովից մեռնելու մասին, ինչը վկայում են հետազոտության տվյալները, որն անցկացվել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՖԱՈ) եւ Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը դիմել է G20-ի երկրների ղեկավարներին՝ խնդրելով կանխել զանգվածային սովն Աֆղանստանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:26 - 23 նոյեմբերի, 2021
Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաթուղթ՝ կից նշելով․ «Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի՝ նոյեմբերի 16-ի նամակը՝ որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ, հասանելի է հետևյալ հղումով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտնել էր, որ «ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի (ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիայի- խմբ․) մասին»։ Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ի ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։   
09:24 - 23 նոյեմբերի, 2021
Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի երեկվա հերթական ագրեսիայի համատեքստում դարձյալ քննարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) դիմելու հարցը։ Հայաստանյան պետական գերատեսչությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի եւ դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը՝ ի թիվս այլնի նկատի ունենալով նաեւ ՄԱԿ-ին դիմելու հավանականությունը։ Այս համատեքստում այսօր առավոտյան ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրառում էր կատարել ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:  ՄԱԿ ԱԽ քարտուղարին իրավիճակի մասին տեղեկացնելը, սակայն, դեռեւս չի նշանակում դիմել ԱԽ-ին։ Չնայած Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված է, որ ՄԱԿ ցանկացած անդամ կարող է ՄԱԿ ԱԽ-ին տեղյակ պահել միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող վեճի կամ իրավիճակի մասին, սակայն գոյություն ունի նաեւ մեկ այլ փաստաթուղթ՝ Provisional Rules of Procedure՝ Ընթացակարգի ժամանակավոր կանոնակարգ, որը կարգավորում է, թե Անվտանգության խորհրդում ինչպես են նախաձեռնվում եւ կազմակերպվում քննարկումները։ Այստեղ 3-րդ կանոնը նշում է, որ Անվտանգության խորհրդի նախագահը հրավիրում է հանդիպում-քննարկում, երբ իրավիվիճակը կամ վեճը ներկայացվում է ԱԽ ուշադրությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի հիմքով։ Վերջինում նշված է, որ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այնպիսի իրավիճակի կամ վեճի վրա, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը (հոդված 35, մաս 1-ին. «Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին։», հոդված 34. «Անվտանգության խորհուրդը իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։»,- հեղ․)։ Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Infocom-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱԽ նախագահին իրավիճակի մասին տեղեկացնելը եւ դիմել, հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելը տարբեր գործընթացներ են։ Նրա խոսքով՝ մենք ՄԱԿ-ին կարող ենք տեղեկություն տալ մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին, սակայն սրա հիման վրա գործընթացներ չեն կարող նախաձեռնվել։  «Անվտանգության խորհրդի նախագահն ունի ներկայացուցչական գործառույթ, բայց կարգավորումը կախված է նրանից, թե ինչ բովանդակությամբ տեղեկություն է տրամադրվել։ Եթե ընդամենը տեղեկացրել են միջադեպի մասին, դա չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիմում՝ հարցի վրա ուշադրություն դարձնելու եւ գործընթացում ներգրավվելու վերաբերյալ։ Զուտ նամակի առկայությունը բավարար չի կարող գնահատվել պահանջի կատարման համար։ Այստեղ դիմող պետությունը պետք է հիմնավորի, որ այնպիսի իրավիճակի կամ վեճի է առնչվում, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Հետեւաբար, դիմող պետությունը նաեւ պարտականություն ունի ապացուցելու ու հիմնավորելու իրավիճակի բնույթը։ Եթե դա կատարեր ԱԽ անդամ-պետությունը, այս բեռը կարող էր չկրել, որովհետեւ նրանք ցանկացած հարցով կարող են դիմել։ Բայց ոչ անդամ-պետությունների՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու հնարավորություններն ավելի սահմանափակ են, եւ դիմելը կարող է հետեւանք առաջացնել, եթե այն, ինչպես նշեցի, առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը։ Այսինքն, եթե Հայաստանը չկարողանա հիմնավորել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա հնարավոր դիմումը կարող է ուղղակի անհետեւանք մնալ, քանի որ ՄԱԿ-ն ընթացք է տալիս ԱԽ-ի ոչ անդամ, բայց ՄԱԿ-ի անդամ-պետությունների այն խնդրանքներին, որոնք վտանգում կամ կարող են վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Պետությունը, Սիրանուշ Սահակյանի խոսքով, պաշտոնապես պետք է դիմի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրի իրավիճակի կամ վեճի վրա, քանի որ նման խնդիրները պաշտոնական գրագրության շրջանակում կարող են իրականացվել, հրապարակային հայտարարությունները բավարար չեն։ «Այդ պարագայում, եթե ԱԽ-ն համարում է, որ դիմումի չափանիշը բավարար է, այսինքն՝ մի իրավիճակ է կամ վեճ, որը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա դրա ուժով հրավիրվում է նիստ։ Եթե այլ հարց է, որը չի սպառնում անվտանգությանն ու խաղաղությանը, ցանկացած անդամ-պետության դիմումի հիման վրա դարձյալ կարող է նիստ հրավիրվել, բայց եթե հարցն այնպիսի լրջություն ունի, որ խաղաղության սպառնալիք է, այս պարագայում գործող դերակատար կարող է լինել ոչ միայն ԱԽ անդամ-պետությունը, այլ ցանկացած պետություն։ Հիմա մենք նաեւ խաղաղության վերաբերյալ խնդիր ունենք, եւ հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել եւ այդ դիմումի հիման վրա պարտադիր է ՄԱԿ ԱԽ-ի կողմից նիստ հրավիրելը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմումի ընդունման, քննության մանրամասներն ավելի հանգամանալից կարգավորված չեն, սակայն այսպիսի հարցերը հրատապ են համարվում եւ սովորաբար հրատապ ընթացակարգով են քննվում, այլապես դրանք կարող են թողնվել բնականոն նիստերի քննարկմանը։ Սա, սակայն, Հայաստանի միակ հնարավորությունը չէ։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էլ կարող է հարց հղել Անվտանգության խորհրդին, նույնը կարող է անել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը․ «Հայաստանը մի քանի ճանապարհ ունի․ մեկը՝ ցուցադրել, որ խաղաղության հետ կապված խնդիրներ կան, եւ անմիջականորեն դիմել ԱԽ-ին, որը կառաջացնի հետեւանք, երկրորդը՝ կատարել դիվանագիտական աշխատանք Գլխավոր ասամբլեայում, որպեսզի ԳԱ-ն հարցը հղի Անվտանգության խորհրդին, եւ երրորդը՝ աշխատել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի վերջինս հարցը համապատասխանաբար ներկայացնի Անվտանգության խորհրդին։ Բայց այս դիմումները եւս պետք է գրավոր ընթացակարգով ներկայացվեն»:  Այս ամենը, Սահակյանի համոզմամբ, դիվանագիտության եւ միջազգային կազմակերպությունների հետ շփումներում ընդունված մեթոդով պետք է տեղի ունենա, իսկ դրանք գրավոր ընթացակարգերն են։ Ասամբլեային եւ Քարտուղարությանը եւս պետք է ներկայացվեն այն նույն հիմնավորումները, որոնք կարող են դրվել միանգամից ԱԽ-ին դիմելու հիմքում։ Անվտանգության խորհրդի անդամ-պետությունները, մեր զրուցակցի խոսքով, ավելի շատ իրավունքներից են օգտվում, քան ոչ անդամ-պետությունները․ ԱԽ անդամ-պետությունները կարող են ցանկացած հարցով դիմել, այս պարագայում ԱԽ նախագահը պարտավոր է հրավիրել նիստ․ «Սա ամենաարագ ճանապարհն է, որովհետեւ ներգրավված պետություններից մեկը նախաձեռնում է նիստ, համատեղ քննարկում եւ լուծումներ են տրամադրում իրենց մանդատի ներքո գտնվող հարցերում»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար, օրինակ, հեշտ ճանապարհ կարող է լինել Ֆրանսիայի հետ դիվանագիտական աշխատանք կատարելու հնարավորությունը․ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է․ «Ֆրանսիան, առանց Հայաստանի պաշտոնական գրագրության, կկարողանա դիմել եւ նախաձեռնել անվտանգության խորհրդի նիստ՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել Հայստանին։ Այս պարագայում պարտադիր չէ Ֆրանսիային ներկայացնել այն նույն հիմնավորումները, ինչ կներկայացվեին ԱԽ ուղիղ դիմելու դեպքում, քանի որ Խորհրդին դիմող սուբյեկտն ԱԽ մշտական անդամ-պետություն է։ Իսկ նման պետությունը ցանկացած հարցով կարող է դիմել եւ պահանջել նիստի անցկացում»։  Այսինքն, եթե ՄԱԿ-ի մշտական անդամ-պետությունը կամ ոչ մշտական անդամ-պետությունը դիմում են ԱԽ նախագահին՝ նիստ հրավիրելու խնդրանքով, ապա նախագահը պարտավոր է հրավիրել նիստ։ Պարտավոր է նաեւ այն դեպքում, եթե ՄԱԿ անդամ-պետությունը հիմնավորումներով դիմում է ներկայացնում՝ խնդրելով նիստ հրավիրել։ Կարգավորումները, սակայն, սահմանափակում են պետությունների հնարվորությունը՝ ցանկացած հարցով ԱԽ-ին դիմելու, այդ կարգավորումների համաձայն՝ իրավատեր կարող է լինել պետությունը, եթե կհիմնավորի, որ խնդիրն առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Եթե դիմումը հիմնավոր է, նախագահը հրավիրելու է նիստ, ու եթե հետագայում կարծեն, որ այդ հիմնավորումները բավարար չեն, եւ ԱԽ-ն տվյալ պարագայում չէր կարող գործել, դիրքորոշում կձեւավորեն։ Բայց, Սահակյանի խոսքով, ինքնին ֆորմալ դիմումը, որ ունի հիմնավորումներ, առաջ է բերում նախագահի պարտականություն՝ հրավիրել նիստ։ «Եթե նույնիսկ Հայաստանը մտավախություն ունի, որ կարող է՝ դիմումի հիմքերն առկա չեն, կարող է քննարկել այս հարցը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, եւ նա դարձյալ իրավունք ունի միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերով դիմել ԱԽ-ին։ Հայաստանը կարող է աշխատանք տանել գլխավոր քարտուղարի հետ, եւ եթե վերջինս կիսում է այն նկատառումները, որ իսկապես գոյություն ունեն անվտանգային խնդիրներ, արդեն նույն հիմքով գլխավոր քարտուղարը կդիմի ԱԽ նախագահին, եւ նա կպարտավորվի նիստ հրավիրել։ Մեր հնարավորությունները բավականին լայն են, ուղղակի պետք է օգտվել դրանցից։ Բայց խնդիրն այնքան լուրջ է, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք գործել, ընդամենը պետք է մեր ԱԳՆ-ն ճիշտ ձեւակերպումներով ձեռնամուխ լինի գործընթացների կազմակերպմանը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։ Հավելենք նաեւ, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեր հարցին, թե արդյոք բացի տեղեկացումից ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, կամ կառույցի մյուս մարմիններին՝ Գլխավոր ասամբլեային կամ Քարտուղարությանը, պատասխանեց, որ առավոտյան հրապարակած հաղորդագրությանն այս պահին հավելելու ոչինչ չկա։ Հայարփի Բաղդասարյան
17:14 - 17 նոյեմբերի, 2021