Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն Ուկրաինա են ժամանել։ Նրանք այցելել են Կիևի շրջանի Իրպեն քաղաք, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
Մասնավորապես, այս երկրների առաջնորդները շրջել են քաղաքում, տեսել ավերածություններն ու ծանոթացել վերականգնման պլաններին։
Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, չորս պետությունների առաջնորդները մտադիր են աջակցության և համերաշխության ազդակ հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին։
Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նշված երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկու հետ այսօր քննարկելու են, մասնավորապես, պարենային անվտանգության, զենքի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Երմակը նշել է, որ ակնկալիքներ կան, որ նրանք կսատարեն Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հայտը։
Նորա Վանյան
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:43 - 16 հունիսի, 2022